ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2021 թվականի N 912-Լ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-948-26.04.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հունիսի
Երևան
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Պ-948-26.04.2021-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախագծի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը`
Քաղաքաշինության բնագավառում վերահսկողական գործառույթները վերապահված են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և տեխնիկական հսկողություն իրականացնող իրավաբանական անձանց, որոնց համար նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են գնահատվել որպես նպաստավոր պայման (օժանդակող գործիք) ոլորտում խնդիրների բացահայտման համար, համատեղելով շինարարական օբյեկտի տեղում ուսումնասիրության և ակնադիտական վերահսկողության գործառույթները, որոնք սահմանված են մի շարք իրավական ակտերով:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայումս առկա են այն բոլոր արդյունավետ միջոցներն ու մեխանիզմները, որոնք շինարարական աշխատանքների ողջ ընթացքում որակի արդյունավետ տեխնիկական հսկողություն իրականացնելու հնարավորություն են ընձեռում:
Միաժամանակ առաջարկվող կարգավորումները պետական պատվիրատուի կողմից կարող են դիտարկվել որպես պայմանագրով նախատեսված աշխատանքների ընթացքին հետևելու, աշխատանքների իրականացման ընթացքը ժամանակացույցով նախատեսված ժամկետների հետ համադրելու, կապալառու կազմակերպության և ներգրավված աշխատակիցների զգոնությունը, աշխատանքների կատարման արդյունավետությունը և պատասխանատվությունը բարձրացնելու գործիք:
Հաշվի առնելով նշվածը` գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են դիտարկվել ոչ միայն օրենսդրական, այլև մի շարք ենթաօրենսդրական փոփոխությունների միջոցով` ելնելով այն հանգամանքից, որ քաղաքաշինության բնագավառում գործում են բազմաթիվ նորմատիվ փաստաթղթեր, որոնք անմիջականորեն սահմանում են շինարարական արտադրության կազմակերպման ընթացակարգերը, օրինակ` ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը:
Ներկայումս, առաջարկվում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ (Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը) հոդվածում լրացում կատարելու փոխարեն դիտարկել «Քաղաքաշինության մասին» օրենքի 9-րդ (Շինարարություն իրականացնողների իրավունքները և պարտականությունները) հոդվածի լրացումը համապատասխան դրույթով:
Հաշվի առնելով, որ շինարարական օբյեկտները բացի շինարարական հրապարակ լինելուց հանդիսանում են շինարարական աշխատանքներում ներգրավված մարդկանց համար աշխատավայր, ապա վերջինիս շուրջօրյա ձայնագրումը կարող է հանգեցնել մարդու հիմնարար ազատությունների սահմանափակմանը: Առաջարկում ենք դիտարկել միայն շինարարական հրապարակի տեսանկարահանման հնարավորությունը: