ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ
ԿՈՆՎԵՆՑԻԱ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ)
Ռոտերդամ, 30 հունվարի 2017 թ.
ՆԱԽԱԲԱՆ
Սույն Կոնվենցիան ստորագրող Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ մյուս պետությունները,
նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միջև ավելի սերտ միասնության, մասնավորապես պահպանել և խթանել նրանց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող իդեալներն ու սկզբունքները,
նկատի ունենալով, որ ստեղծագործելու ազատությունը և արտահայտվելու ազատությունն այդ սկզբունքների հիմնարար տարրերն են,
նկատի ունենալով, որ Եվրոպական մշակութային կոնվենցիայի նպատակներից մեկը եվրոպական տարբեր երկրների մշակութային բազմազանության խրախուսումն է,
հիմք ընդունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան (Փարիզ, 20 հոկտեմբերի, 2005 թ.), որով մշակութային բազմազանությունը ընկալվում է որպես մարդկությանը բնորոշ առանձնահատկություն և նպատակ ունի ամրապնդելու մշակութային ինքնարտահայտման ձևերի ստեղծումը, արտադրությունը, տարածումը, բաշխումը և սպառումը,
նկատի ունենալով, որ համաշխարհային մակարդակով մշակութային բազմազանության ստեղծման և արտահայտման միջոց հանդիսացող կինեմատոգրաֆիական համատեղ արտադրությունը պետք է ամրապնդվի,
գիտակցելով, որ ֆիլմը մշակութային և գեղարվեստական կարևոր արտահայտչամիջոց է, որը նշանակալից դեր ունի խոսքի ազատության, բազմազանության ու ստեղծարարության, ինչպես նաև ժողովրդավարական քաղաքացիության պաշտպանության տեսանկյունից,
վճռական լինելով զարգացնելու այդ սկզբունքները և հիշեցնելով կինոյի և տեսալսողական բնագավառի մասին Նախարարների կոմիտեի` անդամ պետություններին ուղղված հանձնարարականները և, մասնավորապես, Եվրոպայում տեսալսողական արտադրության խթանման մասին Rec(86)3 և կինոարտադրության ազգային քաղաքականությունների և մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության մասին Rec(2009)7 հանձնարարականները,
ընդունելով, որ ստեղծագործական բնույթի` կինեմատոգրաֆիական և տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրությանն ու տարածմանն աջակցող եվրոպական հիմնադրամի` «Եվրիմաժի» (Eurimages) հիմնադրման Res(88)15 բանաձևը փոփոխվել է, որպեսզի թույլ տա դրան միանալ ոչ անդամ պետություններին,
լի վճռականությամբ` հասնելու այդ նպատակներին արտադրության աճն ապահովող համընդհանուր ջանքերի շնորհիվ և սահմանելու կանոններ, որոնք հարմարեցված կլինեն կինեմատոգրաֆիական համատեղ արտադրություններին` որպես մեկ ամբողջություն,
հաշվի առնելով, որ ընդհանուր կանոնների ընդունումը միտված է նվազեցնելու սահմանափակումները ու նպաստելու կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության բնագավառում համագործակցությանը,
հաշվի առնելով 1992 թվականին «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիայի (ETS N 147) ստորագրումից հետո կինոարդյունաբերության մեջ տեղ գտած տեխնոլոգիական, տնտեսական և ֆինանսական զարգացումները,
գիտակցելով, որ այդ զարգացումները պահանջում են 1992 թ. Կոնվենցիայի վերանայում` կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության համար այդ շրջանակի համապատասխանության և արդյունավետության շարունակաբար ապահովման համար,
ընդունելով, որ սույն Կոնվենցիան կոչված է փոխարինելու «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիային,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
| ԳԼՈՒԽ I. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
ՀՈԴՎԱԾ 1. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ
Սույն Կոնվենցիայի կողմերը պարտավորվում են խրախուսել միջազգային կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացումը` ստորև ներկայացվող դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն Կոնվենցիան կարգավորում է Կողմերի տարածքներում ստեղծվող բազմակողմ համատեղ արտադրության բնագավառում Կողմերի հարաբերությունները:
2. Սույն Կոնվենցիան կիրառվում է.
ա) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի երեք տարբեր կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի, և
բ) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են կոնվենցիայի անդամ երեք կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի և այդ Կողմերի տարածքներում չհիմնադրված մեկ կամ մի քանի արտադրողի: Կոնվենցիայի կողմերի տարածքներում չհիմնադրված համատեղ արտադրողների ներդրումի հանրագումարը, սակայն, չի կարող գերազանցել արտադրանքի ընդհանուր արժեքի 30%-ը:
Բոլոր դեպքերում սույն Կոնվենցիան կիրառելի է միայն այն պայմանով, որ ստեղծագործությունը համապատասխանում է ներքոնշյալ 3-րդ հոդվածի «գ» կետում սահմանված` պաշտոնապես համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործության սահմանմանը:
3. Սույն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթները կիրառվում են երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ:
Բազմակողմ համատեղ արտադրությունների դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները նախապատվություն ունեն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի նկատմամբ: Երկկողմ համատեղ արտադրություններին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մնում, եթե չեն հակասում սույն Կոնվենցիայի դրույթներին:
4. Սույն Կոնվենցիայի երկու Կողմերի միջև համատեղ արտադրության երկկողմ հարաբերությունները կարգավորող համաձայնագրի բացակայության դեպքում Կոնվենցիան կիրառվում է նաև երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ, եթե 22-րդ հոդվածով նախատեսված պայմաններով Կողմերից մեկը վերապահում չի արել:
ՀՈԴՎԱԾ 3. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Սույն Կոնվենցիայի նպատակներով`
ա) «Կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» հասկացությունը նշանակում է` շահագրգիռ Կողմերից յուրաքանչյուրի կինեմատոգրաֆիական արտադրությանը վերաբերող գործող դրույթների համաձայն և կինոթատրոններում ցուցադրվելու համար նախատեսված` ցանկացած տևողության կամ ցանկացած ձևով հաղորդվող ստեղծագործություն, մասնավորապես գեղարվեստական, անիմացիոն և փաստագրական կինեմատոգրաֆիական ստեղծագործություն,
բ) «համատեղ արտադրողներ» հասկացությունը նշանակում է` սույն Կոնվենցիայի Կողմերի հիմնադրած կինեմատոգրաֆիական արտադրության ընկերություններ կամ արտադրողներ, որոնք կապված են համատեղ արտադրության պայմանագրով,
գ) «պաշտոնական համատեղ կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» (այսուհետ` կինոնկար) հասկացությունը նշանակում է` սույն Կոնվենցիայի անբաժանելի մաս կազմող II հավելվածում նշված պայմանները բավարարող կինեմատոգրաֆիական ստեղծագործություն,
դ) «բազմակողմ համատեղ արտադրություն» հասկացությունը նշանակում է` վերը նշված 2-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված առնվազն երեք արտադրողի կողմից արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործություն:
| ԳԼՈՒԽ II. |
ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՎԱՍԱՐԵՑՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻՆ
1. Բազմակողմ համատեղ արտադրությամբ իրականացված և սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտում գտնվող կինեմատոգրաֆիական ստեղծագործություններն օգտվում են նշված համատեղ արտադրությանը մասնակցած` սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմում գործող օրենսդրական և կանոնակարգային դրույթների համաձայն ազգային ֆիլմերին վերապահվող բոլոր առավելություններից:
2. Յուրաքանչյուր համատեղ արտադրողին առավելությունները տրամադրում է այն Կողմը, որտեղ համատեղ արտադրողը հիմնադրված է` տվյալ Կողմի օրենսդրական և կանոնակարգային դրույթներով նախատեսված պայմաններով ու սահմաններում և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Կինեմատոգրաֆիական ստեղծագործության յուրաքանչյուր համատեղ արտադրություն պետք է ստանա այն Կողմերի իրավասու մարմինների հաստատումը, որտեղ հիմնադրված են համատեղ արտադրողները, այդ իրավասու մարմինների միջև խորհրդակցությունից հետո և I հավելվածում նախատեսված ընթացակարգի համաձայն: Նշված հավելվածը կազմում է սույն Կոնվենցիայի անբաժան մասը:
2. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու դիմումները ներկայացվում են համապատասխան իրավասու մարմինների հաստատմանը` I հավելվածում նախատեսված` դիմումների ներկայացման ընթացակարգի համաձայն: Տրված հավանությունը վերջնական է` բացառությամբ այն դեպքերի, երբ չեն կատարվում գեղարվեստական, ֆինանսական կամ տեխնիկական բնույթի նախնական պարտավորությունները:
3. Ակնհայտորեն պոռնոգրաֆիական բնույթ ունեցող կամ խտրականությունը, ատելությունը կամ բռնությունը արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող ծրագրերը չեն կարող ստանալ համատեղ արտադրության կարգավիճակ:
4. Համատեղ արտադրության կարգավիճակով նախատեսված առավելությունները տրվում են այն համատեղ արտադրողներին, որոնք համարվում է, որ տիրապետում են համարժեք ֆինանսական և տեխնիկական միջոցների, ինչպես նաև ունեն բավարար մասնագիտական որակավորում:
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ համապատասխան հայտարարության միջոցով նշանակում է այն իրավասու մարմինները, որոնց մասին հիշատակվում է վերոնշյալ 2-րդ կետում: Այդ հայտարարությունը կարող է հետագայում փոփոխվել ցանկացած պահի:
ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Բազմակողմ համատեղ արտադրության դեպքում մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր ծախսերի 5%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 80%-ը: Եթե մասնակցության նվազագույն չափը 20%-ից պակաս է, կամ համատեղ արտադրության մասնակցությունը միայն ֆինանսական է, ապա շահագրգիռ Կողմը կարող է միջոցներ ձեռնարկել ազգային կինոարտադրությանն աջակցող մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը նվազեցնելու կամ արգելելու համար:
2. Երբ սույն Կոնվենցիան 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմաններով երկու Կողմերի միջև հանդես է գալիս որպես երկկողմ համաձայնագիր, մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր ծախսերի 10%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 90%-ը: Եթե նվազագույն մասնակցությունը 20%-ից պակաս է կամ համատեղ արտադրության մասնակցությունը միայն ֆինանսական է, ապա շահագրգիռ Կողմը կարող է միջոցներ ձեռնարկել ազգային կինոարտադրությանը աջակցող մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը նվազեցնելու կամ արգելելու համար:
ՀՈԴՎԱԾ 7. ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Համատեղ արտադրության պայմանագիրը յուրաքանչյուր համատեղ արտադրողի համար պետք է երաշխավորի կինոնկարի նյութական և ոչ նյութական սեփականության իրավունքները: Պայմանագիրը պետք է ներառի դրույթ, ըստ որի` կինոնկարի մաստեր-պատճենը (առաջին ավարտուն տարբերակ) պետք է պահվի համաարտադրողների փոխադարձ համաձայնությամբ ընտրված վայրում, և դրա հասանելիությունը նրանց համար պետք է երաշխավորված լինի:
2. Համատեղ արտադրության պայմանագիրը պետք է նաև յուրաքանչյուր համատեղ արտադրողի համար երաշխավորի կինոնկարի նյութերի և մաստեր-պատճենի հասանելիությունը` վերարտադրությունը հնարավոր դարձնող այլ միջոց ունենալու իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 8. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումը պարտադիր պետք է ներառի տեխնիկական և գեղարվեստական արդյունավետ մասնակցություն: Սկզբունքորեն և Կողմերի համար պարտադիր միջազգային պարտավորությունների համաձայն` համատեղ արտադրողների ստեղծագործական, տեխնիկական և դերասանական անձնակազմին, կատարողներին և տեխնիկական միջոցներին առնչվող մասնակցությունը պետք է համամասնական լինի նրանց ֆինանսական ներդրմանը:
2. Կողմերի համար պարտադիր միջազգային պարտավորությունների և սցենարի պահանջների համաձայն` ֆիլմի նկարահանման անձնակազմը պետք է բաղկացած լինի համատեղ արտադրությունում գործընկեր պետությունների քաղաքացիներից, և հետնկարահանման փուլը, որպես կանոն, պետք է իրականացվի այդ պետություններում:
ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Առանց վնասելու 8-րդ հոդվածի դրույթները և համաձայն Կողմերի տարածքներում գործող օրենքներում ու կանոնակարգերում նշված հատուկ դրույթների և սահմանափակումների, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն` համատեղ արտադրություններին կարող է տրամադրվել համատեղ արտադրության կարգավիճակ, եթե դրանք բավարարում են հետևյալ պայմանները.
ա) համատեղ արտադրության պայմանագրի համաձայն` ներառում են մեկ կամ ավել միայն ֆինանսական նվազագույն ներդրումներ` պայմանով, որ յուրաքանչյուրի ազգային մասնակցության չափը չպետք է լինի արտադրության ծախսերի 10%-ից պակաս և 25%-ից ավել,
բ) ներառում են մասնակցության առավելագույն մասը ներկայացնող համաարտադրող, որը արդյունավետ տեխնիկական և գեղարվեստական մասնակցություն է ունենում ֆիլմի թողարկմանը և բավարարում է իր երկրում կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը ազգային ստեղծագործություն ճանաչելու պայմանները,
գ) օգնում են մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության խթանմանը, և
դ) հանդիսանում են համատեղ արտադրության պայմանագրերի առարկա, որոնք ներառում են եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ:
2. Ֆինանսական մասնակցությամբ համատեղ արտադրությունները կարող են համատեղ արտադրության կարգավիճակ ստանալ միայն յուրաքանչյուր առանձին գործով իրավասու մարմինների հաստատում ստանալուց հետո` մասնավորապես հաշվի առնելով ներքոնշյալ 10-րդ հոդվածի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
1. Կողմերի միջև կինեմատոգրաֆիական հարաբերություններում պետք է պահպանվի ընդհանուր հավասարակշռություն` հաշվի առնելով ինչպես համատեղ արտադրությամբ նկարահանված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներդրումների ընդհանուր չափի, այնպես էլ ստեղծագործական և տեխնիկական մասնակցությունը:
2. Այն Կողմը, որը խելամիտ ժամանակահատվածում դեֆիցիտ է հայտնաբերում մեկ կամ ավել Կողմերի հետ համատեղ արտադրության իր հարաբերություններում, կարող է մերժել հաջորդ համատեղ արտադրությունը հաստատելուց, մինչև այդ Կողմի կամ Կողմերի հետ իր կինեմատոգրաֆիական հարաբերությունների հավասարակշռության վերականգնումը:
ՀՈԴՎԱԾ 11. ԵՐԿԻՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև գործող միջազգային պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր Կողմ դյուրացնում է համատեղ արտադրության մասնակից մյուս Կողմերի տեխնիկական և դերասանական անձնակազմերի` իր տարածք մուտք գործելը և կեցությունը, ինչպես նաև իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը: Յուրաքանչյուր Կողմ նաև թույլ է տալիս սույն Կոնվենցիայի շրջանակներում կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների արտադրության և տարածման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը և վերաարտահանումը:
ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄԸ
1. Համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործություններում պետք է նշվեն համաարտադրող երկրները:
2. Այդ երկրների անունները պետք է հստակ հիշատակվեն ֆիլմի տիտրերում, բոլոր հանրային և գովազդային նյութերում, ինչպես նաև այդ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներկայացման ժամանակ:
ՀՈԴՎԱԾ 13. ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Երբ համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը արտահանվում է մի երկիր, որտեղ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներմուծումը նորմավորված է, և որտեղ համաարտադրող Կողմերից մեկը չունի ներմուծող երկրում իր կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ազատ մուտքի իրավունք.
ա) կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը, որպես կանոն, ավելացվում է այն երկրի քվոտային, որի մասնակցության չափն առավելագույնն է,
բ) այն ավելացվում է այն երկրի քվոտային, որը ներմուծող երկրում ունի արտահանման լավագույն հնարավորությունները, եթե կինեմատոգրաֆիական ստեղծագործության մեջ երկրների մասնակցության բաժինը հավասար է,
գ) կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը ավելացվում է այն երկրի քվոտային, որը ներկայացնում է ռեժիսորը, եթե վերը նշված «ա» և «բ» կետերի դրույթները հնարավոր չէ կիրարկել:
ՀՈԴՎԱԾ 14. ԼԵԶՈՒՆԵՐԸ
Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու ժամանակ Կողմի իրավասու մարմինը իր երկրում հիմնադրված համատեղ արտադրողից կարող է հայցել կինեմատոգրաֆիական ստեղծագործության վերջնական տարբերակը այդ Կողմի լեզուներից մեկով:
ՀՈԴՎԱԾ 15. ՓԱՌԱՏՈՆԵՐԸ
Եթե համատեղ արտադրողներն այլ բան չեն որոշել, համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունները միջազգային փառատոներին ներկայացնում է այն Կողմը, որի տարածքում հիմնադրվել են համաարտադրողների մեծմասնությունը, կամ, հավասար ֆինանսական մասնակցության դեպքում, այն Կողմը, որը ներկայացնում է ռեժիսորը:
| ԳԼՈՒԽ III. |
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
ՀՈԴՎԱԾ 16. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Կոնվենցիան իր անդամ պետությունների համար փոխարինում է 1992 թ. հոկտեմբերի 2-ին ստորագրման համար բացված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիային:
2. Սույն Կոնվենցիայի Կողմի և 1992թ. կոնվենցիայի այն Կողմի միջև հարաբերությունները, որը չի վավերացրել սույն Կոնվենցիան, կշարունակվի կիրառվել 1992թ. կոնվենցիան:
ՀՈԴՎԱԾ 17. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄԸ ԵՎ I ՈՒ II ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ստեղծագործական բնույթի կինեմատոգրաֆիական և տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրությանն ու տարածմանն աջակցող եվրոպական հիմնադրամի` «Եվրիմաժի» տնօրենների խորհուրդը պատասխանատու է սույն Կոնվենցիայի կիրարկման համար:
2. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ, որը չի հանդիսանում «Եվրիմաժի» անդամ, կարող է ներկայացված լինել և ունենալ մեկ ձայնի իրավունք «Եվրիմաժի» տնօրենների խորհրդում, երբ խորհուրդն իրականացնում է սույն Կոնվենցիայով իրեն վերապահված գործառույթները:
3. Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումը խթանելու նպատակով «Եվրիմաժի» տնօրենների խորհուրդը կարող է.
ա) ներկայացնել առաջարկություններ` Կողմերի միջև փորձի և լավագույն գործելակերպի փոխանակումը դյուրացնելու նպատակով,
բ) ներկայացնել իր կարծիքը սույն Կոնվենցիայի կատարման և կիրարկման վերաբերյալ ցանկացած հարցի առնչությամբ և ներկայացնել հատուկ առաջարկություններ Կողմերին:
4. Սույն Կոնվենցիայի I և II հավելվածների դրույթների թարմացման նպատակով, որպեսզի ապահովվի դրանց շարունակական համապատասխանությունը կինեմատոգրաֆիկ արդյունաբերությունում ընդհանուր գործելակերպին, դրանցում կարող են առաջարկվել փոփոխություններ ցանկացած Կողմի, նախարարների կոմիտեի կամ ստեղծագործական բնույթի` կինեմատոգրաֆիական և տեսալսողական արտադրանքների համատեղ արտադրությանն ու տարածմանն աջակցող եվրոպական հիմնադրամի` «Եվրիմաժի» տնօրենների խորհրդի կողմից: Փոփոխությունների առաջարկությունները Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից փոխանցվում են Կողմերին:
5. Կողմերի հետ խորհրդակցությունից հետո նախարարների կոմիտեն կարող է 4-րդ կետի համաձայն առաջարկված փոփոխությունն ընդունել Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» ենթակետով նախատեսված ձայների մեծամասնությամբ: Փոփոխություն ուժի մեջ է մտնում մեկ տարի հետո այն ժամկետից, երբ դրանք փոխանցվել են Կողմերին: Այդ ժամանակահատվածում ցանկացած Կողմ կարող է գլխավոր քարտուղարին ծանուցել իր համար փոփոխության ուժի մեջ մտնելու վերաբերյալ ցանկացած առարկության մասին:
6. Եթե Կողմերի մեկ երրորդը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցում է փոփոխությունների ուժի մեջ մտնելու առարկության մասին, ապա փոփոխությունն ուժի մեջ չի մտնում:
7. Եթե մեկ երրորդից պակաս Կողմերը ծանուցում են առարկության մասին, ապա փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն Կողմերի համար, որոնք չեն ծանուցել առարկության մասին:
8. Երբ սույն հոդվածի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն փոփոխությունն ուժի մեջ է մտել, և Կողմը ծանուցել է առարկության մասին, փոփոխությունը տվյալ Կողմի համար ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Կողմը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցել է փոփոխությունն ընդունելու մասին: Առարկության մասին հայտնած Կողմը կարող է ցանկացած ժամանակ այն հետ վերցնել` այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
9. Եթե նախարարների կոմիտեն ընդունում է փոփոխությունը, պետությունը կամ Եվրոպական միությունը կարող է չարտահայտել իր համաձայնությունը Կոնվենցիան իր համար պարտադիր լինելու մասին` միևնույն ժամանակ չընդունելով փոփոխությունը:
ՀՈԴՎԱԾ 18. ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ, ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ այլ պետությունների համար, որոնք կարող են արտահայտել Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու համաձայնությունը հետևյալ կերպ.
ա) ստորագրմամբ` առանց ընդունման, վավերացման կամ հաստատման պայմանի, կամ
բ) ստորագրմամբ` հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 19. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ամսաթվից հետո եռամսյա ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ երեք պետություն, ներառյալ Եվրոպայի խորհրդի անդամ առնվազն երկու պետություն, համաձայն 18-րդ հոդվածի դրույթների, արտահայտել են Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու համաձայնության մասին:
2. Յուրաքանչյուր ստորագրող պետության համար, որը հետագայում արտահայտում է Կոնվենցիան իր համար պարտադիր լինելու համաձայնություն, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա կողմից ստորագրվելուց կամ վավերագրերի, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնվելուց հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:
ՀՈԴՎԱԾ 20. ՈՉ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՆԱԼԸ
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, խորհրդակցելով Կողմերի հետ, կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության, ինչպես նաև Եվրոպական միությանը` միանալու սույն Կոնվենցիային` Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և նախարարների կոմիտեում ներկայացված լինելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն որոշմամբ:
2. Յուրաքանչյուր միացող պետության կամ Եվրոպական միության համար, վերջինիս միանալու դեպքում, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ամսաթվից հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:
ՀՈԴՎԱԾ 21. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆ
1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Կոնվենցիան:
2. Յուրաքանչյուր կողմ կարող է հետագայում` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարությունում նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդ ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու կետերին համապատասխան արված որևէ հայտարարություն, այդ հայտարարությունում նշված ցանկացած տարածքի վերաբերյալ, կարող է հետ վերցվել գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելու մասին փաստաթուղթն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդ ամսվա առաջին օրը:
ՀՈԴՎԱԾ 22. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ
1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին կարող է հայտարարել, որ 2-րդ հոդվածի 4-րդ կետը չի կիրառվում մեկ կամ ավել Կողմերի հետ համատեղ արտադրության իր երկկողմ հարաբերություններում: Բացի այդ` նա կարող է իրեն վերապահել 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշվածից այլ` առավելագույն մասնակցության չափ սահմանելու իրավունք: Որևէ այլ վերապահում չի կարող արվել:
2. Յուրաքանչյուր Կողմ, որը, նախորդ կետի համաձայն, վերապահում է արել, կարող է այն ամբողջովին կամ մասնակիորեն հետ վերցնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելու մասին փաստաթուղթն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից:
ՀՈԴՎԱԾ 23. ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած պահի իր համար դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով:
2. Գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից հետո վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
ՀՈԴՎԱԾ 24. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև Եվրոպական միությանը և սույն Կոնվենցիային միացած կամ դրան միանալու հրավիրված ցանկացած այլ պետության ծանուցում է.
ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,
բ) յուրաքանչյուր վավերագրի կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին,
գ) համաձայն 19-րդ, 20-րդ ու 21-րդ հոդվածների` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,
դ) 22-րդ հոդվածին համապատասխան կատարված յուրաքանչյուր վերապահման կամ վերապահումը հանելու մասին,
ե) 5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարության մասին,
զ) 23-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ծանուցված գործողության դադարեցման մասին,
է) սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի հավաստումն որի` պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ռոտերդամում 2017 թվականի հունվարի 30-ին, ֆրանսերեն և անգլերեն մեկ հավասարազոր օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններին, ինչպես նաև Եվրոպական միությանը և յուրաքանչյուր պետության, որը հրավիրվել է` միանալ սույն Կոնվենցիային:
ՀԱՎԵԼՎԱԾ I ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Սույն Կոնվենցիայի դրույթներով նախատեսված արտոնություններից օգտվելու նպատակով Կողմերի տարածքներում հիմնադրված համատեղ արտադրողները հիմնական նկարահանումներից կամ հիմնական անիմացիայից բավարար ժամանակ առաջ ժամանակավոր համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար պետք է ներկայացնեն հայտ և կցեն ստորև նշված փաստաթղթերը: Նշված փաստաթղթերն իրավասու մարմիններին պետք է ներկայացվեն բավարար քանակով, որպեսզի դրանք մյուս Կողմերի մարմիններին հանձնվեն նկարահանման մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ.
- հայտարարություն հեղինակային իրավունքի վիճակի մասին,
- ֆիլմի համառոտագրությունը,
- մասնակից յուրաքանչյուր երկրի տեխնիկական և ստեղծագործական ներդրումների նախնական ցուցակը,
- բյուջեն և ֆինանսավորման նախնական պլանը,
- կինոարտադրության նախնական ժամանակացույցը,
- համատեղ արտադրողների միջև կնքված համատեղ արտադրության պայմանագիրը կամ համառոտ համաձայնությունը (deal-memo): Այդ փաստաթուղթը պետք է ներառի համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ դրույթներ:
Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակը տրվում է ֆիլմի նկարահանումների ավարտից և ազգային մարմինների կողմից ներքոհիշյալ վերջնական արտադրության փաստաթղթերի քննարկումից հետո.
- Հեղինակային իրավունքները հավաստիացնող պայմանագրերի ամբողջական փաթեթ,
- վերջնական սցենարը,
- մասնակից երկրներից յուրաքանչյուրի տեխնիկական և ստեղծագործական ներդրումների վերջնական ցանկը,
- ծախսերի վերջնական հաշվետվությունը,
- ֆինանսավորման վերջնական պլանը,
- համատեղ արտադրողների միջև համատեղ արտադրության մասին պայմանագիրը: Այդ պայմանագիրը պետք է ներառի համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ դրույթներ:
Ազգային մարմինները կարող են պահանջել հայտի գնահատման համար անհրաժեշտ ցանկացած այլ փաստաթուղթ` ազգային օրենսդրության համապատասխան:
Հայտը և մյուս փաստաթղթերը հնարավորության դեպքում պետք է ներկայացվեն այն իրավասու մարմինների լեզվով, որոնց ուղարկվում են:
Իրավասու ազգային մարմինները հայտը և կցված փաստաթղթերը ստանալուն պես դրանք փոխանցում են միմյանց: Նվազագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի իրավասու մարմիններն իրենց հաստատումը չեն տալիս մինչև առավելագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի կարծիքն ստանալը:
ՀԱՎԵԼՎԱԾ II ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՍԱՀՄԱՆՈՒՄ
1. Կինեմատոգրաֆիական գեղարվեստական ստեղծագործությունը 3-րդ հոդվածի «գ» կետի իմաստով որակավորվում է որպես պաշտոնական համատեղ արտադրություն, եթե Կոնվենցիայի Կողմ պետություններում սահմանված ելակետային բաղադրիչների վերաբերյալ հավաքում է, ստորև նշված բաղադրիչների ցանկի համաձայն, ընդհանուր 21 հնարավորից առնվազն 16 միավոր:
2. Նկատի առնելով համատեղ արտադրության բնութագրերի պահանջները` իրավասու մարմինները միմյանց հետ խորհրդակցելուց հետո կարող են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրել, որպես կանոն, պահանջվող 16 միավորից ցածր միավոր հավաքած ստեղծագործության:
._____________________________________________________________________.
|Կոնվենցիայի Կողմ պետություններում ելակետային բաղադրիչներ |Չափման |
| |միավոր |
|____________________________________________________________|________|
|Բեմադրող ռեժիսոր |4 |
|____________________________________________________________|________|
|Սցենարի հեղինակ |3 |
|____________________________________________________________|________|
|Կոմպոզիտոր |1 |
|____________________________________________________________|________|
|Առաջին դեր |3 |
|____________________________________________________________|________|
|Երկրորդ դեր |2 |
|____________________________________________________________|________|
|Երրորդ դեր |1 |
|____________________________________________________________|________|
|Նկարահանող խմբի ղեկավար - Գլխավոր օպերատոր |1 |
|____________________________________________________________|________|
|Ստորաբաժանման ղեկավար - ձայնային ռեժիսոր |1 |
|____________________________________________________________|________|
|Ստորաբաժանման ղեկավար - պատկերների մոնտաժում |1 |
|____________________________________________________________|________|
|Ստորաբաժանման ղեկավար - բեմադրող նկարիչ կամ զգեստների նկարիչ|1 |
|____________________________________________________________|________|
|Ստուդիայի կամ նկարահանման վայր |1 |
|____________________________________________________________|________|
|Տեսողական էֆեկտների (VFX) կամ համակարգչային կառավարվող |1 |
|անիմացիայի (CGI) վայր | |
|____________________________________________________________|________|
|Հետարտադրության իրականացման վայր |1 |
|____________________________________________________________|________|
| |21 |
|____________________________________________________________|________|
|Ծանոթություն: Առաջին, երկրորդ և երրորդ դերերը որոշվում են | |
|աշխատած օրերի քանակով | |
._____________________________________________________________________.
3. Անիմացիոն կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը 3-րդ հոդվածի «գ» կետի իմաստով որակավորվում է որպես պաշտոնական համատեղ արտադրություն, եթե հավաքում է, ստորև նշված բաղադրիչների ցանկի համաձայն, ընդհանուր 23 հնարավորից առնվազն 15 միավորը:
4. Նկատի առնելով համատեղ արտադրության բնութագրերի պահանջները` իրավասու մարմինները միմյանց հետ խորհրդակցելուց հետո կարող են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրել, որպես կանոն, պահանջվող 15 միավորից պակաս հավաքած ստեղծագործության:
._____________________________________________________________________.
|Կոնվենցիայի Կողմ պետություններում ելակետային բաղադրիչներ |Չափման |
| |միավոր |
|____________________________________________________________|________|
|Հայեցակարգ |1 |
|____________________________________________________________|________|
|Սցենար |2 |
|____________________________________________________________|________|
|Կերպարների մշակում |2 |
|____________________________________________________________|________|
|Երաժշտության ստեղծագործություն |1 |
|____________________________________________________________|________|
|Բեմադրություն |2 |
|____________________________________________________________|________|
|Storyboard - Պատկերների հերթականության ստեղծում |2 |
|____________________________________________________________|________|
|Գլխավոր նկարիչ |1 |
|____________________________________________________________|________|
|Համակարգչային հետին պլաններ |1 |
|____________________________________________________________|________|
|Անշարժ կադր (2D) կամ անշարժ կադր և կինոխցիկի շարժման |2 |
|հաջորդականություն (3D) | |
|____________________________________________________________|________|
|Կոնվենցիայի Կողմ պետություններում անիմացիայի հետ կապված |3 |
|ծախսերի 75%-ը | |
|____________________________________________________________|________|
|Կոնվենցիայի Կողմ պետություններում արված 75% մաքրումը, |3 |
|փուլավորումը և գունալցումը (2D) կամ | |
|____________________________________________________________| |
|Կոնվենցիայի Կողմ պետություններում արված 75% գունալցումը, | |
|լուսավորումը, ռիգինգը (մոդելների շարժման մեխանիզմների | |
|պատրաստում), մոդելավորումը (օրգանական օբյեկտների և հետին | |
|ֆոների ստեղծում) և տեկստուրավորումը (գործող անձանց համար | |
|կաշվի, կտորեղենի պատրաստում) (3D) | |
|____________________________________________________________|________|
|Կադրի ձևավորում կամ տեսախցիկի տեղադրում |1 |
|____________________________________________________________|________|
|Մոնտաժ |1 |
|____________________________________________________________|________|
|Ձայն |1 |
|____________________________________________________________|________|
| |23 |
._____________________________________________________________________.
5. Փաստավավերագրական կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը 3-րդ հոդվածի «գ» կետի իմաստով որակավորվում է որպես պաշտոնական համատեղ արտադրություն, եթե հավաքում է, ստորև բերված բաղադրիչների ցանկի համաձայն, կիրառելի միավորների ընդհանուրի առնվազն 50%-ը:
6. Նկատի առնելով համատեղ արտադրության բնութագրերի պահանջները` իրավասու մարմինները միմյանց հետ խորհրդակցելուց հետո կարող են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրել կիրառելի միավորների ընդհանուրի` որպես կանոն պահանջվող 50%-ից պակաս հավաքած ստեղծագործություններին:
._____________________________________________________________________.
|Կոնվենցիայի Կողմ պետություններում ելակետային բաղադրիչներ |Չափման |
| |միավոր |
|____________________________________________________________|________|
|Բեմադրող ռեժիսոր |4 |
|____________________________________________________________|________|
|Սցենարի հեղինակ |1 |
|____________________________________________________________|________|
|Օպերատոր |2 |
|____________________________________________________________|________|
|Մոնտաժող |2 |
|____________________________________________________________|________|
|Հետազոտող |1 |
|____________________________________________________________|________|
|Կոմպոզիտոր |1 |
|____________________________________________________________|________|
|Ձայն |1 |
|____________________________________________________________|________|
|Նկարահանումների վայր |1 |
|____________________________________________________________|________|
|Հետարտադրության իրականացման վայր |2 |
|____________________________________________________________|________|
|Տեսողական էֆեկտների (VFX) կամ համակարգչային կառավարվող |1 |
|պատկերների (CGI) պատրաստման վայր | |
|____________________________________________________________|________|
| |16 |
._____________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021 թ. փետրվարի 1-ին: