Սեղմել Esc փակելու համար:
ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ...

 

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ORGANISATION DES NATIONS UNIES POUR L`EDUCATION, LA SCIENCE ET
LA CULTURE

 

ORGANIZATION DE LAS NACIONES UNIDAS PARA LA EDUCATION, LA CIENCIA Y LA CULTURA

 

ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Տպագիր տարբերակ` ՅՈՒՆԵՍԿՕ, 2012 թվական

Ներբեռնման համար հասանելի է նաև հետևյալ հղումով`

www.unesco.org (Ռեսուրսներ/Կոնվենցիաներ)

 

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ընդունված` բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների և որակավորումների ճանաչման վեց կոնվենցիաները թվագրվում են 1970-ականների վերջից և 1980-ականների սկզբից: Ընդունվել են բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների և գիտական աստիճանների փոխադարձաբար ճանաչման գործընթացը կարգավորող վեց նորմատիվ փաստաթղթեր` սկսած «Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին» տարածաշրջանային կոնվենցիայից (1974 թվականի հունիս): Հաջորդ տասը տարիներին դրան հետևեցին աշխարհի բոլոր տարածաշրջաններն ընդգրկող հինգ նմանատիպ կոնվենցիաներ` «Միջերկրածովյան ավազանին սահմանակից արաբական և եվրոպական պետություններում բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին» միջազգային կոնվենցիա (Միջերկրածովյան կոնվենցիա), (1976 թվական), Արաբական պետություններում (1978 թվական), Եվրոպայում (1979 թվական), Աֆրիկայում (1981 թվական), Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ավազանում (1983 թվական):

«Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ավազանում բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին» տարածաշրջանային կոնվենցիան ընդունվել է 1983 թվականի դեկտեմբերի 16-ին Թաիլանդի Բանգկոկ քաղաքում կայացած Պետությունների միջազգային կոնֆերանսում: Սույն կոնվենցիայի նպատակն է ապահովել բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների հնարավորինս լայն ճանաչումը` հաշվի առնելով Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ավազանի տարածաշրջանում կրթական համակարգերի մեծ բազմազանությունը և մշակութային, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, կրոնական և տնտեսական առանձնահատկությունները:

Ասիական-խաղաղօվկիանոսյան (48) անդամ պետություններ իրավունք ունեին վավերացնելու 1983 թվականի կոնվենցիան և մասնակցելու դրան: Ներկայումս քսանմեկ երկրներ են միացել դրա վավերացմանը, մինչդեռ մյուս անդամ պետությունները սպասում են դրա վերանայմանը` պակաս իմպերատիվ իրավական տեքստով:

1983 թվականից ի վեր բարձրագույն կրթության ոլորտում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որոնցից էին մասնավոր և պետական ծառայություններ մատուցողների թվի զգալի աճը, միջսահմանային ծառայություններ մատուցողների թվի ավելացումը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը, բարձրագույն կրթությամբ բնակչության հետաքրքրվածության շարունակական մեծացումը, որոնք արմատապես փոխեցին բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարման և կառավարման գործընթացները. վերոնշյալ փոփոխություններից էին նաև հարատև կրթության առաջացումը, հեռավար ուսուցման արդյունքում ձեռք բերված որակավորումները, որակի ապահովման ավելի ուժեղ շեշտադրումը, որակավորման ազգային շրջանակների մշակումը, ուսումնառության արդյունքները չափելու համար գնահատման գործիքների մշակումը, ազգային կարողությունների և բարձրագույն կրթության կայուն ազգային համակարգեր ստեղծելու անհրաժեշտությունը:

Այս գործոններն առաջացրել են երկրներից մեկում ձեռք բերված որակավորումներն այլ երկրներում ճանաչելու ավելի մեծ անհրաժեշտություն և, հետևաբար, հանգեցրել են նաև այս հայեցակետերը վերանայված կոնվենցիաներում ներառելու և արտացոլելու հրամայականի: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող այս նոր փոփոխություններին արձագանքելու նպատակով առաջարկվեց վերանայել «Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ավազանում բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին» 1983 թվականի տարածաշրջանային կոնվենցիան 2005 թվականի մայիսի 24-25-ը Չինաստանի Կունմին քաղաքում կայացած Տարածաշրջանային կոմիտեի 8-րդ նստաշրջանի ընթացքում:

 

ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Տարածաշրջանային կոմիտեի ութերորդ նստաշրջանի ժամանակ ներկայացված առաջարկությունների համաձայն` նախաձեռնվեց վերանայման գործընթաց և հրավիրվեց աշխատաժողով, որը երկու խորհրդականների աջակցությամբ ղեկավարվում էր տեխնիկական աշխատանքային խմբի կողմից: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային վերանայված կոնվենցիայի նպատակն էր` 1) դյուրացնել ակադեմիական շարժունությունը որպես գլխավոր ռազմավարություն ճանաչելու մեխանիզմների ստեղծումը` Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում փոխըմբռնումը և համերաշխությունը խթանելու նպատակով, 2) ամրապնդել մշակութային ինքնությունը` բարձրագույն կրթության ոլորտում տարածաշրջանային բեղմնավոր համագործակցություն ձեռք բերելու նպատակով, 3) ճանաչել տարածաշրջանի տարբեր երկրներում առաջարկվող ակադեմիական ծրագրերի յուրօրինակ բնույթն ու բազմազանությունը և կարողությունների ու որակավորումների համեմատելիության բարդությունը` հարատև ուսումնառությունը խթանելու նպատակով:

«Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ավազանում բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին» 1983 թվականի տարածաշրջանային կոնվենցիայի վերանայման գործընթացը քննարկվել և հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 181-րդ նստաշրջանի ժամանակ (2009 թվականի ապրիլի 14-30-ը): Վերանայված Տարածաշրջանային կոնվենցիայի նախագիծը ներկայացվել է Տարածաշրջանային կոմիտեի 10-րդ նստաշրջան, որի ժամանակ նախագիծն ընդունվել է չնչին փոփոխություններով, և առաջարկվել է վերանայված Տարածաշրջանային կոնվենցիան ուղարկել 2009 թվականի հոկտեմբերին կայանալիք` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանս, որտեղ վերջնական որոշում է կայացվել 2010-2011 թվականներին` երկամյա ժամկետում, հրավիրել Պետությունների միջազգային կոնֆերանս (1-ին կատեգորիա)` «Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ավազանում բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին» 1983 թվականի տարածաշրջանային կոնվենցիայի փոփոխություններն ուսումնասիրելու և ընդունելու նպատակով:

 

ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

 

Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրները կարևոր են համարում վերանայումներում ընդգրկել հետևյալ տարրերը/բաժինները` ճանաչման հարցերով իրավասու մարմինները, որակավորումների գնահատմանը վերաբերող հիմնական սկզբունքները, մասնակի ուսումնառությունը, փախստականների, տեղահանված անձանց և համանման իրավիճակում հայտնված անձանց որակավորումների ճանաչումը, բարձրագույն ուսումնական հաստատությունների և ծրագրերի գնահատմանը վերաբերող տեղեկությունները և կիրարկման մեխանիզմները: Սույն վերանայումը կապահովի որակավորումների ճանաչման ու որակի ապահովման վերաբերյալ հավաստի տեղեկության առկայությունը և թափանցիկությունը: Այն նաև տարածաշրջանի երկրներին հնարավորություն կընձեռի արդյունավետորեն արձագանքել Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում բարձրագույն կրթության վրա գլոբալիզացման ազդեցությանը:

 

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային վերանայված կոնվենցիան իրավական գործիք է, որն ապահովում է ընդհանուր ուղեցույցներ` նախատեսված բարձրագույն կրթության ոլորտում որակավորումների ճանաչման մասով տարածաշրջանային համագործակցության իրականացման դյուրացմանը ազգային, երկկողմ, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մեխանիզմներով, որոնք արդեն առկա են կամ ստեղծվել են այս նպատակով: Նախատեսվում է, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային վերանայված կոնվենցիան կլինի դինամիկ գործիք, որը պետք է պարբերաբար համապատասխանեցվի բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում:

 

ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՊԸ 1983 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏ

 

Վերանայված Տարածաշրջանային կոնվենցիայի X.3 հոդվածով սահմանվում է սույն կոնվենցիայի և «Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ավազանում բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային նախկին կոնվենցիայի (1983 թվական) միջև կապը: Հոդվածում ընդգծվում է սույն կոնվենցիայի գործառույթը որպես փոխարինող կոնվենցիա այն առումով, որ սույն կոնվենցիայի կողմ հանդիսացող ցանկացած Կողմ դադարում է կիրառել սույն հոդվածում նշված` 1983 թվականի կոնվենցիան, որի Կողմ է ինքը, սակայն բացառապես սույն կոնվենցիայի կողմ հանդիսացող այլ Կողմերի առնչությամբ: Պայմանավորվող պետությունները դեռևս պարտավորություն են կրում 1983 թվականի կոնվենցիայի մասով, որի Պայմանավորվող կողմ են հանդիսանում իրենք 1983 թվականի կոնվենցիայի մյուս Պայմանավորվող կողմերի, սակայն ոչ սույն կոնվենցիայի Կողմերի նկատմամբ: Հետևաբար 1983 թվականի կոնվենցիայի կոնկրետ կիրառման դեպքերը կնվազեցվեն` պայմանավորված սույն կոնվենցիայի Կողմ հանդիսացող երկրների թվաքանակի աճով: Ակնկալվում է, որ սույն կոնվենցիան, ի վերջո, կփոխարինի 1983 թվականի կոնվենցիային: Բացի այդ` սույն կոնվենցիայի Կողմերը հանձն են առնում զերծ մնալ 1983 թվականի կոնվենցիայի Պայմանավորվող կողմ դառնալուց:

 

* Ներկայումս 1983 թվականին ընդունված կոնվենցիան ստորագրած կողմ

երկրների ցանկը

 

Փաստաթղթերն ի պահ հանձնելու ամսաթիվը

    Չինաստան                          1984 թվականի սեպտեմբերի 25

    Ավստրալիա                         1985 թվականի սեպտեմբերի 23

    Շրի Լանկա                         1986 թվականի հունվարի 10

    Թուրքիա                           1988 թվականի ապրիլի 28

Կորեայի Ժողովրդադեմոկրատական

    Հանրապետություն                   1989 թվականի ապրիլի 26

    Կորեայի Հանրապետություն           1989 թվականի օգոստոսի 29

    Նեպալ                             1989 թվականի նոյեմբերի 2

    Մալդիվներ                         1990 թվականի մայիսի 14

    Ռուսաստանի Դաշնություն            1990 թվականի նոյեմբերի 16

    Մոնղոլիա                          1991 թվականի հոկտեմբերի 10

    Տաջիկստան                         1993 թվականի օգոստոսի 28

    Հայաստան                          1993 թվականի սեպտեմբերի 5

    Ադրբեջան                          1995 թվականի ապրիլի 24

    Սուրբ Աթոռ                        1995 թվականի հուլիսի 10

    Ղրղզստան                          1995 թվականի նոյեմբերի 7

    Թուրքմենստան                      1996 թվականի հունիսի 4

    Ղազախստան                         1997 թվականի մարտի 14

    Հնդկաստան                         2000 թվականի օգոստոսի 2

Լաոյի Ժողովրդադեմոկրատական

    Հանրապետություն                   2003 թվականի հունվարի 2

    Ֆիլիպիններ                        2003 թվականի նոյեմբերի 26

    Ինդոնեզիա                         2008 թվականի հունվարի 30

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Տոկիո, 26-ը նոյեմբերի 2011 թվական

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն կոնվենցիայի կողմերը,

ղեկավարվելով իրենց աշխարհագրական, մշակութային, կրթական և տնտեսական կապերն ամրապնդելու ընդհանուր ցանկությամբ,

վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությամբ սահմանված այն փաստը, որ «Կազմակերպության նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ազգերի համագործակցության միջոցով»,

ճանաչելով Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում կրթական ավանդույթների, համակարգերի և արժեքների շրջանում առկա էական բազմազանությունը,

համոզված լինելով, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում գոյություն ունեցող մշակույթների և բարձրագույն կրթության համակարգերի բազմազանությունը բացառիկ ռեսուրս է,

ձգտելով ամրապնդել և ընդլայնել Կողմերի միջև համագործակցությունը` նպատակ ունենալով առավելագույնս օգտագործելու նրանց մարդկային ներուժը` Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում գիտելիքների առաջընթացը խրախուսելու և բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավելու համար,

ցանկանալով հնարավորություն ընձեռել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ժողովուրդներին լիարժեք օգտվել մշակութային ռեսուրսներից` դյուրացնելով յուրաքանչյուր Կողմի քաղաքացիների, մասնավորապես` ուսանողների և գիտնականների համար յուրաքանչյուր Կողմի կրթական ռեսուրսների հասանելիությունը` պատշաճ կերպով պահպանելով ներպետական կարգավորումները,

համոզված լինելով, որ այս համագործակցության շրջանակում բարձրագույն կրթության ոլորտում որակավորումների ճանաչումը կդյուրացնի ուսանողների և գիտնականների միջազգային շարժունությունը,

հաշվի առնելով մշակութային փոխանակումն ակտիվացնելու անհրաժեշտությունը` տնտեսական, սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական զարգացումը դյուրացնելու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղությունը խթանելու նպատակով,

վկայակոչելով, որ շատ Կողմեր կնքել են երկկողմանի կամ ենթատարածաշրջանային համաձայնագրեր` իրենց միջև որակավորումները ճանաչելու մասին, սակայն ցանկանում են ամրապնդել նման ջանքերը` ընդլայնելով համագործակցությունը ողջ Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սույն Կոնվենցիայի միջոցով,

հաշվի առնելով, որ սույն կոնվենցիան պետք է նաև դիտարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի` աշխարհի այլ տարածաշրջաններին վերաբերող ճանաչման կոնվենցիաների, ինչպես նաև Բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական առարկաների և որակավորումների ճանաչման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1993 թվականի առաջարկության համատեքստում,

գիտակցելով այս կոնվենցիաների ընդունումից հետո Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բարձրագույն կրթության ոլորտում լայնածավալ փոփոխությունները, որոնց արդյունքում զգալիորեն մեծացել է բազմազանությունը ազգային կրթական համակարգերում և դրանց միջև, ինչպես նաև գիտակցելով այդ զարգացումներն արտացոլող իրավական փաստաթղթերի և գործելակարգի ընդունման կարիքը,

ցանկանալով լայնամասշտաբ մակարդակով ներգրավվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ տարածաշրջանային կոնվենցիաների կողմ հանդիսացող Կողմերի հետ ակտիվ համագործակցությանը,

գիտակցելով բարձրագույն կրթության ոլորտում որակավորումների ճանաչմանն առնչվող գործնական մարտահրավերներին ընդհանուր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, որը կդյուրացնի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուսանողների և գիտնականների շարժունությունը,

գիտակցելով ճանաչման ներկայիս գործելակերպը բարելավելու և Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում բարձրագույն կրթության ոլորտում այն ավելի թափանցիկ ու ներկա իրավիճակին ավելի համապատասխան դարձնելու անհրաժեշտությունը,

գիտակցելով բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման հետ կապված գործնական մարտահրավերների համար ընդհանուր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, որը կնպաստի Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուսանողների և դասախոսական կազմի շարժունությանը,

հաշվի առնելով, որ յուրաքանչյուր Կողմի կողմից այլ Կողմի` բարձրագույն կրթության ոլորտում շնորհած որակավորումների ճանաչումը Կողմերի միջև ակադեմիական շարժունությունը խթանելու կարևոր միջոց է,

ցանկանալով ապահովել բարձրագույն կրթության ոլորտում որակավորումների հնարավորինս լայնորեն ճանաչումը` շարունակական ուսուցումը և յուրաքանչյուր Կողմի մշակութային համատեքստին համապատասխան ձևով կրթության ժողովրդավարացումը խթանելու նպատակով,

հարգելով յուրաքանչյուր Կողմի` որակավորումների համակարգ մշակելու և ներդնելու իրավունքը, ինչպես նաև նրա հաստատությունների անկախությունը,

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

ԲԱԺԻՆ I. ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ I

 

Սույն կոնվենցիայի նպատակով կիրառվում են հետևյալ սահմանումները.

1983 թվականի կոնվենցիա նշանակում է` 1983 թվականի դեկտեմբերի 16-ին Բանգկոկում ընդունված` «Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ավազանում բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին» տարածաշրջանային կոնվենցիա.

հասանելիություն (բարձրագույն կրթության) նշանակում է որակյալ թեկնածուների բարձրագույն կրթության համար դիմելու և ընդունելության համար քննարկվելու իրավունքը.

 

հավատարմագրում նշանակում է` գնահատման և վերանայման գործընթաց, որը հնարավորություն է տալիս, որ բարձրագույն ուսումնական որևէ հաստատություն կամ ծրագիր ճանաչվի կամ հավաստագրվի որպես համապատասխան ստանդարտները բավարարող.

ընդունելություն (բարձրագույն ուսումնական հաստատություն և ծրագրերին) նշանակում է` գործողություն կամ համակարգ, որը համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին թույլ է տալիս շարունակելու ուսումը բարձրագույն ուսումնական որևէ հաստատությունում և/կամ որևէ ծրագրով.

գնահատում (հաստատությունների կամ ծրագրերի) նշանակում է` բարձրագույն ուսումնական հաստատության կամ ծրագրերի կրթական որակը որոշող գործընթաց.

գնահատում (անհատական որակավորումների) նշանակում է` ճանաչման հարցերով իրավասու մարմնի գրավոր եզրակացություն կամ գնահատական անհատի` արտասահմանում ձեռք բերած որակավորումների վերաբերյալ.

տեղահանված անձ նշանակում է` անձ, որը հարկադրված լքել է իր բնակության վայրը կամ միջավայրը և մասնագիտական գործունեությունը.

ճանաչման հարցերով իրավասու մարմին նշանակում է` պետական կամ հասարակական մարմին, որը պաշտոնապես իրավասու է արտասահմանում ձեռք բերված որակավորումների ճանաչման վերաբերյալ որոշումներ ընդունել.

Կողմի վարչատարածքային միավորներ նշանակում է` ազգային, տարածքային, դաշնային կամ տարածաշրջանային մակարդակի պետական մարմիններ.

ընդհանուր պահանջներ (բարձրագույն կրթության հասանելիության) նշանակում է` պայմաններ, որոնք պետք է կատարվեն բոլոր դեպքերում` բարձրագույն կրթությանը հասանելիություն ունենալու համար.

բարձրագույն կրթություն նշանակում է կրթություն միջնակարգից հետո, վերապատրաստում կամ հետազոտություն, որը Կողմի համապատասխան մարմինների կողմից ճանաչվում է` որպես իր բարձրագույն կրթության համակարգին պատկանող:

բարձրագույն ուսումնական հաստատություն նշանակում է` Կողմի իրավասու մարմինների ճանաչած հաստատություն, որը տալիս է բարձրագույն կրթություն.

բարձրագույն կրթության ծրագիր նշանակում է ուսուցման ծրագիր, որը Կողմի իրավասու մարմնի կողմից ճանաչվում է որպես իր բարձրագույն կրթության համակարգին պատկանող և որի ավարտին ուսանողին տրամադրվում է բարձրագույն կրթության որակավորում:

Mutatis Mutandis - լատիներեն դարձվածք է, որը նշանակում է` «հաշվի առնելով համապատասխան փոփոխությունները».

ոչ ավանդական մոդելներ - վերաբերում է մատուցման այլընտրանքային մեխանիզմներով ձեռք բերված որակավորումներին.

մասնակի կրթություն - նշանակում է բարձրագույն կրթության ծրագրի ցանկացած համասեռ մաս, որը թեպետ ինքնին չի հանդիսանում կրթական ավարտուն ծրագիր, սակայն կարող է հավասարեցվել գիտելիքի կամ հմտության նշանակալից ձեռքբերման հետ.

բարձրագույն կրթության հասանելիություն ընձեռող որակավորում նշանակում է` իրավասու մարմնի կողմից շնորհված ցանկացած որակավորում, որը հավաստում է կրթական ծրագրի բարեհաջող ավարտը և որակավորում ունեցողին տալիս է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության համար դիտարկվելու իրավունք.

բարձրագույն կրթության որակավորում նշանակում է կրթական ծրագրի բարեհաջող ավարտը հավաստող ցանկացած աստիճան, դիպլոմ կամ այլ վկայական, որը շնորհվել է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից.

որակի ապահովում նշանակում է` բարձրագույն կրթության համակարգի, բարձրագույն ուսումնական հաստատության կամ ծրագրի որակի գնահատմանը և դրա բարելավմանն ուղղված ընթացիկ գործընթաց, որը շահագրգիռ կողմերի համար ընդունելի ստանդարտների պահպանման և ընդլայնման երաշխիք է.

նախորդ ուսումնառության ճանաչում նշանակում է` ֆորմալ և (կամ) ոչ ֆորմալ ուսուցման արդյունքում անձի ձեռք բերած գիտելիքները և հմտությունները պաշտոնապես ճանաչելու գործընթաց.

որակավորումների ճանաչում նշանակում է` արտասահմանյան կրթության որակավորման արժեքի պաշտոնական ճանաչում` Կողմի ճանաչման իրավասու մարմինների կողմից սահմանված և տրամադրված ձևով.

միջնակարգ կրթություն նշանակում է` ցանկացած տեսակի ուսման այն փուլը, որը հաջորդում է նախնական, տարրական, նախապատրաստական կամ միջին մակարդակի կամ բազային կրթությանը և որի նպատակները կարող են ներառել ուսանողներին բարձրագույն կրթության համար նախապատրաստելը, հանգեցնելով միջնակարգ դպրոցի ավարտական վկայականի կամ հնարավորություն տալով ուսանողներին գրանցվելու բարձրագույն կրթության հաստատությունում:

կոնկրետ պահանջներ (բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար) նշանակում է` պահանջներ, որոնք, ի լրումն ներկայացվող ընդհանուր պահանջների, պետք է բավարարվեն բարձրագույն կրթության կոնկրետ ծրագրին ընդունվելու կամ բարձրագույն կրթության որոշակի ոլորտում կոնկրետ որակավորում ստանալու համար.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիպլոմի հավելված նշանակում է` «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության որակավորումների մասին» կոնվենցիայում վկայակոչվող փաստաթուղթ, հայտնի է որպես Լիսաբոնի ճանաչման կոնվենցիա, նշանակում է փաստաթուղթ, որում ներկայացված է այն անհատի կողմից ստացված և հաջողությամբ ավարտած ուսման բնույթը, մակարդակը, համատեքստը, բովանդակությունը և կարգավիճակը, ում անունը նշված է տվյալ հավելվածին կցված որակավորման բնօրինակում:

 

ԲԱԺԻՆ II. ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ II.1

 

1. Եթե ճանաչման հարցերով որոշումներ ընդունելու համար իրավասու են Կողմի կենտրոնական մարմինները, ապա այդ Կողմն անմիջապես պարտավորված է համարվում սույն կոնվենցիայի դրույթներով և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում այդ դրույթների իրագործումն ապահովելու համար:

2. Եթե ճանաչման հարցերով որոշումներ ընդունելու իրավասությունը պատկանում է Կողմի վարչատարածքային միավորներին, ապա այդ Կողմը ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, պահառուին է ներկայացնում իր սահմանադրական կարգավիճակի կամ կառուցվածքի վերաբերյալ համառոտ հայտարարություն: Նման դեպքերում տվյալ Կողմի վարչատարածքային միավորների ճանաչման հարցերով իրավասու մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` Կողմի տարածքում սույն կոնվենցիայի դրույթների կիրարկումն ապահովելու համար:

3. Եթե ճանաչման հարցերով որոշումներ ընդունելու իրավասությունը պատկանում է առանձին բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ այլ մարմինների, ապա յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր սահմանադրական կարգավիճակի կամ կառուցվածքի, սույն կոնվենցիայի տեքստը փոխանցում է այդ հաստատություններին կամ մարմիններին և ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը` նրանց կողմից սույն կոնվենցիայի դրույթների բարեհաջող քննարկումը և կիրարկումը խրախուսելու համար:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների դրույթները կիրառվում են, mutatis mutandis, սույն կոնվենցիայի հետագա հոդվածների համաձայն Կողմերի ստանձնած պարտավորությունների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ II.2

 

Ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, յուրաքանչյուր Կողմ տեղեկացնում է սույն կոնվենցիայի պահառուին այն մարմինների մասին, որոնք իրավասու են ճանաչման հարցերով տարբեր տեսակի որոշումներ կայացնել:

 

ՀՈԴՎԱԾ II.3

 

Սույն կոնվենցիայի որևէ դրույթ չի համարվում Կողմերից որևէ մեկում տրված բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ավելի նպաստավոր դրույթների չեղյալ հայտարարում, որոնք պարունակվում կամ բխում են գոյություն ունեցող կամ ապագա պայմանագրից, որով պարտավորվում է Կողմը:

 

ԲԱԺԻՆ III. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ III.1

 

1. Կողմերից որևէ մեկի կողմից տրված որակավորում ունեցողները, ճանաչման իրավասու մարմնի պահանջով, կունենան այդ որակավորումները ժամանակին գնահատելու բավարար հնարավորություն:

2. Որակավորումներ ունեցողների այս իրավունքն ապահովելու համար յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի որակավորումների ճանաչման համար դիմումը գնահատվի հիմնականում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ III.2

 

Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ որակավորումների գնահատման և ճանաչման ընթացակարգերն ու չափանիշները լինեն թափանցիկ, համաձայնեցված, հուսալի, արդար և ոչ խտրական:

 

ՀՈԴՎԱԾ III.3

 

1. Ճանաչման վերաբերյալ որոշումներն ընդունվում են այն որակավորումների մասին համապատասխան տեղեկությունների հիման վրա, որոնց ճանաչումը հայցվում է:

2. Համապատասխան տեղեկություն տրամադրելու պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է որակավորում ունեցող անձի վրա, որը պետք է բարեխղճորեն տրամադրի այդ տեղեկությունը:

3. Կողմերը կարգադրում կամ անհրաժեշտության դեպքում խրախուսում են իրենց կրթական համակարգերում գործող բոլոր ուսումնական հաստատություններին` բավարարել տեղեկություն ստանալու համար ներկայացված ցանկացած պատշաճ խնդրանք` այդ հաստատություններում ձեռք բերված որակավորումները գնահատելու նպատակով: Մասնավորապես, Կողմերը խրախուսում են իրենց կրթական համակարգերում գործող ուսումնական հաստատություններին որակավորում ունեցող անձի խնդրանքով և ողջամիտ ժամկետներում տրամադրել համապատասխան տեղեկություն որակավորում ունեցող անձին, այն հաստատությանը կամ այն Կողմի ճանաչման հարցերով իրավասու մարմիններին, որտեղ ճանաչումը հայցվում է:

4. Որակավորումների գնահատման համար համապատասխան տեղեկությունները պատշաճ կերպով տրամադրելուց հետո դիմումի համապատասխան պայմանները չբավարարելն ապացուցելու պատասխանատվությունը կրում է ճանաչման հարցերով իրավասու մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ III.4.

 

Որակավորման ճանաչումը դյուրացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ ապահովում է իր կրթական համակարգին վերաբերող` համապատասխան և հստակ տեղեկության տրամադրումը:

 

ՀՈԴՎԱԾ III.5

 

Որակավորումների ճանաչման վերաբերյալ որոշումներն ընդունվում են ճանաչման հարցերով իրավասու մարմինների կողմից նախօրոք հստակեցված ողջամիտ ժամկետում, որը հաշվարկվում է դիմումի քննարկման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունների տրամադրման պահից: Եթե ճանաչումը մերժվում է, ապա նշվում են ճանաչումը մերժելու պատճառները, և տեղեկություն է տրվում այն մասին, թե ինչ հնարավոր միջոցներ կարող է ձեռնարկել որակավորում ունեցող անձը` հետագայում ճանաչումը ձեռք բերելու նպատակով: Եթե ճանաչումը մերժվում է, կամ եթե որոշում չի ընդունվում, որակավորում ունեցող անձը կարող է Կողմերից յուրաքանչյուրում խելամիտ ժամկետներում համապատասխան ընթացակարգերով բողոքարկել:

 

ԲԱԺԻՆ IV. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ IV.1

 

Յուրաքանչյուր Կողմ իր բարձրագույն կրթության ծրագրերից յուրաքանչյուրին հասանելիության նպատակով ճանաչում է մյուս Կողմերի տված որակավորումները, որոնք բավարարում են բարձրագույն կրթության տվյալ ծրագրերին հասանելիության ընդհանուր պահանջները, եթե հասանելիության վերաբերյալ ընդհանուր պահանջների էական տարբերություն չկա որակավորում ձեռք բերած և որակավորմանը ճանաչում շնորհող Կողմերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ IV.2

 

Որպես այլընտրանք` բավարար է, որ Կողմերից մեկը մյուս Կողմերից որևէ մեկում տրված որակավորումն ունեցող անձին, նրա իսկ խնդրանքով, հնարավորություն տա ձեռք բերելու այդ որակավորման գնահատականը, և IV.1 հոդվածի դրույթները, mutatis mutandis, կիրառվում են այս դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ IV.3

 

Եթե բարձրագույն կրթության որոշակի ծրագրում ընդունվելը, ի լրումն հասանելիության ընդհանուր պահանջների, պայմանավորված է առանձնահատուկ պահանջների կատարմամբ, ապա շահագրգիռ Կողմի` ճանաչման հարցերով իրավասու մարմինները կարող են լրացուցիչ պահանջները ներկայացնել այլ Կողմերում ձեռք բերած բարձրագույն կրթության որակավորումն ունեցող անձանց կամ գնահատել, թե արդյո՞ք այլ Կողմերում բարձրագույն կրթության որակավորում ունեցող անձը կատարել է համարժեք պահանջները:

 

ՀՈԴՎԱԾ IV.4

 

Եթե այն Կողմում, որտեղ դրանք ձեռք են բերվել, միջնակարգ դպրոցի ավարտական վկայականները բարձրագույն կրթությանը հասանելիություն են տալիս միայն լրացուցիչ որակավորման քննությունների համակցությամբ` որպես ընդունելության նախապայման, ապա մյուս Կողմերը կարող են հասանելիությունը պայմանավորել նույն պահանջներով կամ առաջարկել այլընտրանք` այդպիսի լրացուցիչ պահանջներն իրենց կրթական համակարգի սահմաններում բավարարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ IV.5

 

Չհակասելով IV.1-IV.4 հոդվածների դրույթներին` տվյալ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ տվյալ հաստատության բարձրագույն կրթության ծրագրում ընդունելությունը կարող է լինել սահմանափակ կամ ընտրությամբ: Այն դեպքերում, երբ բարձրագույն ուսումնական հաստատություն և/կամ բարձրագույն կրթության ծրագրում ընդունելությունն ընտրությամբ է կատարվում, ընդունելության ընթացակարգը սահմանվում է այնպես, որ ապահովվի արտասահմանյան բարձրագույն կրթության որակավորումների հավատարմագրման իրականացումը III բաժնում նկարագրված` արդարության և խտրականության բացառման հիմնարար սկզբունքների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ IV.6

 

Չհակասելով IV.1-IV.5 հոդվածների դրույթներին` տվյալ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու նախապայման կարող է լինել որակավորում ունեցող անձի կողմից տվյալ հաստատության ուսուցման լեզվի կամ լեզուների կամ այլ նշված լեզուների բավարար տիրապետման փաստը` որակավորում ունեցող անձի կողմից այդ ուսումնական դասընթացներն արդյունավետորեն անցնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ IV.7

 

Մի կողմում ոչ ավանդական ձևով ձեռք բերված բարձրագույն կրթության ընդունելության հնարավորություն տվող որակավորումները գնահատում են անաչառ կերպով մյուս Կողմերում:

 

ՀՈԴՎԱԾ IV.8

 

Բարձրագույն կրթական ծրագրերում ընդունելության նպատակով յուրաքանչյուր Կողմ կարող է ճանաչել իր տարածքում գործող օտարերկրյա ուսումնական հաստատությունների կողմից տված որակավորումները` ազգային օրենսդրության հստակ պահանջների կամ տվյալ երկրին պատկանող Կողմի հաստատությունների հետ կնքված հատուկ համաձայնագրերի հիման վրա:

 

ԲԱԺԻՆ V. ՄԱՍՆԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ V.1

 

Յուրաքանչյուր Կողմ անհրաժեշտության դեպքում ճանաչում կամ առնվազն գնահատում է մյուս Կողմի բարձրագույն կրթության ծրագրի շրջանակներում անցած ուսումնական դասընթացները: Այդ ճանաչումը ներառում է այնպիսի մասնակի ուսումնական դասընթացները հաշվի առնելը, որոնք վերաբերում են բարձրագույն ուսումնական ծրագիրն ավարտելուն այն Կողմում, որտեղ հայցվում է ճանաչումը, եթե մյուս Կողմում անցած մասնակի ուսումնական դասընթացների և այդ Կողմում (որտեղ հայցվում է ճանաչումը) իրականացվող բարձրագույն կրթության ամբողջ ծրագրի կամ դրա մի մասի միջև էական տարբերություններ չկան:

 

ՀՈԴՎԱԾ V.2

 

V.1 հոդվածի դրույթները, mutatis mutandis, կիրառվում են ոչ ավանդական մոդելների միջոցով իրականացված մասնակի ուսումնական դասընթացների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ V.3

 

Մասնավորապես, յուրաքանչյուր Կողմ դյուրացնում է մասնակի ուսումնական դասընթացների ճանաչումը, եթե`

ա) առկա է նախապես կնքված համաձայնագիր`

i. բարձրագույն ուսումնական հաստատության կամ տվյալ մասնակի ուսումնական դասընթացների համար պատասխանատու` ճանաչման հարցերով իրավասու մարմնի միջև, և

ii. բարձրագույն ուսումնական հաստատության կամ հայցվող ճանաչման համար պատասխանատու` ճանաչման հարցերով իրավասու մարմնի միջև, և

բ) բարձրագույն ուսումնական հաստատությունը, որտեղ անցել են տվյալ մասնակի ուսումնական դասընթացները, տվել է վկայական կամ ակադեմիական առաջադիմության արդյունքների քաղվածք, որը հաստատում է, որ ուսումնառուն հաջողությամբ իրականացրել է նշված մասնակի ուսումնական դասընթացների համար սահմանված պահանջները:

 

ԲԱԺԻՆ VI. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ VI.1

 

Այնքանով, որքանով ճանաչման մասին որոշումը հիմնված է բարձրագույն կրթության որակավորմամբ հավաստվող գիտելիքների և հմտությունների վրա, յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմում շնորհված բարձրագույն կրթության որակավորումները, եթե էական տարբերություններ չկան:

 

ՀՈԴՎԱԾ VI.2

 

Որպես այլընտրանք` բավարար է, որ մի Կողմը հնարավորություն տա մյուս Կողմում տրված բարձրագույն կրթության որակավորում ունեցող անձին, վերջինիս խնդրանքով, ձեռք բերել այդ որակավորման գնահատականը, և VI.1 հոդվածի դրույթները, mutatis mutandis, կիրառվում են այս դեպքի համար:

 

ՀՈԴՎԱԾ VI.3

 

VI.1 և VI.2 հոդվածները, mutatis mutandis, կիրառվում են ոչ ավանդական մոդելների միջոցով որևէ Կողմի կրթական համակարգի շրջանակում և ներպետական կարգավորման պահանջների համաձայն ձեռք բերված որակավորումների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ VI.4

 

Մի Կողմում ձեռք բերված բարձրագույն կրթության որակավորման` մյուս Կողմի կողմից ճանաչումը կարող է ունենալ հետևյալ մեկ կամ ավելի արդյունքները.

ա) հետագա բարձրագույն կրթություն ստանալու հասանելիություն, ներառյալ համապատասխան քննությունները կամ հետբուհական կրթություն ստանալու համար նախապատրաստումը նույն պայմաններով, որոնք կիրառվում են այն Կողմի որակավորում ունեցող անձանց համար, որտեղ հայցվում է ճանաչումը.

բ) գիտական կոչման օգտագործում այն Կողմի օրենքների և կարգավորումների համաձայն կամ իրավազորության ներքո, որտեղ հայցվում է ճանաչումը.

գ) աշխատանքի շուկային հասանելիություն այն Կողմի օրենքների և կարգավորումների համաձայն կամ իրավազորության ներքո, որտեղ հայցվում է ճանաչումը:

 

ՀՈԴՎԱԾ VI.5

 

Մի Կողմում ճանաչման իրավասու մարմնի կողմից տրված բարձրագույն կրթության որակավորման գնահատականը մյուս Կողմում կարող է օգտագործվել խորհրդի ձևով` մեկ կամ մի քանի նպատակներով.

ա) ուսումնական հաստատությանը` նրա ծրագրերում ընդունելության մասով,

բ) ճանաչման հարցերով ցանկացած այլ իրավասու մարմնի,

գ) հնարավոր գործատուներին:

 

ՀՈԴՎԱԾ VI.6

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է ճանաչել իր տարածքում գործող օտարերկրյա ուսումնական հաստատությունների կողմից տրված բարձրագույն կրթության որակավորումները` ազգային օրենսդրության հստակ պահանջների կամ Կողմի հետ նման հաստատությունների ծագման մասին կնքված հատուկ համաձայնագրերի համաձայն:

 

ԲԱԺԻՆ VII. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ VII

 

Յուրաքանչյուր Կողմ, իր կրթական համակարգի շրջանակներում և իր սահմանադրական, իրավական, կանոնակարգման պահանջների համաձայն, ձեռնարկում է բոլոր ողջամիտ քայլերը` ընթացակարգեր մշակելու համար, ներառյալ նախկին ուսման ճանաչման համար, որոնք կոչված են արդարացիորեն և արագորեն գնահատելու, թե արդյո՞ք փախստականները, տեղահանված անձինք և համանման իրավիճակում հայտնված անձինք կատարում են բարձրագույն կրթական ծրագրերին հասանելիության ապահովման կամ զբաղվածության նպատակով որակավորումների ճանաչման համար սահմանված համապատասխան պահանջները, անգամ այն դեպքում, երբ Կողմերից մեկում ձեռք բերված որակավորումները չեն կարող ապացուցվել փաստաթղթային փաստերով:

 

ԲԱԺԻՆ VIII. ԳՆԱՀԱՏՄԱՆ/ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ VIII.1

 

Յուրաքանչյուր Կողմ տրամադրում է համապատասխան տեղեկություն իր բարձրագույն կրթության համակարգին պատկանող ցանկացած հաստատության և որակի ապահովման իր համակարգի մասին, որպեսզի հնարավորություն տրվի այլ Կողմերի` ճանաչման հարցերով իրավասու մարմիններին պարզել, թե արդյո՞ք այդ հաստատությունների կողմից տրված որակավորումների որակն արդարացնում է ճանաչումն այն Կողմում, որտեղ ճանաչումը հայցվում է: Սա ներառում է.

ա) նրա բարձրագույն կրթության համակարգի նկարագրությունը,

բ) նրա բարձրագույն կրթության համակարգին պատկանող բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբեր տեսակների ամփոփ նկարագրությունը և հաստատությունների յուրաքանչյուր տեսակի բնութագրերը,

գ) նրա բարձրագույն կրթության համակարգին պատկանող` ճանաչված և/կամ հավատարմագրված բարձրագույն կրթության հաստատությունների (պետական և մասնավոր) ցանկը` նշելով տարբեր տեսակի որակավորումներ տալու նրանց իրավասությունները և յուրաքանչյուր տեսակի հաստատություն ու ծրագրում ընդունվելու համար ներկայացվող պահանջները,

դ) որակի ապահովման մեխանիզմների մասով բացատրություն, և

ե) նրա տարածքից դուրս տեղակայված այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնք Կողմը համարում է իր կրթական համակարգին պատկանող հաստատություններ:

 

ՀՈԴՎԱԾ VIII.2

 

Յուրաքանչյուր Կողմ ապահովում է համապատասխան, ճշգրիտ և թարմ տեղեկություն բարձրագույն կրթության որակավորումների ճանաչումը հեշտացնելու նպատակով.

ա) դյուրացնելով իր բարձրագույն կրթության համակարգի և որակավորումների մասին ճշգրիտ և վստահելի տեղեկությունների մատչելիությունը,

բ) դյուրացնելով այլ Կողմերի բարձրագույն կրթության համակարգերի և որակավորումների մասին տեղեկությունների մատչելիությունը,

գ) տալով խորհուրդ կամ տեղեկություն ազգային օրենքների և կարգավորումների համաձայն` ճանաչման և որակավորումների գնահատման հարցերով:

 

ՀՈԴՎԱԾ VIII.3

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ բարձրագույն կրթության վերաբերյալ տեղեկություններ տրամադրող տեղեկատվական ազգային կենտրոն ստեղծելու և պահելու ուղղությամբ: Տեղեկատվական ազգային կենտրոնների ձևաչափը կարող է լինել տարբեր:

 

ՀՈԴՎԱԾ VIII.4

 

Կողմերը տեղեկատվական ազգային կենտրոնների միջոցով կամ այլ կերպով խրախուսում են, որ Կողմերն օգտագործեն`

ա) ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիպլոմի հավելվածը կամ որակավորումը հավաստող որևէ այլ համեմատելի փաստաթուղթ, և

բ) ՅՈՒՆԵՍԿՕ/ՏՀԶԿ-ի` բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման ուղեցույցները և/կամ Կողմի համապատասխան բարձրագույն կրթական հաստատության կողմից թողարկված այլ համեմատելի փաստաթուղթ, որը ենթակա է իրենց համապատասխան ներպետական օրենքներին և կարգավորումներին:

 

ԲԱԺԻՆ IX. ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ IX.1

 

Սույն կոնվենցիայի կիրարկումը վերահսկող, խթանող և դյուրացնող մարմինը Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիայի կոմիտեն է, այսուհետ` Կոմիտե:

 

ՀՈԴՎԱԾ IX.2

 

1. Սույնով հիմնադրված Կոմիտեն ձևավորվում է յուրաքանչյուր Կողմի մեկական ներկայացուցչից:

2. Սույն կոնվենցիայի Կողմ չհանդիսացող պետությունները կարող են մասնակցել Կոմիտեի ժողովներին որպես դիտորդներ: Տարածաշրջանում ճանաչման հարցերով մասնագիտացած պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես կարող են հրավիրվել` մասնակցելու համար Կոմիտեի ժողովներին որպես դիտորդներ:

3. Կոմիտեն կարող է Կողմերի ձայների մեծամասնությամբ ընդունել առաջարկություններ, հայտարարություններ, արձանագրություններ, օրինակելի գործելակերպի մոդելներ Կողմերի` ճանաչման հարցերով իրավասու մարմիններին սույն կոնվենցիան կիրարկելիս և բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման մասին դիմումները քննարկելիս ուղղություն տալու համար: Թեև Կողմերը պարտավորված չեն այդ փաստաթղթերով, սակայն նրանք ձեռնարկում են ցանկացած քայլ` դրանք կիրառելու, ճանաչման հարցերով իրավասու մարմինների ուշադրությունը դրանց վրա հրավիրելու և դրանց կիրառումը խրախուսելու նպատակով:

4. Կոմիտեն կապեր է պահպանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ընդունված կոնվենցիաների կիրառման հարցերով տարածաշրջանային կոմիտեների հետ:

5. Կողմերի ձայների պարզ մեծամասնությունն ապահովում է քվորում:

6. Կոմիտեն ընդունում է իր ընթացակարգային կանոնները: Կոմիտեն հերթական նիստեր է հրավիրում երեք տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ: Կոմիտեի առաջին նիստը պետք է տեղի ունենա սույն կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և դրանից հետո` առաջին հինգ տարվա ընթացքում` տարին մեկ անգամ, դրա կիրարկումն ապահովելու նպատակով:

7. Կոմիտեի քարտուղարության գործառույթը վերապահվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ IX.3

 

1. Հիմնադրվում է ակադեմիական շարժունության և ճանաչման հարցերով ազգային տեղեկատվական կենտրոնների ցանց և վերջինս պետք է աջակցի ճանաչման հարցերով իրավասու մարմիններին սույն Կոնվենցիայի կիրարկման հարցում:

2. Յուրաքանչյուր Կողմ իր ազգային տեղեկատվական կենտրոնից որևէ անդամի նշանակում է ազգային տեղեկատվական կենտրոնների ցանցի անդամ: Այն դեպքում, երբ ստեղծվել կամ պահպանվել են մեկից ավելի ազգային տեղեկատվական կենտրոններ, դրանք բոլորը համարվում են ցանցի անդամներ, սակայն համապատասխան ազգային տեղեկատվական կենտրոններն ունեն միայն մեկ ձայնի իրավունք:

3. Ազգային տեղեկատվական կենտրոնների ցանցը հրավիրում է լիագումար նստաշրջան առնվազն տարին մեկ անգամ: Այն ընտրում է նախագահ և բյուրո:

4. Ազգային տեղեկատվական կենտրոնների ցանցի քարտուղարության դերը վերապահվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:

5. Ազգային տեղեկատվական կենտրոնների ցանցը Կողմերից հավաքում է ակադեմիական ճանաչման և շարժունության հետ կապված համապատասխան տեղեկությունները:

 

ԲԱԺԻՆ X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ X.1

 

1. Սույն կոնվենցիան բաց է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամ պետությունների և Սուրբ Աթոռի կողմից ստորագրման և վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու համար:

2. Այդ պետությունները կարող են հայտնել իրենց համաձայնությունը կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ`

ա) ստորագրությամբ` առանց վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու առնչությամբ վերապահման,

բ) ստորագրությամբ` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պայմանով, որին հաջորդում է վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միացումը, կամ

գ) վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու միջոցով:

3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթերն ի պահ են հանձնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, այսուհետ` պահառու:

 

ՀՈԴՎԱԾ X.2

 

Սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն մեկամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի տարածաշրջանի հինգ անդամ պետություններ հայտնել են կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունը: Ցանկացած այլ պետության համար այն ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտելու օրվանից սկսած` մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ X.3

 

1. Սույն կոնվենցիայի Կողմերը, որոնք արդեն 1983 թվականի կոնվենցիայի Կողմ չեն, պարտավորվում են ձեռնպահ մնալ 1983 թվականի կոնվենցիայի Կողմ դառնալուց:

2. Սույն կոնվենցիայի Կողմ հանդիսացող երկրները, որոնք միաժամանակ 1983 թվականի կոնվենցիայի Կողմեր են`

ա) իրենց փոխադարձ հարաբերություններում կիրառում են սույն կոնվենցիայի դրույթները, և

բ) շարունակում են կիրառել 1983 թվականի կոնվենցիան 1983 թվականի կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող այլ պետությունների հետ հարաբերություններում, որոնք սույն կոնվենցիայի անդամներ չեն:

 

ՀՈԴՎԱԾ X.4

 

1. Ցանկացած պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ իր վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն կոնվենցիան:

2. Ցանկացած Կողմ կարող է ավելի ուշ, պահառուին ուղղված հայտարարությամբ սույն կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդպիսի տարածքի համար կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը պահառուի ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ X.5

 

1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ սույն կոնվենցիայից պահառուին հասցեագրված ծանուցման միջոցով:

2. Կոնվենցիայից դուրս գալն ուժի մեջ է մտնում ծանուցումը պահառուի ստանալու օրվանից հետո` տասներկուամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: Այնուամենայնիվ, կոնվենցիայից դուրս գալը չի ազդում սույն կոնվենցիայի դրույթների համաձայն նախկինում ընդունած` ճանաչման վերաբերյալ որոշումների վրա:

3. Սույն կոնվենցիայի գործողության դադարեցումը կամ կասեցումը որևէ Կողմի կողմից այնպիսի դրույթի խախտման հետևանքով, որը կարևոր է սույն կոնվենցիայի խնդիրների և նպատակների իրականացման համար, կատարվում է միջազգային օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ X.6

 

1. Ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս ցանկացած պետություն կարող է հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ կամ մասնակիորեն չկիրառելու սույն կոնվենցիայի հետևյալ հոդվածներից մեկը կամ մի քանիսը` հոդված IV.7, հոդված V.1, հոդված V.2, հոդված V.3, հոդված VI.3 և հոդված VIII.4: Այլ վերապահումներ չեն թույլատրվում:

2. Նախորդ պարբերության համաձայն վերապահում կատարած ցանկացած Կողմ կարող է պահառուին ուղղված ծանուցման միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել այն: Վերապահումը վերացնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը պահառուի ստանալու օրը:

3. Սույն կոնվենցիայի դրույթի մասով վերապահում կատարած Կողմը չի կարող պահանջել այդ դրույթի կիրառում մեկ այլ Կողմի կողմից, այդուհանդերձ, եթե վերապահումը մասնակի կամ պայմանական է, Կողմը կարող է պահանջել այդ դրույթի կիրառումն այնքանով, որքանով ինքը դա ընդունել է:

 

ՀՈԴՎԱԾ X.7

 

1. Սույն կոնվենցիայի փոփոխությունները կարող են ընդունվել Կոմիտեի կողմից` Կողմերի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ: Նման կերպ ընդունված ցանկացած փոփոխություն ձևակերպվում է սույն կոնվենցիայի արձանագրության տեսքով: Արձանագրությամբ նշվում է ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ այն պայմանները, որոնք ցանկացած դեպքում պահանջում են Կողմերի` սույն կոնվենցիայով պարտավորված լինելու կամահայտնությունը:

2. Չի թույլատրվում կոնվենցիայի երրորդ բաժնում փոփոխություններ կատարել վերոնշյալ 1-ին կետով նախատեսված ընթացակարգին համապատասխան:

3. Փոփոխությունների յուրաքանչյուր առաջարկ ուղարկվում է պահառուին, որն այն փոխանցում է Կողմերին Կոմիտեի ժողովից առնվազն երեք ամիս առաջ: Պահառուն տեղեկացնում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին:

 

ՀՈԴՎԱԾ X.8

 

Պահառուն ծանուցում է սույն կոնվենցիայի Կողմերին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ անդամ պետություններին ստորև նշված ցանկացած դեպքի մասին.

ա) X.1.2 հոդվածի դրույթներին համապատասխան ցանկացած ստորագրության մասին,

բ) X.1.2 հոդվածի դրույթներին համապատասխան` վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու առնչությամբ որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,

գ) X.2 հոդվածի դրույթներին համապատասխան` սույն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

դ) X.6 հոդվածի դրույթներին համապատասխան` սույն կոնվենցիայով որևէ վերապահման կամ կոնվենցիայի գործողության դադարեցման մասին,

ե) X.5 հոդվածի դրույթներին համապատասխան` սույն կոնվենցիայից դուրս գալու մասին,

զ) X.4 հոդվածի դրույթների համաձայն արված ցանկացած հայտարարության մասին,

է) X.7 հոդվածի դրույթների համաձայն արված ցանկացած առաջարկության մասին,

ը) ճանաչման հարցերով իրավասու մարմինների առնչությամբ II.2 հոդվածի դրույթների համաձայն արված ցանկացած ծանուցման մասին,

թ) սույն կոնվենցիային առնչվող ցանկացած այլ փաստաթղթի, ծանուցման կամ փոխանցված տեղեկության մասին:

 

Ի հաստատումն որի` Կողմերի ներկայացուցիչները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն կոնվենցիան:

 

Կատարված է Տոկիոյում 2011 թվականի նոյեմբերի քսանվեցին, չինարեն, անգլերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են. բնօրինակն ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը: Վավերացված պատճենն ուղարկվում է X.1 հոդվածում նշված բոլոր պետություններին և Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարություն:

 

ՍՏՈՐԱԳՐՈՂ ԿՈՂՄԵՐԸ

26-ը նոյեմբերի 2011 թվական

 

Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության անունից

 

Հայաստանի Հանրապետության անունից [ստորագրություն]

 

Տիկին Գայանե Հարությունյան,

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի գործադիր տնօրեն

 

Ադրբեջանի Հանրապետության անունից

 

Ավստրալիայի անունից

 

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության անունից

 

Պարոն Մուհամմադ Իքբալ Խան Չոուդհըրի

Քարտուղարի օգնական

Կրթության նախարարություն [ստորագրություն]

 

Բութանի Թագավորության անունից

 

Բրունեյ Դարուսալամ պետության անունից

 

Կամբոջայի Թագավորության անունից

 

Ն.Գ. պարոն Իմ Սեթի

Կրթության, երիտասարդության և սպորտի նախարար [ստորագրություն]

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անունից

 

Ն.Գ. պարոն Դու Յուբո

Կրթության փոխնախարար [ստորագրություն]

 

Կուկի Կղզիների անունից

 

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության անունից

 

Ֆիջիի Կղզիների Հանրապետության անունից

 

Հնդկաստանի Հանրապետության անունից

 

Ինդոնեզիայի Հանրապետության անունից

 

Իրանի Իսլամական Հանրապետության անունից

 

Ճապոնիայի անունից

 

Ղազախստանի Հանրապետության անունից

 

Կիրիբատիի Հանրապետության անունից

 

Ղրղզստանի Հանրապետության անունից

 

Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության անունից

 

Ն.Գ. պարոն Լիթոու Բուուփաո

Կրթության և սպորտի փոխնախարար [ստորագրություն]

 

Մալայզիայի անունից

 

Մալդիվների Հանրապետության անունից

 

Մարշալյան Կղզիների Հանրապետության անունից

 

Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգների անունից

 

Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության անունից

 

Մյանմարի Միության Հանրապետության անունից

 

Նաուրուի Հանրապետության անունից

 

Նեպալի Թագավորության անունից

 

Նոր Զելանդիայի անունից

 

Նիուեի անունից

 

Պակիստանի Իսլամական Հանրապետության անունից

 

Պալաուի Հանրապետության անունից

 

Պապուա Նոր Գվինեա Անկախ Պետության անունից

 

Ֆիլիպինների Հանրապետության անունից

 

Կորեայի Հանրապետության անունից

 

Պարոն Կիմ Յունգ-Գուիոն

Համալսարանների և քոլեջների քաղաքականության հարցերով նախարարի տեղակալ

Կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարարություն [ստորագրություն]

 

Ռուսաստանի Դաշնության անունից

 

Սամոայի Անկախ Պետության անունից

 

Սինգապուրի Հանրապետության անունից

 

Սողոմոնյան Կղզիների անունից

 

Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետության անունից

 

Տաջիկստանի Հանրապետության անունից

 

Թաիլանդի Թագավորության անունից

 

Թիմոր-Լեստեի Դեմոկրատական Հանրապետության անունից

 

Ն.Գ. պարոն Ժոաո Կանսիո Ֆրեյտաս

Կրթության նախարար [ստորագրություն]

 

Տոնգայի Թագավորության անունից

 

Թուրքիայի Հանրապետության անունից

 

Դոկտոր, պրոֆեսոր պարոն Սաբան Կալիս, Բարձրագույն կրթության խորհրդի փոխնախագահ [ստորագրություն]

 

Թուրքմենստանի անունից

 

Տուվալուի անունից

 

Ուզբեկստանի Հանրապետության անունից

 

Վանուատուի Հանրապետության անունից

 

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության անունից

 

Սուրբ Աթոռի անունից

 

Ն. Գ. ամենապատիվ Ժոզեֆ Չեննոթ,

պապական նունցիա Ճապոնիայում [ստորագրություն]

 

Վավերացված պատճեն

 

Փարիզ

 

Իրավախորհրդատու

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն

 

ՅՈՒՆԵՍԿՕ, 2012 թվական

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ORGANISATION DES NATIONS UNIES POUR L`EDUCATION, LA SCIENCE ET LA CULTURE

 

ORGANIZATION DE LAS NACIONES UNIDAS PARA LA EDUCATION, LA CIENCIA Y LA CULTURA

 

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021թ. մայիսի 1-ին:

 

 

pin
''
26.11.2011
Կոնվենցիա