Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1184-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից հանել «առաջին,» բառը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը` ամրագրելով գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ, այդ թվում` օժանդակությունից օգտվող տնտեսավարողների ցանկի հրապարակումը:

4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված վարկերի սպասարկումը շարունակում է իրականացվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող պայմաններով:

5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման հիման վրա վարկեր ստացած տնտեսավարողները կարող են օգտվել սույն որոշմամբ սահմանված միջոցառումից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հուլիսի 22-ի

N 1184-Լ որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 26-ի

N 355-Լ որոշման

 

ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել առանձին տնտեսավարողներին (այսուհետ` տնտեսավարողներ)` մեղմելու կորոնավիրուսի շարունակվող ազդեցության հետևանքով առաջացած ընթացիկ իրացվելիության հետ կապված խնդիրները և նպաստելու փոփոխված տնտեսական իրավիճակում վերջիններիս զարգացմանը:

2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության հնարավորություն` պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար:

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառների) և (կամ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որը Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն օժանդակությամբ վարկ ստանալու հայտի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում:

4. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում նաև Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում գրանցված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի «F41 Շենքերի շինարարություն» ոլորտում փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը, որն իրականացնում է փաստացի կառուցապատման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում: Ընդ որում, սույն ենթակետով նշված տնտեսավարողներին տրամադրված օժանդակությունը կիրառելի է միայն այն վարկերի համար, որոնք տրամադրվում են սույն հավելվածի 8-րդ կետում նշված ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով:

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

5. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի (սարքերի և սարքավորումների գնման դեպքում նաև լիզինգի) տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի (սարքերի և սարքավորումների գնման դեպքում նաև լիզինգի) վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:

6. Տնտեսավարողը հնարավորություն ունի սույն միջոցառման 9-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկեր:

 

4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

7. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով`

1) վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և հետագա 6 ամսվա վարկային պարտավորությունների (ներառյալ տույժերի, տուգանքների և տուժանքների) մարում` պայմանով, որ վարկային պայմանագրերը կնքվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

2) վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և մինչև 2021 թվականի հուլիսի 25-ը գոյացած հարկային պարտավորությունների մարում.

3) նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում` պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու, ծառայությունների մատուցման և աշխատանքների կազմակերպման նպատակով (այսուհետ` սարքավորումների վարկեր/լիզինգ):

8. Սույն հավելվածի 4-րդ կետին համապատասխան տնտեսավարողներին տրամադրվող օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում «F41 Շենքերի շինարարություն» ոլորտում տնտեսական գործունեության իրականացումից առաջացած պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումների, տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումների, կապալի և մատակարարման պայմանագրերով առաջացած պարտավորությունների վճարումների իրականացման նպատակով: Ընդ որում, սույն ենթակետի իմաստով վճարում է համարվում վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և մինչև 2021 թվականի հուլիսի 25-ը գոյացած և հետագա 6 ամսվա պարտավորությունների մարումները:

 

5. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

9. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) արժույթը` դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ).

2) ժամկետը` մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 12 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 6-ամսյա ժամանակահատվածի համար.

3) վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` մինչև 12 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` մինչև 6 ամիս.

4) մեկ տնտեսավարողի` օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի` սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը` 1 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 1 մլրդ դրամին համարժեք.

5) վարկային միջոցների օգտագործման կարգը` միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.

6) առավելագույն փաստացի տոկոսադրույքը տարեկան 14,5% դրամով վարկերի և տարեկան 10% արտարժույթով վարկերի դեպքում:

10. Օժանդակության գործիքի կիրառման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով, որով սահմանվում են ֆինանսական կազմակերպություններին, օժանդակություն ստացողներին ներկայացվող պահանջների մանրամասները, միջոցների նպատակային օգտագործման ու միջոցառման շրջանակներում պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու ընթացակարգերը, ինչպես նաև սույն հավելվածի 13-րդ կետում նշված հաշվետվության ներկայացման ընթացակարգը և հաշվետվությանը ներկայացվող պահանջները:

 

6. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

11. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի վարկի սուբսիդավորում` տվյալ վարկի տոկոսների` ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկի տոկոսի ամբողջական չափով, վարկի ժամկետի 12-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 6-ամսյա ժամանակահատվածի համար:

12. Սույն միջոցառման շրջանակում վարկերի տրամադրման վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 28-ն է: 2022 թվականի մարտի 1-ից սույն միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման գործընթացներ չեն իրականացվում:

 

7. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Սույն միջոցառման շրջանակում օժանդակություն ստացած տնտեսավարողները վարկի ստացման օրվանից 90-օրյա ժամկետում վերակազմակերպվում են բաժնետիրական ընկերության և ֆինանսական կազմակերպություն են ներկայացնում կորպորատիվ կառավարման պրակտիկայի վերլուծության ամփոփ հաշվետվություն` ներառյալ կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործման ծրագիրը և իրականացված աշխատանքները:

14. Սույն հավելվածի 13-րդ կետում նշված պայմանը չկատարելու դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկի տոկոսի սուբսիդավորման գործընթացը դադարեցվում է, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման:»:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2021
N 1184-Լ
Որոշում