ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
24 հունվարի 2022 թվականի N 05-Ն
ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՈՒ ՌԵՑԻՊԻԵՆՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2022 թվականի հունվարի 24-ի
05-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՈՒ ՌԵՑԻՊԻԵՆՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրը (այսուհետ` ռեեստր)` առցանց էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է, որը հասանելի է.
1) օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին,
2) օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին:
3. Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
4. Ռեեստրը վարողի գործառույթներն են`
1) բացառել` անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության առկայության դեպքում դիակը որպես դոնոր օգտագործելու հնարավորությունը,
2) հավաքագրել տեղեկատվություն դիակային դոնորից օրգանների և (կամ) հյուսվածքների վերցման, մշակման գործընթացի վերաբերյալ,
3) հավաքագրել օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների (այսուհետ` ռեցիպիենտ) տվյալները,
4) ապահովել փոխադարձ կապը` օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև,
5) հավաքագրել տեղեկատվություն իրականացված փոխպատվաստման վիրահատությունների վերաբերյալ:
5. Ռեեստրը բաղկացած է երեք ենթաբաժիններից`
1) դոնորների տվյալների շտեմարան,
2) ռեցիպիենտների տվյալների շտեմարան,
3) փոխպատվաստված դեպքերի տվյալների շտեմարան:
6. Ռեեստրի դոնորների տվյալների շտեմարանը վարողը ապահովում է.
1) դոնորի վերաբերյալ տվյալների հավաքագրումը,
2) դոնորի` անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության բացակայության ստուգումը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով և հաստատումը,
3) դոնորից վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների վերաբերյալ տվյալների հավաքագրումը,
4) փոխադարձ կապի ապահովումը` օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև` իրականացնելով ռեցիպիենտի ընտրություն` համապատասխան օրգանի և (կամ) հյուսվածքի համար,
5) դոնորից օրգանների և (կամ) հյուսվածքների վերցման, մշակման և փոխպատվաստման ողջ գործընթացի մշտադիտարկում:
7. Ռեեստրի դոնորների տվյալների շտեմարանում գրանցվում են օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններից հավաքագրված հետևյալ տեղեկությունները`
1) դոնորի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության և/կամ հաշվառման վայրը, սեռը,
2) որ օրգանը և/կամ հյուսվածքն է վերցվել դոնորից, և որ բժշկական կազմակերպություն է ուղարկվել,
3) օրգան և (կամ) հյուսվածք վերցնող բժշկական անձնակազմի վերաբերյալ տեղեկատվությունը,
4) օրգանի և (կամ) հյուսվածք վերցնելու ամսաթվի, օրգան և (կամ) հյուսվածք վերցնելը սկսելու և ավարտելու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը,
5) օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից դոնորական օրգան և (կամ) հյուսվածքը չվերցվելու վերաբերյալ պարզաբանումը:
8. Ռեեստրի ռեցիպիենտների տվյալների շտեմարանը ապահովում է.
1) օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման կարիք ունեցող ռեցիպիենտների վերաբերյալ տվյալների հավաքագրումը,
2) փոխադարձ կապի ապահովումը` օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև` իրականացնելով ռեցիպիենտի ընտրություն` համապատասխան օրգանի և (կամ) հյուսվածքի համար,
3) իրականացված փոխպատվաստողների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը,
4) բժշկական կազմակերպության կողմից օրգանը և (կամ) հյուսվածքը չվերցվելու, կամ վերցնելու` սակայն չօգտագործելու պատճառների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը,
5) ռեցիպիենտների առաջնահերթությունների սահմանումը ինքնաշխատ եղանակով` ըստ հավաքագրված տվյալների:
9. Ռեեստրի ռեցիպիենտների տվյալների շտեմարանում փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը`
1) ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության և/կամ հաշվառման վայրը, սեռը,
2) այն օրգանը, որն անհրաժեշտ է փոխպատվաստել ռեցիպիենտին,
3) փոխպատվաստման հրատապության աստիճանը,
4) ռեցիպիենտի հիմնական ախտորոշումը, ախտորոշման հաստատման օրը, ամիսը, տարեթիվը,
5) ռեցիպիենտի արյան խումբը, ռեզուս պատկանելությունը,
6) ռեցիպիենտի մոտ հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) առկայությունը,
7) փոխպատվաստման հարաբերական հակացուցումների առկայությունը:
10. Երիկամի փոխպատվաստման անհրաժեշտության դեպքում, սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկատվությունից բացի, նշվում են նաև`
1) ծրագրային հեմոդիալիզի սկիզբը,
2) ռեցիպիենտի` մարդու լեյկոցիտային հակագենի (HLA-Human Leycocyte Antigen) տիպավորման տվյալները:
3) եթե նախկինում ռեցիպիենտը փոխպատվաստվել է, ապա նշվում է նաև նախորդ դոնորի` մարդու լեյկոցիտային հակագենի (HLA-Hսman Leycocyte Antigen) տիպավորման, տվյալները:
11. Ռեեստրի ռեցիպիենտների տվյալների շտեմարանից ռեցիպիենտի վերաբերյալ տվյալները հանվում են հետևյալ դեպքերում`
1) եթե ռեցիպիենտին իրականացվել է փոխպատվաստում,
2) եթե ժամանակի ընթացքում հայտնաբերվել է բացարձակ հակացուցում փոխպատվաստման համար,
3) ռեցիպիենտի մահվան դեպքում,
4) ռեցիպիենտի անձնական դիմումի համաձայն:
12. Օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստող բժշկական կազմակերպությունից հավաքագրվում են հետևյալ տեղեկությունները`
1) ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության և/կամ և հաշվառման վայրերը, սեռը,
2) որ օրգանը և/կամ հյուսվածքն է փոխպատվաստվել,
3) օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստման ամսաթվի, փոխպատվաստումը սկսելու և ավարտելու ժամերի վերաբերյալ,
4) օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստումն իրականացնող բժշկական անձնակազմի վերաբերյալ,
5) բժշկական կազմակերպության կողմից փոխպատվաստման համար օրգան և (կամ) հյուսվածք վերցնելու, սակայն չօգտագործելու պարզաբանման վերաբերյալ
6) ռեցիպիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն` հարցման օրվա դրությամբ:
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունվարի 2022 թվական: