Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ Պ ...

 

16.02.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2022 թվականի N 842-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.02.2024 թիվ 219-Լ որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը.

2) մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի` 2025 թվականից շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրը գործարկվում է սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելու օրվանից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

(3-րդ կետը փոփ. 15.02.2024 թիվ 219-Լ որոշում)

(վերնագիրը փոփ. 15.02.2024 թիվ 219-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 9-ի

N 842-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 15.02.2024 թիվ 219-Լ որոշում)

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, ծնելիության խթանումը, սահմանամերձ բնակավայրերում բնակության պայմանների բարելավումը` համայնքների համաչափ զարգացման համատեքստում:

2. Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում համաչափ և կայուն զարգացումը, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների սահմանամերձ բնակավայրերում բնակեցումը` սույն ծրագիրը կբարձրացնի հասանելիությունը նշված բնակավայրերում բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) համար:

(2-րդ կետը փոփ. 06.10.2022 թիվ 1562-Լ որոշում)

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրում» (այսուհետ` ծրագիր) կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) սահմանամերձ բնակավայր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում» ընդգրկված գյուղական բնակավայր.

2) շահառու` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսիններ, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

3) ծառայություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն.

4) գործընկեր կազմակերպություն` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի» իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցության պայմանագիր կնքած առևտրային բանկ կամ վարկային կազմակերպություն:

(3-րդ կետը փոփ. 27.07.2023 թիվ 1277-Լ, 15.02.2024 թիվ 219-Լ որոշումներ)

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը` համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար:

5. Ծրագիրը նպատակ ունի նաև խթանելու ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային, մասնավորապես` սահմանամերձ գյուղական բնակավայրերում, և վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռելու շահառուներին` բնակություն հաստատելու իրենց կողմից նախընտրած սահմանամերձ բնակավայրում և կառուցվող բնակելի տանը` խթանելով գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը:

6. Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է իրականացնել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիր:

(6-րդ կետը փոփ. 15.02.2024 թիվ 219-Լ որոշում)

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

7. Սույն ծրագրով աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարների) մարմանը` սույն ծրագրով սահմանված չափով:

(7-րդ կետը փոփ. 06.10.2022 թիվ 1562-Լ որոշում)

8. Շահառու ընտանիքն աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում):

9. Շահառուն կարող է օգտվել աջակցության սույն ծրագրից` անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության) ծրագրերից օգտվելու հանգամանքից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի: Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման բացառապես շահառուի կողմից վճարված տոկոսների գումարների չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման հավելվածի 5.4-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:

(9-րդ կետը փոփ. 06.10.2022 թիվ 1562-Լ որոշում)

10. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի» իրականացման կարգի հաստատումից հետո և գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը:

(10-րդ կետը փոփ. 06.10.2022 թիվ 1562-Լ, 15.02.2024 թիվ 219-Լ որոշումներ)

11. Ծրագրի շրջանակներում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել հաստատուն տոկոսադրույքով կամ լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով, ընդ որում, բոլոր դեպքերում աջակցության չափը հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար կազմում է հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազ. դրամ: Հիփոթեքային վարկերի տոկոսագումարների մարման համար աջակցության չափը կազմում է`

1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում` մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 203 հազ. դրամ.

2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում` Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք +3,25% չափով` վարկի տրամադրման պահին, հանրագումարային մինչև 16.8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 310 հազ. դրամ: Այս դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի` փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն` տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ): Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ` ապրիլ և հոկտեմբեր ամիսներին: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով: Հիփոթեքային վարկավորման դեպքում աջակցության չափը տոկոսագումարների մարման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան:

(11-րդ կետը փոփ. 06.10.2022 թիվ 1562-Լ, 06.04.2023 թիվ 473-Լ, 15.02.2024 թիվ 219-Լ որոշումներ)

11.1. Սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված աջակցության ամսական սահմանաչափերը (մայր գումարի և տոկոսագումարների) չեն կիրառվում ժամանակացույցով նախատեսված առաջին ամսվա ամսական վճարների նկատմամբ:

(11.1-ին կետը լրաց. 06.04.2023 թիվ 473-Լ որոշում)

12. Ծրագրի հիմնական պայմաններն են`

1) հիփոթեքային վարկը տրամադրվել է գործընկեր կազմակերպության կողմից.

2) հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է.

3) հիփոթեքային վարկը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության դրամով.

4) կառուցապատվող անշարժ գույքի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուների, վերջիններիս ցանկության դեպքում` նաև նրանց երեխաների անվամբ` օրենքով սահմանված կարգով.

5) վարկը տրամադրվել է փուլերով, և յուրաքանչյուր հաջորդ փուլով վարկի տրամադրման համար հիմք է հանդիսանում նախորդ փուլում տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործումը:

(12-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 473-Լ, 15.02.2024 թիվ 219-Լ որոշումներ)

12.1. Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով:

(12.1-ին կետը լրաց. 15.02.2024 թիվ 219-Լ որոշում)

13. Սույն ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարում է հետևյալ դեպքերում.

1) հիփոթեքային վարկի ամբողջական մարման դեպքում.

2) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից).

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.10.2022 թիվ 1562-Լ որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.07.2023 թիվ 1277-Լ որոշում)

5) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում տվյալ վարկի գծով 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում.

6) պետության կողմից կատարված ամենամսյա մարումների հանրագումարային արժեքի սահմանված չափը լրանալու դեպքում:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.07.2023 թիվ 1277-Լ որոշում)

(13-րդ կետը փոփ. 06.10.2022 թիվ 1562-Լ, 27.07.2023 թիվ 1277-Լ որոշումներ)

13.1. Գործընկեր կազմակերպության կողմից փաստացի տրամադրված գումարները շահառուի կողմից փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով ենթակա են վերադարձման պետությանը`

1) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում, եթե շահառուի ժառանգը շահառուի ամուսինը կամ երեխան չէ.

2) սույն հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պահանջը խախտվելու դեպքում.

3) գործընկեր կազմակերպության հետ վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում շահառուի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը գործընկեր կազմակերպություն չներկայացվելու դեպքում:

(13.1-ին կետը լրաց. 27.07.2023 թիվ 1277-Լ որոշում)

14. Սույն ծրագրի 13-րդ կետում նշված դեպքերում դրամական աջակցության վճարումն ամբողջությամբ դադարելու պարագայում` դադարելու պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը:

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 27.07.2023 թիվ 1277-Լ որոշում)

16. Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքն օտարելու դեպքում` պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը` փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով:

 

5. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

17. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` հիմք ընդունելով ծրագրի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները:

18. Նախարարությունը եռամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է տեղեկատվություն ծրագրում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ:

 

6. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

19. Ծրագրի հիմնական ռիսկերն են`

1) ծրագրի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն` պայմանավորված ծրագրի մասով չկանխատեսված բարձր պահանջարկով (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, կհատկացվեն լրացուցիչ միջոցներ կամ ծրագրի գծով առկա պահանջարկի ծավալը կբավարարվի ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ընդհանուր բյուջետային հատկացումների շրջանակում կամ լրացուցիչ պահանջարկի գնահատականների առկայությամբ կպլանավորվեն դրանց բավարարման անհրաժեշտ ծավալների և ժամկետների գծով պետական միջոցների հնարավորություններին համապատասխան).

2) ծրագրի հանդեպ նվազ հետաքրքրությունը և ցածր պահանջարկը (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, համապատասխան փոփոխություններ կկատարվեն ծրագրի հիմնական պայմաններում).

3) անհաղթահարելի ուժը (երկրաշարժ, հրդեհ և այլն):

20. Ծրագրի կապակցությամբ այլ հիմնական ռիսկեր չեն նույնականացվել:

 

7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

21. Ծրագրի շրջանակներում 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թվականին կպահանջվի շուրջ 137.7 մլն դրամ:

22. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ֆինանսական միջոցների ավելացման կամ նվազեցման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում` հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը:

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ցուցաբերել ֆինանսական աջակցություն Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցող ընտանիքներին` սահմանամերձ բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման խնդիրները լուծելու նպատակով:

24. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել`

1) 2022 թվականին` 240 շահառուի.

2) 2023 թվականին` 400 շահառուի.

3) 2024 թվականին` 560 շահառուի:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2022
N 842-Լ
Որոշում