Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2023 թվականի N 1111-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 8.1-ին կետի պահանջը`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. նոյեմբերի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2023 թվականի նոյեմբերի 7-ի

N 1111-Ա որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ-2023 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Ներածություն

2. Իրավիճակը և ապակենտրոնացման անհրաժեշտությունը

3. Հիմնական սկզբունքներ

4. Բարեփոխումների օրակարգը

5. Ֆինանսավորման աղբյուրը

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանրապետությունում վերջին տարիներին իրականացված վարչատարածքային բարեփոխումների համատեքստում կարևորում և որպես տեղական ինքնակառավարման համակարգի կայուն զարգացման նախադրյալ (գերակայություն) է դիտարկում լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի նախաձեռնումը և գործնականում դրա իրականացումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության համար հայեցակարգով սահմանված բարեփոխումների օրակարգի ավելի լայն ռազմավարական նպատակը տեղական ժողովրդավարության խորացումը և համայնքների հզորացման ու կայուն զարգացման նպաստումն է, որի արդյունքում կմեծանան համայնքների, մարդկանց մասնակցությունն իրենց` տեղական նշանակության հանրային հարցերի լուծման լիազորություններն ու կարողությունները, իսկ հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման շնորհիվ էականորեն կբարելավվեն համայնքներում մարդկանց կյանքի որակն ու կենսամակարդակը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է պետության կողմից ստանձնված միջազգային իրավական պարտավորությունների պատշաճ և համաչափ իրագործումն ապահովելու գործընթացների նկատմամբ, մասնավորապես` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 4-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների իրացման համատեքստում:

Սույն հայեցակարգով սահմանվում են լիազորությունների ապակենտրոնացման սկզբունքները, խնդիրները և նպատակները, հնարավոր լիազորությունների ապակենտրոնացմանը միտված առաջարկվող լուծումները` ըստ լիազորությունների բնագավառների, ակնկալվող արդյունքները և ֆինանսավորման աղբյուրը, առաջիկա տարիների ընթացքում ձեռնարկվելիք հնարավոր գործողությունների և միջոցառումների շրջանակները` ներկայացնելով այն հիմնական լիազորությունների բնագավառները, որոնց ապակենտրոնացմանը միտված կլինեն Հայեցակարգի ընդունմանը հաջորդող փաստաթղթերի մշակման, հաստատման և իրագործման գործընթացները:

Հայեցակարգը միտված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով ամրագրված սկզբունքների պահպանմանը, տեղական ինքնակառավարման կայուն զարգացման խթանմանը, ապակենտրոնացման շարունակական և արդյունքամետ գործընթացի վերածմանը, հանրային հարցերի շուրջ որոշումների կայացման գործում ՏԻՄ-երի դերի ու կարևորության բարձրացմանը, տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցության ապահովմանը և լավ կառավարման սկզբունքների վրա հաշվետու տեղական ինքնակառավարման համակարգ ունենալուն:

Հայեցակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանում տեղի ունեցած վարչատարածքային բարեփոխումների արդյունքներով պայմանավորված և Հայաստանի կողմից միջազգային համագործակցության շրջանակում ստանձնած հանձնառությունների բարեհաջող իրականացման նպատակներից ելնելով` առանձնապես կարևոր է լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը:

i

2. Լիազորությունների ապակենտրոնացման ուղղությամբ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ դրույթները նախատեսված են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրում»:

3. Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի պատմության մեջ 2015-2018 թթ. ընկած ժամանակահատվածը եղել է բեկումնային, մասնավորապես` ոլորտը կարգավորող օրենսդրության համալիր լրամշակումների և օրենքների նոր խմբագրությամբ շարադրման համատեքստում: Օրենսդրական լայնածավալ բարեփոխումները ուղեկցվել են Եվրոպայի լավագույն փորձի ուսումնասիրման և Հայաստանում դրա տեղայնացման հնարավորությունները հաշվի առնելով: Այդ ինստիտուցիոնալ բարեփոխումները իրականացվել են Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում իրենց առաքելությունն իրականացնող միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և տեղական ինքնակառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի անմիջական մասնակցությամբ և համակարգմամբ:

4. Հաջորդ և միգուցե ամենակարևոր զարգացումները համարվում են Հայաստանում դեռևս 2015 թվականից սկսված վարչատարածքային բարեփոխումները, որոնք իրացվում են համայնքների միավորման գործընթացի միջոցով: Այն լայն թափ ստացավ 2017 թվականին, այնուհետև 2021-2022 թթ.-ին: Նախկին 915 համայնքների փոխարեն այսօր առկա են թվով 71 համայնքներ, որոնցից 64-ը համարվում են միավորված բազմաբնակավայր համայնքներ: Համայնքների միավորման գործընթացի և ՏԻՄ-երի ընտրակարգի փոփոխություններով պայմանավորված` ստեղծվել են նոր իրողություններ, որոնք պետությունից պահանջում են լրացուցիչ ջանքեր` տեղական ինքնակառավարման համակարգի կայուն կենսագործումը պատշաճ ձևով ապահովելու համար, մասնավորապես` լիազորությունների ապակենտրոնացման ուղղությամբ հստակ քաղաքականության մշակում և վարում:

5. Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման համատեքստում առաջնային է համարվում լիազորությունների ապակենտրոնացման անհրաժեշտությունը: Թե՛ իրավական իմաստով և թե՛ գործնական քայլերի իմաստով պետությունը, ի դեմս տեղական ինքնակառավարման ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարության, համայնքների միավորման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը հիմնավորել է նաև համայնքներում լիազորությունների ապակենտրոնացման նախադրյալներ ստեղծելու նպատակով և դրանով պայմանավորված` ՏԻՄ-երի նկատմամբ պետության վստահության մակարդակի բարձրացմամբ:

6. Հայաստանում ներդրված ՏԻՄ-երի (ավագանու համամասնական և համայնքի ղեկավարի անուղղակի) ընտրակարգի գործիքակազմերը, դրանից բխող պատասխանատվության հստակ շրջանակները (քաղաքական, վարչական և այլն), ինչպես նաև պետության առկա վարչատարածքային կառուցվածքը (առավելապես նախկին շրջկենտրոն հանդիսացող համայնքի շուրջ համայնքների միավորման վերջին միտումները) բավարար և օբյեկտիվ պայմաններ են ենթադրում ապակենտրոնացման գործընթացը կազմակերպելու համար:

7. Լիազորությունների ապակենտրոնացման նախապատմությունը սկսվում է դեռևս 2006-2007 թվականներից, երբ առաջին անգամ փորձ արվեց պիլոտային ծրագրի իրագործման միջոցով Երևան, Գյումրի, Վանաձոր, Արարատ և Ջերմուկ համայնքներում պատվիրակված լիազորության հիմքով ապակենտրոնացնել սոցիալական աջակցության ծառայությունների կազմակերպումը: Լիազորությունների պատվիրակման համար հիմք էր հանդիսացել 2009 թվականին գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր` «Համայնքի ղեկավարն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը. համայնքի տարածքում կազմակերպում է սոցիալական օգնության ծառայության գործունեությունը»:

8. Օրենսդրական այդ կարգավորումը հնարավորություն ընձեռեց Կառավարությանը մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով Երևան, Գյումրի, Վանաձոր, Ջերմուկ և Արարատ համայնքներում իրականացնել սոցիալական ծառայությունների գծով լիազորությունների ապակենտրոնացում:

9. Հաջորդիվ համայնքների (հիմնականում նախկին շրջանների կենտրոն հանդիսացող) ՏԻՄ-երին օրենքով վերապահվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության կազմակերպման լիազորությունը` կրկին պատվիրակված լիազորության տեսքով: Միաժամանակ, ապակենտրոնացվեց նաև համայնքում արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելու լիազորությունը, որը այս պահին կարելի է համարել մասնակի ապակենտրոնացված, քանի որ համայնքներում գործող գյուղական ամբուլատորիաների, առողջության կենտրոնների և առողջության առաջնային պահպանման կենտրոնների մի մասը համարվում է համայնքային ենթակայության, մի մասը` մարզային:

10. Լիազորությունների ապակենտրոնացման փորձը Հայաստանում բավականին խնդրահարույց է եղել կրկին համաապակենտրոնացման նախադեպերի մասով: Այդ մասին է վկայում սոցիալական աջակցության ոլորտում վերջին տարիներին մշակված և իրագործված քաղաքականությունը, մասնավորապես` փոփոխություններ կատարվեցին «Սոցիալական աջակցության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, ուժը կորցրած ճանաչվեցին Երևան, Գյումրի, Վանաձոր, Արարատ և Ջերմուկ համայնքների մասով սոցիալական ծառայությունների լիազորությունները սահմանող իրավանորմերը և համայնքի ղեկավարին այդ մասով պատվիրակված լիազորությունները:

11. Դեռևս շարունակում է մասնակի ապակենտրոնացված համարվել համայնքում արտահիվանդանոցային բժշկական սպասարկում կազմակերպելու լիազորությունը, որն, ըստ էության, պետք է ամբողջությամբ ընդգրկեր հանրապետության բոլոր այն համայնքների շրջանակը, որոնցում գործում են արտահիվանդանոցային տիպի առողջապահական հաստատությունները:

12. Կառավարության 2017-2022 թթ. ծրագրով, մասնավորապես` Կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 646-Ա որոշման 1.2-րդ բաժնի երկրորդ պարբերությամբ ամրագրված է, որ «պետք է շարունակվի տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման և իշխանության ապակենտրոնացման քաղաքականության իրականացումը` նպատակ ունենալով ընդարձակելու տեղական ինքնակառավարման համակարգում բնակչությանը մատուցվող ծառայությունների ընդգրկումն ու որակը»:

13. Կառավարությունը 2019 թվականի մայիսի 16-ին N 650-Լ որոշման Հավելված 1-ի 221.1-ին և 221.2-րդ կետերով հստակ կարգավորումներ են սահմանվել լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի կազմակերպման միջոցառումների մասով: Մասնավորապես` ապակենտրոնացման բնագավառի միջոցառումներ են նախատեսված ՏԻՄ-երին հետևյալ լիազորությունների փոխանցման մասով` առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային և միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման:

14. Դեռևս 2016 թվականի հունիսի 8-ին Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև ստորագրվել է «Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը, որով կողմերը հանձնառություն են ստանձնել «աշխատել միասին` կյանքի կոչելու սույն ճանապարհային քարտեզը Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351 (2014) խորհրդատվությունն իրագործելու նպատակով»:

15. ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 26-րդ նստաշրջանի ընթացքում (ք. Ստրասբուրգ` 2014 թվականի մարտի 25-27) ընդունվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351 (2014) խորհրդատվությունը (հանձնարարականները): Համաձայն փաստաթղթի 7-րդ կետի «d» ենթակետի հանձնարարականի` առաջարկվում է «Վստահեցնել, որ տեղական իշխանությունները ունեն լիարժեք և բացարձակ լիազորություններ, որպես տեղական կառավարման ինքնիշխան դերակատարներ և չունենալ իշխանություններ, ում լիազորությունները ճնշվում են կենտրոնական իշխանությունների կողմից»: Նույն կետի «e» ենթակետով առաջարկվել է «Հստակեցնել վարչական բնույթի տարբեր առաջադրանքները և գործառույթները, որոնք մտնում են տեղական իշխանությունների լիազորությունների շրջանակի մեջ, հատկապես երբ հարցը վերաբերում է սեփական կամ պատվիրակված լիազորությունների բաժանմանը և ուժեղացնել տեղական իշխանությունների դերը` թողնելով կարևոր խնդիրների կառավարումը տեղական մակարդակում տեղական իշխանությունների հայեցողությանը» (հղումը` https://rm.coe.int/16807199f8):

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

16. Հայեցակարգը հիմնվում է հետևյալ հիմնական սկզբունքների վրա`

1) Սուբսիդիարությունը. հանրային խնդիրների լուծումը ՏԻՄ-երի կողմից, եթե ակներև ցուցիչներ չկան, որ այդ խնդիրների իրականացումն ավելի բարձր մակարդակի կողմից կլինի ավելի արդյունավետ ու խնայողական.

2) Տեղական ինքնակառավարման համակարգի կայուն զարգացմանը և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված գերակա խնդիրների լուծում. այդ նպատակով` միասնական և համալիր քաղաքականության մշակման և իրագործման միջոցով.

3) Տեղական ինքնակառավարման ինքնուրույնությունը. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքներով ՏԻՄ-երին վերապահված լիազորությունները վերջիններիս պատասխանատվությամբ և համայնքի բնակչության շահերից ելնելով` տեղական նշանակության հարցերի շուրջ որոշումների կայացման ինքնուրույնությունը.

4) Արդարությունը և օրինականությունը. իրենց լիազորությունների իրականացման գործում տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների համար հավասար պայմանների ու հնարավորությունների ապահովումը.

5) Լիազորությունների ամբողջականությունը և բացառիկությունը. Օրենքով ՏԻՄ-երին վերապահված լիազորությունների լիակատար ու բացառիկ լինելը.

6) Համապատասխանությունը և համաչափությունը. ՏԻՄ-երին տրամադրվող ռեսուրսների համաչափությունը օրենքով նրանց վերապահված լիազորություններին.

7) Ինստիտուցիոնալ և խորհրդակցական երկխոսությունը. պետական կառավարման մարմինների կողմից ՏԻՄ-երին համապատասխան ձևով ու ժամանակին տեղեկացում, ինչպես նաև վերջիններիս հետ խորհրդակցություններ իրենց անմիջականորեն առնչվող կամ ապակենտրոնացման գործընթացին վերաբերող յուրաքանչյուր հարցի շուրջ պլանավորման ու որոշումների կայացման գործընթացներում.

8) Բազմակողմանիությունը և համակարգային մոտեցումը. ապակենտրոնացման գործընթացի ու տեղական ինքնակառավարման զարգացման վրա ազդեցություն ունեցող փոխկապակցված ու փոխօժանդակող կազմակերպական, տնտեսական, ֆինանսական, նյութական, սոցիալական և այլ գործոնների ամբողջական և համակարգային դիտարկումը.

9) Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման ոլորտում միջազգային գործիքների կիրառություն. Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հիմնական սկզբունքների աներկբա կիրառություն, իշխանության ապակենտրոնացման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն և դրա արդյունքների հիման վրա` վերլուծության, տեղայնացման և ներդրման առաջարկների դիտարկում.

10) Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականության իրականացման համար պատասխանատու մարմինների արդյունավետ և համակարգված գործունեության ապահովում այդ մարմինների լիազորությունների, գործառույթների տարանջատման և դրանց միջև արդյունավետ համագործակցության ապահովման միջոցով.

11) Թափանցիկությունը, հրապարակայնությունը և մասնակցությունը. բոլոր շահագրգիռ կողմերի համար, ներառյալ` գործարար հատվածի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների, ապակենտրոնացման պլանավորման, իրականացման, մոնիթորինգի ու գնահատման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը և այդ գործընթացներում լայն մասնակցայնության երաշխավորումը.

12) Գենդերային հավասարությունը. ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման իրականացման գործընթացներում տղամարդկանց ու կանանց հավասար մասնակցության ապահովումը:

 

3. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ

 

17. Սուբսիդիարության սկզբունքի համատեքստում ՏԻՄ-երին պետք է վերապահվեն բոլոր այն լիազորությունները, որոնք անհրաժեշտ են տեղի բնակչության, համայնքների սոցիալական պայմանների ու կենսապայմանների բարելավման և տեղական տնտեսական զարգացման խթանման համար: Միաժամանակ, կենտրոնական գործադիր մարմինների և ՏԻՄ-երի իրավասությունների տարանջատման միջազգային իրավունքի սկզբունքը պահանջում է համապատասխան լիազորությունների լիարժեք փոխանցում ՏԻՄ-երին:

18. Հայեցակարգով սահմանված բարեփոխումների օրակարգի ռազմավարական նպատակը լիազորությունների ապակենտրոնացման միջոցով հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացումն է:

19. Մասնավոր նպատակներն են.

1) Հանրային նշանակության լայն հարցերի լուծման շրջանակներում տեղական ժողովրդավարության ամրապնդում և զարգացում, ՏԻՄ-երի նկատմամբ պետության և համայնքների բնակիչների վստահության մակարդակի ամրապնդում և բարձրացում

2) Համայնքների միավորման գործընթացի արդյունքներով պայմանավորված` միավորված բազմաբնակավայր համայնքների ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնում.

3) Ֆինանսական ապակենտրոնացում` համայնքի ֆինանսական անկախության աստիճանի բարձրացում և համայնքի բյուջետային մուտքերի ավելացում, լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովում.

4) ՏԻՄ-երի ներուժի և կարողությունների հզորացում, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ինստիտուտների կիրառական դերի բարձրացում.

5) Միջհամայնքային համագործակցության զարգացումը:

20. Լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի կազմակերպումը իրականացվում է տեղական ինքնակառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի, պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների, տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ-երի և քաղաքացիական հասարակության լայն շրջանակների ներդաշնակ և առողջ համագործակցության լույսի ներքո, ամրապնդելով` յուրաքանչյուր ապակենտրոնացվող լիազորության մասով կառուցողական և հիմնավորված երկխոսություն, բացառելով նեղ գերատեսչական կամ պաշտոնեական շահերի սպասարկման կամ սուբյեկտիվ գործոնների դրսևորումները:

21. Սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը, որն առնվազն պետք է սահմանի.

ա. ապակենտրոնացման ենթակա լիազորությունների և դրանցից բխող գործառույթների շրջանակը.

բ. հիմնական դերակատարներին և կոնկրետ լիազորության գծով ապակենտրոնացման ամբողջ գործընթացի նկարագրությունը.

գ. ծրագրային բյուջետավորման քաղաքականությունն, այդ թվում` գենդերազգայուն հիմնահարցերի բյուջետավորման քաղաքականությունը.

դ. ապակենտրոնացված լիազորությունների իրականացման մշտադիտարկման քաղաքականությունը.

ե. սուբսիդիարության սկզբունքից բխող քաղաքականությունը.

զ. հարկաբյուջետային ապակենտրոնացման քաղաքականությունը.

է. պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի կատարման չափորոշիչները սահմանող քաղաքականությունը.

ը. առաջարկվող լուծումներից ակնկալվող արդյունքները:

i

22. Ռազմավարության և դրա կիրարկումն ապահովող միջոցառումների մշակման ընթացքում հիմք են ընդունվելու Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. հնգամյա ծրագրի 6.6-րդ ենթաբաժնով սահմանված ուղենիշային կարգավորումները: Ռազմավարական փաստաթղթերի մշակման հիմքում առնվազն պետք է դրվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված հետևյալ միջոցառումները` առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային և միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման ոլորտներում:

23. Հայեցակարգով ներկայացված ուղղությունների մասով տեղական ինքնակառավարման մարմիններին փոխանցվող լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված որոշումները կկայացվեն դրանց նպատակահարմարությանն ուղղված համապատասխան ուսումնասիրությունների և վերլուծությունների (այդ թվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվող գործառնական ծախսերի) արդյունքներով` իրագործման մեխանիզմների (ապակենտրոնացման արդյունքում բյուջեի պլանավորման մեխանիզմների, սկզբունքների, ոլորտների հստակ շրջանակի, այդ ոլորտների ընտրության չափանիշների ու սկզբունքների) առկայության պարագայում:

24. Նախատեսվում է համադրել ֆինանսական ապակենտրոնացման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին անհատույց տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների պլանավորման մեխանիզմները, սկզբունքները, ինչպես նաև գնահատելու դրանց արդյունավետությունը:

25. Կառավարության հաստատմանն են ներկայացվելու նաև ռազմավարությունից բխող` իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը և դրանց ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները.

26. Հայեցակարգով առաջարկվող լուծումների, դրանցից բխող քաղաքականության մշակման, միջոցառումների կազմակերպման և իրականացման գործողությունների համակարգումն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

4. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

27. Ապակենտրոնացվող լիազորությունների ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պատվիրակած լիազորության փոխանցման գործիքակազմին համապատասխան հատկացվող, ինչպես նաև համայնքների բյուջեներով նախատեսված ֆինանսական միջոցները:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2023 թվականի նոյեմբերի 7-ի

N 1111-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառում      |Ակնկալվող       |Պատասխանատու |Ժամկետը |Ֆինանսա-|

|ը/կ|                |արդյունքը       |կատարողները  |        |վորման  |

|   |                |                |և  համա-     |        |աղբյուրը|

|   |                |                |կատարողները  |        |        |

|___|________________|________________|_____________|________|________|

|1. |«Միջգերատեսչական|Լիազորություն-  |ՀՀ տարածքային|2024 թ. |Ֆինանսա-|

|   |հանձնաժողով     |ների ապա-       |կառավարման և |փետրվարի|վորում  |

|   |ստեղծելու մասին»|կենտրոնացման    |ենթակառուց-  |2-րդ    |չի պա-  |

|   |ՀՀ վարչապետի    |ռազմավարության  |վածքների     |տասնօր- |հանջվում|

|   |որոշման նախագծի |նախագծի մշակման |նախարարու-   |յակ     |        |

|   |ներկայացում     |համար անհրաժեշտ |թյուն        |        |        |

|   |ՀՀ վարչապետի    |հիմնադրույթների |ՀՀ արդարա-   |        |        |

|   |աշխատակազմ      |(ոլորտային      |դատության    |        |        |

|   |                |ուղղությունների,|նախարարու-   |        |        |

|   |                |ծրագրային       |թյուն        |        |        |

|   |                |միջոցառումների) |ՀՀ առողջա-   |        |        |

|   |                |սահմանում,      |պահության    |        |        |

|   |                |հաստատում,      |նախարարու-   |        |        |

|   |                |ռազմավարությու- |թյուն        |        |        |

|   |                |նից բխող        |ՀՀ աշխատանքի |        |        |

|   |                |միջոցառումների  |և  սոցիալական|        |        |

|   |                |ծրագրի կիրարկում|հարցերի      |        |        |

|   |                |                |նախարարու-   |        |        |

|   |                |                |թյուն        |        |        |

|   |                |                |ՀՀ կրթության,|        |        |

|   |                |                |գիտության,   |        |        |

|   |                |                |մշակույթի և  |        |        |

|   |                |                |սպորտի       |        |        |

|   |                |                |նախարարու-   |        |        |

|   |                |                |թյուն        |        |        |

|   |                |                |ՀՀ քաղաքա-   |        |        |

|   |                |                |շինության    |        |        |

|   |                |                |կոմիտե       |        |        |

|   |                |                |ՀՀ կադաստրի  |        |        |

|   |                |                |կոմիտե       |        |        |

|___|________________|________________|_____________|________|________|

|2. |«Լիազորություն- |Համաչափ վարչական|ՀՀ տարածքային|2024 թ. |Միջազ-  |

|   |ների ապա-       |և  ֆինանսական   |կառավարման և |մարտի   |գային   |

|   |կենտրոնացման    |ապակենտրոնացման |ենթակառուց-  |2-րդ    |դոնոր   |

|   |ռազմավարությունը|իրականացում`    |վածքների     |տասնօր- |կազմա-  |

|   |և  դրանից բխող  |համայնքների     |նախարարու-   |յակ     |կերպու- |

|   |միջոցառումների  |ֆինանսական նոր  |թյուն        |        |թյուններ|

|   |ծրագիրը         |կարողությունների|ՀՀ արդարա-   |        |        |

|   |հաստատելու      |ձևավորում  և    |դատության    |        |        |

|   |մասին» ՀՀ       |արդյունքահեն    |նախարարու-   |        |        |

|   |կառավարության   |իրավասություն-  |թյուն        |        |        |

|   |որոշման նախագծի |ների շրջանակի   |ՀՀ առողջա-   |        |        |

|   |ներկայացում     |մեծացում        |պահության    |        |        |

|   |ՀՀ վարչապետի    |                |նախարարու-   |        |        |

|   |աշխատակազմ      |                |թյուն        |        |        |

|   |                |                |ՀՀ աշխատանքի |        |        |

|   |                |                |և  սոցիալական|        |        |

|   |                |                |հարցերի      |        |        |

|   |                |                |նախարարու-   |        |        |

|   |                |                |թյուն        |        |        |

|   |                |                |ՀՀ կրթության,|        |        |

|   |                |                |գիտության,   |        |        |

|   |                |                |մշակույթի և  |        |        |

|   |                |                |սպորտի       |        |        |

|   |                |                |նախարարու-   |        |        |

|   |                |                |թյուն        |        |        |

|   |                |                |ՀՀ քաղաքա-   |        |        |

|   |                |                |շինության    |        |        |

|   |                |                |կոմիտե       |        |        |

|   |                |                |ՀՀ կադաստրի  |        |        |

|   |                |                |կոմիտե       |        |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2023
N 1111-Ա
Որոշում