Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2025 թվականի N 667-Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                                 Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի մայիսի 29-ի

N 667-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման և տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների պահպանման հետ կապված հարաբերությունները:

2. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքով ստացված բժշկական գաղտնիք համարվող տվյալների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով (այսուհետ` օրենք) և դրանից բխող իրավական ակտերով, իսկ այլ անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով:

3. Տեսալուսանկարահանող սարքերը կարող են տեղադրվել բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) սպասասրահում, միջանցքում, վերելակներում, վճարման կետերում և այլ ընդհանուր օգտագործման տարածքներում, վիրահատարաններում, բացառությամբ օրենքով սահմանված տարածքների:

4. Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինեն մինչև տեսահսկման տարածք մտնելը: Իրազեկման ցուցանակները պետք է պարունակեն առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) տեսախցիկի պատկերը.

2) տեսալուսանկարահանումն իրականացնող բժշկական կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը.

3) տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների պահպանման ժամկետը.

4) անձի, որին վերաբերում են անձնական տվյալները` իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերի դեպքում կապ հաստատելու մասին տեղեկատվություն` միաժամանակ նշելով տեսալուսանկարահանման իրականացման համար իրավասու (պատասխանատու) բաժնի կամ աշխատողի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, աշխատողի դեպքում` նաև պաշտոնը):

5. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կառավարվում է բժշկական կազմակերպությունում այդ սարքերի աշխատանքը ապահովող համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով: Տեսալուսանկարահանող սարքերը պետք է տեղադրվեն այնպես, որ հնարավորինս քիչ տարածք վերահսկելով հնարավոր լինի հասնել օրենքով հետապնդվող նպատակին: Տեսալուսանկարահանող սարքերի քանակը, դրանց գտնվելու վայրը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանեն տեսահսկման նպատակներին, բժշկական կազմակերպության գործունեության առանձնահատկություններին, տարածքի ընդհանուր մակերեսին և կառուցվածքին: Տեսանյութերից պետք է պարզ լինի տեսալուսանկարահանման ժամը, ամսաթիվը և վայրը:

6. Բժշկական կազմակերպությունների վիրահատարաններում`

1) կարող են տեղադրվել տեսալուսանկարահանող սարքեր` ապահովելով վիրահատարանում ներկա գտնվող անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և արժանապատվության հարգումն ու պաշտպանությունը և հետևյալ պայմանները.

ա. տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների անվտանգության ու գաղտնիության ապահովումը և դրանց մշակումը միայն պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, ուսումնական և գիտական նպատակներով, ինչը կնպաստի նաև բժշկական ծառայությունների որակի, ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների համապատասխանության ապահովմանը,

բ. տեսալուսանկարահանող սարքերը պետք է ապահովեն վիրահատարանում իրականացվող բժշկական միջամտության ողջ գործընթացի պատշաճ կերպով տեսաձայնագրումը, որը հնարավորություն կտա նաև նույնականացնելու վիրահատարանում գտնվող բժշկական անձնակազմի և պացիենտի ինքնությունը, բացառությամբ սույն ենթակետի «գ» և «դ» պարբերություններով նախատեսված դեպքերի,

գ. վիրահատարանում տեղադրված տեսալուսանկարահանող սարքերով ուսումնական և գիտական նպատակներով իրականացված տեսաձայնագրությունն օգտագործվում է ապանձնավորված, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական միջամտությունը կատարվում է մարդու մարմնի այն մասում, ինչի արդյունքում ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացվելու է անձի ինքնությունը, և որի դեպքում պարտադիր է սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված պացիենտի գրավոր համաձայնությունը ստանալը: Ընդ որում` ուսումնական և գիտական նպատակներով վիրահատարանում կատարված տեսաձայնագրություններում առկա բժշկական անձնակազմի անձնական տվյալները (տեսապատկերները) վերջիններիս համաձայնությամբ կարող են չապանձնավորվել,

դ. այն դեպքում, երբ վիրահատարաններում բժշկական միջամտության տեսաձայնագրումն իրականացվում է վիրահատարանի լամպերի կամ այլ բժշկական սարքավորումների վրա ամրացված շարժական տեսախցիկների միջոցով և տեսանյութերը չեն ներբեռնվում համակարգ, այդ տեսանյութերը նույնպես մշակվում և պահպանվում են սույն կարգով սահմանված դրույթների համաձայն.

2) տեղադրված տեսալուսանկարահանող սարքերը կարող են օգտագործվել (գործարկվել) միայն նախքան վիրահատությունը պացիենտի գրավոր համաձայնությունը ստանալու դեպքում` իր բժշկական միջամտության տեսալուսանկարահանման արդյունքում ստացված տվյալները մշակելու համար` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ, 10-րդ և 12-րդ հոդվածների պահանջները:

7. Տվյալների սուբյեկտը (անձ, որին վերաբերում են անձնական տվյալները) իրավունք ունի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու` օրենքով սահմանված կարգով:

8. Համակարգում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների (տեսանյութերի) հասանելիության յուրաքանչյուր մակարդակ թույլատրում է համակարգում որոշակի գործողությունների հնարավորություն` դիտում, ներբեռնում, խմբագրում, արխիվացում և ոչնչացում:

9. Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի իրավական ակտով բժշկական կազմակերպություններում նշանակվում են համակարգի գործունեության համար պատասխանատու աշխատողներ (այսուհետ` համակարգի պատասխանատու), ինչպես նաև համակարգի գործունեության մշտադիտարկում իրականացնող աշխատողներ: Համակարգի պատասխանատուներ և համակարգի գործունեության մշտադիտարկում իրականացնողներ նշանակվում են համակարգի հետ աշխատելու հմտություններ ունեցող բժշկական կազմակերպության այն աշխատողները, որոնց աշխատանքային գործառույթներից բխում է համակարգին հասանելիություն ունենալը: Սույն կետում սահմանված իրավական ակտով սահմանվում են նաև նշանակված պատասխանատուների` համակարգին` ներառյալ տեսանյութերին հասանելիության մակարդակները:

10. Համակարգ մուտք գործելու համար իրավասու աշխատողներն անցնում են բազմագործոն նույնականացում (multi-factor authentication): Բժշկական կազմակերպության կողմից իրականացվում են համակարգ չարտոնված մուտքը կամ չարաշահումը կանխելու համապատասխան տեխնիկական և կազմակերպական միջոցառումներ:

11. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների պահպանման գործընթացն իրականացվում է` պահպանելով հետևյալ պահանջները.

1) տեսանյութերը պետք է պաշտպանված լինեն պատշաճ գաղտնագրման ալգորիթմների միջոցով.

2) տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի քան երկու ամիս, իսկ օրենքի 7.1-ին հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի համար` օրենքով սահմանված ժամկետներում.

3) տվյալների կրկնօրինակումներն իրականացվում են ամիսը մեկ անգամ, պահպանվում են այլ կրիչի վրա և յուրաքանչյուր ամսվա կրկնօրինակված տվյալները հաջորդ ամսվա ընթացքում ենթակա են ոչնչացման:

12. Տեսանյութերը պահպանվում են սերվերային սարքավորումների վրա կամ անվտանգ ամպային միջավայրում: Սերվերային սարքավորումը պետք է տեղակայված լինի ապահով սենյակում` մուտքի հսկողությամբ: Տարածքը պետք է հագեցած լինի տեսահսկման համակարգով, անվտանգության ազդանշանային, հակահրդեհային միջոցներով, օպտիմալ ջերմաստիճանային ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցներով և ֆիզիկական անվտանգության այլ միջոցներով:

13. Համակարգն ինքնաշխատ ձևավորում է համակարգում ցանկացած օգտվողի կողմից իրականացվող գործողությունների, իրադարձությունների մատյան: Բժշկական կազմակերպությունում իրավասու անձի կողմից համակարգի գործունեությունը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ մշտադիտարկվում է` հայտնաբերելու չարտոնված մուտքի հնարավոր փորձերը, տեսանյութերի հասանելիության մակարդակների խախտումները, կանխարգելելու հնարավոր չարաշահումները և վերահսկելու համակարգի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին: Մշտադիտարկման (մոնիթորինգի) արդյունքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են այն կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, վայրը, մշտադիտարկում իրականացնող աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, մշտադիտարկման արդյունքները: Մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները պահպանվում են մեկ տարի:

14. Սույն կարգով սահմանված պահանջների հետ մեկտեղ անձնական տվյալներ մշակողի կողմից կարող են կիրառվել նաև «Տեղեկատվության անվտանգության կառավարման» ՀՍՏ ԻՍՈ/ԻԷԿ 27000 շարքի, այդ թվում` ԻՍՈ 27799, միջազգային ստանդարտներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են հատուկ կատեգորիայի անձնական տվյալների նյութական կրիչների և այդ անձնական տվյալների պահպանման տեխնոլոգիաների նկատմամբ:

15. Բժշկական կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման ժամանակ հայտնաբերված խախտումներ կամ չարաշահումներ կատարած աշխատողները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նրանց արարքներում վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում նրանց նկատմամբ ձեռնարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան այլ միջոցներ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 մայիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2025
N 667-Ն
Որոշում