ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 մայիսի 2025 թվականի N 183-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հրամայում եմ`
1. ՀՀ ֆինանսների նախարարի 2020 թվականի մայիսի 5-ի «Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին» N 128-Ն հրամանով հաստատված «Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթն ստուգելու» կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-րդ կետով.
«13.1. «Կազմակերպչի կողմից ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի ինքնության ստուգումը (նույնականացում) կարող է իրականացվել նաև հետևյալ կերպ.
Քսանմեկ տարին լրացած ֆիզիկական անձը վիճակախաղի Կազմակերպչի ինտերնետային կայքում գրանցվելիս ստեղծում է հատուկ խաղային հաշվի մուտքանուն (login), ինչպես նաև գաղտնաբառ (password): Վիճակախաղի Կազմակերպչի ընտրությամբ գաղտնաբառը կարող է ստեղծվել նաև ինքնաշխատ եղանակով` ուղարկելով այն ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին: Ֆիզիկական անձի կողմից Կազմակերպչի ինտերնետային կայքում հատուկ խաղային հաշիվ գրանցելուց հետո ֆիզիկական անձը (հաճախորդը) իր հատուկ խաղային հաշվին կցում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրեն պատկանող բանկային հաշիվ կամ բանկային քարտ, որից հետո Կազմակերպիչը Հայաստանի Հանրապետությունում բանկային գործունեությամբ զբաղվելու լիազորություն ունեցող ֆինանսական կազմակերպության հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգում է կցված բանկային հաշիվը կամ բանկային քարտը տվյալ հատուկ խաղային հաշիվը գրանցած ֆիզիկական անձին պատկանելու հանգամանքը, ինչի միջոցով իրականացնում է նաև այդ ֆիզիկական անձի պատշաճ և ամբողջական նույնականացումը: Բանկային հաշիվը կամ քարտը տվյալ` խաղադրույք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ անհատական խաղային քարտ ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանելու հանգամանքն ստուգվում է բացառապես խաղացողի համաձայնությամբ:».
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2025/05/26 Վ. Հովհաննիսյան
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2025 թվական: