ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2025 թվականի N 870-Ն
ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին կետի 4.1 ենթակետը, 46-րդ հոդվածը, 7-րդ հավելվածը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշումը և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) ժամանակավոր արտահանման և վերամշակման` մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգն ու չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն որոշման հավելվածի 6-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 1-ից, իսկ մինչ նույն կետով նախատեսված համակարգի գործարկումը հայտն ու հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) ժամանակավոր արտահանման և վերամշակման` մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ներկայացվում ու տրամադրվում է էլեկտրոնային փոստի միջոցով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 26-ի
N 870-Ն որոշման
ԿԱՐԳ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) (այսուհետ` հավաքածու (առարկա) ժամանակավոր արտահանման և վերամշակման` մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) (այսուհետ` եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)) տալու կարգն ու չափանիշները:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են`
1) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող հավաքածուի (առարկայի), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ` արտահանվող հավաքածուի (առարկայի) նկատմամբ.
2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանվող հավաքածուի (առարկայի) նկատմամբ:
3. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) (ձևը համաձայն` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշման) տրամադրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 2.4-րդ բաժնում ընդգրկված ապրանքների համար:
4. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) տրվում է պետական սեփականություն համարվող, ինչպես նաև պետական սեփականություն չհամարվող հավաքածուի (առարկայի) արտահանման դեպքում:
5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ հավաքածուի (առարկայի) արտահանման դեպքում սույն կարգի դրույթները տարածվում են սույն կարգի 3-րդ կետում նշված հավաքածուի (առարկայի) նկատմամբ:
6. Պետական սեփականություն համարվող և պետական սեփականություն չհամարվող հավաքածուի (առարկա) արտահանման համար եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, որը ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման համաձայն նույնականացում անցնելու միջոցով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` լիազորված պետական մարմին):
7. Լիազորված պետական մարմնի կողմից եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո երկու օրվա ընթացքում:
8. Պետական սեփականություն համարվող և պետական սեփականություն չհամարվող հավաքածուի (առարկայի) արտահանման համար եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) անհաղթահարելի ուժի առկայության դեպքում տրամադրվում է թղթային տարբերակով` թղթային հայտը ներկայացնելուց հետո երկու օրվա ընթացքում:
9. Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար հայտին ներկայացվող պահանջներն են`
1) հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար` երկիրը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար` հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը, օտարերկրյա քաղաքացիների համար` անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը.
2) հավաքածուի (առարկայի) անվանումը.
3) արտահանման երկիրը.
4) տարանցիկ երկիրը (առկայության դեպքում):
10. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման չափանիշներն են`
1) հավաքածուի (առարկայի) փորձագիտական եզրակացության պատճենը (տրված` վերջին հինգ տարում)` ուղեկցող լուսանկարով.
2) թղթային հայտի դեպքում` հայտագրված հավաքածուի (առարկայի) փորձագիտական եզրակացության բնօրինակը, որը գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին և նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկարը` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում` 3 օրինակ.
3) լիազորված պետական մարմնի որոշման պատճենը, որի ենթակայության տակ գտնվում է հայտ ներկայացնող կազմակերպությունը, նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը (պետական սեփականություն համարվող հավաքածուի (առարկայի) դեպքում).
4) հավաքածուի (առարկայի) ապահովագրումը հաստատող փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը (պետական սեփականություն համարվող հավաքածուի (առարկայի) դեպքում).
5) հավաքածուի (առարկայի) պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները (պետական սեփականություն համարվող հավաքածուի (առարկայի) դեպքում).
6) հավաքածուի (առարկայի) տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը (պետական սեփականություն չհամարվող հավաքածուի (առարկայի) դեպքում).
7) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգում գործող էլեկտրոնային պարտավորությունների վճարման գործիքով վճարման փաստը հաստատող տեղեկատվությունը, իսկ մինչև համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում` պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը (պետական սեփականություն չհամարվող հավաքածուի (առարկայի) դեպքում).
8) լիազորագիրը` նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում) (պետական սեփականություն չհամարվող հավաքածուի (առարկայի) դեպքում):
11. Պետական սեփականություն չհամարվող հավաքածուի (առարկայի) արտահանման համար եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
12. Լիազորված պետական մարմինը հայտը ստանալուց հետո երկու օրվա ընթացքում`
1) հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կայացնում է որոշում հավաքածուն (առարկան) եզրակացությամբ (թույլատրող փաստաթուղթ) արտահանելու վերաբերյալ.
2) նախապատրաստում և տրամադրում է հավաքածուի (առարկայի) արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
13. Լիազորված պետական մարմինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` հանքագիտության և հնէաբանության հավաքածուները (առարկաները) և միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված առարկաների հետբերման նպատակով:
14. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) թղթային տարբերակով տրամադրելու դեպքում կնքվում և վավերացվում է լիազորված պետական մարմնի արտահանման համապատասխան կնիքով: Եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվում է հավաքածուի (առարկայի) լուսանկարը` շրջերեսին հավաքածուի (առարկայի) տվյալները` լիազորված պետական մարմնի կողմից կնքված և վավերացված:
15. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ենթակա է օգտագործման մեկ անգամ:
16. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) ուժի մեջ է հայտում նշված ժամանակահատվածում:
17. Լիազորված պետական մարմինը հայտը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում մերժում է եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրումը, եթե չեն կատարվել սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջները կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերի կամ ոչ արժանահավատ տեղեկություններ: Կրկին հայտ կարող է ներկայացվել մերժմանը հաջորդող աշխատանքային օրվանից սկսած:
18. Անհաղթահարելի ուժի առկայության պարագայում եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը թղթային եղանակով ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին: Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տրամադրվում է հիմնական հայտով ներկայացված փաստաթղթերի հիման վրա հայտը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:
19. Եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) կրկնօրինակը ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը: Եզրակացության վերին ձախ անկյունում գրվում է` «Կրկնօրինակ» բառը:
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2025 թվական: