ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2025 թվականի N 876-Լ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Խ-1111-25.06.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
(Խ-1111-25.06.2025-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է իր դիտողություններն ու առաջարկությունները.
1. Անդրադառնալով նախագծերի հիմնավորմանը` հարկ ենք համարում նշել, որ իրավական ակտի հիմնավորման մեջ պետք է ներառել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը:
Այս համատեքստում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում:»:
Ուստի, գտնում ենք, որ նախագծերն ունեն լրացուցիչ հիմնավորման կարիք` առավել մանրամասն բացահայտելով ոլորտի ընթացիկ իրավիճակը և տվյալ ոլորտում ներկայում առկա խնդիրները:
2. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ, թե Հանձնաժողովի նախագահի որոշումը արդյոք ենթակա է անհապաղ կատարման, թե ոչ, ինչպես նաև արդյոք դրա բողոքարկումը կասեցնելու է որոշման գործողությունը կամ կատարումը, նկատի ունենալով, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորված են միայն Հանձնաժողովի որոշումների կատարման հետ կապված հարաբերությունները:
3. «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ մասերով`
«2.1. Սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի: Սույն մասով սահմանված նախապատվության իրավունքի իրացման նպատակով լիցենզիա ունեցող անձը ծանուցում է Կառավարությանը համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Կառավարությունը կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից նշված ծանուցումը ստանալուց հետո եռամսյա ժամկետում` լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին: Նախապատվության իրավունքը իրացնելու կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
2.2. Սույն հոդվածի 2.1-րդ մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրանց շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելին լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, և գնահատման արժեքը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով:»:
Այս առումով հարկ է նկատի ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 101-րդ և 109-րդ հոդվածի դրույթները, որոնց համաձայն`
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն օգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի), եթե այդ իրավունքի իրականացման այլ կարգ նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ:
Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 101-րդ և 109-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները` ըստ որոնց սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերություններում ընկերության մասնակիցները կամ բաժնետերերը` իրենց բաժնեմասերին կամ բաժնետոմսերին համամասնորեն, ունեն նախապատվության իրավունք համապատասխան բաժնեմասերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման հարցում (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված որոշ դեպքերի), գտնում ենք, որ «Էներգետիկայի մասին» օրենքի նախագծով Կառավարությանը տրվող նախապատվության իրավունքի մասով բացառություն պետք է նախատեսել:
4. «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է «Էներգետիկայի մասին» օրենքը լրացնել նոր` 52.1-ին հոդվածով, որի 1-3-րդ մասերում նախատեսվում է հետևյալը.
«1. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված արարքը կատարելու հիմքով վարույթ հարուցելու դեպքում Հանձնաժողովի նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում: Կանխարգելիչ միջոցառումների կիրառման դեպքում, ի թիվս այլնի, հաշվի է առնվում նաև լիցենզավորված անձի կողմից նախկինում կատարված խախտումների քանակը, հաճախականությունը կամ բնույթը:
2. Սույն հոդվածով սահմանված կարգով Հանձնաժողովի նախագահը իրավասու է կիրառել հետևյալ կանխարգելիչ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը միասին.
1) սահմանել առերևույթ խախտումների վերացման կամ դրանց հետևանքների վերացման ծրագիր և լիցենզավորված անձից պահանջել իրականացնել դրանով սահմանված միջոցառումները.
2) հրավիրել լիցենզավորված անձի կառավարման բարձրագույն մարմնի ժողով` Հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված օրակարգով.
3) պահանջել Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կանոնադրության փոփոխություն և գրանցել կանոնադրության փոփոխությունները.
4) պահանջել Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կառավարման մարմինների անդամի կամ անդամների փոփոխություն.
5) նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ:
3. Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները` բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի կողմից լիցենզավորված անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմինները իրենց իրավասությունները իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ:»:
Նախ հարկ ենք համարում նշել, որ «Էներգետիկայի մասին» օրենքում նախատեսվող 52.1-ին նոր հոդվածի 1-ին մասում օգտագործվող ձևակերպումը` ըստ որի «Հանձնաժողովի նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում», ենթակա է վերանայման, քանի որ այն առնվազն լեզվաբառային և իրավական տեսանկյունից ձևակերպված է անորոշ կերպով: Քանի որ վարույթը հարուցվում է որոշմամբ, ապա անհասկանալի է, թե ինչպես կարող է նույն որոշմամբ կրկին «վերահաստատվել» վարույթի հարուցումը: Այս տրամաբանությամբ ձևակերպումն անհրաժեշտ է հստակեցնել կամ կառուցել փուլային ձևով` նախ արձանագրելով վարույթի հարուցման փաստը, ապա` դրա հիման վրա կանխարգելիչ միջոցառումների կիրառման հնարավորությունը: Նույն դիտարկումը վերաբերում է նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
5. Միաժամանակ նույն նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 52.1-ին հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք իրավաբանական անձը ևս կարող է լինել ժամանակավոր կառավարիչ, եթե այո, ապա անհրաժեշտ է վերանայել բարձրագույն կրթության պահանջի վերաբերյալ կարգավորումը:
6. Նույն նախագծով կարգավորված չէ նաև այն հարցը, թե ինչ ընթացակարգ է գործելու կանխարգելիչ միջոցառումների կիրառման ժամանակ լիցենզավորված անձի դեմ սնանկության դիմում ներկայացնելու դեպքում:
7. Նույն նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենքի 2-րդ հոդվածից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքից» բառով:
8. Միաժամանակ հայտնում ենք, որ նշված նախագծերում առկա կարգավորումների նախատեսմանը զուգահեռ, անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում` համապատասխան կարգավորումներ նախատեսելով իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (ժամանակավոր կառավարչի նշանակման) դեպքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու վերաբերյալ:
9. Հարկ է նաև նշել, որ նախագծի որոշ կարգավորումներում առկա են տեխնիկական անհամապատասխանություններ կամ բացեր, որոնք նույնպես անհրաժեշտ է շտկել:
Ամփոփելով վերոգրյալը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):