ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 հուլիսի 2025 թվականի N 263-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Աղյուսակ 2
Գործունեության տեսակների փոխազդեցության և էկոլոգիական հետևանքների
պարզ մատրիցի օրինակ
._____________________________________________________________________.
|Էկոլոգիական հետևանք | Ընդհանուր փոփոխություններ |
|(Նախապատրաստում) |_________________________________________|
| |Ռերկրեացիա |Լանդշաֆտի |Ճահճացված |
| |Բնատեսարան |տարրերը |տարածքներ |
| |Պատմական և |Բացասական |Գետեր |
| |մշակութային |գրգռիչներ |Լճեր |
| |Անձնական կամ |(աղմուկ, |Քաղաքային |
| |հասարակական |փոշի, հոտ) |հողեր |
| |արժեքներ |Կլիմա և |Ցանքատարա- |
| |Ռիսկեր և |մթնոլորտ |ծություն |
| |անհանգստություն|Գրունտային |Ավազ |
| |Ներկայիս |հիմք |Ալպիական |
| |հողագործներ |Գյուղատն- |մարգագետին |
| |Հողի արժեք |տեսական |Խոտհարք |
| |Բնակավայր |հողեր |Թփուտ |
| |Զբաղվածություն |Ստորերկրյա |Անտառ |
| |Հասարակության |ջրեր | |
| |մասնակցություն |Մակերևու- | |
| | |թային ջրեր | |
| | |Տեղումներ | |
| | |Էրոզիա և | |
| | |հողի կայու- | |
| | |նություն | |
|___________________________| |Գետային | |
|Մշակում | |ռեժիմ | |
|___________________________|_______________|____________|____________|
|Տեղումներ | | | |
|Ջարդում և մաղում | | | |
|Ակտիվացված կիր | | | |
|Կաթիլային ներծծման մանրաթել| | | |
|Կենսածին տարրերի հեռացում | | | |
|Քլորավորում | | | |
|Տեղամասի տարածքից դուրս | | | |
|հետագա մշակում | | | |
|___________________________| | | |
|Տեղաբաշխում-հող | | | |
|___________________________|_______________|____________|____________|
|Արագ ֆիլտրացիա | | | |
|Մակերևույթի ջրածածկում | | | |
|Անձրևային ոռոգում | | | |
|___________________________| | | |
|Տեղաբաշխում-ներքին ջրեր | | | |
|___________________________|_______________|____________|____________|
|Գետեր | | | |
|Լճեր | | | |
._____________________________________________________________________.
14) «Ջրի որակա-քանակական ներազդեցության գնահատում» բաժինը պետք է ներկայացնի ջրի որակական և քանակական բնութագրերը: Դա նշանակում է, որ պետք է կանխատեսվի որքանով են հանքի կողմից աղտոտման արդյունքում փոփոխվելու մակերևութային և ստորերկրյա ջրերի ելակետային ցուցանիշները: Նախատեսվող գործունեության տեխնոլոգիական լուծումների նախագծման ժամանակ պետք է գերադասել այն եղանակները, որոնցով բացառվում է բացահանքային լճակի ձևավորում: Բացահանքերը պետք է ծածկվեն, իսկ մակերևույթը վերականգնվի շրջանի սկզբնական տոպոգրաֆիայի հետ համահունչ լանդշաֆտի ձևավորման համար: Եթե արդյունահանող ընկերությունն այնուամենայնիվ ներկայացրել է բացահանքային լճակի ձևավորմամբ նախագիծ, ապա ջրի որակի կանխատեսման համար անհրաժեշտ կլինեն մանրազննին լրացուցիչ տվյալներ` տեղումների տեսքով ջրերի ներհոսքը և գոլորշիացումը, բացահանքերի կողերից հոսքերը, ստորերկրյա ջրերի ծախսը բացահանքում և դրանից դուրս (եթե կիրառելի է), բացահանք մտնող կամ բացահանքից դուրս եկող մակերևութային ցանկացած ջրերի ծախսը, մակերևութային և ստորերկրյա ջրերի հնարավոր աղտոտում թթուներով և ծանր մետաղներով և այլն: Եթե նախատեսվող գործունեությունը նախատեսում է թաց պոչերի տեղադրում պոչամբարում, ապա ջրի որակի վրա պոչամբարի ազդեցությունը պետք է պարունակի թվային տեղեկություններ պոչերում ջրի կազմության, պոչամբարից ջրի ներթափանցման շարժի հավանականության և ծավալի, ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի որակի (եթե պոչամբարից ջրերի ներթափանցումը ազդում է աղբյուրների, առվակների, գետերի, լճերի վրա) վերաբերյալ: Ջրի որակի վրա դատարկ ապարների լցակույտերի ազդեցության վերլուծությունը պետք է պարունակի քանակական տեղեկություններ ներթափանցման հավանականության և ծավալների, լցակույտի ամբարտակից ներքև գտնվող ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի որակի վերաբերյալ: Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել ստորերկրյա և մակերևութային ջրերն աղտոտող նյութերի պարունակությանը, օրինակ` մկնդեղ, կապար, կադմիում, նիկել, քրոմ, սնդիկ), սակայն հարկ է դիտարկել նաև հանքայնացումը, pH, լուծվող նյութերի ընդհանուր քանակը և այլն: Լեռնային աշխատանքների որոշ նախագծեր կարող են առաջացնել գետի, առվակների հունի և այլ մակերևութային ջրային ռեսուրսների փոփոխում: Նման դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության տեքստում պետք է տրվի համապատասխան միջոցառումների ազդեցության գնահատում: Այդպիսի գնահատականը պետք է հստակ ներկայացնի նախատեսվող միջոցառման որակական ազդեցությունը ստորերկրյա և մակերևութային ջրերի վրա:
15) «Մթնոլորտային օդի որակի վրա ազդեցություն» բաժնում պետք է վերլուծվեն ոչ միայն լեռնային աշխատանքների իրականացման նախագծով նախատեսվող հողհատկացման մակերեսի օդային ավազանը, այլև ավելի մեծ մակերեսների: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ գործոնների վրա` ինչպե՞ս են որոշված նախագծի ուղղակի և անուղղակի ազդեցության տեղամասերը, արդյո՞ք հետազոտության մեջ ներառված են քամու ուժգնության և ուղղության վերաբերյալ փաստաթղթագրված տվյալները, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի նոսրացումը հաստատող ինչպիսի՞ տեղեկատվություն է ներկայացված: ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.
ա. նախագծի բոլոր փուլերում արտանետվող մթնոլորտային օդն աղտոտող նյութերի նույնականացումը (ինչ տեսակներ են ներառված) և հաշվարկային քանակությունը.
բ. հողային և հորատապայթեցման աշխատանքների, հանքաքարի, դատարկ ապարների և ապրանքների տեղափոխման, հողմահարման, պոչամբարներից առաջացող փոշու, լցակույտերի, ենթակառուցվածքների շինարարության ժամանակ ձևավորվող փոշենման նյութերի հաշվարկային քանակությունը և ազդեցությունը.
գ. անշարժ (հանքաքարի վերամշակման-հարստացման ֆաբրիկայում, բանվորական բանավանում, էլեկտրագեներատորներում) և շարժական աղբյուրներից (տրանսպորտ, մեքենասարքավորումներ) վառելիքի այրման, ինչպես նաև հորատապայթեցման աշխատանքների ժամանակ ձևավորվող գազերի նույնականացումը (ինչպիսի գազեր են) և հաշվարկային քանակությունը (որքան):
Այս բաժինը պետք է միավորի ֆոնային տվյալները (շրջակա միջավայրի վիճակը մինչև նախագծի իրագործումը) և օդի որակի վրա պոտենցիալ ազդեցության գնահատականը` նախագծի բոլոր փուլերում: Գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվեն ազդեցության շրջանում արդեն իսկ առկա արդյունաբերության ազդեցությունը, ինչպես նաև համապատասխան օդերևութաբանական տվյալները (քամու ուղղության միտումները) և մարդու առողջության, հողի, վայրի բնության և ջրի վրա ազդող գազերի արտանետումների և պինդ մասնիկների ազդեցության տեսակները: Պետք է ներկայացվի մթնոլորտային օդն աղտոտող նյութերի հաշվարկային քանակությունը, որոշվեն առավել աղտոտող նյութերի տեսակները (պինդ մասնիկներ, անշարժ և շարժական աղբյուրներից գազային արտանետումներ) և ընդգրկվի այդ աղտոտող նյութերի տարածման վերլուծությունը և մոդելների հետազոտությունը:
15) «Երկրաբանական բնութագրերի և հողերի վրա ազդեցություն» բաժնում պետք է նշել, որ հանքարդյունահանման ժամանակ առկա երկրաշարժի ռիսկը կարող է վնասել հանքի օբյեկտները և առաջացնել աղետալի հետևանքներ, այնպիսիք, ինչպիսիք են պոչամբարի ամբարտակի փլուզումը: Այս ռիսկի գնահատումը պետք է ներառի հանքի տարածքում երկրաշարժի մոդելային նկարագրությունը և հանքի ենթակառուցվածքների վրա դրա պոտենցիալ ազդեցության գնահատականը:
16) «Կլիմայի վրա ազդեցություն» բաժին. Խոշոր լեռնարդյունաբերական ընկերությունները կարող են ազդել ջերմոցային գազերի (CO2 համարժեք) համաշխարհային հաշվեկշռի վրա: Տվյալ ազդեցությունը դրսևորվում է հետևյալ կերպ.
ա. նախագծի իրագործման նպատակով հատված անտառների և այլ բուսականության կողմից ջերմոցային գազերի (CO2 համարժեք) կլանման բաց թողնված հնարավորություն.
բ. ջերմոցային գազերի (CO2 համարժեք) արտանետումներ հանքում օրգանական վառելիքով (հիմնականում դիզելային վառելիք) աշխատող մեքենասարքավորումներից.
գ. ջերմոցային գազերի (CO2 համարժեք) արտանետումներ հանքաքարի վերամշակմամբ մետաղի ստացման ժամանակ (օրինակ, պիրոմետալուրգիական եղանակի դեպքում):
Եթե ուսումնասիրվող տարածքում իրականացվելու են անտառհատումներ, ապա անհրաժեշտ է դիտարկել տվյալ գոտում մնացող անտառային տարածքների մակերեսները` ջերմոցային գազերի (CO2 համարժեք) կլանման տեսակետից: Պինդ օգտակար հանածոների (հանքաքար) արդյունահանման պարագայում պետք է դիտարկել նախատեսվող քանակի հանքաքարի արդյունահանման հնարավորությունը տվյալ տարածքի թողունակության տեսակետից և կապել դա հանքարդյունահանման ընդհանուր ազգային ծրագրերի հետ: Անհրաժեշտ է նկարագրել, թե ինչպես է առավելագույն չափով մեծացվելու տեխնոլոգիական գործընթացների արդյունավետությունը` էներգիայի և հումքի օգտագործումը հնարավորության դեպքում կրճատելու նպատակով:
17) «Ազդեցություն հողային ռեսուրսների վրա» բաժինը պետք է ներառի ինչպես նախատեսվող գործունեությունից, այնպես էլ հարակից տարածքների հողերի աղտոտման արդյունքում գյուղատնտեսությանը կամ այլ պոտենցիալ գործունեությանը հասցվող վնասի որակական և քանակական գնահատականը:
18) «Ազդեցություն տրանսպորտի վրա» բաժնում պետք է նկարագրվի նախատեսվող գործունեության ազդեցությունը առկա տրանսպորտային ուղիների, միջոցների կամ տեղափոխման եղանակների վրա: Անհրաժեշտ է ընդգրկել նոր ենթակառուցվածքների ավելացումը (օրինակ` ճանապարհներ, կամուրջներ), ինչպես նաև նկարագրել երթևեկության հոսքերի, տեսակների, ծավալների, ժամանակավոր իրավիճակի և բաշխվածության վրա ազդեցությունները:
19) «Ազդեցություն բուսական և կենդանական աշխարհների վրա» բաժինը պետք է հստակ ներկայացնի ջրային, ցամաքային վայրի կենդանիների, բույսերի, էկոհամակարգերի և դրանց վրա լեռնային աշխատանքների նախագծի ազդեցության ընդհանուր պատկերը` ներկայացնելով քանակական գնահատական: Հնարավորության դեպքում պետք է հաշվի առնվեն կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման համընդհանուր սկզբունքները:
20) «Սոցիալական ազդեցություն» բաժին. Սոցիալական ազդեցության գնահատումը կախված է նախագծի տևողությունից, հանքի նկատմամբ բնակավայրերի տեղադիրքից, հանքի ընդլայնման պոտենցիալ պլաններից (տես` N 4 հավելվածով սահմանված սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման ուղեցույցը): Սոցիալական ազդեցության գնահատման բաժնում պետք է ներառվեն հետևյալ գործոնները և դրանց հնարավոր փոփոխությունները (ավելացում կամ պակասում, դրական կամ բացասական) նախատեսվող գործունեության հետևանքով.
ա. ազդակիր համայնքների բնակչության նկարագիրը, դրանց բաշխվածությունը, տարիքային կազմը, աճի տեմպերը, էթնիկ կազմը.
բ. կրթության հնարավորության և առողջապահական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
գ. մարդկանց առողջություն և կենսապայմաններ.
դ. համայնքների զարգացման միտումները.
ե. զբաղվածությունը և եկամուտները.
զ. սոցիալ-տնտեսական շերտավորվածությունը.
է. կացարանային պայմանները (ենթակառուցվածքները և տների քանակը).
ը. հողօգտագործման ավանդական տեսակները.
թ. նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը, հանրության իրազեկման վերաբերյալ նյութերը:
Եթե լրացուցիչ աշխատողների համար (ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական) պահանջվում են կացարանային պայմաններ և ծառայությունների մատուցում, անհրաժեշտ է մանրամասն նկարագրել այդ կարիքները և դրանց ազդեցությունը գոյություն ունեցող համայնքների և ծառայությունների վրա: Անհրաժեշտ է նկարագրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի վրա ազդեցությունները, ինչպես նաև լանդշաֆտի և տեսարժան վայրերի կամ դիտակետերի որակի վրա ազդեցությունները (ներառելով լանդշաֆտի կամ տեսարժան վայրերի հնարավոր փոփոխումը պատկերող նկարներ): Բացի դրանից, պետք է դիտարկել նախատեսվող տեղանքի և հարակից տարածքների լանդշաֆտը կամ քաղաքային լանդշաֆտը, եթե առկա են որևէ պահպանվող լանդշաֆտներ կամ տեսարաններ: ՇՄԱԳ հաշվետվության մեջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նախագծի իրագործման արդյունքում բնակչության անվտանգության վրա հնարավոր ազդեցության հարցերին, օրինակ` թաց պոչերի պոչամբարի առկայության դեպքում պոչերի կառավարման, հիդրոտեխնիկական կառույցների վերահսկման, տարածքի ընտրման, հիմքի շինարարության և անվտանգ շահագործման հարցերին:
21) «Ձայնային միջավայրի վրա ազդեցություն» բաժնում անհրաժեշտ է նկարագրել ձայնային միջավայրի (աղմուկ` շրջակա միջավայրի ֆիզիկական գործոն) վրա ազդեցությունները և, համապատասխան դեպքերում, տալ քանակական գնահատական:
22) «Լուսային, ջերմային և էլեկտրամագնիսական ճառագայթման վրա ազդեցություն» բաժնում պետք է նկարագրել լուսային, ջերմային և էլեկտրամագնիսական ճառագայթման ֆոնային արժեքների փոփոխությունները և, համապատասխան դեպքերում, տալ դրանց քանակական գնահատական:
23) ՇՄԱԳ հաշվետվության մեջ նկարագրվող բոլոր ազդեցությունների հնարավոր հետևանքներին, դրանց հավանականությանը և նշանակալիությանն անդրադառնալու ժամանակ պետք է հաշվի առնվեն երկրորդական, ժամանակավոր, կարճաժամկետ, մշտական, երկարաժամկետ, պատահական կամ անուղղակի ազդեցությունների տեսակները, որոնք սահմանվում են հետևյալ կերպ.
ա. երկրորդական ազդեցություններ. սրանք բերում են անուղղակի փոփոխությունների, որոնցից է, օրինակ` գետային ավազաններում նստվածքների ավելացման և ջրային կենդանիների ու բույսերի անհետացման հավանականությունը` բուսականության վերացման և հողի էրոզիայի ավելացման արդյունքում, երբ նախատեսվող հանքարդյունահանման նախագծում ներառված են ծառահատումներ.
բ. ժամանակավոր ազդեցություններ. սրանց հետևանքները տևական չեն և ի վերջո վերանում են, ինչը բերում է ազդակիր էկոհամակարգի նախնական վիճակի վերականգնման (օրինակ` միայն շինարարության կամ շահագործման փուլերի ազդեցություններ).
գ. կարճաժամկետ ազդեցություններ. այս ազդեցություններն ի հայտ են գալիս հանքարդյունահանման նախագծի շինարարության կամ շահագործման փուլերի ընթացքում կամ անմիջապես դրանցից հետո.
դ. մշտական ազդեցություններ. հանդիսանում են հանքարդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա անդարձելի ազդեցություններ, երբ ազդակիր էկոհամակարգը չի վերադառնում իր նախնական վիճակին.
ե. երկարաժամկետ ազդեցություններ. այս ազդեցությունները կարող են առաջանալ հանքարդյունահանման նախագծի շինարարության կամ շահագործման փուլերում, սակայն դրանց հետևանքներից շատերն արտահայտվում են նախագծի ողջ տևողության ընթացքում և կարող են զգացվել տասնյակ տարիներ, օրինակ` ժամանակի ընթացքում աղտոտիչների կուտակման միջոցով.
զ. պատահական ազդեցություններ. շրջակա միջավայրի վրա այս ազդեցություններն առաջանում են արտակարգ պատահարների, վթարների կամ բնական աղետների հետևանքով.
է. անուղղակի ազդեցություններ. շրջակա միջավայրի վրա անուղղակի ազդեցությունները նախագծի ոչ անմիջական արդյունք են և հաճախ առաջանում են դրանից հեռու կամ բարդ փոխազդեցությունների հետևանքով: Անուղղակի ազդեցությունները նույնպես հայտնի են որպես երկրորդական կամ երբեմն երրոդական մակարդակի ազդեցություններ: Դրանք առաջանում են նախատեսվող նախագծին օժանդակող գործունեությունների արդյունքում, որոնցից են` մերձատար ճանապարհների կառուցումը, տրանսպորտային երթևեկությունը և կեղտաջրերի հեռացումը: Որպես օրինակ կարող է ծառայել մակերևութային ջրերի որակի վատթարացումը հանքը սպասարկող նոր ճանապարհի կառուցման նպատակով` բուսականությունից մաքրված հողի էրոզիայի հաշվին: Բացի այդ, անուղղակի ազդեցություններ ունեն տրամաբանական զարգացման գործունեությունները (օրինակ` նախագծի համար անհրաժեշտ նոր ապրանքների կամ ծառայությունների մատակարարում, նախատեսվող գործունեության արդյունքում ավելացող բնակչության կամ ձեռնարկատիրական գործունեության համար շենքերի կառուցում):
25) «Գումարային ազդեցություն» բաժին. Ազդեցության գումարային տեսակները ծագում են, երբ որևէ գործողության հետևանքով գումարվում կամ փոխազդում է նույն ժամանակահատվածում տվյալ տարածքի այլ գործողությունների հետևանքների հետ: Հենց այդպիսի հետևանքների համակցությունը և, իբրև արդյունք ստացվող էկոլոգիական վիճակի վատթարացումը, պետք է լինեն գումարային ազդեցության վերլուծության ուշադրության կենտրոնում: Գումարային ազդեցության վերլուծությունում պետք է գնահատվեն.
ա. մեկից ավելի աղբյուրներից ստացվող էկոլոգիական և սոցիալական կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները.
բ. շրջանում արտադրական գործունեության հնարավոր արդյունքը (օրինակ` ձուլարանի առկայություն) մարդուն շրջապատող բնական միջավայրի վրա.
գ. օդի, ջրի և հողի ազդեցությունների նշանակությունը և մեծություններն ըստ աղտոտման առանձին աղբյուրների.
դ. աղտոտումներից աստիճանաբար աճող (հավաքական) արդյունքից առավել խոցելի տեսակի ռեսուրսները (օդ, ջուր, հող, կենսաբազմազանություն).
ե. աշխարհագրական շրջանը և նախագծի ազդեցության տակ ընկնող ռեսուրսները:
26) Աղտոտումների մակարդակի նվազեցմանն առաջարկվող միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրի գնահատում.
Ընդհանուր առմամբ ազդեցության մեղմացումը ներառում է տեխնոլոգիական լուծումների հետ կապված հարցերը, որոնք կարող են պատճառ դառնալ աղտոտումների էական նվազեցման կամ վերացման: Այս բաժնում պետք է նկարագրվեն նախորդ բաժիններում բացահայտված հնարավոր նշանակալի վնասակար հետևանքներ ունեցող ազդեցությունների նվազեցմանը նպատակաուղղված միջոցառումներ: Բացի կանխատեսվող վնասակար ազդեցությունների մեղմացման միջոցառումների դրական արդյունքները, անհրաժեշտ է նկարագրել նաև այդ միջոցառումների հնարավոր բացասական հետևանքները, եթե այդպիսիք առկա են: Միջոցառումները պետք է նպատակաուղղված լինեն հետևյալ առանցքային ռեսուրսների վրա բացասական ազդեցության նվազեցմանը.
ա. ջրային ռեսուրսների պահպանությունը (հանքային թթվային ցամաքուրդային ջրերի վերահսկման միջոցառումներ, ջրային ռեսուրսների արդյունավետ նպատակային և արդի տեխնոլոգիաների կիրառմամբ օգտագործում, հեղեղներով պայմանավորված հողերի էռոզիայի և վերանստեցման վերահսկում, դատարկ ապարների լցակույտերի կառավարում, բացահանքերի կառավարում և բացահանքային լճերի ձևավորման բացառում, թաց պոչերի պոչամբարների կառավարում, տարալվացման օբյեկտների կառավարում).
բ. ջրի որակի և քանակի պահպանությունը.
գ. աղմուկի և թրթռման մշտադիտարկումը.
դ. վտանգավոր նյութերի կառավարումը (ցիանիդի և սնդիկի օգտագործումը, քանի որ դրանք ոսկու կորզման ժամանակ օգտագործվող առավել վտանգավոր նյութերն են, ինչպես նաև վառելանյութի և հեղուկ նյութերի պահեստավորումը).
ե. վայրի բնության պաշտպանությունը.
զ. մթնոլորտային օդի պահպանությունը:
27) ՇՄԱԳ հաշվետվության մեջ անհրաժեշտ է հստակ նկարագրել բոլոր մեղմացնող միջոցառումները, արդյունավետությունը, կանխարգելման աստիճանը և ինչ չափով դրանք կարող են ազդել կանխատեսվող նշանակալի վնասակար ազդեցությունների վրա: Բոլոր անորոշությունները պետք է հստակ նկարագրվեն և պարզաբանվեն: Անհրաժեշտ է նկարագրել այն դեպքերը, երբ նշանակալի վնասակար ազդեցությունների մեղմումը գործնականում հնարավոր չէ, կամ երբ որոշվել է դրանք չիրականացնել: Մեղմացնող միջոցառումները կարող են ներառել հետևյալ մոտեցումները.
ա. այլընտրանքային ռազմավարությունների օգտագործում.
բ. այլընտրանքային տեղադիրքեր.
գ. տեխնոլոգիական նախագծային լուծումների կամ հատակագծի փոփոխություններ.
դ. ստացվող արտադրանքների կամ թափոնների լրացուցիչ մշակում.
ե. շահագործման կանոնների կամ կառավարման մեթոդների փոփոխություններ.
զ. ազդեցությունների փոխհատուցման կամ վերացման միջոցառումներ.
է. ազդեցությունների փոխհատուցման պայմաններ (ներառյալ վճարման ժամանակացույցը):
28) Շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանը պետք է շրջակա միջավայրի վիճակի կառավարման ընդհանուր համակարգի մաս կազմի և բավարարի մինչ աշխատանքների մեկնարկը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ սահմանված էկոլոգիական խնդիրներին: Այն պետք է ունենա կանխատեսվող նշանակալի վնասակար ազդեցությունների և դրանց մեղմացման նպատակով մշակված միջոցառումների մշտադիտարկման առաջնայնություն: Մշտադիտարկումների պլանը պետք է մշակվի ընկերության պարտավորությունների և գոյություն ունեցող պայմանների հիման վրա: Այն պետք է նախատեսի աշխատանքների մանրակրկիտ պլան, հանքի աշխատակիցների պարտականություններ, մշտադիտարկումների միջոցառումներ և հաշվետվության համակարգեր: Մշտադիտարկումների պլանը սկսվում է մինչ լեռնային աշխատանքների մեկնարկը` նմուշարկման իրականացմամբ և շրջակա միջավայրի վիճակի բնութագրման ֆոնային ցուցանիշների գնահատմամբ: Պլանով նախանշվող էկոլոգիական հարցերը սովորաբար վերաբերում են այնպիսի կետերի, ինչպիսիք են` բուսականությունից տարածքի մաքրում, մակերևույթի հողաբուսական շերտ, մթնոլորտային օդի աղտոտվածություն, ջուր, դատարկ ապարներ, պոչեր, վտանգավոր նյութեր, առողջության համար ռիսկեր, կենսաբազմազանություն: Այն պետք է մանրամասն լուսաբանի` որտեղ (մշտադիտարկումների իրականացման վայրերը պետք է ներկայացվեն համապատասխան քարտեզագրական նյութերում` ներկայացված ՎԻ ՋԻ ԷՍ-84, ԱՐՄՐԵՖ-02 (WGS-84, ARMREF-02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով), երբ, ինչ և ինչպես ընդերքօգտագործողը պետք է վերահսկի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի ջրի, օդի, հողի որակը, ինչպես նաև արտանետումների քանակը: Պլանում պետք է նաև նշվի որոշումների կայացման համար պատասխանատու անձանց (պետական լիազոր մարմինների) և լայն հասարակությանն այդ տեղեկատվության ներկայացման ձևը, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը համոզվեն, որ ընդերքօգտագործողն իրականացնում է իր գործունեությունը սահմանված էկոլոգիական նորմերին և ստանդարտներին համապատասխան: Այդ իսկ պատճառով պլանում պետք է հստակ նշվի, որ մշտադիտարկումների արդյունքներն անհապաղ հրապարակվելու են հասարակության և լիազոր մարմնի համար ընդունելի ձևաչափով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել, որ, նախագծի իրագործման տեսանկյունից, ազդակիր համայնքների ներկայացուցիչները ներառված լինեն ընդերքօգտագործողի կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումների որակի մշտադիտարկման համար ստեղծված խմբերում, որոնց աշխատանքը կարող է կասկածի տակ դրվել, եթե դրանցում ներառված լինեն միայն ճյուղի և պետական լիազոր մարմինների ներկայացուցիչները:
ա. Ջրի որակի և քանակի մշտադիտարկումը հանդիսանում է ջրի պահպանության կարևորագույն միջոցառումներից մեկը: Ջրի որակի և քանակի մշտադիտարկումների ծրագիրը կարող է դառնալ երաշխիք այն բանի, որ ընկերությունը կատարում է շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանով տրված խոստումները և արձագանքում է ջրի որակի և քանակի հիմնախնդիրներին դեռևս այն փուլում, երբ դեռ ուշ չէ: Ջրի որակի և քանակի մշտադիտարկումները թույլ են տալիս գնահատել քիմիական միացությունների մեկուսացման համար կիրառվող մեկուսիչ թաղանթների անթափանցելիությունը, որով հնարավոր կլինի բացահայտել առկա խնդիրները և վերացնել դրանք վաղ փուլերում: Մակերևութային ջրերում քիմիական նյութերի առկայության ստուգման մշտադիտարկումներն անհրաժեշտ են բացահայտելու համար հետևյալը.
1. առկա աղբյուրներից տեղամաս արտանետումները կամ ներթափանցումը.
2. տեղամասի սահմաններում արտանետումները և ներթափանցումը.
3. տեղամասում և տեղամասից ներքև գտնվող ջրային ռեսուրսները.
4. ֆոնային ցուցանիշներով տեղամասերը (համեմատության համար):
Մշտադիտարկումների հաճախականությունը պետք է լինի բավարար` ստուգվող պարամետրերի վերաբերյալ ներկայանալի տվյալների ստացման համար: Ստորերկրյա ջրերի որակի և քանակի վերահսկման և պաշարների պաշտպանության համար իրականացվող մշտադիտարկումների լավագույն արդյունքը ստացվում է հորատանցքերի ցանցի ստեղծմամբ: ՇՄԱԳ-ի շրջանակներում նախաձեռնվող մշտադիտարկումները թույլ կտան սահմանել ֆոնային տվյալները, որոնցով հետագայում հնարավոր կլինի գնահատել շրջակա միջավայրի պահպանության գծով ընկերության գործունեությունը: Այս կերպ հնարավոր կլինի վաղ փուլերում բացահայտել և շտկել ոչ ցանկալի ազդեցությունները: Ստորերկրյա ջրերի մակարդակի և որակի փոփոխության մշտադիտարկումների, ինչպես նաև պոչամբարի որակի վերահսկման և կայունության համար սովորաբար հորատվում են հորատանցքեր (ջրի հոսքի ուղղությամբ): Կարծր ապարներով շրջաններում հորատանցքերը պետք է տեղադրված լինեն ըստ երկրաբանական կառուցվածքի, որոնք ամենայն հավանականությամբ հանդիսանում են ստորերկրյա ջրերի հաղորդիչներ: Հորատանցքերով մշտադիտարկումներն անհրաժեշտ է իրականացնել եռամսյակային կտրվածքով: Ջրի որակի վրա լեռնային նախագծի ազդեցության մշտադիտարկումը պետք է ներառի հետևյալ պարամետրերի անալիզը` pH, հաղորդականություն, կախյալ նյութեր, լուծվող նյութեր, թթվայնություն, ալկալիություն, կոշտություն, ցիանիդ, ամոնիակ, սուլֆատ, ալյումին, մկնդեղ, կադմիում, կալցիում, պղինձ, երկաթ, կապար, սնդիկ, մոլիբդեն, նիկել, ցինկ: Հարկ եղած դեպքում ցանկը կարող է ավելացվել պետական լիազոր մարմինների կողմից, սակայն այս կամ այն բաղադրիչի անալիզ կարող է չիրականացվել, եթե միայն ընդերքօգտագործողն ապացուցի, որ դա կամ դրանք կապ չունեն նախագծի հետ: Շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանում պետք է դրվեն ստորերկրյա և մակերևութային ջրերի մշտադիտարկումներն ըստ վերաշարադրյալ պարամետրերի:
բ. ընդերքօգտագործողը պետք է ունենա մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումների պլան, որպեսզի հնարավոր լինի ֆիքսել աղտոտող աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները: Մշտադիտարկումների համար նախատեսվող սարքավորումները և դրանց տեղաբաշխումը պետք է համապատասխանեն տեխնիկական գնահատականներին և մասնագրերին: Մթնոլորտային օդի որակի գնահատման մշտադիտարկումների համար նախատեսվող սարքավորումների տեղադրման վայրերի որոշման համար հաշվի են առնվում եղանակային պայմանները, տոպոգրաֆիան, վայրի բնության բնակության վայրերը: Մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումները պետք է իրականացվեն բավարար հաճախականությամբ, իսկ դրանց արդյունքները պետք է ենթարկվեն ստուգման: Ստացված արդյունքները պետք է լինեն հասանելի հանրության լայն շերտերի համար:
գ. Հողի որակի մշտադիտարկումների հիմնական հարցերն են.
1. ինչպե՞ս են արձանագրվելու հողի որակի փոփոխությունները.
2. ի՞նչ մեթոդներ են օգտագործվելու արդյունահանված գրունտի կամ խախտված հողերի չափումների համար.
3. ինչպե՞ս են հողի մակերևույթի էրոզիայի և խախտվածության տվյալները արձանագրվելու և հրապարակվելու:
դ. Վայրի բույսերի և կենդանիների տեսակների տարածման սահմանների մշտադիտարկումների հիմնական հարցերն են.
1. ինչպե՞ս են որոշվելու վայրի բույսերի և կենդանիների տեսակների աճելավայրերի և ապրելավայրերի վրա հիմնական ազդեցությունների տեսակները.
2. գնահատվելու է արդյո՞ք կենսաբազմազանության վրա պոտենցիալ ազդեցությունը (ներառյալ գումարային ազդեցությունը).
3. ի՞նչ մեթոդներ են կիրառվելու մշտադիտարկումների տվյալների ստացման և ներկայացման համար.
4. արդյո՞ք այդ տեղեկատվությունը մատչելի է տեղական իշխանություններին և հասարակության լայն շերտերին:
ե. օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի համար շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանում պետք է ներառվի կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատումը` որակավորված անկախ փորձագիտական խմբի մասնակցությամբ: «ՇՄԱԳ հաշվետվությունում պետք է ներկայացվեն տարածքին բնորոշ (այդ թվում` գերակշռող և ուղեկցող տեսակների) վայրի բույսերի և կենդանիների տեսակների, ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված, ինչպես նաև էնդեմիկ տեսակների, դրանց քանակների, աճելավայրերի և ապրելավայրերի վիճակի, ինչպես նաև պոպուլյացիաների փոփոխության գնահատման կանոնավոր (նշելով հաճախականությունը) ուսումնասիրությունների անցկացման պլանները» այդ թվում` հետազոտվող շրջանի նախնական քարտեզագրումը:
Մշտադիտարկումների պլանում պետք է արտացոլվեն.
1. մշտադիտարկումներ իրականացնողները (գործունեության այդ տեսակը պահանջում է որակավորված անկախ փորձագետների ներգրավում).
2. դաշտային աշխատանքների հիման վրա կարևոր տեսակների ընթացիկ վիճակի գնահատումը (պոպուլյացիայի խտության որոշում, տեսակների հաշվառում).
3. կենսաբազմազանության կարևոր տեսակները.
4. կարևոր տեսակների պոպուլյացիաների փոփոխության կամ կրճատման գնահատականի տրման համար հաշվառման արդյունքները.
5. կարևոր տեսակների վրա վտանգավոր աղտոտող նյութերի պոտենցիալ ազդեցության և սպասվող էկոհամակարգային փոփոխությունների նկարագրությունը.
6. ապրելավայրերի և աճելավայրերի կորստի գնահատականը.
զ. «Ազդակիր համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մշտադիտարկում» բաժնում կարևորվում է բնակչության առողջապահության հիմնահարցերը, մասնավորապես`
1. աղտոտման հետ կապված հիվանդությունները և մահացությունները, այդ թվում նաև սննդային շղթայով բնակչության վրա հնարավոր ազդեցությունը.
2. ջրի, հողի որակի և կենցաղային, տնտեսական, գյուղատնտեսական և այլ կարիքների համար մատչելիության գնահատականը.
3. մթնոլորտային օդի որակի գնահատման արդյունքները.
4. մթնոլորտային օդի երկարաժամկետ և կարճաժամկետ աղտոտվածության տվյալները:
է. Լեռնային աշխատանքների իրականացումն ազդակիր համայնքներում կարող է ապակայունացում առաջացնել, կապված ոչ հավասարաչափ բաշխած եկամուտների և վնասների հետ: Պետության, տեղական կամ օտարերկրյա ընկերությունների օգուտները միշտ չէ, որ ապահովում են տարածքի զարգացումը: Միևնույն ժամանակ շրջակա միջավայրի վիճակի վատթարացումն ազդում է տարածքի բնակչության կենսամակարդակի վրա: Լրացուցիչ աշխատատեղեր և կենսակերպի բարվոք պայմաններ առաջարկող նախագծի իրագործումը առաջացնում է մեծ հույսեր, ինչպես նաև որոշակի անհանգստություն: Սովորաբար տեղի բնակչությունը շրջանցվում է սոցիալական և մշակութային հարաբերություններում` չունենալով մեծ հնարավորություններ մասնակցելու պետության և ընկերության ներկայացուցիչների միջև ընթացող բանակցություններին: Այդ ամենը կարող է առաջացնել անվստահություն և լարվածություն: Ուստի նմանատիպ անցանկալի երևույթներից զերծ մնալու համար գործընթացի ապահովման ժամանակ անհրաժեշտ է ապահովել.
1. ամբողջ գործընթացի թափանցիկություն. տեղի բնակչությունը պետք է մասնակցի տեղական զարգացման ծրագրերում ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներին, ինչպես նաև աուդիտի և ներդրումների արդյունավետության գնահատմանը.
2. տեղեկատվության փոխանակում. տեղի բնակչության, ընդերքօգտագործողի և իշխանության ներկայացուցիչները պետք է ստեղծեն տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր` որոշումների ընդունման վաղ փուլերից սկսած և նախագծի իրագործման բոլոր փուլերում.
3. տեղեկատվության ազատություն. հանրությունը պետք է ազատ հնարավորություն ունենա շրջակա միջավայրի վիճակի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրումների և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվության հետ ծանոթացմանը.
4. հողերի ձեռքբերում և հողօգտագործման կարգի փոփոխություն. այդ գործընթացը պետք է իրականացվի տեղի բնակչության հետ խորհրդատվությունների միջոցով.
5. տեղական զարգացման պլաններ. իշխանությունները և ընդերքօգտագործողը պետք է կազմեն տեղական զարգացման պաշտոնական ծրագրեր` տեղական բնակչության գերակա նախապատվություններին համապատասխան (առողջապահություն, կրթություն, արտադրական գործունեություն, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, ռեկրեացիա և այլն):
ը. «Բնակչության անվտանգության սպառնալիքների մշտադիտարկում» բաժնում անհրաժեշտ է նշել, որ եթե հանքարդյունաբերական աշխատանքների նախագծով նախատեսվում է թաց պոչերի պոչամբարի կառուցում, ապա դրա պատվարի փլուզումը կարող է տեղի բնակչության համար ամենալուրջ վտանգը ներկայացնել: Այդ պատճառով շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանը պետք է ներառի տեղեկատվություն պոչամբարի կառուցվածքային ամբողջականության և շահագործման անվտանգության ապահովման վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի բացահայտել հնարավոր կառուցվածքային հիմնախնդիրները և կանխել պոտենցիալ վթարները` համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 686-Ն որոշման:
29) «Ոչ տեխնիկական նկարագիր» բաժինը պետք է ընդգրկել ՇՄԱԳ հաշվետվության մեջ` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի: Այս բաժինը կարող է տրամադրվել շահառուներին տեղեկատվության փոխանակման գործընթացում: Ոչ տեխնիկական նկարագիրը պետք է համապատասխանի հետևյալին.
ա. լինի հակիրճ և բազմակողմանի նկարագրի նախագիծը, շրջակա միջավայրը, նախագծի իրականացման ազդեցությունները շրջակա միջավայրի վրա և նախատեսվող մեղմացնող միջոցառումները.
բ. ընդգծի նախագծի շուրջ առկա բոլոր զգալի անորոշությունները և դրանց ազդեցությունները շրջակա միջավայրի վրա.
գ. նկարագրի նախատեսվող գործունեությանը հավանություն տալու գործընթացը և այդ գործընթացում ՇՄԱԳ-ի դերը.
դ. տա ընդհանուր պատկերացում գնահատման ժամանակ կիրառված մոտեցումների վերաբերյալ.
ե. շարադրված լինի ոչ տեխնիկական լեզվով, առանց տեխնիկական եզրույթների, մանրամասն տվյալների և գիտական դիտարկումների.
զ. հեշտ ընկալելի լինի հանրության լայն շրջանակների կողմից:
Հավելված N 2
Շրջակա միջավայրի նախարարի
2022 թ. հոկտեմբերի 25-ի
N 369-Ն հրամանի
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՆՔԻ ՓԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ
1. Հանքի փակման ծրագրի կազմման հիմնական նպատակը օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում խախտված (վտանգված) շրջակա միջավայրի բնական բաղադրիչների (հողային և ջրային ռեսուրսներ, մթնոլորտային օդ, բուսական և կենդանական աշխարհ) վերականգնման և հետագա մշտադիտարկման իրականացման սկզբունքային հիմնահարցերի ձևակերպումն է: Փակման ծրագրում պետք է ներկայացվի տեղեկատվություն օգտակար հանածոյի հանքավայրի շահագործման ավարտից հետո կատարվելիք բոլոր միջոցառումների վերաբերյալ: Այս միջոցառումներն ընդհանրացված համատեքստում նպատակաուղղված պետք է լինեն հետևյալ խնդիրների լուծմանը.
1) ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը.
2) օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից).
3) աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը.
4) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը:
2. Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու համար ներկայացվող հանքի փակման ծրագրի բովանդակությունը հետևյալն է.
1) Օգտագործվող սահմանումներ և տերմիններ.
2) Նախաբան.
3) Ընդհանուր տեղեկություններ.
4) Բնության և շրջակա միջավայրի նկարագիրը.
5) Շահագրգիռ կողմերի դիրքորոշումը.
6) Հանքի փակման միջոցառումների նկարագիրը` օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից), հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, փակման ծրագրի կառավարումը.
7) Աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը.
8) Օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը
9) Հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը.
10) Հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները:
3. Օգտագործվող սահմանումներ և տերմիններ բաժնում հստակ ներկայացվում են բոլոր այն հապավումներն ու համառոտագրությունները, որոնք օգտագործվում են հանքի փակման ծրագրում:
4. Ընդհանուր տեղեկություններ բաժնում հակիրճ պետք է ներկայացվեն հետևյալ հիմնական տվյալները` հանքավայրի գտնվելու վայրը, հանքավայրի շահագործման տեխնիկական ցուցանիշները և ժամկետները, օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի ենթակառուցվածքները, տարածքում առկա արտադրական լցակույտերը, շահագործման ավարտին հանքավայրում առկա մնացորդային պաշարները, հանքավայրի փակման ծրագրի կազմման իրավական հիմքը:
5. Բնության և շրջակա միջավայրի նկարագիրը բաժնում հակիրճ ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.
1) Երկրաբանական կառուցվածք` հանքավայրի երկրաբանական կտրվածքը, լցակույտերի և պոչամբարների տեղադրման տարածքների երկրաբանությունը.
2) Ռելիեֆ, երկրաձևաբանություն` տեղեկություններ հանքի շահագործման ավարտի պահին տարածքի բացարձակ և հարաբերական բարձրությունների, լանջերի թեքության և կտրտվածության աստիճանի վերաբերյալ.
3) Սեյսմոակտիվություն, ինժեներային երկրաբանություն` տեղեկություններ հանքավայրի տարածքի ելակետային սեյսմիկ վտանգի մեծությունը և ինժեներաերկրաբանական առանձնահատկությունների վերաբերյալ: Սեյսմիկ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունն ապահովվում է սեյսմոլոգիական ցանցերից ստացվող մշտադիտարկմամբ:
4) Հողային ծածկույթ` հողային ծածկույթի որակական բնութագիր, տեղեկատվություն հողերի ֆոնային աղտոտվածության վերաբերյալ (հանքավայրի շահագործման ընթացքում կատարվելիք բնապահպանական մշտադիտարկումների տվյալներով, իսկ դրանց բացակայության դեպքում` նախքան հանքի փակման ծրագրի կազմումը կատարված մշտադիտարկումների տվյալներով).
5) Ջրային ռեսուրսներ` մակերևութային և ստորերկրյա ջրերի որակական և քանակական բնութագիր, ջրերի որակի ֆոնային ցուցանիշներ (հանքավայրի շահագործման ընթացքում կատարվելիք բնապահպանական մշտադիտարկումների տվյալներով, իսկ դրանց բացակայության դեպքում` նախքան հանքի փակման ծրագրի կազմումը կատարված մշտադիտարկումների տվյալներով).
6) Կլիմա` տեղեկություններ օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, մթնոլորտային տեղումների և ձնածածկույթի, քամիների, արեգակնային ճառագայթման, արևափայլի տևողության, անարև օրերի քանակի և այլի վերաբերյալ.
7) Մթնոլորտային օդ` տեղեկություններ հանքավայրի տարածքի մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ (հանքավայրի շահագործման ընթացքում կատարվելիք բնապահպանական մշտադիտարկումների տվյալներով, իսկ դրանց բացակայության դեպքում` նախքան հանքի փակման ծրագրի կազմումը կատարված մշտադիտարկումների տվյալներով).
8) Բուսական աշխարհ` բուսականության հիմնական տիպերը, աճելավայրերը, դրանց տարածումը` արտահայտված քարտեզագրական հիմքի վրա.
9) Կենդանական աշխարհ` տեղեկություններ հիմնական կենդանական համակեցությունների վերաբերյալ, դրանց ապրելավայրերը, միգրացիոն ուղիները և այլն.
10) Վտանգված էկոհամակարգեր, բնության հատուկ պահպանվող տարածքներ` տեղեկություններ հանքավայրի շրջանում առկա վտանգված, ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների, ինչպես նաև էնդեմիկ տեսակների վերաբերյալ, բնության հատուկ պահպանվող տարածքների` ներառյալ բնության հուշարձանների և դրանց ստեղծման նպատակների վերաբերյալ:
6. Շահագրգիռ կողմերի դիրքորոշումը բաժնում պետք է ներկայացվեն տեղեկություններ բոլոր շահագրգիռ կողմերի (ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, հանքավայրի հետ կապված ազդակիր համայնքներ) հետ իրականացված քննարկումների վերաբերյալ: Պետք է ներկայացվեն շահագրգիռ կողմերի դիրքորոշումը հանքի փակման ընտրված տարբերակի, փակումից հետո վերականգնված տարածքի տնտեսական յուրացման հեռանկարների վերաբերյալ:
7. Հանքի փակման միջոցառումների նկարագիրը` օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից), հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, փակման ծրագրի կառավարումը բաժնում պետք է ներկայացվեն շրջակա միջավայրի բնական բաղադրիչների վերականգնմանը վերաբերվող միջոցառումները, պետք է ներկայացվի միջոցառումների իրականացման կառավարման գործուն մեխանիզմը: Վերականգնման միջոցառումները պետք է լինեն հստակ, ներառեն բովանդակային և ժամկետային սահմանումներ: Վերականգնման միջոցառումները պետք է վերաբերվեն ենթակառուցվածքներին, մեքենաներին, սարքավորումներին, շինությունների ապամոնտաժմանը, խախտված հողատարածքների (բացահանքեր, արտադրական լցակույտեր, ստորգետնյա փորվածքներ, ճանապարհներ, լանջեր և այլն) վերականգնմանը (ներառյալ ռեկուլտիվացիայի լեռնատեխնիկական և կենսաբանական փուլերը), ինչպես նաև հետագա տնտեսական յուրացման համար նախապատրաստված լանդշաֆտի ստեղծմանը:
8. Աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը բաժնում պետք է ներկայացվի տեղեկատվություն հանքավայրի շահագործման ընթացքում կամ հանքի փակումից հետո բնակչության վերաբնակեցման անհրաժեշտության վերաբերյալ միջոցառումների, աշխատակիցներին վճարվող ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրամական փոխհատուցումների, հանքի փակումից հետո աշխատուժի սոցիալական մեղմացման նպատակով աշխատողներին վերաորակավորման համար տրամադրվող գումարների և այլ աշխատանքի տեղավորման վերաբերյալ, ինչպես նաև հանքի անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքի սոցիալ-տնտեսական մեղմացման նպատակով` համայնքի ծրագրերին մասնակցելու վերաբերյալ:
9. Օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը բաժնում պետք է ներկայացվի մշտադիտարկումների ծրագիրը, որի կառուցվածքն ու բովանդակությունը, ինչպես նաև դիտակետերի տեղադրումը և մշտադիտարկումների հաճախականությունը սահմանված են ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշմամբ: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 762-Ն որոշումը:
10. Հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները պայմանավորված են ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշմամբ կարգավորված` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման վճարների չափերի հաշվարկմամբ և վճարման հետ կապված հարաբերություններով: Հանքի փակման ծրագրով նախատեսված այլ միջոցառումների ֆինանսական երաշխիքները պետք է տրվեն հեղինակավոր ֆինանսական կազմակերպության կողմից: Ֆինանսական երաշխիքն ուժի մեջ է այնքան ժամանակ, մինչև արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների արդյունքները կվկայեն, որ հանքի ֆիզիկական փակումը և շրջակա միջավայրի վերականգնումը կարելի է համարել բավարար:
Հավելված N 3
Շրջակա միջավայրի նախարարի
2022 թ. հոկտեմբերի 25-ի
N 369-Ն հրամանի
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ
1. Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերի` ազդեցության գնահատման փուլում հաշվի են առնվում ազդեցության աստիճանը` հիմք ընդունելով ազդեցության ենթակա տարածքի աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, ազդեցության հավանականությունը, բարդությունը, աստիճանը, տևողությունը, հաճախականությունը և արդեն իսկ առկա և կանխատեսվող ազդեցությունների հնարավոր գումարային ամբողջական աստիճանը և նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցությունը, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջներից են նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության, ներառյալ այլընտրանքային տարբերակների իրականացման դեպքում շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, պայմանների հնարավոր փոփոխությունների և դրանց ծավալների նկարագրի առանձին, գումարային և ամբողջական գնահատումը:
2. Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերական նախագծեր իրականացնողների կողմից շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման (այսուհետ` ՇՄԳԱԳ) մեթոդաբանությունը ներառում է`
1) Սահմանումներ.
ա. ՇՄԳԱԳ-ն - շրջակա միջավայրի վրա այն ազդեցությունն է, որը պայմանավորված է հանքարդյունաբերական գործունեության հետ կապված անցյալում, ներկայում և ողջամտորեն կանխատեսելի ապագայում («Ողջամտորեն կանխատեսելի ապագայում» բառակապակցությունն օգտագործվում է գումարային ազդեցության գնահատման իրավական և մեթոդական փաստաթղթերում, ինչպես ԱՄՆ-ում և Կանադայում, այնպես էլ ԵՄ երկրների օրենսդրությամբ) դրսևորվող ազդեցություններով, անկախ այդ գործողությունները նախաձեռնողից: Գումարային ազդեցությունները կարող են առաջանալ առանձին փոքրածավալ, բայց միասնականորեն նշանակալից, գործողություններից, որոնք տեղի են ունենում ժամանակի ընթացքում: Գումարային հետևանքները շրջակա միջավայրի փոփոխություններ են, որոնք առաջացել են տվյալ, կոնկրետ գործողությունից` անցյալ, ներկա և ապագա այլ մարդածին գործողությունների համակցությամբ:
բ. Արժևորված էկոհամակարգային բաղադրիչը (այսուհետ` ԱԷԲ) - սահմանվում է որպես «Շրջակա միջավայրի որևէ մաս, որը կարևորվում է գնահատման գործընթացում ներգրավված շահառուների, հասարակության, գիտնականների և կառավարության կողմից: Կարևորությունը կարող է սահմանվել մշակութային կամ գիտական արժեքների հիման վրա»:
գ. Էական ազդեցությունը - Ազդեցությունը համարվում է էական, եթե այն բնութագրվում է հետևյալ որևէ հնարավոր հատկանիշով` ցանկացած նախագծված կամ պաշտպանության ենթակա շրջակա միջավայրի տարրի խաթարում կամ վտանգի սպառնալիք, ազդեցություն բազմաթիվ մարդկանց վրա և որևէ քրոնիկ հիվանդության ապացուցված դրսևորում:
2) Միջազգային փորձը գումարային ազդեցության գնահատման ոլորտում:
3) Ծրագրի նախնական ուսումնասիրություն, որի նպատակն է` տարածական և ժամանակային չափորոշիչների որոշումը, ինչպես նաև ԱԷԲ-ի որոշումը: Այն հիմնված է ծրագրի ՇՄԱԳ շրջանակներում ձեռնարկված նախնական ուսումնասիրությունների արդյունքների վրա: Այս գործընթացը ուղղված է շրջակա միջավայրի, սոցիալական վիճակի և տնտեսության վրա ծրագրից բխող ցանկացած հավանական ազդեցության հայտնաբերմանը: ՇՄԱԳ և ԳԱԳ միջև տարբերությունն այն է, որ ՇՄԱԳ համեմատությամբ ԳԱԳ սահմանները (տարածական և ժամանակային) ավելի մեծ են: Կախված սահմանվող ժամանակային միտումներից, սցենարների համար կարող են օգտագործվել տարբեր ժամանակագրական շրջաններ, որը օրինակ կարող է լինել 10 տարի գոյություն ունեցող հանքավայրի դեպքում կամ 100 տարի` համայնքի բնակեցման պատմական տվյալների դեպքում: Ապագա զարգացումների տեսանկյունից գնահատումներ իրականացնելն ավելի բարդ է, բայց ընդհանուր առմամբ, կանխատեսումները կատարվում են մինչև 15 տարի կտրվածքով: Զարգացումների ապագա սահմանների որոշման տեսանկյունից կարևոր են` ծրագրի գործառնական կյանքի ավարտը, ծրագրի փակումից և վերականգնումից հետո ընկած ժամանակահատվածը, նախքան ծրագրի իրագործումն եղած ԱԷԲ-ների վիճակի վերականգնումը (այս դեպքում պետք է նաև հաշվի առնվի էկոհամակարգերում բնական ցիկլերի փոփոխման փոփոխականությունը): Այս փուլում նախատեսվում են հետևյալ գործողությունները.
ա. աղբյուրների բացահայտում (օրինակ` հողափորման արդյունքում փոշու առաջացում).
բ. տեղափոխման ուղիների որոշում (օրինակ` ցրում օդում).
գ. ընկալիչների և ազդեցությունների միջև կապի բացահայտում (ԱԷԲ-ներ) (օրինակ` տեղական գյուղական բնակչության շրջանում շնչառական խնդիրներ).
դ. ազդեցությունների գնահատման աշխարհագրական սահմանների որոշում (ավելի մեծ են ՇՄԱԳ սահմաններից) (օրինակ` երկրի բնակեցված տարածաշրջան կամ տարածք).
ե. գնահատման ժամանակահատվածի որոշում (անցած կամ ապագա):
4) Այլ գործողությունների նախնական ուսումնասիրություն, որի հիմնական նպատակը ուսումնասիրվող տարածքում ԱԷԲ-ի վրա ազդակիր այլ գործողությունների բացահայտումն է: Այն պետք է ձեռնարկվի կարևորելով ընտրված ԱԷԲ-ը, այլ ոչ թե դիտարկվող ծրագիրը: Դրանք կարող են լինել` տնտեսական (մարզային տնտեսություն), սոցիալական (կյանքի որակ), բնապահպանական, գեղագիտական, էթիկական կամ ամբողջական էկոհամակարգեր (գետավազաններ, ջրավազաններ, կենդանիների միգրացիոն ուղիներ): Օրինակ, կարող են լինել շատ ԱԷԲ տարրեր, որոնց վրա ծրագրի ազդեցությունը տարածվում է, օրինակ` հարևան համայնքի բնակչությունը, անտառը, գետը, ստորերկրյա ջրերը` կապված հորատանցքից գյուղի համար խմելու ջրի մատակարարման հետ, գյուղին մոտ ժամանակավոր ապրելավայրերում բնակվող մեծաքանակ ոչ մշտական աշխատուժի վերաբերյալ առաջարկվող պահանջները: ԱԷԲ-ի վրա ազդեցությունը կախված է նրանից, թե ինչն է որոշում ԱԷԲ-ների ներկա վիճակը և որքան կարող է ԱԷԲ-ը դիմակայել փոփոխություններին: Պետք է դիտարկվեն ազդեցությունների հավանականությունը, ուժգնությունը և տևողությունը: Երկրորդ փուլում նախատեսվում է հետևյալ գործողությունների իրականացումը.
ա. ԱԷԲ-երի վրա ազդակիր բոլոր գործողությունների ցուցակագրում.
բ. գործողությունների մեկնարկի և ավարտի ժամկետների սահմանում.
գ. գործողությունների նպատակների սահմանում.
դ. յուրաքանչյուր գործողության պատասխանատու շահառուի բացահայտում.
ե. համընկնող տարածքների քարտեզների պատրաստում:
5) Ելակետային ցուցանիշներ, որի նպատակն է ԱԷԲ շրջանակներում յուրաքանչյուր ազդեցության վերաբերյալ ելակետային տվյալների ձեռքբերումը և նախկին ելակետային տվյալների կամ միտումների բացահայտումը: Յուրաքանչյուր գործողության (և նրանց հետ կապված ազդեցություններից) համար պետք է ելակետային տվյալներ հավաքագրվեն գործունեություն իրականացնողից, տեղական իշխանություններից, շահագրգիռ կողմերից և այլն: Սահմանափակ ելակետային տվյալների առկայության դեպքում հնարավորինս ծավալուն տեղեկատվության ձեռքբերման նպատակով ԳԱԳ մշակողները պետք է առավել սերտ համագործակցեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ: ԳԱԳ ամփոփման նպատակով տվյալները պետք է առավել մատչելի լինեն կարգավորող մարմնի համար, որն իր հերթին պետք է սերտորեն համագործակցի ծրագիր մշակողների հետ: Պահանջվող ելակետային տվյալների տեսակներն ու ծավալները ամբողջությամբ կախված են ԱԷԲ-ներից, դրանց սահմաններից և ազդեցություններից: ԳԱԳ-ի համար պահանջվող ելակետային տվյալները բովանդակային և կառուցվածքային առումով շատ ավելի բարդ են, քան ՇՄԱԳ-ի դեպքում, ինչը պայմանավորված է գնահատման համար ընտրված տարածա-ժամանակային սահմանների ընտրությամբ: Այս փուլում նախատեսվում է հետևյալ գործողությունների իրականացումը.
ա. ելակետային տվյալների հավաքագրում (թվային աղյուսակաթերթեր, քարտեզներ, հարցաթերթիկներ, լուսանկարներ).
բ. գործողությունների մեկնարկման և ավարտի ժամկետների սահմանում (շինարարություն, շահագործում և փակում):
6) Գումարային ազդեցության որոշում, որի հիմնական նպատակն է շեմերի բացահայտումը և վերջիններիս գերազանցումների ամփոփումը: Նախքան գումարային և էական ազդեցությունների գնահատումը պետք է սահմանվեն ԱԷԲ-ներին առնչվող գործողությունները, դրանց ազդեցություններն ու ընկալիչները: Գումարային ազդեցության գնահատման նպատակը էական ազդեցություններ առաջացնող հետևանքների համընկնումների բացահայտումն է: Այդպիսի ազդեցությունները դասակարգվում են` անուղղակի, գումարային ազդեցություններ, հետևանքների փոխազդեցություններ: Անուղղակի ազդեցությունները հաճախ առաջանում են իրականացվող գործունեության հետևանքով և կոչվում են երկրորդային կամ երկրորդ մակարդակի ազդեցություններ, օրինակ` ջրի մակարդակի փոփոխությունը, որն ազդում է մոտակա ջրաճահճային տարածքների վիճակի վրա, կամ մեղմման միջոցառումների շրջանակներում աղմուկի նվազեցման միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ծրագրի զարգացումից բխող օժանդակ զարգացումները: Գումարային ազդեցությունները աստիճանական փոփոխությունների հետևանք են, որոնք առաջացել են անցյալ, ներկա և ողջամտորեն կանխատեսելի ապագա այլ գործողություններից, ինչպես նաև ծրագրի իրականացման հետևանքով, օրինակ` մի շարք առանձին զարգացումների արդյունքում աստիճանաբար աճող աղմուկի մակարդակը, մեկ զարգացման առանձին ազդեցությունների համակցված հետևանքը (աղմուկի, փոշու և տեսողական ազդեցությունը տվյալ ընկալիչի վրա), մի քանի զարգացումներ` առանձին աննշան ազդեցություններով, որոնք միասին գումարային հետևանք ունեն, օրինակ` սպորտային դաշտի կառուցումը կարող է աննշան ազդեցություն ունենալ, սակայն մի քանի հարակից սպորտային դաշտերի շինարարության դիտարկման պարագայում տեղանքի էկոլոգիայի և բնապատկերի վրա էական գումարային ազդեցություն կարող է դիտարկվել: Հետևանքների փոխազդեցությունները` տարածքում առկա մեկ ծրագրի կամ մի քանի այլ ծրագրերի հետևանքների միջև ազդեցություններն են, օրինակ` քիմիական գործարանից երկու տարբեր արտահոսքերը, որոնք առանձին ընդունելի են, սակայն միախառնման դեպքում առաջացնում են աղտոտման զգալի մակարդակներ, մեկ ծրագրից դեպի օդ արտանետումները, որոնք փոխազդում են գոյություն ունեցող այլ արտանետումների հետ: Այս փուլում նախատեսվում է հետևյալ գործողությունների իրականացումը.
ա. բոլոր շեմերի որոշում.
բ. մեթոդների և գործիքների ամբողջական բնութագրում.
գ. հետագա գնահատման նպատակով գումարային ազդեցությունների բացահայտում:
7) Էական ազդեցությունների որոշում, որի նպատակներն են` ԱԷԲ-երի վրա գումարային և էական ազդեցությունների բացահայտումը, ազդեցության էական լինելու հավանականության դիտարկումը, գործունեություն իրականացնողների պարտականությունների բացահայտումը: Գումարային ազդեցությունների գնահատումից հետո հետևանքները կարող են գնահատվել ըստ շեմի գերազանցման, արդյունավետության, ուսումնասիրության տարածքի չափով, դիտարկվող գործողությունից բխող աստիճանական և հարաբերական հետևանքներով, կենսաբազմազանության տեսակների հազվադեպության, տեղական մակարդակով ազդեցությունների կարևորությամբ, բնական ֆոնային փոփոխականության նկատմամբ փոփոխության մագնիտուդով, զարգացումներից բխող գործողությունների իրականացմամբ և առկա խաթարման աստիճանով: Երբ ազդեցությունները գումարային չեն, դրանց կարևորությունը հետագայում չի գնահատվում: Ազդեցությունների կարևորության գնահատումը ձեռնարկելու համար համակցված կամ գումարային ազդեցությունները չափվում են շեմերի կամ ստանդարտների նկատմամբ, և եթե գերազանցում են դրանք, ապա համարվում են էական: Հանքարդյունաբերական ծրագրերի գումարային ազդեցությունը գնահատելիս կիրառելի է «վատթարագույն սցենարի» դիտարկումը: Օրինակ, երբ ամենազգալի ազդեցության ժամանակահատվածը (օրինակ` շինարարության) հայտնի է, կգնահատվեն այն սցենարները, որոնցով երկու ծրագրերը միաժամանակ շինարարության փուլում են: Կարևոր չէ, թե երբ ծրագրերը կսկսվեն, կամ ժամկետներում փոփոխություններ կլինեն, ազդեցությունները չեն մեծանա: Այնուհանդերձ, ԳԱԳ-ի շրջանակներում միայն էական ազդեցություններն են գնահատվում (խնայելով ժամանակ և ռեսուրսներ գնահատման ընթացքում), սույն վատթարագույն սցենարը կարող է յուրաքանչյուր ազդեցության վերաբերյալ ավելի մեծ մտահոգություններ ստեղծել, քան ակնկալված սցենարները: Հետևաբար, արդյունավետ նշումներ և նախազգուշացումներ պետք է ընդգրկվեն գնահատումներում` ըստ նպատակահարմարության: Տեղի ունեցող էական ազդեցությունների հավանականության նկատառումները պետք է բացատրվեն: Այս փուլում նախատեսվում է հետևյալ գործողությունների իրականացումը.
ա. մտահոգիչ չհանդիսացող ազդեցությունների սահմանում (հիմնավորմամբ).
բ. Մեղմման (կառավարման) ենթակա էական ազդեցությունների սահմանում (հիմնավորմամբ).
գ. էական ազդեցությունների մեղմման (կառավարման) նպատակով շահագրգիռ կողմերի որոշում:
8) Կառավարման և մեղմացման նպատակն է` ծրագրի և մյուս գործողությունների ազդեցությունների մեղմացումը, փոխհատուցման նախատեսումը, «առանց կորստի» մոտեցման կիրառումը, առաջարկվող ապագա գործողությունների համար քաղաքականության ձևավորումը: Կարևորության սահմանումից հետո, կարող են ձեռնարկվել այդ հետևանքների մեղմացման և կառավարման հետագա քայլերը (և դրանց առնչվող փոխհատուցումները): Կառավարման գործողությունները կապահովեն ապագա ծրագրերի բոլոր առաջարկվող միջոցառումների անփոփոխելիությունը: Մեղմացման միջոցառումները պետք է ներառեն ԳԱԳ գործընթացի միջոցով բացահայտված տարբերակներ, որոնք ազդում են կամ սկզբնական առաջարկվող ծրագրի կամ ուսումնասիրության տարածքում այլ միջոցառումների (պատմական, առկա կամ առաջարկվող) վրա: Առաջարկվող սկզբնական ծրագրի համար մեղմացման միջոցառումների սահմանման դեպքում, դրանք կարող են ողջամտորեն, պատրաստակամությամբ ներառվել նախագծման և պլանավորման փուլերում, որպեսզի համապատասխան զարգացումները կամ գործունեությունը իրականացվի տվյալ տարածքում: Հնարավոր է մեղմացման միջոցառումները որպես ԳԱԳ-ի մաս ճանաչվեն, որը պատմական, ընթացիկ կամ առաջարկվող այլ միջոցառումներ իրականացնողների պատասխանատվությունն է: Թեպետ դրանք կարող են հստակորեն կիրառելի լինել, սակայն այդպիսի միջոցառումներ առաջարկելն ու պարտադրելը կարող է բարդ լինել: Սա հատկապես վերաբերում է արդյունաբերության մրցակցող ճյուղերին, օրինակ` երբ մի ընկերություն հանքարդյունահանման նոր տեղանք է առաջարկում, իսկ մեղմացման միջոցառումներն առաջարկվում է իրականացնել արդեն առկա հանքարդյունաբերական գործունեության վայրում, քանի որ մրցակցի համար դա ծախսատար և ռեսուրսատար կլինի: Այդ իսկ պատճառով ԱԷԲ կենսունակության ապահովման նպատակով ուսումնասիրվող տարածքի բոլոր շահագրգիռ կողմերի շրջանում համագործակցությունը և տվյալների փոխանակումը հնարավորինս վաղ փուլերում պետք է հաստատվեն: Ոչ միշտ է հնարավոր իրականացնել էական ազդեցություններն ամբողջությամբ չեզոքացնող արդյունավետ մեղմման միջոցառումներ: Եթե դա հնարավոր չէ, կարգավորողները կարող են մերժել կամ նվազեցնել առաջարկվող ծրագրի մասշտաբները: Ընդհանուր առմամբ ԱԷԲ-ի վրա ազդեցությունները նվազեցնելու նպատակով նրանք կարող են խրախուսել առաջարկվող ծրագրերի պատասխանատուներին հաշվի առնել «զուտ կորստի բացակայություն» մոտեցումը, որը նախագծված է ԱԷԲ-ի վրա ազդեցությունները հավասարակշռելու նպատակով: Դրա լավ օրինակ է նոր կենսամիջավայրերի ստեղծումը (օրինակ` բնադրման վայրեր, կամ ամբողջովին նոր ԱԷԲ-ներ), ինչպիսին են օրինակ` երկկենցաղների կամ որոշակի բույսերի տեսակների համար ստեղծվածները: Այնուհետև, առանձնյակները կարող են տեղափոխվել նոր կենսամիջավայր, իսկ տարածքն ընդհանուր առմամբ (օրինակ` շրջան, ջրավազան) կպահպանի պոպուլյացիայի պատմական մակարդակները կամ միտումները: Ստեղծումից հետո նոր կենսամիջավայրում պետք է իրականացվի մշտադիտարկում և որոշ դեպքերում, ընդհանուր վիճակի ապահովմանն ուղղված պլանային աշխատանքներ` հավաստիանալու, որ տեղափոխումը հաջողվել է և կենսամիջավայրը շարունակում է գոյատևել: Նոր կենսամիջավայր ստեղծելիս կարող են խնդիրներ առաջանալ այն տարածքներում, որոնք նախատեսված են մեկ կամ երկու տեսակների համար, որի արդյունքում կարող է նվազել տեսակների ընդհանուր բազմազանությունը տարածքում, ինչպես նաև կարող է համապատասխան հողատարածք առկա չլինել կենսամիջավայրում պահանջվող տեսակի ստեղծման համար: Այս փուլում նախատեսվում է հետևյալ գործողությունների իրականացումը.
ա. մեղմման միջոցառումների մանրամասների պարզաբանում.
բ. յուրաքանչյուր մեղմման միջոցառման իրականացման համար պատասխանատու անձանց վերաբերյալ տեղեկատվություն.
գ. տարածաշրջանում ապագա գործողությունների պլանավորման նպատակով (ըստ կիրառելիության) համակարգող մարմինների ստեղծում.
դ. նոր առաջարկված գործողությունների համար ապագա առաջարկությունների մշակում:
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում