Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 166-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան  քաղաքի առաջին ատյանի                 ԵԴ/1425/01/21

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ջ. Հայրապետյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Գ. Հովհաննիսյան

Դատավորներ`        Լ. Աբգարյան

                                 Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյան

մասնակցությամբ

                         դատավորներ`      Ս. Ավետիսյան

                                                       Հ. Գրիգորյան

                                                      Ա. Պողոսյան

 

    25 հուլիսի 2025 թվական                      ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գևորգ Արթուրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի օգոստոսի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 11113721 քրեական գործը:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գևորգ Վարդգեսի Մելքոնյանը ճանաչվել է տուժող:

2021 թվականի օգոստոսի 11-ին Գևորգ Արթուրի Հարությունյանը ձերբակալվել է, իսկ 2021 թվականի օգոստոսի 13-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ Գ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ Գ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

1.1. 2021 թվականի հոկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Նախնական դատալսումների ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) որոշում է կայացրել մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելքն ընտրելու մասին:

2. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունիսի 20-ի դատավճռով Գ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա նշանակված պատժին հաշվակցվել է 2021 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս ժամկետը և Գ.Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով: Գ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Որոշվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` Գ.Հարությունյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված բնակարանի վրա դրված կալանքը վերացնել, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված` Գ.Մելքոնյանի հագին եղած հագուստները վերադարձնել վերջինիս, իսկ դեպքի վայրից հայտնաբերված դանակը, վերցված արյան հետքերը և նմուշը` ոչնչացնել:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Գևորգ Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չեն գնահատել վերջինիս արարքի բնույթը և դրա հանրային վտանգավորության աստիճանը:

Բողոք բերած անձն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս, դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, ինչը տվյալ դեպքում ստորադաս դատարանների կողմից չի ապահովվել: Ուստի, բողոքաբերի համոզմամբ` Առաջին ատյանի դատարանը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը` դատավճիռն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, ինչն էլ հիմք է դատական ակտը պատժի մասով բեկանելու և փոփոխելու համար:

Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, վնաս պատճառելու համար օգտագործված կտրող-ծակող առարկան, պատճառված մարմնական վնասվածքի բնույթն ու կարևորությունը` դանակով տուժողի կենսական կարևոր օրգանների, կրծքավանդակի ձախ կեսի շրջանին հարվածելը:

Բողոքաբերը փաստել է, որ պատիժ նշանակելիս ստորադաս դատարաններն անտեսել են տուժողի, վկա Արթուր Քոսակյանի, մեղադրյալ Գ.Հարությունյանի ցուցմունքներն այն մասին, որ վերջինս գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում, միևնույն ժամանակ, ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Գ.Հարությունյանի ձեռքից հանցագործության գործիքն ուժի գործադրմամբ վերցրել է վկա Հրանտ Գրիգորյանը, որպիսի փաստը վկայում է Գ.Հարությունյանի և նրա կողմից կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Բողոքի հեղինակը նաև փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից Գ.Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ճանաչված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում վերջինիս կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, ուստի դրանք չէին կարող դրվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման նախադրյալների հիմքում:

Բողոքաբերը, անդրադառնալով Գ.Հարությունյանի` ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելու և խոստովանական ցուցմունքներ տալու հանգամանքին, փաստել է, որ հանցագործության դեպքին ականատես են եղել բազմաթիվ անձինք, իսկ դանակը նրա ձեռքից վերցնելուց հետո վերջինս դեպքի վայրից դիմել է փախուստի, ուստի տրամաբանական է, որ Գ.Հարությունյանն այլ տարբերակ չի ունեցել, քան խոստովանել կատարած արարքը, համեմատաբար մեղմ պատժի հույս ունենալով` նկատի ունենալով, որ շատերի համար տեսանելի են եղել իր գործողությունները:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ` անթույլատրելի ճանաչելով Գևորգ Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. Գ.Հարությունյանի պաշտպան Զ.Սակովան, ներկայացրած դատական վերանայման բողոքի պատասխանում նշել է, որ հաշվի առնելով Գ.Հարությունյանի կատարած արարքի առանձնահատկությունները, նրա անձը, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կարևորելով նաև տուժող Գ.Մելքոնյանի կողմից մեղադրյալի նկատմամբ բողոք, պահանջ չունենալու հանգամանքը` ստորադաս դատարաններն իրավաչափորեն հանգել են այն հետևության, որ Գ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին, այդ թվում` հանցավորի անձի ուղղմանը, որպիսի եզրահանգումը պայմանավորված է նաև Գ.Հարությունյանի երեք երեխաների, ինչպես նաև սպասվելիք երեխայի լավագույն շահն ապահովելու հրամայականով և նշված պատժի` վերջիններիս կյանքի պայմանների վրա հավանական բացասական ազդեցության հաշվառմամբ, քանի որ Գ.Հարությունյանն ընտանիքի միակ կերակրողն է և կնոջ հետ միասին միայնակ են պահում և դաստիարակում երեխաներին, չունեն այլ օգնող անձ:

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի պատասխանի հեղինակը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Գևորգ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «նա, Գևորգ Վարդգեսի Մելքոնյանի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Գևորգ Մելքոնյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի` ձախ թոքի և սրտի ձախ փորոքի վնասումով, ձախակողմյան հեմո-պնևմոթորաքսի, հեմոպերիկարդի ձևով, կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:

Այսպես.

Գևորգ Արթուրի Հարությունյանը, հանդիսանալով Գևորգ Վարդգեսի Մելքոնյանի խորթ որդին և տարիներ շարունակ գտնվելով միջանձնային լարված հարաբերությունների մեջ, 2021 թվականի օգոստոսի 11-ին` ժամը 18:30-ի սահմաններում, վիրավորված լինելով Գևորգ Մելքոնյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս կողմից իր հասցեին արված հայհոյանքից, եկել է իր բնակության հասցե` Երևան քաղաքի Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին տուն և տան խոհանոցից վերցրել է դանակ, ապա նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, եկել է Երևան քաղաքի Կարմիր Բլուր կայարան փողոց, որտեղ մոտեցել է գնացքի ուղեկալի համար նախատեսված քարի վրա նստած խորթ հորը` Գևորգ Մելքոնյանին և վերջինիս կանչելով իր մոտ, նախապես իր հետ վերցրած դանակով Գևորգ Մելքոնյանի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Գևորգ Մելքոնյանի կրծքավանդակի ձախ հատվածին, պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի` ձախ թոքի և սրտի ձախ փորոքի վնասումով, ձախակողմյան հեմո-պնևմոթորաքսի, հեմոպերիկարդի ձևով, կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք»(1):

 

___________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 53-63:

 

10. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(...) Դատարանը մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանքներն ու եղանակը, հանցագործության գործիքը, դանակով հասցված հարվածի տեղակայումը, փաստացի պատճառված վնասի բնույթը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:

Դատարանը մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Մասնավորապես, Դատարանը որպես մեղադրյալի անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ վերջինս չունի դատվածություն, ինչպես նաև բնակության վայրից բնութագրվում է դրական:

(...)

Դատարանը, (...) որպես մեղադրյալ Գ.Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում վերջինիս խնամքին երեք անչափահաս երեխաների առկայությունը (ծնված` 2017, 2019 և 2020 թվականներին) և այն, որ մեղադրյալը մինչդատական վարույթում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար:

Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գ.Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար մեղադրյալ Գ.Հարությունյանը ենթակա է պատժի:

Դատարանը, հաշվի առնելով Գ.Հարությունյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ հոդվածների պահանջները, գտնում է, որ գործի փաստական հանգամանքները Դատարանին հնարավորություն են տալիս գալու հետևության, որ Գևորգ Հարությունյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով` 3 տարի ժամկետով:

(...) Դատարանը գտնում է, որ Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցել 2021 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ անազատության մեջ գտնված 2 (երկու) ամիս ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 10 (տաս) ամիս ժամկետով:

(...)

Հաշվի առնելով Գ. Հարությունյանի կատարած արարքի առանձնահատկությունները, նրա անձը, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կարևորելով նաև տուժող Գ.Մելքոնյանի կողմից մեղադրյալի նկատմամբ բողոք, պահանջ չունենալու հանգամանքը` (հատոր 2-րդ, թերթ 43) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին, այդ թվում` հանցավորի անձի ուղղմանը: Դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև Գ.Հարությունյանի երեք երեխաների լավագույն շահն ապահովելու հրամայականով և նշանակված պատժի վերջիններիս կյանքի պայմանների վրա հավանական բացասական ազդեցության հաշվառմամբ: (...)» (2):

____________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 53-63:

 

11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման իրավաչափության մասին են վկայում մեղադրյալ Գ.Հարությունյանի անձը դրականորեն բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հետևյալ տվյալների և հանգամանքների ամբողջությունը:

Այսպես, մեղադրյալ Գևորգ Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է`

- պատիժ նշանակելու պահին խնամքին երեք անչափահաս երեխաների առկայությունը,

- առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, անկեղծորեն զղջալը,

իսկ անձը բնութագրող տվյալներ են`

- դրականորեն բնութագրվելը,

- նախկինում դատապարտված չլինելը:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առկա չեն պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օբյեկտիվորեն գոյություն ունեցող վերը թվարկված տվյալների և հանգամանքների համակցությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը վկայում են, որ (...) հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, նրա ուղղմանը և այլոց կողմից հանցագործությունների կանխմանը:

Տվյալ դեպքում մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Բացի դա, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում այն վերջինիս խնամքի ներքո գտնվող անձանց` մասնավորապես 3 անչափահաս երեխաների կյանքի պայմանների վրա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ:

(...)

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը դատական ստուգման արդյունքում գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Գևորգ Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կրում է իրավաչափ բնույթ, իսկ բողոքում հակառակի մասին բավարար հիմնավորումներ ներկայացված չեն (...)»(3):

___________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 113-129:

 

12. Գ.Հարությունյանի պաշտպան Զ.Սակովայի կողմից ներկայացված ծննդյան վկայականի համաձայն` 2024 թվականի օգոստոսի 16-ին ծնվել է Գ.Հարությունյանի և Լ.Մնացականյանի 4-րդ երեխան` Դ.Մնացականյանը(4):

___________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 58:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Գևորգ Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամբ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս հանգում է հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

(...)

4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները.

1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,

2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) հանցանք կատարածի անձը,

4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել (...)»:

Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը`

1) վտանգավոր է կյանքի համար,

(...)

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

15. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում(5): Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ(6):

___________________

i

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Ադամյանի և Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21-ի թիվ ԳԴ1/0036/01/23 որոշումը:

 

15.1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա(7)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն(8):

___________________

i

7) Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

i

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

 

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա(9):

___________________

i

9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշումը:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Գևորգ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա տարիներ շարունակ միջանձնային լարված հարաբերությունների մեջ գտնվելով իր խորթ հոր` Գևորգ Մելքոնյանի հետ, 2021 թվականի օգոստոսի 11-ին` ժամը 18:30-ի սահմաններում, վերջինիս հետ հեռախոսազրույցի ընթացքում իր հասցեին արված հայհոյանքից վիրավորված լինելով, գնացել է իր տուն, տան խոհանոցից վերցրել է դանակ, ապա նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Կարմիր Բլուր կայարան փողոց, որտեղ մոտեցել է իր խորթ հորը` Գևորգ Մելքոնյանին, և նախապես իր հետ վերցրած դանակով, վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին` ձախ թոքի և սրտի ձախ փորոքի վնասումով` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս(10):

 

___________________

10) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ կատարված արարքի համար Գևորգ Հարությունյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը: Միաժամանակ, հաշվի առնելով նրա կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անձը (երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, դատվածություն չունենալը), տուժողի կողմից նրա նկատմամբ բողոք չունենալը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը, երեք անչափահաս երեխաներ ունենալը, նշանակված պատժի` վերջիններիս կյանքի պայմանների վրա հավանական բացասական ազդեցություն ունենալու հանգամանքը` Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Գ.Հարությունյանի կողմից պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել(11):

 

___________________

11) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և եզրահանգել, որ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատժի մասով բեկանելու և Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքեր չկան: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում այն վերջինիս խնամքի ներքո գտնվող անձանց` մասնավորապես 3 անչափահաս երեխաների կյանքի պայմանների վրա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ(12):

 

___________________

12) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

17. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ տվյալ դեպքում Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակված` 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժի փաստացի կրումը խիստ բացասական ազդեցություն կարող է ունենալ վերջինիս ընտանիքի կենսապայմանների վրա, որպիսի դիրքորոշումը պայմանավորված է Գ.Հարությունյանի խնամքի տակ գտնվող չորս անչափահաս երեխաների (8 տարեկան, 6 տարեկան, 5 տարեկան, 1 տարեկան) առկայությամբ: Գործի նյութերում առկա են նաև տվյալներ, որ Գ.Հարությունյանի ընտանիքը բնակվում է վարձակալական հիմունքներով և Գ.Հարությունյանն ընտանիքի միակ խնամակալն է(13):

 

___________________

13) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 87-91 և հատոր 3-րդ, թերթ 46:

 

Հետևաբար, ղեկավարվելով արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքով, հաշվի առնելով Գ.Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը, չորս անչափահաս երեխաներ ունենալը, նրա անձը բնութագրող հանգամանքները` երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, դատվածություն չունենալը, առողջական վիճակը` տառապում է «Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն» հոգեկան հիվանդությամբ(14), պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև տուժողի` բողոք, պահանջ չունենալու հանգամանքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Գ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը:

 

___________________

14) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 232-240:

 

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Գ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ գնահատման են ենթարկել վարույթի բոլոր փաստական հանգամանքները, Գ.Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, նրա անձը բնութագրող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և դատական սխալ թույլ չեն տվել: Հետևաբար, ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Գևորգ Արթուրի Հարությունյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 20-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Ա. Պողոսյան

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204227198

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2025
N ԵԴ/1425/01/21
Որոշում