Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

քաղ. Երևան                16 սեպտեմբերի 2025 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի «ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1184-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ N 1-Ի 15 ԵՎ 16-ՐԴ ԿԵՏԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

(2-րդ մաս)

 

81. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ կուրությամբ, խլությամբ կամ համրությամբ տառապող անձանց մի շարք երկրներում տրամադրվում է դատավորի պաշտոնին հավակնելու իրավական հնարավորություն: Այդ երկրներից են ԱՄՆ-ն, Իտալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և այլն(2):

___________________

2) Տե՛ս «Եվրոպայում դատավորների և դատախազների նշանակումը, գնահատումը և կարիերան», հետազոտության համակարգող և խմբագիր» դի Ֆեդերիկո Ջ. (Recruitment, professional evaluation and career of judges and prosecutors in Europe: research coordinated and edited by: Giuseppe di Federico) էջեր 69-127, 127-159: https://www.amij.org.mx/asambleas/4/antecedentes/mesa%20capacitacion%20 judicial/CareerOfJudges.pdf Դորֆման Դ. «Կույր արդարադատության պարադոքսը. տեսանելի արատներով դատավորները և անաշխատունակության մետաֆորը» (Dorfman D., The Blind Justice Paradox: Judges with Visual Impairments and the Disability Metaphor), (2016), հատոր 5, հրատարակություն 2, էջեր 286-288: https://law.stanford.edu/wp-content/uploads/2017/03/The-Blind-Justice- Paradox.pdf

 

Մասնավորապես` ԱՄՆ փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ, օրինակ` կուրությամբ տառապող անձանց հնարավորություն է տրվում զբաղեցնելու դատավորի պաշտոնը, իսկ պաշտոնավարելիս կուրություն ձեռք բերելու դեպքում այն պաշտոնավարման դադարեցման հիմք չի հանդիսանում: Ընդ որում` կուրությամբ տառապող դատավորների պաշտոնեական գործառույթների պատշաճ և արդյունավետ կատարման համար գործում է խելամիտ հարմարեցումների տեխնիկական երաշխիքների մի ամբողջ համակարգ` դատավորին աջակցող օժանդակ անձնակազմ, բրալյան գրեր, ձայնագրառող սարքեր, համակարգչից օգտվելը դյուրացնող ծրագրեր և այլն(3):

___________________

3) Տե՛ս Թեյթլ Դ.Ս. Տեսլական. հուշագրություն կուրության և արդարադատության մասին, 2024թ., գլուխներ 13-18, Մոթլ Ա. «Ինչու է հաշմանդամության բազմազանությունը կարևոր դատական համակարգում», «Բիզնես իրավունքն այսօր», Ամերիկյան իրավաբանների ասոցիացիա, 2022թ.:

 

82. Վերոշարադրյալն ի միտն ունենալով` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պատասխանել այն հարցին, թե արդյոք Որոշման Հավելված N 1-ի վիճարկվող 15 և 16-րդ կետերով նախատեսված` երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությունը` որպես դատավորի պաշտոնի ստանձնումը բացառող հիվանդություններ (վիճակներ) սահմանելն այն պայմաններում, երբ Կառավարության մեկ այլ` 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հանրային ծառայության անցնելը բացառող հիվանդությունների ընդհանուր ցանկում նշյալ հիվանդությունները (վիճակները) սահմանված չեն, հանդիսանում է հետապնդվող սահմանադրաչափ նպատակին հասնելու համար անհրաժեշտ (միակ կամ առավել մեղմ) միջոց:

83. Սահմանադրական դատարանը նկատի է առնում այն հանգամանքը, որ հանրային ծառայության անցնելու առողջական ընդհանուր արգելքների շարքում հիմնականում ներառված են հոգեկան հիվանդություններն ու խանգարումները, ինչպես նաև մեկ սուր վարակիչ հիվանդություն: Այսինքն` ընդհանուր մոտեցումն այն է, որ հանրային ծառայության որևէ պաշտոնի հավակնելուն ընդունակ չէ հոգեկան սուր խնդիրներ ունեցող կամ շնչառական օրգանների տուբերկուլյոզով տառապող անձը: Մնացյալ լուրջ հիվանդությունների պարագայում կարող է որդեգրվել անհատական մոտեցում` ելնելով տվյալ ծառայության առանձնահատկություններից և դրանց համապատասխանող աշխատանքային գործառույթներից:

84. Վերոնշյալի լույսի ներքո` Սահմանադրական դատարանն իր համաձայնությունն է հայտնում Պատասխանողի բացատրությունում տեղ գտած դիրքորոշմանն առ այն, որ քննարկվող հիվանդությունների (վիճակների)` դատավորի պաշտոնի ստանձնման և պաշտոնավարման հետ համատեղելիությունը ներառման, արդարադատության մատչելիության և ողջամիտ հարմարեցումների անհրաժեշտության հետ մեկտեղ պետք է գնահատվի նաև դատավորի պաշտոնից բխող գործառույթներն արդյունավետ կատարելու հավակնորդի կարողությամբ` այն տեսլականով, որ չխախտվի դատական պաշտպանության հայցմամբ դիմած անձի արդար դատաքննության իրավունքը:

Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում նաև Պատասխանողի մատնանշած դատավարական և աշխատանքային ռիսկերը, որոնք կարող են առաջանալ a priori քննարկվող հիվանդություններով (վիճակներով) տառապող անձանց կողմից դատավորի կարգավիճակում պաշտոնավարելու դեպքում: Սակայն տեխնիկական հարմարեցումների բացակայության պատճառով սահմանադրական նորմը չի կարող չիրացվել, այլ հակառակը` նորմի գոյությունը պետությանը պարտավորեցնում է ստեղծել դրա իրացման արդյունավետ մեխանիզմներ և ընթացակարգեր` հիմք ընդունելով Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջները:

85. Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Որոշման Հավելված N 1-ի 15 և 16-րդ կետերով սահմանված, ինչպես նաև ցանկացած հիվանդության (վիճակի)` դատավորի գործառույթների իրացումը խոչընդոտելու հնարավորությունը գնահատելիս անհրաժեշտ է ղեկավարվել դատական յուրաքանչյուր ատյանի սահմանադրաիրավական գործառույթների և տվյալ հիվանդությամբ (վիճակով) դատավորի պաշտոնի հավակնություն ունեցող անձի համար առաջացող սահմանափակումների շրջանակի համադրման մեթոդով` պարզելու համար, թե արդյոք տվյալ հիվանդությունը (վիճակը) համատեղելի է դատավորի գործառույթների հետ` հաշվի առնելով ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց աշխատանքային պայմանների ողջամիտ հարմարեցման ուղղությամբ պետության պոզիտիվ պարտականությունը:

Ըստ այդմ` Սահմանադրական դատարանը հարկ է համարում դատավորի պաշտոնի հետ Որոշման Հավելված N 1-ի 15 և 16-րդ կետերով նախատեսված հիվանդությունների (վիճակների) համատեղելիության հարցին մոտենալ` տարբերակելով դատական ատյանների գործառութային առանձնահատկությունները, որոնցով պայմանավորված` նշյալ ֆիզիկական-ֆիզիոլոգիական խնդիրներով անձանց` դատավորի պաշտոնում նշանակմամբ առաջացող ռիսկերն ունեն տարբեր ծավալներ, իսկ խելամիտ հարմարեցումների պատշաճ և լիարժեք կիրառմամբ կարող են չեզոքանալ, որպիսի հանգամանքներին Պատասխանողը չի անդրադարձել:

86. Սույն դիրքորոշման հիմքում Սահմանադրական դատարանը դնում է այն հանգամանքը, որ դատավորի պաշտոնում նշանակվելու կարևորագույն հատկանիշը հավակնորդի անձնային և մասնագիտական որակների համակցությունն է, որը ներառում է նաև նրա անձնական և մասնագիտական բարեվարքությունը: Այս ամենը կազմում է հավակնորդի մարդաբանական էությունը: Համապատասխանաբար` նշյալ հատկանիշներով պետք է գնահատվի հավակնորդի համապատասխանությունը դատավորի պաշտոնին, որից հետո միայն հավասարակշռվեն դատավորի գործառույթների կատարման համար ֆիզիկական-ֆիզիոլոգիական խոչընդոտները:

87. Մասնավորապես` Սահմանադրական դատարանը հաշվի է առնում առաջին ատյանի դատարանի դատավորի գործառույթների հետևյալ առանձնահատկությունները, որոնք ենթակա են մանրազնին վերլուծության` երկու ականջի կայուն լրիվ խլության կամ խուլհամրության ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրության հետ դրանց համատեղելիությունը որոշելու (հաստատելու կամ բացառելու) համար: Դրանք են` դատական նիստերի միանձնյա վարումը, կողմերի հետ անմիջական հաղորդակցումը և դրանցից ածանցվող` տեղում կայացվող արձանագրային (բանավոր) որոշումների կայացումը, ինչպես նաև ապացույցները դատական նիստում անմիջականորեն հետազոտելը (այդ թվում` այնպիսի ապացույցներ, որոնք կարող են հետազոտվել բացառապես տեսողական և (կամ) լսողական գործառույթների իրացմամբ), կողմերին և դատավարության մյուս մասնակիցներին գործին վերաբերող հարցեր տալը, պատասխաններն արագ ընկալելը և դատավարական համարժեք գործողություններ կատարելը և այլն:

88. Սահմանադրական դատարանը հարկ է համարում հավելել, որ առաջին ատյանի դատարանը «փաստի» դատարան է, որտեղ գործը քննվում է ըստ էության և ողջ ծավալով, ինչը պայմանավորում է ապացուցման գործընթացի բազմադրվագությունը, ընթացքում ծագող օբյեկտիվ դժվարությունները և որպես հետևանք` դատավորի լրջագույն և տարոլորտ ծանրաբեռնվածությունը` հաշվի առնելով նաև դատական վարույթների տարատեսակներից յուրաքանչյուրի առանձնահատկությունները:

89. Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անկախ դատավարության տեսակից` առաջին ատյանի դատարանում քննվող գործերով ապացույցների հետազոտման գործընթացում դատավորի անմիջական և բազմակողմանի մասնակցությունն անհրաժեշտություն և էական հանգամանք է, որի համատեքստում դատավորի սոցիալական շփումը դատավարության մասնակիցների հետ ստանում է լուրջ բովանդակություն` պահանջելով հաղորդակցման համարժեք կարողություն:

90. Բացի դրանից, Սահմանադրական դատարանը նկատում է, որ արդարադատության մատչելիությունը և, միևնույն ժամանակ, «տեսանելիությունը» ենթադրում են բանավոր դատաքննությանը դատավորի մասնակցությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են` ինքնավստահությունը, արդարադատություն գործադրելու անձնային կարողությունը, ինչը միանձնյա դատավորի կողմից իրականացվող բանավոր դատաքննության պարագայում գործընթացի ողջ ծանրությունը դնում է մեկ անձի վրա` նրա առողջական վիճակի բարվոքությունից բարձրացնելով դատավարության մասնակիցների և հանրության լեգիտիմ ակնկալիքի շեմը:

91. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում դատական նիստերը գերազանցապես կազմակերպվում են` առանց դատական նիստ հրավիրելու և, հետևաբար` մեծ մասամբ բացակայում է կողմերի հետ անմիջականորեն շփվելու և դատական նիստի կարգը միանձնյա ապահովելու անհրաժեշտությունը: Փոխարենը` վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում դատավորի պաշտոնի հավակնորդից ակնկալվող հիմնական աշխատանքային հմտությունը դատական ակտին առաջադրվող պահանջների ապահովումն է:

92. Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը կարևորում է Որոշման Հավելված N 1-ի վիճարկվող 15 և 16-րդ կետերով նախատեսված հիվանդություններից (վիճակներից) տառապող անձանց համապատասխանության չափանիշների մանրամասն ստուգումը, քանզի խնդրո առարկա հիվանդությունների (վիճակների) առկայությունը կարող է հաղթահարվել միայն բացառիկ բարձր կրթական և մտավոր կարողություններով ու նախընթաց աշխատանքային (այդ թվում` գիտական աշխատանքի) փորձառությամբ: Հակառակ պարագայում հանրային ծառայության սահմանադրական իրավունքի սոցիալական ներառականությունն ապահովելով հանդերձ` կվտանգվի պաշտպանության ենթակա մյուս սահմանադրաչափ շահը` պատշաճ և արդյունավետ դատական քննությունը` առաջ բերելով դատական իշխանության իրավասության և կարողունակության նկատմամբ հանրային վստահության անկում:

Բոլոր դեպքերում, Որոշման Հավելված N 1-ի վիճարկվող դրույթներում նշված հիվանդություններով (վիճակներով) տառապող հավակնորդի վերաբերյալ որոշման կայացումը պահանջում է անհատականացված մոտեցում և յուրաքանչյուր դեպքի հատուկ գնահատում` մերժելով հաշմանդամության վրա հիմնված ընդհանրական բացառությունները:

93. Ամփոփելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ երկու ականջի կայուն լրիվ խլությամբ կամ խուլհամրությամբ ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությամբ տառապող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքի սահմանումը հետապնդվող սահմանադրաչափ նպատակին հասնելու համար անհրաժեշտ միջոց չէ: Հետևապես` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Որոշման Հավելված N 1-ի 15 և 16-րդ կետերով սահմանված` հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքին կատարվող միջամտությունը չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին:

94. Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արժևորում է Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված` իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքով պայմանավորված` իրավասու մարմինների գործառութային ինքնուրույնությունը և այդ համատեքստում Սահմանադրական դատարանի վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո` սահմանադրաչափ է համարում վերոքննարկյալ հիվանդություններով (վիճակներով) տառապող հավակնորդների նկատմամբ անհատական մոտեցում սահմանելիս ողջամիտ հայեցողության դրսևորման իրավազորությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի մայիսի 30-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 685-Ն որոշման Հավելված N 1-ի 15 և 16-րդ կետերն այնքանով, որքանով դրանցով սահմանվում է երկու ականջի կայուն լրիվ խլությամբ կամ խուլհամրությամբ ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությամբ տառապող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելք` ճանաչել Սահմանադրության 49 և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

16 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴՈ-1796

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի «ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1184-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ N 1-Ի 15 ԵՎ 16-ՐԴ ԿԵՏԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1796 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 685-Ն որոշման Հավելված N 1-ի 15 և 16-րդ կետերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1796 որոշմամբ (հատուկ կարծիքի ստորագրման պահին Սահմանադրական դատարանի որոշումը Սահմանադրական դատարանի www.concourt.am կայքում դեռևս հրապարակված չէ) որոշել է, որ նշված «(...) կետերն այնքանով, որքանով դրանցով սահմանվում է երկու ականջի կայուն լրիվ խլությամբ կամ խուլհամրությամբ ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությամբ տառապող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելք` ճանաչել Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1796 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանությունները ներկայացվում են Սահմանադրական դատարանի նիստում քվեարկված որոշման պատճառաբանությունների հիման վրա:

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը: Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

Վերոգրյալ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է:

Հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար` հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ օրենքով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի` ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ` հատուկ կարծիք շարադրելը: Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու` իմ` որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը:

1. Սահմանադրական դատարանի որոշման առանցքում երկու ականջի կայուն լրիվ խլությամբ կամ խուլհամրությամբ ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությամբ տառապող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքի սահմանադրականության ստուգման հարցն է, և Սահմանադրական դատարանը որոշմամբ ներկայացված պատճառաբանությունների հիման վրա եկել է այն եզրահանգման, որ «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի Ն 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 685-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված 1-ի 15-րդ և 16-րդ կետերն այնքանով, որքանով դրանցով սահմանվում է երկու ականջի կայուն լրիվ խլությամբ կամ խուլհամրությամբ ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությամբ տառապող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելք` ճանաչել Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Անդրադառնալով վիճարկվող դրույթների վերաբերյալ Սահմանադրական դատարանի պատճառաբանություններին և դրանց հիման վրա տրված եզրահանգմանը` հարկ եմ համարում նշել հետևյալը.

Սահմանադրության 49-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու` ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքը, որի իրականացման մանրամասները սահմանվում են օրենքով:

Սահմանադրական նշված կարգավորումից հետևում է, որ հանրային ծառայության անցնելու իրավունքը երաշխավորված է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Ընդ որում, նշված իրավունքը քաղաքացիների համար պետք է ապահովվի առանց խտրականության` ապահովելով հանրային ծառայության անցնելու հավասար հասանելիություն: Հատկանշական է, որ անձի կողմից հանրային ծառայության անցնելու իրավունքի կենսագործումը պայմանավորված է մի շարք նախապայմաններով: Այսպես` սահմանադիրը, առաջնորդվելով հանրային ծառայության համակարգի բազմօրինակությամբ և դրա առանձին բաղադրիչների առանձնահատկություններով, հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացման նախապայմանների, կարգի և այլ մանրամասների կարգավորումը վերապահել է օրենսդրին: Հանրային ծառայության անցնելու իրավունքը կաշկանդված է օրենքով նախատեսված համապատասխան չափանիշներով, ինչպիսիք են անձի տարիքը, կրթությունը, բարեվարքությունը, մասնագիտական արժանիքները, առողջական վիճակը և այլն:

Միաժամանակ, հանրային ծառայության անցնելու իրավունքը ևս, հանդիսանալով որպես քաղաքացու հիմնական իրավունք, օրենքով սահմանված դեպքերում կարող է ենթարկվել սահմանափակումների: Մասնավորապես` «Հանրային ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներից հետևում է, որ հանրային ծառայության անցնելու իրավունք չունի այն անձը, որը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը, իսկ նշված հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը` հաշվի առնելով հանրային ծառայության տվյալ տեսակի առանձնահատկությունները (14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, նույն հոդվածի 3-րդ մաս): Ի կենսագործումն նշված դրույթի` հանրային ծառայության առանձին տեսակները կարգավորող օրենքներով և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով սահմանվել են հանրային ծառայողի հոգեկան և ֆիզիկական առողջությանն առաջադրվող մի շարք չափանիշներ, որոնց չբավարարելու դեպքում անձի կողմից հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացման հնարավորությունը բացառվում է: Իսկ կոնկրետ հիվանդությունների ցանկը յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է հանրային ծառայության տվյալ տեսակի կամ պաշտոնի բնույթով և գործառութային առանձնահատկությամբ:

Այս առումով բացառություն չեն կազմում նաև դատավորի կարգավիճակին առաջադրվող չափանիշները, ինչը նույնպես պայմանավորված է հանրային ծառայության տվյալ պաշտոնի գործառութային առանձնահատկություններով և սահմանադրի կողմից դատական մարմիններին առաջադրված նպատակների արդյունավետ իրագործման հրամայականով:

Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

Իսկ Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:

Միաժամանակ օրենսդրի կողմից դատավորի պաշտոնին առաջադրվող սահմանափակումների շարքում, ի թիվս այլնի, նախատեսվել են նաև դատավորի առողջական վիճակին առնչվող նախապայմաններ:

Այսպես, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն`

«1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

3) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ.»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«2. Դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը»:

Նույն սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

«4. Եթե առերևույթ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպում է դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգի համաձայն (...)»:

Ի կատարումն վկայակոչված իրավակարգավորումների` Կառավարության Որոշմամբ, ի թիվս այլնի, նախատեսվել է նաև դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների սպառիչ ցանկը, որոնցում, ի թիվս այլնի նախատեսվել է նաև հետևյալը.

«15. Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն (H91)

16. Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0)»:

Համապատասխանաբար, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, որպես դատավորի լիազորությունների դադարման հիմք, նախատեսվել է հետևյալը.

«2. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա`

(...)

4) ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը»:

Այսպիսով, դատավորի իրավական կարգավիճակի բաղկացուցիչ մաս են կազմում նաև վերջինիս առողջական վիճակին առաջադրվող համապատասխան չափանիշները, որոնց բավարարումը դատավորի պաշտոն զբաղեցնելու նախապայման է: Նման չափանիշների սահմանումն ինքնանպատակ չէ. այն միտված է երաշխավորելու դատավորի պաշտոնից բխող գործառույթների արդյունավետ և լիարժեք իրականացումը: Այս առումով ընդհանուր սկզբունքն այն է, որ դատավորի առողջությանն առնչվող որևէ հիվանդություն կամ վիճակ չպետք է խոչընդոտ հանդիսանա դատավորի պարտականությունների պատշաճ իրականացման համար և այդպիսով` բացասական ազդեցություն գործի արդարադատության իրականացման գործընթացի վրա: Ըստ այդմ` դատավորի առողջության առնչությամբ կոնկրետ չափանիշների սահմանումը բխում է ինչպես արդարադատության հանրային շահի երաշխավորման, այնպես էլ անձանց` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման հրամայականից, քանի որ արդարադատություն իրականացնելու սահմանադրական բացառիկ առաքելությամբ օժտված դատավորի առողջական վիճակն ուղղակիորեն կարող է ազդել արդարադատության իրականացման գործընթացի վրա:

Այդուհանդերձ, դատավորի պաշտոնի զբաղեցման օրենսդրական սահմանափակումները պետք է լինեն իրավաչափ և համահունչ համաչափության և խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքներին: Մասնավորապես` դատավորի պաշտոնում նշանակվելու իրավունքը պետք է սահմանափակվի ոչ թե սոսկ որևէ հիվանդության և վիճակի առկայության փաստի, այլ դրանց` դատավորի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ուժով: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում խոչընդոտող հիվանդությունների կամ վիճակների ցանկի սահմանումը պետք է պայմանավորված լինի դատավորի պաշտոնից բխող գործառութային առանձնահատկություններով:

Նշվածի համատեքստում կարևոր է նկատի ունենալ, որ խնդրո առարկա հիվանդությունների, վիճակների առկայության փաստը հիմք է հանդիսանում դատավորի պաշտոն զբաղեցնելու իրավունքի սահմանափակման համար նաև այն հանգամանքի հաշվառմամբ, որ դրանք ենթակա չեն ամբողջությամբ ուղղման կամ հարմարեցման համապատասխան միջավայրային գործոնների ստեղծման միջոցով: Բոլոր այն իրավիճակներում, երբ անձի հաշմանդամության առանձնահատկություններին համարժեք հնարավոր է համապատասխան միջավայրային գործոնների ապահովում` այն պետք է տեղ գտնի ինչպես հաշմանդամների իրավունքների պաշտպանության նկատառումով, այնպես էլ հնարավոր խտրական վերաբերմունքի դրսևորումներից խուսափելու նպատակով: Սակայն, միաժամանակ, այն բոլոր իրավիճակներում, երբ անձի հիվանդությունը կամ հաշմանդամությունը հանգեցնում են անձի` համապատասխան պաշտոնից բխող գործառույթների իրականացման անհնարինության, ապա դա ինքնին իրավաչափ հիմք է առաջացնում կոնկրետ պաշտոնի զբաղեցման անհնարինության համար:

Վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից հետևում է, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա Կառավարության կողմից սպառիչ սահմանվել է դատավորի պաշտոնում նշանակմանը, ինչպես նաև նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց շարքին է դասվում, ի թիվս այլնի, երկու ականջի կայուն լրիվ խլությունը կամ խուլհամրությունը և երկու աչքերի (բինօկուլյար) կուրությունը:

Սահմանադրական դատարանը նշված կարգավորման` Սահմանադրությանը հակասելու եզրահանգման հիմքում, ի թիվս այլնի, դրել է հետևյալ պատճառաբանությունները.

Նախ, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով վիճարկվող դրույթներին, արձանագրել է երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն և երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց կողմից դատավորի պաշտոն ստանձնելու խնդրահարույց լինելը` հիմքում դնելով հետևյալ պատճառաբանությունները.

- «49. (...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ առողջական վիճակով պայմանավորված` աշխատանքային (ծառայողական) սահմանափակումներն ինքնին սահմանադրականության խնդիր չեն հարուցում այնքանով, որքանով հետապնդում են տվյալ պաշտոնով (հաստիքով) նախատեսված գործառույթները պատշաճ և արդյունավետ կատարելու նպատակ»,

- «56. Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությունն էականորեն կդժվարացնեն, իսկ առանց հատուկ տեխնիկական միջոցների օգտագործման` նման առողջական խնդիրներ ունեցող անձի համար ընդհուպ անհնարին կդարձնեն դատավորի գործառույթների կատարումը` այդպիսով կասկածի տակ դնելով դատարանի` որպես արդարադատություն իրականացնելու բացառիկ գործառույթ իրականացնող սահմանադրական ինստիտուտի, արդյունավետությունը, և որպես հետևանք` անձի` Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ապահովման պետության պոզիտիվ պարտականությունը, Որոշման 15-րդ և 16-րդ կետերով նշյալ հիվանդություններով (վիճակներով) տառապող անձանց` դատավորի պաշտոնին նշանակվելու արգելքը պիտանի է այդ արգելքի սահմանմամբ հետապնդվող սահմանադրաչափ նպատակին հասնելու համար»:

- «87. (...) Սահմանադրական դատարանը հաշվի է առնում Առաջին ատյանի դատարանի դատավորի գործառույթների հետևյալ առանձնահատկությունները, որոնք ենթակա են մանրազնին վերլուծության երկու ականջի կայուն լրիվ խլության կամ խուլհամրության ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրության հետ դրանց համատեղելիությունը որոշելու (հաստատելու կամ բացառելու) համար: Դրանք են` դատական նիստերի միանձնյա վարումը, կողմերի հետ անմիջական կոմունիկացիան և դրանցից ածանցվող` տեղում կայացվող արձանագրային (բանավոր) որոշումների կայացումը, ինչպես նաև ապացույցները դատական նիստում անմիջականորեն հետազոտելը (այդ թվում այնպիսի ապացույցներ, որոնք կարող են հետազոտվել բացառապես տեսողական և (կամ) լսողական գործառույթների իրացմամբ), կողմերին և դատավարության մյուս մասնակիցներին գործի վերաբերող հարցեր տալը, պատասխաններն արագ ընկալելը և դատավարական համարժեք գործողություններ կատարելը և այլն»,

- «89. (...) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անկախ դատավարության տեսակից` Առաջին ատյանի դատարանում քննվող գործերով ապացույցների հետազոտման գործընթացում դատավորի անմիջական և բազմակողմանի մասնակցությունն անհրաժեշտություն և էական հանգամանք է, որի համատեքստում դատավորի սոցիալական շփումը դատավարության մասնակիցների հետ ստանում է լուրջ բովանդակություն` պահանջելով կոմունիկացիայի համարժեք կարողություն»,

- «90. (...) Սահմանադրական դատարանը նկատում է, որ արդարադատության մատչելիությունը և, միևնույն ժամանակ, «տեսանելիությունը» ենթադրում են բանավոր դատաքննությանը դատավորի մասնակցությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են` ինքնավստահությունը, արդարադատությունը գործադրելու անձնային կարողությունը, ինչը միանձնյա դատավորի կողմից իրականացվող բանավոր դատաքննության պարագայում գործընթացի ողջ ծանրությունը դնում է մեկ անձի վրա` բարձրացնելով նրա առողջական վիճակի բարվոքությունից դատավարության մասնակիցների և հանրության լեգիտիմ ակնկալիքի շեմը»:

Միաժամանակ Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթներով սահմանված հիվանդություններն (վիճակներն) ունեցող անձանց կողմից դատավորի պաշտոնի ստանձնման հնարավորություն նախատեսելը հիմնավորել է հետևյալ պատճառաբանություններով.

- «66. Դատարանի գործառույթներն իրականացնում է միանձնյա դատավորը կամ կոլեգիալ դատական կազմը: Ընդ որում, առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են որպես կանոն միանձնյա` բանավոր եղանակով և մրցակցային ընթացակարգով, իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում` մեծամասամբ առանց դատական նիստ հրավիրելու (համապատասխանաբար առանց դատավարության սուբյեկտների ֆիզիկական ներգրավման) և կոլեգիալ»,

- «85. (...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ Որոշման 15-րդ և 16-րդ կետերով սահմանված, ինչպես նաև ցանկացած հիվանդության (վիճակի)` դատավորի գործառույթների իրացմանը խոչընդոտելու հնարավորությունը գնահատելիս անհրաժեշտ է ղեկավարվել դատական յուրաքանչյուր ատյանի սահմանադրաիրավական գործառույթների և տվյալ հիվանդությամբ (վիճակով) դատավորի պաշտոնի հավակնություն ունեցող անձի համար առաջացող սահմանափակումների շրջանակի համադրման մեթոդով` պարզելու համար, թե արդյոք տվյալ հիվանդությունը (վիճակը) համատեղելի է դատավորի գործառույթների հետ` հաշվի առնելով ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց աշխատանքային պայմանների ողջամիտ հարմարեցման ուղղությամբ պետության պոզիտիվ պարտականությունը»,

- «91. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում դատական նիստերը գերազանցապես կազմակերպվում է` առանց դատական նիստ հրավիրելու և, հետևաբար, մեծամասամբ բացակայում է կողմերի հետ անմիջականորեն շփվելու և դատական նիստի կարգը միանձնյա ապահովելու անհրաժեշտությունը: Փոխարենը` Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում դատավորի պաշտոնի հավակնորդից ակնկալվող հիմնական աշխատանքային հմտությունը դատական ակտին առաջադրվող պահանջների ապահովումն է»,

- «86. (...) դատավորի պաշտոնում նշանակվելու կարևորագույն հատկանիշը հավակնորդի անձնային և մասնագիտական որակների համակցությունն է, որը ներառում է նաև նրա անձնական և մասնագիտական բարեվարքությունը: Այս ամենը կազմում է հավակնորդի մարդաբանական էությունը: Համապատասխանաբար, նշյալ հատկանիշներով պետք է գնահատվի հավակնորդի համապատասխանությունը դատավորի պաշտոնին, որից հետո միայն կշռվեն դատավորի գործառույթների կատարման համար ֆիզիկական-ֆիզիոլոգիական խոչընդոտները»,

- «92. (...) խնդրո առարկա հիվանդությունների (վիճակների) առկայությունը կարող է փոխհատուցվել միայն բացառիկ բարձր կրթական և մտավոր կարողություններով ու նախընթաց աշխատանքային (այդ թվում գիտական աշխատանքի) փորձով»:

Այսպիսով, վերոնշյալ պատճառաբանություններից հետևում է, որ Սահմանադրական դատարանը մի կողմից` վիճարկվող դրույթներով նախատեսված` հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանափակումը դիտարկել է իրավաչափ` կարևորելով դատավորի պաշտոնով (հաստիքով) նախատեսված գործառույթները պատշաճ և արդյունավետ կատարելու նպատակը, միաժամանակ նշելով, որ այնքանով, որքանով երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությունն էականորեն կդժվարացնեն, ընդհուպ անհնարին կդարձնեն դատավորի գործառույթների կատարումը, այդպիսով կասկածի տակ կդրվի դատարանի` որպես արդարադատություն իրականացնելու բացառիկ գործառույթ իրականացնող սահմանադրական ինստիտուտի արդյունավետությունը:

Իսկ մյուս կողմից` Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթներով նախատեսված արգելքը դիտարկել է Սահմանադրությանը հակասող և հնարավոր համարել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց կողմից դատավորի պաշտոնի ստանձնումը` դրա հիմքում դնելով նշված հիվանդություններն (վիճակներն) ունեցող անձանց «բարձր կրթական և մտավոր կարողություններով ու նախընթաց աշխատանքային (այդ թվում գիտական աշխատանքի) փորձ» ունենալու հանգամանքը, ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց աշխատանքային պայմանների ողջամիտ հարմարեցման ուղղությամբ պետության պոզիտիվ պարտականությունը և դատական յուրաքանչյուր ատյանի սահմանադրաիրավական գործառույթներով պայմանավորված առանձնահատկությունները, հատկապես կարևորելով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում դատական նիստերը գերազանցապես առանց դատական նիստ հրավիրելու հանգամանքը և կողմերի հետ անմիջականորեն շփվելու և դատական նիստի կարգը միանձնյա ապահովելու անհրաժեշտության բացակայությունը:

Նկատի ունենալով վիճարկվող դրույթների առնչությամբ Սահմանադրական դատարանի կողմից տրված վերոնշյալ պատճառաբանությունները` հարկ եմ համարում դրանք քննարկման առարկա դարձնել` ելնելով դատավորի գործառույթներով պայմանավորված առանձնահատկություններից:

Այսպես` դատավորի աշխատանքը պահանջում է մի շարք հմտություններ. նշված հմտությունները ենթակա են դրսևորման ինչպես դատական նիստի ընթացքում, այնպես էլ դատական նիստից դուրս` աշխատանքի կազմակերպման ընթացքում: Իմ գնահատմամբ` քննարկվող հիվանդությունների առկայությունը կարող է խոչընդոտել այդ գործընթացին` հանգեցնելով դատական քննության, արդարադատության իրականացման որակի նվազման: Մասնավորապես` նշված պայմաններում դատավորի կողմից գործի քննության իրականացումը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ, այն է` երկխոսության բարդություններ, կողմերի դիրքորոշումները, փաստերի ներկայացումը, վկաների վկայությունները լիարժեքորեն լսելու անկարողություն, ինչը խնդրահարույց է փաստերի ճիշտ ընկալման, մեկնաբանության, ներքին համոզմունք ձևավորելու տեսանկյունից և հաճախ կարող է հանգեցնել արդարադատության ոչ պատշաճ իրականացման: Իսկ երկու աչքերի կուրությունն իր հերթին կարող է խոչընդոտել դատավորի կողմից փաստերը հավաստող փաստաթղթերի, ապացույցների ինքնուրույն վերլուծությանը, ինչը կարող է հանգեցնել ներքին համոզմունքի սխալ ձևավորման, գործի փաստերից չբխող վճիռների, դատավճիռների, որոշումների կայացման: Ավելին` Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ևս կարևորել է դատարանների կողմից իրականացվող դատավարական գործառույթները, մասնավորապես` առաջին ատյանի դատարանի պարագայում առանձնացրել է այն գործառույթները, որոնք ենթակա են մանրազնին վերլուծության երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց կողմից դատավորի պաշտոնի ստանձնման դեպքում: Ի թիվս այլնի, այդպիսի գործառույթներ է դիտարկել դատական նիստերի միանձնյա վարումը, կողմերի հետ անմիջական կոմունիկացիան և դրանցից ածանցվող` տեղում կայացվող արձանագրային (բանավոր) որոշումների կայացումը, ինչպես նաև ապացույցները դատական նիստում անմիջականորեն հետազոտելը (այդ թվում այնպիսի ապացույցներ, որոնք կարող են հետազոտվել բացառապես տեսողական և (կամ) լսողական գործառույթների իրացմամբ), կողմերին և դատավարության մյուս մասնակիցներին գործին վերաբերող հարցեր տալը, պատասխաններն արագ ընկալելը և դատավարական համարժեք գործողություններ կատարելը և այլն:

Ելնելով վերոնշյալից` կարծում եմ, որ նշված պայմաններում անձի միայն «բարձր կրթական և մտավոր կարողություններ ու նախընթաց աշխատանքային (այդ թվում` գիտական աշխատանքի) փորձ» ունենալը չի կարող բավարար հիմք հանդիսանալ վերոնշյալ դատավարական գործողությունների կատարման առնչությամբ այդ հիվանդությունների (վիճակների) հիմքով հարուցված խոչընդոտները հաղթահարելու համար: Ավելին` ինչպես արդեն վերը նշվեց դատավարական գործողությունների կատարման պարագայում խիստ կարևորվում է դատավորի կողմից լսելու և տեսնելու կարողությունը, իսկ դրանց բացակայությունը կարող է էականորեն դժվարացնել, ընդհուպ անհնարին դարձնել դատավորի կողմից դատավարական գործողությունների կատարումը, որպիսի պայմաններում «բարձր կրթական և մտավոր կարողություններ ու նախընթաց աշխատանքային (այդ թվում` գիտական աշխատանքի) փորձ» ունեցող անձն իր բարձր մասնագիտական հմտությունները դրսևորելու հնարավորություն չի ունենա:

Բացի այդ, դատավորի` որոշակի հիվանդություններով տառապելու հետևանքով իր պաշտոնեական լիազորությունների կատարման անընդունակությունը բացասաբար կարող է անդրադառնալ ոչ միայն դատավորի ներքին համոզմունքի ձևավորման, գործերի պատշաճ ուսումնասիրման, ըստ այդմ նաև` դատական ակտերի կայացման վրա, այլ նաև` դրանով պայմանավորված այն իր բացասական ազդեցությունը կարող է թողնել այլ անձանց իրավունքների և պարտականությունների իրականացման վրա` հանգեցնելով արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտման և կողմերի հավասարության իրավունքի խաթարման: Ուստի երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց դատավորի պաշտոնին նշանակելու հնարավորություն տալը կարող է հանգեցնել մասնավոր և հանրային շահերի բախման. մասնավորապես` մի կողմից նախապատվություն տալով մասնավոր շահին և դատավորի պաշտոնին նշանակելով նշված հիվանդություններն (վիճակներն) ունեցող անձին` արդարադատություն հայցող անձինք կարող են հայտնվել ոչ բարենպաստ իրավիճակում: Բացի այդ, կարծում եմ, որ արդարադատություն հայցող սուբյեկտները չեն կարող գտնվել առավել նվազ կամ բացասական իրավիճակում` պայմանավորված իրենց գործը քննող դատավորի կողմից իր պաշտոնեական լիազորությունների կատարման անընդունակությամբ կամ թերի ընդունակությամբ: Նշված հանգամանքը կարող է հանգեցնել արդարադատության հանրային շահի կենսագործման խաթարմանը և դատական համակարգի նկատմամբ հասարակական վստահության կորստի, ուստի իրավաչափ չէ մասնավոր շահի արժևորմամբ անտեսել արդարադատության հանրային շահը: Նման պայմաններում գտնում եմ, որ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց տվյալ հիվանդությունների առկայության հիմքով հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանափակումը, այն է` դատավորի պաշտոնում նշանակվելու արգելք սահմանելն իրավաչափ է` նկատի ունենալով, որ օրենսդրի կողմից սահմանվել է հավասարակշռություն նշված հիվանդություններն (վիճակներն) ունեցող անձանց սահմանափակվող` հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի և հանրային շահի միջև. այլ կերպ ասած` տվյալ անձանց հիմնական իրավունքին միջամտությունը համարժեք է սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանն ու կշռին: Ավելին` Սահմանադրական դատարանը ևս գտել է, որ Որոշման 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված հիվանդություններով (վիճակներով) տառապող անձանց` դատավորի պաշտոնին նշանակվելու արգելքը պիտանի է այդ արգելքի սահմանմամբ հետապնդվող սահմանադրաչափ նպատակին հասնելու համար, այնքանով, որքանով երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությունն էականորեն կդժվարացնեն, իսկ առանց հատուկ տեխնիկական միջոցների օգտագործման` նման առողջական խնդիրներ ունեցող անձի համար ընդհուպ անհնարին կդարձնեն դատավորի գործառույթների կատարումը:

Եվ թեև պետության պոզիտիվ պարտականությունն է հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան միջավայրային հարմարեցումների ապահովումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում նաև` դատավարական ընթացակարգի իրականացման առնչությամբ, այդուհանդերձ` դատավարական ընթացակարգի պատշաճ և արդյունավետ ապահովման համար խիստ կարևոր է նման միջավայրային հարմարեցումները ոչ միայն նման հիվանդություն (վիճակ) ունեցող անձանց համար, այլ նաև` արդարադատության շահառուների համար, քանի որ նման հիվանդություն (վիճակ) ունեցող դատավորի կողմից դատավարական գործողությունների իրականացումն ուղղակիորեն հետևանք են առաջացնելու արդարադատություն հայցող անձանց համար: Հետևաբար երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց դատավորի պաշտոնում նշանակման հնարավորություն ընձեռելիս չպետք է անտեսել նաև արդարադատություն հայցող անձանց շահերը: Ելնելով վերոնշյալից` գտնում եմ, որ այն բոլոր իրավիճակներում, երբ անձի հիվանդության (վիճակի) առանձնահատկություններն այնպիսին են, որ օբյեկտիվորեն անհնար է դրանք համատեղել համապատասխան պաշտոնից բխող գործառույթների իրականացման հետ, այդ թվում նաև` համապատասխան միջավայրային գործոնների ստեղծմամբ, ակնհայտորեն իրավաչափ հիմք է ստեղծվում կոնկրետ պաշտոնի զբաղեցման անհնարինության համար, ինչը ոչ թե խտրական վերաբերմունքի դրսևորում է, այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված` իրավաչափ տարբերակում:

Բացի այդ, հարկ եմ համարում նաև նշել, որ Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոնում նշանակմանը, ինչպես նաև նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների կամ վիճակների ցանկը հստակ է, ինչը կարևոր երաշխիք է կամայականությունների, անհիմն տարբերակումների, խտրական վերաբերմունքի դրսևորման և նույնօրինակ իրավիճակների տարատեսակ մեկնաբանությունների բացառման համար: Ավելին` դատավորի պաշտոնում նշանակմանը, ինչպես նաև նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների կամ վիճակների հստակ ցանկից հետևում է, որ ականջի խլության կամ խուլհամրության և աչքերի (բինօկուլյար) կուրության մասնակի դրսևորումը չի կարող հիմք հանդիսանալ դատավորի պաշտոնի նշանակման արգելքի համար, ուստի տվյալ անձինք զրկված չեն հավակնելու դատավորի պաշտոնում նշանակմանը:

Միաժամանակ անդրադառնալով Որոշմամբ սահմանված` դատավորի պաշտոնում նշանակմանը, ինչպես նաև նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների կամ վիճակների ցանկին` հարկ եմ համարում նշել որ տվյալ որոշմամբ ամրագրվել են խոչընդոտող այլ հիվանդություններ (վիճակներ) ևս: Նման պայմաններում հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասը, որի համաձայն` որևէ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիu Սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը, ապա Սահմանադրական դատարանի կողմից քննարկվող որոշմամբ եկած եզրահանգման պայմաններում հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված դատավորի պաշտոնում միայն այն անձանց նշանակվելու հնարավորություն ընձեռելը, որոնք ունեն երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն: Ավելին` քննարկվող Որոշմամբ սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում առկա են նաև այնպիսի հիվանդություններ (վիճակներ), որոնք ի տարբերություն երկու ականջի կայուն լրիվ խլության կամ խուլհամրության ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրության հիվանդության (վիճակի)` դատավորի կողմից դատավարական գործառույթների իրականացման առումով, իմ գնահատմամբ, չեն կարող խոչընդոտներ հարուցել: Մասնավորապես` այդպիսի հիվանդություններ (վիճակներ) կարող են համարվել քննարկվող Որոշման հավելված N 1-ի 6-րդ, 7-րդ, 9-րդ և 13-րդ կետերով սահմանված հիվանդությունները (վիճակները):

Ողջ վերոգրյալից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոնում նշանակմանը, ինչպես նաև նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների կամ վիճակների ցանկում նշված հիվանդություններից (վիճակներից) որևէ մեկը, եթե կարող է լրիվ խոչընդոտ հանդիսանալ դատավորի գործառույթների իրականացմանը, ապա այդ հիվանդությունները (վիճակները) հենց նրանք են, որոնք սահմանված են Որոշման հավելված N 1-ի 15-րդ և 16-րդ կետերով, այն է` երկու ականջի կայուն լրիվ խլությունը կամ խուլհամրությունը ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությունը:

Բացի վերոնշյալից, նկատի ունենալով վիճարկվող դրույթների առնչությամբ Սահմանադրական դատարանի կողմից տրված պատճառաբանությունները` Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների դատարանների կողմից բողոքները ոչ միանձնյա և առանց դատական նիստ հրավիրելու քննության վերաբերյալ, հարկ եմ համարում անդրադառնալ և քննարկման առարկա դարձնել Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների դատարանների կողմից բողոքների քննության կարգի վերաբերյալ համապատասխան կարգավորումները:

Այսպես` վարչական դատավարության մասով օրենսդրի կողմից սահմանված դատավարական կարգավորումները հետևյալն են. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` նույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով` վարչական դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված տեղում (այսուհետ` դատական նիստերի դահլիճ): Հարկ է նշել, որ նույն օրենսգրքի 18-րդ գլխի 117-րդ հոդվածով սահմանվել են այն կոնկրետ դեպքերը, որոնց պարագայում գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Նույն օրենսգրքի 142.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտերի վերանայման դեպքում վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանի մասով օրենսդրական կարգավորումները հանգում են հետևյալին. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

Փաստորեն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն` վերաքննիչ ատյանում գործերի քննության կարգը իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան, այն է` դատական նիստերի միջոցով, իսկ նույն օրենսգրքով սահմանված կոնկրետ գործերի (այն է` նույն օրենսգրքի 18-րդ գլխի 117-րդ հոդվածով գործերի) դեպքում միայն Վերաքննիչ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին: Մինչդեռ, Վճռաբեկ ատյանի պարագայում ընդհանուր կանոնն այն է, որ վճռաբեկ բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, մինչև այն պահը, երբ վճռաբեկ դատարանը կգա այն եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Այսինքն` վերոնշյալ կարգավորումներից հետևում է, որ բոլոր դեպքերում (բացառությամբ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների) Վերաքննիչ դատարանում գործերի քննությունն իրականացվում է դատական նիստերի միջոցով և միայն օրենսգրքով սահմանված կոնկրետ դեպքերում Վերաքննիչ դատարանը կարող է որոշում կայացնել գործի գրավոր կարգով քննության մասին, իսկ Վճռաբեկ դատարանի առնչությամբ օրենսդիրը թեև որպես կանոն սահմանել է գործերի քննության իրականացում գրավոր կարգով, այնուամենայնիվ չի բացառել նաև Վճռաբեկ դատարանի կողմից անհրաժեշտությունն առաջանալու դեպքում գործերի քննությունը դատական նիստերի միջոցով:

Ավելին` Սահմանադրական դատարանի կողմից որոշման մեջ ակնարկած` գործերի քննությունը վերաքննիչ և վճռաբեկ վարույթներում կոլեգիալ կազմով քննելու հանգամանքի մասով (իհարկե ինձ համար անհասկանալի է Սահմանադրական դատարանի որոշման դիրքորոշումը, թե կոլեգիալ կազմով գործելիս երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող դատավորի մոտ դատավարական գործառույթներ իրականացնելիս այդ հիվանդություններով (վիճակներով) հարուցվող խոչընդոտներն ինչպես են չեզոքացվելու կամ հաղթահարվելու) արձանագրում եմ, որ գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության դեպքում Վերաքննիչ դատարանի դատավորը ևս գործում է միանձնյա կարգով, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները վերաքննիչ և վճռաբեկ բողոքի քննության կարգի մասով հանգում են հետևյալին. տվյալ օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Նույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասով համանման կարգավորում է նախատեսված նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքի քննության կարգի մասով:

Փաստորեն, օրենսդիրը քաղաքացիական դատավարության դեպքում Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանի դատարանների պարագայում որպես ընդհանուր կանոն սահմանել է վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության իրականացում գրավոր ընթացակարգով, մինչև այն պահը, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը կգա այն եզրահանգման, որ անհրաժեշտ է համապատասխանաբար վերաքննիչ և վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Ավելին` նշված կարգավորումը կիրառելի է ինչպես եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի` կոլեգիալ դատական կազմով քննության դեպքում, այնպես էլ` միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների` միանձնյա կարգով քննելու դեպքում:

Իսկ քրեական դատավարության կանոնները վերաքննիչ և վճռաբեկ բողոքի քննության կարգի մասով սահմանում են հետևյալը. նախ «Դատական վարույթի ձևը» վերտառությամբ 264-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական վարույթն իրականացվում է բանավոր, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` գրավոր ընթացակարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գրավոր ընթացակարգով իրականացվում են նույն օրենսգրքի 38-40-րդ գլուխներով (բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի), ինչպես նաև 47-49-րդ գլուխներով նախատեսված վարույթները: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է նույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Մինչդատական ակտի վիճարկման վարույթի իրականացումը» վերտառությամբ 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչդատական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, իսկ նույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում` բանավոր ընթացակարգով: Իսկ վճռաբեկության մասով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ նույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում` բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Միաժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վերաքննիչ դատարանում վերաքննությունը, ինչպես նաև բացառիկ վերանայումն իրականացվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ հատուկ վերանայումը` միանձնյա:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.09.2025
N ՍԴՈ-1796
Որոշում