Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2025 թվականի N 1558-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1125-Լ որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի նոյեմբերի 6-ի

N 1558-Լ որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հուլիսի 6-ի

N 1125-Լ որոշման

 

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ԾՐԱԳՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն:

 

2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Սույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, բորսայում ցուցակման և շրջանառության համար օժանդակության գործիքի շրջանակներում շահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն հավելվածն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված պարտատոմսերը, եթե այդ պարտատոմսերն արտահայտված են դրամով, թողարկվել են առնվազն 36 ամիս շրջանառության ժամկետով, տեղաբաշխվել են հրապարակային առաջարկի միջոցով և այդ պարտատոմսերը ցուցակվելուց հետո ունեն շուկա ստեղծող:

3. Սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության գործիքի շրջանակներում շահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն հավելվածն ուժի մեջ մտնելուց հետո թողարկել, տեղաբաշխել և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված բաժնետոմսերը, եթե բաժնետոմսերի տվյալ թողարկումը տեղաբաշխվել է հրապարակային առաջարկի միջոցով:

4. Սույն հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամսվա ծախսերի փոխհատուցման գործիքի շրջանակներում շահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն հավելվածն ուժի մեջ մտնելուց հետո «Ֆիթչ», «Մուդիզ», «Ստանդարտ ընդ Փուրզ» կամ «Սքոփ Ռեյթինգզ» միջազգային վարկանիշային գործակալություններից որևէ մեկից ստացել է ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից երկու նիշ ցածր միջազգային վարկանիշ:

5. Սույն հավելվածի 2-4 կետերով նախատեսված օժանդակության գործիքներով օժանդակություն ստացող շահառուները պետք է միացած լինեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված կորպորատիվ կառավարման կանոնագրքին: Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, բորսայում ցուցակման և շրջանառության համար օժանդակության, ինչպես նաև միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամսվա ծախսերի փոխհատուցման ծրագրերի շահառու չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» օրենքի իմաստով ընդերքօգտագործողները, իսկ բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության ծրագրի շահառուներ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները:

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

6. Սույն հավելվածի շրջանակներում կիրառվում են օժանդակության հետևյալ գործիքները`

1) պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, բորսայում ցուցակման և շրջանառության համար օժանդակություն.

2) բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն.

3) միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տասներկու ամսվա ծախսերի փոխհատուցում:

7. Միևնույն շահառուն և իր հետ փոխկապակցված կազմակերպությունները սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված օժանդակության յուրաքանչյուր գործիքով կարող են ներկայացնել հայտ և օժանդակություն ստանալ միայն մեկ անգամ: Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված օժանդակության հայտերը կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի մարտի 1-ը ներառյալ: Սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված օժանդակության ստացման հայտերը կարող են ներկայացվել 2026 թվականի մարտի 1-ից հետո, եթե մինչև այդ ժամանակահատվածը ներկայացված է եղել նույն կետի 1-ին ենթակետով սահմանված հայտը: Կազմակերպությունների փոխկապակցվածությունը որոշվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

 

4. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԲՈՐՍԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԿՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

8. Շահառուներին տրամադրվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցուցակված պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, բորսայում ցուցակման և շրջանառության համար օժանդակություն` յուրաքանչյուր շահառուի համար մեկ անգամ հետևյալ չափերով`

1) պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման գործընթացի ավարտից հետո շահառուին տրամադրվում է մեկանգամյա օժանդակություն` տեղաբաշխված պարտատոմսերի ծավալի (անվանական արժեքով հաշվարկված) 2 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան երեսուն միլիոն դրամ.

2) պարտատոմսերի շրջանառության յուրաքանչյուր տարվա ավարտից հետո շահառուին տրամադրվում է օժանդակություն` շրջանառության համար, տեղաբաշխված և փաստացի շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ծավալի (անվանական արժեքով հաշվարկված) երեքական տոկոսի չափով առաջին երեք տարվա համար, սակայն ոչ ավելի, քան քառասունհինգ միլիոն դրամ` շրջանառության յուրաքանչյուր 12 ամսվա համար:

9. Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն ստանալու նպատակով շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: Հայտերը ներկայացվում են սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված օժանդակության յուրաքանչյուր դեպքի համար: Հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված օժանդակությունը ստանալու համար հայտերը ներկայացվում են պարտատոմսի թողարկման օրվան հաջորդող յուրաքանչյուր 12 ամսվա ավարտից հետո եռամսյա ժամկետում: Հայտերի և պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով: Սույն կետով նախատեսված հայտը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) հայտատուի անվանումը.

2) հայտատուի գործունեության հասցեն.

3) հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը.

4) հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

5) հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը.

6) պարտատոմսի տեսակը և դասը.

7) պարտատոմսի տարբերակիչ ծածկագիրը.

8) պարտատոմսերի տեղաբաշխված ծավալը.

9) պարտատոմսերի տեղաբաշխված քանակը.

10) պարտատոմսերի անվանական արժեքը.

11) պարտատոմսերի թողարկման ամսաթիվը.

12) պարտատոմսերի մարման ամսաթիվը.

13) պարտատոմսերի տեղաբաշխման սկիզբը.

14) պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը.

15) արժեկտրոնի եկամտաբերությունը.

16) արժեկտրոնի վճարման պարբերականությունը.

17) տեղեկատվություն յուրաքանչյուր արժեկտրոնի վճարման վերաբերյալ.

18) ֆոնդային բորսայի անվանումը.

19) ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ պարտատոմսը ցուցակված է.

20) ցուցակման ամսաթիվը.

21) ֆոնդային բորսայի կողմից պարտատոմսին շնորհված հապավումը.

22) պարտատոմսերի շուկա ստեղծող(ներ)ը.

23) հայտատուի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու վերաբերյալ:

10. Լիազոր մարմինը սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված հայտը դիտարկում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված հայտը կամ հայտին կցվող փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում հայտը ներկայացնելու օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով վերադարձվում է հայտատուին` նշելով առկա թերությունները և սահմանելով թերությունների վերացման ժամկետ` հայտը էլեկտրոնային եղանակով վերադարձնելու օրվանից հաշվարկված առնվազն տասն աշխատանքային օր: Սույն կետով նախատեսված կարգով վերադարձված հայտը սահմանված ժամկետում շահառուի կողմից կրկին ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիտարկվում է հայտը ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված հայտի բավարարման դեպքում լիազոր մարմինն այդ մասին հայտի դիտարկման ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ տասն աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է օժանդակության տրամադրման վերաբերյալ պայմանագիր, որով սահմանվում են օժանդակության գումարի փոխանցման կարգն ու ժամկետները: Հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված օժանդակությունը ստանալու համար նոր պայմանագիր չի կնքվում, շահառուի հետ տասն աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է օժանդակության գումարի հաշվարկի վերաբերյալ համաձայնություն, որը կցվում է արդեն իսկ կնքված պայմանագրին` որպես հավելված: Շահառուի կողմից սույն կետով նախատեսված պայմանագրի կնքման ժամկետում պայմանագիրը կամ օժանդակության գումարի հաշվարկի վերաբերյալ համաձայնություն չկնքելու կամ պայմանագրի կնքումից խուսափելու դեպքում օժանդակությունը չի տրամադրվում, իսկ շահառուն զրկվում է այդ պարտատոմսերի համար սույն օժանդակության գործիքի շրջանակներում կրկին հայտ ներկայացնելու հնարավորությունից:

12. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված հայտը մերժվում է, եթե`

1) սույն հավելվածով նախատեսված կարգով վերադարձված հայտի կամ կից ներկայացված փաստաթղթերի թերությունները չեն շտկվել սահմանված ժամկետում կամ կրկին ներկայացված հայտը կամ կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական.

2) հայտում կամ կից ներկայացված փաստաթղթերում ներկայացվել են անարժանահավատ կամ կեղծ տեղեկություններ.

3) հայտատուն կամ թողարկվող պարտատոմսերը չեն համապատասխանում սույն հավելվածի պահանջներին:

13. Սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտ ներկայացրած շահառուին հայտի մերժման մասին` նշելով մերժման հիմքը:

 

5. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

14. Շահառուներին տրամադրվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թողարկված բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն յուրաքանչյուր շահառուի համար միայն մեկ անգամ, ընդ որում` փոխհատուցվում է փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 80%-ը, սակայն ոչ ավելի, քան հիսուն միլիոն դրամ: Նշված ծախսերը ներառում են արտաքին աուդիտի, ներդրումային, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը` կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ:

15. Բաժնետոմսերի տեղաբաշխման միանվագ օժանդակություն ստանալու նպատակով շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը: Հայտերի և պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով: Սույն կետով նախատեսված հայտը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) հայտատուի անվանումը.

2) հայտատուի գործունեության հասցեն.

3) հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը.

4) հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

5) հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը.

6) թողարկված բաժնետոմսերի տեսակը և դասը.

7) թողարկված բաժնետոմսերի տարբերակիչ ծածկագիրը.

8) թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված ծավալը.

9) թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված քանակը.

10) թողարկված բաժնետոմսերի անվանական արժեքը.

11) բաժնետոմսերի թողարկման ամսաթիվը.

12) բաժնետոմսերի տեղաբաշխման սկիզբը.

13) բաժնետոմսերի տեղաբաշխման ավարտը.

14) ֆոնդային բորսայի անվանումը.

15) ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ բաժնետոմսը ցուցակված է.

16) ցուցակման ամսաթիվը.

17) ֆոնդային բորսայի կողմից բաժնետոմսին շնորհված հապավումը.

18) բաժնետոմսերի շուկա ստեղծողը (ստեղծողները):

16. Լիազոր մարմինը սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված հայտը դիտարկում է տասն աշխատանքային օրվա ընթացքում:

17. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված հայտը կամ հայտին կցվող փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում հայտը ներկայացնելու օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով վերադարձվում է հայտատուին` նշելով առկա թերությունները և սահմանելով թերությունների վերացման ժամկետ` հայտը էլեկտրոնային եղանակով վերադարձնելու օրվանից հաշվարկված առնվազն տասն աշխատանքային օր: Սույն կետով նախատեսված կարգով վերադարձված հայտը սահմանված ժամկետում շահառուի կողմից կրկին ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիտարկվում է հայտն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

18. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված հայտի բավարարման դեպքում լիազոր մարմինն այդ մասին հայտի դիտարկման ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ տասն աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է օժանդակության տրամադրման վերաբերյալ պայմանագիր, որով սահմանվում են օժանդակության գումարի փոխանցման կարգն ու ժամկետները: Շահառուի կողմից սույն կետով նախատեսված պայմանագրի կնքման ժամկետում պայմանագիրը չկնքելու կամ պայմանագրի կնքումից խուսափելու դեպքում օժանդակությունը չի տրամադրվում, իսկ շահառուն զրկվում է այդ բաժնետոմսերի համար սույն օժանդակության գործիքի շրջանակներում կրկին հայտ ներկայացնելու հնարավորությունից:

19. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված հայտը մերժվում է, եթե`

1) սույն հավելվածով նախատեսված կարգով վերադարձված հայտի կամ կից ներկայացված փաստաթղթերի թերությունները չեն շտկվել սահմանված ժամկետում կամ կրկին ներկայացված հայտը կամ կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական.

2) հայտում կամ կից ներկայացված փաստաթղթերում ներկայացվել են անարժանահավատ կամ կեղծ տեղեկություններ.

3) հայտատուն չի համապատասխանում սույն հավելվածի պահանջներին:

20. Սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտ ներկայացրած շահառուին հայտի մերժման մասին` նշելով մերժման հիմքը:

 

6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՎԱ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

21. Շահառուն կարող է ստանալ Ֆիթչ (Fitch), Ստանդարտ ընդ փուրս (Standard and Poor's), Մուդիզ (Moody's) կամ Սքոփ Ռեյթինգզ (Scope Ratings) վարկանիշային գործակալություններից (այսուհետ` միջազգային վարկանիշային գործակալություններ) վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցում 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր հիսուն միլիոն դրամ: Ընդ որում` փոխհատուցման ենթակա է ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից երկու նիշ ցածր վարկանիշը` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործակալության կողմից հրապարակված սուվերեն վարկանիշ առկա չէ: Արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են ծախսերի կատարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով: Շահառուի կողմից վարկանիշի ստացման օրվանից սկսած 18 ամսվա ընթացքում պարտատոմսերի կամ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում շահառուին կտրամադրվի վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 80%-ը (30%-ի հավելումը նախորդող 50%-ի), եթե պահպանվել են սույն հավելվածի համապատասխանաբար 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված պահանջները:

22. Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցում ստանալու նպատակով ցանկացած շահառու, որը փաստացի ստացել է վարկանիշը և կատարել է դրա դիմաց անհրաժեշտ վճարումները, պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի լիազոր մարմին` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: Հայտերի և պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով: Սույն կետով նախատեսված հայտը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) հայտատուի անվանումը.

2) հայտատուի գործունեության հասցեն.

3) հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը.

4) հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

5) հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը.

6) միջազգային վարկանիշային գործակալության անվանումը.

7) վարկանիշավորման ամսաթիվը.

8) ստացված վարկանիշը` կցելով հավաստող փաստաթուղթը.

9) վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերը` կցելով հավաստող փաստաթղթերը:

23. Լիազոր մարմինը սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հայտը դիտարկում է տասն աշխատանքային օրվա ընթացքում:

24. Սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հայտը կամ հայտին կցվող փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված ժամկետում հայտն էլեկտրոնային եղանակով վերադարձվում է հայտատուին` նշելով առկա թերությունները և սահմանելով թերությունների վերացման ժամկետ` առնվազն տասն աշխատանքային օր: Սույն կետով նախատեսված կարգով վերադարձված հայտը սահմանված ժամկետում շահառուի կողմից կրկին ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիտարկվում է տասն աշխատանքային օրվա ընթացքում:

25. Սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հայտի բավարարման դեպքում լիազոր մարմինն այդ մասին հայտի դիտարկման ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ տասն աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է օժանդակության տրամադրման վերաբերյալ պայմանագիր, որով սահմանվում են օժանդակության գումարի փոխանցման կարգն ու ժամկետները: Շահառուի կողմից սույն կետով նախատեսված պայմանագրի կնքման ժամկետում պայմանագիրը չկնքելու կամ պայմանագրի կնքումից խուսափելու դեպքում օժանդակությունը չի տրամադրվում:

26. Սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հայտը մերժվում է, եթե`

1) սույն հավելվածով նախատեսված կարգով վերադարձված հայտի կամ կից ներկայացված փաստաթղթերի թերությունները չեն շտկվել սահմանված ժամկետում կամ կրկին ներկայացված հայտը կամ կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական.

2) հայտում կամ կից ներկայացված փաստաթղթերում ներկայացվել են անարժանահավատ կամ կեղծ տեղեկություններ.

3) հայտատուն չի համապատասխանում սույն հավելվածի պահանջներին:

27. Սույն հավելվածի 26-րդ կետով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտ ներկայացրած շահառուին հայտի մերժման մասին` նշելով մերժման հիմքը:»:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2025
N 1558-Լ
Որոշում