ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 10-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու մասին» N 175-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. նոյեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի նոյեմբերի 6-ի
N 1580-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի փետրվարի 9-ի
N 175-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի նպատակներն են հանրային ներդրումների կառավարման բարելավումը, հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացումը և հաշվետվողականության ապահովումը:
2. Սույն կարգում օգտագործվող և սույն կետով չնախատեսված հասկացությունները գործածվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքներով սահմանված իմաստով, եթե այլ բան չի բխում համապատասխան նորմի բովանդակությունից: Սույն կարգի իմաստով` ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
1) հանրային ներդրումը պետական և համայնքային բյուջեների (այդ թվում` կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերումն է (այդ թվում` ոչ ֆինանսական ակտիվի ստեղծումը, փոխարինումը) կամ էական բարելավումը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է ծախս կամ պայմանական պարտավորություն: Սույն որոշման իմաստով էական բարելավում են համարվում ակտիվի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը: Սույն որոշման իմաստով հանրային ներդրում չեն համարվում այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ոչ ֆինանսական ակտիվի ներկա վիճակի պահպանմանը: Սույն որոշման իմաստով հանրային ներդրումը ներառում է նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման արդյունքում ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերումը կամ էական բարելավումը.
2) հանրային ներդրումային ծրագիրը պետական և համայնքային բյուջեների (այդ թվում` կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին սահմանված ժամանակահատվածում և որոշակի կազմակերպական կառուցվածքով հստակ սահմանված նպատակներին և արդյունքներին միտված գործողությունների միջոցով իրականացվող հանրային ներդրում է: Հանրային ներդրումային ծրագիրը կարող է ներառվել պետական բյուջեում որպես առանձին բյուջետային ծրագիր կամ բյուջետային ծրագրի միջոցառում.
3) փոքր հանրային ներդրումային ծրագիր` 1 միլիարդ ՀՀ դրամից պակաս արժեք ունեցող հանրային ներդրումային ծրագիր.
4) միջին հանրային ներդրումային ծրագիր` 1 միլիարդ ՀՀ դրամից մինչև 4 միլիարդ դրամ արժեք ունեցող հանրային ներդրումային ծրագիր.
5) խոշոր հանրային ներդրումային ծրագիր` 4 միլիարդ ՀՀ դրամ և ավել արժեք ունեցող հանրային ներդրումային ծրագիր.
6) հանրային ներդրումների կառավարում (ՀՆԿ)` հանրային ֆինանսների կառավարման շրջանակներում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, առաջնահերթությունների սահմանման և ընտրության համակարգ.
7) հանրային ներդրումային ծրագրի նախագծի հայեցակարգ` հանրային ներդրումների իրականացման նպատակով միջին և խոշոր ներդրումային ծրագրի ամփոփ նկարագիր և նախնական տնտեսական վերլուծություն, որն իրավասու մարմնի կողմից տրամադրվում է ՀՀ ֆինանսների նախարարությանը.
8) հանրային ներդրումային ծրագրի (ծրագրի) նախնական գնահատում` ծրագրի նախագծի հայեցակարգի հիման վրա սույն կարգի 8-րդ գլխով նախատեսված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված նախնական գնահատում.
9) հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատում` հանրային ներդրումային ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության (սույն կարգով նախատեսված դեպքերում` նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման) հիման վրա սույն կարգի 8-րդ գլխով նախատեսված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատում.
10) հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչներ (չափորոշիչներ)` հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման նպատակով սահմանվող սույն կարգի 40-րդ կետով նախատեսված չափորոշիչներ.
11) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում (pre-feasibility study)` հանրային ներդրումային ծրագրին առնչվող էական նշանակություն ունեցող բոլոր հարցերի, այդ թվում` տնտեսական, ֆինանսական, սոցիալական, շրջակա միջավայրի, տեխնիկական, իրավական, իրականացման ժամկետների և հնարավոր այլընտրանքային տարբերակների վերաբերյալ կատարված նախնական ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվում է ծրագրի իրականացման հնարավորության, ինչպես նաև ռիսկերի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը: Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման բովանդակության նվազագույն պահանջները սահմանված են սույն կարգի Ձև 2-ով: Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն իրականացվում է նախնական և ոչ առաջնային (այլ աղբյուրներից ստացված) տվյալների կիրառմամբ` հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ուղեցույցները, իսկ մինչև դրանց հաստատումը` համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման նկատմամբ կիրառելի պահանջները.
12) տեխնիկատնտեսական ուսումնասիրություն (feasibility study)` հանրային ներդրումային ծրագրի նախագծին առնչվող էական նշանակություն ունեցող բոլոր հարցերի, այդ թվում` տնտեսական, ֆինանսական, սոցիալական, շրջակա միջավայրի, տեխնիկական, իրավական, իրականացման ժամկետների վերաբերյալ կատարված ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվում է ծրագրի նախագծի իրականացման հնարավորության, ինչպես նաև ռիսկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Տեխնիկատնտեսական ուսումնասիրության բովանդակության նվազագույն պահանջները սահմանված են սույն կարգի Ձև 2-ով: Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն իրականացվում է առաջնային (կոնկրետ տեղանքի և իրականացվող ծրագրի վերաբերյալ) տվյալների կիրառմամբ` հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ուղեցույցները, իսկ մինչև դրանց հաստատումը` համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող տեխնիկատնտեսական ուսումնասիրության նկատմամբ կիրառելի պահանջները.
13) իրավասու մարմին` պետական կառավարման համակարգի այն մարմինը, որը տվյալ ծրագրի հետ ամենասերտ առնչություն ունեցող, ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու մարմինն է, պետական ոչ առևտրային կազմակերպության ծրագրի դեպքում` այն պետական կառավարման համակարգի մարմինը, որի ենթակայությանը հանձնված է պետական կազմակերպությունը, այն տեղական ինքնակառավարման մարմինը, որի բյուջեում ներառվելու են տվյալ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցները,
14) հանրային ներդրումային կոմիտե` աշխատանքային կոմիտե, որի կազմը, աշխատակարգը և գործառույթները սահմանվում են սույն որոշմամբ.
15) հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազա` սույն կարգի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված բոլոր հանրային ներդրումային ծրագրերի և ծրագրերի նախագծերի շտեմարան.
16) հրատապ ծրագիր` բնածին, տեխնածին աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած` ծրագրի իրականացման անհետաձգելի պահանջով պայմանավորված հանրային ներդրումային ծրագիր, որի դեպքում սույն կարգով նախատեսված ընդհանուր ընթացակարգի կիրառումն անհնար է.
17) առաջնահերթությունների ցանկ` սույն կարգի 8-րդ գլխով նախատեսված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատման արդյունքների հիման վրա ձևավորված հանրային ներդրումային ծրագրերի ցանկ.
18) ծրագրի իրականացման պլան` փաստաթուղթ, որը ներկայացնում է հանրային ներդրումային ծրագրի մանրամասն գործողությունների հաջորդականությունը, ժամկետները, պատասխանատու կողմերին, նախագծման, գնումների, ֆինանսավորման և գործարկման փուլերը, ծրագրի վերահսկման գործընթացը և մեխանիզմները, ինչպես նաև գնահատված վերջնական արժեքը և ռիսկերի կառավարման մեխանիզմները.
19) ծրագրի հասունության ձևաթուղթ` փաստաթուղթ, որը նախատեսված է հանրային ներդրումային ծրագրի պատրաստվածության մակարդակի գնահատման համար և ներառում է տեղեկատվություն նախագծման ավարտվածության, ֆինանսավորման աղբյուրների ապահովվածության, գնումների պլանավորման, արտոնագրերի և թույլտվությունների առկայության (կախված հանրային ներդրումային ծրագրի առանձնահատկություններից), ինչպես նաև այլ գործոնների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ծրագրի արդյունավետ մեկնարկի համար: Ծրագրի հասունության ձևաթղթի ձևաչափը սահմանված է սույն կարգի Ձև 4-ով.
20) վարչական բնույթի կապիտալ ծախսեր` այն ծախսերը, որոնք ուղղված են տվյալ մարմնի ընդհանուր ղեկավարման, համակարգման և ներքին գործառույթների իրականացմանը և անհրաժեշտ են տվյալ մարմնի ինստիտուցիոնալ և գործառնական կարողությունների պահպանման համար:
3. Սույն կարգը կիրառելի չէ`
1) ամբողջությամբ համայնքային բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք հանդիսանում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր.
2) հրատապ և պետական գաղտնիք պարունակող ծրագրերի նկատմամբ.
3) բացառապես վարչական բնույթի կապիտալ ծախսեր ենթադրող ծրագրերի նկատմամբ.
4) այն կապիտալ ծախսերի նկատմամբ, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ակտիվի ներկա վիճակի պահպանմանը.
5) փոքր հանրային ներդրումային ծրագրերի նկատմամբ.
6) բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության ծրագրից և ռազմավարական նպատակներից ուղղակիորեն բխող ծրագրերի նկատմամբ, որոնց ցանկը հաստատվում է հանրային ներդրումային կոմիտեի կողմից` ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հիմնավորումների և եզրակացության հիման վրա: Ընդ որում, սույն ենթակետը կիրառելի է միայն մինչև 2028 թ. պետական բյուջեում ներառման ենթակա հանրային ներդրումային ծրագրերի նկատմամբ:
4. Միևնույն հանրային ենթակառուցվածքի մաս կազմող կամ դրա սպասարկման նպատակով իրականացվող առանձին հանրային ներդրումային ծրագրերը սույն կարգի իմաստով միավորվում են մեկ հանրային ներդրումային ծրագրում:
2. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
5. Իրավասու մարմինը պատասխանատու է`
1) հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, հայեցակարգի և ծրագրի նախագծի մշակման համար.
2) ծրագրերի նախագծերի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումների և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների մշակման համար.
3) ծրագրի նախագծում արձանագրված թերությունների լրամշակման և շտկման համար.
4) ծրագրերի իրականացման պլանի և հասունության ձևաթղթի պատրաստման և շարունակական թարմացման համար.
5) հաստատված և բյուջետավորված ծրագրի իրականացման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ մշտադիտարկման համար:
6. ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանատու է`
1) իրավասու մարմնի կողմից մշակված և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերի որակի ստուգման համար.
2) ծրագրերի նախագծերի նախնական գնահատման համար.
3) ծրագրերի նախագծերի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումների և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների որակի ստուգման համար.
4) ծրագրերի նախագծերի գնահատման համար.
5) պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի նախագծերի իրականացման հնարավորության թեստավորման համար.
6) հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազայի վարման համար.
7) առաջնահերթությունների ցանկի վարման համար.
8) ՀՆԿ գործընթացն ապահովող փաստաթղթերի օրինակելի ձևերի և ուղեցույցների մշակման, հաստատման և հրապարակման համար.
9) ծրագրերի նախագծի մշակման ընթացքում իրավասու մարմնին մեթոդաբանական աջակցության տրամադրման համար.
10) հանրային ներդրումային կոմիտեին ծրագրի նախագծի ներկայացմանը հաջորդող հինգ տարիների բյուջետային սահմանափակումների (ֆիսկալ տարածություն) վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար.
11) իրականացման փուլում գտնվող ծրագրերի մշտադիտարկման համար:
7. Հանրային ներդրումային կոմիտեն պատասխանատու է սույն կարգի 40-րդ կետով նախատեսված չափորոշիչների հիման վրա գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, ծրագրերի նախագծերի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության մշակումը հանձնարարելու, ծրագրերի նախագծերի իրականացման մերժման, պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի նախագծերի իրականացման հետագա ընթացքի, առաջնահերթությունների ցանկում ծրագրերի ներառման վերաբերյալ որոշման և սույն կարգով նախատեսված այլ որոշումների կայացման համար:
3. ՀՆԿ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ
8. ՀՆԿ գործընթացի` սույն կարգով կարգավորվող փուլերն են`
1) ծրագրի նախագծի վերհանում, մշակում և նախնական գնահատում.
2) ծրագրի նախագծերի նախնական ընտրություն.
3) ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում, դրանց որակի ստուգում և որոշումների կայացում.
4) ծրագրերի նախագծերի գնահատում, որոշումների կայացում և առաջնահերթությունների սահմանում.
5) ծրագրերի մշտադիտարկում:
4. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՀԱՆՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
9. Իրավասու մարմինն իրականացնում է պոտենցիալ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի վերհանում: Վերհանված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի համար իրավասու մարմնի կողմից մշակվում են ծրագրերի նախագծերի հայեցակարգերը, որոնք պետք է համապատասխանեն սույն կարգի Ձև 1-ով սահմանված պահանջներին:
10. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն մշակված նախագծի հայեցակարգը իրավասու մարմինն ուղարկում է ՀՀ ֆինանսների նախարարություն` որակի ստուգում և ծրագրի նախագծի նախնական գնահատում իրականացնելու նպատակով: Սույն կարգի իմաստով ծրագրի նախագծի որակի ստուգումը սույն կարգի Ձև 1-ով սահմանված ձևին ծրագրի նախագծի հայեցակարգի լրացվածության համապատասխանության ստուգումն է` բավարար կամ ոչ բավարար կամ ոչ հստակ սկզբունքով:
11. Իրավասու մարմինը, ծրագրի նախագծի հայեցակարգը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելիս, նախագծի հետ միասին ներկայացնում է նաև ծրագրի հասունության ձևաթուղթը: Ընդ որում, իրավասու մարմինը պարտավոր է հասունության ձևաթուղթը մշտապես թարմացնել` ՀՆԿ գործընթացի հետագա փուլերում արդի տարբերակը ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարարություն:
12. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի հայեցակարգը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծրագիրը ներառում է հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազայում:
13. Նախագծի հայեցակարգը ստանալուց հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է որակի ստուգում և`
1) հայեցակարգը ոչ բավարար կամ ոչ հստակ գնահատելու դեպքում վերադարձնում է վերջինս լրամշակման` նշելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող կետերը: Իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում և լրամշակված նախագծի հայեցակարգն ուղարկում է ՀՀ ֆինանսների նախարարություն` հաշվի առնելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող բոլոր կետերի վերաբերյալ տրամադրված նկատառումները.
2) հայեցակարգը բավարար որակելու դեպքում 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ծրագրի նախագծի նախնական գնահատում, իրականացնում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի նախագծերի իրականացման հնարավորության թեստավորում, կազմում արդյունքների վերաբերյալ եզրակացություն և ուղարկում այն ի գիտություն իրավասու մարմնին:
14. ՀՀ ֆինանսների նախարարությունը եռամսյակը մեկ սույն գլխով սահմանված ընթացակարգով նախնական գնահատում անցած միջին և խոշոր ծրագրերի վերաբերյալ եզրակացություններն ուղարկում է հանրային ներդրումային կոմիտեին:
5. ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
15. Հանրային ներդրումային կոմիտեն, հիմք ընդունելով 13-րդ կետով սահմանված կարգով ստացված ծրագրերի նախագծերի նախնական գնահատման արդյունքները, քննարկում է ծրագրերի նախագծերը և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`
1) մերժել ծրագրի նախագծի իրականացումը.
2) հանրային ներդրումային կոմիտեի դիտողություններով և առաջարկություններով ծրագրի նախագիծը վերադարձնել իրավասու մարմնին` լրամշակման, որի դեպքում հստակ նշվում են լրամշակում պահանջող համապատասխան կետերը` անհրաժեշտ փոփոխությունների նկարագրությամբ.
3) հաստատել ծրագրի նախագիծը և իրավասու մարմնին հանձնարարել մշակել`
ա. տեխնիկատնտեսական ուսումնասիրություն միջին հանրային ներդրումային ծրագրերի դեպքում,
բ. նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում խոշոր հանրային ներդրումային ծրագրերի դեպքում, եթե վերջինները ենթադրում են բարդ տեխնոլոգիական լուծումներ, նախատեսվող ծառայությունների մատուցման դիմաց հանրությունից գանձվող վճարներ, կամ ունեն նշանակալի բնապահպանական և սոցիալական ազդեցություններ,
գ. տեխնիկատնտեսական ուսումնասիրություն խոշոր հանրային ներդրումային ծրագրերի դեպքում, եթե վերջինս չի համապատասխանում սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դրույթներին.
4) հաստատել ծրագրի նախագիծը և իրավասու մարմնին հանձնարարել իրականացնելու ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում` համաձայն ՊՄԳ ընթացակարգի (համաձայն «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի), եթե ծրագիրը ենթակա է իրականացման պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով:
16. Որոշման կայացումից հետո իրավասու մարմինը, կախված ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային ներդրումային կոմիտեի որոշումից, կարող է`
1) դադարեցնել ծրագրի նախագծի մշակման աշխատանքները, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը.
2) հանրային ներդրումային կոմիտեի դիտողությունների և առաջարկությունների համաձայն լրամշակել ծրագրի նախագիծը, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը: Իրավասու մարմինը հանրային ներդրումային կոմիտեի նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը և հանրային ներդրումային կոմիտեին վերոնշյալ դիտողությունների և առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակման աշխատանքների համար պահանջվող ժամանակահատվածի վերաբերյալ և ապահովում է նախագծի լրամշակման աշխատանքներն այդ ժամանակահատվածում: Այս դեպքում իրավասու մարմինը ծրագրի լրամշակված տարբերակն ուղարկում է ՀՀ ֆինանսների նախարարություն: ՀՀ ֆինանսների նախարարությունը`
ա. նախագծի լրամշակված տարբերակը ստանալուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է որակի ստուգում` այդ թվում ուսումնասիրելով հանրային ներդրումային կոմիտեի կողմից ներկայացված առաջարկությունների հաշվի առնված լինելը,
բ. նախագծի հայեցակարգը ոչ բավարար կամ ոչ հստակ գնահատելու, կամ հանրային ներդրումային կոմիտեի առաջարկությունների հաշվի առնված լինելը ոչ ամբողջական գնահատելու դեպքում վերադարձնում է վերջինս լրամշակման` նշելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող կետերը: Իրավասու մարմինը լրամշակում և լրամշակված նախագծի հայեցակարգն ուղարկում է ՀՀ ֆինանսների նախարարություն` հաշվի առնելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող բոլոր կետերի վերաբերյալ տրամադրված նկատառումները,
գ. նախագծի հայեցակարգը բավարար որակելու դեպքում 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ծրագրի նախագծի նախնական գնահատման թարմացում, կազմում է արդյունքների վերաբերյալ եզրակացություն և ծրագիրը ներկայացնում է հանրային ներդրումային կոմիտեին` այդ մասին տեղեկացնելով իրավասու մարմնին.
3) հաշվի առնելով հանրային ներդրումային կոմիտեի կողմից սահմանված մեկնարկի ժամկետը` իրականացնել ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության մշակումը, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշումներից մեկը: Իրավասու մարմինը հանրային ներդրումային կոմիտեի նիստից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը և հանրային ներդրումային կոմիտեին ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության մշակման աշխատանքների համար պահանջվող ժամանակահատվածի վերաբերյալ և ապահովում է վերջիններիս մշակումն այդ ժամանակահատվածում.
4) իրականացնել ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը` համաձայն ՊՄԳ ընթացակարգի (համաձայն «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի), եթե ծրագիրը ենթակա է իրականացման պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով և հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված որոշումը: Իրավասու մարմինը հանրային ներդրումային կոմիտեի նիստից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը և հանրային ներդրումային կոմիտեին սույն ենթակետում նշված աշխատանքների համար պահանջվող ժամանակահատվածի վերաբերյալ և ապահովում է վերջիններիս իրականացումն այդ ժամանակահատվածում:
6. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
17. Ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման պատասխանատվությունը կրում է իրավասու մարմինը: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավասու մարմնին ցուցաբերում է մեթոդաբանական աջակցություն: Ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության համար կազմվող տեխնիկական բնութագրերն իրավասու մարմինը պետք է համաձայնեցնի ՀՀ ֆինանսների նախարարության հետ: Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը պետք է պարունակեն սույն կարգի Ձև 2-ով հաստատված անհրաժեշտ տեղեկատվությունը:
18. Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները նախատեսվում են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեում` հաստատվելով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով` ելնելով ֆիսկալ հնարավորություններից, և կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային հատկացմամբ տրամադրվել համապատասխան իրավասու մարմիններին նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման աշխատանքների կազմակերպման համար:
19. Սույն կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված որոշման կայացման դեպքում համապատասխան ծրագրի պատրաստման, հաստատման և իրականացման հաջորդող փուլերի նկատմամբ կիրառվում է ՊՄԳ ընթացակարգը` համաձայն «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի: Եթե սույն կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված որոշմանը հաջորդող որևէ փուլում ծրագրի իրականացումը պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացման ենթակա չէ, ապա իրավասու մարմինը կարող է ծրագրի նախագիծը համապատասխան փոփոխություններ իրականացնելուց հետո կրկին ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` սույն կարգի 15-րդ կետով սահմանված գործընթացն իրականացնելու համար: Ընդ որում, եթե ծրագրի համար կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում, որը համապատասխանում է ՊՄԳ ընթացակարգին, նոր նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում չի պահանջվում, և իրավասու մարմինն առաջնորդվում է սույն կարգի 20-րդ կետով:
20. Իրավասու մարմինը նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարություն` ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգում իրականացնելու նպատակով:
21. ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացնում է ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության Ձև 2-ով սահմանված պահանջներին և իր կողմից ընդունված ուղեցույցներին համապատասխանության ստուգում և արդյունքները 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին:
22. Իրավասու մարմինը, սույն կարգի 21-րդ կետով նախատեսված որակի ստուգման արդյունքները ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության լրամշակված տարբերակը: Եթե նշված ժամկետում լրամշակման իրականացումը հնարավոր չէ ապահովել, ապա իրավասու մարմինը նույն ժամկետում տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը լրամշակման համար անհրաժեշտ լրացուցիչ ժամկետի վերաբերյալ և ապահովում է լրամշակման իրականացումն այդ ժամկետում:
23. ՀՀ ֆինանսների նախարարությունը լրամշակված տարբերակը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է լրամշակված տարբերակի` 21-րդ կետով սահմանված ստուգումը, և, եթե այն համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ծրագրի նախագծի գնահատում և պատրաստում է եզրակացություն: Եթե ստուգման արդյունքում լրամշակված տարբերակը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ՀՀ ֆինանսների նախարարությունը սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով արդյունքները ներկայացնում է իրավասու մարմին:
24. Եթե նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգման արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավասու մարմին չի ներկայացրել դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ, ապա ՀՀ ֆինանսների նախարարությունը որակի ստուգում իրականացնելուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ծրագրի նախագծի գնահատում` համաձայն սույն կարգի 8-րդ գլխով նախատեսված մեթոդաբանության, պատրաստում է եզրակացություն և այն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետ միասին ներկայացնում է հանրային ներդրումային կոմիտե:
7. ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
25. Հանրային ներդրումային կոմիտեն, ստանալով ծրագրերի նախագծերի` սույն կարգի 8-րդ գլխով նախատեսված մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատման արդյունքները և սույն կարգի 24-րդ կետով նախատեսված եզրակացությունը, քննարկում է դրանք և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`
1) մերժել ծրագրի իրականացումը.
2) հաստատել ծրագրի նախագիծը և ներառել այն առաջնահերթությունների ցանկում.
3) հաստատել ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը և հանձնարարել իրավասու մարմնին իրականացնելու ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքներ:
26. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի արձանագրությունը ստանալուց հետո իրավասու մարմինը`
1) դադարեցնում է ծրագրի մշակման աշխատանքները, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը.
2) մշակում է ծրագրի իրականացման պլանը և կարող է ծրագիրը ներառել համապատասխան ժամանակաշրջանի բյուջետային հայտում` ծրագրերի առաջնահերթությունների ցանկին համապատասխան, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը.
3) իրականացնում է ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքները, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 25-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշումը: Իրավասու մարմինը հանրային ներդրումային կոմիտեի նիստից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը և հանրային ներդրումային կոմիտեին ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մշակման աշխատանքների համար պահանջվող ժամանակահատվածի վերաբերյալ և ապահովում է վերջինիս մշակումն այդ ժամանակահատվածում:
27. ՀՀ ֆինանսների նախարարությունը ծրագիրը ներառում է առաջնահերթությունների ցանկում, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը:
28. Առաջնահերթությունների ցանկը ձևավորվում է բոլոր գնահատված ծրագրերի նախագծերի գնահատման արդյունքների հիման վրա: Առաջնահերթությունների ցանկը ներառում է ծրագրերի գնահատականները և մշտապես թարմացվում` համաձայն գնահատման արդյունքների: Այն դեպքում, երբ գնահատման արդյունքում ծրագրերը ստանում են միևնույն գնահատականը, ապա առաջնահերթությունների ցանկում առավել առաջնահերթ է համարվում առաջնահերթությունների ցանկում ավելի վաղ ներառված, կամ նույն ժամանակահատվածում առաջնահերթությունների ցանկում ներառված լինելու դեպքում, հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազայում ավելի վաղ ներառված ծրագիրը:
29. ՀՀ ֆինանսների նախարարությունը ծրագիրը հանում է առաջնահերթությունների ցանկից ծրագրի իրականացման փուլ անցնելու` Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեում ներառվելու պահից:
30. Հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների ցանկը վարում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում և թարմացվում` տեղեկատվության արդիականությունն ապահովելու նպատակով:
31. Միջին և խոշոր հանրային ներդրումային ծրագրերը կարող են ներառվել պետական բյուջեում բացառապես առաջնահերթությունների ցանկում ներառվելուց հետո:
32. ՀՀ ֆինանսների նախարարությունը վարում է հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազան, որը պարունակում է սույն կարգի Ձև 3-ում նշված տեղեկատվությունը:
33. ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակում է հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազան իր պաշտոնական կայքում` ՀՀ ֆինանսների նախարարության իրավական ակտով սահմանված կարգով և ծավալով:
34. ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացնում է բյուջետավորված և իրականացման փուլում գտնվող ծրագրերի մշտադիտարկում: Վերջինս իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա տվյալների հիման վրա, սակայն սկզբնապես հաստատված ֆիզիկական կամ ֆինանսական ցուցանիշների համեմատ փաստացի շեղումների արձանագրման դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը կարող է իրավասու մարմիններից պահանջել շեղումների և դրանց հիմքում ընկած պատճառների վերաբերյալ մանրամասն պարզաբանում, ինչպես նաև շեղումները վերացնելուն ուղղված գործողությունների ծրագիր:
35. Իրականացման փուլում գտնվող ծրագրերի մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է մշակել և հանրային ներդրումային կոմիտե ներկայացնել մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույց, որը կքննարկվի հանրային ներդրումային կոմիտեի նիստում: Ընդ որում, զեկույցի պատրաստման և ներկայացման անհրաժեշտությունը կարող է առաջանալ հանրային ներդրումային ծրագրի ֆիզիկական կամ ֆինանսական ցուցանիշների էական և շարունակական շեղումների արձանագրման դեպքում:
8. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
36. Սույն մեթոդաբանությամբ սահմանվում են հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչները և դրանց հիման վրա ծրագրերի նախագծերի գնահատման կարգը:
37. Հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման հիմնական սկզբունքը ծրագրերի նկատմամբ միասնական չափորոշիչների կիրառումն է:
38. Ծրագրի նախագծի գնահատման արդյունքում ձևավորվում է հանրային ներդրումային ծրագրի գնահատականը:
39. ՀՀ ֆինանսների նախարարության ներքին իրավական ակտերով կարող են սահմանվել հանրային ներդրումային ծրագրերի գնահատման և պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման հնարավորության թեստավորման վերաբերյալ ուղեցույցներ:
40. Հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչներն են`
1) մարդկային կապիտալի վրա ազդեցությունը.
2) ենթակառուցվածքի հանրային նշանակությունը, որով գնահատվում են հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից տվյալ ծրագրի իրականացման հրատապությունն ու անհրաժեշտությունը.
3) ռազմավարության համապատասխանությունը, որով գնահատվում է ծրագրի նախագծի ուղղակի, մասնակի կամ անուղղակի համապատասխանությունը տվյալ ոլորտային ռազմավարությանը.
4) ծրագրի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա.
5) ռիսկայնությունը, որով գնահատվում են ծրագրի իրականացմանը խոչընդոտող փաստացի արձանագրված ռիսկերը և դրանց կառավարելիությունը` ներառյալ կլիմայական և աղետների ռիսկերը.
6) տնտեսական շահութաբերության ներքին դրույքը (ՏՇՆԴ):
41. Մարդկային կապիտալի վրա ազդեցության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք ուղղակի նպաստում են Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի ստեղծմանը կամ զարգացմանը: Ծրագիրը համարվում է մարդկային կապիտալ ստեղծող կամ զարգացնող, եթե դրանով թիրախավորվում է անչափահաս քաղաքացիների բարեկեցությունը (առողջություն, կրթություն, անվտանգություն, սոցիալականացում և այլն).
2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք ունեն մարդկային կապիտալի իրացման հնարավորությունների ստեղծման նշանակություն,
և որոնց հիմնական թիրախն է չափահաս անձանց աշխատունակության շարունակականության ապահովումը և արտադրողականության բարձրացումը.
3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք ուղղված են մարդկային կապիտալի կարողությունների շարունակական զարգացմանը, և որոնց իրականացման հիմնական թիրախը չափահաս քաղաքացիների կողմից եկամուտներ գեներացնելուն կամ հանրային բարիք ստեղծելուն միտված կարողության բարձրացումն է:
42. Ենթակառուցվածքի հանրային նշանակության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց չիրականացման դեպքում` հանրային բարիքի ստեղծումը կամ հանրային ծառայության մատուցումը դառնում է անհնարին, կամ որոնց իրականացումն օրենսդրությամբ հստակ սահմանված պահանջ է.
2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց իրականացումը հանգեցնում է հանրային բարիքի ստեղծման կամ հանրային ծառայության մատուցման տեսանկյունից էական բարելավումների.
3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց իրականացումը հանգեցնում է հանրային բարիքի ստեղծման կամ հանրային ծառայության մատուցման տեսանկյունից ոչ էական բարելավումների:
43. Ռազմավարությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց արդյունքներն անմիջականորեն ուղղված են ռազմավարությամբ ամրագրված խնդրի լուծմանը կամ նպատակի կամ ենթանպատակի իրականացմանը.
2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց արդյունքների մի մասն առնչվում է ռազմավարությամբ ամրագրված խնդրի լուծմանը կամ նպատակի կամ ենթանպատակի իրականացմանը.
3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք անմիջականորեն չեն նպաստում պետական կամ համայնքային ռազմավարական նպատակների իրագործմանը, կամ տվյալ ոլորտի ռազմավարություն առկա չէ:
44. Սույն մեթոդաբանության 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերով սահմանված չափորոշիչները կարող են գնահատվել 0 միավոր, երբ համապատասխան չափորոշիչով ծրագրի ազդեցությունը կամ դրան համապատասխանությունը բավարար հիմնավորված չէ կամ բացակայում է:
45. Ռիսկայնությունը գնահատելու համար պետք է հաշվի առնել ստորև ներկայացվող գործոնները`
1) իրավասու մարմնի կողմից նմանատիպ ծրագրի իրականացման փորձի առկայությունը և արժեքը.
2) հաստատված պահանջարկի առկայությունը, ինչպես նաև հնարավոր արտաքին գործոնների ազդեցությունը ծրագրի արդյունավետ իրականացման վրա.
3) ռիսկերի հատկորոշումը և վերլուծությունը, ինչպես նաև դրանց կառավարելիությունը:
46. Հիմք ընդունելով սույն մեթոդաբանության 45-րդ կետով նախատեսված գործոնների վերլուծությունը` ծրագրի ռիսկայնության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են ոչ ռիսկային ծրագրերը.
2) 2 միավոր գնահատվում են ցածր ռիսկային ծրագրերը.
3) 1 միավոր գնահատվում են միջին ռիսկային ծրագրերը.
4) 0 միավոր գնահատվում են բարձր ռիսկային ծրագրերը:
47. 46-րդ կետով սահմանված բաղադրիչով 0 միավոր ստանալը հիմք է հանդիսանում հանրային ներդրումային կոմիտեի կողմից ծրագրի իրականացումը մերժելու համար:
48. Ծրագրի նախագծի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը` ներառյալ ածխաթթու գազը կամ ստեղծում են ջերմոցային գազերի կլանիչներ կամ նպաստում են կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունության ավելացմանը.
2) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք պարունակում են անուղղակի և ոչ էական կլիմայական օգուտներ, որոնք արտացոլվել են ծրագրի նախագծային փաստաթղթերում.
3) 0 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների ավելացմանը` ներառյալ ածխաթթու գազը կամ ծրագրի նախագծի հայեցակարգում կամ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության մեջ առկա չէ տեղեկատվություն կամ ավելացնում են կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիությունը:
49. Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի հաշվարկն իրականացվում է համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ուղեցույցների, իսկ մինչև դրանց հաստատումը` միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակված մեթոդաբանությամբ:
50. Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի չափորոշիչով ծրագրերի նախագծերի գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց ՏՇՆԴ-ն ավելի քան 15 (տասնհինգ) տոկոսային կետով գերազանցում է ՏՇՆԴ բազային դրույքը.
2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց ՏՇՆԴ-ն ավելի քան 5 (հինգ), բայց ոչ ավելի, քան 15 (տասնհինգ) տոկոսային կետով գերազանցում է ՏՇՆԴ բազային դրույքը.
3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց ՏՇՆԴ-ն առնվազն 0,1 (զրո ամբողջ մեկ), բայց ոչ ավելի, քան 5 (հինգ) տոկոսային կետով գերազանցում է ՏՇՆԴ բազային դրույքը.
4) 0 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք չեն համապատասխանում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պայմաններին:
51. Սույն մեթոդաբանության 50-րդ կետի իմաստով սոցիալական ոլորտի (առողջապահական և կրթական) ծրագրերի նախագծերի ՏՇՆԴ բազային դրույքը կազմում է 6 (վեց) տոկոս, իսկ մնացած ծրագրերի համար` 9 (ինը) տոկոս:
52. Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի նախնական գնահատումն իրականացվում է ծրագրի նախնական գնահատման փուլում, իսկ տնտեսական շահութաբերության ամբողջական գնահատումն իրականացվում է ծրագրի գնահատման փուլում:
9. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ
53. Հանրային ներդրումային կոմիտեն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով (այդ թվում` հեռավար կարգով), որը նախագահում է հանրային ներդրումային կոմիտեի անդամ հանդիսացող ՀՀ վարչապետը:
54. Հանրային ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկվում են նաև`
1) ՀՀ փոխվարչապետները.
2) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը.
3) ՀՀ էկոնոմիկայի նախարարը.
4) ՀՀ ֆինանսների նախարարը:
55. Հանրային ներդրումային կոմիտեի հերթական նիստերը հրավիրվում են տարեկան առնվազն 3 (երեք) անգամ: ՀՀ վարչապետը սեփական նախաձեռնությամբ կամ ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկությամբ կարող է հրավիրել հանրային ներդրումային կոմիտեի արտահերթ նիստ:
56. Հանրային ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն: Հանրային ներդրումային կոմիտեի նիստերի ձայնագրությունը վարում է ՀՀ վարչապետի աշխատակազմը և մինչև նիստին հաջորդող աշխատանքային օրն ուղարկում ձայնագրությունը քարտուղարին: Քարտուղարը նիստի ձայնագրությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հանրային ներդրումային կոմիտեի նիստի արձանագրությունը և այն պաշտոնապես տրամադրում հանրային ներդրումային կոմիտեի անդամներին ու հանրային ներդրումային կոմիտեի տվյալ նիստում քննարկված ծրագրերի նախագծերը ներկայացրած իրավասու մարմիններին:
57. Ըստ անհրաժեշտության` հանրային ներդրումային կոմիտեի նիստին կարող են հրավիրվել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:
58. Նիստերն իրավազոր են, եթե մասնակցում է հանրային ներդրումային կոմիտեի անդամների առնվազն երկու երրորդը: Նիստերին հանրային ներդրումային կոմիտեի մեկ կամ ավել անդամի բացակայության դեպքում (բայց ոչ ավել, քան մեկ երրորդի բացակայության), հանրային ներդրումային կոմիտեի նիստերն անցկացվում են ՀՀ վարչապետի համաձայնությամբ: Նիստն իրավազոր չլինելու դեպքում ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկությամբ ՀՀ վարչապետը հրավիրում է արտահերթ նիստ:
59. Յուրաքանչյուր ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային ներդրումային կոմիտեի որոշումը կայացվում է նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանրային ներդրումային կոմիտեի յուրաքանչյուր անդամ ունի 1 (մեկ) ձայնի իրավունք: Ձայների հավասար բաշխման պարագայում նիստը նախագահողն ունի որոշիչ ձայնի իրավունք:
60. Հանրային ներդրումային կոմիտեի գործունեության քարտուղարությունն ապահովում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարին նշանակում է ՀՀ ֆինանսների նախարարը:
61. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը ձևավորում է հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը:
62. Հանրային ներդրումային կոմիտեի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:
63. Հանրային ներդրումային կոմիտեի նիստերի օրակարգում նշվում են`
1) նիստի անցկացման օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը` գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի անվանումները և ներկայացնող մարմինները:
64. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարի կողմից հանրային ներդրումային կոմիտեի անդամներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` նիստի անցկացումից առնվազն 3 (երեք) աշխատանքային օր առաջ:
65. Հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը հանրային ներդրումային կոմիտեի անդամներին ներկայացնում է նիստի օրակարգում ներառված հարցերը:
66. Օրակարգում ներառված քննարկման ենթակա ծրագրերի նախագծերի հերթականությունը նշվում է` ըստ վերջիններիս ստացման ամսաթվի:
67. Քննարկման ենթակա ծրագրերի նախագծերի հերթականությունը հանրային ներդրումային կոմիտեի նիստի ժամանակ կարող է փոփոխվել հանրային ներդրումային կոմիտեի անդամների առաջարկությամբ` հանրային ներդրումային կոմիտեի նախագահի համաձայնությամբ:
68. Հանրային ներդրումային կոմիտեի նախագահը`
1) հաստատում է հանրային ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը.
2) վարում է հանրային ներդրումային կոմիտեի նիստերը.
3) ստորագրում է նիստերի արձանագրությունները.
4) որոշում է հանրային ներդրումային կոմիտեի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց կազմը:
69. Հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը`
1) իրականացնում է հանրային ներդրումային կոմիտեի նիստերի կազմակերպման աշխատանքները.
2) ապահովում է հանրային ներդրումային կոմիտեի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումն ու տրամադրումը.
3) ապահովում է հանրային ներդրումային կոմիտեի նիստի արձանագրության կազմումը.
4) ապահովում է հանրային ներդրումային կոմիտեի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
70. Հանրային ներդրումային կոմիտեի անդամները մասնակցում են գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրությանը և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման համար անցկացվող քվեարկությանը:
71. Յուրաքանչյուր նիստի արձանագրությանը տրվում է հերթական համար:
72. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, նիստն սկսվելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը.
4) քննարկվող հարցերը.
5) յուրաքանչյուր ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային ներդրումային կոմիտեի կողմից կայացված որոշումները` ըստ առաջնահերթության:
10. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
73. Սույն կարգը հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ապահովում է հանրային ներդրումների կառավարման գործառույթին առնչվող, իր տիրապետության տակ գտնվող ամբողջ տեղեկատվության փոխանցումը ՀՀ ֆինանսների նախարարությանը:
74. Սույն կարգը հաստատվելուց հետո 6-ամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարությունը հաստատում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման ուղեցույցները, ինչպես նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգաթերթը:
75. Սույն կարգի 74-րդ կետի իրականացումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ուժը կորցրած է ճանաչում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 11-ի N 2284-Լ հրամանը:
Ձև 1
ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ (ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)
._____________________________________________________________________.
|Բաժին 1. Ամփոփ տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|1.1. Ծրագրի նախագծի համարը |ՀՀ ֆինանսների նախարարությունը |
| |յուրաքանչյուր ներկայացված ծրագրի |
| |նախագիծը համարակալում է հետևյալ ձևով. |
| |ներկայացման տարեթիվ և հաջորդական թիվ, |
| |օրինակ` 2022_001: Այս տողը լրացնում է ՀՀ|
| |ֆինանսների նախարարությունը և այն |
| |ենթակա չէ փոփոխության իրավասու մարմնի |
| |կողմից: |
|____________________________|________________________________________|
|1.2. Պատասխանատու իրավասու |Օրինակ` Հայաստանի Հանրապետության |
|մարմին (ՀԱՅՏԱՏՈՒ) |տարածքային կառավարման և |
| |ենթակառուցվածքների նախարարություն |
|____________________________|________________________________________|
|1.3. Ծրագրի նախագիծն |Օրինակ` ՀՀ տարածքային կառավարման և |
|իրականացնող մարմնի անվանումը|ենթակառուցվածքների նախարարության ջրային |
| |կոմիտե |
|____________________________|________________________________________|
|1.4. Ծրագրի նախագծի |Մուտքագրե՛ք ամբողջությամբ նախագծի ճիշտ |
|անվանումը |անվանումը: Խուսափե՛ք հապավումներից կամ |
| |«աշխատանքային անվանումներից»: Նախագիծը |
| |գնահատելուց հետո նշված տարբերակը դառնում|
| |է ծրագրի պաշտոնական անվանումը: |
|____________________________|________________________________________|
|1.5. Ծրագրի նախագծի ամփոփ |Հակիրճ նկարագրե՛ք նախագիծը և |
|նկարագրությունը |ներկայացրե՛ք նախագծի մասին ամփոփ |
| |տեղեկատվություն: Առավելագույնը` 1000 նիշ|
|____________________________|________________________________________|
|1.6. Գտնվելու վայր(եր)ը |Մուտքագրե՛ք նախագծի իրականացման վայրը |
| |կամ վայրերը, եթե այն ավելի քան մեկ |
| |տարածք է ընդգրկում: Հնարավորության |
| |դեպքում նշե՛ք դրանց հասցեները կամ |
| |քարտեզում GPS տվյալները: |
|____________________________|________________________________________|
|1.7. Ծրագրի նախագծի |Ծրագրի շրջանակը ներառում է մասնավորապես`|
|բաղադրիչները և դրանց |հողատարածքը, շենքերի ձեռքբերումը, |
|արժեքները |շինարարությունը և շինարարական ծախսերը, |
| |բոլոր սարքավորումները և կահույքը, |
| |ինչպես նաև ծրագրի կառավարումը, |
| |շինարարության վերահսկումը, |
| |աջակցությունը, տեխնիկական փաստաթղթերը, |
| |անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը, |
| |ուսուցումը և սեմինարները` ըստ |
| |կիրառելիության: Ստորև բերված |
| |աղյուսակում ներկայացրե՛ք Ծրագրի |
| |բաղադրիչները և նշե՛ք յուրաքանչյուր |
| |բաղադրիչի ծախսերի նախահաշիվները: |
| |Ներկայացված բաղադրիչները պետք է |
| |համապատասխանեն 4.1 կետում նշվածներին: |
|____________________________|________________________________________|
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում