ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
6 նոյեմբերի 2025 թ. |
ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
(2-րդ մաս)
45. Քաղաքացիական դատավարությունում նոր հանգամանքներով դատական ակտի վերանայումն իրականացվում է Օրենսգրքի 419-րդ հոդվածով նախատեսված հիմք(եր)ի առկայության պայմաններում: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը նշում է, որ ՍԴՈ-1769 որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումներն այնքանով, որքանով վերաբերելի են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց փոխհատուցման նախնականության և համարժեքության սկզբունքների պահպանմանը, վերաբերելի են նաև սույն սահմանադրական վեճին: Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման 143-րդ կետում, մասնավորապես, նշված է. «(...) Պաշտպանության ենթակա իրավունքի բացարձակ բնույթն այդ իրավունքի պաշտպանության, իսկ հնարավոր խախտումների դեպքում` դրանք վերացնելու համար կազմակերպական արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու ուղղակի պարտականություն ենթադրելու բերումով, Սահմանադրական դատարանի համար խիստ ծանրակշիռ հանգամանք է դատական ակտերի վերջնականության սկզբունքին հակակշռելու համար: Ավելին, այն միայնակ չէ դատական ակտերի վերջնականության սկզբունքով պաշտպանվող արժեքին հակակշռող նժարի վրա: Դատական ակտերի վերջնականության սկզբունքի ուժով վիճարկվող դրույթում Դիմողների կողմից նոր հանգամանքով իրենց գործերով դատական ակտերը վերանայելու սահմանափակումների համաչափության գնահատման համար Սահմանադրական դատարանը չի կարող անտեսել, որ`
(...).
բ) թեպետ ՄԻԵԿ-ի վավերացման պահից ի վեր հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացներում տեղ գտած իրավունքի խախտումները շարունակաբար ճանաչվել են ՄԻԵԴ-ի վճիռներով և ՄԻԵԴ-ին ներկայացրած Կառավարության միակողմանի հայտարարություններում, այդ խախտումները շարունակել են տեղ գտնել և առաջնահերթորեն վերաբերել են միջամտության համաչափությանը, իսկ այն դեպքերում, երբ առանցքային արձանագրումները վերաբերել են սեփականության օտարման օրինականությանը, ապա խախտման ճանաչման հետ մեկտեղ ՄԻԵԴ-ի կողմից առավելագույն հստակությամբ արձանագրվել է օտարվող գույքի դիմաց փոխհատուցման համակարգի անհամատեղելիությունը ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին (տես` սույն որոշման կետ 100) [»Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» (արդարացի փոխհատուցում) թիվ 27651/05, §§ 17-20, 2011 թվականի հուլիսի 7 (հայերեն թարգմանությամբ)].
(...).
ե) միջազգային մարմինները ևս արձանագրել են Հայաստանի Հանրապետությունում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման ոլորտում սեփականատերերի իրավունքների նախկինում տեղ գտած խախտումների տարածվածությունը և շեշտադրել համարժեք փոխհատուցման իրավունքի վերականգնման կարևորությունը (տե՛ս սույն որոշման կետ 108).
զ) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման համարժեքության սկզբունքի պահպանվածությանը վերաբերող գործերով խախտումները կրել են բազմակի և շարունակական բնույթ և իրենց լուծումը չեն ստացել եռաստիճան դատական համակարգում: Իր հերթին, ներպետական պաշտպանության միջոցների անարդյունավետությունը վերջնարդյունքում հանգեցրել է ՄԻԵԴ-ի կողմից սեփականատերերի իրավունքների խախտումները ճանաչող բազմաթիվ վճիռների կայացմանը (տե՛ս սույն որոշման կետեր 114-120).
(...)
թ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) գույքը վերցվում է սեփականատիրոջից և անցնում է կա՛մ հանրային իշխանությանը, կա՛մ նրա ընտրած ձեռք բերողին: Հաշվի առնելով, որ օտարումը տեղի է ունենում շնորհիվ հանրային իշխանության գործադրման` բուն օտարման շրջանակներում հիմնական իրավունքների միակ կրողը (անկախ նրանից` գույքը ձեռք է բերում հանրային իշխանությունը, թե նրա կողմից որոշված ձեռք բերողը) կարող է հանդիսանալ օտարվող գույքի սեփականատերը, որի հիմնական իրավունքներն էլ հակադրվում և նախանշում են հանրային իշխանական գործունեության սահմանները (տե՛ս սույն որոշման կետեր 129-133).
(...)»:
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1769 որոշման 148-րդ կետում` որպես հետևություն նշված է. «(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն գործերով, երբ խնդրո առարկա են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական» կամ «համարժեք» փոխհատուցման սահմանադրական երաշխիքների իրավական բովանդակությունը կազմող սկզբունքները, և նոր հանգամանք հանդիսացող դատական ակտով արձանագրվել է դրանցից որևէ մեկի խախտում, նույնաբովանդակ այլ հնարավոր խախտումների զոհերի վերաբերյալ կայացված դատական ակտերի` նոր հանգամանքով վերանայման և վերջիններիս իրավունքների վերականգնման հնարավորության սահմանափակումն անհամաչափ միջամտություն է անձի սեփականության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին` հակասելով համապատասխանաբար Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ և 63-րդ հոդվածի 1-ին մասերին»:
46. Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված կարգավորման համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերաբերելի բազմաթիվ գործերով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքի խախտումներն արձանագրված են ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներով և որոշումներով, որոնց մասին հիշատակված է Սահմանադրական դատարանի, մասնավորապես, ՍԴՈ-1769 որոշման մեջ (կետ 100):
Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ արձանագրված է, որ բացի սեփականության պաշտպանության իրավունքի խախտումների ժամանակագրական լայն ընդգրկումից, ՄԻԵԴ-ի համապատասխան ակտերով արձանագրված համակարգային խնդիրներ ունեցող գործընթացներն անմիջապես առնչվել են անձանց լայն շրջանակի: Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) Կառավարության կողմից կայացվել են սեփականության օտարման որոշումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել մեծ թվով անձանց վրա (կետ 102):
47. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերություններում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների կողմից սեփականատերերի իրավունքների պաշտպանության թերացումների խնդիրն ունի համակարգային բնույթ:
48. Սահմանադրական դատարանը շեշտում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացում սահմանադրական մակարդակում երաշխավորված նախնական և համարժեք փոխհատուցման ապահովումը պետք է ընկալել որպես հանրային իշխանության մարմինների ինքնահսկման և ինքնասահմանափակման միջոց, որով իշխանությունը սահմանում է սեփական միջամտության սահմանները` թույլ չտալով, որ հանրային շահը վերաճի բացարձակ արժեքի` անհատի իրավունք(ներ)ի, ըստ էության, ոչնչացման հաշվին:
49. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքի` շարունակական և մեծաթիվ խախտումների պայմաններում ՄԻԵԴ-ի` կոնվենցիոն համապատասխան իրավունքի խախտում արձանագրող յուրաքանչյուր վճռի/որոշման առկայությունն ինքնին պետության մեջ հանրային և մասնավոր շահերի միջև հավասարակշռության խախտման յուրօրինակ ցուցիչ է, ինչը, մի կողմից` պետք է սթափեցնող ազդակ լինի հանրային իշխանության մարմինների համար, մյուս կողմից` ներպետական դատարաններում ազդարարի համապատասխան գործի քննության նոր շրջափուլի մեկնարկը` սահմանադրական և կոնվենցիոն արժեբանությանը համահունչ:
Ավելին, վերոնշյալ համատեքստում ՄԻԵԴ-ի ակտով արձանագրված յուրաքանչյուր խախտումը` հաշվի առնելով նաև ներպետական դատական ատյանների կողմից կոնվենցիոն արժեբանությունից, ՄԻԵԴ-ի վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը, պետք է իր համարժեք իրավական գնահատականն ստանա ներպետական համակարգում` անկախ տվյալ գործի սուբյեկտային կազմից` հաշվի առնելով ինչպես վերոնշյալ բացարձակ իրավունքի սահմանադրական բովանդակությունը, այնպես էլ համապատասխան խախտումների առնչությունն անձանց լայն շրջանակի, դրանց ծավալները և ժամանակագրական լայն ընդգրկումը Հայաստանի Հանրապետությունում:
50. Սահմանադրի համար անթույլատրելի է դատավարական այնպիսի ընթացակարգ սահմանելը կամ դրան իրավակիրառ պրակտիկայում այնպիսի մեկնաբանություն հաղորդելը, որը հնարավորություն է տալիս նահանջել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու բացարձակ իրավունքի սահմանադրահեն գաղափարից:
51. «Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 22812/05, 09.10.2012 թ., վերջնական 11.02.2013) գործով ՄԻԵԴ-ի վճռում (հայերեն թարգմանությամբ), մասնավորապես, նշված է. «37. Դատարանը վերահաստատում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ սեփական գույքից անարգել օգտվելու հարցում պետական մարմնի ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ թույլատրվում է գույքից զրկել միայն «օրենքով ... նախատեսված պայմաններով», իսկ երկրորդ պարբերությամբ ճանաչվում է, որ պետություններն իրավասու են վերահսկելու գույքի օգտագործումն «օրենքների» գործադրման միջոցով: Ավելին, իրավունքի գերակայությունը` ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, արտացոլված է Կոնվենցիայի բոլոր հոդվածներում (տե՛ս Հունաստանի նախկին թագավորը և այլք ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Former King of Greece and Others v. Greece [GC]], թիվ 25701/94, § 79, ՄԻԵԴ 2000-XII): Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ «օրենքով նախատեսված պայմանների համաձայն» արտահայտությամբ, առաջին հերթին, պահանջվում է համարժեքորեն մատչելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական դրույթների առկայություն և դրանց պահպանում (տե՛ս Լիթգոուն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Lithgow and Others v. the United Kingdom], 1986 թվականի հուլիսի 8, § 110, շարք Ա, թիվ 102):
38. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է համանման բողոքներ և փաստարկներ Հայաստանի դեմ հարուցված մեկ այլ գործում, և եզրակացրել է, որ գույքից զրկելը և օգտագործման իրավունքը դադարեցնելը չեն կատարվել «օրենքով նախատեսված պայմանների համաձայն» (տե՛ս վերևում հիշատակված` Մինասյանի և Սեմերջյանի գործը, §§ 69-77): Սույն գործով այդ եզրահանգումից շեղում կատարելու համար Դատարանը որևէ պատճառ չի տեսնում:
39. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
(...)
45. Դատարանը նշում է, որ այն նախկինում տրամադրել է նյութական վնասների փոխհատուցում համանման իրավիճակում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը Դատարանն ամբողջությամբ կիրառելի է համարում սույն գործի նկատմամբ: Կիրառելով միևնույն մոտեցումը և իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերի հիման վրա տալով գնահատական` Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 30 000 եվրո և որոշում է կայացնում այդ գումարը բոլոր դիմումատուներին համատեղ տրամադրելու վերաբերյալ` միաժամանակ մերժելով նրանց պահանջի մնացած մասը, այդ թվում նաև բաց թողնված օգուտի մասով, որը ենթադրյալ բնույթ է կրում: Դատարանն այնուհետև որոշում է յուրաքանչյուր դիմումատուին տրամադրել 1 500 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում»:
52. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն սահմանադրական վեճը վերաբերում է Դիմողի սեփականությունը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարելու դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ քաղաքացիական գործով կայացված համապատասխան դատական ակտի` սեփականության դիմաց փոխհատուցման նախնականության և համարժեքության սկզբունքների խախտումն հաստատող` այլոց վերաբերյալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված և ուժի մեջ մտած` ՄԻԵԴ-ի համապատասխան վճռի առկայության հիմքով նոր հանգամանքով վերանայելու հնարավորության սահմանափակմանը` Սահմանադրական դատարանի, մասնավորապես, ՍԴՈ-1769 որոշման շրջանակում ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:
53. «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8001/07) գործով ՄԻԵԴ-ը 2016 թվականի հոկտեմբերի 27-ին (վերջնական 06.03.2017) վճռել է, որ առաջին դիմումատուի մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի նաև թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Ընդ որում, սույն գործին առնչվել է Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի` «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» թիվ 1151-Ն որոշումը, որի մասին հիշատակված է ՄԻԵԴ-ի` 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճռում:
54. Դիմողի կողմից որպես նոր հանգամանք վկայակոչվել է ՄԻԵԴ-ի` «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8001/07) գործով 2019 թվականի հուլիսի 25-ի վճիռը:
55. ՄԻԵԴ-ի` «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8001/07) գործով 2019 թվականի հուլիսի 25-ի վճռին (հայերեն թարգմանությամբ) համապատասխան` «1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ պրն Յուրի Վարդանյանի (առաջին դիմումատու), (...) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2007 թվականի փետրվարի 19-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 8001/07) հիման վրա:
2. 2016 թվականի հոկտեմբերի 27-ին (...) Դատարանը վճռել է, որ առաջին դիմումատուի տան օտարման գործընթացը չի իրականացվել օրենքով սահմանված պայմանների համաձայն` խախտելով թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը: (...):
(...)
26. Դատարանը նկատում է, որ խնդրո առարկա գույքը Երևանում շատ կենտրոնական դիրք զբաղեցնող` ընդհանուր 1 385,6 քառ. մետր տարածքով հողակտորի վրա գտնվող 395,6 քառ. մետր ընդհանուր տարածքով տուն է, որի մասով լիարժեք սեփականության իրավունքով 1 208,5 քառ. մետր տարածքը և բաժնային սեփականության իրավունքով 177,1 քառ. մետր տարածքը պատկանել են առաջին դիմումատուին:
27. Դատարանը նշում է, որ գույքի ռեստիտուցիան անհնար է այն փաստի պատճառով, որ տունը քանդվել է (տե՛ս հիմնական վճռի 51-րդ պարբերությունը), իսկ հողակտորն օտարվել է երրորդ կողմի (տե՛ս վերևում` 10-րդ պարբերությունը): Հետևաբար, Դատարանը համարում է, որ պետք է տրամադրվի նյութական վնասի մասով փոխհատուցում:
28. Ինչ վերաբերում է տանը, ապա Դատարանը նշում է, որ նախկինում տրամադրել է նյութական վնասի փոխհատուցում համանման իրավիճակում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը, ըստ Դատարանի, միանգամայն կիրառելի է սույն գործում այնքանով, որքանով այն վերաբերում է առաջին դիմումատուի կողմից իր տան կորստի դիմաց փոխհատուցման հարցին: Կիրառելով միևնույն մոտեցումը և տալով գնահատական իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերի հիման վրա` Դատարանը տան կորստի արդյունքում կրած նյութական վնասը գնահատում է 102 000 եվրո:
(...)
31. Այս հանգամանքներում, ընդունելով, որ առաջին դիմումատուն իրավունք ունի ստանալու հողի ամբողջական արժեքի չափով գումարը, Դատարանը համարում է, որ նյութական վնասը գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ թե Դատարանի վճռի հրապարակման ամսաթիվը, այլ այն ամսաթիվը, երբ նա կորցրել է հողի նկատմամբ սեփականության իրավունքը (տե՛ս Գիզո-Գալիսեյն ընդդեմ Իտալիայի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Guiso-Gallisay v. Italy (just satisfaction) [GC]], թիվ 58858/00, § 103, 2009 թվականի դեկտեմբերի 22):
(...)
37. Համաձայն 2013 թվականի դեկտեմբերի 9-ի հաշվետվության` առաջին դիմումատուի հողի շուկայական արժեքը կկազմեր 1 221 777 եվրո: Դատարանը ոչ մի հիմնավորում չի տեսնում այս գումարը 15%-ով բարձրացնելու համար, ինչպես առաջարկվել էր առաջին դիմումատուի կողմից (տե՛ս վերևում` 11-րդ պարբերությունը): Մյուս կողմից, այս գումարը պետք է փոխարկվի գործող արժեքով` հակակշռելու գնաճի ունեցած ազդեցությունը (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված` Մինասյանի և Սեմերջյանի գործը, § 20):
38. Վերջապես, այնքանով, որքանով այս պահանջը վերաբերում է առաջին դիմումատուին` նրա տան կորստի դիմաց տրվող փոխհատուցմանը, այն հիմնված է եղել ընդհանուր տոկոսադրույքի վրա, որը հաշվարկվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից հողի շուկայական արժեքի մասով ընդունված բանկի հաշվարկային տոկոսադրույքի հիման վրա, ինչպես նշված է 2013 թվականի դեկտեմբերի 9-ի գնահատման հաշվետվության մեջ: Որպես այլընտրանք առաջին դիմումատուն առաջարկել է հաշվի առնել բանկային ավանդների միջին տոկոսադրույքը (տե՛ս վերևում` 12-րդ պարբերությունը):
39. Ինչ վերաբերում է տոկոսադրույքը Հայաստանի կենտրոնական բանկի կողմից հողի շուկայական արժեքի մասով 2013 թվականին ընդունված բանկի հաշվարկային տոկոսադրույքը հաշվի առնելով հաշվարկելուն, ապա Դատարանը, նախևառաջ, նկատում է, որ այն սահմանափակված չէ վնասների հաշվարկման համար կիրառվող ներպետական իրավական դրույթներով: Երկրորդ, Դատարանը համաձայն է Կառավարության այն մոտեցման հետ, որով այն վիճարկում է առաջին դիմումատուի` բաց թողնված եկամտի չափի հաշվարկը հողի այն արժեքի հիման վրա, որը սահմանված է 2013 թվականի գնահատման հաշվետվության մեջ:
40. Ինչ վերաբերում է առաջին դիմումատուի` տոկոսադրույքը բանկային ավանդների միջին տոկոսադրույքի հիման վրա հաշվարկելու առաջարկին, ապա Դատարանը նշում է, որ սույն գործով խնդրո առարկա գույքը հողակտոր է, որն առաջին դիմումատուն և նրա ընտանիքն օգտագործել են իրենց բնակության նպատակով: Այնուհետև Դատարանը նշում է, որ եթե առաջին դիմումատուն ողջամիտ ժամկետներում ստացած լիներ համապատասխան փոխհատուցումը, նա կկարողանար եկամուտ ստանալ այդ միջոցներից, օրինակ` դրանք ավանդի տեսքով դնելով բանկում: Հաշվի առնելով այն փաստը, որ Դատարանն արդեն ընդունել է, որ գույքի արժեքի վրա հիմնված փոխհատուցման գումարի չափը պետք է փոփոխվի` ըստ գնաճի, Դատարանը ողջամիտ է համարում կատարել լրացուցիչ փոփոխություններ հատուցման առնչությամբ` իրական տոկոսային եկամտի որոշակի կորուստը հատուցելու նպատակով: Առաջնորդվելով հայեցողական սկզբունքով` Դատարանը, այդպիսով, ողջամիտ է համարում առաջին դիմումատուին շնորհել 1 500 000 եվրո` նրա հողակտորից զրկելու արդյունքում կրած նյութական վնասի առնչությամբ:
(...):
42. Այսպիսով, նյութական վնասի վերջնական հատուցման չափը 1 602 000 եվրո է:
(...)
45. Դատարանը համարում է, որ այդքան երկար ժամանակ կրած անզորության և հիասթափության զգացումը, որն առաջացել է իր ունեցվածքից ապօրինաբար զրկված լինելու պատճառով, առաջին դիմումատուին հասցրել է ոչ նյութական վնաս, որը պետք է փոխհատուցվի պատշաճ կերպով: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 41-րդ հոդվածով, Դատարանը վճռում է այս մասով առաջին դիմումատուին շնորհել 6 000 եվրո:
(...)»:
56. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը խնդրո առարկա գույքի (հողակտորի և դրա վրա գտնվող տան) դիմաց նյութական վնասի փոխհատուցման չափը սահմանելիս, ըստ էության, գնահատման առարկա է դարձրել նաև ներքոնշյալը`
- գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու պահը,
- հողի շուկայական արժեքը,
- ողջամիտ ժամկետներում համապատասխան փոխհատուցում ստանալու պարագայում այդ միջոցներից իրական տոկոսային եկամուտ ստանալու հնարավորության կորուստը,
- գույքի արժեքի վրա հիմնված փոխհատուցման գումարի չափի պարտադիր փոփոխությունն` ըստ գնաճի:
57. Սահմանադրական դատարանը նկատում է, որ Դիմողի սեփականությունն օտարվել է Կառավարության` 2002 թվականի օգոստոսի 1-ի նույն` թիվ 1151-Ն որոշման հիման վրա: Այսինքն` «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռով ճանաչված իրավունքի խախտման հանգամանքների բովանդակային առումով նույնականությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1769 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն ու Օրենսգրքի վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն են Դիմողի համար հիմք հանդիսացել` կրկին դիմելու Վճռաբեկ դատարան` իր գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման բողոքով:
58. Վճռաբեկ դատարանը` «Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ փաստացի մերժել է ՄԻԵԴ-ի` «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի հուլիսի 25-ի վճռի` որպես նոր հանգամանքի հիմքով Դիմողի գործով կայացված` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 2020 թվականի մարտի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու ու Վերաքննիչ դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջը` պատճառաբանելով, որ`
Ա. ակնհայտորեն հիմնավորված չէ նոր հանգամանքի առկայությունը.
Բ. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով բացակայում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2020 թվականի մարտի 26-ի որոշումը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վերոնշյալ վճռի հիման վրա վերանայելու համար օրենքով նախատեսված հիմքերը`
1. այդ վճռով հիմնավորվել է ոչ թե տվյալ գործով համահայցվորների, այլ մեկ այլ գործով անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
2. Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1769 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2020 թվականի մարտի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու անհրաժեշտ պայմանը, քանի որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, թիվ 3-855(ՎԴ) 2005 քաղաքացիական գործի` ըստ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյանների` պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու և տարածքից վտարելու պահանջների մասին, ու ըստ Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումի` Կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, շրջանակներում քննելով Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների բողոքը` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2005 թվականի ապրիլի 14-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին, այն արդեն իսկ բավարարել է մասնակիորեն` նոր հանգամանքի (Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ, Միհրան Սաֆյանների գանգատի (գանգատ թիվ 22812/05) հիման վրա ՄԻԵԴ-ի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 9-ին կայացված վճռով արձանագրվել է, որ «արդեն քննել է նմանատիպ բողոքներ և փաստարկներ ընդդեմ Հայաստանի` մեկ այլ գործով և եզրահանգել, որ գույքից զրկելն ու օգտագործման իրավունքը դադարեցնելը չեն կատարվել «օրենքով նախատեսված պայմաններով», «սույն գործում այդ եզրակացությունից շեղվելու համար դատարանը որևէ պատճառ չի տեսնում», և որ թույլ է տրվել ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում) հիմքով վերանայել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2005 թվականի ապրիլի 14-ի որոշումն ու բեկանել է թիվ 3-855(ՎԴ) 2005 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի մարտի 1-ի վճիռը և գործն ուղարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության.
3. առկա չէ միջազգային դատարանի կողմից հաստատված համապատասխան հաշտության համաձայնություն (բարեկամական կարգավորում) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարություն:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական ակտի վերանայման բողոքն Օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ մասի ուժով ենթակա է վերադարձման, քանի որ վերոգրյալ փաստերի ուժով բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ ՄԻԵԴ-ի` «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 8001/07 գանգատի վերաբերյալ 2019 թվականի հուլիսի 25-ի վճռի հիման վրա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2020 թվականի մարտի 26-ի` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու` Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությունը:
59. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարանը»Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշման շրջանակում արտացոլված վերոնշյալ մեկնաբանությամբ հաշվի չի առել ՄԻԵԴ-ի` «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8001/07) գործով 2019 թվականի հուլիսի 25-ի վճռով սահմանված` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց փոխհատուցման հաշվարկման համապատասխան չափանիշները, որոնք համընդհանուր են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց փոխհատուցման գործերով և, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին համահունչ` երաշխավորում են փոխհատուցման բացարձակ իրավունքի ապահովումը:
60. Սահմանադրական դատարանը, սույն որոշման 49-րդ կետի երկրորդ պարբերությանը համահունչ, ընդգծում է, որ անկախ անձի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կողմ հանդիսանալու հանգամանքից, ՄԻԵԴ-ի ակտով կոնվենցիոն համապատասխան իրավունքի խախտման փաստը հիմնավորվելու դեպքում` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտում ճանաչելով, հաշվի առնելով նաև նշված համատեքստում ներպետական դատական ատյանների կողմից կոնվենցիոն արժեբանությունից, ՄԻԵԴ-ի վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը, ներպետական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով պետք է ենթակա լինի վերանայման:
61. Սահմանադրական դատարանը տեղին է համարում վկայակոչել նաև իր` 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1797 որոշման 96-րդ կետը, որի համաձայն. «(...) Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված երաշխիքների տրամադրումը կարող է բացահայտվել բացառապես վերանայվող դատական ակտի բեկանումից հետո, և չի կարող մեկնաբանվել որպես կրկնակի փոխհատուցման պահանջ, ընդ որում` դատարանը պետք է պարզի` արդյո՞ք գույքի իրավատիրոջը տրամադրվել է ներպետական չափանիշներին համապատասխան փոխհատուցում` հաշվի առնելով.
- փոխհատուցման գումարի նախապես վճարված լինելու կամ չլինելու հանգամանքը, և ըստ այդմ` փաստացի փոխհատուցման պահին գույքի շուկայական արժեքը, անձի կրած վնասներն ամբողջ ծավալով վճարելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև փաստացի փոխհատուցման պահի դրությամբ գույքի արժեքի տարբերությունը:
- գույքի ընթացիկ եկամտաբերությունը,
- գույքի շահագործման հնարավորությունները,
- գույքի փոխարինելիության աստիճանը և անհատական հետևանքային այլ ազդեցության գործոնները գույքի իրավատիրոջ կյանքի վրա և այլ վնասների փաստացի փոխհատուցված լինելը»:
62. ՄԻԵԿ-ի` «Արդարացի բավարարումը» վերտառությամբ 41-րդ հոդվածի համաձայն` «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
63. Վերոնշյալ համատեքստում վերահաստատելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1797 որոշման 96-րդ կետի ներքո արտացոլված դիրքորոշումը` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՄԻԵԿ-ի 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի բավարարման շրջանակներում ՄԻԵԴ-ի կողմից անձի համապատասխան իրավունքի խախտումն արձանագրելիս տրամադրվող փոխհատուցումը, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի` ազգային դատարանների նկատմամբ սուբսիդիար (լրացնող) բնույթը և Կոնվենցիայի 41-րդ հոդվածի բուն տեքստը, մասնակի փոխհատուցում է` ուղղված Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող փոխհատուցման մասը լրացնելուն ու ամբողջության մեջ վերցված` Կոնվենցիայի խախտման «զոհին» արդարացի փոխհատուցում ապահովելուն և պետությանը չի ազատում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցում տրամադրելու` մինչև խախտումն արձանագրելը, առավել ևս` դրանից հետո ունեցած պոզիտիվ պարտականությունից:
64. Սահմանադրական դատարանը նկատում է, որ թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման մեջ նշված է, որ ՄԻԵԴ-ի` «Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 22812/05 գանգատի շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 9-ի վճռով փոխհատուցման ենթակա գումարները սահմանվել են ոչ միայն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ի հոդվածի խախտման դիմաց, այլև որպես դիմումատուների գույքի օտարման դիմաց արդարացի փոխհատուցում, այսինքն` ՄԻԵԴ-ը նշված գործով սահմանել է հայցվորների վնասի հատուցում ամբողջ ծավալով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրահանգել է, որ, օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջ ներկայացնելով, Դիմողը, ըստ էության, ներկայացրել է փոխհատուցման կրկնակի պահանջ: Մինչդեռ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1797 որոշմամբ արտահայտել է սկզբունքորեն այլ դիրքորոշում:
65. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2020 թվականի մարտի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ պահանջի մերժումն այն հիմնավորմամբ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2014 թվականի մայիսի 8-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով արդեն վերանայել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2005 թվականի ապրիլի 14-ի որոշումն ու բեկանել է թիվ 3-855(ՎԴ) 2005 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի մարտի 1-ի վճիռը և գործն ուղարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, չի կարող համարվել անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման գործուն կառուցակարգ, քանզի իրավունքը խախտող դատական ակտի բեկանման փաստը Դիմողի համար, ինքնին, որևէ արժեք չի ներկայացնում, եթե համապատասխան գործընթացը չուղեկցվի խախտված իրավունքի վերականգնմանը միտված գործուն քայլերով: Այլ խոսքով` Վճռաբեկ դատարանի կողմից վերանայման վարույթի շրջանակում ՄԻԵԴ-ի ակտի հիման վրա համապատասխան դատական ակտը բեկանելուց և գործը նոր քննության ուղարկելուց հետո հետագա դատավարության վերջնարդյունքում ՄԻԵԴ-ի ակտով արձանագրված իրավունքի խախտումը չվերացվելու (տվյալ դեպքում` փոխհատուցում չտրամադրելու) պարագայում դատական ակտի վերանայման ինստիտուտը դառնում է ձևական, պատրանքային, ինչի արդյունքում ձևախեղվում է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության համակարգի բովանդակությունը:
66. Սույն գործով Վճռաբեկ դատարան ներկայացված` նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելն այն պատճառաբանությամբ, որ նույն գործով Վճռաբեկ դատարանը նախկինում արդեն իսկ բեկանել է համապատասխան դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության, համահունչ չէ անձի` Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով ամրագրված իրավունքների սահմանադրաիրավական բովանդակությանը, քանզի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման վերաբերյալ քաղաքացիական գործով նոր հանգամանքը (տվյալ դեպքում` այլ անձի գործով ՄԻԵԴ-ի ակտը, որով արձանագրված է համապատասխան իրավունքի նույնաբովանդակ խախտումը) ենթադրում է նյութապես նոր իրավական իրադրություն, որի պայմաններում հնարավոր է վերացնել համանման գործերով նախորդիվ խախտումները, կանխել դրանց շարունակականությունը` նպատակ ունենալով իրապես ապահովելու անձի խախտված իրավունքների լիարժեք պաշտպանությունը:
67. Դատական ակտի վերանայման ինստիտուտը, նախատեսված լինելով որպես դատական վերահսկողության արտակարգ ձև (արտակարգ իրավական միջոց), կոչված լինելով ապահովելու «աղաղակող» դատական սխալների վերացումը և իրավունքի լիարժեք ու արդյունավետ պաշտպանությունն այն դեպքերում, երբ դատական շրջապտույտի վերջնարդյունքում իրողությունը հանգում է նրան, որ անձի` ՄԻԵԴ-ի ակտով կոնվենցիոն համապատասխան իրավունքի խախտումն արձանագրված լինելու պայմաններում խախտված իրավունքը շարունակում է մնալ չվերականգնված, դադարում է ծառայել իր սահմանադրաիրավական նպատակներին, ձևախեղվում է` վերածվելով զուտ դատավարական ձևականության: Արդյունքում` արդարադատության էությունը խաթարված լինելու պայմաններում վերանայման վարույթի շրջանակում ձևական իրավական արձագանքը` դատական ակտի բեկանման գործողությունը, չի հանգեցնում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց անձի` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի փաստացի բավարարման:
68. Վերոնշյալի համատեքստում, դատարանների դրսևորած վարքագիծը չպետք է միտված լինի իրավունքի վերականգնման պատրանք ստեղծելուն` դատավարական ընթացակարգերի կիրառման ձևականությամբ: Արդյունքում` վերանայման ինստիտուտը գործնականում չպետք է կորցնի իր գործառնական նշանակությունը, իսկ անձը, սպառելով ներպետական և միջազգային իրավական պաշտպանության միջոցները, չպետք է զրկված լինի արդյունավետ դատական պաշտպանություն ստանալու հնարավորությունից` փաստացի զրկվելով Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու բացարձակ իրավունքից, ինչն անհամատեղելի է սահմանադրական և կոնվենցիոն արժեբանության հետ:
69. Ընթացակարգային որևէ խոչընդոտ չի կարող գերակայել արդարադատության շահին և սահմանափակել անձի` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու բացարձակ իրավունքի բացարձակ պաշտպանության հնարավորությունը:
70. Հաշվի առնելով ողջ վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` դատական ակտը նոր հանգամանքով ենթակա է վերանայման, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտված ճանաչվելու դեպքում` հաշվի առնելով նաև այդ համատեքստում ներպետական դատական ատյանների կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը` անկախ տվյալ գործին անձի մասնակից լինելու հանգամանքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` դատական ակտը նոր հանգամանքով ենթակա է վերանայման, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտված ճանաչվելու դեպքում` հաշվի առնելով նաև այդ համատեքստում ներպետական դատական ատյանների կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը` անկախ տվյալ գործին անձի մասնակից լինելու հանգամանքից:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Ա. Դիլանյան
6 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴՈ-1801
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 10 նոյեմբերի 2025 թվական: