ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2025 թվականի թիվ 131-Ն
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով և ապահովելով հանրության իրազեկված լինելու իրավունքի իրականացումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել կարևոր իրադարձությունների շրջանակը` համաձայն Հավելված N 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան
2025 թ. նոյեմբերի 06
ք. Երևան
Հավելված N 1
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի
2025 թվականի նոյեմբերի 6-ի
թիվ 131-Ն որոշման
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) սահմանում է հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող կարևոր իրադարձությունների շրջանակը` նպատակ ունենալով կանոնակարգել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների` այդ իրադարձություններն ամբողջությամբ կամ մասնակի, ուղիղ եթերում կամ վերահաղորդմամբ հեռարձակելու իրավունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` բացառելու իր կարգավորման ոլորտում գործող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից այնպիսի կարևոր իրադարձությունների հեռարձակումը, որոնք առանձնակի կարևորություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հասարակության համար և այնպիսի եղանակով, որը կարող է զրկել հանրության լայն շրջանակներին այդ միջոցառումները Հայաստանի Հանրապետության տարածքում ուղիղ հեռարձակմամբ կամ տեսաձայնագրությամբ անվճար դիտելու հնարավորությունից:
3. Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող միջոցառումները, սույն որոշման նպատակներից ելնելով, պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին`
ա) հանդիսանան այնպիսի նշանակալի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հասարակության լայն շրջանակներում, ներառյալ այն անձանց համար, որոնք սովորաբար չեն դիտում կամ չեն մասնակցում նմանատիպ միջոցառումներին.
բ) ունենան նախապես սահմանված կազմակերպման ժամկետներ և իրականացվեն միջոցառման կազմակերպողի նախաձեռնությամբ.
գ) միջոցառմանը վերաբերող տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների գույքային իրավունքները պետք է հասանելի լինեն տեսալսողական մեդիածառայություն մատուցողներին, որոնց սփռման տարածքն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. «Կարևոր իրադարձություն» է համարվում պետական կամ համազգային նշանակության քաղաքական, մշակութային, կրոնական, մարզական կամ դրանց իրենց նշանակությամբ համարժեք իրադարձություն, այդ թվում`
1) Իրադարձությունն առաջացնում է համընդհանուր հետաքրքրություն տարբեր սոցիալական խմբերի շրջաններում.
2) Իրադարձությունն ունի բարձր դիտելիություն կամ դրա նկատմամբ առկա է հանրային հասարակական հետաքրքրություն.
3) Իրադարձությունն ունի նշանակություն հասարակության արժեքներին, մշակութային ժառանգության պահպանմանը, պատմական զարգացման կամ ժողովրդավարության ամրապնդման համար.
4) Իրադարձությունն առանձնանում է հատուկ մշակութային նշանակությամբ և նպաստում է ազգային մշակութային ինքնության պահպանմանն ու ամրապնդմանը:
Պաշտոնական հրապարակման օրը` 12 նոյեմբերի 2025 թվական: