ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/3715/05/23
Վարչական գործ թիվ ՎԴ/3715/05/23 2025 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան
Դատավորներ` Հ. Խաչատրյան
Կ. Գևորգյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Հ. Բեդևյան
զեկուցող Ռ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
2025 թվականի սեպտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կենտրոնական բանկի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.07.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.07.2024 թվականի որոշմամբ ՀՀ կենտրոնական բանկի բողոքն ամբողջությամբ մերժվել է, և Դատարանի 12.07.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկը (ներկայացուցիչ` Թագուհի Աֆաջանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչ շրջաբերական գրությամբ ազդակ ստանալը և սույն գործով վիճարկվող որոշումը կայացնելը, հայցվորի կողմից արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր չտրամադրելու խախտում է արձանագրվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի դեռևս 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշմամբ, որով փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է տուգանք տեսակի պատժամիջոց (4 մլն ՀՀ դրամ գումարի չափով)` հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխանակման կետը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ է թույլ տվել նման խախտում: Այս որոշմամբ փոխանակման կետը տեղեկացվել է, որ կատարված արտարժույթի առուվաճառքի գործարքների համար անդորրագրերի չտրամադրումը ՀՀ կենտրոնական բանկը համարում է էական խախտում, և հետագայում նման վարքագծի կրկնման դեպքում կկիրառվեն պատասխանատվության այլ միջոցներ:
Նշվածից հետո ՀՀ կենտրոնական բանկը, հիմք ընդունելով փոխանակման կետի իրավախախտ վարքագիծը` հնարավոր պատժամիջոցներից նախկին որոշմամբ տուգանք տեսակի պատժամիջոցի կիրառումից հետո ևս մեկ անգամ արժութային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի խախտումներ թույլ տալը, շրջաբերական գրությունը` որպես ազդակ չընդունելու փաստը, ընտրել է «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տարբերակներից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը:
Վերոթվարկյալները հայցվորի ոչ իրավաչափ վարքագծի մասին վկայող անառարկելի և խոսուն փաստեր են, որոնք որոշման փաստական հանգամանքներին վերաբերող բաժնում նշել և որոնց վրա էլ հիմնվել է ՀՀ կենտրոնական բանկը որոշմամբ հայցվորի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը որպես համաչափ պատժամիջոց ընտրելիս` հարուցված վարչական վարույթի ընթացքում ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Օբյեկտիվ իրականության մեջ անդորրագրի չտրամադրման համար նախատեսված հնարավոր պատասխանատվության միջոցներից մեկը մյուսի համեմատությամբ ավելի խիստ լինելու հանգամանքն ինքնին դեռևս բավարար չէ կոնկրետ վարչական վարույթի շրջանակներում կիրառված պատժամիջոցի համաչափությունը գնահատելու, առավել ևս այդ հիմքով որոշմամբ կիրառված պատժամիջոցը ոչ համաչափ գնահատելու համար: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ հիմնված է օրենսդրական նորմի զուտ տեսական մեկնաբանության վրա` կտրված կոնկրետ գործի փաստական հանգամանքներից:
Վերաքննիչ դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման` արձանագրելով, որ ՀՀ կենտրոնական բանկը խախտել է կամայականության արգելքի սկզբունքը, քանի որ մեկ այլ տնտեսվարողի` «Սիթի» ՍՊԸ-ի նկատմամբ միևնույն փաստական հանգամանքների պարագայում կայացրել է վիճարկվող որոշումից տարբերվող որոշում, սակայն Վերաքննիչ դատարանը սույն պարագայում հաշվի չի առել, որ մատնանշված երկու վարույթների հիմքում ընկած փաստական հանգամանքները չեն նույնանում: Մասնավորապես, անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետին ուղարկվել է շրջաբերական գրություն, որը, սակայն, չի ուղարկվել «Սիթի» ՍՊԸ-ին, քանի որ «Սիթի» ՍՊԸ-ի կողմից խախտումը թույլ է տրվել մինչև շրջաբերական գրության հրապարակումը, ուստի առնվազն նշված փաստական հանգամանքի վկայակոչումը բավարար է արձանագրելու, որ մատնանշված երկու վարչական վարույթների հիմքում ընկած փաստական հանգամանքները չեն նույնացվել, ուստի չի խախտվել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կամայականության արգելքի սկզբունքը:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ վարչական մարմինն իր շրջաբերական գրությամբ նախապես կանխորոշել է հետագայում` շրջաբերական գրությունից հետո կայացման ենթակա վարչական ակտերի եզրափակումը, սակայն ՀՀ կենտրոնական բանկը 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395-22 շրջաբերական գրությամբ ՀՀ տարածքում գործող փոխանակման կետերին, այդ թվում` հայցվորին, տեղեկացրել է, որ արտարժույթի առուվաճառքի գործարքների չգրանցմամբ, անդորրագրերի չտրամադրմամբ դրսևորվող էական խախտումներ թույլ տալու համար «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ՀՀ կենտրոնական բանկը կարող է փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել` առանց այն տուգանային պատժատեսակով փոխարինելու, որն անհրաժեշտ է դիտարկել որպես խախտումների վերացման և բացառման ազդակ, որն ուղարկվել է վերահսկվող սուբյեկտներին` փոխանակման կետերին:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը սխալ է լուծել պետական տուրքի հարցը` հայցվորի կողմից կատարած պետական տուրքի վճարման փոխհատուցման պարտականությունը դնելով ՀՀ կենտրոնական բանկի վրա, այնինչ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, ՀՀ կենտրոնական բանկն ազատված է բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից, հետևաբար նշված կարգավորման ուժով ՀՀ կենտրոնական բանկը հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցման պարտականություն ևս չէր կարող կրել:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.07.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշման համաձայն` նույն որոշման նկարագրական մասում 1-ին և 3-րդ կետերով նկարագրված խախտումները թույլ տալու համար (փոխանակման կետի դրամարկղի մնացորդը չէր համապատասխանում էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներին, մասնավորապես` դրամարկղում առկա էր 2.049.663 ՀՀ դրամի պակասորդ և փոխանակման կետի տեսաձայնագրությունների ժամերը չեն համապատասխանում արտարժույթի առուվաճառքի գործարքների ֆիսկալ հաշվետվությունների (էլեկտրոնային գրանցումների մատյանում) ժամերին, մասնավորապես 05.09.2022 թվականի տեսաձայնագրության ժամը 9-10 րոպե առաջ է աշխատանքային ծրագրի ժամից) անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով, իսկ նույն որոշման նկարագրական մասում 2-րդ կետով նկարագրված խախտումները թույլ տալու համար (փոխանակման կետը հաճախորդներին չի տրամադրել արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր) անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է տուգանք` 4.000.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 92-95).
2) ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395.22 գրության համաձայն` ՀՀ տարածքում գործող փոխանակման կետերին հայտնվել է, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված գործարար սովորույթը, համաձայն որի` փոխանակման կետերին տրվել է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով նախատեսված տուգանքի, կասեցման կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պատժամիջոցների ընտրության հնարավորություն, այսուհետ չի կիրառվելու: Միաժամանակ տեղեկացվել է, որ նշված գրությունն ուղարկվելուց հետո բացահայտված խախտումների համար «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ՀՀ կենտրոնական բանկը կարող է փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել կամ կասեցնել` առանց այն տուգանքով փոխարինելու փոխանակման կետի ընտրության հնարավորության (հատոր 1-ին, գ.թ. 48).
3) ՀՀ կենտրոնական բանկի միկրոֆինանսական կազմակերպությունների ու գործարար վարվելակերպի վերահսկողության վարչության և իրավաբանական վարչության 06.03.2023 թվականի «Ա/Ձ Գոհարիկ Մինասյան (լիցենզիա թիվ .....(1)) փոխանակման կետի վերաբերյալ» թիվ 369/1 արձանագրության համաձայն` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված 16.01.2023 թվականի գրությամբ տրված տեղեկատվության և 03.12.2022 թվականի տեսաձայնագրությունների դիտարկման և ֆիսկալային հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են փոխանակման կետի կողմից կատարված հետևյալ խախտումները` փոխանակման կետը մի շարք գործարքներ չի գրանցել էլեկտրոնային գրանցումների մատյանում և հաճախորդներին չի տրամադրել արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր, փոխանակման կետի դրամարկղում տեղադրված տեսագրման և ձայնագրման համակարգի միջոցով իրականացված գործառնությունների տեսաձայնագրությունները չեն պահպանվել փոխանակման կետում առնվազն 180 օր, իսկ տեսաձայնագրությունների ժամերը չեն համապատասխանել արտարժույթի առուվաճառքի գործարքների ֆիսկալ հաշվետվությունների (էլեկտրոնային գրանցումների մատյանի) ժամերին, փոխանակման կետը չի ապահովել դրամարկղի ներսում տեղի ունեցող գործողությունների, այդ թվում` աշխատակիցների գործողությունների տեսագրում ու ձայնագրում, արձանագրվել է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետի, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007 թվականի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 98-րդ, 100-րդ, 114-րդ և 115-րդ կետերով սահմանված պահանջների խախտում (հատոր 1-ին, գ.թ. 58-59).
______________________
1) Հանդիսանում է անձնական տվյալ
4) ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի 05.04.2023 թվականի նիստի թիվ 15 արձանագրությունից քաղվածքի համաձայն` տեղի ունեցած նիստում քննարկվել են ՀՀ կենտրոնական բանկի միկրոֆինանսական կազմակերպությունների ու գործարար վարվելակերպի վերահսկողության վարչության և իրավաբանական վարչության 06.03.2023 թվականի «Ա/Ձ Գոհարիկ Մինասյան (լիցենզիա թիվ .....(2)) փոխանակման կետի վերաբերյալ» թիվ 369/1 արձանագրությամբ արձանագրված խախտումները, նշվել է, որ փոխանակման կետի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում թույլ է տրվել նմանատիպ խախտում, որի համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշմամբ փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում` ապագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու հանձնարարականով, ինչպես նաև տուգանք` 4.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանը, պատշաճ ծանուցված լինելով լսման վերաբերյալ, չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել առարկություն կամ բացատրություն` արձանագրված խախտումների վերաբերյալ, արձանագրված խախտումները թույլ տալու համար առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանին պատկանող փոխանակման կետի գործունեության լիցենզիան` հաշվի առնելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395.22 գրությունը (հատոր 1-ին, գ.թ. 52-55).
_______________________
2) Հանդիսանում է անձնական տվյալ
5) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշման համաձայն` ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.11.2001 թվականի թիվ 303 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետին տրված արտարժույթի առուվաճառքի թիվ .....(3) լիցենզիան (հատոր 1-ին, գ.թ. 41-46):
_______________________
3) Հանդիսանում է անձնական տվյալ
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական մարմնի կողմից պատասխանատվության այլընտրանքային միջոցի ընտրության իրավաչափության գնահատման առանձնահատկություններին:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական տուրքի վճարման պարտականությունից ազատված դատավարության մասնակցի կողմից դատավարության այլ մասնակցի կատարած դատական ծախսերի փոխհատուցման հարցին:
1) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսդիրն ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել իր իրավունքները և ազատությունները ենթադրյալ խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես`
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:
i
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնք իրենց ամրագրումն են ստացել վերոգրյալ օրենքի 2-րդ գլխում, վարչական իրավունքի ոլորտում որոշակիացնում են սահմանադրական սկզբունքները` հանդիսանալով վարչարարության նորմատիվ ուղենիշեր:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները վարչական իրավունքի առանցքային հիմնադրույթներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղորդում են վարչական մարմինների ցանկացած գործունեություն: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչարարության հիմնարար սկզբունքների կարգավորիչ դերը կայանում է նրանում, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը պետք է համապատասխանի նշված սկզբունքներին (տե՛ս, Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքներից է նաև նույն օրենքի 7-րդ հոդվածով ամրագրված կամայականության արգելքի սկզբունքը, համաձայն որի`
1. Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:
Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:
2. Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով:
Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:
Կամայականության արգելքի սկզբունքն ունի առանցքային նշանակություն և սերտորեն փոխկապակցված է վարչարարության իրականացման մեկ այլ` օրինականության սկզբունքի հետ: Կամայականության արգելքի սկզբունքը կոչված է կանխելու, բացառելու վարչական մարմինների կամայական և խտրական ցանկացած գործունեություն` պարտադրելով վերջիններիս հետևել օրենքների պահպանմանը և միատեսակ գործերի (փաստերի) նկատմամբ հայեցողական լիազորությունն իրականացնել միանման և որոշակի ձևով:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: ՀՀ կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Վերը նշված նորմից հետևում է, որ ՀՀ կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, բանկային գործունեության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն և այդ իմաստով հանդիսանում է վարչական մարմին, հետևաբար վարչարարության իրականացման հիմնարար սկզբունքները կիրառելի են նաև օրենսդրությամբ ՀՀ կենտրոնական բանկին վերապահված հանրային-իշխանական լիազորությունների իրականացման ժամանակ:
Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք), որի 7.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը ՀՀ կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաստանի Հանրապետության դրամով (...):
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի կարգավորման ուժով, ի թիվս բանկերի, օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք (փոխանակման կետեր) ևս Օրենքի իմաստով և Օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով հանդիսանում են մասնագիտացված անձինք:
Օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` մասնագիտացված անձինք պարտավոր են իրենց հաճախորդներին Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր):
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից իրենց հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան (...):
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ մասնագիտացված անձանց, այդ թվում` արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետեր) համար օրենսդրությամբ սահմանված է իմպերատիվ պարտականություն, այն է` իրենց հաճախորդներին Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) տրամադրելը: Նշված պահանջը չպահպանելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն` իրավակիրառող մարմնին, տվյալ դեպքում` Կենտրոնական բանկին, հնարավորություն տալով ընտրել նախատեսված պատասխանատվության այլընտրանքային միջոցներից որևէ մեկը` իրավախախտ անձի նկատմամբ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, կամ ուժը կորցրած ճանաչել տրամադրված գործունեության լիցենզիան: Պատասխանատվության միջոցի ընտրության հարցը լուծելիս իրավակիրառող մարմինը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնի կատարած արարքի հանգամանքները և վիճելի իրավահարաբերության բնույթը, որից հետո միայն կատարի թույլատրելի իրավաչափ ընտրություն:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչարարության իրականացման ընթացքում պատասխանատվության այլընտրանքային միջոցի ընտրության իրավաչափության և այդ ընտրության արդյունքում կամայականության արգելքի սկզբունքի խախտված լինելու հարցը դատարանը պետք է պարզի գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, որոնցից առաջինի դեպքում պետք է հաշվի առնի այդ ընտրության կայացման հիմքում դրված հանգամանքները, դրանք բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ պարզված և հիմնավորված լինելու իրադրությունը, իսկ կամայականության արգելքի սկզբունքի խախտված լինելու հարցը պարզելիս պետք է բացահայտի, թե արդյո՞ք համեմատելի երկու իրավիճակները միատեսակ են, և արդյո՞ք վարչական մարմինն անհավասար մոտեցում է ցուցաբերել: Միայն նշված հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում կարող է արձանագրվել կամայականության արգելքի սկզբունքի խախտման փաստը:
2) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը, վճարման կարգը, պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`
ա) պետական տուրքի վճարումից ազատում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` (...) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է նույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից (...):
i
ՀՀ սահմանադրական դատարանը 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արձանագրել է, որ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` որոշակի ծառայությունների կամ գործողությունների, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Ելնելով այդ վճարի` օրենքով որոշված իրավական բովանդակությունից և նպատակային նշանակությունից` պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ` որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաև` մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը` նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը և թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը:
Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` վարչական դատավարության շրջանակներում կայացված դատական ակտերի բողոքարկման ընթացակարգերում պետական տուրքի գծով արտոնություն չի տրամադրվում այդ արտոնությունից օգտված անձին, դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտման առումով սահմանադրականության խնդիր է առաջացնում: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` օրենքի վերոհիշյալ հոդվածի վիճարկվող իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազոր մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելով` օրենսդիրը որևէ սահմանափակում կամ բացառություն չի նախատեսել` կապված այդ գործերով կայացված դատական ակտերի հետագա հնարավոր բողոքարկման շրջանակներում հիշյալ արտոնության շարունակական կիրառման հետ: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերի համատեղ կիրառման շրջանակներում դատական ծախսերի բաշխման կանոնները չեն կարող մեկնաբանվել այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` պետական տուրքի գծով արտոնություն ունեցող անձից այդ ծախսերը գանձվեն` ներառելով նաև վճարման ենթակա պետական տուրքի գումարը: Դատաքննության անբարենպաստ ելքով կամ օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով պայմանավորված դատավարության մասնակից այն սուբյեկտը, որն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի վճարման արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով հատուցելու պարտականություն` պահպանելով պետական տուրքի գծով արտոնությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների հենց այսպիսի ընկալմամբ` ապահովելով դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը նաև դատական բողոքարկման ընթացակարգերում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և պետական տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, նշել է. «(...) պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին (...), դատարանն այնուհետև կրկնում է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (...)»: (տե՛ս, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 45-րդ և 48-րդ կետեր):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է` նախատեսված որոշակի պետական ծառայությունների մատուցման կամ գործողությունների իրականացման համար: Խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դատական պաշտպանության իրավունքի իրացման համար դատարան հայցադիմում (դիմում) ներկայացնելիս անձը կրում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականություն: Այլ կերպ ասած` պետական տուրքի վճարում կատարելը հանդիսանում է դատարանում հայցադիմում (դիմում) ներկայացնելու նախադրյալ: Միաժամանակ, օրենսդրությամբ որոշակի կատեգորիայի գործերով որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված են պետական տուրքի գծով արտոնություններ, որոնցից մեկը նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, որով սահմանված են առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների դեպքերը: Նշված դեպքերից մեկի հիմքով ՀՀ կենտրոնական բանկն ազատված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից, այդ թվում` դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով ՀՀ կենտրոնական բանկին պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նպատակ է հետապնդել ապահովելու վերջինիս դատարանի մատչելիության իրավունքի առավել դյուրին և արդյունավետ իրացումը` հնարավորություն տալով ՀՀ կենտրոնական բանկին դատարան հայց հարուցել, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնել առանց պետական տուրք վճարելու: Այլ կերպ ասած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով ՀՀ կենտրոնական բանկին պետական տուրքի գծով տրամադրված արտոնությունը վերաբերելի է այն դեպքերին, երբ դատական պաշտպանության դիմողը, այդ թվում դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնողը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: Մինչդեռ, այն դեպքերում, երբ ՀՀ կենտրոնական բանկի դեմ հայց հարուցելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վճարվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքը, այսինքն` դատական պաշտպանության իրենց իրավունքն իրացնելու համար վերջիններս կատարում են անհրաժեշտ դատական ծախս, ապա այդ ծախսը չի կարող հատուցման ենթակա չլինել:
Այսպես.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում, անդրադառնալով վերոգրյալ իրավակարգավորմանը, արձանագրել է, որ այն հստակորեն ընդգծում է դատական ծախսերի հատուցման պարտականության սահմանները, որոնք հանգում են հետևյալին.
1) որպես կանոն` դատական ծախսերի հատուցման պարտականությունը կրում է այն կողմը, որը գործի ելքում դատավարական իմաստով պարտվել է, այսինքն` այն կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կամ այն կողմը, որի վրա դատարանի կողմից օրենքով սահմանված դեպքերում դրվում է այդ պարտականությունը, (...),
2) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է կամ կրելու է դատարան դիմելու (դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու) համար,
i
3) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են եղել դատական ծախս կատարած կողմի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե՛ս, Վարդան Մամիկոնյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/1984/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական գործի` վերջինիս համար անբարենպաստ ելքի դեպքում հայցվոր կողմը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավակարգավորման հիմքով, կարող է ակնկալել, ուստիև պետք է ստանա դատական ծախսերի հատուցում այն ծավալով, ինչ ծավալով այդ ծախսը, որպես դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ, կատարել է: Այսինքն` դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար իրավունքի ուժով պետական տուրքի վճարման արտոնությունից օգտվելու հանգամանքն ինքնին ՀՀ կենտրոնական բանկին չի արտոնում նաև դատավարության մյուս կողմի կատարած դատական ծախսը չհատուցելուն: Ընդ որում` ՀՀ կենտրոնական բանկի վրա կարող է դրվել դատավարության մյուս մասնակցի կողմից կատարված այն դատական ծախսերի հատուցման պարտականությունը, որն անհրաժեշտ է եղել դատարան դիմելու համար և դրանք ողջամտորեն անհրաժեշտ են եղել դատական ծախս կատարած կողմի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումը:
Դատարանը 12.07.2023 թվականի վճռով հայցը բավարարել է` գտնելով, որ «(...) Գործի քննության ընթացքում Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել են այլ փոխանակման կետերի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ ամփոփ նյութեր, իսկ Պատասխանողի ներկայացուցիչներն ընդունել են, որ մասնավորապես «Սիթի» ՍՊ ընկերության նկատմամբ համանման փաստական հանգամանքներում կայացվել է այլ որոշում, որը, սակայն, նախորդել է փոխանակման կետերին ուղարկված շրջաբերականին:
Վիճարկվող որոշման մեջ առկա է նշում առ այն, որ Կենտրոնական բանկը 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395-22 գրությամբ տեղեկացրել է ՀՀ տարածքում գործող փոխանակման կետերին, այդ թվում` Հայցվորին, որ արտարժույթի առուվաճառքի գործարքների չգրանցմամբ, անդորրագրերի չտրամադրմամբ, տեսաձայնագրությունների չպահպանմամբ և դրամարկղում առկա շեղումներով (...) էական խախտումների համար «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կենտրոնական բանկը կարող է փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել կամ կասեցնել` առանց այն տուգանքով փոխարինելու:
(...) Կենտրոնական բանկը 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395-22 գրությունը, դրանում և վիճարկվող ակտում առկա տեղեկությունները չէին կարող հիմք հանդիսանալ նույն ձևով հայեցողական լիազորությունն իրականացնելու պարտականությունից շեղվելու համար, քանի որ դրանք չեն պարունակում հիմնավորումներ առ այն, որ մեկ այլ հայեցողական որոշում կայացնելը պայմանավորված է եղել գերակա, այսինքն` այնպիսի շահի առկայությամբ, որը գերակայում է կամայականության արգելի սկզբունքի նկատմամբ:
Այսպիսով, (...) վիճարկվող վարչական ակտով չեն հիմնավորվել վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում տվյալ լուծումն ընտրելու նկատառումները, ինչի արդյունքում խախտվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ և 57-րդ հոդվածների պահանջները, այսինքն` առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասով սահմանված` 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը, ուստի հայցը ենթակա է բավարարման»:
Վերաքննիչ դատարանը 26.07.2024 թվականի որոշմամբ ՀՀ կենտրոնական բանկի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) նախկինում Կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշման համաձայն` նույն որոշման նկարագրական մասում 2-րդ կետով նկարագրված խախտումները թույլ տալու համար (փոխանակման կետը հաճախորդներին չի տրամադրել արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր) անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է տուգանք` 4.000.000 ՀՀ դրամ գումարի չափով (հիմք` Կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշում, 1-ին հատոր, գ.թ. 92-95): Այսինքն, նմանատիպ վարքագծի դրսևորման պարագայում, որպես պատասխանատվության միջոց, վարչական մարմինն ընտրել է տուգանքը` միաժամանակ նույն որոշմամբ նշելով նաև, որ «Կենտրոնական բանկն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ կատարված արտարժույթի առուվաճառքի գործարքների համար անդորրագրերի չտրամադրումը Կենտրոնական բանկը համարում է էական խախտում և հետագայում նման վարքագծի կրկնման դեպքում Կենտրոնական բանկի կողմից կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ»:
Ավելին, վարչական գործի նյութերում առկա են մի շարք փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է, որ համանման խախտումների համար տնտեսավարող այլ սուբյեկտների նկատմամբ կիրառվել է տուգանք (2-րդ հատոր, գ.թ. 2-42): Ուշագրավ է, որ առաջին ատյանում պատասխանողի ներկայացուցիչն ընդունել է, որ «Սիթի» ՍՊԸ-ի նկատմամբ համանման փաստական հանգամանքներում կայացվել է այլ որոշում (2-րդ հատոր, գ.թ. 2-4), որը նախորդել է փոխանակման կետերին ուղարկված շրջաբերականին: (...) վարչական մարմինը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կամայականության արգելքի սկզբունքը` ցուցաբերելով անհավասար մոտեցում միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ:
Անդրադառնալով Կենտրոնական բանկի 23.11.2022 թվականի թիվ 13.322/2395-22 շրջաբերական-գրությանը (1-ին հատոր, գ.թ. 48), (...) Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ (...) վարչական մարմինն իր հայեցողությամբ չէր կարող կանխորոշել ապագայում ենթադրյալ խախտումների առկայությունը, ինչպես նաև այդ ենթադրյալ խախտումների համար հարուցման ենթակա վարչական վարույթների շրջանակներից դուրս նախապես ընտրել կիրառման ենթակա խիստ պատասխանատվության միջոց: Այլ կերպ ասած, պատասխանող Կենտրոնական բանկը հարուցված կոնկրետ վարչական վարույթից դուրս իրավասու չէ անդրադառնալ, կանխատեսել ու որոշել ապագայում հնարավոր իրավախախտման համար նախատեսված սանկցիան, ինչը փաստացի ամրագրվել է վերջինիս կողմից թե' Կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշման, թե' Կենտրոնական բանկի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395-22 շրջաբերական-գրության մեջ: Իր հերթին, պատասխանողը չի կարող սույն գործով վիճարկվող որոշմամբ կիրառված առավել խիստ սանկցիայի ընտրությունը պայմանավորել բացառապես Կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշմամբ ու Կենտրոնական բանկի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395-22 շրջաբերական-գրությամբ: Ինչպես նշվել է, լիցենզիայի ուժը կորցնելն իրենից ներկայացնում է ավելի խիստ վարչական պատասխանատվության միջոց, քան տուգանքը, որպիսի պարագայում, վարչական մարմինը, պատասխանատվության միջոց ընտրելիս, յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորի ավելի մեղմ պատասխանատվության միջոցի չկիրառման շարժառիթները, որից հետո միայն սահմանի ավելի խիստ պատասխանատվության միջոց` հիմնավորելով այն կիրառելու անհրաժեշտությունը: Դրա մասին է վկայում նաև վարչարարության համաչափության հիմնարար սկզբունքը:
(...) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից, սակայն սույն դեպքում խոսքը գնում է հայցադիմում ներկայացնելու համար հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցման մասին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: Այսպիսով, դատական ծախսերի մասով ևս վճիռն ենթակա է անփոփոխ թողնելուն»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշման համաձայն` նույն որոշման նկարագրական մասում 1-ին և 3-րդ կետերով նկարագրված խախտումները թույլ տալու համար (փոխանակման կետի դրամարկղի մնացորդը չէր համապատասխանում էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներին, մասնավորապես` դրամարկղում առկա էր 2,049,663 ՀՀ դրամի պակասորդ և փոխանակման կետի տեսաձայնագրությունների ժամերը չեն համապատասխանում արտարժույթի առուվաճառքի գործարքների ֆիսկալ հաշվետվությունների (էլեկտրոնային գրանցումների մատյանում) ժամերին, մասնավորապես 05.09.2022 թվականի տեսաձայնագրության ժամը 9-10 րոպե առաջ է աշխատանքային ծրագրի ժամից) անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով, իսկ նույն որոշման նկարագրական մասում 2-րդ կետով նկարագրված խախտումները թույլ տալու համար (փոխանակման կետը հաճախորդներին չի տրամադրել արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր) անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է տուգանք` 4.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395.22 գրության համաձայն` ՀՀ տարածքում գործող փոխանակման կետերին հայտնվել է, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված գործարար սովորույթը, համաձայն որի` փոխանակման կետերին տրվել է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով նախատեսված տուգանքի, կասեցման, կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պատժամիջոցների ընտրության հնարավորություն, այսուհետ չի կիրառվելու: Միաժամանակ տեղեկացվել է, որ նշված գրությունն ուղարկվելուց հետո բացահայտված խախտումների համար «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ՀՀ կենտրոնական բանկը կարող է փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել կամ կասեցնել` առանց այն տուգանքով փոխարինելու փոխանակման կետի ընտրության հնարավորության:
ՀՀ կենտրոնական բանկի միկրոֆինանսական կազմակերպությունների ու գործարար վարվելակերպի վերահսկողության վարչության և իրավաբանական վարչության 06.03.2023 թվականի «Ա/Ձ Գոհարիկ Մինասյան (լիցենզիա թիվ .....(4)) փոխանակման կետի վերաբերյալ» թիվ 369/1 արձանագրության համաձայն` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված 16.01.2023 թվականի գրությամբ տրված տեղեկատվության և 03.12.2022 թվականի տեսաձայնագրությունների դիտարկման և ֆիսկալային հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են փոխանակման կետի կողմից կատարված հետևյալ խախտումները` փոխանակման կետը մի շարք գործարքներ չի գրանցել էլեկտրոնային գրանցումների մատյանում և հաճախորդներին չի տրամադրել արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր, փոխանակման կետի դրամարկղում տեղադրված տեսագրման և ձայնագրման համակարգի միջոցով իրականացված գործառնությունների տեսաձայնագրությունները չեն պահպանվել փոխանակման կետում առնվազն 180 օր, իսկ տեսաձայնագրությունների ժամերը չեն համապատասխանել արտարժույթի առուվաճառքի գործարքների ֆիսկալ հաշվետվությունների (էլեկտրոնային գրանցումների մատյանի) ժամերին, փոխանակման կետը չի ապահովել դրամարկղի ներսում տեղի ունեցող գործողությունների, այդ թվում` աշխատակիցների գործողությունների տեսագրում ու ձայնագրում, արձանագրվել է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետի, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007 թվականի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 98-րդ, 100-րդ, 114-րդ և 115-րդ կետերով սահմանված պահանջների խախտում:
______________________________
4) Հանդիսանում է անձնական տվյալ
ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի 05.04.2023 թվականի նիստի թիվ 15 արձանագրությունից քաղվածքի համաձայն` տեղի ունեցած նիստում քննարկվել են ՀՀ կենտրոնական բանկի միկրոֆինանսական կազմակերպությունների ու գործարար վարվելակերպի վերահսկողության վարչության և իրավաբանական վարչության 06.03.2023 թվականի «Ա/Ձ Գոհարիկ Մինասյան (լիցենզիա թիվ .....(5)) փոխանակման կետի վերաբերյալ» թիվ 369/1 արձանագրությամբ արձանագրված խախտումները, նշվել է, որ փոխանակման կետի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում թույլ է տրվել նմանատիպ խախտում, որի համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշմամբ փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում` ապագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու հանձնարարականով, ինչպես նաև տուգանք` 4.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանը, պատշաճ ծանուցված լինելով լսման վերաբերյալ, չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել առարկություն կամ բացատրություն` արձանագրված խախտումների վերաբերյալ, արձանագրված խախտումները թույլ տալու համար առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանին պատկանող փոխանակման կետի գործունեության լիցենզիան` հաշվի առնելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395.22 գրությունը:
________________________
5) Հանդիսանում է անձնական տվյալ
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշման համաձայն` ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.11.2001 թվականի թիվ 303 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետին տրված արտարժույթի առուվաճառքի թիվ .....(6) լիցենզիան:
______________________
6) Հանդիսանում է անձնական տվյալ
Տվյալ դեպքում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշման ոչ իրավաչափ լինելու իրենց եզրահանգումը ստորադաս դատարանները հիմնավորել են նրանով, որ պատասխանող ՀՀ կենտրոնական բանկը համանման փաստական հանգամանքներում «Սիթի» ՍՊԸ-ի նկատմամբ կայացրել է այլ որոշում, ուստի վիճարկվող որոշումը կայացնելիս թույլ է տվել կամայականության արգելքի սկզբունքի խախտում` անհավասար մոտեցում ցուցաբերելով միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ և պատասխանատվության միջոցն ընտրելիս չհիմնավորված կերպով շեղվել է հայեցողական լիազորությունն իրականացնելու պարտականությունից:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում կամայականության արգելքի սկզբունքի խախտում առկա չէ, և արձանագրված խախտման համար պատասխանատվության միջոցի ընտրության հայեցողությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել է համաչափորեն: Մասնավորապես` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետը հաճախորդներին արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր չտրամադրելու իրավախախտման համար պատասխանատվության է ենթարկվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշմամբ` տուգանվելով 4.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, այնուհետև, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395-22 գրությամբ տեղեկացվել է, որ, ի թիվս այլ իրավախախտումների, հաճախորդներին արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր չտրամադրելու համար ՀՀ կենտրոնական բանկը կարող է փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել կամ կասեցնել: Նշվածից հետո, անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի մոտ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերվել են արժութային գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ, այդ թվում` հաճախորդներին արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրերի չտրամադրում, որի կատարման համար ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշմամբ փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց, որով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.11.2001 թվականի թիվ 303 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետին տրված արտարժույթի առուվաճառքի թիվ .....(7) լիցենզիան:
________________________
7) Հանդիսանում է անձնական տվյալ
Վերոգրյալի հիման վրա` գործի փաստերի համադրման արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պատասխանատվության միջոցի ընտրությունը պայմանավորված է եղել հայցվոր անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի կրկնվող իրավախախտ վարքագծով (մեկ տարվա ընթացքում միևնույն իրավախախտումը կատարվել է երկրորդ անգամ), այն է` արձանագրված իրավախախտումների կատարման համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշմամբ պատասխանատվության ենթարկվելուց, իսկ այնուհետև` մինչև վիճարկվող որոշումը կայացվելը, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395.22 գրությամբ հետագայում իրավախախտումների կատարման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ տեղեկացվելուց հետո, անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետը արժութային գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ կրկին դրսևորել է անհետևողական և անօրինապահ վարքագիծ, անտեսելով իրավախախտումների վերացման հանձնարարականները և պատժամիջոցների խստացման վերաբերյալ նախազգուշացումները` շարունակել է կատարել էական խախտումներ, այդ թվում` հաճախորդներին չի տրամադրել արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր: Արդյունքում` օրենսդրական պահանջի խախտում թույլ տված սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու, վերջինիս կրկնվող իրավախախտ վարքագիծը կանխելու և օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթի իրականացման ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է կատարված իրավախախտմանը համաչափ և արդարացի ընտրված պատասխանատվության միջոց` վիճարկվող որոշման կայացմամբ անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետին զրկելով գործունեություն իրականացնելու լիցենզիայից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայեցողական լիազորության իրականացումն ուղղված է կատարված իրավախախտման և դրա համար կիրառված պատասխանատվության միջոցի արդարացի և օբյեկտիվ հավասարակշռման պահպանմանը, հակառակ պարագայում գործնականում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ կրկնվող և միատեսակ իրավախախտումների կատարման համար մշտապես պատասխանատվության նույն միջոցը կիրառելու և անօրինապահ վարքագծի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոց չնախատեսելու դեպքում պատասխանատու սուբյեկտի համար կրկնվող իրավախախտումներ թույլ տալը կարող է դառնալ մշտական վարքագիծ և ձևավորել արատավոր պրակտիկա:
Անդրադառնալով ստորադաս դատարանների այն եզրահանգմանը, ըստ որի` պատասխանող ՀՀ կենտրոնական բանկը համանման փաստական հանգամանքներում «Սիթի» ՍՊԸ-ի նկատմամբ կայացրել է այլ որոշում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողի ներկայացուցիչը գործի քննության ընթացքում հայտնել է, որ անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետն իրավախախտումը կատարել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից շրջաբերական գրությունն ուղարկելուց հետո, իսկ «Սիթի» ՍՊԸ-ի կողմից իրավախախտումը թույլ է տրվել մինչև շրջաբերական գրության հրապարակումը, այսինքն` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետը շարունակել է ցուցաբերել իրավախախտ վարքագիծ նաև պատասխանատվության միջոցների հետագա խստացման վերաբերյալ գրությամբ տեղեկացվելուց հետո` բարձրացնելով իրավախախտման բացասական ազդեցությունը ֆինանսական համակարգի կայունության վրա: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված երկու իրավիճակներում առկա չեն եղել միատեսակ փաստական հանգամանքներ, մասնավորապես, սույն գործով վիճարկվող վարչական ակտի կայացմանը նախորդել է վերը վկայակոչված շրջաբերական գրությունը և դրա մասին հայցվորի իրազեկված լինելը, որպիսի փաստ «Սիթի» ՍՊԸ-ի գործով առկա չի եղել: Ավելին` ինչպես վերը նշվել է, «Սիթի» ՍՊԸ-ի կողմից իրավախախտումը թույլ է տրվել մինչև շրջաբերական գրության հրապարակումը, հետևաբար սույն գործով բացակայել է կամայականության արգելքի սկզբունքը խախտված լինելու փաստը հավաստող անհրաժեշտ տարրերից մեկը` իրավիճակների միատեսակ լինելու հանգամանքը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում ստորադաս դատարանների եզրահանգումներն առ այն, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումն ընդունվել է հայեցողական լիազորության իրականացման պարտականությունից շեղվելու և կամայականության արգելքի սկզբունքի խախտման արդյունքում, և գտնում է, որ նշված որոշումը կայացվել է իրավաչափորեն, ուստի վճռաբեկ բողոքի առաջին հիմքը Վճռաբեկ դատարանը գնահատում է հիմնավոր:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի մյուս հիմքին` պետական տուրքի վճարման պարտականությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու պայմաններում պետական տուրքի փոխհատուցման պարտավորությունը ՀՀ կենտրոնական բանկի վրա դնելու մասով` Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, անհիմն է համարում և գտնում է, որ ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի հայցադիմում ներկայացնելու համար հայցվորի կողմից կատարված դատական ծախսը` ՀՀ կենտրոնական բանկի համար անբարենպաստ ելքի դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ենթակա էր հատուցման վերջինիս կողմից, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել են ստորադաս դատարանները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Հաշվի առնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքով Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, այն է` հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար հայցվորի կողմից կատարված դատական ծախսը` վճարված պետական տուրքն անհրաժեշտ չի եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, քանի որ վերջինիս հայցը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հատուցման ենթակա դատական ծախս առկա չէ, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի ուժով ազատված լինելով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելիս ՀՀ կենտրոնական բանկը դատական ծախս չի կատարել, հետևաբար դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.07.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան
Զեկուցող Ռ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://datalex.am:443/.app=AppCaseSearch&case_id=38562071809982899