ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/0324/05/23
Վարչական գործ թիվ ՎԴ/0324/05/23 2025 թ.
Նախագահող դատավոր` Հ. Այվազյան
Դատավորներ` Ռ. Խանդանյան
Ա. Հարությունյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Հ. Բեդևյան
զեկուցող Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
2025 թվականի հոկտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Մխիթար Խուրշուդյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով Մխիթար Խուրշուդյանի կողմից ...(1) հարակից տարածքում կառուցված ինքնակամ բնակելի տունը և հողամասն օրինականացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջի մասին,
________________________
1) Հանդիսանում է անձնական տվյալ
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մխիթար Խուրշուդյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով իր կողմից ...(2) հարակից տարածքում կառուցված ինքնակամ բնակելի տունը և հողամասն օրինականացնելու վերաբերյալ:
______________________
2) Հանդիսանում է անձնական տվյալ
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Վ. Միքաելյան) (այսուհետ` Դատարան) 06.10.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2024 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.10.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ` Լաուրա Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մխիթար Խուրշուդյանը (ներկայացուցիչ` Սամվել Ամիրզադյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ և 126-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 2-րդ կետը, որը պետք է կիրառեր, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետով սահմանված օրինականացումը բացառող հանգամանքները, մինչդեռ նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար այն հարցադրումներին, թե`
- վեճի առարկա հանդիսացող ինքնակամ շինությունն արդյո՞ք կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, թե` ոչ,
- արդյո՞ք ինքնակամ շինության առկայությունն առաջացնում է հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, թե` ոչ,
- ինքնակամ շինության պահպանումն արդյո՞ք խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է առաջացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, թե` ոչ,
- հայցի առարկա ինքնակամ կառուցված շինությամբ զբաղեցրած հողամասն արդյո՞ք գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, թե` ոչ:
Նշված հարցադրումների պատասխաններն իրենց հերթին կանխորոշում են տրամադրվող վարչական ակտի անվավերության հիմքերի առկայության հարցի լուծումը, քանի որ այդ հարցադրումներից որևիցե մեկի դրական պատասխանի դեպքում անձին տրվում է ոչ իրավաչափ իրավունք:
Սույն վարչական գործով քննության ենթակա պարտավորեցման հայցապահանջի շրջանակներում քննվում է վարչական մարմնին ...(3) հարակից տարածքում կառուցված ինքնակամ շինությունն օրինականացնելուն պարտավորեցնելու պահանջը, ուստի այդ պահանջի շրջանակներում Վերաքննիչ դատարանը պետք է ստուգեր տրամադրվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, ինչը տվյալ դեպքում չի կատարվել:
____________________
3) Հանդիսանում է անձնական տվյալ
Վերաքննիչ դատարանը սույն գործով վերաքննիչ բողոքը քննելիս հետամուտ չի եղել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, գործը քննել է թերի, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը չի պարզել, չի անդրադարձել վեճի լուծման համար անհրաժեշտ բոլոր փաստական և իրավական հիմնավորումներին, բողոքարկվող որոշումը բավականաչափ պատճառաբանված և հիմնավորված չէ, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ է կիրառել տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերը, ինչն էլ հանգեցրել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումների:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 20.05.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Երևանի քաղաքապետարանի կողմից դատական ակտն անհիմն և չպատճառաբանված որակելն առարկայազուրկ է, քանի որ հենց վարչական մարմինն էր պարտավոր դատարան ներկայացնել հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերն ու ապացույցները և այդպիսիք չներկայացնելով ենթադրվում է, որ այդ փաստերն ու ապացույցները բացակայում են, հետևաբար դրա բացակայությամբ պայմանավորված` բացասական հետևանքները կրում է պատասխանող կողմը:
Ավելին, վարչական մարմինն իրավասու չէր նաև նման պատճառաբանությամբ մերժել ինքնակամ կառույցի օրինականացման դիմումը, քանի որ ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը (2005-2020թթ.) հաստատելու մասին» թիվ 2330-Ն որոշումն ունի ժամկետային բնույթ, մասնավորապես` վերաբերում է 2005 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածին, որպիսի պայմաններում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի 21.11.2022 թվականի թիվ 18/129859-22 գրությամբ հայցվորի դիմումի մերժման պահին այն այլևս համարվել է ուժը կորցրած:
Վերոգրյալից բխում է, որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացնելիս մանրամասն անդրադարձել է բոլոր հիմքերին և գնահատման առարկա է դարձրել բոլոր փաստերը, հետևաբար հայցվորի նման դիրքորոշում հայտնելը որևէ աղերս չունի հայցապահանջի մերժման կամ վարչական գործը նոր քննության առարկա դարձնելու անհրաժեշտության հետ:
Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքն ամբողջությամբ ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետին ուղղված 25.01.2021 թվականի դիմումով Մխիթար Խուրշուդյանը խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման համաձայն` օրինականացնել ...(4) հարակից տարածքում կառուցված շինությունը (հողամասը) (հատոր 1-ին, գ.թ. 115).
_____________________
4) Հանդիսանում է անձնական տվյալ
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից Մխիթար Խուրշուդյանին ուղղված 25.02.2021 թվականի թիվ 18-06/1-Խ-278 գրությամբ նշվել է. «(...) հարցի քննարկման համար անհրաժեշտ է ներկայացնել քննարկվող տարածքի տեղագրական հանույթ, իրականացված WGS-84 կոորդինատային համակարգով, որը կարող եք պատվիրել «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերությունում (...)» (հատոր 1-ին, գ.թ. 114).
3) Մխիթար Խուրշուդյանը 13.05.2021 թվականին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ ի պատասխան 25.02.2021 թվականի թիվ 18-06/1-Խ-278 գրության ներկայացրել է պահանջվող փաստաթուղթը (գրանցման համար Խ2075, ամսաթիվ` 13.05.2021 թվական) (հատոր 1-ին, գ.թ. 109).
4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից Մխիթար Խուրշուդյանին ուղղված 21.07.2021 թվականի թիվ 18-06/1-Խ-2075 գրությամբ հայտնվել է. «(...) Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.07.2021թ. տրված հ. ԱՏ-070702021-01-0595 տեղեկանքի, առկա է համադրում: (...) բարձրացված հարցին հնարավոր կլինի անդրադառնալ կադաստրի կոմիտեի կողմից կադաստրային քարտեզում ուղղում կատարելուց և նշված համադրումը վերացնելուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 92).
5) Ի պատասխան վերը նշված գրության` Մխիթար Խուրշուդյանի կողմից 17.05.2022 թվականին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման» տեղեկանքը (մուտքագրման ամսաթիվ` 16.05.2022 թվական, ծածկագիր` 2022KKVYLF) (հատոր 1-ին, գ.թ. 94, 97).
6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի տեղակալի 21.11.2022 թվականի թիվ 18/129859-22 գրությամբ Մխիթար Խուրշուդյանին հայտնվել է հետևյալը. «(...) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ. 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, քննարկվող տարածքը գտնվում է բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտում, ավտոտնակների շարքին կից, որը ցածրահարկ բնակելի կառուցապատման համար նախատեսված չէ: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, Ձեր խնդրանքը բավարարել չենք կարող» (հատոր 1-ին, գ.թ. 31):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու` մասնավորապես` մատնանշման միջոցով ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնելու օրենսդրական պահանջը կատարելու անհրաժեշտությանը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
i
ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:
Վարչական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի մասնավոր դրսևորումներից մեկն այն է, որ վարչական դատարանը պարտավոր է նախ և առաջ ապահովել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը, որը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարան ներկայացված հայցադիմումը, համաձայն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոնակարգումների, ի թիվս այլնի, բովանդակում է նաև այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:
Վերոգրյալ իրավական կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում նախնական պատկերացում կազմել ինչպես հայց ներկայացրած անձի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտման մասին, այնպես էլ այդ իրավունքները վերականգնելու համար ընտրված դատական պաշտպանության եղանակի արդյունավետ լինելու մասին, մասնավորապես` պարզել, թե արդյո՞ք հայցվորի կողմից ընտրված հայցատեսակը կարող է հանդիսանալ վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար պատշաճ հայցատեսակ: Այլ կերպ ասած, հայցվորի պահանջի հիմքում ընկած փաստերը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները հայցադիմումում շարադրելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պարտադիր կանոնը հայցվորի կողմից պահպանելու դեպքում միայն դատարանը կարող է հետևություն անել այն մասին, որ ընտրվել է պատշաճ հայցատեսակ, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր կլինի գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն` հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը և այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների և անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու և վերջիններիս նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ: Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի ենթակա իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ` գործն ի պաշտոնե քննելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը (տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն` վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները:
i
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման` իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է (տե՛ս, Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3331/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի` գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:
Նշված նորմն սպառիչ կերպով սահմանում է այն կոնկրետ դատավարական գործողությունները, որոնք դատարանը պարտավոր է կատարել մատնանշման պարտականության շրջանակներում: Այն է.
- մատնանշել հայցադիմումում առկա ձևական սխալները,
- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները,
- առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակով,
- առաջարկել տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները,
- առաջարկել համալրել ոչ բավարար փաստական տվյալները,
- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
i
Ճիշտ հայցատեսակը մատնանշելու դատարանի պարտականությանը, այդ պարտականության կատարմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ոչ ճիշտ հայցատեսակով հայցապահանջը ձևակերպելու իրավական հետևանքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (տե՛ս, Եվա Ղազարյանն ընդդեմ ՀՀ նոտարական պալատի Աստղիկ Մազմանյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):
i
Մասնավորապես, անդրադառնալով վարչական դատավարությունում հայցատեսակների առկայությանը և դրա նպատակին` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած` վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք` անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ևս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները` առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև` անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վարչական դատարանին ընդդատյա` հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցային և հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության և լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը` ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը և սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է հետևյալը. «(...) Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը» (տե՛ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի` դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը` անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ` անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
i
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը (տե՛ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքից ելնելով` դատարանը պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ այնպիսի փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, որպիսիք հնարավորություն կտան եզրահանգում անել պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմանների առկայության մասին, ինչն իր հերթին հնարավոր կդարձնի նաև պարզել պարտավորեցման հայցի` պատշաճ հայցատեսակ հանդիսանալու հանգամանքը և անհրաժեշտության դեպքում` մատնանշման միջոցով ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնել հայցվորին: Ընդ որում` հայց ներկայացրած անձի իրավունքների և շահերի արդյունավետ դատական պաշտպանության ապահովումը և վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնումը պարտավորեցման հայցի միջոցով գործնականում իրացնելու համար դատարանը պետք է պարզի ոչ միայն այն հանգամանքը, թե հայցվորը համապատասխան պահանջով արդյո՞ք դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, այլ այն հանգամանքը, որ հայցվորի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը եզրափակվել է, այսինքն` բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին հայցվորի պահանջը մերժելու մասին միջամտող վարչական ակտն ընդունվել է օրենքով սահմանված ժամկետում:
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը հիմնավորվում է ներքոշարադրյալով.
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև` Օրենք), որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:
Անձի պատշաճ վարչարարության իրավունքը` որպես սահմանադրական իրավունք, իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում, որը պարունակում է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է`
- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),
- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս):
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված` վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրացումը գործնականում երաշխավորելու նպատակով օրենսդիրը նախևառաջ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով ամրագրել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը: Այդ նպատակով օրենսդիրը նաև «ողջամիտ ժամկետ» հասկացությանը կոնկրետ բովանդակություն է հաղորդել` սահմանելով վարչական վարույթի առավելագույն ժամկետ. Օրենքի 46-րդ հոդվածով նախատեսվել է վարչական վարույթի առավելագույն ժամկետը` 30 օր` օրենքով 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ սահմանելու հնարավորության սահմանմամբ:
Միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ ողջամիտ ժամկետում վարչարարության իրավունքը կլիներ երևակայական` առանց այդ իրավունքի իրացումն ապահովող իրավական երաշխիքների` օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանել է օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետևանքները` որպես վարչական մարմինների անգործությունից ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու գործուն միջոց:
Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի բովանդակությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ քննարկվող իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել վարչարարության իրականացումը ողջամիտ ժամկետում, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը և բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը և դրա վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունում (տե՛ս, Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է վերոգրյալ իրավական դիրքորոշումները` արձանագրելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի` օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հետևանք: Այսինքն` վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը, վերոգրյալ իրավանորմի ուժով, համարվում է ընդունված և առաջացնում է այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետևանքներն այն բոլոր դեպքերում, երբ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում վարչական վարույթը եզրափակելու փոխարեն վարչական մարմինը դրսևորում է անգործություն և բացակայում է վարչական ակտի առոչնչության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքը, այն է` վարչական ակտով դրա հասցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, կամ նրա վրա չի դրվում ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն (տե՛ս, Արսենիկ Մուշկամբարյանը և Դարիկո Մուշկամբարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի` այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված: Այլ կերպ` օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն` գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է Օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր դատական պաշտպանությունն այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում վարչական ակտ չի ընդունել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը» (տե՛ս, Հուսիկ Միլիտոսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6308/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.06.2025 թվականի որոշումը):
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված, ինչը նշանակում է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը համարվում է եզրափակված, որից հետո վարչական մարմինն այլևս իրավասու չէ նույն դիմումի առնչությամբ կայացնել որևէ որոշում` քանի դեռ ֆիկտիվ վարչական ակտի իրավաչափության հարց օրենքով սահմանված կարգով չի բարձրացվել և դրան լուծում չի տրվել: Ըստ այդմ` բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին հայցվորի պահանջը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում ընդունված լինելու փաստի բացակայությունն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը, քանի որ բացակայում է պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմաններից մեկը` հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական ակտը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական ակտը չի կարող հիմք հանդիսանալ պարտավորեցման հայցի քննության համար, քանի որ վարչական վարույթի առավելագույն ժամկետը լրանալուց հետո վարչական մարմինն այլևս իրավասու չէ տվյալ դիմումի առնչությամբ ընդունել վարչական ակտ:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքից բխող` գործի լուծման համար անհրաժեշտ փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված համարժեք միջոցներ ձեռնարկելու արդյունքում պարզելով, որ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացրել, դատարանը պարտավոր է մատնանշման միջոցով առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինելու պատշաճ հայցատեսակով, որպիսին, նշված փաստական հանգամանքների հաշվառմամբ կարող է հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Մխիթար Խուրշուդյանի կողմից ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով իր կողմից ...(5) հարակից տարածքում կառուցված ինքնակամ բնակելի տունը և հողամասն օրինականացնելու վերաբերյալ:
_______________________
5) Հանդիսանում է անձնական տվյալ
Դատարանը 06.10.2023 թվականի վճռով հայցը բավարարել է` այն պատճառաբանությամբ, որ. «(...) քաղաքացի Մխիթար Խուրշուդյանի կողմից Երևանի քաղաքապետին 25.01.2021 թվականին ներկայացվել է ...(6) հարակից տարածքում կառուցված շինության (հողամասի) օրինականացման դիմում: Վերջինս մերժվել է պատասխանողի կողմից` քննարկվող տարածքը բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտում, ավտոտնակների շարքին կից գտնվելու` ցածրահարկ բնակելի կառուցապատման համար նախատեսված չլինելու պատճառաբանությամբ: Այսինքն` մերժման հիմքում վարչական մարմինը դրել է միայն այն հանգամանքը, որ քննարկվող տարածքը գտնվում է բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտում, մինչդեռ այդ հատվածում ցածրահարկ բնակելի կառուցապատում թույլատրելի չէ:
_________________________
6) Հանդիսանում է անձնական տվյալ
(...)
Դատարանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի տեղակալի կողմից քաղաքացի Մխիթար Խուրշուդյանին ուղղված թիվ 18/129859-22 մերժման գրությանը, գտնում է, որ նշված գրությունը ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ հաստատվում է հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, որի արդյունքում` պարտավորեցման հայցը ենթակա է բավարարման:
(...):
Վերաքննիչ դատարանը 20.05.2024 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 06.10.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ` նշելով, որ. «(...) սույն գործով հայցի առարկա է հանդիսանում Երևանի քաղաքապետարանին ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով Մխիթար Խուրշուդյանի կողմից ...(7) հարակից տարածքում կառուցված ինքնակամ բնակելի տունը և հողամասն օրինականացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջը, իսկ Դատարանը իրեն վերապահված դատավարական գործիքակազմի կիրառմամբ պարզել է այն բոլոր հանգամանքների առկայությունը և/կամ բացակայությունը, որոնց հիման վրա նշված ինքնակամ կառույցը կարող էր ճանաչվել կամ չճանաչվել օրինական:
_____________________
7) Հանդիսանում է անձնական տվյալ
Անդրադառնալով զուտ պարտավորեցման հայցով ապացուցման բեռի բաշխման կանոններին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կարգավորումների համաձայն` պարտավորեցման հայցով ապացուցման բեռը կրում է` վարչական մարմինը` հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով, ֆիզիկական կամ իրավաբանական անձը` այն փաստերի մասով, որոնցով հիմնավորվում է իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, (...) վարչական մարմնի կողմից` պարտավորեցման հայցի շրջանակներում իր վրա դրված ապացուցման բեռը կրելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պայմաններում առաջացող անբարենպաստ հետևանքները պետք է կրի վարչական մարմինը` անկախ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու հանգամանքից: (...) Հայցվորի կողմից ներկայացված ...(8) հարակից տարածքում կառուցված շինության հարևանությամբ բնակվող անձանց հայտարարություններով հիմնավորվում է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: (...) Երևանի քաղաքապետարանը, կրելով նշված ինքնակամ կառույցը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա գտնվելու, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կառուցված լինելու, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով կառուցված լինելու և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք առաջացնելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը, ինքնակամ կառույցների օրինականացումը մերժելու նշված հիմքերի առկայության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել նաև վերաքննիչ բողոքի քննության ընթացքում, որպիսի պայմաններում ապացույցներ չներկայացնելու հետևանքով առաջացած անբարենպաստ հետևանքները պետք է կրի Երևանի քաղաքապետարանը:
____________________
8) Հանդիսանում է անձնական տվյալ
Ինչ վերաբերում է, Երևանի քաղաքապետարանի թիվ 18/129859-22 գրությանը, ապա (...) քննարկվող տարածքը բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտում գտնվելու հանգամանքը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում: (...) Երևանի քաղաքապետարանը, կրելով հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով ապացուցման բեռը, չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհաստատվեր տվյալ ինքնակամ կառույցն օրինականացնելու Կարգով ամրագրված մերժելու հիմքերի առկայությունը, որպիսի պայմաններում նշված հիմքերի գոյությունը համարվում է չապացուցված (...)»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անձի դիմումը վարչական վարույթ հարուցելու հիմք է, իսկ 2-րդ մասի համաձայն` նշված հիմքով վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):
Ըստ սույն գործի փաստերի` 25.01.2021 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված դիմումով Մխիթար Խուրշուդյանը խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման համաձայն` օրինականացնել ...(9) հարակից տարածքում կառուցված շինությունը (հողամասը), որին ի պատասխան` վերջինիս առաջարկվել է «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերությունում պատվիրել քննարկվող տարածքի տեղագրական հանույթ` իրականացված WGS-84 կոորդինատային համակարգով` հարցի հետագա քննարկումն ապահովելու նպատակով: Այսինքն` Մխիթար Խուրշուդյանի կողմից ներկայացված վերը նշված դիմումի հիմքով վարչական վարույթը 25.01.2021 թվականից համարվել է հարուցված և Երևանի քաղաքապետարանը պարտավոր էր այդ պահից սկսած 30-օրյա ժամկետում եզրափակել վարչական վարույթը` կայացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված վարչական ակտերից որևէ մեկը:
__________________
9) Հանդիսանում է անձնական տվյալ
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոգրյալ իրավանորմի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքների ուժով Մխիթար Խուրշուդյանի կողմից 25.01.2021 թվականին ներկայացված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի առավելագույն ժամկետի ավարտով պայմանավորված ավարտվում է նաև այդ վարույթի առնչությամբ որևէ վարչական ակտ ընդունելու վարչական մարմնի լիազորությունը, քանի որ Երևանի քաղաքապետարանի լիազորությունները ծագում են դիմումը վարչական մարմնում մուտքագրվելու օրվանից և ավարտվում վարչական վարույթի առավելագույն ժամկետի վերջին օրվա ավարտով: Այլ կերպ ասած` Մխիթար Խուրշուդյանի կողմից 25.01.2021 թվականին ներկայացված դիմումի հիմքով որևէ վարչական ակտ ընդունելու լիազորությամբ Երևանի քաղաքապետարանն օրենսդրի կողմից օժտված է եղել բացառապես վարչական վարույթի առավելագույն ժամկետում: Բացառություն կարող են կազմել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում թվարկված հիմքերից մեկով կամ մի քանիսով վարչական վարույթի ժամկետի երկարաձգումը, որպիսի դեպքում նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է ընդունել վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում և այդ մասին սահմանված կարգով ծանուցել վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև վարույթին մասնակցող այլ անձանց:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում որպես պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման հանդիսացող բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը հիմնավորող ապացույց ստորադաս դատարանները հիմք են ընդունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի տեղակալի թիվ 18/129859-22 գրությունը: Վճռաբեկ դատարանը հատկանշական է համարում այն, որ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով նշված գրությանը` որպես հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական ակտի, չեն վկայակոչել այդ գրության ամսաթիվը, ինչից հնարավոր կլիներ հետևություն անել այն մասին, որ Մխիթար Խուրշուդյանի կողմից 25.01.2021 թվականին ներկայացված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի առավելագույն ժամկետում Երևանի քաղաքապետարանն ընդունել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ: Ընդ որում` գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի կիրառմամբ, կայացրել է Մխիթար Խուրշուդյանի կողմից 25.01.2021 թվականին ներկայացված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պարտավորեցման հայցի, որպես հայցվորի իրավունքների և օրինական շահերի ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար պատշաճ հայցատեսակ հանդիսանալու հարցը պարզելու համար, դատարանները գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը համապատասխան պետք է բացահայտեին Մխիթար Խուրշուդյանի կողմից 25.01.2021 թվականին ներկայացված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի առավելագույն ժամկետում վարչական վարույթը եզրափակված լինելու և այդ ժամկետի ընթացքում օրենսդրի կողմից օժտված լիազորությունների շրջանակներում միջամտող վարչական ակտ ընդունելու հանգամանքը, ինչը, սակայն, չի կատարվել ստորադաս դատարանների կողմից` թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ: Մասնավորապես, ստորադաս դատարանները թույլատրելի են համարել պարտավորեցման հայցը և այն բավարարելու մասին դատական ակտեր են կայացրել այն պարագայում, երբ ոչ միայն չի հաստատվել պարտավորեցման հայց ներկայացնելու համար պարտադիր նախապայման հանդիսացող բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից վարչական վարույթի առավելագույն ժամկետում մերժելու հանգամանքը, այլև հաստատվել է, որ Մխիթար Խուրշուդյանի կողմից 25.01.2021 թվականին ներկայացված դիմումին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի տեղակալի թիվ 18/129859-22 գրությունը կազմվել է այդ ժամկետի ավարտից հետո, այն է` 21.11.2022 թվականին, այսինքն` մեկ տարի տասն ամիս անց, երբ Երևանի քաղաքապետարանն այլևս իրավասու չէր Մխիթար Խուրշուդյանի կողմից 25.01.2021 թվականին ներկայացված դիմումի առնչությամբ կայացնել որևէ վարչական ակտ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ տվյալ դեպքում հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար պատշաճ հայցատեսակ է հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցը, քանի որ միայն նշված դատավարական կառուցակարգի միջոցով հայցվորը կարող է Օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր դատական պաշտպանությունը, որի շրջանակներում պետք է քննարկման առարկա դառնան Օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի առաջացման նույն հոդվածով նախատեսված նախապայմանների առկայության կամ բացակայության հարցերը: Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր մատնանշման պարտականության միջոցով առաջարկել հայցվորին ոչ ճիշտ` պարտավորեցման հայցատեսակը փոխարինել պատշաճ` գործողության կատարման հայցատեսակով և այդ հայցատեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ իրականացնել գործի քննությունը, մինչդեռ Դատարանը չի կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը համապատասխանող մատնանշման իր պարտականությունը և չի առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Արդյունքում` սույն գործի քննությունն իրականացվել է ոչ ճիշտ հայցատեսակով, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր չէ գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցի քննության շրջանակներում բացահայտման ենթակա հանգամանքներն էականորեն տարբերվում են պարտավորեցման հայցի քննության շրջանակներում բացահայտման ենթակա հանգամանքների ծավալից և բնույթից:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ տվյալ դեպքում սույն գործով բացակայել է պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայման հանդիսացող բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից վարչական վարույթի առավելագույն ժամկետում մերժելու մասին միջամտող վարչական ակտը, այսինքն` բացակայել է պարտավորեցման հայցով գործ հարուցելու փաստական հիմքը, հետևաբար պարտավորեցման հայցը ենթակա չի եղել դատարանի քննությանը, որպիսի պարագայում սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի քննությունը ոչ ճիշտ հայցատեսակով քննվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված` ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնելու պարտականությունը Դատարանի կողմից չկատարելու և այդ դատական սխալը Վերաքննիչ դատարանի կողմից անտեսելու պատճառով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դատավարական նորմի պահանջները չպահպանելու հետևանքով արդարադատության բուն էության խաթարումը վերացնելու և դատավարության մասնակիցների` արդար դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական անհրաժեշտ գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքում բերված հիմնավորումներն այն մասին, որ սույն գործով վերաքննիչ բողոքը քննելիս Վերաքննիչ դատարանը հետամուտ չի եղել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, գործը քննել է թերի, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը չի պարզել, չի անդրադարձել վեճի լուծման համար անհրաժեշտ բոլոր փաստական և իրավական հիմնավորումներին, սխալ է մեկնաբանել և սխալ է կիրառել տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերը, ինչն էլ հանգեցրել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումների, Վճռաբեկ դատարանը համարում է հիմնավոր և բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան
Զեկուցող Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809978939