ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ2/0500/05/23
Վարչական գործ թիվ ՎԴ2/0500/05/23 2025 թ.
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Դատավորներ` Ռ. Մախմուդյան
Ս. Հովակիմյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Հ. Բեդևյան
զեկուցող Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
16 սեպտեմբերի 2025թ. ք. Երևան
2025 թվականի սեպտեմբերի 16-ին դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի «ԲՐՈՔ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` ...(1) հողամասը Ընկերությանը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2024 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Ընկերության կողմից ներկայացված հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդությունը,
___________________
1) Հանդիսանում է անձնական տվյալ
ՊԱՐԶԵՑ
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ընդունելու ...(2) հողամասն Ընկերությանը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ որոշում:
___________________
2) Հանդիսանում է անձնական տվյալ
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Սադոյան) (այսուհետ` Դատարան) 26.02.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.06.2024 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.02.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13.11.2024 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 21.06.2024 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վճռաբեկ բողոքն ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթ:
Ընկերության տնօրեն Դավիթ Ահարոնյանի կողմից 05.08.2025 թվականին առձեռն հանձնման եղանակով ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացվել միջնորդություն` հայցից հրաժարվելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ նույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` այն քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Տվյալ դեպքում Ընկերության կողմից 05.08.2025 թվականին առձեռն հանձնման եղանակով ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացվել միջնորդություն հայցից հրաժարվելու մասին, որը քննելու նպատակով` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 02.09.2025 թվականին որոշել է Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը քննել դատական նիստում:
16.09.2025 թվականին հրավիրված դատական նիստին ներկայացել է պատասխանողի ներկայացուցիչը, իսկ հայցվոր կողմը չի ներկայացել` չնայած դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:
Այսպիսով, սույն գործով հայցից հրաժարվելու հանգամանքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով գործի վարույթը կարճելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի: Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա: Հայցից հրաժարվելու կամ դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է դրա հետևանքով առաջացած դատական ծախսերի հատուցման պարտականությունը, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը կողմը դիմել է այն վերադարձնելու մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը:
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում սույն գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հատուցման պարտականությունը պետք է դրվի հայցվորի վրա: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար Ընկերությունն արդեն իսկ վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, իսկ վերաքննիչ բողոք բերելու համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 20.000 ՀՀ դրամ և վճռաբեկ բողոք բերելու համար 30.000 ՀՀ դրամ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Բեկանել թիվ ՎԴ2/0500/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2024 թվականի որոշումը և սույն վարչական գործի վարույթը կարճել:
2. «ԲՐՈՔ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար և 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան
Զեկուցող Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809989128