Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆՈՐԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ԼԻՆԵԼՆ ԻՆՔՆԻՆ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

   ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/2834/05/23

    Վարչական գործ թիվ ՎԴ/2834/05/23             2025 թ.

    Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`                   Ռ. Մախմուդյան

                                                Ս. Հովակիմյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2025 թվականի հոկտեմբերի 1-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.11.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի 09.11.2022 թվականի թիվ 1518374 վարչական ակտը վերացնելու, և որպես հետևանք` Կոմիտեի 13.01.2023 թվականի թիվ 3/29 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ն պահանջել է վերացնել Կոմիտեի 09.11.2022 թվականի թիվ 1518374 վարչական ակտը, և որպես հետևանք` վերացնել Կոմիտեի 13.01.2023 թվականի թիվ 3/29 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.11.2024 թվականի որոշմամբ «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է` և Դատարանի 09.11.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 123-րդ հոդվածը, 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 126-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 12-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի կողմից իրականացվել է դեղերի մեծածախ իրացում, քանի որ վերջինս` որպես մատակարար, իրացրել է դեղամիջոց ոչ թե սպառողի, այլ` իրավաբանական անձի, ինչը դեղերի մեծածախ իրացմանը բնորոշ գործունեություն է, ինչն էլ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն: Օրենսդիրը դեղերի մատակարարումը չի համարում դեղերի մեծածախ իրացում բացառապես այն դեպքում, երբ դեղերն իրացվում են սպառողներին` քաղաքացիներին, որպիսի դեպքը սույն գործում առկա չէ: Սույն գործով հաստատվում է իրավաբանական անձին իրացման փաստը, ինչը պետք է դիտարկել որպես դեղերի մեծածախ իրացում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական ակտը ձևակերպված է հստակ և հասկանալի, վարչական ակտի բովանդակությունը շարադրված է այնպես, որ դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իր վրա ինչ պարտականություն է դրվում:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.11.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի ՀՕՀՎ պետի 21.10.2022 թվականի թիվ 1518374 որոշման քաղվածքի համաձայն` ՀՕՀՎ թիվ 16 բաժնի գլխավոր օպերլիազոր Գուրգեն Առաքելյանին, ավագ օպերլիազոր Ռաֆայել Ռաֆայելյանին, օպերլիազորներ Հմայակ Շատոյանին և Ռոբերտ Խաչատրյանին, ՀՕՀՎ ոլորտային թիվ 10 և աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Գարիկ Բարսեղյանին թույլատրվել է իրականացնել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա նույն հոդվածի առաջին մասով և որոշմամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները (հատոր 1-ին, գ.թ. 50):

2) Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 01.11.2022 թվականին կազմված թիվ 1518374 արձանագրության համաձայն` Կոմիտեի ՀՕՀՎ պետի 21.10.2022 թվականի թիվ 1518374 որոշմամբ «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ի գործունեության նկատմամբ իրականացվել են համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ: «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ն, մեծածախ իրացման լիցենզիայի պարտադիր պայմանի ուժի մեջ մտնելուց հետո (15.08.2020 թվականից), 07.04.2022 թվականի թիվ Բ8190874001, 02.06.2022 թվականի թիվ Բ6019697846, 30.06.2022 թվականի թիվ Բ0401769544, 21.10.2022 թվականի թիվ Բ1458377248 հաշիվ-վավերագրերով իրականացրել է դեղերի մեծածախ իրացում` չունենալով ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված համապատասխան տեսակի լիցենզիան: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում կատարվել է այցելություն Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Նարեկացու 192/1 հասցեում գործող «Լավանդդա» ՍՊԸ-ին պատկանող դեղատուն, որտեղ «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Պռոշյանը ներկայացրել է ՀՀ Առողջապահության նախարարությունից 02.07.2020 թվականին ստացված Կ-ԴԳ-002627 լիցենզիան և գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզի ք. Աշտարակ Նարեկացու փ. 192/1 հասցեում իրականացնում է դեղատնային գործունեություն` համաձայն ՀՀ Առողջապահության նախարարությունից 02.07.2020 թվականին ստացված Կ-ԴԳ-002627 լիցենզիայի: Համաձայն «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Պռոշյանի կողմից տրված գրավոր հայտարարության` ընկերությունն աշխատում է շրջանառության հարկի հարկման դաշտում, ունի տեղադրված թվով 1 ՀԴՄ սարք և դեղորայքի վաճառքն իրականացնում է նաև հաշիվ-վավերագրերի դուրսգրման միջոցով:

Իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ն ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացել է միայն դեղատնային գործունեության համար նախատեսված լիցենզիա, «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ն իրականացնում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակում ներառված գործունեություն` դեղերի մեծածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի (հատոր 1-ին, գ.թ. 51-53):

3) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 09.11.2022 թվականի հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման առաջադրման վերաբերյալ թիվ 1518374 վարչական ակտի համաձայն` որոշվել է հաշվարկել և «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ին գանձման առաջադրել 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք` որպես հարկային պարտավորություն, ինչպես նաև` 100.000 ՀՀ դրամ օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 13-16):

4) Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 13.01.2023 թվականի թիվ 3/29 որոշման համաձայն` Կոմիտեի իրավաբանական վարչության հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման առաջադրման վերաբերյալ 09.11.2022 թվականի թիվ 1518374 վարչական ակտի դեմ «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ի դիմում-բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 17-22):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները` արդյո՞ք դեղերի իրացման ժամանակ գնորդի իրավաբանական անձ լինելն ինքնին հանգեցնում է դեղերի համապատասխան իրացումը մեծածախ որակելուն:

 

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հայաստանի Հանրապետության սահմանադիրը ՀՀ Սահմանադրության «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլխում` 60-րդ հոդվածում, ամրագրել է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Վերոնշյալի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականության իրավունքը ներառված է հիմնական իրավունքների շարքում, և դրա սահմանափակումների հիմքերը և ծավալները պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Վերջինս ցուցիչն է իրավական որոշակիության սկզբունքի, որին անդրադարձել են ՀՀ սահմանադրական դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով):

Այսպես. իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

i

Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 13.05.2008 թվականի ՍԴՈ-753 որոշումը):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, նշել է, որ ներպետական իրավունքում իրավական հիմքի առկայությունն ինքնին բավարար չէ օրինականության սկզբունքը բավարարելու համար: Իրավական հիմքը պետք է ունենա որոշակի որակ` այն պետք է համապատասխանի իրավունքի գերակայությանը և պետք է ապահովի կամայականություններից ազատություն (տե՛ս, East West Alliance Limited v. Ukraine, թիվ 19336/04 գանգատով Եվրոպական դատարանի 23.01.2014 թվականի վճիռը, կետ 167): Օրինականության սկզբունքը ենթադրում է, որ ներպետական իրավունքի կիրառելի դրույթները բավականաչափ մատչելի, ճշգրիտ և կանխատեսելի պետք է լինեն իրենց կիրառության մեջ (տե՛ս, Օրինակ` Lekic v. Slovenia, թիվ 36480/07 գանգատով Եվրոպական դատարանի մեծ պալատի 11.12.2018 թվականի վճիռը, կետ 95):

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող իրավական նորմերը պետք է բավարարեն որոշակիության պահանջներին, որը հնարավորություն կտա անձանց հստակորեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները: Ըստ այդմ` վարչական մարմինների իրականացրած գործունեության հիմքում նախ անհրաժեշտ է, որ առկա լինի համապատասխան իրավական հիմք: Այդուհանդերձ զուտ իրավական հիմքի առկայությունը դեռ բավարար չէ, քանի որ այն պետք է ունենա որոշակի որակ` պետք է համապատասխանի իրավունքի գերակայությանը և պետք է ապահովի կամայականություններից ազատություն:

i

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրականացվող քաղաքականության բաղկացուցիչ մաս է կազմում դեղային քաղաքականությունը, որի նպատակը բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով, ինչպես նաև դրանց ռացիոնալ կիրառումն ապահովելն է («Դեղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ): Առողջապահության բնագավառում դեղային քաղաքականության մշակումն ու իրականացումը դեղերի շրջանառության պետական կարգավորման ուղղություններից մեկն է (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) (տե՛ս, «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության թիվ ՎԴ/9898/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի մատչելիության ապահովման կարևորությունը և առանձնահատուկ դերը բնակչության համար` օրենսդիրը կարգավորել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է, ի թիվս այլնի, դեղերի մեծածախ և մանրածախ իրացումը և մեծածախ կամ մանրածախ իրացման համար լիցենզիայի տրամադրման պարտադիրությունն ու լիցենզիա ստանալու կարգը, ինչպես նաև` առանց համապատասխան լիցենզիայի դեղերի մեծածախ կամ մանրածախ իրացում իրականացնելու համար պատասխանատվությունը:

Այսպես. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել նույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածով սահմանված դեպքերի: Առանց լիցենզիայի նույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը, որի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսվել է դեղատնային գործունեության, իսկ 6-րդ ենթակետով` դեղերի մեծածախ իրացման տեսակները:

ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համալիր հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում` լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում լիցենզավորման ինստիտուտը գործում է որպես անվտանգության, վերահսկողության ապահովման և հանրային շահի պաշտպանության կարևոր միջոց: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն գործունեության տեսակները, որոնց իրականացումն առանց համապատասխան լիցենզիայի արգելվում է, և դրանց թվում է նաև դեղերի մեծածախ իրացումը: Այս կարգավորումները միտված են կանխել անօրինական և չվերահսկվող գործունեությունն այն ոլորտներում, որոնք կարող են ազդել հասարակության առողջության, կյանքի և տնտեսական կայունության վրա: Հետևաբար, առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու արարքի համար օրենքը նախատեսում է պատասխանատվություն. համապատասխանաբար առանց լիցենզիայի դեղերի մեծածախ իրացումը հանգեցնում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցման:

Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները` բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելու նպատակով, ինչպես նաև սահմանում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների և դեղերի շրջանառության սուբյեկտների լիազորություններն այդ ոլորտում (Օրենքի 1-ի հոդված):

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

20) դեղերի շրջանառություն` դեղի ստեղծում կամ նախակլինիկական հետազոտություն կամ կլինիկական փորձարկում կամ ստանդարտացում կամ արտադրություն կամ պատրաստում կամ դեղաբուսական հումքի մշակում կամ որակի հսկողություն կամ գրանցում կամ ներմուծում կամ արտահանում կամ փոխադրում, պահպանում կամ իրացում կամ բաշխում կամ կիրառում կամ արդյունավետության, անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկում կամ տեղեկատվության կամ գովազդի տարածում կամ ոչնչացում.

(...)

41) դեղերի մեծածախ իրացում` գործունեության տեսակ, որը ներառում է մատակարարի կողմից դեղ արտադրողից կամ դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ այլ մատակարարից դեղեր ձեռք բերելը կամ ներմուծելը կամ արտահանելը կամ պահպանելը կամ իրացնելը (բաշխելը), բացառությամբ սպառողներին դեղերի իրացման.

42) մատակարար` սահմանված կարգով մեծածախ իրացման լիցենզիա ստացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

43) դեղերի մանրածախ իրացում` դեղերի իրացում կամ բաց թողնում սպառողներին:

Օրենքի 25-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձը չի կարող իրականացնել դեղերի մեծածախ իրացում` դեղատնային գործունեության լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում):

ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում փաստել է, որ օրենսդրությամբ սահմանվել են լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակներ, որոնց շարքին են դասվում դեղատնային գործունեությունը և դեղերի մեծածախ իրացումը: Ընդ որում, օրենսդրությամբ հատուկ սահմանվել է դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող սուբյեկտի` դեղերի մեծածախ իրացում իրականացնելու արգելք: Միևնույն ժամանակ օրենսդրությամբ բացահայտվել է նաև դեղերի մեծածախ և մանրածախ իրացման հասկացությունների բովանդակությունը, և սպառողին դեղերի իրացման հանգամանքն օրենսդիրը դասել է դեղերի իրացումը մեծածախ որակելու բացառությունների շարքին` այն դիտարկելով որպես դեղերի մանրածախ իրացում:

Այլ կերպ ասած` դեղերի մանրածախ և մեծածախ իրացման էական տարբերակիչ հատկանիշը դեղերի իրացումը կամ բաց թողումն է սպառողներին, ուստի յուրաքանչյուր դեպքում պարզելու համար, թե դեղերի իրացումն արդյո՞ք համարվում է մանրածախ, թե մեծածախ, կարևոր է բացահայտել դեղը ձեռք բերողի` սպառող լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է «սպառող» հասկացությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ դրա եզրութաբանական բովանդակությունը Օրենքում բացահայտված չէ, իսկ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում առկա են տվյալ եզրույթի տարաբնույթ սահմանումներ:

Մասնավորապես` «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` սպառող` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացի:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սպառող հասկացությունը բացահայտվել է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ըստ որի` սպառողը սպառման նպատակով ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ պետական մարմինն է:

Այսպիսով պարզ է դառնում, որ`

- դեղերի մեծածախ իրացման սահմանումը նախատեսող, առանց համապատասխան լիցենզիայի դեղերի մեծածախ իրացման գործունեության արգելք և այդ արգելքը չպահպանելու հետևանքով պատասխանատվության միջոց սահմանող նորմատիվ իրավական ակտերը չեն սահմանում «սպառող» հասկացությունը,

- տարբեր նորմատիվ իրավական ակտեր նախատեսում են «սպառող» հասկացության տարբեր բնորոշումներ, մի դեպքում` սպառող է համարվում միայն քաղաքացին (ֆիզիկական անձը), մեկ այլ դեպքում` նաև իրավաբանական անձը կամ պետական մարմինը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե հարկային հարաբերությունները կարգավորող` հավասար իրավական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա դրանք մեկնաբանվում և կիրառվում են հարկ վճարողի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ու «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու համար ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը վրա է հասնում նաև դեղերի մեծածախ իրացումն առանց համապատասխան լիցենզիայի առկայության իրականացնելու համար, որպիսի լիցենզիայի առկայության պահանջը գնահատելու համար կարևորվում է «սպառող» հասկացության բացահայտումը: Վերոնշյալ իրավական ակտերով «սպառող» հասկացության սահմանումը չկա, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում «սպառող» հասկացության տարբեր սահմանումներ են նախատեսված, հետևաբար` իրավական որոշակիության սկզբունքը և հարկ վճարողի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում են սույն հարաբերությունների մեկնաբանումը հօգուտ հարկ վճարողի:

i

Վերոգրյալի հաշվառմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դեղերի առուվաճառքի գործարքի գնորդի` սպառող չհանդիսանալու վերաբերյալ եզրահանգման գալու համար զուտ գնորդի իրավաբանական անձ լինելը բավարար հանգամանք չէ, քանի որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի ձևակերպումից պարզ չէ, թե տվյալ պարագայում ով կարող է համարվել սպառող` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «սպառող» հասկացության տարաբնույթ սահմանումների առկայությունը: Արդյունքում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա դեղերի առուվաճառքի գործարքի վաճառողին պատասխանատվության ենթարկելը և ըստ այդմ` տվյալ անձի սեփականության իրավունքը սահմանափակելը նրա համար, որ դեղերի վաճառք է իրականացրել իրավաբանական անձանց առանց դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի, հակասում է իրավական որոշակիության պահանջին, քանի որ տվյալ անորոշության պատճառով համապատասխան սուբյեկտի, այն է` դեղերի վաճառք իրականացնող սուբյեկտի համար կանխատեսելի չեն իր վարքագծի հնարավոր հետևանքները (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանն ընդդեմ Կոմիտեի թիվ ՎԴ/1012/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.07.2025 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Կոմիտեի 09.11.2022 թվականի թիվ 1518374 վարչական ակտը, և որպես հետևանք` վերացնել Կոմիտեի 13.01.2023 թվականի թիվ 3/29 որոշումը:

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ «(...) սույն գործով պարզման է ենթակա այն հանգամանքը, թե արդյոք հայցվորի կողմից կատարվել է դեղերի մեծածախ իրացում (բաշխում), որը կապված չէ սպառողներին դեղերի իրացման հետ, թե դեղերի մանրածախ իրացում, այսինքն` դեղերի իրացում կամ բաց թողնում սպառողներին:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «սպառող» եզրույթի մեկնաբանությունը «Դեղերի մասին» ՀՀ օրենքը չի սահմանում, միաժամանակ սահմանելով, որ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառությունը կարգավորվում է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով (տե՛ս, «Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 2, մաս 1), իսկ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախաբանի համաձայն` նույն օրենքը կարգավորում է սպառողների և արտադրողների (կատարողների, վաճառողների) միջև ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, (...):

Սպառող հասկացությունը բացահայտված է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում, համաձայն որի` սպառողը` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին է: (...)

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված սպառող հասկացությունը վերլուծելով դրանում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, դատարանն արձանագրում է, որ օրենքի իմաստով սպառող է համարվում այն քաղաքացին, ով պատվիրելու կամ ձեռքբերելու մտադրություն ունի բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքներ, որը կապված չէ ձեռնարկատիրական գործունեության հետ:

Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից դեղամիջոցները իրացվել են «Արմենիա Վայն գործարան» ՍՊ ընկերությանը, որը վկայակոչված իրավանորմերի համաձայն չի հանդիսանում սպառող, դատարանը գտնում է, որ պատասխանող ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իրավաչափորեն է հայցվորի գործունեությունը որակել որպես առանց համապատասխան լիցենզիայի` դեղերի մեծածախ իրացում (...)»:

Վերաքննիչ դատարանը բավարարել է «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը` Դատարանի 09.11.2023 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը բավարարել է հետևյալ հիմնավորմամբ. «(...) օրենքով դեղերի մեծածախ իրացման գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա: Միաժամանակ մատակարարի կողմից դեղ իրացնելը համարվում է դեղերի մեծածախ իրացում, եթե այն կապված չէ սպառողներին դեղերի իրացման հետ, իսկ օրենքի իմաստով սպառող է համարվում այն քաղաքացին, ով պատվիրելու կամ ձեռքբերելու մտադրություն ունի բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքներ, որը կապված չէ ձեռնարկատիրական գործունեության հետ:

(...) Տվյալ դեպքում, (...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտը կայացնելիս պատասխանողը հիմք է ընդունել «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Կարինե Սևյանի 25.10.2022 թվականի գրավոր հայտարարությունն այն մասին, որ 07.04.2022 թվականին և 30.06.2022 թվականին «Լավանդդա» ՍՊԸ-ից ընկերությունը ձեռք է բերել համապատասխանաբար 46.550 դրամ և 9.510 դրամ արժեքներով դեղորայք` ընկերության կարիքների համար, ինչպես նաև այն, որ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Լավանդդա» ՍՊԸ-ն ՀՀ առողջապահության նախարարությունից ստացած ունի միայն դեղատնային գործունեության համար նախատեսված լիցենզիա: Արդյունքում պատասխանողը հաստատված է համարել «Լավանդդա» ՍՊ ընկերության կողմից առանց լիցենզիայի առկայության լիցենզավորման ենթակա դեղերի մեծածախ իրացում իրականացնելու հանգամանքը:

Մինչդեռ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված «սպառող» հասկացությունը վերլուծելով դրանում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում պատասխանողի կողմից որևէ կերպ չի բացահայտվել «Արմենիա Վայն գործարան» ՍՊ ընկերության հիշյալ օրենքի իմաստով սպառող հանդիսանալու հանգամանքը, որպիսի հարցի պարզման պարագայում միայն հնարավոր կլիներ հայցվորին դիտարկել առանց լիցենզիայի առկայության լիցենզավորման ենթակա դեղերի մեծածախ իրացում իրականացնող ընկերություն:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ միայն «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Կարինե Սևյանի 25.10.2022 թվականի գրավոր հայտարարությունը բավարար հիմք չէ արձանագրելու, որ հայցվորի դրսևորած վարքագիծն առանց դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի իրականացվող գործունեություն է: Ավելին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենի հայտարարությամբ հաստատվում է այն հանգամանքը, որ «Լավանդդա» ՍՊԸ-ից ձեռքբերված դեղորայքն ընկերությունն օգտագործել է իր կարիքների համար, որպիսի պայմաններում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված «սպառող» հասկացության իմաստով «Արմենիա Վայն գործարան» ՍՊ ընկերությունը համարվում է սպառող, քանի որ 07.04.2022 թվականին և 30.06.2022 թվականին հայցվոր ընկերությունից համապատասխանաբար 46.550 դրամ և 9.510 դրամ արժեքներով դեղորայքի ձեռքբերումը, ըստ հիշյալ հայտարարության, կապված չի եղել ձեռնարկատիրական գործունեության հետ:

Հետևաբար նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանող վարչական մարմինը չի իրականացրել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված իմպերատիվ պահանջը և չի բացահայտել քննարկվող դեպքին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, որպիսի հանգամանքը բավարար է վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած վարչարարության թերի իրականացված լինելու փաստն արձանագրելու համար:

(...) Վերը նշված պայմաններում Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հայցվորը վիճարկվող վարչական ակտով պատասխանատվության է ենթարկվել ոչ իրավաչափ, քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 09.11.2022 թվականի «Հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման առաջադրման վերաբերյալ» թիվ 1518374 վարչական ակտի կայացման ժամանակ չեն ապահովվել կոնկրետ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքների պարզումը, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, չեն բացահայտվել գործի բոլոր, այդ թվում` հայցվորի օգտին առկա հանգամանքները: (...)»:

 

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 01.11.2022 թվականի թիվ 1518374 արձանագրության համաձայն` «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ի գործունեության նկատմամբ իրականացվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ն, մեծածախ իրացման լիցենզիայի պարտադիր պայմանի ուժի մեջ մտնելուց հետո (2020 թվականի օգոստոսի 15-ից), 07.04.2022 թվականի թիվ Բ8190874001, 02.06.2022 թվականի թիվ Բ6019697846, 30.06.2022 թվականի թիվ Բ0401769544, 21.10.2022 թվականի թիվ Բ1458377248 հաշիվ-վավերագրերով իրականացրել է դեղերի մեծածախ իրացում` չունենալով ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված համապատասխան տեսակի լիցենզիան:

Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 09.11.2022 թվականի հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման առաջադրման վերաբերյալ թիվ 1518374 վարչական ակտի համաձայն` որոշվել է հաշվարկել և «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ին գանձման առաջադրել 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք` որպես հարկային պարտավորություն, ինչպես նաև` 100.000 ՀՀ դրամ օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 09.11.2022 թվականի թիվ 1518374 վարչական ակտի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում իրավաբանական անձ «ԼԱՎԱՆԴԴԱ» ՍՊԸ-ն 07.04.2022 թվականի թիվ Բ8190874001, 02.06.2022 թվականի թիվ Բ6019697846, 30.06.2022 թվականի թիվ Բ0401769544, 21.10.2022 թվականի թիվ Բ1458377248 հաշիվ-վավերագրերով իրականացրած դեղերի իրացման գործարքների մյուս կողմում` այսինքն` գնորդի կարգավիճակում, եղել է իրավաբանական անձ, մասնավորապես` «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ-ն, և իրավաբանական անձի` գործարքների գնորդի կարգավիճակում հանդես գալու հանգամանքը բավարար է եղել Կոմիտեի համար` համապատասխան գործարքը որակելու որպես մեծածախ իրացում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վարչական մարմնի այն դիրքորոշումը, որ դեղերի իրացման գործարքների գնորդի ֆիզիկական անձ չլինելը բավարար հանգամանք է ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիան կիրառելու համար, խախտում է իրավական որոշակիության պահանջը:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, սույն գործի շրջանակներում ձեռնամուխ լինելով գնահատելու վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ստուգելով դրա համապատասխանությունն օրենսդրության պահանջներին, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ են, և Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 09.11.2022 թվականի թիվ 1518374 վարչական ակտն անվավեր է` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «սպառող» եզրույթի միասնական սահմանման բացակայության պայմաններում դեղերի իրացումը մեծածախ որակելու և այն համապատասխան լիցենզիա պահանջող գործարք համարելու, ու ըստ այդմ` առանց լիցենզիայի համապատասխան գործունեությունն իրականացնելու դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու համար բավարար չէ միայն այն հանգամանքը, որ դեղն իրացվել է իրավաբանական անձանց առանց դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի առկայության:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 09.11.2023 թվականի վճիռը և փոփոխվելով այն` հայցը բավարարելով, կայացրել է իրավաչափ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.11.2024 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809981869

 

pin
Վճռաբեկ դատարան
01.10.2025
N ՎԴ/2834/05/23
Որոշում