ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/2969/05/20
Վարչական գործ թիվ ՎԴ/2969/05/20 2025 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան
Դատավորներ` Հ. Խաչատրյան
Գ. Սոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
2025 թվականի սեպտեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Անդրինե Միրզախանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2024 թվականի որոշման դեմ` ըստ հայցի` անհատ ձեռնարկատեր Անդրինե Միրզախանյանի (այսուհետ` Հայցվոր) ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության (այսուհետ` Պատասխանող)` Պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու, Հայցվորի կողմից` ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու և որպես հետևանք` Պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, Պատասխանողին Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը ընդունելուն պարտավորեցնելու և որպես այս պահանջի ածանցյալ պահանջ` այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը վերացնելու, Պատասխանողին թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը թույլատրելուն պարտավորեցնելու` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը, պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հայցվորը պահանջել է «ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումով մերժված գործողությունները:
Ճանաչել Հայցվորի կողմից` ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը:
Որպես հետևանք` ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը:
Պարտավորեցնել Պատասխանողին ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը և վերացնել այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը, պարտավորեցնել Պատասխանողին թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը»:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 07.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2024 թվականի որոշմամբ Պատասխանողի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 07.07.2022 թվականին կայացրած վճիռն ամբողջությամբ բեկանվել և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայցվորը (ներկայացուցիչ` Համիկ Մարտիրոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի և 146-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման արդյունքում թույլ են տրվել դատական սխալներ, քանի որ Վերաքննիչ դատարանն իր նախաձեռնությամբ շրջանցել և անտեսել է վեճի գրեթե բոլոր հիմնավորումներն ու փաստարկները, չի անդրադարձել բացառապես ըստ էության վեճին վերաբերող վերաքննիչ բողոքին և պատասխանին` փաստացի զրկելով հայցվորին ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքից:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր դուրս չգալ վերաքննության սահմաններից և անդրադառնար այն հարցերին, որոնք քննարկման առարկա են դարձել Վարչական դատարանում կամ առնվազն որևէ կերպ արծարծվել են վերաքննիչ բողոքում կամ առնվազն վերաքննիչ բողոքի պատասխանում: Մինչդեռ, ուսումնասիրելով Հայցվորի հայցը և լրացուցիչ հիմնավորումները, Պատասխանողի պատասխանը, առարկությունները և լրացուցիչ հիմնավորումները, գործի քննության ընթացքում բանավոր ելույթներն ու հայտարարությունները, ինչպես նաև վերաքննիչ բողոքը և դրա պատասխանը` հնարավոր չէ գտնել գեթ մեկ հարց, դիտարկում կամ փաստարկ, որոնք տեղ են գտել Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
Փաստացի, Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, կատարել է բոլորովին այլ եզրակացություններ և պատճառաբանություններ, որոնք որևէ կերպ մինչ այդ քննարկման առարկա չէին դարձել և անգամ վերաքննիչ բողոք բերողն այդ հարցերին չի անդրադարձել:
Պատասխանողը բերել է վերաքննիչ բողոք` պնդելով, որ Դատարանը սխալ է գնահատել, հաշվի չի առել որոշ ապացույցներ, մյուսները` հիմք է ընդունել, որոնք չպիտի ընդուներ և այլ հիմնավորումներ, որոնք բացառապես վերաբերել են ըստ էության վեճին: Նշված բովանդակությամբ բողոքի պատասխանը վերաբերել է բողոքում նշված փաստարկների և հիմնավորումների հակադարձ փաստարկներին և հիմնավորումներին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, որևէ ձևով չանդրադառնալով բողոքի հիմնավորումներին և փաստարկներին, կատարել է իր իսկ եզրակացություններն ու պատճառաբանությունները` կապված դատավորի կողմից հայցատեսակների ճշգրտման և նախապատրաստական փուլում որոշակի գործողությունների չկատարմանը` չհիմնավորելով, թե ինչպես կարող էին այդ հանգամանքները ազդել գործի ելքի վրա, և ինչ կապ ունի այդ ամենը վերաքննիչ բողոքի հետ:
Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացրել է վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը և այդ հիմքերով բավարարել վերաքննիչ բողոքը, որպիսի որոշումը ուղղակիորեն խախտել է Հայցվորի իրավունքները (այդ թվում սահմանադրական) և օրինական շահերը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, իր նախաձեռնությամբ ավելացնելով վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները և որոշման մեջ բացառապես դրանց անդրադառնալով, փաստացի խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասին ներկայացվող գրեթե բոլոր պահանջները, քանի որ ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, հետևաբար չի նշել վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, չի նշել այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել, այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, այն փաստերը, որոնք հաստատել է վարչական դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, այն փաստերը, որոնք չի հաստատել վարչական դատարանը, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում:
Վերաքննիչ դատարանը չի կատարել եզրահանգում` բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ և չի պատասխանել հետևյալ հարցերին. ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը` բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից, բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ, գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ, դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2024 թվականի որոշումը` ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 07.07.2022 թվականի դատական ակտին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հայցվորի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը 09.03.2020 թվականին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանին` հայտնելով, որ ԱՁ Անդրինե Միրզախանյանի անունով, համաձայն 05100041/030320/0004675 հայտարարագրի, ՀՀ է ներմուծվել 1 բեռնարկղ 17600 կգ բեռ: Իր անունով պատվիրած 2 բեռնարկղ բեռ է եղել: Կորոնավիրուսի պատճառով Չինաստանի հետ կապի հնարավորություն չի ունեցել, ինչի պատճառով հաշիվ-ապրանքագրերը խառնվել են և բեռը Մեղրիից եկել է Արմաշի ՄՏ, որտեղ, կարանտինի պատճառով, հնարավոր չի եղել նախնական զննում կատարել: Արդյունքում, ձևակերպվել է սխալ բեռ: Խնդրել են թույլ տալ վերահայտարարագրել բեռը (1-ին հատոր, գ.թ. 24):
2) Ի պատասխան Հայցվորի 09.03.2020 թվականի դիմումի` Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի 10.03.2020 թվականի թիվ 47 գրությամբ հայտնվել է, որ թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագրով հայտարարագրված տեղեկությունների փոփոխություն կամ լրացում չի կարող իրականացվել: Տեղեկացվել է նաև, որ արդեն իսկ գրանցված թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագրում չեն կարող ներկայացվել տեղեկություններ այլ ապրանքների մասին (1-ին հատոր, գ.թ. 14):
3) Հայցվորի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը 10.03.2020 թվականին դիմում է ներկայացրել Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կ. Բաբայանին` խնդրելով վերջինիս թույլտվությունը` բեռը Արմաշ տերմինալից տեղափոխել Ձյունիկ տերմինալ նախնական զննումն ու վերաձևակերպումը կատարելու համար (1-ին հատոր, գ.թ. 25):
4) Հայցվորի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը 16.03.2020 թվականի դիմումով խնդրել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կ. Բաբայանին, համաձայն թիվ 05100041/030320/0004675 տ/հ-ի Չինաստանից ՀՀ ներմուծված բեռը, որը գտնվում է Մետեքսիմ տերմինալ ՄՀՏ և ձևակերպվել է համաձայն 05100010/060320/0013418 ա/հ-ի, մերժել թիվ 05100010/060320/0013418 ա/հ-ը և թույլ տալ կատարել վերաձևակերպում (1-ին հատոր, գ.թ. 26):
5) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնակատար Մհեր Մարտիրոսյանի 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ Հայցվորը տեղեկացվել է, որ վերջինիս կողմից մաքսային մարմիններին ներկայացված թիվ 05100010/160420/0020301 ԱՀ-ի նկատմամբ մաքսային մարմինների կողմից ԵԱՏՄ ՄՕ-ի 313-րդ հոդվածի համաձայն իրականացվող մաքսային արժեքի հսկողության ժամանակ պարզվել է, որ ԱՀ-ում առկա են ԵՏՀ-ի Կոլեգիայի 27.03.2018թ. թիվ 42 որոշման Կարգի 5-րդ կետի հատկանիշներ, այն է` հայտարարագրված ԱՀ-ում առկա են բացահայտ ցածր արժեքով հայտարարագրված ապրանքային գներ: Մաքսային մարմնի կողմից մաքսային արժեքի ստուգման նպատակով ընտրվել է մաքսային, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ստուգում` նախքան ապրանքների բացթողումը մաքսային հսկողության ձևը` համաձայն ԵԱՏՄ ՄՕ-ի 325-րդ հոդվածի: Ներմուծված ապրանքների համար ընտրված «Գործարքի գնի մեթոդը» հիմք ընդունելու համար, համաձայն ԵԱՏՄ ՄՕ-ի 325-րդ հոդվածի 7-րդ կետի, 10 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմին պետք է ներկայացվեն 27.03.2018թ. ԵՏՀ Կոլեգիայի թիվ 42 որոշմամբ հաստատված Կարգի 8-րդ կետի «ա», «բ», «զ», «ժ», «ժգ» և «ժե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը: Տեղեկացվել է նաև, որ ապրանքների հայտարարագրի բացթողման ժամկետը երկարաձգվել է 10 աշխատանքային օրով` համաձայն ԵԱՏՄ ՄՕ-ի 119-րդ հոդվածի 4-րդ կետի և պահանջվող փաստաթղթերը մաքսային մարմին պետք է ներկայացվեն` համաձայն ԵԱՏՄ ՄՕ-ի 325-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված Ժամկետում, այն է` 10 աշխատանքային օրը լրանալուց 4 ժամ առաջ (1-ին հատոր, գ.թ. 15):
6) Հայցվորը 21.04.2020 թվականի դիմումով խնդրել է իրենց նկատմամբ վարչարարություն իրականացնելիս խստագույնս պահպանել, ի թիվս այլոց, նաև հավաստիության կանխավարկածի սկզբունքը (1-ին հատոր, գ.թ. 33):
7) Ի պատասխան Հայցվորի 21.04.2020 թվականի գրության` Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնակատարի 29.04.2020 թվականի թիվ 90 գրությամբ հայտնվել է, որ թիվ 05100010/160420/0020301 Ա/Հ-ով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդը» հիմք ընդունելու համար 17.04.2020թ. ՀՀ ՊԵԿ ԱՄ-Վ ելից թիվ 75 գրությամբ պահանջվող 27.03.2018թ. ԵՏՀ Կոլեգիայի թիվ 42 որոշման Կարգի 8-րդ կետի փաստաթղթերը ներկայացված են թերի:
Տեղեկացվել է, որ թիվ 05100010/160420/0020301 Ա/Հ-ով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդ»-ով չեն կարող հայտարարագրվել և հիմք ընդունելով Ա/Հ-ում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ ԵՏՀ թիվ 289 առ 10.12.2013թ. որոշումը` ներկայացվել է թիվ 05100010/160420/0020301 Ա/Հ-ում նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ 29.04.2020թ. լրացված մաքսային մարմնի պահանջը (1-ին հատոր, գ.թ. 16-23),
8) ՀՀ ՊԵԿ քննչական վարչության 08.07.2020 թվականի որոշմամբ թիվ 83162520 քրեական գործով Սարգիս Ցոլակի Գիլոյանի և Ա/Ձ Անդրինե Գուրգենի Միրզախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործով վարույթը կարճվել է` վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (2-րդ հատոր, գ.թ. 58-60),
9) Ի պատասխան փաստաբանական հարցման «Ֆրենդս Հաուս» ՍՊ ընկերության տնօրենի 27.05.2022 թվականի գրությամբ հայտնվել է` «(...) «Անդրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ անվամբ ներմուծման հայտարարագիր է ներկայացրել թելերի բեռնարկղի համար 06.03.2020 թ.-ին` թիվ 05100010/050320/0013418 հայտարարագրի համարով:
2. Բեռնարկղերը «Արմաշ» մաքսային տերմինալում նախապես զննելու որևէ հնարավորություն չի եղել, քանի որ հենց այդ ժամանակ պետական մակարդակով համատարած կոշտ սահմանափակումներ մտցվեցին COVID 19 համավարակով պայմանավորված: Ապրանքները զննելու համար դրանք պետք է տեղափոխվեին այլ տերմինալ:
3. 09.03.2020թ.-ի կեսօրին լիազոր անձի կողմից գրավոր դիմում է ներկայացվել հայտարարագիրը փոփոխելու/վերահայտարարագրելու թույլտվություն ստանալու մասին, քանի որ ակնհայտ անհամապատասխանություն կար հայտարարագրի և բեռնարկղում առկա ապրանքների միջև:
4. Հայտարարագիրը փոփոխելու/վերահայտարարագրելու թույլտվություն ստանալու մասին գրավոր դիմումը ներկայացնելու պահին մաքսային մարմինը չի պահանջել որևէ փաստաթուղթ: Մաքսային մարմինը «Մեկ Պատուհան» ծրագրի միջոցով, «Նշումներ» բաժնում ավելացրել է տեղեկատվություն մաքսային զննում անցկացնելու վայրի և ժամանակի մասին` 09.03.2020թ.-ին ժամը` 17:48-ին:
5. Նշված հայտարարագրով «կարմիր ուղի» ընթացակարգի մասին տեղեկացել ենք երկուշաբթի օրը` կեսօրին, իսկ «մեկ պատուհան» համակարգի տնտեսավարողի/բրոկերի կողմից հասանելի հատվածում ի տարբերություն այլ տեղեկությունների, ընթացակարգի փոփոխության օրն ու ժամը չի երևում, դրանք լրացվում/կառավարվում են մաքսային մարմնի կողմից:
6. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում մերժման պայմանների մեջ բացակայում է ընթացակարգի կարմիր լինելու պայմանը» (2-րդ հատոր, գ.թ. 136-137):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի և 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին` այն իրավական հարցադրման համատեքստում, թե Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացվող դատական ակտում ո՞ր հիմքերին պետք է անդրադառնա:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական պաշտպանության իրավունքն իրենում ներառում է նաև վերադաս ատյանի կողմից ստորադաս ատյանի կայացրած դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը: Բողոքարկման իրավունքի իրացմամբ շահագրգիռ սուբյեկտը հնարավորություն է ստանում բողոքի միջոցով արտահայտելու ստորադաս ատյանի կողմից կայացված դատական ակտի հետ իր անհամաձայնությունը` ակնկալելով իր կողմից ներկայացված հիմքերի պատշաճ կարգով քննություն իրավասու դատարանի կողմից (տե՛ս, Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, երրորդ անձինք «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ, «Մո Թիվի Մեդիա Հոլդինգ» ՓԲԸ, «ԱրմենԱկոբ» ՍՊԸ, «ԱՐ հեռուստաընկերություն» ՍՊԸ և «Հուսաբեր» ՓԲԸ թիվ ՎԴ/10869/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`
4. Որոշման պատճառաբանական մասը բովանդակում է`
(...)
2) եզրահանգում` բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.
ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը` բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի և այլ իրավական ակտի նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի այն նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը:
Վերոնշյալ իրավանորմերի համատեքստում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննությունը հանդիսանում է դատական համակարգի կարևորագույն կառուցվածքային ու ընթացակարգային բաղադրիչը, որի առանցքային գործառույթը նախ և առաջ ստորադաս դատարանի դատական ակտում թույլ տրված սխալների վերացումն է: Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ վերաքննությունը վարչական արդարադատության այն ինստիտուտներից է, որի նպատակն է ապահովել առաջին ատյանի դատարանի դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության վերահսկողությունը: Հանդիսանալով իրավական պաշտպանության միջոց` վերաքննությունը միաժամանակ ծառայում է անձանց իրավունքների և դատական համակարգում օրինականության պահպանմանը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննության ինստիտուտի առաջնահերթ նպատակներից է արդարադատության սխալները բացառելը, որոնք կարող են լինել թե՛ իրավական, թե՛ փաստական բնույթի: Իրավական սխալները վերաբերում են նորմերի սխալ կամ ոչ լիարժեք կիրառմանը, իսկ փաստական սխալները վերաբերում են ապացույցների սխալ գնահատմանը կամ անտեսմանը, որոնք կարող են խախտել արդար դատաքննության սկզբունքները:
Հետևաբար, վերաքննությունը ենթադրում է դատական սխալների գնահատում:
Վճռաբեկ դատարանն ամրագրում է, որ վերաքննիչ դատարանում գործի քննությունը հանդիսանում է ոչ թե նոր, ինքնուրույն դատաքննություն, այլ վերանայում` ուղղված առաջին ատյանի դատարանի իրավական գնահատականի ստուգմանը: Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանը գնահատում է` արդյոք նախորդ ատյանի դատարանն իր վարույթում թույլ չի տվել դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք կարող էին ազդել դատական ակտի օրինականության և արդարության վրա:
Վճռաբեկ դատարանն ամրագրում է նաև, որ վերաքննության նպատակը ոչ միայն դատական գործընթացի արդյունավետության ապահովումն է, այլև իրավական որակի բարձրացումը, որը բխում է իրավական անվտանգության և կանխատեսելիության սկզբունքներից: Կանխատեսելիությունը դատական ակտերի կայացման գործընթացում հանդիսանում է դատական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման հիմք, ինչը նշանակում է, որ վերաքննիչ դատարանի գործառույթն է ապահովել այն իրավական միջավայրը, որտեղ պատշաճորեն վերահսկվում է դատական ակտերի օրինականությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական դատարանի` ինչպես գործն ըստ էության լուծող դատական ակտերի, այնպես էլ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի վերանայման հիմքը համապատասխան վերաքննիչ բողոքն է, որը բերվում է դատավարության մասնակիցների կամ դատավարության մասնակից չդարձված այն անձանց կողմից, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ: Ընդ որում, անձի բողոքը հիմնված է իր իրավական ներքին համոզման վրա, որ ստորադաս դատարանի դատական ակտը հակասում է օրենքի պահանջներին, հիմնված չէ ամբողջական կամ օբյեկտիվ փաստական վերլուծության վրա, կամ այլ կերպ խախտում է իր դատավարական կամ նյութական իրավունքները: Այս պայմաններում բողոքաբերը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված բողոքարկման իրավունքը, ձգտում է հասնել իր իրավունքները ենթադրաբար խախտող դատական ակտի վերանայմանը` ավելի բարձր ատյանի դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննությունը չի կարող վերածվել ողջ ծավալով կրկնակի քննության, ինչը կհանգեցնի դատավարական գործընթացի դանդաղեցման և կողմերի իրավունքների խախտման: Նշվածը կանխելու նպատակով օրենսդիրը սահմանել է վերաքննության կարգով բողոքի քննության հստակ շրջանակ, այն է` վերաքննիչ դատարանը պետք է ուղղի նախորդ ատյանի դատական սխալները` օրենքով կանխորոշված սահմաններում իրականացնելով պատշաճ քննություն: Հետևաբար, վերաքննությունը, լինելով երկրորդ ատյանի դատական վերահսկողության մեխանիզմ, չի հանդիսանում այնպիսի դատական վերանայում, որի շրջանակներում կարող է իրականացվել գործի փաստական քննության լիակատար կրկնություն կամ լրիվ նոր քննություն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերաքննության սահմանները նպատակ ունեն կանխելու դատավարական ամբողջ գործընթացի անհարկի կրկնությունները, և հատկանշական է, որ վերաքննության սահմանների անցումը կամ դրանց անտեսումը կարող է ինքնին հանգեցնել դատավարության մասնակիցների իրավունքների անհարկի խախտման` խաթարելով արդարադատության բուն էությունը և արդյունավետությունը:
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ վերաքննության սահմանները, բողոք բերող անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ գործընթաց իրականացնելու տեսանկյունից չեն ենթադրում վերաքննության իրավունքի սահմանափակում, այլ նպատակ ունեն ապահովելու բողոքարկված դատական ակտի իրավաչափության գնահատումն առավել ուղիղ և նպատակային քննության շրջանակում` անդրադառնալով բողոքում նշված բոլոր հիմքերին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն` առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից` վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը` այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
i
(...) այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ և 144-րդ հոդվածների համակարգային վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում և վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, և այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և քննության առարկա դարձնել բողոք բերած անձի համապատասխան հիմնավորումները` որոշման պատճառաբանական մասում եզրահանգման գալով վերաքննիչ բողոքի այդ հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ (տե՛ս, Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, երրորդ անձինք «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ, «Մո Թիվի Մեդիա Հոլդինգ» ՓԲԸ, «ԱրմենԱկոբ» ՍՊԸ, «ԱՐ հեռուստաընկերություն» ՍՊԸ և «Հուսաբեր» ՓԲԸ թիվ ՎԴ/10869/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկին ամրագրում է, որ գործի վերաքննության փուլում վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար: Միաժամանակ, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը: Ընդ որում, վերաքննիչ դատարանը, դատական ակտը վերանայելով վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից` կայացնելով դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանը`
- չի կարող կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել, եթե վերաքննիչ բողոքում այդպիսի հիմք առկա չէ,
- եթե վերաքննիչ բողոքում առկա է վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմք, ապա վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը` չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բացառապես նշված պայմանների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող` դատավարության մասնակիցների առնվազն երկու դատական ատյանում լսված լինելու իրավունքի իրացումը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ամրագրում է, որ վերաքննիչ դատարանը գործի վերաքննությունը պետք է իրականացնի օրենքով կանխորոշված սահմաններում, մասնավորապես` բողոքի քննություն իրականացնելիս պետք է պահպանվեն հետևյալ բոլոր պայմանները`
1) վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բացառապես այն հիմքերին, որոնք վերաբերում են բողոք ներկայացրած անձի իրավունքներին և շահերին.
2) վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար` վերաքննիչ դատարանը պետք է ի պաշտոնե իրականացնի բողոքի քննություն` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ` անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե` ոչ.
3) պետք է զերծ մնա վերաքննիչ բողոքում չվկայակոչված այնպիսի հիմքի անդրադառնալուց, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը բավարարել է Հայցվորի կողմից ներկայացված հետևյալ պահանջը` «ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումով մերժված գործողությունները:
Ճանաչել Հայցվորի կողմից` ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը:
Որպես հետևանք` ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը:
Պարտավորեցնել Պատասխանողին ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը և վերացնել այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը, պարտավորեցնել Պատասխանողին թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը»:
Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ «(...) համաձայն թիվ 52 մաքսային զննման ակտի` բեռի փաստացի զննումն իրականացվել է 11.03.2020 թվականի /ժամը 14.00-ից/, ավարտվել է 18.03.2020 թվականին /ժամը 09.30-ին/, հետևաբար 09.03.2020 թվականին` դիմումը ներկայացնելու պահին Պատասխանողը չի իրականացրել որևէ գործողություններ բեռի մաքսային զննման ուղղված, միևնույն ժամանակ համաձայն Հայցվորի կողմից ներկայացված միասնական հայտ պատուհանի էլեկտրոնային տվյալների` տեղեկատվությունը մաքսային զննում անցկացնելու վայրի և ժամանակի մասին պատասխանողի կողմից լրացվել է 09.03.2020 թվականին, ժամը 17:48-ին: Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը համարում է Պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դիմումը ներկայացնելու պահին առկա չի եղել որևէ հիմք` Հայցվորի դիմումը մերժելու համար, հետևաբար նաև առկա է եղել սխալմունքի հետևանքով ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը:
Ամփոփելով վերոգրյալը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը վերը նշված վերլուծություններով Պատասխանողի գործողությունները համարում է ոչ իրավաչափ` միևնույն ժամանակ փաստում է, որ իրավահարաբերության պահին առկա է եղել սխալմունքի հետևանքով ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը, փաստելով նաև, որ Պատասխանողի հետագա գործողությունները առաջացել են ի սկզբանե ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով, հետևաբար գտնում է նաև, որ Հայցվորի` որպես հետևանք` Պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, Պատասխանողին Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը ընդունելուն պարտավորեցնելու և որպես այս պահանջի ածանցյալ պահանջ` այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը վերացնելու, Պատասխանողին թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը թույլատրելուն պարտավորեցնելու` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջները նույնպես հիմնավոր են:
Բացի այդ, որպես վկա հարցաքննված` Արման Վանյայի Խաչատրյանը Դատարանին տվեց ցուցմունք այն մասին, որ ինքը հանդիսացել է Հայցվորի լիազորված անձը, իրեն այլ լիազորություններ տրված չեն եղել, բացի բեռը տեղափոխելուց, այդ ժամանակ մաքսայինում Մեղրիի կողմից եկած մեքենաները բոլորը գնում էին Արմաշ տերմինալ` կարանտինի հետ կապված, ինչի հետ կապված նաև Չինաստանում ամբողջ ապրանքները խառնվել էին իրար, չէին կարողանում կապ հաստատել ճշտելու համար, արդյունքում որևէ հնարավորություն չեն ունեցել պարզելու, թե որ խմբաքանակն է եկել: Իրենք գրություն են ներկայացրել Արարատյան մաքսատուն-վարչության բացթողման բաժին և խնդրել են, որպեսզի բեռը Արմաշից տեղափոխվի Ձյունիկ տերմինալ, Ձյունիկում կատարել զննում ապրանքի հետ կապված, բացի այդ, Ձյունիկը գտնվում էր ավելի մոտիկ իրենց պահեստին: Սակայն իրենց պատասխանել են, որ Ձյունիկ չի լինի տեղափոխել, ասել են` Ալյանս տերմինալ տեղափոխելու պայմաններում դիմումը կբավարարվի: Հետագայում որոշվեց, որ Արմաշից միանգամից ձևակերպումը անել ամսի 6-ին, ձևակերպումն արեցին Արմաշում, քանզի այնտեղ կորոնավիրուսի հետ կապված մեքենան չէին կարող տեղափոխել այլ տերմինալ, պարսիկ վարորդը չէր թույլատրում, այդ օրերին ոստիկաններն ու սանէպիդկայանի աշխատակիցները թույլ չեն տվել մեքենաներին մոտենալ կորոնավիրուսի հետ կապված: Այդ օրը բեռի համար ընտրված է եղել կանաչ ուղի, սակայն իրենց ասացին, որ այդ օրը չեք հասցնի տանել, մյուս օրը արդեն շաբաթ էր, աշխատում էին մինչև կեսօր, էլի չէին հասցնելու, դա ամսի 7-ն էր, որից հետո Չինաստանի հետ կապ են հաստատել, 2020 թվականի մարտի 8-ին են պարզել, որ Հայաստան է եկել այլ բեռ, հայտնել են, որ մյուս խմբաքանակն է մեքենայի մեջ, այլ ոչ թե այս խմբաքանակը: Երկուշաբթի` մարտի 9-ին ինքը դիմում է ներկայացրել Արարատյան մաքսատան պետին` խնդրելով, որ թույլ տան բեռը զննել և նոր խմբաքանակով ձևակերպումը տալ, հայտարարել է, որ ուրիշ խմբաքանակ է եկել, սակայն կարմիր ուղի են դրել միանգամից ու հայտարարել, որ չեն կարող ձևակերպում անել: Մինչ այդ զննում ընդհանրապես չի կատարվել, մարտի 9-ից 3-4 օր հետո տեսուչների հետ բեռը բերել են, դատարկել են Մետեքսիմ տերմինալում:
Բացի այդ, նաև ի պատասխան փաստաբանական հարցման` «Ֆրենդս Հաուս» ՍՊ ընկերության տնօրենը 27.05.2022 թվականի գրությամբ հայտնել է, որ` «Անդրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ անվամբ ներմուծման հայտարարագիր է ներկայացրել թելերի բեռնարկղի համար 06.03.2020 թ.-ին` թիվ 05100010/050320/0013418 հայտարարագրի համարով: Բեռնարկղերը «Արմաշ» մաքսային տերմինալում նախապես զննելու որևէ հնարավորություն չի եղել, քանի որ հենց այդ ժամանակ պետական մակարդակով համատարած կոշտ սահմանափակումներ մտցվեցին COVID 19 համավարակով պայմանավորված: Ապրանքները զննելու համար դրանք պետք է տեղափոխվեին այլ տերմինալ: 09.03.2020թ.-ի կեսօրին լիազոր անձի կողմից գրավոր դիմում է ներկայացվել հայտարարագիրը փոփոխելու/վերահայտարարագրելու թույլտվություն ստանալու մասին, քանի որ ակնհայտ անհամապատասխանություն կար հայտարարագրի և բեռնարկղում առկա ապրանքների միջև: Հայտարարագիրը փոփոխելու/վերահայտարարագրելու թույլտվություն ստանալու մասին գրավոր դիմումը ներկայացնելու պահին մաքսային մարմինը չի պահանջել որևէ փաստաթուղթ: Մաքսային մարմինը «Մեկ Պատուհան» ծրագրի միջոցով, «Նշումներ» բաժնում ավելացրել է տեղեկատվություն մաքսային զննում անցկացնելու վայրի և ժամանակի մասին` 09.03.2020թ.-ին ժամը` 17:48-ին: Նշված հայտարարագրով «կարմիր ուղի» ընթացակարգի մասին տեղեկացել ենք երկուշաբթի օրը` կեսօրին, իսկ «մեկ պատուհան» համակարգի տնտեսավարողի/բրոկերի կողմից հասանելի հատվածում ի տարբերություն այլ տեղեկությունների, ընթացակարգի փոփոխության օրն ու ժամը չի երևում, դրանք լրացվում/կառավարվում են մաքսային մարմնի կողմից: ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում մերժման պայմանների մեջ բացակայում է ընթացակարգի կարմիր լինելու պայմանը:
Այսպիսով, Դատարանը` անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ սույն գործի փաստական տվյալներով պայմանավորված Պատասխանողի գործողությունները իրավաչափ չեն եղել(...)»:
Վերաքննիչ դատարանը Պատասխանողի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` պատճառաբանելով, որ «(...) ՀՀ վարչական դատարանը 20.05.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման մեջ նշել է նաև, որ հայցվորին առաջարկում է հայցապահանջները խմբավորել և հստակ ձևակերպել հայցադիմումի «խնդրում եմ» մասում մնացած պահանջների հետ համատեղ, նաև միմյանցից տարանջատելով պարտավորեցման և գործողության կատարման հայցատեսակները /1-ին հատոր, գ.թ. 46-47/: Արդյունքում, ՀՀ վարչական դատարանը, բավարարելով հայցը, մասնակի դուրս է եկել իր իսկ կողմից թույլատրված հայցի առարկայից և բավարարել կրկին ներկայացված հայցադիմումով թվագրված 6-րդ և 7-րդ հայցապահանջներն այն պարագայում, երբ հայցվորի ներկայացուցիչը 05.10.2020 թվականին գրավոր փոփոխել է հայցի առարկան(...)
(...) սույն գործով հայցվոր կողմը ներկայացրել է մի շարք տարբեր տեսակի հայցատեսակներով հիմնական և ածանցյալ պահանջներ` դրանք փոփոխության ենթարկելով գործի քննության արդյունքում և մասնակի հրաժարվելով հայցապահանջներից(...)
(...) հայցապահանջների ձևակերպումների վերլուծության արդյունքում անդրադառնալով 07.07.2022 թվականի վճռի բովանդակությանը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանը, ամբողջությամբ բավարարելով հայցվորի հայցապահանջները և փաստացի մասնակի դուրս գալով հայցի առարկայի շրջանակներից, առաջին հերթին, չի պարզել ներկայացված հայցապահանջների շրջանակը, հստակ չի տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, չի առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, չի քննարկել նաև մի քանի պահանջների միացման և առանձնացման հարցեր /ի դեպ, վարչական գործում առկա են նաև միջամտող վարչական ակտեր, որոնք սույն գործով չեն վիճարկվել/: Այս ամենը կատարելուց հետո միայն Դատարանը կարող էր անդրադառնալ վարույթում առկա հայցապահանջների նյութական իրավաչափության հարցին` հաշվի առնելով և ուսումնասիրելով թե՛ հայցի հիմքերը, թե՛ պատասխանողի 29.07.2020 թվականին ներկայացրած առարկությունները /1-ին հատոր, գ.թ. 115-120/ ու ապացույցները, ինչը սույն գործով չի կատարվել (...)
(...) հայցվորի կողմից ներկայացված թվով չորս հայցապահանջները ձևակերպված չեն բավարար հստակությամբ և հիմնավորված չեն ճանաչման ու պարտավորեցման թվով չորս հայցապահանջների շրջանակներում հայցվորի իրավական ակնկալիքները, հայցապահանջներն առհասարակ ներկայացնելու ու հենց մեկ վարչական գործի շրջանակներում քննության հնարավորությունը:
Ավելին, Դատարանը գործի քննության ընթացքում ուսումնասիրության առարկա չի դարձրել գործի համար բոլոր էական փաստական հանգամանքները, հանգամանորեն չի ուսումնասիրել կիրառվող իրավական ակտերի շրջանակը, չի վերլուծել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստարկներն ու հակափաստարկները` արդյունքում կայացնելով թերի հիմնավորված, գործն ըստ էության լուծող դատական ակտ(...)
(...)ըստ էության խոչընդոտվել, սահմանափակվել է հայցվորի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ ու պատշաճ իրագործումը, ինչն ուղղակիորեն հակասում է իրավական պետության սահմանադրական ինստիտուտին, որի կարևորագույն բաղադրատարր է հանդիսանում դատական պաշտպանության իրավունքը(...)
(...)սույն գործով ՀՀ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հատկապես 5-րդ և 89-րդ հոդվածների պահանջների խախտումը կարող է հանգեցնել գործի սխալ լուծման, քանի որ սույն գործի լուծման համար Դատարանի կողմից համարժեք միջոցներ ձեռնարկվելու, մասնավորապես, մատնանշման պարտականությունը պատշաճ կատարելու դեպքում, կապահովվեր հայցվորի արդար դատաքննության իրավունքը (...)»:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Պատասխանողի կողմից 07.11.2022 թվականին Վերաքննիչ դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքում (3-րդ հատոր, գ.թ. 46-54) ներկայացված հիմքերում առկա չէ որևէ նշում այն մասին, որ Դատարանի կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 89-րդ հոդվածների պահանջները, ընդ որում վերաքննիչ բողոքում առկա չէ նշում նաև այն մասին, որ Դատարանը, բավարարելով հայցը, մասնակի դուրս է եկել հայցի առարկայից:
Ելնելով վերոնշյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես, փոխել է Պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքը և կայացրել դատական ակտ այնպիսի իրավական և փաստական հիմքերով, որոնք Դատարանում քննության առարկա չեն դարձվել և վկայակոչված չեն եղել վերաքննիչ բողոքում: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար և քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի հիմքերը: Փոխարենը, Դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության հարցն օրենքով կանխորոշած սահմաններում գնահատելու փոխարեն` Վերաքննիչ դատարանը կատարել է գործի ամբողջական նոր քննություն, որով Հայցվորը զրկվել է առնվազն երկու դատական ատյանում լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունից:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Դատարանը, ըստ էության, պարզել է ներկայացված հայցապահանջների շրջանակը, տարբերակել է հիմնական և ածանցյալ պահանջները, առաջարկել և ճշտել է ի սկզբանե ներկայացված ոչ հստակ հայցային պահանջները, ինչպես նաև քննարկել է մի քանի պահանջների միացման և առանձնացման հարցեր: Մասնավորապես, գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում` Վճռաբեկ դատարանը փաստում է հետևյալը.
Հայցվորը 14.05.2020 թվականի հայցադիմումով (հատոր 1-ին գ.թ. 3-11) ներկայացրել է հետևյալ պահանջները` «ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի հետևյալ անգործությունը/գործողությունները (ճանաչման հայց).
Հայցվորի 04.03.2020թ,-ի դիմումն անպատասխան թողնելը և դիմումով խնդրարկված գործողությունը առանց որևէ հիմնավորման չկատարելը, ինչպես նաև Հայցվորից բանավոր պահանջելը, որ դիմումում փոփոխություն կատարի և նշի այլ տերմինալ, որպեսզի այն բավարարվի, այլապես վարչական մարմինը կստեղծի լրացուցիչ խնդիրներ.
ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի հետևյալ անգործությունը/գործողությունները (ճանաչման հայց).
Մաքսային մարմնի կողմից «Կանաչ ուղի» ընթացակարգի պայմաններում բեռի մաքսազերծումը թույլ չտալն այն պատճառաբանությամբ, թե իբր ժամանակային առումով չեն հասցնի, ինչպես նաև այն հիմնավորմամբ, թե մի մասը չի կարող արվել մեկ օրում, իսկ մնացածը` հաջորդ.
ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի հետևյալ անգործությունը/գործողությունները (ճանաչման հայց).
Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին դիմումի մերժումը.
ճանաչել Հայցվորի կողմից ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը.
ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի հետևյալ գործողությունը (ճանաչման հայց).
Պատասխանողի կողմից 17.04.2020թ.-ի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018թ.-ի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը.
Պարտավորեցնել Պատասխանողին (Արարատյան մաքսատուն-վարչությանը)
- ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը,
- վերացնել/չեղարկել նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ 29.04.2020թ.-ի պահանջը
- Թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը»:
Դատարանը 20.05.2020 թվականի որոշմամբ (հատոր 1-ին, գ.թ. 46-47) վերադարձրել է հայցադիմումը` Հայցվորին առաջարկելով հայցապահանջները խմբավորել և հստակ ձևակերպել հայցադիմումի «խնդրում եմ» մասում մնացած պահանջների հետ համատեղ` նաև միմյանցից տարանջատելով պարտավորեցման և գործողության կատարման հայցատեսակները:
Հայցվորը 22.05.2020 թվականին կրկին ներկայացված հայցադիմումով (հատոր 1-ին, գ.թ. 55-62) խնդրել է` «1. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի` 04.03.2020թ.-ի դիմումն անպատասխան թողնելը` Հայցվորից բանավոր պահանջելով դիմումում փոփոխություն կատարել և նշել այլ տերմինալ, որպեսզի այն բավարարվի
2. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից «Կանաչ ուղի» ընթացակարգի պայմաններում բեռի մաքսազերծումը թույլ չտալը ժամանակի սղության, ինչպես նաև բեռը մաս-մաս տանելու անհնարինության պատճառաբանությամբ
3. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020թ.-ի դիմումի մերժումը
4. ճանաչել Հայցվորի կողմից ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը
5. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից 17.04.2020թ.-ի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018թ.-ի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը
6. Պարտավորեցնել Պատասխանողին (Արարատյան մաքսատուն-վարչությանը) ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը, իսկ որպես այս պահանջին ածանցյալ պահանջ` վերացնել այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը
7. Պարտավորեցնել Պատասխանողին (Արարատյան մաքսատուն-վարչությանը) թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պատասխանողի 29.04.2020թ.-ի պահանջը»:
Դատարանի 22.05.2020 թվականի որոշմամբ (հատոր 1-ին, գ.թ. 97) հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցվորի 05.10.2020 թվականի միջնորդությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 57) հայցապահանջների 6-րդ և 7-րդ կետերը համատեղվել են, արդյունքում Հայցվորը պահանջել է` «1. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի` 04.03.2020թ.-ի դիմումն անպատասխան թողնելը` Հայցվորից բանավոր պահանջելով դիմումում փոփոխություն կատարել և նշել այլ տերմինալ, որպեսզի այն բավարարվի
2. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից «Կանաչ ուղի» ընթացակարգի պայմաններում բեռի մաքսազերծումը թույլ չտալը ժամանակի սղության, ինչպես նաև բեռը մաս-մաս տանելու անհնարինության պատճառաբանությամբ
3. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020թ.-ի դիմումի մերժումը
4. ճանաչել Հայցվորի կողմից ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը
5. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից 17.04.2020թ.-ի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018թ.-ի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը
6. Պարտավորեցնել Պատասխանողին (Արարատյան մաքսատուն-վարչությանը) ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը և բաց թողնել այդ հայտարարագրով ապրանքները»:
Դատարանը 04.03.2021 թվականին ժամը 11:37 կայացված դատական նիստի ընթացքում քննարկել է հայցվորի միջնորդությունը և թույլատրել է հայցի առարկայի փոփոխությունը (հատոր 2-րդ, գ.թ. 69-70):
Հայցվորը 21.05.2021 թվականի միջնորդությամբ խնդրել է փոփոխել հայցի առարկայի 4-րդ կետը (հատոր 2-րդ, գ.թ. 79-80)` հետևյալ խմբագրությամբ` «4. ճանաչել Հայցվորի կողմից ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը և որպես նշված պահանջի ածանցյալ պահանջ ամբողջությամբ վերացնել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի 29.07.2020թ.-ի վարչական տուժ նշանակելու մասին թիվ 133 որոշումը»:
Դատարանը 22.06.2021 թվականին ժամը 14:34 կայացված դատական նիստի ընթացքում քննարկել է հայցվորի միջնորդությունը և թույլատրել է հայցի առարկայի փոփոխությունը (հատոր 2-րդ գ.թ. 95-96):
Հայցվորը 15.06.2022 թվականի դիմումով (հատոր 2-րդ գ.թ. 141) հրաժարվել է հայցի 1-ին, 2-րդ պահանջներից և 4-րդ պահանջի ածանցյալ մասից:
Դատարանը 15.06.2022 թվականին ժամը 10:03 կայացված դատական նիստի ընթացքում քննարկել է հայցվորի դիմումը և գտել է, որ հայցի 1-ին, 2-րդ պահանջներից և 4-րդ պահանջի ածանցյալ մասից հրաժարվելու մասով գործը ենթակա է կարճման (հատոր 2-րդ, գ.թ. 142-143, 145-146), որի վերաբերյալ կայացրել է «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշում (հատոր 2-րդ, գ.թ. 145-146):
Արդյունքում, Դատարանը գործի քննությունը շարունակել է հետևյալ հայցապահանջների շրջանակում` «1. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020թ.-ի դիմումի մերժումը:
2. ճանաչել Հայցվորի կողմից ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը:
3. ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից 17.04.2020թ.-ի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018թ.-ի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը:
4. Պարտավորեցնել Պատասխանողին (Արարատյան մաքսատուն-վարչությանը) ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը և բաց թողնել այդ հայտարարագրով ապրանքները:»:
Դատարանը 07.07.2022 թվականի վճռով (հատոր 2-րդ, գ.թ. 153-171) բավարարել է հետևյալ պահանջները` «Ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումով մերժված գործողությունները:
Ճանաչել Հայցվորի կողմից` ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը:
Որպես հետևանք` ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը:
Պարտավորեցնել Պատասխանողին ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը և վերացնել այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը, պարտավորեցնել Պատասխանողին թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը:»:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայցվորի կողմից վերջնական տեքստով ներկայացված հայցապահանջների, և Դատարանի կողմից բավարարված պահանջների միջև առկա է որոշակի բովանդակային անհամապատասխանություն, այն է`
1-ին պահանջում «նորը ներկայացնելու մասին 09.03.2020թ.-ի դիմումի մերժումը» ձևակերպման փոխարեն կիրառվել է «նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումով մերժված գործողությունները» ձևակերպումը,
3-րդ պահանջում Դատարանը նշել է «Որպես հետևանք» բառերը, այնինչ Հայցվորի կողմից վերջնական ձևակերպված պահանջում վերջին արտահայտությունը բացակայում է,
4-րդ պահանջում «Պարտավորեցնել Պատասխանողին (Արարատյան մաքսատուն-վարչությանը) ընդունել» ձևակերպման փոխարեն կիրառվել է «Պարտավորեցնել Պատասխանողին ընդունել» ձևակերպումը, ինչպես նաև «և բաց թողնել այդ հայտարարագրով ապրանքները» ձևակերպման փոխարեն կիրառվել է «և վերացնել այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը, պարտավորեցնել Պատասխանողին թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը» ձևակերպումը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայցվորի կողմից վերջնական տեքստով ներկայացված հայցապահանջների, և Դատարանի կողմից բավարարված պահանջների միջև առկա բովանդակային անհամապատասխանությունը նախ կրում է ձևական բնույթ, քանզի Դատարանն ըստ էության անդրադարձել է Հայցվորի բոլոր պահանջներին: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված անհամապատասխանությունը վերաբերում է հայցվոր կողմի իրավունքներին և շահերին, որոնց ենթադրյալ խախտումներին Վերաքննիչ դատարանն իրավասու չէր անդրադառնալ այնքանով, որքանով Հայցվորի կողմից վերաքննիչ բողոք չի ներկայացվել: Այնինչ, Վերաքննիչ դատարանը բավարարել է Պատասխանողի վերաքննիչ բողոքը հենց այն հիմքով, որ սահմանափակվել է Հայցվորի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ ու պատշաճ իրագործումը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում դատական ակտը վերանայելու լիազորության առկայության պայմաններում` Վերաքննիչ դատարանն իրավասու չէր իր նախաձեռնությամբ ինքնուրույն լրացնել Պատասխանողի վերաքննիչ բողոքի հիմքերը և բեկանել դատական ակտը: Միաժամանակ, Պատասխանողի կողմից ներկայացված բողոքի քննությունն իրականացնելիս, Վերաքննիչ դատարանն արձանագրել է Հայցվորի իրավունքների խախտում, ինչի արդյունքում դուրս է եկել վերաքննության` օրենքով կանխորոշված սահմաններից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Պատասխանողի վերաքննիչ բողոքի հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար, սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մասնակի բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809945422