ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2025 թվականի N 1709-Ն
ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմում է 7 800 000 դրամ:
2. Պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:
3. Պարտապանին 1-ին և 2-րդ կետերին համապատասխան որոշված վերադարձման ենթակա գումարը պարտապանի ընտրությամբ փոխանցվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին կամ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում պարտապանի անունով բացված հատուկ բանկային հաշվին:
4. Պարտապանին 1-ին և 2-րդ կետերին համապատասխան որոշված վերադարձման ենթակա գումարը կարող է տնօրինվել միայն բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու, պարտապանի կամ իր մերձավոր ազգականի (ամուսին, զավակ, ծնող, տատ, պապ, թոռ, քույր, եղբայր) բուժման կամ կրթության, ինչպես նաև կատարման ենթակա ակտը կատարելու նպատակներով:
5. Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին կամ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում պարտապանի անունով բացված հատուկ բանկային հաշվին առկա պարտապանին 1-ին և 2-րդ կետերին համապատասխան որոշված վերադարձման ենթակա գումարը ծառայությունը կամ հատուկ հաշիվը տնօրինող առևտրային բանկը փոխանցում է`
1) բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու նպատակով` համապատասխան առուվաճառքի կամ վարձակալության պայմանագրի հիման վրա` դրանում նշված հաշվեհամարին: Վարձակալության պայմանագրի դեպքում ծառայությունը կամ հատուկ հաշիվը տնօրինող առևտրային բանկը գումարի փոխանցումը կատարում է ըստ պայմանագրում նշված վարձավճարի վճարման ժամանակացույցի.
2) բուժման կամ կրթության նպատակով` համապատասխան հաստատության կողմից տրված տեղեկանքում նշված հաշվեհամարին.
3) կատարման ենթակա ակտը կատարելու նպատակներով` հարկադիր կատարողի կողմից կայացված որոշման մեջ նշված հաշվեհամարին:
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» N 808-Ն որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. նոյեմբերի 28
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 1 դեկտեմբերի 2025 թվական: