Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ` ՎԱՐՉԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

  ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/1076/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/1076/05/17             2025 թ.

    Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

  Դատավորներ`        Ս. Հովակիմյան

                                    Ռ. Մախմուդյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2025 թվականի հոկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի (ներկայումս` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե) (այսուհետ նաև` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.12.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ամալյա Սարիբեկյանի ընդդեմ Կոմիտեի` իրեն դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ամալյա Սարիբեկյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին կայացնել իրեն դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 22.08.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Բաբայան, դատավորներ` Ա. Պողոսյան, Ա. Սարգսյան) 12.11.2021 թվականի որոշմամբ Ամալյա Սարիբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.08.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. հայցը բավարարվել է: Անվավեր է ճանաչվել ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 23.01.2014 թվականի «Ամալյա Սարիբեկյանին գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու 015 մասնագիտական խորհրդի միջնորդությունը բեկանելու մասին» թիվ 14-Ա կարգադրությունը: Կոմիտեին պարտավորեցվել է կայացնել Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 26.05.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Վերաքննիչ դատարանի 12.11.2021 որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2024 թվականի որոշմամբ Ամալյա Սարիբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.08.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. հայցը բավարարվել է: Անվավեր է ճանաչվել ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 23.01.2014 թվականի «Ամալյա Սարիբեկյանին գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու 015 մասնագիտական խորհրդի միջնորդությունը բեկանելու մասին» թիվ 14-Ա կարգադրությունը: Կոմիտեին պարտավորեցվել է կայացնել Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ի պաշտոնե ներկայացուցիչ` Սարգիս Հայոցյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ըստ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (09.05.2023 թվականի ՀՕ-155-Ն), «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.05.2023 թվականի ՀՕ-156-Ն) և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.05.2023 թվականի ՀՕ-157-Ն)` Գիտության կոմիտեն և Բարձրագույն որակավորման կոմիտեն միավորվել են, և պետական կառավարման համակարգում ստեղծվել է նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն: Ըստ այդմ` Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը կայացնելու պահի դրությամբ առկա է եղել Բարձրագույն որակավորման կոմիտեին իրավահաջորդով` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեով փոխարինելու անհրաժեշտություն, ինչը չի արվել Վերաքննիչ դատարանի կողմից: Արդյունքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մասնակից չի դարձել Վերաքննիչ դատարանում բողոքի քննությանը, պատշաճ ծանուցված չի եղել 21.11.2024 թվականի դատական նիստի մասին և չի մասնակցել այդ նիստին, զրկվել է իր դեմ ներկայացված պահանջի վերաբերյալ դիրքորոշումներ և փաստարկներ հայտնելու իրավունքից: Ավելին, դատական ակտի եզրափակիչ մասով պարտավորություն է դրվել մի մարմնի վրա, որի գործունեությունը դադարեցված է:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական նորմերի խախտում, որն իր բնույթով էականորեն խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 26.06.2019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման կոմիտեն փոխարինվել է իրավահաջորդով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեով (հատոր 8-րդ, գ.թ. 10-12):

2) 09.06.2023 թվականին ուժի մեջ մտած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Գիտության կոմիտեն և Բարձրագույն որակավորման կոմիտեն միաձուլվել են` ստեղծելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

3) Վերաքննիչ դատարանի 06.09.2023 թվականի որոշմամբ հարուցվել է գործի նոր քննության վարույթ և դատական նիստ է նշանակվել 21.11.2024 թվականին (հատոր 12-րդ, գ.թ. 3-4):

4) Վերաքննիչ դատարանի 21.11.2024 թվականի դատական նիստի մասին Կոմիտեն ծանուցվել է` ք. Երևան, Կիևյան 16 հասցեով (հատոր 12-րդ, գ.թ. 12):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` վարչական մարմնի վերակազմակերպման դեպքում դատավարական իրավահաջորդության առանձնահատկություններին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ նաև` Օրենսգիրք) դատավարական իրավահաջորդության ինստիտուտի հետ կապված հարաբերությունները կանոնակարգված են Օրենսգրքի 20-րդ հոդվածով: Վերջինս սահմանում է դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերը, դատավարության կողմին իրավահաջորդով փոխարինելու ընթացակարգը և իրավական հետևանքները:

Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավահաջորդություն հնարավոր է դատավարության յուրաքանչյուր փուլում, իսկ 5-րդ մասի համաձայն` այն գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշում է:

Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերն են.

- իրավաբանական անձի պարագայում` վերջինիս վերակազմակերպումը,

- վարչական մարմնի պարագայում` վերջինիս վերակազմակերպումը,

- ֆիզիկական անձի պարագայում` վերջինիս մահը կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքերը:

i

Օրենսդիրն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում թվարկել է այն փաստակազմերի սպառիչ ցանկը, որոնց գործնականում առկայությունը հնարավորություն է ընձեռում վարչական դատարանին` կիրառելու Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված իրավական հետևանքը, այն է` դատավարության կողմին փոխարինել նրա իրավահաջորդով: Այսինքն` վարչական դատարանն իրավասու է դատավարության կողմին նրա իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում կայացնել միայն վերը նշված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում: Հետևաբար, վարչական դատարանն իրավասու չէ դատավարության կողմին փոխարինել նրա իրավահաջորդով` հիմնվելով այնպիսի փաստակազմերի վրա, որոնք նախատեսված չեն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում: Ավելին, Օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդությունը ենթադրում է, որ իրավահաջորդը շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը դատավարական իրավահարաբերությունների ամբողջ ծավալով` իրավանախորդի ունեցած բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Քանի որ դատավարական իրավահաջորդության դեպքում իրավահաջորդը շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը, ուստի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը, վերջինիս համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը (տե՛ս, Սպարտակ Մարտիրոսյանն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/5014/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2015 թվականի որոշումը):

Հաշվի առնելով, որ օրենսդիրը որպես դատավարության կողմին իրավահաջորդով փոխարինելու որոշում կայացնելու պայման` չի ամրագրում միայն դատավարության կողմի իրավահաջորդի միջնորդությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը նշված որոշումը կայացնում է ինչպես դատավարության կողմի իրավահաջորդի միջնորդությունը բավարարելու արդյունքում, այնպես էլ` իր նախաձեռնությամբ:

Դատավարության կողմին փոխարինելու մասին որոշումը կամ փոխարինումը մերժելու մասին որոշումները ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Իսկ ինչ վերաբերում է դատավարական իրավահաջորդության ծագման վերը նշված հիմքերից որևէ մեկի առկայության պայմաններում դատարանի անգործությանը (դատավարության կողմին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում չկայացնելուն), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության կողմի իրավահաջորդը նման անգործությունը կարող է բողոքարկել հետաձգված բողոքարկման կարգով, այն է` գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի նորմի բովանդակությունից բխում է, որ կողմին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է ինչպես ՀՀ վարչական դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը` պայմանավորված այն հանգամանքով, թե դատավարական իրավահաջորդության ծագման հիմքը դատավարության որ փուլում է ի հայտ եկել:

Իրավաբանական անձի և վարչական մարմնի պարագայում` վերջիններիս իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում կայացվում է դրանց վերակազմակերպման դեպքում: Իրավաբանական անձի վերակազմակերպման հասկացության բովանդակությունը բացահայտված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածում: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի` իրավաբանական անձի վերակազմակերպման դրսևորումներն են` միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը, ինչը կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

«Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման, վերակազմավորման կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման եղանակներով:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պետական մարմնի վերակազմակերպման ձևերը, այն է` միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում: Այս նորմի համաձայն` պետական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական մարմինը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված պետական մարմնի (մարմինների) կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերակազմակերպման արդյունքով պետական մարմնի գործունեությունը դադարած է համարվում նույն պահից, իսկ նրա իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են այլ պետական մարմնի` վերակազմակերպման մասին իրավական ակտին համապատասխան:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահաջորդության ինստիտուտը կոչված է ապահովելու դատավարության արդյունավետությունն ու ընթացակարգային անընդհատությունը դատավարության մասնակիցների իրավական կարգավիճակի փոփոխության պայմաններում: Դատավարության կողմին իրավահաջորդով փոխարինելը կարևոր երաշխիք և պայման է իրավահաջորդի կողմից դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունն ապահովելու համար: Իրավահաջորդության ծագման հիմքի առկայության պայմաններում կողմին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում չկայացնելու դեպքում դատավարության տվյալ մասնակիցը` ի դեմս իրավահաջորդի, զրկվում է դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական իրավահաջորդության ծագման հիմքի առկայության պայմաններում կողմին իրավահաջորդով փոխարինելու անհրաժեշտությունը, ի թիվս այլնի, միտված է Օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված` կողմերի իրավահավասարության սկզբունքի գործնական իրացմանը, որպիսի սկզբունքին համապատասխան` դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պարտավորեցման և գործողության կատարման հայցերով գործերի քննության դեպքում դատավարական իրավահաջորդության պատշաճ ձևակերպումը կարևոր երաշխիք և պայման է նաև հայցը բավարարող դատական ակտի կատարումն ապահովելու համար: Նշված գործերով դատավարական իրավահաջորդության ծագման հիմքի առկայության պայմաններում կողմին իրավահաջորդով փոխարինելու որոշում չկայացնելու դեպքում կարող է վտանգվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը, քանզի հնարավոր կդառնա մի իրավիճակ, երբ վեճն ըստ էության լուծող դատական ակտով վարչական ակտ ընդունելուն կամ որևէ ռեալ ակտ կատարելուն պարտավորեցվի մի վարչական մարմին, որի գործունեությունը վերակազմակերպման փաստի ուժով դադարել է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարան արձանագրում է, որ դատավարական իրավահաջորդության ծագման` Օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված այս կամ այն հիմքի առկայության պայմաններում իրավահաջորդի կողմից իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը երաշխավորելու, ինչպես նաև դատական ակտի անարգել կատարումն ապահովելու նպատակի համար դատարանից պահանջվում է իրավահաջորդության ծագման հիմքի առկայության մասին տեղեկություն ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ կայացնել դատավարության կողմին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում: Իսկ դատավարության կողմ վարչական մարմնի վերակազմակերպման պարագայում դատարանը վերջինիս իրավահաջորդով փոխարինելու պարտականություն կրում է օրենքի և դրա փոփոխությունների իմացության կանխավարկածի ուժով` հաշվի առնելով, որ ըստ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական մարմինը վերակազմակերպվում է օրենքով: Հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասի կարգավորումը` դատարանի նշված պարտականությունը ծագում է վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված պետական մարմնի (մարմինների) կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից: Ընդ որում, այս պարտականությունը կրում է ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ ատյանները` պայմանավորված այն հանգամանքով, թե դատավարության որ փուլում է ուժի մեջ մտել նոր ստեղծված պետական մարմնի կանոնադրությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ամալյա Սարիբեկյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին կայացնել իրեն դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:

Դատարանի 22.08.2019 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. «(...) սույն վարչական գործի լուծման համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե արդյո՞ք կրկնական քննարկման ներկայացնելիս դոկտորական ատենախոսությունը համապատասխանեցվել է Կանոնակարգի 8-րդ և 11-րդ կետերով սահմանված պահանջներին` այն համատեքստում, որ դոկտորական ատենախոսության վերաբերյալ օրենսդրական պահանջն այնպիսին է, որ այդպիսի ատենախոսությունը պետք է գնահատվի իբրև էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում առաջարկի, որը հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին, իսկ վիճելի գործը կրկնական քննարկման ուղարկելիս որպես առանցքային անհամապատասխանություն նշվել է հենց այն հանգամանքը, որ ատենախոսության նորույթները կրում են վերացական բնույթ և չկա հստակություն:

(...) Դատարանի գնահատմամբ, ցանկացած դեպքում, երբ մասնագիտական հանրության մոտ վեճ է ծագում աշխատության` էական գիտական նվաճում լինելու վերաբերյալ, իսկ աշխատության հեղինակը գիտականորեն հաստատապես չի հիմնավորում իր կողմից հեղինակած աշխատության` էական գիտական նվաճում լինելու հանգամանքը, ապա այդպիսի աշխատությունը չի կարող համապատասխանել Կանոնակարգի 8-րդ կետի պահանջներին:

Տվյալ դեպքում, սույն վարչական գործի փաստերի հաշվառմամբ` դատարանն արձանագրում է, որ թիվ 22-Ա կարգադրության կայացման հիմքում դրված մասնագետի կարծիքում առաջնահերթ խոսվում է Ամալյա Սարիբեկյանի ատենախոսության գիտական արժեքի մասին` նշելով, որ ատենախոսության նորույթները կրում են վերացական բնույթ և չկա հստակություն: Կարծիքի հեղինակը մասնավոր դեպքեր է նշում նաև աշխատության տարբեր նորույթների վերաբերյալ` կասկածի տակ առնելով այդ նորույթների գիտության էական նվաճում լինելը: Հետագայում` թիվ 14-Ա կարգադրությունն ընդունելիս, որպես հիմք ընդունված մասնագիտական երկու կարծիքներում նշվում են, որ աշխատանքի գիտական արդյունքները ձևակերպված են շատ ընդհանուր, առանց հստակեցման ու կոնկրետացման, հաճախ կրում են ցանկությունների բնույթ կամ պարզապես հանրահայտ ճշմարտություններ են: Այսինքն` Ամալյա Սարիբեկյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու տնտեսագիտության թիվ 015 խորհրդի միջնորդությունը բեկանելու մասին թիվ 14-Ա կարգադրության հիմքում առաջնահերթ դրվել է այն հիմնավորումը, որ աշխատությունը չի համապատասխանում Կանոնակարգի 8-րդ կետի պահանջներին, մասնավորապես` ներկայացվել է հիմնավորում առ այն, որ աշխատությունը չի կարող գնահատվել իբրև էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում չի առաջարկում:

(...) դատարանը գալիս է այն եզրահանգման, որ թիվ 22-Ա կարգադրությամբ որպես սկզբունքային մատնանշված թերությունն առ այն, որ Ամալյա Սարիբեկյանի կողմից դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված աշխատությունը չի կարող գնահատվել իբրև էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում չի առաջարկում, վերափոխված և կրկնական քննարկման ներկայացնելիս չեն շտկվել, մասնավորապես` վերափոխված և կրկնական քննարկման ներկայացնելիս չեն ներկայացվել այնպիսի նորույթներ, որոնք կարող էին գնահատվել որպես էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ չեն ներկայացվել այնպիսի նորույթներ, որոնցով կառաջարկվեր գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական լուծումներ: (...) դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հայցվող վարչական ակտը` Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճանի մասին վկայագիր տալու մասին որոշումը, իրավաչափ չէ, չի բխում Կանոնակարգի 8-րդ կետի պահանջներից (...)»:

Վերաքննիչ դատարանի 19.12.2024 թվականի որոշմամբ Ամալյա Սարիբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.08.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) «Հասարակական-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ատենախոսական հետազոտությունը բխում է Ը.00.02. «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության տրամաբանությունից, համահունչ է նշյալ մասնագիտության բովանդակային բաղադրիչներին և համապատասխանում է դրա պահանջներին (գլուխ 5):»:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, գնահատման արժանացնելով հայցվորի Ատենախոսության լրամշակված տարբերակի վերաբերյալ Մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, Հանձնաժողովի կողմից նշանակված մասնագետի բացասական դատողությունները, ինչպես նաև Վարչական դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետ Հովսեփ Աղաջանյանի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը համակցության մեջ` գտնում է, որ հայցվորի լրամշակված Ատենախոսության` Կանոնակարգի 8-րդ կետին համապատասխանության վերաբերյալ հայցվոր կողմի համոզմունքը համապատասխանում է իրերի իրական դրությանը, ինչն էլ պայմանավորում է հայցվորին դոկտորական գիտական աստիճան շնորհելու մասին Մասնագիտական հանձնաժողովի որոշման, հետևապես նաև հայցի հիմնավոր լինելու փաստը: (...)»:

Վերաքննիչ դատարանը որոշել է, որ «(...) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեին պարտավորեցնել կայացնել Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեից հօգուտ Ամալյա Սարիբեկյանի բռնագանձել 14.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար (...)»:

Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2023 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.11.2021 թվականի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:

09.06.2023 թվականին ուժի մեջ է մտել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-157-Ն օրենքը: Նշված օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Գիտության կոմիտեն և Բարձրագույն որակավորման կոմիտեն միաձուլվել են` ստեղծելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն) հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 12-ի թիվ 28-Լ հրամանով, որն ուժի մեջ է մտել 21.08.2023 թվականից: Կանոնադրության 8-րդ կետի համաձայն` բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գտնվելու վայրն է` 0028, ք. Երևան, Օրբելի եղբայրներ 22 հասցեն:

Վերաքննիչ դատարանի կողմից 06.09.2023 թվականին կայացվել է «Վարչական գործի նոր քննության վարույթ հարուցելու մասին» որոշումը և նույն որոշմամբ գործի դատաքննությունը նշանակվել է 21.11.2024 թվականին: Որոշումն ուղարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեին` ք. Երևան, Կիևյան 16 հասցեով: 19.12.2024 թվականին Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է բողոքարկվող որոշումը:

Վերոհիշյալի հիման վրա և հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից` 21.08.2023 թվականից, դադարել է սույն գործով պատասխանող Բարձրագույն որակավորման կոմիտեի գործունեությունը, և նրա իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվել են Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի միաձուլման արդյունքում ձևավորված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին: Ըստ այդմ` 21.08.2023 թվականից ծագել է սույն գործով դատավարական իրավահաջորդության` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը կրում էր պատասխանող Բարձրագույն որակավորման կոմիտեին իրավահաջորդով` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեով փոխարինելու մասին որոշում կայացնելու պարտականություն` օրենքի և դրա փոփոխությունների իմացության կանխավարկածի ուժով: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ձեռնպահ է մնացել պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում կայացնելուց: Ավելին, պատասխանողը Վերաքննիչ դատարանի 06.09.2023 թվականի «Վարչական գործի նոր քննության վարույթ հարուցելու մասին» որոշման և այդ որոշմամբ 21.11.2024 թվականին նշանակված նիստի մասին ծանուցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի` ք. Երևան, Կիևյան 16 հասցեով: Մինչդեռ, ըստ Կանոնադրության 8-րդ կետի` Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի միաձուլման արդյունքում ձևավորված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գտնվելու վայրն է` 0028, ք. Երևան, Օրբելի եղբայրներ 22 հասցեն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` Վերաքննիչ դատարանի կողմից Օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված` պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում չկայացնելու արդյունքում խախտվել է պատասխանողի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցված լինելու իրավունքը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի իրավահաջորդ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն վերաքննության փուլում զրկվել է դատավարության մասնակցի կարգավիճակից բխող իր բոլոր իրավունքները, այդ թվում` իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող պահանջի վերաբերյալ դիրքորոշումներ և փաստարկներ հայտնելու իրավունքն իրացնելու հնարավորությունից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում չկայացնելու պայմաններում բավարարելով պարտավորեցման հայցը և 21.08.2023 թվականից սկսած իր գործունեությունը դադարեցրած Բարձրագույն որակավորման կոմիտեին պարտավորեցնելով Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում` Վերաքննիչ դատարանը գործնականում վտանգել է նաև դատական ակտը կատարելու հնարավորությունը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չկայացնելով պատասխանողին իրավահաջորդով` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեով փոխարինելու մասին որոշում, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի պահանջները` արդյունքում թույլ տալով նաև պատասխանողի` վերաքննիչ բողոքի քննության մասին պատշաճ ծանուցված լինելու, վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու իրավունքների խախտում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.12.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809900968

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.10.2025
N ՎԴ/1076/05/17
Որոշում