Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

  ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/10388/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/10388/05/18            2025 թ.

    Նախագահող դատավոր` Ա. Հարությունյան

  Դատավորներ`        Կ. Գևորգյան

                                       Մ. Մելքումյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2025 թվականի սեպտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սուսաննա Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.07.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սուսաննա Գալստյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի, երրորդ անձինք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Վաղարշակ Բելուբեկյան, Լյուդմիլա Վարդանյան, Ժենյա Խաչատրյան, Հովակիմ Սաղաթելյան, Անուշ Առաքելյան, Էսմա Կոստանյանի իրավահաջորդ Սեդրակ Առաքելյան, Սեդրակ Առաքելյան, Վլադիմիր Պապոյան, Աշոտ Բալայան, Իրինա Դրամբյան և Նելյա Կարա-Պողոսյան` Երևանի քաղաքապետի 03.08.2018 թվականի «2018 թվականի մայիսի 3-ին տրված թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին» թիվ 2756-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սուսաննա Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 03.08.2018 թվականի «2018 թվականի մայիսի 3-ին տրված թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին» թիվ 2756-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) 16.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.09.2020 թվականի որոշմամբ (նախագահող դատավոր` Ա. Սարգսյան, դատավորներ` Ա. Պողոսյան, Ա. Բաբայան) Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 16.10.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի որոշմամբ Սուսաննա Գալստյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 02.06.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2024 թվականի որոշմամբ Սուսաննա Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.06.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Գալստյանը (ներկայացուցիչ` Երեմիա Ասատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Վաղարշակ Բելուբեկյանը, Լյուդմիլա Վարդանյանը, Ժենյա Խաչատրյանը, Հովակիմ Սաղաթելյանը, Անուշ Առաքելյանը, Էսմա Կոստանյանի իրավահաջորդ Սեդրակ Առաքելյանը, Վլադիմիր Պապոյանը, Աշոտ Բալայանը, Իրինա Դրամբյանը և Նելյա Կարա-Պողոսյանը (ներկայացուցիչ` Հակոբ Սաֆարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 55-57-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-27-րդ և 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն դեպքում առկա չէ շենքի ընդհանուր բաժնային սեփականատերերի համաձայնությունը, ինչպես նաև տարածքային կառավարման պետական մարմնի դրական եզրակացությունը:

Հայցվորը ողջամտորեն և իրավաչափորեն հիմքեր ուներ ենթադրելու, որ շինթույլտվությունը տրամադրելիս պահպանվել է օրենքով սահմանված ողջ ընթացակարգը: Սույն գործով առանցքային նշանակություն ունի այն իրավական հարցը, թե որքանով կարող էր խնդրո առարկա ընթացակարգային խախտումը` տարածքային կառավարման պետական մարմնի դրական եզրակացության բացակայությունը, որի մասին հայցվորը չէր կարող տեղյակ լինել, և որը բացառապես լիազոր մարմնի իրավասության տիրույթում էր, ազդել հայցվորին տրամադրված շինթույլտվության իրավաչափության վրա: Վերաքննիչ դատարանը, սակայն, չի անդրադարձել այս հարցին և չի պարզել, թե արդյոք տարածքային կառավարման մարմնի եզրակացության բացակայությունը հանգեցնելու էր շինթույլտվության անվավերության:

Հայցվորին տրված շինթույլտվությունը չէր կարող անվավեր ճանաչվել, իսկ նշված շինթույլտվությունն անվավեր ճանաչելու մասին վիճարկվող որոշումը ենթակա էր վերացման: Այսինքն` եթե նույնիսկ համարվի, որ շինթույլտվությունը տրվել է ընթացակարգի խախտմամբ` առանց տարածքային կառավարման մարմնի թույլտվությունն ստանալու, միևնույն է շինթույլտվությունը չէր կարող անվավեր ճանաչվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` բավարարել հայցը կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքում նշված փաստարկներն ակնհայտ անհիմն են: Շինթույլտվությունը վերաբերում է .....(1) բոլոր շինությունների սեփականատերերի սուբյեկտիվ իրավունքներին, քանի որ դրանով նախատեսված շինարարական աշխատանքները վերաբերում են սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող կրող պատի քանդմանը, կառուցապատմանը և փոփոխմանը, ինչն էլ արդարացիորեն արձանագրել են Դատարանը և Վերաքննիչ դատարանը:

 

___________________

1) Հանդիսանում է անձնական տվյալ:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձինք խնդրել են մերժել վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի 04.07.2024 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետի կողմից 03.05.2018 թվականին Սուսաննա Գալստյանին տրվել է թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը` վերջինիս սեփականության իրավունքով պատկանող .....(2) հասցեի բնակարանում մուտքի կազմակերպման և բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար (հատոր 1-ին, գ.թ. 30):

2) .....(3) բնակիչներ Վաղարշակ Բելուբեկյանը, Լևոն Թաթինյանը, Ժենյա Խաչատրյանը, Հովակիմ Սաղաթելյանը, Անուշ Առաքելյանը, Էսմա Կոստանյանը, Սեդրակ Առաքելյանը, Վլադիմիր Պապոյանը, Աշոտ Բալայանը, Իրինա Դրամբյանը և Նելյա Կարա-Պողոսյանը 30.07.2018 թվականին դիմել են ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին. դիմումը վերահասցեագրվել է Երևանի քաղաքապետարանին (հատոր 1-ին, գ.թ. 23-24):

3) Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կ. Արեյանի «2018 թվականի մայիսի 3-ին տրված N01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին» 03.08.2018թ. որոշմամբ անվավեր է ճանաչվել .....(4) հասցեում մուտքի կազմակերպման և բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման համար 2018 թվականի մայիսի 3-ին տրված թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ.79-81): Վիճարկվող որոշման «Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն» բաժնում, մասնավորապես, արձանագրված է. «Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` .....(5) բնակիչների բողոքի հիման վրա, Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ (...)» (հատոր 1-ին, գ.թ. 16-18):

 

______________________

2) Հանդիսանում է անձնական տվյալ:

3) Հանդիսանում է անձնական տվյալ:

4) Հանդիսանում է անձնական տվյալ:

5) Հանդիսանում է անձնական տվյալ:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական ակտի վարչական կարգով բողոքարկման վարույթում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի կիրառման առանձնահատկություններին:

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 69-րդ հոդվածն ամրագրում է վարչարարության արդյունքում (վարչական ակտով, վարչական մարմնի գործողությամբ կամ անգործությամբ) խախտված իրավունքների` յուրաքանչյուրի իրավական պաշտպանության իրավունքը: Նշված հոդվածի համաձայն` անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում` զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական մարմինների և մասնավոր անձանց միջև վեճերի դատական քննության այլընտրանքների մասին» թիվ Rec(2001)9 հանձնարարականով (ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 5-ին) որպես վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության այլընտրանքային միջոց է դիտարկվում վարչական մարմիններում ներքին վերահսկողությունը, ինչը պետք է հնարավոր լինի իրականացնել բոլոր վարչական ակտերի առնչությամբ:

Նշված հանձնարարականին համահունչ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը սահմանում է.

1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`

ա) վարչական մարմին.

բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին: (...)

Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը:

Օրենքի 75-րդ հոդվածը սահմանում է վարչական բողոքի քննարկման կարգն ու սահմանները: Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն Օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե նույն բաժնով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:

Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է`

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:

Բողոքարկման արդյունքում վարչական ակտի փոփոխման կամ բեկանման հիմքերը սահմանված են Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասում, այն է` վարչական ակտի փոփոխման կամ բեկանման հիմքերն են`

ա) նույն օրենքի 63-64-րդ հոդվածներով սահմանված հիմքերը.

բ) վարչական վարույթը դրա իրավունքը չունեցող պաշտոնատար անձի կողմից իրականացված լինելը, նաև այն դեպքում, եթե դա իրականացրել է կոլեգիալ մարմինը, որի կազմում եղել է վարույթին մասնակցելու իրավունք չունեցող պաշտոնատար անձը.

գ) վարչական ակտը վարույթն իրականացրած պաշտոնատար անձի (անձինք) կողմից ստորագրված չլինելը կամ ստորագրելու իրավունք չունեցող անձի (անձինք) կողմից ստորագրված լինելը:

Օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընթացակարգային նորմերը խախտելը վարչական ակտի բեկանման հիմք կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ բողոքը քննարկող վարչական մարմինն իրավասու չէ ընդունելու բողոքարկվող վարչական ակտը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարության արդյունքում (վարչական ակտով, վարչական մարմնի գործողությամբ կամ անգործությամբ) խախտված իրավունքների իրավական պաշտպանության իրավունքն անձը կարող է իրացնել ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով: Անձի հայեցողությանն է թողնված իր իրավունքների պաշտպանության միջոցների` վարչական կամ դատական կարգով իրավական պաշտպանության միջոցների միջև ընտրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդիրը սահմանել է վիճարկվող վարչական ակտի վարչական կարգով բողոքարկման պարտադիր պայման` որպես դատական պաշտպանության դիմելու նախապայման:

Վարչական ակտի վարչական կարգով բողոքարկումը վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև է, որն առավելապես կոչված է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունն ապահովելուն: Վարչական ակտի վարչական կարգով բողոքարկման իրավունքն անձն իր հայեցողությամբ կարող է իրացնել ինչպես բողոքարկվող վարչական ակտն ընդունած վարչական մարմնի, այնպես վերջինիս վերադաս վարչական մարմնի առջև, եթե տվյալ վարչական մարմինն ունի վերադաս վարչական մարմին:

Վարչական բողոքի` վարչական մարմնում մուտքագրման փաստի ուժով մեկնարկում է բողոքարկման վարույթը, որը բողոքարկվող վարչական ակտի ընդունմամբ եզրափակված վարչական վարույթից անջատ, ինքնուրույն վարչական վարույթ է` իրեն հատուկ խնդիրներով, նպատակով, պարզման և լուծման ենթակա հարցերի շրջանակով: Բողոքարկման վարույթում կիրառելի են վարչական վարույթը կանոնակարգող` Օրենքի 2-րդ բաժնի նորմերը, այդ թվում` Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված` վարչական վարույթն իրականացնող վարչական մարմնին ուղղված այն պահանջը, ըստ որի` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Բողոքարկման վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ, այն է` կայացվում են հետևյալ հնարավոր վարչական ակտերը.

- բողոքը բավարարելու և վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշում,

- բողոքը բավարարելու և վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու մասին որոշում,

- բողոքը բավարարելու և նոր վարչական ակտ ընդունելու մասին որոշում,

- բողոքը մերժելու մասին որոշում, որով անփոփոխ է թողնվում բողոքարկվող վարչական ակտը:

Բողոքարկման վարույթը եզրափակող նշված վարչական ակտերի օրինականությունը ենթակա է դատական վերահսկողության. բողոքաբերն իրավասու է դատական կարգով վիճարկել բողոքը մերժելու մասին որոշումը, քանզի վարչական կարգով անձի իրավունքների իրավական պաշտպանությունը մասնավոր անձանց և հանրային իշխանության մարմինների միջև վեճերի լուծման այլընտրանքային ձև է, և վարչական կարգով իրավական պաշտպանության միջոցից օգտվելն անձին չի զրկում դատական պաշտպանությունից: Դատական կարգով բողոքարկման է ենթակա նաև վարչական բողոքը բավարարելու մասին որոշումը, քանզի վերջինս, բարենպաստ ակտ լինելով բողոքաբերի համար, միաժամանակ կարող է միջամտել այն անձի իրավունքներին և օրինական շահերին, ով բողոքարկման վարույթի արդյունքում անվավեր ճանաչված բարենպաստ վարչական ակտի հասցեատերն է: Այլ կերպ` վարչական ակտի հասցեատերն իրավասու է դատական պաշտպանություն հայցել ընդդեմ վարչական մարմնի այն վարչական ակտի, որով վերջինս երրորդ անձանց բողոքի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վարչարարության արդյունքում անձի ենթադրյալ խախտված իրավունքների ինչպես դատական պաշտպանության, այնպես էլ վարչական կարգով իրավական պաշտպանության իրավունքի իրացումն ինքնանպատակ չէ: Անձի ենթադրյալ խախտված իրավունքի իրավական պաշտպանությունը, այդ թվում` վարչական կարգով, ունի հստակ կանխորոշված նպատակ, այն է` իրավունքի վերականգնում: Ըստ այդմ` վարչական կարգով իրավական պաշտպանության դիմելիս անձը ոչ միայն պետք է վկայակոչի վարչական մարմնի վարքագծի (վարչական ակտ, գործողություն կամ անգործություն) ենթադրյալ ոչ իրավաչափությունը, այլ նաև այդ վարքագծով իր սուբյեկտիվ իրավունքի խախտման փաստը: Այլ կերպ` վարչական բողոքի հիմքում պետք է դրված լինի անձի` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի խախտման փաստը: Վարչական կարգով ներկայացված բողոքն իր էությամբ վարչական մարմնին կամ նրա վերադասին ուղղված պահանջն է` վերացնելու անձի սուբյեկտիվ իրավունքի խախտումը:

Ըստ այդմ` բողոքարկման վարույթի նկատմամբ Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի վերը նշված նորմի ուժով կիրառելի` Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման պարտականության պատշաճ կատարումը բողոքարկման վարույթն իրականացնող վարչական մարմնից պահանջում է, ի թիվս այլնի, պարզել` արդյո՞ք բողոքարկվող վարչական ակտով խախտվել է բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված այն իրավունքը կամ ազատությունը, որի իրավական պաշտպանության և վերականգնման նպատակով ներկայացվել է վարչական բողոքը:

Հաշվի առնելով, որ վարչական ակտի բողոքարկման իրավական նպատակը բողոքաբերի ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանությունն է և վերականգնումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական բողոքի` Օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան քննարկման արդյունքում վարչական մարմինն իրավասու է բողոքաբերի կողմից վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչել, եթե ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում խախտվել է բողոքաբերի այս կամ այն իրավունքը: Այլ կերպ` վարչական բողոքի քննարկման արդյունքում բողոքարկվող վարչական ակտի` օրենքի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքը դեռևս բավարար չէ վարչական բողոքը բավարարելու և բողոքարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար: Բողոքարկվող վարչական ակտը բեկանելու համար անհրաժեշտ և պարտադիր պայման է նաև ոչ իրավաչափ վարչական ակտով բողոքաբերի այն իրավունքի խախտման փաստի հաստատումը, որի պաշտպանության և վերականգնման նպատակով ներկայացվել է վարչական բողոքը: Հակառակ դեպքում, վարչական կարգով անձի իրավունքների իրավական պաշտպանությունը կդառնա ինքնանպատակ:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող վարչական ակտը վարչական բողոքի քննության արդյունքում կարող է անվավեր ճանաչվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- բողոքարկվող վարչական ակտն ընդունված է օրենքի խախտմամբ,

- բողոքարկվող վարչական ակտով օրենքի խախտման արդյունքում թույլ է տրվել բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքի կամ ազատության խախտում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման վարույթի նպատակն է բողոքաբերի ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնումը, իսկ խնդիրը` բողոքարկվող վարչական ակտի իրավաչափության ստուգումը: Ընդ որում` սահմանված է բողոքարկվող վարչական ակտը միայն ընթացակարգային նորմերի խախտման հիմքով անվավեր ճանաչելու օրենսդրական արգելք. բացառություն է կազմում այն դեպքը, երբ բողոքը քննարկող վարչական մարմինն իրավասու չէ ընդունելու բողոքարկվող վարչական ակտը: Բողոքարկման վարույթի այս նպատակն ու խնդիրն էլ պայմանավորում ու կանխորոշում են բողոքարկման վարույթի արդյունքում կայացված վարչական ակտի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության սահմաններն ու շրջանակը:

Հաշվի առնելով, որ.

- բողոքարկման վարույթը բողոքարկվող վարչական ակտի ընդունմամբ եզրափակված վարչական վարույթից անջատ, ինքնուրույն վարչական վարույթ է,

- բողոքարկման վարույթն ունի իր նպատակն ու խնդիրը,

- բողոքարկվող վարչական ակտը և վարչական կարգով բողոքարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշումը կարող են լինել միմյանցից անջատ և ինքնուրույն վիճարկման հայցի նյութական օբյեկտ`

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական ակտի օրինականության նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է սահմանափակվի բացառապես բողոքարկման վարույթում վարչական մարմնի դրսևորած վարքագծի իրավաչափության ստուգմամբ: Վարչական կարգով բողոքարկման արդյունքում ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական ակտի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում չի կարող քննարկման և գնահատման առարկա դառնալ այն վարչական ակտի իրավաչափությունը, որը վարչական կարգով անվավեր է ճանաչվել: Նշված իրավիճակում վարչական մարմնի կողմից անվավեր ճանաչված վարչական ակտն ընդունելիս վարչական մարմնի դրսևորած վարքագծի իրավաչափության գնահատումը դուրս է բողոքարկման վարույթում վարչական մարմնի վարքագծի իրավաչափության գնահատման տիրույթից: Բողոքարկման վարույթի արդյունքում ընդունված և դատական կարգով վիճարկված վարչական ակտը ՀՀ վարչական դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել միայն բողոքարկման վարույթում վարչական մարմնի կողմից թույլ տրված օրենքի խախտման հիմքով: Հետևապես, բողոքարկման վարույթի արդյունքում ընդունված և դատական կարգով վիճարկված վարչական ակտը ՀՀ վարչական դատարանի կողմից չի կարող իրավաչափ գնահատվել այն պատճառաբանությամբ, որ վարչական կարգով բողոքարկված և անվավեր ճանաչված վարչական ակտով խախտվել է բողոքաբերի իրավունքը, եթե իրավունքի խախտման հարցը չի քննարկվել և չի պարզվել բողոքարկման վարույթում վարչական մարմնի կողմից: Այլապես, կխաթարվի վարչական կարգով անձի խախտված իրավունքների իրավական պաշտպանության` որպես մասնավոր անձանց և հանրային իշխանության մարմինների միջև հանրային-իրավական վեճերի լուծման այլընտրանքային ինստիտուտի էությունը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Սուսաննա Գալստյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 03.08.2018 թվականի «2018 թվականի մայիսի 3-ին տրված թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին» թիվ 2756-Ա որոշումը (այսուհետ` Վիճարկվող որոշում):

Դատարանը 02.06.2021 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ.

«(...) 03.05.2018 թվականի թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը, վերոնշյալ նորմերի իմաստով, առնչվում է դիմում ներկայացրած անձանց` .....(6) բնակիչների սուբյեկտիվ իրավունքներին, քանի որ նշված շինարարության թույլտվությունը տրվել է .....(7) հասցեի մուտքի դռան կազմակերպման համար, ինչը ենթադրել է այդ անձանց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի` շենքը կրող կառուցվածքի, փոփոխություն` դեպի ներքին մուտքային աստիճաններն ուղղված կրող պատում դռան բացվածքի բացման (այդ հատվածում պատի քանդման աշխատանքների իրականացում), մինչդեռ, նշված շինարարության թույլտվությունը տրամադրելիս առկա չի եղել .....(8) բնակիչների ընդհանուր ժողովի միջոցով ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշումը, հետևաբար` այդ պայմաններում նշված շինարարության թույլտվությամբ խախտվել են .....(9) բնակիչների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված և պաշտպանվող սեփականության իրավունքը:

 

____________________

6) Հանդիսանում է անձնական տվյալ:

7) Հանդիսանում է անձնական տվյալ:

8) Հանդիսանում է անձնական տվյալ:

9) Հանդիսանում է անձնական տվյալ:

 

Ընդ որում, սույն վարչական գործում առկա փաստերով հիմնավորվում է, որ իրականացվել է դռան բացվածքի քանդման որոշակի աշխատանքներ, որի արդյունքում արտաքին պատը մասամբ քանդվել է:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի կողմից, որպես պարզման ենթակա հանգամանք նշված այն հարցին, թե արդյոք Հայցվորին տրված 03.05.2018 թվականի թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունն առնչվում է դիմում ներկայացրած անձանց (երրորդ անձանց) սուբյեկտիվ իրավունքներին, Դատարանը գտնում է, որ վերը նշված շինարարության թույլտվությունն առնչվել է այդ անձանց իրավունքներին, հետևաբար` վերջիններս հանդիսացել են շահագրգիռ անձ` այդ ակտի վերաբերյալ համապատասխան դիմում-բողոք ներկայացնելու հարցում:»:

«(...) Սույն վարչական գործի փաստերի համաձայն` պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմինն իր եզրակացությունը և համապատասխան փաստաթղթերը չի ուղարկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը, որի արդյունքում չի ստացվել այդ նախարարության թույլտվությունը (որոշումը), հետևաբար` վիճարկվող որոշմամբ 03.05.2018 թվականի թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվության տրման ընթացակարգում նշված իրավակարգավորումների պահանջների խախտման արձանագրումը հիմնավոր է:»:

Վերաքննիչ դատարանը 04.07.2024 թվականի որոշմամբ Սուսաննա Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Վերոգրյալ իրավանորմերը համադրելով սույն վարչական գործի փաստական հանգամանքների հետ` Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի կողմից 03.05.2018թ.-ին Սուսաննա Գալստյանին տրվել է թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը` վերջինիս սեփականության իրավունքով պատկանող .....(10) բնակարանում մուտքի կազմակերպման և բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար: Այսինքն` շինարարության թույլտվությունը տրվել էր բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցելու, հետևաբար այն չէր կարող իրականացվել առանց մյուս սեփականատերերի համաձայնության: Նշված շինարարության թույլտվությունը տրվել .....(11) հասցեի մուտքի դռան կազմակերպման համար, որն իրենից ենթադրում է շենքը կրող կառուցվածքի փոփոխություն` դեպի ներքին մուտքային աստիճաններն ուղղված կրող պատում դռան բացվածքի բացման (այդ հատվածում պատի քանդման աշխատանքների իրականացում), որը «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը, հետևաբար ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման դեպքում անհրաժեշտ է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի` շինությունների սեփականատերերի ժողովի որոշումը, մինչդեռ սույն դեպքում թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը տրամադրելիս առկա չի եղել .....(12) (շինությունների) ընդհանուր ժողովի միջոցով ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշումը, որպիսի պայմաններում վերոհիշյալ շինարարության թույլտվության տրամադրմամբ խախտվել է .....(13) սեփականատերերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված և պաշտպանվող սեփականության իրավունքը: Հետևաբար խնդրո առարկա շինարարության թույլտվությունն առնչվել է դիմում-բողոք ներկայացրած անձանց սուբյեկտիվ իրավունքներին, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել նաև ՀՀ վարչական դատարանը:»:

 

__________________

10) Հանդիսանում է անձնական տվյալ:

11) Հանդիսանում է անձնական տվյալ:

12) Հանդիսանում է անձնական տվյալ:

13) Հանդիսանում է անձնական տվյալ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վիճարկվող որոշմամբ եզրափակված վարչական վարույթը Երևանի քաղաքապետարանում հարուցվել է .....(14) բնակիչներ Վաղարշակ Բելուբեկյանի, Լևոն Թաթինյանի, Ժենյա Խաչատրյանի, Հովակիմ Սաղաթելյանի, Անուշ Առաքելյանի, Էսմա Կոստանյանի, Սեդրակ Առաքելյանի, Վլադիմիր Պապոյանի, Աշոտ Բալայանի, Իրինա Դրամբյանի և Նելյա Կարա-Պողոսյանի (այսուհետ` Բողոքաբերներ) ՀՀ վարչապետին ուղղված, այնուհետև Երևանի քաղաքապետարանին վերահասցեագրված 30.07.2018 թվականի դիմումի հիման վրա: Այս առնչությամբ Վիճարկվող որոշման մեջ, մասնավորապես, արձանագրված է. «.....(15) բնակիչների կողմից 2018 թվականի հուլիսի 30-ին գրավոր բողոք է ներկայացվել ՀՀ վարչապետին

(մուտքագրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ` 01.08.2018թ. հ. Կ-2410 թվագրմամբ, բանալի` 1372470), որով վերջիններս` որպես վերը նշված հասցեի

հուշարձան շենքի համասեփականատերեր, իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնել .....(16) հասցեում նախատեսվող շինարարական աշխատանքների առնչությամբ և պահանջել են կասեցնել իրականացվող շինարարական աշխատանքները: Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` .....(17) բնակիչների բողոքի հիման վրա, Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ (...)»:

 

______________________

14) Հանդիսանում է անձնական տվյալ:

15) Հանդիսանում է անձնական տվյալ:

16) Հանդիսանում է անձնական տվյալ:

17) Հանդիսանում է անձնական տվյալ:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դիմումով Բողոքաբերներն իրենց անհամաձայնությունն են հայտնել .....(18) Սուսաննա Գալստյանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների առնչությամբ: Միաժամանակ հայտնել են, որ 27.07.2018 թվականին տեղեկացել են, որ խնդրո առարկա հասցեում շինարարությունն իրականացվում է քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիման վրա, և առկա է նաև «մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության կոմիտեի թույլտվությունը»: Բողոքաբերները խնդրել են կասեցնել շինարարական աշխատանքները և միաժամանակ նշել են, որ շինարարության թույլտվությունն ապօրինի է, ձեռք է բերվել կոռուպցիոն սխեմաներով, այլապես ոչ քաղաքապետարանը, ոչ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման կոմիտեն չէին կարող այն հաստատել:

 

________________________

18) Հանդիսանում է անձնական տվյալ:

 

Հաշվի առնելով, որ.

- Վիճարկվող որոշմամբ շեշտադրված է, որ վարչական վարույթը հարուցվել է Բողոքաբերների վերը նշված դիմումի հիման վրա,

- Բողոքաբերները 30.07.2018 թվականի դիմումով ոչ միայն հայցել են շինարարական աշխատանքների կասեցում, այլ նաև պաշտպանություն են հայցել ընդդեմ իրենց գնահատմամբ` ապօրինի շինթույլտվության,

- Սուսաննա Գալստյանին 03.05.2018 թվականին տրված N01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը (այսուհետ` Շինթույլտվություն) անվավեր է ճանաչվել Բողոքաբերների 30.07.2018 թվականի դիմումի քննության արդյունքում,

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերների 30.07.2018 թվականի դիմումը հանդիսանում է վարչական բողոք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ բաժնի («Բողոքարկման վարույթը») իմաստով, և ըստ այդմ` դրա նկատմամբ կիրառելի են բողոքարկման վարույթը կանոնակարգող նորմերը:

Բողոքարկման վարույթի արդյունքում ընդունված Վիճարկվող որոշմամբ Սուսաննա Գալստյանին 03.05.2018 թվականին տրված N01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունն անվավեր է ճանաչվել այն հիմնավորմամբ, որ մինչև շինարարության նախագծի համաձայնեցումը` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 6-րդ և 59-րդ կետերը` այն նախապես համաձայնեցվել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետ, սակայն նշված պետական մարմինը ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2338-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ և 26-րդ կետերի պահանջներին համապատասխան հարցում չի կատարել պետական կառավարման տարածքային մարմնին և չի ստացել թիվ 01/18-Հ-2539-382 նախագծով նախատեսված .....(19) գտնվող հուշարձան-շենքի փոփոխության վերաբերյալ դրական եզրակացություն, որի դեպքում թիվ 01/18-Հ-2539-382 նախագծի վերջնական համաձայնեցման համար լիազոր մարմինը պետք է ապահովեր նաև պետական կառավարման տարածքային մարմնի դրական եզրակացությունը և/կամ համապատասխան որոշումը: Այսինքն` Վիճարկվող որոշումն անվավեր է ճանաչվել բացառապես ընթացակարգային նորմի խախտման հիմքով:

 

_____________________

19) Հանդիսանում է անձնական տվյալ:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերների դիմումի հիման վրա հարուցված բողոքարկման վարույթի շրջանակներում վարչական մարմնի խնդիրն էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ի թիվս այլնի, պարզել` Շինթույլտվությունը խախտել է արդյոք Բողոքաբերների այս կամ այն իրավունքը, և Շինթույլտվությունն անվավեր ճանաչել միայն իրավունքի խախտման փաստը հաստատված համարելու պայմաններում: Մինչդեռ, բողոքարկման վարույթի նյութերի, սույն գործով վիճարկվող որոշման բովանդակության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման վարույթում վարչական մարմինը որևէ անդրադարձ չի կատարել Բողոքաբերների այս կամ իրավունքի առնչակցությանը խնդրո առարկա Շինթույլտվությանը, ի խախտումն Օրենքի 37-րդ հոդվածի պահանջի չի պարզել` Շինթույլտվությամբ խախտվել է արդյոք Բողոքաբերների այս կամ այն իրավունքը: Փոխարենը բողոքարկման վարույթի արդյունքում Շինթույլտվությունն անվավեր է ճանաչվել բացառապես ընթացակարգային նորմի խախտման հիմքով, ինչը հակասում է նաև Օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, ըստ որի` ընթացակարգային նորմերը խախտելը վարչական ակտի բեկանման հիմք կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ բողոքը քննարկող վարչական մարմինն իրավասու չէ ընդունելու բողոքարկվող վարչական ակտը:

Ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ վարչական մարմինը բողոքարկման վարույթի շրջանակներում Օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ի թիվս այլնի, չի պարզել բողոքարկված Շինթույլտվությունն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ պայմանի, այն է` Շինթույլտվությամբ Բողոքաբերների իրավունքի խախտման փաստի առկայությունը և արդյունքում Շինթույլտվությունն անվավեր է ճանաչել ոչ թե Բողոքաբերների իրավունքի խախտման, այլ ընթացակարգային նորմի խախտման հիմքով: Մինչդեռ, սույն գործով Վիճարկվող որոշման իրավաչափությունը դատարանների կողմից գնահատելու նպատակի համար կարևորվում էր այն հարցի պարզումը, թե արդյոք վարչական մարմինը բողոքարկման վարույթի շրջանակներում պարզել է Բողոքաբերների իրավունքների խախտման փաստը: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իր 11.09.2020 թվականի որոշմամբ, որով սույն գործն ուղարկել է նոր քննության, արձանագրել է. «03.05.2018թ.-ի N01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը տրվել է Սուսաննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող .....(20) բնակարանում մուտքի կազմակերպման և բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար, ինչը նշանակում է, որ վարչական մարմինը պետք է պարզեր այն հանգամանքը, թե 03.05.2018թ.-ի N01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը որքանո՞վ է առնչվում դիմում ներկայացրած անձանց սուբյեկտիվ իրավունքներին, ինչը չի արել:»:

 

____________________

20) Հանդիսանում է անձնական տվյալ:

 

Ավելին, ստորադաս դատարանները սույն գործով Վիճարկվող որոշման իրավաչափության շուրջ վեճը լուծել են գնահատական տալով այդ որոշմամբ վարչական կարգով անվավեր ճանաչված Շինթույլտվության իրավաչափությանը, ինչը, սակայն, սույն գործով վիճարկման հայցի նյութական օբյեկտ չէ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) մինչդեռ սույն դեպքում թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը տրամադրելիս առկա չի եղել .....(21) (շինությունների) ընդհանուր ժողովի միջոցով ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշումը, որպիսի պայմաններում վերոհիշյալ շինարարության թույլտվության տրամադրմամբ խախտվել է .....(22) սեփականատերերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված և պաշտպանվող սեփականության իրավունքը:»: Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով Վիճարկվող որոշմամբ Շինթույլտվությունը վարչական կարգով անվավեր ճանաչելը համարել է իրավաչափ այն պատճառաբանությամբ, որ Շինթույլտվության տրամադրմամբ խախտվել է Բողոքաբերների սեփականության իրավունքը: Մինչդեռ Շինթույլտվությամբ Բողոքաբերների իրավունքի խախտմանը սույն դեպքում գնահատական տալու իրավասություն ուներ վարչական բողոքը քննած վարչական մարմինը բողոքարկման վարույթում, ինչը, սակայն, Օրենքի 37-րդ հոդվածի խախտմամբ չի կատարել:

 

_________________

21) Հանդիսանում է անձնական տվյալ:

22) Հանդիսանում է անձնական տվյալ:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր փաստարկներով գնահատել է ոչ թե սույն գործով վիճարկման հայցի նյութական օբյեկտ հանդիսացող` բողոքարկման վարույթի արդյունքում ընդունված որոշման իրավաչափությունը, այլ այդ որոշմամբ անվավեր ճանաչված Շինթույլտվության իրավաչափությունը, ինչը դուրս է բողոքարկման վարույթի արդյունքում ընդունված որոշման օրինականության նկատմամբ դատական վերահսկողության տիրույթից:

Վերոհիշյալի հիման վրա` հաշվի առնելով, որ պատասխանող վարչական մարմինը, Բողոքաբերների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Շինթույլտվությունն անվավեր է ճանաչել` չպարզելով Շինթույլտվությամբ վերջիններիս այս կամ այն իրավունքի խախտման փաստը և արդյունքում Շինթույլտվությունն անվավեր է ճանաչել ընթացակարգային նորմի խախտման հիմքով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշումն ընդունված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հաշվի առնելով, որ սույն գործով հայցվոր Սուսաննա Գալստյանի կողմից վճարվել է 4.000 ՀՀ դրամ հայց ներկայացնելու, 10.000 ՀՀ դրամ` վերաքննիչ բողոք, և 20.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոք ներկայացնելու համար, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումարը` 34.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Երևանի քաղաքապետարանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.07.2024 թվականի որոշումը և այն փոփոխել. Սուսաննա Գալստյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետի, երրորդ անձինք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Վաղարշակ Բելուբեկյան, Լյուդմիլա Վարդանյան, Ժենյա Խաչատրյան, Հովակիմ Սաղաթելյան, Անուշ Առաքելյան, Էսմա Կոստանյանի իրավահաջորդ Սեդրակ Առաքելյան, Սեդրակ Առաքելյան, Վլադիմիր Պապոյան, Աշոտ Բալայան, Իրինա Դրամբյան և Նելյա Կարա-Պողոսյան` Երևանի քաղաքապետի 03.08.2018 թվականի «2018 թվականի մայիսի 3-ին տրված թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին» թիվ 2756-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել` անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 03.08.2018 թվականի «2018 թվականի մայիսի 3-ին տրված թիվ 01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին» թիվ 2756-Ա որոշումը:

2. Երևանի քաղաքապետից հօգուտ Սուսաննա Գալստյանի բռնագանձել 34.000 ՀՀ դրամ` որպես հայցի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809927265

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.09.2025
N ՎԴ/10388/05/18
Որոշում