Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻՑ, ՋՐԱԲԵՐՈՒԿՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՀՈՍՔԸ ԽՈՉԸՆԴՈՏՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի N 1816-Ն

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻՑ, ՋՐԱԲԵՐՈՒԿՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՀՈՍՔԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ջրային ռեսուրսի հունի մաքրման աշխատանքների համակարգման լիազոր մարմին նշանակել շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնին (այսուհետ` լիազոր մարմին):

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, քաղաքաշինության և կադաստրի կոմիտեների նախագահներին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին` միջգերատեսչական համագործակցության շրջանակներում գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացման գործընթացում լիազոր մարմնին ցուցաբերել գործնական, տեղեկատվական և մեթոդական աջակցություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. դեկտեմբերի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1816-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻՑ, ՋՐԱԲԵՐՈՒԿՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՀՈՍՔԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ ՄԱՔՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման ընթացակարգը:

2. Ջրային ռեսուրսի հունի (այսուհետ` հուն) մաքրման, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրա ափերի ամրացման աշխատանքներն իրականացվում են ջրային էկոհամակարգերի պահպանության, հեղեղումների և մարդու առողջությանը, անվտանգությանը սպառնացող վտանգների կանխարգելման, ափերը էրոզիայից և փլուզումից պաշտպանելու նպատակով:

3. Հունի մաքրումը հունի մեխանիկական կամ հիդրոմեխանիկական մաքրումն է ջրաբերուկներից, տիղմից, կուտակված աղբից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից:

4. Հունը այն բնական ուղին է, որով գետի ջրերը մշտապես հոսում են` սկսած ակունքից մինչև գետաբերան:

5. Հունի մաքրման աշխատանքների իրականացման նպատակով լիազոր մարմինը ներդնում և վարում է Հայաստանի Հանրապետության տարածքով հոսող բոլոր գետերի հուների ռեեստր (այսուհետ` ռեեստր)` յուրաքանչյուր գետի հունի թվային եռաչափ մոդելավորված նկարագրով: Առաջնահերթ մոդելավորվում են խոշոր և հեղեղումների առաջացման վտանգի ենթակա գետերի հուները: Լիազոր մարմինն ապահովում է ռեեստրի կապն ազգային գեոպորտալի հետ:

6. Ռեեստրը պարունակում է գետի պաշտոնական անվան, ընդհանուր երկարության, ակունքի ու գետաբերանի, հոսքի, ջերմաստիճանի, աղտոտվածության, հունի երկայնական ու լայնական կտրվածքի, խորության, ափերի դիրքի, աշխարհագրական կոորդինատների, հունի փոփոխության դինամիկայի վերաբերյալ և այլ տվյալներ:

7. Ռեեստրը պարբերաբար թարմացվում է գետերին և դրանց հուներին վերաբերելի տվյալների տիրապետող մարմինների կողմից լիազոր մարմին ներկայացված տեղեկատվության հիման վրա:

8. Յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 15-ը լիազոր մարմնի կողմից մշակվում է ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման առաջնահերթ աշխատանքների տարեկան պլան, որի մշակման հիմք են հանդիսանում ռեեստրում առկա տեղեկատվությունը, շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գետերի գարնանային վարարումների տարրերի տվյալ տարվա հիդրոօդերևութաբանական կանխատեսումները, ներքին գործերի նախարարության` հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, տնտեսական արժեք ներկայացնող տարածքների, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները և լիազոր մարմին ներկայացված այլ վերաբերելի տվյալները:

9. Գետերի հոսքի ռեժիմի և հունի մորֆոլոգիական փոփոխությունների մոնիթորինգի իրականացման նպատակով արդիականացվում են գործող հիդրոլոգիական դիտակետերը` տեղադրելով ավտոմատ ռադարային մակարդակաչափեր, հիմնանորոգելով հիդրոմետրիական աշխատանքների համար նախատեսված հիդրոտեխնիկական կառուցվածքները, դիտակետերն ապահովելով ժամանակակից ջրաչափական պտուտաններով ու այլ անհրաժեշտ պարագաներով և հիմնվում են նոր հիդրոլոգիական դիտակետեր` դաշտային և հեռահար ուսումնասիրությունների տվյալների հիման վրա հստակ որոշված տեղադիրքերում:

10. Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման նպատակով լիազոր մարմնի կողմից ընտրված կապալառու կազմակերպությունն իրականացնում է`

1) դաշտային աշխատանքներ` աղտոտված հատվածների գույքագրման, մաքրման ենթակա տարածքների գնահատման (մակերես (հա), աղբի քանակ) համար.

2) նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում.

3) հունի աղտոտված հատվածներում կուտակված կենցաղային աղբի, ջրաբերուկների և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտների հավաքում, ըստ անհրաժեշտության նաև եղեգների և տիղմի հավաքման և ափերի ամրացման աշխատանքներ.

4) հավաքված աղբի ու ջրաբերուկների կուտակման և բարձման համար հարթակի ստեղծում.

5) օրենքով սահմանված կարգով աղբի ու ջրաբերուկների տեղափոխման կազմակերպում դեպի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից դրանց համար հատուկ հատկացված տեղեր.

6) հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքների վերահսկման նպատակով ողողահունից բարձր տեղամասերում տեղադրվում են հատուկ նշաններ` հունի մաքրված տեղամասի և ամրացված ափերի ճշգրիտ սահմանները նշելու համար: Համապատասխան նշումներ կատարվում են նաև ռեեստրում:

11. Հունի աղտոտումը կանխելու և հետագայում պարբերական մաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով, կապալառու կազմակերպության կողմից նախապես տեղորոշված գետահատվածներում նախագծվում և կառուցվում են աղբի և ջրաբերուկների կուտակիչ համակարգեր (այսուհետ` կուտակիչ համակարգ):

12. Կուտակիչ համակարգը պետք է`

1) արդյունավետ գործի գետում ջրի ելքերի խիստ տատանումների դեպքում (հաշվարկային և դրանցից մեծ ելքեր).

2) ապահովի գետի հունով դեպի վեր և վար ձկների անարգել տեղաշարժը.

3) կառուցվի այնպիսի նյութերից, որոնք չեն քայքայվի և չեն առաջացնի ջրի աղտոտում.

4) կուտակված աղբի և ջրաբերուկների հեռացումը չպետք է խոչընդոտի կուտակիչի աշխատանքին:

13. Կուտակված աղբի և ջրաբերուկների պարբերաբար հավաքման, հունից դրանց հեռացման և կուտակիչ համակարգերի սպասարկման գործընթացներն իրականացվում են «Գնումների մասին» օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպության կողմից` առնվազն երեք տարի ժամկետով:

14. Եթե հուների պարբերաբար մաքրումից բացի, ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված գետերի հուների հեղեղավտանգ տեղամասերում անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների և այլ տվյալների հիման վրա, առաջանում է հունի արտահերթ մաքրման անհրաժեշտություն, լիազոր մարմինը միջոցներ է ձեռք առնում արտահերթ մաքրման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:

15. Եթե իրականացվող աշխատանքներն առաջացնելու են ջրային ռեսուրսի հունի, հատակի, հոսքի կամ ափերի փոփոխություններ, ապա դրանք դիտարկվում են որպես ջրօգտագործում և պահանջում են ջրօգտագործման թույլտվություն` համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի:

16. Այն դեպքերում, երբ հունի մաքրումն իրականացվում է բացառապես հակահեղեղային նպատակով, համարվում է ազատ ջրօգտագործում և չի պահանջում ջրօգտագործման թույլտվություն:

17. Սահմանային գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացվում են միջպետական համաձայնագրերի, միջկառավարական հանձնաժողովների որոշումների կամ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2025
N 1816-Ն
Որոշում