ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 դեկտեմբերի 2025 թվականի N 791-Ն
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Սահմանել կատարողական վարույթի հետ կապված գործավարության կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հրամանի հավելվածի 8-րդ կետի և 22-րդ կետի 6-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը գործարկվելու վերաբերյալ Արդարադատության նախարարության կողմից համապատասխան հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Ս. Գալյան
Հավելված
Արդարադատության նախարարի
2025 թվականի դեկտեմբերի 3-ի
N 791-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ նաև` Կարգ) կարգավորվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ նաև` Ծառայություն) կատարողական վարույթի հետ կապված գործավարության հարաբերությունները:
2. Կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Կատարողական վարույթի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված իմաստով:
3. Կատարողական վարույթի հետ կապված գործավարությունը ներառում է կատարողական վարույթի նյութերի ներկայացումը, դրանց ընդունումը և գրանցումը:
ԳԼՈՒԽ 2
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
4. Կատարողական վարույթի նյութերի ներկայացումն իրականացվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
5. Ֆիզիկական անձինք Օրենքով սահմանված կարգով փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
6. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով, իսկ դրանց անհնարինության դեպքում` թղթային եղանակով:
7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դատարանները, նոտարները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` Կառավարության սահմանած կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
8. Պահանջատերը դատական ակտերի կատարման համար հարկադիր կատարման դիմում ներկայացնում է էլեկտրոնային եղանակով` համապատասխան հարթակների (դատավարության էլեկտրոնային համակարգերի) միջոցով:
9. Թղթային եղանակով փաստաթղթերը Ծառայություն ներկայացվում են առձեռն, փոստային առաքման և սուրհանդակային կապի ծառայության միջոցով:
10. Փաստաթղթերը առձեռն եղանակով ներկայացվում են Ծառայություն փաստաթղթերը ընդունելու լիազորություն ունեցող աշխատակցին կամ գցում են Ծառայության վարչական շենքում դրված համապատասխան արկղում:
11. Ծառայություն ներկայացված կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմումները, և ցանկացած պահանջ ամրագրող այլ փաստաթղթերը ներկայացվում են իրավասու անձի կողմից ստորագրված:
12. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը Ծառայություն ներկայացվում են էլեկտրոնային համակարգերի` Ծառայության «Անձնական գրասենյակ» հարթակի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի (այսուհետ նաև` «Mulberry» համակարգ), էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am հարթակ) կամ Ծառայության և տվյալ մարմնի միջև գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:
13. Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով, բացառությամբ «Անձնական գրասենյակ» հարթակով փաստաթուղթ ներկայացնելու դեպքերի (նշված եղանակով ներկայացրած փաստաթղթերը համարվում են այդ անձի կողմից ստորագրված), ներկայացվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով, Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ և Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմամբ սահմանված կարգով:
14. Հարկադիր կատարման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով, Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ և Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմամբ սահմանված կարգով:
15. Կարգի 12-րդ և 13-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող դիմումները, գրությունները, հարցումները և բողոքները կրում են տեղեկատվական բնույթ:
16. Ծառայության թղթային և էլեկտրոնային եղանակով ներկայացվող այն փաստաթղթերը, որոնք պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկություն, ներկայացվում են «պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք» նշումով: Յուրաքանչյուր դեպքում գաղտնիք կազմող տեղեկություն ներկայացնողն ուղեկցական գրությամբ նշում է` իր կողմից ներկայացվող նյութերում որ տեղեկությունն է գաղտնիք կազմող տեղեկություն:
ԳԼՈՒԽ 3
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
17. Ծառայություն թղթային եղանակով ներկայացված փաստաթղթերն ընդունում է Երևան քաղաքում Սպասարկման բաժինը, իսկ մարզային ստորաբաժանումներում` նման լիազորություն ունեցող աշխատակիցը (այսուհետ` Աշխատակից):
18. Եթե Ծառայություն առձեռն եղանակով փաստաթղթեր հանձնելիս ներկայացվում է փաստաթղթի պատճենը կամ երկրորդ օրինակը` Ծառայության դրոշմակնիք դրվելու նպատակով, Աշխատակիցը փաստաթղթերը ընդունելիս ստուգում է փաստաթղթերի առկայությունը, ներառյալ` թերթերի քանակը:
19. Փաստաթղթերն առձեռն հանձնելիս ամբողջականության հետ կապված խնդիրներ արձանագրելու դեպքում Աշխատակիցը մատնանշում է արձանագրված խնդիրները` հնարավորություն տալով ներկայացնողին շտկելու դրանք: Արձանագրված խնդիրները շտկելու նպատակով ներկայացվող փաստաթղթում փոփոխություններ կատարելու դեպքում ներկայացնող անձը ստորագրում է` հաստատելով իր կողմից կատարվող փոփոխությունները: Արձանագրված խնդիրները ներկայացնողի կողմից չշտկելու դեպքում համապատասխան փաստաթուղթը չի ընդունվում:
20. Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց կամ մատնանշված խնդիրները վերացվելուց հետո Աշխատակիցը պատճենի կամ երկրորդ օրինակի վրա դնում է դրոշմակնիքը, առանձին մասում նշում է հանձնվող փաստաթղթերի թերթերի քանակը, ընդունման ամսաթիվը, ժամը:
21. Ծրարները կցվում են ստացված այն փաստաթղթերին, որոնք ծրարով ներկայացվել են և պարտադիր պահպանվում են դրանց հետ: Մեկ ծրարով ստացված մի քանի առանձին փաստաթղթերի դեպքում ծրարը կցվում է բոլորին, կամ կցվում է մեկին` մյուսների վրա կատարելով համապատասխան նշում ծրար պարունակող փաստաթղթի համարի մասին:
22. Ծառայություն էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերն ընդունում են.
1) Ծառայության «Անձնական գրասենյակ» հարթակի միջոցով ստացված փաստաթղթերը անմիջապես վարույթ իրականացնող ստորաբաժանումը` համապատասխան ընթացքը ապահովելու համար.
2) «Mulberry» համակարգով` Ծառայության ընդհանուր բաժինը.
3) էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am հարթակ) միջոցով ստացված փաստաթղթերը` Ծառայության ընդհանուր բաժինը.
4) Ծառայության և համապատասխան մարմնի միջև առկա էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ստացված փաստաթղթերը ստանում են այն ստորաբաժանումը, որտեղ հարուցված են կամ պետք է հարուցվի տվյալ կատարողական վարույթը: Նշված փաստաթղթերը ինքնաշխատ մակագրվում են հարկադիր կատարողին և կցվում են համապատասխան կատարողական վարույթին.
5) Կատարողական թերթերը դատարաններից ստանում են համապատասխան վարույթ իրականացնող ստորաբաժանումը Ծառայության և դատարանների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով.
6) Պահանջատիրոջ կողմից դատական ակտի կատարման համար ներկայացված հարկադիր կատարման դիմումը ստանում է համապատասխան վարույթ իրականացնող ստորաբաժանումը Ծառայության և դատարանների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով:
23. Էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերում անհամապատասխանության առկայության դեպքում Ծառայության աշխատակիցը չեղարկում է փաստաթուղթը և այդ մասին տեղեկացնում է փաստաթուղթը ներկայացրած անձին, եթե բացակայում է Օրենքով վերադարձի կայացման վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը:
24. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն բացվում, փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը և նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողի տվյալները:
25. Կարգի 24-րդ կետով ստացված փաստաթղթերը հասցեատիրոջ կողմից տրվում են Ընդհանուր բաժնի պետին` հաշվառում իրականացնելու համար:
ԳԼՈՒԽ 4
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
26. Ծառայության կողմից ընդունված փաստաթղթերը գրանցում է Երևան քաղաքում Ընդհանուր բաժնի աշխատակիցը, մարզերում` նման լիազորություն ունեցող աշխատակիցը:
27. Ծառայություն թղթային կամ էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Ընդհանուր բաժինը սկանավորում (թղթային եղանակով ստացվածները) և անհապաղ բայց ոչ ուշ քան երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում կառուցվածքային ստորաբաժանում` Ծառայության փաստաթղթաշրջանառությունն ապահովող «Գրասենյակի» էլեկտրոնային համակարգի (այսուհետ` Գրասենյակ) միջոցով:
28. Մարզային ստորաբաժանման աշխատակիցը փաստաթղթերը ստանալիս անհապաղ բայց ոչ ուշ քան երկու աշխատանքային օրվա ընթացքում սկանավորում (թղթային եղանակով ստացվածները), գրանցում և Գրասենյակով տրամադրում է Բաժնի պետին (Բաժանմունքի պետին)` հետագա մակագրության համար:
29. Հարկադիր կատարման ենթակա ակտերը, որոնք մուտքագրվել են էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարողին մակագրվում են ինքնաշխատ:
30. Եթե ստացված Փաստաթուղթը չի վերաբերվում տվյալ ստորաբաժանմանը, ստորաբաժանման պետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ վերահասցեագրվում է փաստաթղթի հասցեատեր հանդիսացող ստորաբաժանում կամ ետ է վերադարձնում Ընդհանուր բաժին` մակագրության համար:
31. Եթե պարզվում է որ հարկադիր կատարման վերաբերյալ դիմումը ստացվել է ոչ հասցեատեր ստորաբաժանման կողմից, ապա կատարողական վարույթը հարուցելուց հետո, այն այլ ստորաբաժանում փոխանցվում է Օրենքով սահմանված կարգով, իսկ մինչև վարույթ հարուցելը այն փոխանցվում է համապատասխան ստորաբաժանում գլխավոր հարկադիր կատարողի հրամանով սահմանված կարգով:
32. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ու փոխվարչապետերի գրասենյակներից, Արդարադատության նախարարից ստացված «Շտապ» կատարման նշումն ունեցող փաստաթղթերը գրանցվում և ներկայացվում են գլխավոր հարկադիր կատարողին անհապաղ:
33. Ընդհանուր բաժին մուտքագրվող գրությունների բնօրինակները սկանավորվելուց և համապատասխան ստորաբաժանում Գրասենյակի միջոցով տրամադրվելուց հետո պահպանվում են Ընդհանուր բաժնում, իսկ մարզային ստորաբաժանումների կողմից ստացված փաստաթղթերը պահպանվում են տվյալ ստորաբաժանումում:
ԳԼՈՒԽ 5
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ
34. 2024թ. հունվարից հետո ստացված կատարողական վարույթի հետ կապված բոլոր նյութերը պահպանվում են և վարվում են էլեկտրոնային եղանակով:
35. Կատարողական վարույթի նյութերի էլեկտրոնային վարումը իրականացվում է Ծառայության «Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի» (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով:
36. Կատարողական վարույթի էլեկտրոնային վարումն իրականացվում է հարկադիր կատարման դիմումի` Ծառայություն մուտքագրման պահից մինչև արխիվացման պահը:
37. Հարկադիր կատարման դիմումը մուտքագրվելիս ինքնաշխատ եղանակով յուրաքանչյուր վարույթին տրվում է համապատասխան անհատականացնող կոդ (կատարողական վարույթի համար):
38. Կատարողական վարույթի հետ կապված ցանկացած փաստաթուղթ սույն կարգով Ծառայություն մուտքագրվելու պահից ներբեռնվում և պահպանվում է Համակարգում համապատասխան համարի տակ գտնվող կատարողական վարույթում:
39. Համակարգում կատարողական վարույթի վերաբերյալ գործերը առնվազն պարունակում են`
1) կատարողական վարույթի կոդը,
2) կատարման ենթակա ակտի համարը,
3) կատարման ենթակա ակտի ընդհանուր բնույթի տեղեկատվությունը,
4) հնարավորության դեպքում վարույթի ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթղթի հղումը, գործի ստեղծման ամսաթիվը,
5) պարտապանի և պահանջատիրոջ անուն ազգանուն, ՀՎՀ, անձնագրային տվյալներ, հասցներ,
6) բռնագանձման ենթակա գումարի և կատարողական գործողությունների կատարման ծախսը,
7) կատարողական վարույթի վիճակը,
8) վարույթն իրականացնող հարկադիր կատարողի տվյալները և բաժինը,
9) գործի շրջանակում կայացված որոշումները,
10) կատարողական վարույթի սուբյեկտների դիմումները, միջնորդությունները վարույթին վերաբերվող ցանկացած գրությունները,
11) վարույթին առնչվող ցանկացած այլ հարցումներ, պատասխաններ և տեղեկատվություն,
12) գործի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանք:
40. Կատարողական վարույթի հետ կապված ցանկացած փաստաթուղթ համապատասխան ստորաբաժանմանը մակագրվելուց հետո պետք է կցվի համապատասխան վարույթին, եթե արդեն իսկ կցված չէ:
41. Համակարգին հասանելիություն պետք է ունենան միայն Ծառայության այն աշխատակիցները, ում տվյալ փաստաթուղթը ուղղակիորեն անհրաժեշտ է իր ծառայողական պարտականությունների կատարման համար:
ԳԼՈՒԽ 6
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ
42. Մինչև 2024 թվականը հարուցված վարույթները վարվում են առանձին` ըստ վարույթի համարի (կոդի), համապատասխան հարկադիր կատարողի կողմից թղթային եղանակով:
43. Վարույթը ներառում է դրան առնչվող ցանկացած փաստաթուղթ` սկսած հարկադիր կատարման ենթակա ակտից մինչև օրենքով սահմանված կարգով կայացված որոշումները և դրան առնչվող այլ փաստաթղթերը:
44. Վարույթը էջակալվում է:
ԳԼՈՒԽ 7
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՈՒՄԸ
45. Կատարողական վարույթի նյութերը ելքագրվում են անձնական գրասենյակ հարթակով, Ծառայության և տվյալ հասցեատիրոջ միջև գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, էլեկտրոնային փոստով, փոստային առաքմամբ` Օրենքին համապատասխան:
46. Ծառայության կողմից թղթային եղանակով փաստաթղթերի ելքագրումն իրականացվում է Աշխատակիցը` համապատասխան փաստաթուղթը իրեն փոխանցվելուց հետո ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա մեջ` Գրասենյակ համակարգի միջոցով: Ելքագրվող փաստաթղթի վրա ինքնաշխատ ներբեռնվում է ելքի ամսաթիվը և հերթական համարը:
47. Փաստաթղթերը առձեռն հասցեատիրոջը կամ ներկայացուցչին հանձնելու ժամանակ ստացողի կողմից գրավոր ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրա համապատասխան նշում կատարելուց հետո հանձնվում են նրան: Ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրա պարտադիր նշվում է կից հանձնվող փաստաթղթերի թերթերի քանակը, հանձնման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, ստացողի անունը, ազգանունը և ստորագրությունը, որը կցվում է հանձնված փաստաթղթի Ծառայության օրինակին: Փաստաթղթերը ներկայացուցչի կողմից ստանալու դեպքում ստացողի կողմից ներկայացվում է լիազորագիրը, եթե գործում առկա չէ:
48. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ելքագրումը իրականացվում է Գրասենյակի (Mulberry» համակարգի) կամ Համակարգի միջոցով` վարույթն իրականացնող հարկադիր կատարողի կամ նման լիազորություն ունեցող աշխատակցի կողմից:
49. Ծառայության կողմից գաղտնիք կազմող տեղեկություն պարունակելու դեպքում տրամադրվում են ուղեկցական գրության մեջ այդ մասին համապատասխան նշումով:
50. Կատարողական վարույթի մասնակիցներին հասանելի են կատարողական վարույթի բոլոր նյութերը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Կատարողական վարույթի նյութերին հասանելիություն պետք է ունենան միայն Ծառայության այն աշխատակիցները, ում տվյալ փաստաթուղթը ուղղակիորեն անհրաժեշտ է իր ծառայողական պարտականությունների կատարման համար:
ԳԼՈՒԽ 8
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ
51. Թղթային եղանակով պահվող կատարողական վարույթի վարույթը մինչև արխիվացումը պահվում են տվյալ վարույթն իրականացնող ստորաբաժանումում:
52. Կատարողական վարույթի նյութերը արխիվացվում և ոչնչացվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
53. Կատարողական վարույթն արխիվացվում է գլխավոր հարկադիր կատարողի հրամանով սահմանված ընթացակարգով:
54. Էլեկտրոնային եղանակով պահպանվող կատարողական վարույթն արխիվացվում է Համակարգում, որի միջոցով օգտվողը ըստ հասանելիության կարող է վարույթի կոդով կամ նույնականացնող այլ տվյալներով գտնել այն և դրանում գեներացված ցանկացած փաստաթուղթ:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 դեկտեմբերի 2025 թվական: