Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԿՈՐՊՈՐԱՍԻՈՆ ԱՄԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԿՈՐՊՈՐԱՍԻՈՆ ԱՄԵՐԻԿԱ Ս.Ա.»-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2026 թվականի N 93-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԿՈՐՊՈՐԱՍԻՈՆ ԱՄԵՐԻԿԱ Ս.Ա.»-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԼՐԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 12-րդ հոդվածի 14-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` մեկամսյա ժամկետում ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. հունվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունվարի 22-ի

N 93-Ա որոշման

 

____________________________________________

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

և

«Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի

միջև

ստորագրված

Կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացում

 

Ստորագրման ամսաթիվ`

 

[ ___________ ]

 

____________________________________________

 

I. Կողմեր

Սույն լրացումը (այսուհետ` «Լրացում») ուժի մեջ է մտնում ստորագրման պահից (այսուհետ` «Լրացման ուժի մեջ մտնելու օր») ստորև նշված կողմերի միջև (այսուհետ` «Կողմեր»)`

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` «Կառավարություն»), ի դեմս ՀՀ փոխվարչապետ պարոն ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ով հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` սույն Լրացմանը որպես հավելված I կցված Կառավարության որոշման համաձայն (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարության տուն 1), և

1.2. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (այսուհետ` «ԱՄՕ» կամ «Կառավարիչ» առանց տարբերության), ի դեմս ԱՄՕ-ի պարոն ՄԱՐՏԻՆ ՖՐԱՆՍԻՍԿՈ ԱՆԴՐԱՆԻԿ ԷՈՒՌՆԵԿՅԱՆԻ, ով գործում է «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 16.01.2026 թ. տրված լիազորագրի հիման վրա (սույն պայմանագրի հետ կապված բոլոր հարցերի գծով, գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ԱՄՕ շենք)

 

II. Ընդհանուր տեղեկություններ

2.1. 2001թ. դեկտեմբերի 17-ին Կառավարությունը և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» Ընկերությունը կնքել են պայմանագիր, որի համաձայն Կառավարությունը «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերությանը տվել է բացառիկ իրավունք` շահագործել, կառավարել և առևտրային գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում (այսուհետ` Օդանավակայան) երեսուն (30) տարվա ընթացքում (այսուհետ` «Պայմանագիր»` իր հետագա փոփոխություններով, ներառյալ բոլոր մյուս պայմանագրերը, որոնք փոփոխում կամ լրացնում են այդ փաստաթուղթը):

2.2. 2002թ. մայիսի 17-ին Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության միջև ստորագրված առաջին լրացման համաձայն ԱՄՕ-ն ստանձնել է Պայմանագրով սահմանված Կառավարչի բոլոր իրավունքներն ու պարտականությունները` սկսած 2002թ. մայիսի 22-ից:

2.3. 2003թ. փետրվարի 20-ին Կողմերը ընդունել են, որ Կառավարությունն Օդանավակայանի և Գույքի նկատմամբ օգտագործման իրավունքը 2002թ. հունիսի 9-ից փոխանցել է Կառավարչին:

2.4. 2006թ. հոկտեմբերի 19-ին Կողմերը կնքել են Պայմանագրի երկրորդ լրացումը, որը վերաբերում է Օդանավակայանում փրկարարական և հրշեջ ջոկատների ու սարքավորումների ապահովման մասով իրենց համապատասխան պարտավորություններին:

2.5. 2007 թ. նոյեմբերի 16-ին Կողմերը կնքել են Պայմանագրի երրորդ լրացումը, որով Պայմանագրով Կառավարչին է տրամադրվել Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը:

2.6. 2010 թ. հունիսի 10-ին Կողմերը կնքել են Պայմանագրի չորրորդ լրացումը, որով Կառավարիչը համաձայնել է դադարեցնել Օդանավակայանում գտնվող «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից շահագործվող շենքի, շենքի զբաղեցրած հողատարածքների և օդային երթևեկության վերահսկման աշտարակի նկատմամբ իր իրավունքները:

2.7. 2025 թ. հունվարի 9-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն Կողմերը ցանկանում են փոփոխել Պայմանագրի որոշակի պայմաններ:

2.8. ՈՒՍՏԻ հաշվի առնելով վերոգրյալը և սույնում ներառված փոխադարձ պայմաններն ու համաձայնությունները` Կողմերը սույնով համաձայնում են փոփոխել Պայմանագիրը հետևյալ կերպ.

 

III. Պայմանագրում օգտագործվող հասկացությունները

3.1. Եթե սույն Լրացման մեջ այլ բան սահմանված և/կամ փոփոխված չէ, ապա Պայմանագրով սահմանված կամ Պայմանագրին հղմամբ ներառված հասկացությունները սույնում օգտագործվում են Պայմանագրում սահմանված իմաստով և գործում են սույն Լրացման նկատմամբ:

 

IV. Պայմանագրի III բաժնի փոփոխություններ

4.1. Պայմանագրի III բաժին (այսուհետ` «Պայմանագրում օգտագործվող հասկացություններ»)` Ստորև նշված հասկացությունները փոխարինելու և/կամ փոփոխելու են Պայմանագրում օգտագործվող համապատասխան հասկացությունները:

4.2. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած սույնով ներառվում է «Ճշգրտում» հասկացությունը, այն է`

«Ճշգրտում. Օդանավակայանային վճարների ճշգրտում, որը Կառավարիչը իրավասու է կատարել 12.4 կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում և կարգով»:

4.3. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած «Պայմանագիր» հասկացությունը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«Պայմանագիր. Օդանավակայանի կառավարման, շահագործման և առևտրային զարգացման նպատակով կնքված սույն Պայմանագիրը և այդ փաստաթուղթը փոփոխող կամ լրացնող մյուս պայմանագրերը և փաստաթղթերը»:

4.4. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած սույնով ներառվում է «Հսկիչ փաթեթի փոփոխություն» հասկացությունը, այն է`

«Հսկիչ փաթեթի փոփոխություն. ցանկացած իրավական կամ փաստական գործողություն կամ իրադարձություն` ուղղակի կամ անուղղակի բաժնեմասնակցության փոփոխություն, փոխանցում, զիջում, օտարում կամ այլ փոփոխություն` անկախ դրա իրավական ձևից կամ հիմքից (ներառյալ վաճառք, նվիրատվություն, միաձուլում, առանձնացում, վերակազմավորում, կամ ցանկացած այլ իրավական կամ փաստական գործողություն), մեկ կամ մի քանի գործարքների, լուծարման, որպես օրենսդրական փոփոխությունների հետևանք կամ այլ միջոցով, որի արդյունքում վերահսկիչ փաթեթը տնօրինող բաժնետերը (կամ Կառավարչի իրականացրած կառավարման կամ վարած քաղաքականությունները ուղղորդելու կամ դրանց վրա ազդելու կարողությունը) կամ Կառավարչի քվեարկելու իրավունքների 50%+1 քվեի իրական շահառուն փոխվում է:»

4.5. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած սույնով ներառվում է «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս Ս. Ա.» հասկացությունը, այն է`

«Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս Ս. Ա. Լյուքսեմբուրգում գտնվող սահմանափակ պատասխանատվությամբ հանրային ընկերություն, որը պատշաճ կերպով հիմնադրվել է և գործում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքների համաձայն: Գրանցված հասցեն է` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Լյուքսեմբուրգ L-2330, Բուլվար դե Լա Պետրուսե 128, գրանցումը կատարվել է Լյուքսեմբուրգի առևտրի և ընկերությունների ռեգիստրում B174140 համարի ներքո»:

4.6. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած «Բացառիկություն» հասկացությունը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«Բացառիկություն. նշանակում է, որ ուժի մեջ մտնելու օրվանից սկսած ո՛չ Կառավարությունը, և ո՛չ էլ ցանկացած այլ պետական կամ տեղական իշխանության մարմին չի կարող ինքնուրույն կամ երրորդ անձանց իրավունք տալու միջոցով տրամադրել կամ մատուցել Օդանավակայանի կառավարչական և շահագործման ծառայություններ, կամ իր հաշվին իրականացնել կամ երրորդ անձանց տրամադրել Պայմանագրի պայմաններին համապատասխան Օդանավակայանային ցանկացած գործունեություն իրականացնելու իրավունք: Բացառիկությունը չի տարածվում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող օդանավակայանի վրա»:

4.7. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած «IRR» հասկացությունը ամբողջովին հանվում է Պայմանագրից և այլևս ուժի մեջ չի լինում:

4.8. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած «Վնասների վերացում» հասկացությունը ամբողջովին հանվում է Պայմանագրից և այլևս ուժի մեջ չի լինում:

4.9. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած «Մաստեր-պլան» հասկացությունը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«Մաստեր-պլան. Ժամկետի ընթացքում Կառավարչի կողմից Օդանավակայանում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որը պետք է նախագծվի և հաստատվի X բաժնում նախատեսված կարգով: Մաստեր-պլանը պետք է համապատասխանի ICAO-ի անվտանգության չափանիշներին և IATA-ի կողմից սպասարկման օպտիմալ որակի մակարդակին»:

4.10. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած սույնով ներառվում է «Ուղևորահոսքի նվազման դեպք» հասկացությունը, այն է`

«Ուղևորահոսքի նվազման դեպք. հավելված Է-ում նկարագրված ձևով երկու իրար հաջորդող տարիներում տարեկան 4.000.000 Ուղևորահոսքի ծավալից նվազում, եթե այդ նվազումը Կառավարչի մեղքով չէ: Ուղևորահոսքի ծավալը հաշվարկվում է որպես «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանների ուղևորահոսքի հանրագումարը»:

 

V. Պայմանագրի V բաժնի փոփոխություն

5.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 5.2 կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«5.2 Չսահմանափակելով 5.1. կետում նշված սկզբունքը, Կառավարիչը բացառիկ իրավունք ունի ղեկավարել և շահագործել Օդանավակայանին առնչվող ներքոնշյալ գործունեության տեսակները, որոնց ցանկը, սակայն, սպառիչ չէ`

Ավիացիոն ծառայություններ

 

ա. օդանավերի ուղեկցման ծառայություններ,

բ. կանգառների կառավարում,

գ. շարժական և մեխանիկական սանդուղքների տրամադրում և շահագործում,

դ. տելեսկոպ կամուրջ,

ե. վերգետնյա սպասարկման ծառայություններ, այդ թվում` օդանավեր քարշակելու ծառայություն,

զ. էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայություններ,

է. տեխնիկո-կազմակերպչական ծառայություններ,

ը. ավիացիոն անվտանգություն և օդանավերի պահպանման ծառայություններ,

թ. օդանավերի կոմունալ ծառայություններ,

ժ. վառելիքի և քսայուղերի մատակարարում, լցավորում

ի. հատուկ անիվավոր փոխադրամիջոցներով մատուցվող ծառայություններ,

 

Առևտրային

լ. առևտրային նպատակներով վերգետնյա տարածքների վարձակալություն,

խ. գովազդ,

ծ. անմաքս առևտրի խանութներ,

կ. առևտրական կենտրոններ,

հ. բանկային և տարադրամի փոխանակման կետեր, ֆինանսական ծառայություններ

ձ. հյուրանոցներ

ղ. ռեստորաններ, սրճարաններ, սննդի կետեր,

ճ. մաքսավճարով աշխատող խանութներ, օրինակ` հագուստ և պիտույքներ, թերթերի և լրագրերի վաճառքի կետեր,

մ. խաղատներ և ժամանցի այլ օբյեկտներ,

յ. մեքենաների կայանատեղեր,

ն. ուղեբեռի սայլակներ և անվտանգ պահատեղիներ,

շ. հեռահաղորդակցության ծառայություններ, որոնք թույլատրված են թիվ 60 լիցենզիայով

ո. VIP սրահներ,

չ. սննդի օբյեկտներ,

պ. ավտոմեքենաների բենզալցակայաններ:

 

Այլ

(aa) մաքսային պահեստներ,

(bb) միջզոնային լոգիստիկ հարթակներ,

(cc) ազատ գոտիներ,

(dd) վերգետնյա տրանսպորտ,

(ee) vertiport

(ff) այլ` չարգելված ծառայություններ, որոնք օգտակար կամ լրացնող են Օդանավակայանի ավիացիոն գործունեության և/կամ առևտրային զարգացման համար, այդ թվում, սակայն ոչ միայն, Օդանավակայանի հետ կապված գործունեության տեսակներ, օրինակ` դահլիճներ, արվեստի և ցուցահանդեսների կենտրոններ, հյուրանոցներ և ժամանցի ու տուրիստական այլ գործունեության տեսակներ և տրանսպորտ, որոնք բոլորը կարող են իրականացվել Օդանավակայանից դուրս»:

 

VI. Պայմանագրի VI բաժնի փոփոխություն

6.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի VI բաժինը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«6.1 Սույն Պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում և գործողության մեջ մտնում Ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև 2067թ դեկտեմբերի 31-ը:

6.2 Սույն Պայմանագրի Ժամկետի ընթացքում ցանկացած պահի Կառավարիչն իրավասու կլինի Կառավարությունից խնդրել ուղիղ բանակցություններ սկսել Պայմանագրի ժամկետը երկարաձգելու առնչությամբ: Կառավարչի կողմից այդ իրավունքն իրացնելը չի դիտվի որպես նման երկարաձգում տրամադրելու կամ դրան համաձայնելու Կառավարության պարտավորություն:

Երկարաձգված յուրաքանչյուր նոր ժամկետի կապակցությամբ Կառավարիչը թարմացնելու է Մաստեր-պլանը 10.3 կետում նախատեսված կարգով»:

 

VII. Պայմանագրի VII բաժնի փոփոխություն

7.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 7.1 (iv) ենթակետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«(iv) Կազմակերպել և շահագործել ազատ գոտի: Այս առումով Կառավարությունն ընդունելու է համապատասխան բոլոր իրավական ակտերը, որոնք թույլ կտան Կառավարչին բացել ազատ գոտի Տիրապետման օրվա դրությամբ: Կառավարչի կողմից վերջինիս տրամադրված բացառիկ իրավունքների իրացմամբ երրորդ անձանց միջոցով իրականացվող առևտրային գործունեությունը, ինչպես նաև նման գործունեությանը տնտեսավարող սուբյեկտներին ներգրավման գործընթացը պետք է իրականացվի մրցակցային կանոններին համապատասխան` բացառելով առանձին խումբ տնտեսավարող սուբյեկտների համար օբյեկտիվ և ողջամիտ տարբերությունների հիմքով չպայմանավորված խտրական պայմանների սահմանումը կամ կիրառումը: Ազատ գոտու կազմակերպման հետ կապված ցանկացած կապիտալ ծախս չպետք է ներառվի կապիտալ ներդրումների ծրագրում կամ դադարեցման վճարի հաշվարկում»:

7.2. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 7.2 (iii) ենթակետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«(iii) կատարել X բաժնում նշված ձևով Կառավարչի կողմից ներկայացված և Կառավարության կողմից հաստատված Մաստեր-պլանում ներառված աշխատանքները և գործողությունները, և մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 31-ը հաշվետվություն ներկայացնել նախորդող տարվա ընթացքում Մաստեր-պլանով սահմանված աշխատանքների իրագործման մասին»:

7.3. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրում սույնով ներառվում է 7.2 (x) ենթակետը, այն է`

«(x) Նախքան Հսկիչ փաթեթի փոփոխություն կատարելը ստանալ ՀՀ կառավարության նախնական գրավոր թույլտվությունը»:

 

VIII. Պայմանագրի VIII բաժնի փոփոխություն

8.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 8.1 (vii) ենթակետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«(vii) Եթե Կառավարությունը որոշի մասնավոր սեկտորին հանձնել ներկայումս գոյություն ունեցող կամ կառուցվելիք որևիցե այլ տեղական օդանավակայանի շինարարությունը, պահպանումը, կատարելագործումը, ընդարձակումը, ղեկավարումը, շահագործումը և գործունեությունը, ապա Կառավարիչը տվյալ աշխատանքները կատարելու նախապատվության իրավունք կունենա` սակայն միայն ՀՀ Կառավարության կողմից սահմանված պայմաններով, ընդ որում` նշված իրավունքը պետք է իրագործվի երրորդ անձի կողմից որևէ հայտի հայտարարումից հետո երեսուն (30) օրվա ընթացքում: Կառավարչի նախապատվության իրավունքը կընդգրկի համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը, պայմանով, որ Կառավարիչն առաջարկի պայմաններ, որոնք համարժեք կլինեն լավագույն հայտ ներկայացնողի առաջարկած պայմաններին: Եթե ՀՀ Կառավարությունը ուղղակիորեն կամ երրորդ անձանց հետ կնքվող պայմանագրի միջոցով. (ա) կառուցում է Օդանավակայանից բացի որևէ այլ միջազգային օդանավակայան Հայաստանի Հանրապետության տարածքում կամ գոյություն ունեցող օդանավակայաններից որևէ մեկը դարձնում է միջազգային օդանավակայան, կամ (բ) կառուցում է տեղական նշանակության օդանավակայան Օդանավակայանից երկու հարյուր հիսուն (250) կիլոմետր շառավղով հեռավորության վրա, ապա նշված շինարարության սկսվելու պահից մինչև ավարտին հաջորդող մեկ տարվա ավարտի պահը Կառավարիչն իրավունք ունի դադարեցնել սույն Պայմանագիրը 18.7 կետի համաձայն և համապատասխան հատուցում ստանալ Կառավարությունից: Այս դրույթը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող օդանավակայանին:»

8.2. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 8.1 (ix) ենթակետը ամբողջովին հանվում է Պայմանագրից և այլևս ուժի մեջ չի լինում:

 

IX. Պայմանագրի IX բաժնի փոփոխություն

9.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 9.2. կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«9.2. Ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում Կողմերը պետք է համագործակցեն` նվազագույնի հասցնելու հետևանքները, իսկ Ֆորս-մաժորային իրավիճակի ավարտից հետո Կողմերը պետք է համագործակցեն բնականոն հունի մեջ գցելու իրենց պարտավորությունների կատարման ընթացքը»:

9.2. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 9.3. կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«9.3. Եթե Ֆորս-մաժորային իրավիճակն անընդհատաբար և էապես ազդում է Կողմերի` սույն Պայմանագրի խնդիրների իրագործման կարողության վրա, ապա Կողմերը կարող են բանակցել` վաղաժամկետ դադարեցնելու Պայմանագիրն այն հիմքով, որ դադարեցումից հետո Կողմերի պարտավորությունները կսահմանափակվեն Պայմանագրի կանգ առնելու հետ կապված պարտավորությունների փաստացի կատարմամբ կամ չկատարմամբ:»:

 

X. Պայմանագրում IX bis բաժնի ավելացում

10.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրում սույնով ավելանում է IX bis բաժինը, այն է`

«IX bis. Վերահավասարակշռում

9 bis.1. Ֆորս-մաժորային իրավիճակ

Ֆորս-մաժորային իրավիճակի առաջացման դեպքում Կողմերը բարյացակամորեն կքննարկեն փոխհատուցման մեխանիզմը (սակագների բարձրացման և/կամ Ժամկետի երկարաձգման միջոցով փոխհատուցման հնարավորությունը) այդ իրավիճակի առաջացման օրվանից հետո 6 ամսվա ընթացքում` Կոնցեսիոների վնասի ամբողջական հատուցման համար:

Ֆորս-մաժորային իրավիճակի մասին ՀՀ կառավարությանը ծանուցելուց հետո 6 ամսվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից անհիմն մերժելը համարվում է Կառավարության կողմից Պայմանագրի խախտում` Կառավարչին իրավունք տալով դադարեցնել Պայմանագիրը և ստանալ 18.7. կետով նախատեսված փոխհատուցում:

9 bis. 2 Ուղևորահոսքի նվազման դեպք

Ուղևորահոսքի նվազման դեպքում ՀՀ կառավարությունը հավելված Է-ում սահմանված հասկացությունների և չափորոշիչների համաձայն պետք է Կառավարչին փոխհատուցի Սակագների ճշգրտման եղանակով, որը գործելու է Կիրառվող ժամանակահատվածում:

Ուղևորահոսքի նվազման դեպքի մասին ՀՀ կառավարությանը ծանուցելուց հետո 6 ամսվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից անհիմն մերժելը համարվում է Պայմանագրի խախտում` Կառավարչին իրավունք տալով խզել Պայմանագիրը և ստանալ 18.7. կետով նախատեսված փոխհատուցում:

Կառավարությունը կարող է առաջարկել և Կողմերը Սակագների ճշգրտման փոխարեն կամ ի լրումն դրա կարող բարյացակամորեն քննարկել Ժամկետի երկարաձգման միջոցով Կառավարչի վնասների ամբողջական փոխհատուցման հնարավորությունը:

Եթե Ուղևորահոսքի նվազման դեպքը տեղի է ունեցել Անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա կկիրառվի բացառապես 9. bis 1 կետով նախատեսված մեխանիզմը:

9 bis. 3. Սահմանափակող իրավական ակտ և նոր կամ բարձրացված հարկ Կառավարության կողմից (i) անմիջապես ավիացիոն ոլորտին ուղղված/վերաբերող որևէ սահմանափակող իրավական ակտի ընդունման դեպքում, որը կարող է բացասաբար անդրադառնալ Կառավարչի վրա, կամ (ii) եթե Կառավարությունը բարձրացնի գույքահարկը, շահութահարկը կամ սահմանի Կոնցեսիոների նկատմամբ կիրառելի նոր Հարկեր, որոնք չեն եղել մինչև Պայմանագրի Հինգերորդ լրացման կնքման ամսաթիվը, կամ (iii) 2022թ և դրանից հետո Կառավարչի նկատմամբ կիրառելի տեղական վճարներում (համայնքային հարկերում/տուրքերում, գանձումներում և նմանատիպ այլ վճարներում) այնպիսի փոփոխությունների կատարման դեպքում, որոնք վերոնշյալ (i), (ii) և/կամ (iii) կետերում նշված իրադարձություններից որևէ մեկի ի հայտ գալու պահին Կառավարչի հիմնավորված կարծիքով բացասական ազդեցություն կունենան Մաստեր-պլանի ամենավերջին լրամշակման ֆինանսական մոդելի ֆինանսական հավասարակշռման վրա, Կառավարությունը պետք է Կառավարչին փոխհատուցի այդ ազդեցության հետևանքով պատճառված վնասի ողջ գումարը (իրական դրամական համարժեքով)` կիրառելով հետևյալ եղանակներից մեկը`

(ա) Ժամկետի երկարաձգում համաձայն բանաձևի, որը պետք է սահմանվի Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կամ

(բ) սակագների բարձրացում համաձայն սահմանվելիք բանաձևի կամ այլ բանաձևի, որը կսահմանվի Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

9 bis. 4. Լրացուցիչ կապիտալ ներդրումներ

Նախապես ստացված Կառավարության հավանությամբ Կառավարչի կողմից Ժամկետի ընթացքում 10.2 (ա) կետում նշված կապիտալ ներդրումների ծրագրում նշվածներից դուրս որևէ լրացուցիչ կապիտալ ներդրումների կատարման դեպքում Կառավարությունը պետք է Կողմերի միջև բարյացակամորեն համաձայնեցված ձևով Ժամկետի երկարաձգման կամ սակագների բարձրացման միջոցով ամբողջությամբ փոխհատուցի Կառավարչին, սակայն պայմանով, որ փոխհատուցում չի տրամադրվի այն լրացուցիչ կապիտալ ներդրումների համար, որոնք Կառավարիչը կատարել է Պայմանագրի Ժամկետի ընթացքում ամորտիզացված ակտիվները փոխարինելու, վերանորոգելու համար և Ժամկետը լրանալու կապակցությամբ կամ վաղաժամ դադարեցման դեպքում Օդանավակայանը և դրա սարքավորումները սույնի 13.4 կետի դրույթների համաձայն լիարժեք շահագործվող վիճակում վերադարձնելու համար:

9 bis. 5. Սույն բաժնով նախատեսված դեպքերում Կառավարության կողմից որևէ ֆինանսական (դրամային) հատուցում չի կատարվելու»:

 

XI. Պայմանագրի X բաժնի փոփոխություն

11.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի X բաժինը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«X. Մաստեր-պլան

10.1 Պայմանագրի Հինգերորդ լրացման ստորագրումից հետո, ամենաուշը մինչև 2026թ հունվարի 31-ը Կառավարիչը պետք է Կառավարությանը ներկայացնի Օդանավակայանի Մաստեր-պլանը, որը փոխարինելու է նախորդ Մաստեր-պլանին և ինչպես նշված է ստորև, գործելու է Պայմանագրի Ժամկետի ընթացքում:

Կողմերը սույնով ընդունում և համաձայնում են, որ իրենց համապատասխան իրավասությունների ու լիազորությունների շրջանակներում և բարյացակամորեն իրենց բոլոր ջանքերը կներդնեն ու կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները (այդ թվում` կունենան երկու կողմերի մասնակցությամբ հանդիպումներ և քննարկումներ)` Մաստեր-պլանի ներկայացումից հետո դրա հաստատման գործընթացը ավարտին հասցնելու և վերջնականացնելու համար:

Կողմերը սույնով ընդունում և համաձայնում են, որ Պայմանագրի Հինգերորդ լրացման ստորագրման օրվա դրությամբ նախորդ Մաստեր-պլանը` իր հետագա վերանայումներով և լրամշակումներով հանդերձ ամբողջությամբ կատարվել է, և Կողմերն այդ առնչությամբ միմյանց նկատմամբ բողոքներ կամ պահանջներ չունեն:

10.2 Մաստեր-պլանը պետք է ներառի`

ա) 425 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը պետք է իրականացվի մինչև 2033թ ավարտը: Այդ ծրագիրը ներառելու է նախորդ Մաստեր-պլանի ավարտից (2023թ հունվարի 1-ից) մինչև նոր Մաստեր-պլանի հաստատումն ընկած ժամանակահատվածում կատարված բոլոր կապիտալ ներդրումները: Սակայն եթե Մաստեր-պլանը ներկայացնելուց հետո Կառավարության կողմից դրա հաստատումը տևի չորս ամսից ավելի, ապա այդ կապիտալ ներդրումների իրագործման ժամկետը նույնպես համապատասխանաբար կերկարաձգվի:

բ) 10.2 (ա) կետով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրի հետ կապված մինչև 2033թ ավարտը իրականացվելիք աշխատանքների նկարագրությունը` ներդրումային գումարների համապատասխան նախնական հաշվարկներով և Օդանավակայանում կատարվելիք աշխատանքների և գործառնությունների ուղեցույցներով:

գ) Ժամկետի մնացած հատվածում Օդանավակայանի բարելավման և պահպանման աշխատանքների և գործառնությունների ուղեցույցները:

դ) VERTIPORT համակարգի ներդրման քայլերը:

10.3 Մաստեր-պլանը 2034թ սկսած թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ և երկարացվելու է Պայմանագրի Ժամկետը ներառելու համար:

10.4 Եթե Կառավարությունը չի հաստատում Մաստեր-պլանը Կառավարչի կողմից այն ներկայացնելուց հետո վաթսուն (60) օրվա ընթացքում, ապա Կողմերը պարտավոր են փորձել գտնել Մաստեր-պլանի փոխադարձաբար ընդունելի դրույթներ: Մինչև Մաստեր-պլանի հաստատումը Կառավարիչն իրավասու է ղեկավարել, շահագործել և գործունեություն իրականացնել Օդանավակայանում` կատարելով ընթացիկ պահպանման այն աշխատանքները, որոնք խիստ անհրաժեշտ են ավիացիոն գործունեության համար: Կառավարությունը Մաստեր-պլանը չի կարող մերժել անողջամտորեն կամ մեջբերելով պատճառներ, որոնք օբյեկտիվ տեխնիկական կամ շահագործման պատճառներ չեն (այդ թվում` ICAO-ի անվտանգության կանոնների անհամապատասխանություն կամ IATA-ի կիրառելի օպտիմալ որակի մակարդակի համաձայն մատուցվող ծառայության որակի անհամապատասխանություն) և հանրային առողջապահության ու անվտանգության կանոնակարգման կամ այլ կիրառելի օրենսդրության արդյունք չեն:

10.5 Կառավարության կողմից Մաստեր-պլանի և վերջինիս փոփոխությունների հաստատումը նշանակում է, որ տրվում են բոլոր Լիցենզիաները` թե տեղական, և թե համազգային նշանակության, որոնք անհրաժեշտ են Մաստեր-պլանով նախատեսված աշխատանքներն ի կատար ածելու համար:

10.6 Կառավարիչն իրավունք կունենա Մաստեր-պլանով նախատեսված աշխատանքները դասել ըստ առաջնահերթությունների, հետաձգել կամ տեղափոխել դրանց նախապես հաստատված ժամկետները, և իր սեփական հայեցողությամբ կազմել համապատասխան ծրագրեր դրանց իրագործման համար` պայմանով որ կապահովի IATA-ի Օպտիմալ որակի դասակարգով նախատեսված սպասարկման որակի աստիճանները, ինչպես նաև պայմանով, որ ուշացումները կարող են լինել միայն ICAO-ի կանոններով սահմանված անվտանգության նկատառումներից ելնելով:

Կառավարիչը պետք է Կառավարությանը տեղյակ պահի Մաստեր-պլանում նկարագրված կոնկրետ աշխատանքների իրագործման և առաջընթացի մասին:

10.7. Կառավարչի մեղքով Մաստեր-պլանի էական չկատարման դեպքում կիրառվում է հետևյալ ընթացակարգը.

(ա) Չկատարման մասին ծանուցում. Կառավարությունը պետք է պաշտոնական գրավոր ծանուցում ուղարկի Կառավարչին` նշելով հայտնաբերված թերությունը և էական չկատարման կամ անհամապատասխանության հիմքերը:

(բ) Կառավարչի կողմից պատասխանի և/կամ թերացումների վերացման պլանի ներկայացումը. Ծանուցումը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Կառավարիչը պետք է պատասխանի կամ

(i) հերքելով թերության մասին պնդումը` ներկայացնելով ապացույցներ և համապատասխան հերքում, կամ

(ii) ՀՀ կառավարությանը ներկայացնի թերացումների վերացման պլան (այսուհետ` «Թերացումների վերացման պլան»)` մանրամասնելով հայտնաբերված թերությունը վերացնելու համար անհրաժեշտ շտկիչ գործողությունները, ներառյալ` ժամանակացույցը և դրա ամբողջական կատարման ժամկետը:

(գ) Կառավարության որոշումը. Կառավարչի պատասխանը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Կառավարությունը պետք է կախված կոնկրետ դեպքից կամ

(i) ընդունի Կառավարչի արդարացումները և հրաժարվի թերացման մասին պնդումից

(ii) ընդունի Կառավարչի կողմից ներկայացված Թերացումների վերացման պլանը, կամ

(iii) հիմնավորված և ողջամիտ որոշում կայացնի Թերացումների վերացման պլանի մերժման մասին:

Թերացումների վերացման պլանի ուսումնասիրությունը չպետք է անհիմն կերպով մերժվի, և Կառավարությունը կարող է առաջարկել ողջամիտ շտկումներ` վերականգնողական միջոցառումների համարժեքությունն ու արդյունավետությունն ապահովելու համար: Թերացումների վերացման պլանի հաստատումը պետք է ունենա 10.5 կետով նախատեսված նույն ազդեցությունը:

Եթե Կառավարությունը Թերացումների վերացման պլանը համարում է էականորեն անընդունելի, ապա Կողմերը պետք է 60 աշխատանքային օրվա ընթացքում վարձեն օդանավակայանների ոլորտում մասնագիտացած փոխադարձաբար ընդունելի և միջազգայնորեն ճանաչված խորհրդատվական ընկերության` 10.7 կետի (բ) (ii) ենթակետի համաձայն Թերացումների վերացման վերանայված պլանը պատրաստելու համար, որը պետք է պարտավորեցնող լինի Կողմերի համար:

(դ) Թերացումների վերացման պլանի իրագործում. Կառավարիչը պետք է իրագործի Թերացումների վերացման հաստատված պլանը կամ վերոնշյալ 10.7 կետի (գ) ենթակետում նշված արտաքին խորհրդատվական ընկերության սահմանած Թերացումների վերացման պլանը դրանցում նշված ժամկետներում:

(ե) Թերացումների վերացման պլանի չկատարման դեպքում Կառավարությունը պետք է պաշտոնական գրավոր ծանուցում ուղարկի Կառավարչին` նշելով հայտնաբերված անհամապատասխանությունը, որի վերաբերյալ Կառավարիչը կարող է ներկայացնել իր արդարացումները կամ առարկությունները 20 աշխատանքային օրվա ընթացքում:

(զ) Եթե Կառավարությունը ողջամիտ և հիմնավորված կերպով 10.7 կետի (ե) ենթակետում նշված ձևով չի ընդունում Կառավարչի արդարացումները կամ մերժում է Թերացումների վերացման պլանի չկատարման վերաբերյալ առարկությունները, ապա Կառավարիչը ենթարկվում է նախորդող տարվա EBITDA-ի 0,5%-ից մինչև 2%-ի (ներառյալ) չափով տույժի, և նրան տրվում է ևս 180 օր ժամանակ` թերությունների վերացման համար: Սույն կետի իմաստով EBITDA նշանակում է ֆինանսական եկամտից և ծախսերից, հարկերից, մաշվածությունից ու ամորտիզացիայից առաջ հասույթները, բացառությամբ բացառիկ կամ չկրկնվող հոդվածների և ցանկացած հասույթի կամ ծախսի, որը վերաբերում է կոնցեսիայի շրջանակներում ակտիվների վրա աշխատանքին (ՖՀՄՍ 12):

(է) Եթե Կառավարիչը 10.7 կետի (զ) ենթակետի համաձայն չի կատարում Թերացումների վերացման պլանը, ապա Կառավարությունը կարող է նախաձեռնել Պայմանագրի դադարեցման գործընթացը` Պայմանագրի 18.4-րդ կետի «դ» ենթակետով սահմանված հիմքով:

10.8. 10.7 կետով սահմանված ընթացակարգը չի կիրառվում, եթե ենթադրյալ անհամապատասխանությունը պայմանավորված է Կառավարչին չվերագրվող որևէ ուշացումներով կամ բացթողումներով, ներառյալ, բայց չսահմանափակվելով` համապատասխան Լիցենզիաների տրամադրման ուշացումներով: Նման դեպքերում Կառավարիչը պատասխանատվություն չի կրում չկատարման համար, իսկ Մաստեր-պլանի իրագործման ժամկետները և համապատասխան կատարման պարտավորությունները համապատասխանաբար ճշգրտվում են:»

 

XII. Պայմանագրի XII բաժնի փոփոխություն

12.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 12.1 կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«Ավիացիոն վճարներ և մուծումներ

12.1. Օդանավակայանում իրականացվող գործունեության բոլոր տեսակների, ինչպես նաև ցանկացած Գույքի օգտագործման դիմաց Կառավարիչն իրավունք կունենա գանձել համապատասխան Օդանավակայանային վճարներ և մուծումներ, որոնք կսահմանվեն Կառավարչի կողմից:

Սույնով հաստատվում են հավելված Բ-ով սահմանված Նախնական օդանավակայանային վճարները:

Կառավարիչն իրավասու կլինի 12.4 կետով սահմանված ձևով կատարել Օդանավակայանային վճարների ամենամյա, ոչ կուտակային Ճշգրտումներ, որոնք կիրառելի կլինեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ից` սկսած 2027թ, եթե Կառավարիչը կատարել է Պայմանագրի 10.1 կետով սահմանված` մինչև 2026թ հունվարի 31-ը Մաստեր-պլանը Կառավարությանը ներկայացնելու պայմանը: Նման Ճշգրտումները ուժի մեջ կմտնեն Ճշգրտումների մասին Կառավարությանը Կառավարչի տեղեկացնելու ամսաթվից 15 օր հետո: Կառավարությունն իրավասու է Կառավարչի ծանուցումից հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել առարկություններ, միայն եթե Կառավարչի ներկայացրած հաշվարկներում սխալ կա: Եթե Կառավարությունը նշված ժամկետում առարկություն չի ներկայացնում Ճշգրտումներին, ապա կատարված Ճշգրտումները մնում են ուժի մեջ: Կառավարությունն անողջամտորեն չի մերժի Օդանավակայանային վճարների Ճշգրտումների ուսումնասիրությունը:

Բոլոր ոչ ավիացիոն վճարները և վարձավճարները սահմանվելու են Կառավարչի բացառիկ հայեցողությամբ:

Կառավարչի և տեղական ավիաընկերությունների միջև կհամաձայնեցվեն և կսահմանվեն հատուկ (զեղչված) սակագներ, որոնց նպատակն է ավելացնել օդային փոխադրումների ծավալը»:

12.2. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 12.4 կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«12.4 Օդանավակայանային վճարները կփոփոխվեն միայն ճշգրտման եղանակով` ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, եվրոպական երկրներում միջին գնաճի և Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսների ցուցանիշներից: Ճշգրտումները կկատարվեն հետևյալ բանաձևի համաձայն.

 

(նկար)

 

Որտեղ`

«AF» նշանակում է Օդանավակայանային վճարների ճշգրտման գործակիցը, որը կիրառվում է T տարում:

«T» նշանակում է օրացուցային տարին, որի ընթացքում կիրառվում է ճշգրտման գործակիցը:

«t» նշանակում է օրացուցային տարվա դեկտեմբերի վերջին օրը, որը անմիջապես նախորդում է T տարուն:

«W1» նշանակում է ՀՀ դրամով արտահայտված ծախսերի տեսակարար կշիռը, որը հավասար է 80% (ութսուն տոկոս):

«W2» նշանակում է ԱՄՆ դոլարով արտահայտված ծախսերի տեսակարար կշիռը, որը հավասար է 15% (տասնհինգ տոկոս):

«W3» նշանակում է եվրոյով արտահայտված ծախսերի տեսակարար կշիռը, որը հավասար է 5% (հինգ տոկոս):

«CPI Armenia» նշանակում է Հայաստանի սպառողական գների ինդեքս (CPI), որը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից:

«CPI US» նշանակում է ԱՄՆ բոլոր քաղաքային շրջանների սպառողական գների ինդեքս (չկարգավորված սեզոնային գործոնների համար), որը հրապարակվում է ԱՄՆ աշխատանքի վիճակագրության բյուրոյի կողմից:

«CPI EU» նշանակում է սպառողական գների հարմոնիզացված ինդեքս (HICP), որը հրապարակվում է Եվրոպական միության Եվրոպական վիճակագրական վարչության կողմից:

«AMD/EUR» նշանակում է ՀՀ դրամի (AMD) և եվրոյի (EUR) միջև փոխարժեքը, որը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

«USD/EUR» նշանակում է ԱՄՆ դոլարի (USD) և եվրոյի (EUR) միջև փոխարժեքը, որը հրապարակվում է Եվրոպական Կենտրոնական բանկի կողմից:

Պայմանագրի Ժամկետի ընթացքում Կառավարչի վերահսկողությունից դուրս այնպիսի չնախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնք զգալիորեն փոփոխում են Կառավարչի ծախսային կառուցվածքի` AF-ով սահմանված տեսակարար կշիռը, դրանք կարող են ներկայացվել ՀՀ կառավարության քննարկմանը:

Համապատասխան պարտքի հաշվարկային հաշվի ամսաթվի և փաստացի վճարման ամսաթվի դրությամբ գումարների միջև որևէ տարբերություն կարող է Կառավարչի կողմից ներկայացվել առանձին հաշվի տեսքով»:

12.3. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 12.9 կետը ամբողջովին հանվում է Պայմանագրից և այլևս ուժի մեջ չի լինում:

12.4. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 12.10 կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«Ճշգրտումներ հարկերի փոփոխությունների կապակցությամբ

12.10 Եթե ընթացիկ կիրառվելիք հարկերը Տիրապետման օրվանից հետո ավելանում են, ապա նման ավելացմանը հակազդելու համար Կառավարիչն իրավասու կլինի անմիջապես ավելացնել բոլոր Ավիացիոն Վճարները և Տուրքերը:

Սույն կետի առումով «Հարկի ավելացում» նշանակում է դրույքաչափի ավելացումներ, ցանկացած արտոնության վերացում կամ փոքրացում, նվազեցում և ցանկացած այլ փոփոխություն, որի արդյունքում վերջին հաշվով ավելանում է հարկային ազդեցությունը»:

 

XIII. Պայմանագրի XIII բաժնի փոփոխություն

13.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 13.4 կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«13.4. Պայմանագրի Ժամկետի ավարտով պայմանավորված դադարեցման կամ վաղաժամ լուծման դեպքում դրա դադարեցումից հետո Կառավարիչը պարտավոր է Օդանավակայանը և դրա Գույքը վերադարձնել Կառավարությանը լիարժեք շահագործվող վիճակում` գործող օրենքների, իրավական ակտերի և Պայմանագրի պայմանների համաձայն` ապահովելով սպասարկման շարունակականությունը Պայմանագրի գործողության վերջին հինգ տարիներին առկա պայմաններին ըստ էության համարժեք պայմաններով: Դրանց փոխանցման համար Հայաստանի Հանրապետությունում առաջացող հարկերի պարագայում, այդ հարկերը վճարում է Կառավարությունը»:

 

XIV. Պայմանագրի XVIII բաժնի փոփոխություն

14.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի XVIII բաժինը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«XVIII. Պայմանագրի դադարում

18.1. Դադարման դեպքերն են.

ա) Ժամկետը լրանալու հետևանքով,

բ) Կառավարչի մեղքի հետևանքով,

գ) Կառավարչի սնանկացման հետևանքով,

դ) ՀՀ կառավարության կողմից ազգային պաշտպանության ողջամիտ նկատառումներով միակողմանի դադարում,

ե) ՀՀ կառավարության մեղքի հետևանքով

18.2. Պայմանագրի դադարումը չի ենթադրում այն պայմանագրերի դադարում, որոնք Կառավարիչը որևիցե նպատակով կնքել է երրորդ անձանց հետ: Դրանք ավտոմատ կերպով կփոխանցվեն Կառավարությանը` բացառությամբ եթե տվյալ պայմանագրերով այլ բան է նախատեսված:

Կառավարությունը կերաշխավորի և անվնաս կպահի Կառավարչին նշված պայմանագրերից ծագած ցանկացած կորուստներից, որոնցից վերջինը կարող է տուժել` պայմանով, որ Կառավարչի դեմ երրորդ անձանց հայցերը քննվեն դատարանի, կառավարության գերատեսչության, պետական մարմնի կամ արբիտրաժային դատարանի կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում, կամ որևէ այլ երկրում` անկախ արդեն իսկ ներկայացված և վարույթի մեջ գտնվող հայցերից և բողոքներից, և առանց խաթարելու XXI բաժնով Կառավարությանը վերապահված իրավունքները կամ Կառավարության պատասխանատվությունը կսահմանվի XXI բաժնով նախատեսված արբիտրաժային վարույթի միջոցով: Եթե Պայմանագրի դադարեցումը եղել է Կառավարչին վերագրվող պատճառներից ելնելով կամ Կառավարչի մեղքով, ապա որևէ փոխհատուցման, հատուցման կամ այլ պարտավորության հարց չի կարող առաջանալ:

Կառավարիչը պարտավոր է երրորդ անձանց հետ չկնքել Օդանավակայանին առնչվող պայմանագրեր, որոնց ժամկետն ավելի քան հինգ տարով գերազանցում է 6.1 բաժնում նշված ժամկետի կամ դրա երկարաձգման ավարտի պահը:

18.3. Ժամկետը լրանալը

Սույն Պայմանագիրը դադարում է Ժամկետը լրանալու պահից:

18.4. Դադարում Կառավարչի մեղքի հետևանքով

Կառավարությունն իրավասու կլինի դադարեցնել Պայմանագիրը Կառավարչի մեղքի հետևանքով, եթե

ա) Պայմանագիրը լրիվ կամ մասամբ փոխանցված է Կառավարչի կողմից կամ կատարվել է Հսկիչ փաթեթի փոփոխություն առանց Կառավարության հստակ թույլտվության: Որևէ ենթակոնցեսիա, ենթապայմանագիր` այն դեպքերում, երբ Կառավարության համաձայնությունը չի պահանջվում, կամ Օդանավակայանի գործունեության` սույն Պայմանագրի համաձայն իրականացման ցանկացած այլ ձև չի կարող ճանաչվել սույն Պայմանագրի փոխանցում,

բ) Կառավարիչը հրաժարվում է ստանձնել Տիրապետումը առանց սույն Պայմանագրի դրույթներով սահմանված հիմնավորված պատճառի,

գ) Կառավարիչը հրաժարվում է Օդանավակայանի միջոցները շահագործելուց: Հրաժարում է համարվում, երբ Կառավարիչն իր մեղքի հետևանքով և առանց հիմնավոր պատճառի ավելի քան 10 (տաս) օրով դադարեցնում է Օդանավակայանի շահագործումը, կամ,

(դ) 10.7 (է) ենթակետում նկարագրված պարագայում Մաստեր-պլանի Թերացումների վերացման պլանի չկատարման դեպքում:

Նման դադարեցման դեպքում Կողմերը բարյացակամորեն համապատասխան դեպքից հետո վեց (6) ամսվա ընթացքում փոխադարձաբար կհամաձայնեցնեն պատշաճ փոխհատուցման մեխանիզմները: Եթե նշված ժամանակահատվածում Կողմերը համաձայնության չգան, ապա վեճի կարգավորման համար կկիրառվեն XXI բաժնում նշված դրույթները:

Տարակարծություններից խուսափելու համար սույն կետի հիմքով Պայմանագրի դադարեցման դեպքում Կառավարությունը որևէ պարագայում պարտավորություն չի ունենա որևէ փոխհատուցում վճարել կորուստների, վնասների, նախապես գնահատված կամ անուղղակի վնասների, տույժերի, չիրացված հասույթների, հատուցումների կամ բացասական հետևանքների որևէ տեսակի հատուցման համար, այդ թվում ներառյալ, սակայն առանց սահմանափակման` այն հետևանքների համար, որոնք բխում են երրորդ կողմերի հետ Կառավարչի ձեռք բերած պայմանագրային պայմանավորվածություններից:

18.5. Կառավարչի սնանկություն

Կառավարչի սնանկությունը, անվճարունակությունը, նրան պարտատերերից պաշտպանող իրավական ակտի ուժը կորցրած ճանաչումը կամ Կառավարչի բիզնեսի դադարումը հանգեցնում է Պայմանագրի դադարմանը: Տարակարծություններից խուսափելու համար սույն կետի հիմքով Պայմանագրի դադարեցման դեպքում Կառավարությունը որևէ պարագայում պարտավորություն չի ունենա որևէ փոխհատուցում վճարել կորուստների, վնասների, նախապես գնահատված կամ անուղղակի վնասների, տույժերի, չիրացված հասույթների, հատուցումների կամ բացասական հետևանքների որևէ տեսակի հատուցման համար, այդ թվում ներառյալ, սակայն առանց սահմանափակման` այն հետևանքների համար, որոնք բխում են երրորդ կողմերի հետ Կառավարչի ձեռք բերած պայմանագրային պայմանավորվածություններից: Նման դադարեցման դեպքում Կողմերը բարյացակամորեն համապատասխան դեպքից հետո վեց (6) ամսվա ընթացքում փոխադարձաբար կհամաձայնեցնեն Կառավարությանը պատշաճ փոխհատուցման մեխանիզմները: Եթե նշված ժամանակահատվածում Կողմերը համաձայնության չգան, ապա վեճի կարգավորման համար կկիրառվեն XXI բաժնում նշված դրույթները:

18.6. ՀՀ կառավարության կողմից ազգային պաշտպանության ողջամիտ նկատառումներով միակողմանի դադարում`

Եթե Կառավարությունը դադարեցնում է Պայմանագիրը ողջամիտ ազգային պաշտպանության նկատառումներով, ապա Կառավարչին պարտք դադարեցման վճարը համապատասխան դադարեցման վճարը Կառավարչին վճարելու օրվա դրությամբ հաշվարկվում է որպես հետևյալի հանրագումարը`

(ա) Կառավարության կողմից պատշաճ կերպով հաստատված կապիտալ ներդրումները, որոնք ճշգրտվել են ԱՄՆ սպառողական գների ինդեքսի համաձայն, ամորտիզացվել են սույնին կից Հավելված Ը-ի համաձայն և հաշվարկվել են յուրաքանչյուր համապատասխան աշխատանքի կամ ներդրման կատարման տարվա հունվար ամսվա դրությամբ, գումարած

(բ) Պայմանագրի Հինգերորդ լրացման ստորագրման օրվանից 425 մլն ԱՄՆ դոլար սահմանված գծային մեթոդով (2067 թվականի դեկտեմբերի 31-ի հաշվարկով) ամորտիզացված գումարը բազմապատկած 1.1-ով:

18.7. Պայմանագրի խախտումը ՀՀ կառավարության կողմից

Եթե Կառավարությունը խախտի սույն Պայմանագրի համաձայն իր պարտավորություններից որևէ մեկը` ազդելով կոնցեսիայի տնտեսական հավասարակշռության վրա, ապա Կառավարիչն իրավունք կունենա դադարեցնել Պայմանագիրը, եթե Կառավարությունը խախտման մասին Կառավարչից ծանուցում ստանալուց հետո 120-օրյա ժամկետում չի վերացնում խախտումը: Նման դադարեցման դեպքում Կողմերը բարյացակամորեն համապատասխան դեպքից հետո վեց (6) ամսվա ընթացքում փոխադարձաբար կհամաձայնեցնեն պատշաճ փոխհատուցման մեխանիզմները: Եթե նշված ժամանակահատվածում

Կողմերը համաձայնության չգան, ապա վեճի կարգավորման համար կկիրառվեն XXI բաժնում նշված դրույթները:

Եթե Կառավարությունը կամայականորեն, առանց որևէ հիմքի դադարեցնում է Պայմանագիրը կամ առանց հիմնավոր և/կամ ողջամիտ պատճառների հրաժարվում է փոխհատուցել Կառավարչին և/կամ երկարաձգել Ժամկետը Անհաղթահարելի ուժի կամ Ուղևորահոսքի նվազման դեպքերում, ինչպես սահմանված է 9 bis. 1 և 9 bis. 2 կետերով, ապա Կառավարչին պարտք դադարեցման վճարը Կառավարչին վճարելու օրվա դրությամբ հաշվարկվում է որպես հետևյալի հանրագումարը`

(ա) Կառավարության կողմից պատշաճ կերպով հաստատված կապիտալ ներդրումները, որոնք ճշգրտվել են ԱՄՆ սպառողական գների ինդեքսի համաձայն, ամորտիզացվել են սույնին կից Հավելված Ը-ի համաձայն և հաշվարկվել են յուրաքանչյուր համապատասխան աշխատանքի կամ ներդրման կատարման տարվա հունվար ամսվա դրությամբ, բազմապատկած 1.75-ով, գումարած

բ) Պայմանագրի Հինգերորդ լրացման ստորագրման օրվանից 425 մլն ԱՄՆ դոլար սահմանված գծային մեթոդով (2067 թվականի դեկտեմբերի 31-ի հաշվարկով) ամորտիզացված գումարը բազմապատկած 2-ով»:

 

XV. Պայմանագրի XIX բաժնի փոփոխություն

15.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի XIX բաժինը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«XIX. Փոխանցում և Հսկիչ փաթեթի փոփոխություն

Բացի III բաժնում «Կառավարչի» հասկացության սահմանմամբ նախատեսված դեպքից և Պայմանագիրը Կառավարչի կողմից միակողմանիորեն կամ համատեղ վերահսկվող, կամ` Կառավարչին վերահսկող երրորդ անձի փոխանցելուց, Կառավարիչն իրավունք չունի փոխանցելու սույն Պայմանագիրը կամ կատարել Հսկիչ փաթեթի փոփոխություն առանց Կառավարության նախնական գրավոր համաձայնության, որն անհիմն կերպով չի մերժվի: Սույն պարբերության առումով «վերահսկողություն» բառն ունի այն իմաստը, որը մատնանշված է 7.2 կետի համապատասխանաբար (vii) և (x) ենթակետերում:

Հսկիչ փաթեթի` անկախ Կառավարչի կամքից փոփոխության դեպքում Կառավարիչը պարտավոր է նման փոփոխությունից հետո անհապաղ տեղեկացնել Կառավարությանը: Անկախ Կառավարչի տեղեկացումից` Կառավարությունը նման փոփոխության դեպքում իրավասու է լուծել Պայմանագիրը Հսկիչ փաթեթի` առանց իր նախնական համաձայնության փոփոխության հիմքով:»

 

XVI. Պայմանագրի XX բաժնի փոփոխություն

16.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 20.6 կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«20.6. Կողմերը պարտավոր են միմյանց հետ խորհրդակցել Անհրաժեշտ ենթակառուցվածքի, վթարներին հակազդելու, սեփականության սահմանափակումների, բարձրությունների, օդանավագնացության խոչընդոտների, շրջակա միջավայրի վրա ներգործության կարգավորման և կարիքների վերաբերյալ: Կողմերը ՀՀ-ում eVTOL (Vertical Take-Off and Landing) համակարգերի զարգացման նպատակով կնախանշեն և կպլանավորեն «VERTIPORT» համակարգերի ներդրման քայլերը: Կառավարիչն իր միջոցներով կպատվիրի միջազգային համապատասխան փորձ ունեցող կազմակերպությանը ուսումնասիրություն իրականացնել` ՀՀ-ում նշված համակարգերի ներդրման համար:»

16.2. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 20.7 կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«20.7. ՀՀ Կառավարությունը պարտավոր է հետևել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջև 2001թ հունիսի 7-ին ստորագրված «Ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրի» 3-րդ ու 4-րդ հոդվածներին և «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին»:

16.3. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի 20.12 կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«20.12. Կառավարության կողմից վճարման ենթակա ցանկացած գումար, այդ թվում` XVIII բաժնով սահմանված դադարեցման վճարները պետք է. (i) հաշվարկվեն և վճարվեն ազատ փոխարկելի ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, և (ii) վճարելի լինեն ամերիկյան կամ եվրոպական այնպիսի բանկային հաշվի, որը կարող է մատնացույց անել Կառավարիչը` զուտ իր հայեցողությամբ»:

16.4. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրում սույնով ներառվում է

20.13 կետը, այն է`

«20.13 «Շիրակ» օդանավակայանին թույլատրվելու է միջազգային չվերթներ իրականացնել ցանկացած ուղղությամբ, առանց սահմանափակման»:

 

XVII. Պայմանագրի XXI բաժնի փոփոխություն

17.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի XXI բաժինը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«XXI. Կարգավորող օրենք և ընդդատություն

21.1. Սույն Պայմանագրի, ներառյալ` դրանով նախատեսված վեճերի լուծման եղանակների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

21.2. Սույն Պայմանագրից բխող կամ դրա կապակցությամբ Կողմերի միջև ծագած բոլոր վեճերը, ներառյալ` սույն Պայմանագրի կնքված լինելու կամ դրա անվավերության հետ կապված հարցերը, Կողմերը պետք է փորձեն լուծել հաշտարարության միջոցով` Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Հաշտարարության կանոնների համաձայն: Հաշտարարությունն իրականացվում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից նշանակված/հաստատված հաշտարար(ներ)ի կողմից, ովքեր հաշտարարությունն իրականացնում են Հաշտարարության կանոններին համապատասխան: Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իրականացնում է հաշտարարության գործի վարումը: Հաշտարարության վայրը Երևանն է (Հայաստանի Հանրապետություն), իսկ հաշտարարության լեզուն հայերենն է կամ անգլերենը` Կողմերի նախընտրությամբ: Եթե վեճը կամ դրա մի մասը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Հաշտարարության կանոններով նախատեսված կարգով դիմում ներկայացնելու պահից երեք ամսվա ընթացքում չի լուծվում, Կողմերը համաձայնում են վեճը կամ վեճի մնացած հարցերը լուծել ստորև նկարագրված վեճերի լուծման մեխանիզմների միջոցով:

21.3. Սույն Պայմանագրից բխող կամ դրա կապակցությամբ Կողմերի միջև ծագած առևտրային բնույթի բոլոր վեճերը, ներառյալ` սույն Պայմանագրի կնքված լինելու կամ դրա անվավերության հետ կապված հարցերը լուծվում են պահանջը բարձրացրած Կողմի ընտրությամբ, հետևյալ մեթոդներից մեկով`

(i) Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային կանոնների համաձայն` երեք արբիտրների կողմից: Արբիտրաժի վայրը Երևանն է (Հայաստանի Հանրապետություն), իսկ արբիտրաժի լեզուն անգլերենն է

(ii) Միջազգային առևտրային պալատի Արբիտրաժային կանոնների համաձայն` նշված Կանոններին համապատասխան կերպով նշանակված մեկ կամ մի քանի արբիտրների կողմից: Արբիտրաժի վայրը Երևանն է (Հայաստանի Հանրապետություն), իսկ արբիտրաժի լեզուն անգլերենն է կամ`

(iii) Հայաստանի Հանրապետության սովորական դատարաններում:

21.4. Սույն Պայմանագրից բխող կամ դրա կապակցությամբ Կողմերի միջև ծագած ներդրումային բնույթի բոլոր վեճերը, լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջև ստորագրված «Ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրի» 9-րդ հոդվածի համաձայն` Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի արբիտրաժին վերաբերող ընթացակարգերին համապատասխան:

21.5. Սույն Պայմանագրի 21.3 (i), 21.3 (ii) կամ 21.4 կետերով նախատեսված դեպքերում արբիտրաժի վճիռը պետք է լինի վերջնական, ինչը սակայն չի բացառում դրա վիճարկումը չեղյալ ճանաչելու հիմքերի առկայության դեպքում:

 

XVIII. Պայմանագրի հավելված Ա-ի փոփոխություն

18.1. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի հավելված Ա-ի I բաժնի 3-րդ կետը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«3. Խախտումների բացառում. Փաստաթղթերի կնքումը, ստորագրումը և կատարումը, դրանցով նախատեսված գործարքների կնքումը և Օդանավակայանային որևէ գործունեության իրականացումը տվյալ պահին կամ ապագայում.

(ա) ըստ գործող օրենսդրության հակասության մեջ չէ որևէ գրավի, պարտամուրհակի, պարտատոմսի, համաձայնության, պայմանագրի, համաձայնագրի, վարձակալության, արտոնագրի կամ որևէ այլ տեսակի կամ բնույթի փաստաթղթի կամ պարտավորության կատարման հետ, չի հանգեցնում դրանց խախտման, փոփոխման, դադարեցման կամ շեղման, կամ դրանցով նախատեսված հնարավորությունների կորստյան, չի արագացնում դրանցով պահանջվող աշխատանքները, չի առաջացնում դրանց պայմանների փոփոխման իրավունք, և չի ստեղծում այդպիսիք, չի առաջացնում որևէ ակտիվի կամ գույքի ծանրաբեռնվածություն, և որևիցե ձևով Կողմերից ոչ մեկին չի ազատում վերը նշված այն փաստաթղթերի կամ պարտավորությունների և պայմանների կատարումից, որոնք կարող են ազդել Կառավարության կամ վերջինիս կողմից օգտագործվող գույքի կամ ակտիվների վրա, կամ

(բ) ըստ գործող օրենսդրության հակասության մեջ չէ որևէ օգուտի/շահի հետ, չի խախտում կամ առաջացնում որևէ Լիցենզիայի, ֆրենչայզի, հրահանգի, վճռի, կարգադրության, արգելանքի նախատեսած հնարավորությունների կորուստ:»

18.2. Լրացման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Պայմանագրի հավելված Ա-ի IV բաժինը սույնով փոխվում է հետևյալ կերպ`

«IV. Հատուցման դրույթներ

Եթե Կողմերից մեկը խախտում է (կամ եթե որևէ երրորդ կողմ ներկայացնում է փաստեր, որոնց ճշմարտաբնույթ լինելու դեպքում կստացվի, որ խնդրո առարկա Կողմը խախտում է թույլ տվել) սույն Հավելվածում իր կողմից տրված հավաստիացումը, երաշխիքը կամ խոստումը, ապա այդ Կողմը (Հատուցող կողմը) համաձայնվում է մյուսին (Հատուցվող կողմին) ամբողջությամբ հատուցել բոլոր այն կորուստների դիմաց, որոնք կարող են վերջինիս համար առաջանալ նախքան հատուցում հայցելու օրը և դրանից հետո (ներառյալ այն կորուստները, որոնք Հատուցվող կողմը կարող է կրել համապատասխան պահպանման ժամկետի ավարտից հետո) և պայմանավորված են խախտմամբ (հայցվող խախտմամբ), բխում են դրանից կամ կապված են դրա հետ` պայմանով, որ Հատուցվող կողմը հետևի սույն Հոդվածով և, անհրաժեշտության դեպքում, Պայմանագրի XXI հոդվածով սահմանված կարգին, բացառությամբ Հատուցվող կողմի կոպիտ սխալի կամ դիտավորյալ կատարված սխալ գործողությունների պատճառով առաջացող հանգամանքների:

Եթե Կողմերից մեկը խախտել է սույնով իր կողմից որևէ առումով տրված հավաստիացում, երաշխիք կամ խոստում, ապա նույն առումով մեկ այլ հավաստիացման, երաշխիքի կամ խոստման առկայության փաստը (անկախ դրանց հարաբերական որոշակիությունից), որը տվյալ Կողմը չի խախտել, չպետք է մեղմի կամ թուլացնի այն հանգամանքը, որ տվյալ Կողմը խախտել է առաջին հավաստիացումը, երաշխիքը կամ խոստումը:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.01.2026
N 93-Ա
Որոշում