Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ԻՐ ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԼԴ/4234/02/22

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/4234/02/22         2025 թ.

Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան

Ն. Մարգարյան

Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի հոկտեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գարիկ Սաքանյանի (այսուհետ` Ձեռնարկատեր), երրորդ անձ Ֆինանսների նախարարության` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2024 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ` որպես չկատարված պարտավորության գումար:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.11.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2024 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.11.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ձեռնարկատերը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Վերաքննիչ դատարանը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ` Կարգ) 32-րդ կետի 19-րդ ենթակետն ու 41-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը, որի կարգավորումն իմպերատիվ է և առանց որևէ բացառության սահմանում է, որ մասնակցի կողմից հրավերով նախատեսված փաստաթղթերը հրավերով սահմանված կարգով ու ժամկետներում չներկայացնելը գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում է: Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցադիմումում, որպես պարտավորության խախտում է դիտարկված ոչ թե շտկում չիրականացնելը, այլ` հրավերով նախատեսված փաստաթուղթը` հայտի ապահովումը չներկայացնելը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայտի ներկայացման փաստի ուժով Ձեռնարկատիրոջ մոտ ծագել է գնման գործընթացին պատշաճորեն մասնակցելու պարտավորություն, որը, ի թիվս այլի, ենթադրում է նաև Նախարարությանը սահմանված կարգով հայտի ապահովում ներկայացնելու պարտականություն, մինչդեռ Ձեռնարկատերը տվյալ դեպքում չի կատարել նշված պարտականությունը` որպես հայտի ապահովում ներկայացնելով «Երաշխիք» վերնագիրը կրող փաստաթուղթը, որը բանկի կողմից ստորագրված չի եղել: Ավելին` ստորագրության հատվածում նշված է եղել Ձեռնարկատիրոջ անունը և դրված է եղել անհայտ անձի էլեկտրոնային ստորագրությունը:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը և սխալ է մեկնաբանել 41-րդ կետը, արդյունքում անհիմն եզրահանգում է կատարել, որ արձանագրված անհամապատասխանությունը շտկելը լիովին գտնվում է հայտ ներկայացրած մասնակցի հայեցողության տիրույթում, ուստի շտկում չիրականացնելը, այդ թվում` սահմանված կարգով հայտի ապահովում չներկայացնելը, որպես բացասական հետևանք, կարող է հանգեցնել բացառապես ներկայացված հայտի մերժման, սակայն չի կարող որակվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում և հիմք հանդիսանալ հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության ծագման համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԼԴ/4234/02/22 քաղաքացիական գործով 14.06.2024 թ. կայացված որոշումը բեկանել և փոփոխել` հայցը բավարարել կամ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը»:

 

2.1 Ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման, ուստի բողոքարկվող որոշումն իրավաչափ է, իսկ հակառակի մասին Նախարարության պնդումները` անհիմն:

Վերաքննիչ դատարանը իրականացրել է գործի բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն, գործում առկա ապացույցները ճիշտ են գնահատվել, ավելին` բողոքարկվող դատական ակտը կայացվել է նյութական ու դատավարական բոլոր անհրաժեշտ նորմերի պահպանմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) գնահատող հանձնաժողովի հաստատած 18.03.2022 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Նախարարությունը հայտարարել է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ոչ էլեկտրական մեքենաների վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման պայմանագիր: Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի մարտի 28-ը, ժամը 11:00-ն: Ընթացակարգի ծածկագիրն է` «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» (հատոր 1-ին, գ.թ. 20).

2) թիվ «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի 18.03.2022 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Պաշտպանության նախարարության կարիքների համար ոչ էլեկտրական մեքենաների վերանորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման հրավերը (այսուհետ` Հրավեր):

Հրավերի 1-ին մասի 4.3 կետի 3-րդ ենթակետի համաձայն` մասնակիցը հայտով ներկայացնում է «հայտի ապահովում կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը` պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն` ուղեկցող գրությամբ»:

Հրավերի նույն մասի 7.1 կետի համաձայն` «Մասնակիցը հայտով` սույն հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի (Հավելված 3) կամ կանխիկ փողի ձևով, որի չափը հավասար է սույն հրավերով սահմանված առավելագույն գնի հինգ տոկոսին: (...)»:

Հրավերի նույն մասի 7.3 կետի համաձայն` «Մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից,

2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

3) հայտերի բացումից հետո հրաժարվել է սույն ընթացակարգի հետագա մասնակցությունից»:

Հրավերի նույն մասի 7.4 կետի համաձայն` «(...) Հայտի ապահովումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած մասնակցին` սույն ընթացակարգի շրջանակում պայմանագիրը կնքվելուց կամ սույն ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հրավերի 1-ին մասի 7.3 կետով նախատեսված դեպքերի»:

Հրավերի նույն մասի 8.9-րդ կետի համաձայն` «Եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ, երբ հայտում ներառված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին համակարգի միջոցով տեղեկացնում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: (...): Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտի գնահատման ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները»:

Հրավերի նույն մասի 8.10-րդ կետի համաձայն` «Եթե սույն հրավերի 8.9-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը սույն հրավերով սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը: (...)»:

Հրավերի նույն մասի 8.14-րդ կետի համաձայն` «(...) եթե մասնակցի գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը նույն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում» (հատոր 1-ին, գ.թ. 23-58).

3) Ձեռնարկատերը «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով գնանշման հարցմանը մասնակցելու համար 27.03.2022 թվականին ներկայացրել է գնանշման հարցմանը մասնակցելու դիմում-հայտարարություն, որով, ի թիվս այլի, հայտնել և հավաստել է, որ «ցանկություն ունի մասնակցել ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով հայտարարված գնանշման հարցման 1 չափաբաժնին (չափաբաժիններին) և հրավերի պահանջներին համապատասխան ներկայացնում է հայտ» (հատոր 1-ին, գ.թ. 91, 92).

4) Ձեռնարկատիրոջ կողմից հայտին կից ներկայացված «ԵՐԱՇԽԻՔ N____» վերնագրված փաստաթղթի պատճենի 1-ին կետի համաձայն` «Սույն երաշխիքը (այսուհետ` երաշխիք) հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` բենեֆիցիար) կողմից «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգին Գարիկ Սաքանյան Մանվելի ԱՁ (այսուհետ` պրինցիպալ) մասնակցելուց բխող` նույն ծածկագրով հրավերով սահմանված պարտավորությունների (այսուհետ` երաշխավորված պարտավորություններ) կատարման ապահովում»:

Նույն փաստաթղթի 2-րդ կետի համաձայն` «Կոնվերսբանկ ՓԲԸ (այսուհետ` երաշխիք տվող անձ) անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի` սույն երաշխիքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված պահանջով (այսուհետ` պահանջ) բենեֆիցիարին վճարել երեք միլիոն (3000000) դրամ (այսուհետ` երաշխիքի գումար)` պահանջն ստանալուց տասը աշխատանքային օրվա ընթացքում: (...)»:

Նույն փաստաթղթի ստորին հատվածում նշված է «Գործադիր մարմնի ղեկավար Գարիկ Սաքանյան Մանվելի, 25.03.2022 թ.» և առկա է միայն «Digitally signed by ANDREASYAN HERMINE, *******(1), Date: 2022.03.27 22:43:32 AMT» տեսանելի գրառմամբ էլեկտրոնային ստորագրություն: Փաստաթղթում բացակայում է այն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրած անձի կարգավիճակի մասին որևէ նշում (հատոր 1-ին, գ.թ. 93).

 

_____________________

1) Առկա է անձնական տվյալ

 

5) գնահատող հանձնաժողովի` 31.03.2022 թվականին սկսված և 05.04.2022 թվականին ավարտված նիստի թիվ 3 արձանագրության 2.3 կետի համաձայն` «Մասնակիցների հայտերով ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են «ՀՀ ՊՆ ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով ԳՀ ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին (պահանջներին), բացառությամբ ԱՁ Գարիկ Սաքանյանի կողմից հայտով ներկայացված փաստաթղթերում, բացակայում է «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով ընթացակարգի հրավերով նախատեսված հայտի ապահովումը /ուղարկվել է Հավելված N 3 լրացված/: Ուստի հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թ. N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների կազմակերպման» կարգի 41-րդ կետը` գնահատող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրել է հայտերի գնահատման նիստը և 31.03.2022 թվականին ծանուցել վերոնշյալ մասնակցին սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Սահմանված ժամկետում մասնակիցը չի շտկել արձանագրված անհամապատասխանությունը: 04.04.2022 թվականին կայացած նիստում գնահատող հանձնաժողովի կողմից, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թ. N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների կազմակերպման» կարգի 42-րդ կետը` ԱՁ Գարիկ Սաքանյանի կողմից ներկայացված հայտը մերժվել է» (հատոր 1-ին, գ.թ. 94,95).

6) գնահատող հանձնաժողովի կողմից 31.03.2022 թվականին Ձեռնարկատիրոջն ուղարկված ծանուցման համաձայն` վերջինս տեղեկացվել է արձանագրված անհամապատասխանության մասին, մասնավորապես` ծանուցմամբ նշվել է, որ «(...) ներկայացված փաստաթղթերում բացակայում է «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» նկարագրով ընթացակարգի հրավերով նախատեսված հայտի ապահովումը: «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով ընթացակարգի հրավերի 1-ին մասի 4.3 կետի 3-րդ ենթակետի և 2-րդ մասի 2.4 կետի համաձայն` հայտի ապահովումը ներկայացվում է կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Ընդ որում հայտով ներկայացվում է կանխիկ փողի վճարումը հավաստող բնօրինակ փաստաթղթից կամ բանկային երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) ընթեռնելի տարբերակը: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը` պայմանով, որ դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն` ուղեկցող գրությամբ /մինչև 04.04.2022 թվականը, Երևանի ժամանակով 17:00-ն/: Տեղեկացնում ենք նաև, որ հայտի ապահովումը բանկային երաշխիքի տեսքով ներկայացնելու դեպքում, համաձայն «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով ընթացակարգի հրավերի Հավելված N 3-ի, այդ երաշխիքի տրամադրման փաստի վերաբերյալ տեղեկատվությունը` առանց գումարի մասին նշման, երաշխիք տվող անձը երաշխիքը տրամադրելու օրը իր պաշտոնական էլեկտրոնային հասցեից ուղարկում է գնման ընթացակարգի հրավերում նշված` գնահատող հանձնաժողովի էլեկտրոնային փոստի ([email protected]) հասցեին: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 41-րդ կետը` գնահատող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրել է հայտերի գնահատման նիստը: Անհրաժեշտ է սույն ծանուցումը ստանալուց հետո սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունները: Շտկված տարբերակը անհրաժեշտ է ուղարկել էլ.փոստ` [email protected] հասցեով» (հատոր 1-ին, գ.թ. 96,97):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե գնումների գործընթացին մասնակցող անձի կողմից որպես իր հայտի ապահովում ներկայացված բանկային երաշխիքի բնօրինակը սահմանված կարգով չներկայացնելը արդյո՞ք հանդիսանում է գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որն առաջացնում է հայտի ապահովումը պատվիրատուին վճարելու պարտականություն:

 

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում օգտագործվում եմ հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պատվիրատու`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ.

(...)

5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.

7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

9) հայտի ապահովում` նույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

(...)

23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ` գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը.(...):

Մինչև 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` հրավերը պետք է պարունակի հայտի և պայմանագրի կատարման ապահովմանը վերաբերող պահանջները:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`

1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.

2) գնային առաջարկը.

3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.

4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):

Մինչև 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակիցը հայտով` հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում, որի չափը հավասար է հայտով առաջարկվող գնի մինչև հինգ տոկոսին: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.

3) հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին:

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին:

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

Կարգի` մինչև 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով` պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն` ուղեկցող գրությամբ:

Նույն կետի 9-րդ ենթակետի համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: (...): Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: (...):

Կարգի 32-րդ կետի` մինչև 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.

Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն` հայտերի բացման և գնահատման նիստում (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին:

Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն` հայտերի բացման և գնահատման նիստում Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...):

Կարգի 41-րդ կետի համաձայն` եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` հրավերի պահանջների նկատմամբ (...), ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

Կարգի 42-րդ կետի համաձայն` եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, և բավարարվում է պատվիրատուի կարիքը:

Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով:

Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի`

1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ և օգտավետ) առաջարկի ընտրության և նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.

2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված և հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է:

Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի և գնման գործընթացի մասնակիցների միջև ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջև մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները: Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս Օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության և հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը և այլն), իսկ պայմանագրային փուլում` պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջև կնքված պայմանագիրը:

i

Գնումների գործընթացում ստանձնած պարտավորությունների ապահովման գործիքակազմի առումով օրենսդիրը նախատեսել է հայտի ապահովման և պայմանագրի ապահովման ինստիտուտները: Ընդ որում, հայտի ապահովումը դիտարկվում է որպես մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող [Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ], իսկ պայմանագրի ապահովումը` սահմանված կարգով ներկայացված հայտերը գնահատման հանձնաժողովի կողմից գնահատելու արդյունքում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց [Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ] (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

i

Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչև պայմանագրի կնքման փուլն ընկած ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել ևս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում` Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման` պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նախկինում կայացված վերոնշյալ որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, հերքել է դատական պրակտիկայում արտահայտված այն իրավական դիրքորոշման իրավաչափությունը, որի համաձայն` գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` մասնակիցը որևէ պարտավորություն չի ստանձնում, քանի դեռ համապատասխան գործընթացի արդյունքներով չի ճանաչվել հաղթող մասնակից, և հրավերով նախատեսված փաստաթղթերը նույն հրավերով սահմանված ժամկետում ու կարգով ներկայացնելը հանդիսանում է ոչ թե մասնակցի պարտականություն, այլ` օրենքով իրեն վերապահված հնարավորություն, որից չօգտվելը, որպես բացասական հետևանք, կարող է հանգեցնել բացառապես ներկայացված հայտն անբավարար գնահատելուն և մերժելուն ու չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքների կիրառման համար (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք` գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է`

1) հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն` ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում` հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,

2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,

3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն:

Հայտի ապահովումը մասնակցի` հայտով ստանձնած վերը նշված պարտականությունների կատարման ապահովման միջոց է, որը պետք է ներկայացվի բոլոր այն դեպքերում, երբ տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը: Ընդ որում, եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով` պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն` ուղեկցող գրությամբ:

Նշվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «հայտը հրավերով սահմանված կարգով» ներկայացնելու մասնակցի պարտավորությունը, գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված վերը նշված դեպքերում, ի թիվս այլի, ներառում է նաև հրավերով սահմանված չափով, ձևով և ժամկետում հայտի ապահովում ներկայացնելու մասնակցի պարտականությունը: Վերջինիս խախտումը, որը դրսևորվում է մասնակցի կողմից հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթուղթը (կանխիկ գումարի մուտքագրումը հավաստող կամ բանկային երաշխիքի բնօրինակը) չներկայացնելու ձևով, Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով հարկ է դիտարկել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որը ոչ միայն հիմք է ներկայացված հայտն անբավարար գնահատելու և որպես հետևանք` գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցությունը դադարեցնելու համար, այլ նաև Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով հանգեցնում է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանն ու առաջացնում է հայտի ապահովման գումարը պատվիրատուին վճարելու պարտականություն:

i

Հրավերով սահմանված կարգով (չափով, ձևով և ժամկետում) հայտի ապահովման բնօրինակը չներկայացնելը դասվում է հայտերի բացման ու գնահատման արդյունքում արձանագրված` հրավերի պահանջների նկատմամբ այն անհամապատասխանությունների թվին, որոնք շտկելու համար գնման գործընթացի մասնակցին ժամանակ չի տրամադրվում (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ գնման գործընթացին մասնակցող անձի` հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նաև իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձևով և ժամկետում ներկայացնելու պարտականությունը:

Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով և հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները, նախևառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված անհամապատասխանությունների բնույթից: Այսպես`

1) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը` ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է` առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու.

2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը` նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչև կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը` ներառյալ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:

Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը և մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման:

Գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետևանք` գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նաև այլ անբարենպաստ հետևանքներ` հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն [Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ], ինչպես նաև ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում [Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետ]:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության առաջացման և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»:

i

Միևնույն ժամանակ անդրադառնալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտման` Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված` «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած` դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` գնահատող հանձնաժողովի հաստատած 18.03.2022 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Նախարարությունը հայտարարել է գնանշման հարցում, որի արդյունքում ընտրված մասնակցին պետք է առաջարկվեր սահմանված կարգով կնքել ոչ էլեկտրական մեքենաների վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման պայմանագիր:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի մարտի 28-ը, ժամը 11:00-ն:

Գնահատող հանձնաժողովի 18.03.2022 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Պաշտպանության նախարարության կարիքների համար ոչ էլեկտրական մեքենաների վերանորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման հրավեր:

Հրավերի 1-ին մասի 4.3 կետի 3-րդ ենթակետի համաձայն` մասնակիցը հայտով ներկայացնում է «հայտի ապահովում կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը` պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն` ուղեկցող գրությամբ»:

Հրավերի նույն մասի 7.1 կետի համաձայն` «Մասնակիցը հայտով` սույն հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի (Հավելված 3) կամ կանխիկ փողի ձևով, որի չափը հավասար է սույն հրավերով սահմանված առավելագույն գնի հինգ տոկոսին: (...)»:

Հրավերի նույն մասի 7.3 կետի համաձայն` «Մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից,

2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

3) հայտերի բացումից հետո հրաժարվել է սույն ընթացակարգի հետագա մասնակցությունից»:

Հրավերի նույն մասի 7.4 կետի համաձայն` «(...) Հայտի ապահովումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած մասնակցին` սույն ընթացակարգի շրջանակում պայմանագիրը կնքվելուց կամ սույն ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հրավերի 1-ին մասի 7.3 կետով նախատեսված դեպքերի»:

Հրավերի նույն մասի 8.9-րդ կետի համաձայն` «Եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ, երբ հայտում ներառված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին համակարգի միջոցով տեղեկացնում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: (...): Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտի գնահատման ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները»:

Հրավերի նույն մասի 8.10-րդ կետի համաձայն` «Եթե սույն հրավերի 8.9-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը սույն հրավերով սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը (...)»:

Հրավերի նույն մասի 8.14-րդ կետի համաձայն` «(...) եթե մասնակցի գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին դիմում-հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը նույն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում»:

Ընթացակարգի շրջանակներում գնանշման հարցմանը մասնակցելու դիմում-հայտարարություն է ներկայացրել նաև Ձեռնարկատերը:

Հայտին կից ներկայացվել է «ԵՐԱՇԽԻՔ N____» վերնագրված փաստաթղթի պատճեն, որի ստորին հատվածում նշված է «Գործադիր մարմնի ղեկավար Գարիկ Սաքանյան Մանվելի, 25.03.2022 թ» և առկա է միայն «Digitally signed by ANDREASYAN HERMINE, *******(2), Date: 2022.03.27 22:43:32 AMT» տեսանելի գրառմամբ էլեկտրոնային ստորագրության արտատպվածք: Փաստաթղթում բացակայում է այն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրած անձի կարգավիճակի մասին որևէ նշում:

 

___________________

2) Առկա է անձնական տվյալ

 

Գնահատող հանձնաժողովի` 31.03.2022 թվականին սկսված և 05.04.2022 թվականին ավարտված նիստի թիվ 3 արձանագրության 2.3 կետի համաձայն` «Մասնակիցների հայտերով ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են «ՀՀ ՊՆ ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով ԳՀ ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին (պահանջներին), բացառությամբ անհատ ձեռնարկատեր Գարիկ Սաքանյանի կողմից ներկայացված հայտի, որի ներկայացված փաստաթղթերում բացակայել է «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով ընթացակարգի հրավերով նախատեսված հայտի ապահովումը /ուղարկվել է Հավելված N 3 լրացված/: Ուստի հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թ. N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների կազմակերպման» կարգի 41-րդ կետը` գնահատող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրել է հայտերի գնահատման նիստը և 31.03.2022 թվականին ծանուցել մասնակցին սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Սահմանված ժամկետում մասնակիցը չի շտկել արձանագրված անհամապատասխանությունը: 04.04.2022 թվականին կայացած նիստում գնահատող հանձնաժողովի կողմից, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թ. N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների կազմակերպման» կարգի 42-րդ կետը` ԱՁ Գարիկ Սաքանյանի կողմից ներկայացված հայտը մերժել է»:

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ` որպես հայտի ապահովման գումարը վճարելու չկատարված պարտավորության գումար` հայցի հիմքում, ի թիվս այլնի, դնելով նաև այն, որ Ձեռնարկատերը, հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելով հրավերով նախատեսված հայտի ապահովումը, թույլ է տվել գնման գործընթացում ստանձնված պարտավորության խախտում, որը հանգեցրել է գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը:

Դատարանը, պատճառաբանելով, որ «պատասխանողը հայտարարված մրցույթի պայմաններում խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը` հայտի ապահովում ներկայացնելու պարտականությունը, ինչը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, ինչը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջացրել է մասնակցի` պատասխանող անհատ ձեռնարկատեր Գարիկ Մանվելի Սաքանյանի հայտի վճարում կատարելու պարտավորության, որը կազմում է հրավերով սահմանված 60.000.000 ՀՀ դրամի 5 տոկոսը` 3.000.000 ՀՀ դրամ», 17.11.2023 թվականի վճռով Նախարարության հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ.

- «հայտի անհամապատասխանության կապակցությամբ մասնակցին այն շտկելու առաջարկ ներկայացնելը տրամաբանորեն ենթադրում է այդ մասնակցին հնարավորություն ընձեռել շարունակելու իր մասնակցությունը գնման գործընթացին, որպիսի իրավունքից օգտվելու նպատակահարմարությունը պետք է գնահատվի կոնկրետ այդ մասնակցի կողմից: Այսինքն` անհամապատասխանությունը շտկելու առաջարկը նաև քողարկված առաջարկ է մասնակցին արտահայտելու իր կամքը` արդյոք վերջինս ունի ցանկություն մասնակցելու գնման գործընթացի հետագա փուլերին»,

- «հայտում առկա անհամապատասխանությունը շտկելը պետք է մեկնաբանվի և հիշյալ իրավահարաբերություններում գործի որպես գնման գործընթացի մասնակցի իրավունք, այլ ոչ թե վերջինիս նկատմամբ հարկադրանքի միջոցի կիրառման «սպառնալիք»: Այս համատեքստում այն, որ «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով գնանշման հարցման միջոցով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 31.03.2022 թվականի նիստի թիվ 3 արձանագրությամբ անհատ ձեռնարկատեր Գարիկ Սաքանյանի կողմից ներկայացված հայտի փաստաթղթերում բացակայել է «ՀՀ ՊՆ-ԳՀԾՁԲ-22-20/1» ծածկագրով ընթացակարգի հրավերով նախատեսված հայտի ապահովումը, ինչի արդյունքում հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 41-րդ կետը` գնահատող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրել է հայտերի գնահատման նիստը և 31.03.2022 թվականին ծանուցել մասնակցին սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված անհամապատասխանությունը, պետք է մեկնաբանվի որպես սույն գործով Բողոքաբերին տրված հնարավորություն իր ակտիվ գործողություններով` համապատասխան շտկումը կատարելու միջոցով, արտահայտելու իր կամքը գնման գործընթացին իր հետագա մասնակցության ցանկության կամ այդ ցանկության բացակայության մասին: Եւ այն, որ սահմանված ժամկետում մասնակիցը չի շտկել արձանագրված անհամապատասխանությունը, պետք է միայն անհատ ձեռնարկատեր Գարիկ Մանվելի Սաքանյանի հայտը մերժելու հիմք հանդիսանար, քանի որ մասնակիցը գնման հետագա գործընթացներին մասնակցելու ցանկության բացակայության համար չի կարող կրել դրամական արտահայտությամբ պատասխանատվություն, այն է` վերջինիս վրա չի կարող «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով հայտի ապահովումը վճարելու պարտավորություն»,

- «ի հակառակ վիճարկվող դատական ակտով Դատարանի կողմից արված հետևությունների, հայտում առկա անհամապատասխանությունը գնման գործընթացի մասնակցի կողմից չշտկելը և առհասարակ նման ցանկության բացակայությունը չի կարող օրենքի իմաստով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում»,

14.06.2024 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ բերած վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 17.11.2023 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել` Նախարարության հայցը մերժել է:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանը դրանք համարում է ոչ իրավաչափ, քանի որ նման եզրահանգմամբ Վերաքննիչ դատարանը փաստացի բացառել է գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում հայտ ներկայացրած մասնակցի մոտ որևէ պարտավորության ծագումը: Մինչդեռ, ինչպես նշվել է վերը, գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցության հայտ ներկայացնելով` մասնակիցը ոչ միայն ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև ստանձնում է մի շարք պարտականություններ, այդ թվում` գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու` ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը կցելու, ինչպես նաև արձանագրված թերությունները վերացնելու նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սույն դեպքում Պաշտպանության նախարարության կարիքների համար որոշակի ծառայությունների ձեռքբերման նպատակով պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրավերի հիման գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` Ձեռնարկատերը գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում ստանձնել է մի շարք պարտականություններ` ներառյալ հայտի ապահովումը հավաստող` Հրավերի թիվ 3 հավելվածի պահանջները բավարարող բանկային երաշխիքի բնօրինակը Հրավերի 1-ին մասի 4.3 կետի 3-րդ ենթակետին համապատասխան գնահատող հանձնաժողովին մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա` Երևանի ժամանակով 17:00-ն ուղեկցող գրությամբ ներկայացնելու պարտականություն:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հրավերով սահմանված կարգով (չափով, ձևով և ժամկետում) հայտի ապահովման բնօրինակը չներկայացնելը դասվում է հայտերի բացման ու գնահատման արդյունքում արձանագրված` հրավերի պահանջների նկատմամբ այն անհամապատասխանությունների թվին, որոնք շտկելու համար գնման գործընթացի մասնակցին ժամանակ չի տրամադրվում, այլ կերպ ասած` քննարկվող գնման ընթացակարգի շրջանակներում գնահատող հանձնաժողովը հրավերի համեմատ Ձեռնարկատիրոջ ներկայացրած հայտում արձանագրված անհամապատասխանությունը շտկելու համար կարող էր ժամկետ չտրամադրել: Այդուհանդերձ, թեև գնահատող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրել է հայտերի գնահատման նիստը և 31.03.2022 թվականին ծանուցել է Ձեռնարկատիրոջն արձանագրված անհամապատասխանության մասին` հնարավորություն տալով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել թույլ տրված խախտումը (սահմանված կարգով ներկայացնել հայտի ապահովումը), Ձեռնարկատերը չի շտկել արձանագրված անհամապատասխանությունը` դրսևորելով անգործություն և չներկայացնելով պահանջվող փաստաթղթերը (Հրավերով սահմանված պահանջները բավարարող բանկային երաշխիքի բնօրինակը կամ կանխիկ փողի ձևով հայտի ապահովումը վճարելու փաստը հավաստող ապացույցներ), որը ևս վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է գնահատվեր որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ձեռնարկատիրոջ կողմից հայտի ապահովումը սահմանված կարգով ներկայացնելու պարտականության խախտումը Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով հանդիսանում է մասնակցի կողմից գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որը ոչ միայն բավարար հիմք է Ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտը մերժելու և գնումների գործընթացին նրա հետագա մասնակցությունը դադարեցնելու համար, այլ նաև առաջացրել է հայտի ապահովման գումարը վճարելու Ձեռնարկատիրոջ պարտականությունը, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել էր Դատարանը 17.11.2023 թվականի վճռով հայցը բավարարվելիս:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 14.06.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով` հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (...) գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25000-ապատիկից:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 4 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա հայցագնի 4 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջի գործերով` վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից:

Վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 14.06.2024 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 17.11.2023 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ.

- Դատարանի 17.11.2023 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.

- Վերաքննիչ դատարանում Ձեռնարկատիրոջ կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.

- Ձեռնարկատիրոջից հօգուտ Նախարարության ենթակա է բռնագանձման 150.000 ՀՀ դրամ (3.000.000x5%=150.000)` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և Նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.11.2023 թվականի վճռին:

2. Անհատ ձեռնարկատեր Գարիկ Սաքանյանից հօգուտ Պաշտպանության նախարարության բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումար:

Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=30962247438339959

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2025
N ԼԴ/4234/02/22
Որոշում