Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՐՏԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅՑԸ ԿԱՐՈՂ Է Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՐՏԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅՑԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱՐՎԵԼ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼ ԴԱՏԱՐԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/6031/05/23

    Վարչական գործ թիվ ՎԴ/6031/05/23             2025 թ.

    Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան

  Դատավորներ`        Ա. Հարությունյան

                                      Հ. Խաչատրյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Հ. Բեդևյան

զեկուցող` Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2025 թվականի դեկտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Հայկ Մխիթարյանի ընդդեմ Երևան համայնքի` շինարարության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հայկ Մխիթարյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել շինարարության թույլտվություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 04.04.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2025 թվականի որոշմամբ Երևան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.04.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ` Հայկուհի Բաղդասարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 106-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման:

Հայցվոր Հայկ Մխիթարյանի 21.04.2023 թվականի դիմումին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.06.2023 թվականի թիվ 18/77545-23 գրությամբ դիմումը մերժվել է` հաշվի առնելով դիտարկվող հասցեի հողամասի տեղադիրքն ու կանաչապատ լինելը: Հետագայում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.09.2023 թվականի թիվ 18/159816-23 գրությամբ հայցվոր Հայկ Մխիթարյանին հայտնվել է, որ նախագծման թույլտվությունը տրամադրվել է առևտրի տաղավար տեղադրելու համար, այնինչ` վերջինիս կողմից ներկայացված նախագծով նախատեսված է եղել հիմնական շինություն` երկաթբետոնե հիմքերով, որը խախտել է 07.02.2023 թվականին տրված թիվ 01/18-07/1-Դ-106226-55 նախագծման թույլտվության 9.7-րդ կետի պահանջները (թեթև մետաղական կոնստրուկցիաներով տաղավարի իրականացում): Այսինքն` վարչական մարմնի կողմից դրսևորված գործողությունները եղել են իրավաչափ:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա է իրավունքի զարգացման խնդիր` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 37-րդ հոդվածների կապակցությամբ: Մասնավորապես` անհրաժեշտ է պատասխանել այն հարցերին, թե արդյո՞ք շինարարության թույլտվության հայտի մերժումը հանդիսանում է նեղ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձի կողմից գնահատման ուսումնասիրման առարկա, թե` ոչ, և թե արդյո՞ք դրա պարզումը պահանջում է մասնագիտական հատուկ գիտելիքներ:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2025 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայկ Մխիթարյանը 21.04.2023 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` ***(1) հասցեում տաղավարի կառուցման նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու և շինարարության թույլտվություն տրամադրելու խնդրանքով (գ.թ. 12).

 

__________________

1) Հանդիսանում է անձնական տվյալ

 

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.06.2023 թվականի թիվ 18/77545-23 պատասխան գրությամբ Հայկ Մխիթարյանի դիմումը մերժվել է` դիտարկվող հասցեի հողամասի տեղադիրքն ու կանաչապատ լինելը հաշվի առնելով (գ.թ. 13, գ.թ. 23, գ.թ.26).

3) Հայկ Մխիթարյանի կողմից ընդդեմ Երևան համայնքի ՀՀ վարչական դատարան ներկայացված պարտավորեցման հայցի հիմքով հարուցվել է սույն` թիվ ՎԴ/6031/05/23 վարչական գործը (գ.թ. 5-16).

4) Հայկ Մխիթարյանի կողմից ընդդեմ Երևան համայնքի ՀՀ վարչական դատարան ներկայացված գործողության կատարման հայցի հիմքով հարուցվել է թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործը (գ.թ. 5-16).

5) ՀՀ վարչական դատարանի 19.03.2024 թվականին կայացված թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործով վճիռը, որով Հայկ Մխիթարյանի հայցը բավարարվել է, և Երևան համայնքը պարտավորեցվել է տրամադրել 21.04.2023 թվականի թիվ Դ-47783-23 դիմումը բավարարելու մասին որոշում, մտել է օրինական ուժի մեջ (հիմք` ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2025 թվականի որոշում) (www.Court.am դատական իշխանության պաշտոնական կայք կամ www.Datalex.am դատական տեղեկատվական համակարգ):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին`

- արդյո՞ք պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանն այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից դրսևորվել է անգործություն, այն է` օրենքով սահմանված ժամկետում չի ընդունվել վարչական վարույթը եզրափակող որևէ վարչական ակտ, ինչով պայմանավորված առկա է ֆիկցիայի ուժով բարենպաստ վարչական ակտն ընդունված համարելու իրավական նախադրյալ, որը կարող է քննարկման առարկա դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վարչական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի մասնավոր դրսևորումներից մեկն այն է, որ վարչական դատարանը պարտավոր է նախ և առաջ ապահովել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը, որը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարան ներկայացված հայցադիմումը, համաձայն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոնակարգումների, ի թիվս այլնի, բովանդակում է նաև այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:

i

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ դրանում ամրագրված իրավական կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում նախնական պատկերացում կազմել ինչպես հայց ներկայացրած անձի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտման մասին, այնպես էլ այդ իրավունքները վերականգնելու համար ընտրված դատական պաշտպանության եղանակի արդյունավետ լինելու մասին, մասնավորապես` պարզել, թե արդյո՞ք հայցվորի կողմից ընտրված հայցատեսակը կարող է հանդիսանալ վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար պատշաճ հայցատեսակ: Այլ կերպ ասած, հայցվորի պահանջի հիմքում ընկած փաստերը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները հայցադիմումում շարադրելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պարտադիր կանոնը հայցվորի կողմից պահպանելու դեպքում միայն դատարանը կարող է հետևություն անել այն մասին, որ ընտրվել է պատշաճ հայցատեսակ, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր կլինի գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Մխիթար Խուրշուդյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն` հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը և այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների և անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու և վերջիններիս նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ: Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ` գործն ի պաշտոնե քննելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը (տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է նաև, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն` վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները:

i

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման` իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է (տե՛ս, Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3331/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի` գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:

Նշված նորմն սպառիչ կերպով սահմանում է այն կոնկրետ դատավարական գործողությունները, որոնք դատարանը պարտավոր է կատարել մատնանշման պարտականության շրջանակներում: Այն է.

- մատնանշել հայցադիմումում առկա ձևական սխալները,

- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները,

- առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակով,

- առաջարկել տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները,

- առաջարկել համալրել ոչ բավարար փաստական տվյալները,

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

i

Ճիշտ հայցատեսակը մատնանշելու դատարանի պարտականությանը, այդ պարտականության կատարմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ոչ ճիշտ հայցատեսակով հայցապահանջը ձևակերպելու իրավական հետևանքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (տե՛ս, Եվա Ղազարյանն ընդդեմ ՀՀ նոտարական պալատի նոտար Աստղիկ Մազմանյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):

i

Մասնավորապես, անդրադառնալով վարչական դատավարությունում հայցատեսակների առկայությանը և դրա նպատակին` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած` վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք` անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ևս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները` առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև` անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վարչական դատարանին ընդդատյա` հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցային և հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության և լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը` ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը և սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը (տե՛ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի` դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը` անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ` անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը (տե՛ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

i

Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքից ելնելով` դատարանը պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ այնպիսի փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, որպիսիք հնարավորություն կտան եզրահանգում անել պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմանների առկայության մասին, ինչն իր հերթին հնարավոր կդարձնի նաև պարզել պարտավորեցման հայցի` պատշաճ հայցատեսակ հանդիսանալու հանգամանքը և անհրաժեշտության դեպքում` մատնանշման միջոցով ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնել հայցվորին: Ընդ որում` հայց ներկայացրած անձի իրավունքների և շահերի արդյունավետ դատական պաշտպանության ապահովումը և վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնումը պարտավորեցման հայցի միջոցով գործնականում իրացնելու համար դատարանը պետք է պարզի ոչ միայն այն հանգամանքը, թե հայցվորը համապատասխան պահանջով արդյո՞ք դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, այլ այն հանգամանքը, որ հայցվորի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը եզրափակվել է, այսինքն` բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին հայցվորի պահանջը մերժելու մասին միջամտող վարչական ակտն ընդունվել է օրենքով սահմանված ժամկետում (տե՛ս, Մխիթար Խուրշուդյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի` օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հետևանք: Այսինքն` վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը, վերոգրյալ իրավանորմի ուժով, համարվում է ընդունված և առաջացնում է այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետևանքներն այն բոլոր դեպքերում, երբ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում վարչական վարույթը եզրափակելու փոխարեն վարչական մարմինը դրսևորում է անգործություն և բացակայում է վարչական ակտի առոչնչության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքը, այն է` վարչական ակտով դրա հասցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, կամ նրա վրա չի դրվում ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն (տե՛ս, Արսենիկ Մուշկամբարյանը և Դարիկո Մուշկամբարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի` այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված: Այլ կերպ` օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն` գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր դատական պաշտպանությունն այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում վարչական ակտ չի ընդունել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը» (տե՛ս, Հուսիկ Միլիտոսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6308/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.06.2025 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված, ինչը նշանակում է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը համարվում է եզրափակված, որից հետո վարչական մարմինն այլևս իրավասու չէ նույն դիմումի առնչությամբ կայացնել որևէ որոշում` քանի դեռ ֆիկտիվ վարչական ակտի իրավաչափության հարց օրենքով սահմանված կարգով չի բարձրացվել և դրան լուծում չի տրվել: Ըստ այդմ` բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին հայցվորի պահանջը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում ընդունված լինելու փաստի բացակայությունն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը, քանի որ բացակայում է պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմաններից մեկը` հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական ակտը:

i

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական ակտը չի կարող հիմք հանդիսանալ պարտավորեցման հայցի քննության համար, քանի որ վարչական վարույթի առավելագույն ժամկետը լրանալուց հետո վարչական մարմինն այլևս իրավասու չէ տվյալ դիմումի առնչությամբ ընդունել վարչական ակտ (տե՛ս, Մխիթար Խուրշուդյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանը միայն այն պարագայում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում կայացրել է հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին միջամտող վարչական ակտ, մինչդեռ այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից դրսևորվում է անգործություն, այն է` օրենքով սահմանված ժամկետում չի կայացվում վարչական վարույթը եզրափակող որևէ վարչական ակտ, որպիսի հանգամանքով պայմանավորված առկա է լինում ֆիկցիայի ուժով բարենպաստ վարչական ակտն ընդունված համարվելու իրավական նախադրյալ, ապա պարտավորեցման հայցը չի կարող համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանը, քանի որ այդ դեպքում դատական պաշտպանության ճիշտ եղանակը կարող է հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը: Այլ կերպ ասած` հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ օրենքով սահմանված ժամկետում չկայացվելու դեպքում թույլատրելի հայցատեսակ է հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը, որն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու, այն վարույթ ընդունելու և գործի քննություն իրականացնելու իրավական հնարավորությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հայկ Մխիթարյանի կողմից ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել շինարարության թույլտվություն:

Դատարանը 04.04.2024 թվականի վճռով հայցը բավարարել է` այն պատճառաբանությամբ, որ «(...) Հայցվոր Հայկ Մխիթարյանը 21.04.2023 թվականի դիմումով Երևան համայնքից խնդրել է իրեն տրամադրել շինարարության թույլտվություն:

Երևան համայնքի 06.06.2023 թվականի թիվ 18/77545-23 գրության համաձայն` վեճի առարկա հասցեի հողամասի տեղադիրքն ու կանաչապատ լինելը հաշվի առնելով Հայցվորի դիմումը մերժվել է:

(...) սույն դեպքում վարչական մարմինը, կրելով իր կողմից կայացված որոշման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, պետք է Դատարանին ներկայացներ ապացույցներ առ այն, որ սույն դեպքում առկա է եղել Կարգի 106-րդ կետով նախատեսված որևէ հիմք պահանջվող շինարարության թույլտվության տրամադրումը մերժելու համար:

Տվյալ դեպքում դատաքննությամբ չի պարզվել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ առկա է Կարգի 106-րդ կետով սահմանված մերժման հիմքերից որևէ մեկը, հայցվոր Հայկ Մխիթարյանի կողմից հայցվող շինարարության թույլտվության տրամադրման մերժման համար»:

Վերաքննիչ դատարանը 26.03.2025 թվականի որոշմամբ մերժել է Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 04.04.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) սույն վարչական գործով և թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործով տարբեր են հայցի առարկաները, այսինքն` նյութաիրավական պահանջը, որը Հայցվորը ներկայացրել է Պատասխանողի դեմ: Մասնավորապես` սույն վարչական գործը քննվում է պարտավորեցման հայցի շրջանակներում (Հայցվորը պահանջում է ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը), իսկ թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործը քննվում է գործողության կատարման հայցի շրջանակներում (Հայցվորը պահանջում է տրամադրել օրենքով սահմանված ժամկետում չընդունված վարչական ակտը): Նշվածով պայմանավորված` տարբեր են նաև իրավական հիմքերը, այսինքն` այն իրավական նորմերը, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը (հիմք` դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկություններ):

(...) վարչական ակտի ընդունում ենթադրող յուրաքանչյուր դիմում ենթադրում է վարչական վարույթի հարուցում և այն եզրափակող վարչական ակտի ընդունում: Վարչական վարույթի նյութերում առկա է նաև Երևանի քաղաքապետարանի 14.07.2023 թվականի թիվ 18/127672-23 գրությունը, որի համաձայն` ***(2) հասցեի հողամասում առևտրի տաղավարի տեղադրման աշխատանքային նախագիծը համաձայնեցնելու և շինարարության թույլտվություն ստանալու դիմումի վերաբերյալ Հայկ Մխիթարյանին հայտնվել է հետևյալը. «(...) ինչպես արդեն իսկ տեղեկացվել եք 06.06.2023թ. (...) գրությամբ, (...) դիտարկվող հասցեի հողամասի տեղադիրքն ու կանաչապատ լինելը հաշվի առնելով, Ձեր դիմումը մերժվել է»:

 

__________________

2) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Նշված գրության բովանդակությունից հետևում է, որ հայցվորի կողմից ներկայացվել է նաև այլ դիմում, որը մերժվել է նաև 14.07.2023 թվականի գրությամբ:

Վերոգրյալի հիման վրա` Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործի քննության պայմաններում վարչական գործի վարույթը կարճելու հիմքերի առկայության վերաբերյալ բողոքով ներկայացված փաստարկները: (...)»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Հայկ Մխիթարյանը 21.04.2023 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` ***(3) հասցեում տաղավարի կառուցման նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու և շինարարության թույլտվություն տրամադրելու խնդրանքով:

 

__________________

3) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.06.2023 թվականի թիվ 18/77545-23 պատասխան գրությամբ Հայկ Մխիթարյանի դիմումը մերժվել է` դիտարկվող հասցեի հողամասի տեղադիրքն ու կանաչապատ լինելը հաշվի առնելով:

Հայկ Մխիթարյանի կողմից ընդդեմ Երևան համայնքի ՀՀ վարչական դատարան ներկայացված պարտավորեցման հայցի հիմքով հարուցվել է սույն` թիվ ՎԴ/6031/05/23 վարչական գործը:

Հայկ Մխիթարյանի կողմից ընդդեմ Երևան համայնքի ՀՀ վարչական դատարան ներկայացված գործողության կատարման հայցի հիմքով հարուցվել է թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործը, որի քննության արդյունքում ՀՀ վարչական դատարանը 19.03.2024 թվականին կայացրել է Հայկ Մխիթարյանի հայցը բավարարելու մասին վճիռ` Երևան համայնքին պարտավորեցնելով տրամադրել 21.04.2023 թվականի թիվ Դ-47783-23 դիմումը բավարարելու մասին որոշում, որպիսի եզրահանգումը պատճառաբանել է հետևյալով.

«(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:

(...) Տվյալ պարագայում Երևան համայնքը Հայկ Մխիթարյանի կողմից 21.04.2023 թվականին ներկայացված շինարարության թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումը ստանալու օրվանից Կարգով սահմանված (II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտ) հնգօրյա ժամկետում շինարարության թույլտվություն չի տվել, ինչպես նաև (սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվել) չի մերժել շինարարության թույլտվությունը: Նման պայմաններում (...) շինարարության թույլտվություն ստանալու վերաբերյալ Հայցվորի դիմումը 21.04.2023 թվականին ստանալուց հետո Պատասխանողը դրսևորել է անգործություն:

Այսինքն` հաստատվում է այն հանգամանքը, որ Հայցվորի 21.04.2023 թվականին ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացվել:

Տվյալ պարագայում Հայկ Մխիթարյանի դիմումի հիման վրա վարչական վարույթը համարվել է հարուցված 21.04.2023 թվականին, հետևաբար եզրափակիչ վարչական ակտը Երևան համայնքը պարտավոր էր ընդունել մինչև 22.05.2023 թվականը ներառյալ, ինչը, սակայն, չի կատարել:

Նշվածը վկայում է այն մասին, որ վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում դրսևորել է անգործություն` չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որևէ այլ անհատական իրավական ակտ» (տե՛ս, www.Court.am դատական իշխանության պաշտոնական կայք կամ www.DataԼex.am դատական տեղեկատվական համակարգ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 19.03.2024 թվականի վճիռը բողոքարկվել է վերաքննության, ապա վճռաբեկության կարգով, այն չի բեկանվել և մտել է օրինական ուժի մեջ (հիմք` ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2025 թվականի որոշում) (տե՛ս, www.Court.am դատական իշխանության պաշտոնական կայքը կամ www.DataԼex.am դատական տեղեկատվական համակարգը):

Համադրելով թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված գործողության կատարման հայցի հարուցման նախադրյալ հանդիսացող հանգամանքները սույն վարչական գործի հարուցման նախադրյալ հանդիսացող փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտում, որպես Հայկ Մխիթարյանի կողմից բարենպաստ վարչական ակտ հայցելու մասին Երևան համայնքին դիմում ներկայացնելու օր, ամիս և տարեթիվ ՀՀ վարչական դատարանը դիտարկել է 21.04.2023 թվականը` հաստատված համարելով այդ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Երևան համայնքի կողմից անգործություն ցուցաբերելու հանգամանքը, այն է` նշված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում կայացված չլինելը, ինչի հաշվառմամբ էլ, ըստ էության, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը համարվել է թույլատրելի և կայացվել գործն ըստ էության լուծող դատական ակտ: Այսինքն` թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործով որպես գործողության կատարման հայցի հարուցման նախադրյալ հանդիսացող հանգամանք հիմք է ընդունվել հայցվորի կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված 21.04.2023 թվականի դիմումը:

Միևնույն ժամանակ սույն վարչական գործով ևս որպես պարտավորեցման հայց հարուցելու նախադրյալ հիմք է ընդունվել հայցվորի կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված 21.04.2023 թվականի դիմումը: Այս դեպքում, սակայն, Դատարանն արձանագրել է ոչ թե նշված դիմումի առնչությամբ պատասխանողի անգործություն ցուցաբերելու, այն է` նշված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չկայացնելու, այլ` դիմումը մերժելու մասին վարչական ակտ ընդունելու փաստ, ըստ այդմ` թույլատրելի համարելով պարտավորեցման հայցը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վարչական գործի վարույթը կարճելու հիմքերի առկայության վերաբերյալ վերաքննիչ բողոքով ներկայացված փաստարկներին, արձանագրել է, որ վարչական վարույթի նյութերում առկա է նաև Երևանի քաղաքապետարանի 14.07.2023 թվականի թիվ 18/127672-23 գրությունը, որի բովանդակությունից Վերաքննիչ դատարանը հետևություն է արել այն մասին, որ հայցվորի կողմից ներկայացվել է նաև այլ դիմում, որը մերժվել է նաև 14.07.2023 թվականի գրությամբ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը որպես պարտավորեցման հայց հարուցելու նախադրյալ վկայակոչել է այնպիսի փաստական հանգամանք, որպիսին հայցվորը չի ներկայացրել հայցադիմումով: Մասնավորապես, հայցադիմումի` «1. ԳՈՐԾԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՄԱՏՆԱՆՇՄԱՄԲ» վերտառությամբ բաժնում հայցվորը նշել է Երևանի քաղաքապետարան ներկայացված 21.04.2023 թվականի դիմումի և այն մերժելու մասին վերջինիս կողմից տրված 06.06.2023 թվականի թիվ 18/77545-23 գրության մասին, իսկ հայցապահանջով խնդրել է պարտավորեցնել Երևան համայնքին 21.04.2023 թվականի դիմումի հիման վրա Հայկ Մխիթարյանին տրամադրել շինարարության թույլտվություն, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված փաստն առ այն, որ հայցվորը ներկայացրել է նաև այլ դիմում, որը մերժվել է 14.07.2023 թվականի գրությամբ, չէր կարող ընդունվել որպես սույն գործով պարտավորեցման հայց հարուցելու նախադրյալ: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 14.07.2023 թվականի թիվ 18/127672-23 գրությամբ (գ.թ. 24) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, հղում անելով 06.06.2023 թվականի գրությանը, հիշեցրել է միայն այդ գրությամբ արդեն իսկ հայտնված տեղեկության մասին առ այն, որ վեճի առարկա հասցեի հողամասի տեղադիրքն ու կանաչապատ լինելը հաշվի առնելով հայցվորի դիմումը մերժվել է: Այսինքն` 14.07.2023 թվականի թիվ 18/127672-23 գրությունը չէր կարող սույն գործով պարտավորեցման հայց հարուցելու նախադրյալ հանդիսանալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Ընդ որում, 14.07.2023 թվականի թիվ 18/127672-23 գրությունը որպես սույն գործով պարտավորեցման հայց հարուցելու նախադրյալ դիտարկելով հանդերձ` Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք նշված գրությունը (եթե անգամ այն համարվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական ակտ) տրվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված ժամկետում, քանի որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին հայցվորի պահանջը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում ընդունված լինելու փաստի բացակայությունն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական ակտը ևս չի կարող հիմք հանդիսանալ պարտավորեցման հայցի քննության համար: Հետևաբար 14.07.2023 թվականի թիվ 18/127672-23 գրության բովանդակությունը բավարար չէր կարող լինել հետևություն անելու համար այն մասով, որ այն տրվել է օրենքով սահմանված ժամկետում:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և փաստական հանգամանքների վերլուծությունների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չի եղել պարտավորեցման հայց ներկայացնելու անհրաժեշտ և պարտադիր նախապայմաններից մեկը, այն է` բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից օրենքով սահմանված ժամկետում մերժելու փաստը: Նշվածը հիմնավորվում է այն հանգամանքով, որ շինարարության թույլտվություն ստանալու վերաբերյալ հայցվոր Հայկ Մխիթարյանի դիմումը Երևանի քաղաքապետարանում մուտք է եղել 21.04.2023 թվականին, որից սկսված 30-օրյա ժամկետում վարչական մարմինը բարձրացված հարցի վերաբերյալ պետք է կայացներ որոշում` եզրափակելով անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Մինչդեռ, դիմումի վերաբերյալ պատասխանը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության թիվ 18/77545-23 գրությունը, կայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ` 06.06.2023 թվականին: Նշվածից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.06.2023 թվականի թիվ 18/77545-23 գրությունը չի կարող հանդիսանալ Հայկ Մխիթարյանի 21.04.2023 թվականի դիմումով հայցված բարենպաստ վարչական ակտը մերժելու մասին օրենքով սահմանված ժամկետում ընդունված միջամտող վարչական ակտ, հետևաբար խոսք չի կարող լինել վարչական մարմնի հետ վեճի առկայության մասին, ուստի պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմանը տվյալ դեպքում բացակայել է:

Միաժամանակ, հաշվի անելով, որ հայցվոր Հայկ Մխիթարյանի կողմից 21.04.2023 թվականին ներկայացված դիմումի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում պատասխանող Երևան համայնքը որևէ որոշում չի կայացրել, իսկ հայցադիմումում որպես հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ վկայակոչված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության թիվ 18/77545-23 գրությունը կայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ` 06.06.2023 թվականին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցվորն իր իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետորեն կարող էր իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցի շրջանակում` պահանջելով տրամադրել օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտը, որպիսի իրավունքը հայցվորի կողմից իրացվել է մեկ այլ` թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործով, որի քննության արդյունքում կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով պատասխանող Երևան համայնքը պարտավորեցվել է տրամադրել օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտը` Հայկ Մխիթարյանի 21.04.2023 թվականի թիվ Դ-47783-23 դիմումը բավարարելու մասին որոշումը:

 

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից Երևան համայնքին ներկայացված 21.04.2023 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը եզրափակող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում ընդունված չլինելու հանգամանքն ինքնին բացառել է պարտավորեցման հայց հարուցելու իրավական հնարավորությունը, ինչը կարող էր և պետք է բացահայտվեր սույն գործով ներկայացված պարտավորեցման հայցադիմումի ընդունելիության փուլում, որպիսի պարագայում Դատարանը պարտավոր էր կատարելու ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու մատնանշման իր պարտականությունը` առաջարկելով հայցվորին պարտավորեցման հայցը փոխարինել գործողության կատարման հայցով, որպիսի առաջարկը չընդունվելու դեպքում կայացնել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում: Այնինչ, Դատարանը, չիրականացնելով թվարկած դատավարական անհրաժեշտ գործողությունները, ներկայացված պարտավորեցման հայցը դատարանում քննության ենթակա չլինելու պայմաններում այն համարել է թույլատրելի, վարույթ է ընդունել և իրականացրել գործի ըստ էության քննություն` կայացնելով վեճն ըստ էության լուծող դատական ակտ: Ավելին, սույն` թիվ ՎԴ/6031/05/23 վարչական գործով հայցադիմումը 03.08.2023 թվականի որոշմամբ վարույթ ընդունելուց հետո նույն անձի` Հայկ Մխիթարյանի կողմից 10.11.2023 թվականին ներկայացվել է նաև գործողության կատարման հայց, որը ևս ՀՀ վարչական դատարանի 16.11.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ` վարչական գործ թիվ ՎԴ/9192/05/23: Ընդ որում, ըստ www.Court.am դատական իշխանության պաշտոնական կայքի տվյալների` թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը կայացվել է 19.03.2024 թվականին, որով Հայկ Մխիթարյանի հայցն ընդդեմ Երևան համայնքի, բավարարվել է, և Երևան համայնքը պարտավորեցվել է տրամադրել 21.04.2023 թվականի թիվ Դ-47783-23 դիմումը բավարարելու մասին որոշում, որից հետո` 04.04.2024 թվականին կայացվել է սույն գործով վճիռը, որով Հայկ Մխիթարյանի հայցն ընդդեմ Երևան համայնքի բավարարվել է, և Երևան համայնքը պարտավորեցվել է 21.04.2023 թվականի դիմումի հիման վրա Հայկ Մխիթարյանին տրամադրել շինարարության թույլտվություն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմանի բացակայության, մատնանշման պարտականությունը չկատարելու, այն է` ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ չներկայացնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքի առկայության պայմաններում Դատարանը վարույթ է ընդունել ոչ թույլատրելի հայց, իրականացրել գործի քննություն, մինչդեռ առկա է եղել սույն գործի վարույթը կարճելու հիմք, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի բովանդակությանը` արձանագրել է, որ դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորության կիրառումն օրենսդիրը բնավ չի պայմանավորել վճռաբեկ բողոքը բավարարելու հանգամանքով, (...) (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ներկայացված պարտավորեցման հայցադիմումը ենթակա չի եղել վարույթ ընդունման, իսկ վարույթ ընդունելու պարագայում սույն գործի վարույթը ենթակա է եղել կարճման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից, ուստի տվյալ դեպքում առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` գործի վարույթը կարճելու հիմք, այն է` բացահայտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք, քանի որ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում ընդունված չլինելու պայմաններում պարտավորեցման հայցը ենթակա չի եղել դատարանում քննության:

Վերը նշված պատճառաբանությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքում բերված փաստարկներին, քանի որ դրանք այլևս որևէ նշանակություն չունեն գործի լուծման համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի:

Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում սույն գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հատուցման պարտականությունը պետք է դրվի հայցվորի վրա: Ըստ այդմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար Հայկ Մխիթարյանն արդեն իսկ վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ներկայացման համար Երևանի քաղաքապետարանը վճարել է համապատասխանաբար 20.000 ՀՀ դրամ և 30.000 ՀՀ դրամ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամի և 30.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով, ենթակա է հատուցման հայցվոր Հայկ Մխիթարյանի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2025 թվականի որոշումը և սույն գործի վարույթը կարճել:

2. Հայկ Մխիթարյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար և 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Հ. Բեդևյան

Զեկուցող` Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3097

 

pin
Վճռաբեկ դատարան
23.12.2025
N ՎԴ/6031/05/23
Որոշում