Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ Ս ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2026 թվականի N 07-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

4/8/2026

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2026 թվականի ապրիլի 8-ի

N 07-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափանիշները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` դպրոց) անվտանգության ապահովմանն ուղղված կազմակերպական, տեխնիկական և վարքագծային միջոցառումների իրականացման արդյունքների գնահատման գործընթացի սկզբունքները և կիրառման շրջանակը:

2. Սույն հրամանի նպատակն է ապահովել դպրոցի սովորողների, մանկավարժական և վարչական աշխատողների, ինչպես նաև դպրոցում օրինական հիմքով գտնվող այլ անձանց կյանքի, առողջության, արժանապատվության և գույքի պաշտպանությունը` ներառյալ անվտանգության ռիսկերի համակարգված գնահատումը, կանխատեսումը և նվազեցումը:

3. Սույն հրամանի պահանջները կիրառվում են դպրոցի սովորողների, աշխատակիցների, ծնողների և դպրոց մուտք գործող այլ անձանց հետ փոխհարաբերություններում:

4. Անվտանգության ապահովման միջոցառումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը` ապահովելով դրանց իրականացման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և շարունակական մշտադիտարկումը:

 

2. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

5. Դպրոցի ֆիզիկական միջավայրը` ներառյալ դպրոցի շրջակայքն ու ենթակառուցվածքները պետք է տեղակայված, կառուցված և կահավորված լինեն` ապահովելով անվտանգության, հասանելիության և մատչելիության պահանջների պահպանումը:

i

6. Դպրոցի ենթակառուցվածքների անվտանգության չափանիշները պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի` 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված սանիտարական և ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված քաղաքաշինական նորմերին:

 

3. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

7. Դպրոցում ձևավորված կրթական միջավայրը պետք է լինի անվտանգ և զերծ սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերից` ներառյալ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնությունը, անտեսումը, թրաֆիքինգը և շահագործումը, ինչպես նաև դրանց մասնավոր դրսևորումները` բուլինգը, կիբերբուլինգը և ֆիզիկական (մարմնական) պատիժը:

8. Դպրոցը պետք է իրականացնի համակարգված և շարունակական կանխարգելիչ միջոցառումներ` ուղղված սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի, այդ թվում` թրաֆիքինգի և բուլինգի կանխարգելմանը:

9. Դպրոցը պետք է ապահովի դրական, անվտանգ և աջակցող բարոյահոգեբանական միջավայր` ձևավորելով փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, ներառականության և համագործակցության մշակույթ: Այդ նպատակով դպրոցը պետք է`

1) իրականացնի սովորողների սոցիալական-հուզական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ.

2) ձևավորի կոնֆլիկտների խաղաղ և կառուցողական լուծման կարողություններ.

3) խթանի դրական վարքագծի և արդյունավետ հաղորդակցման մշակույթ.

4) իրականացնի հոգեկան առողջության պահպանման, հուզական բարեկեցության և սթրեսի հաղթահարմանն ուղղված ծրագրեր.

5) իրականացնի թվային անվտանգության, մեդիագրագիտության և պատասխանատու առցանց վարքագծի ձևավորմանն ուղղված ծրագրեր.

6) ապահովի աջակցող և ներառական միջավայր` հաշվի առնելով սովորողների անհատական, մշակութային և զարգացման առանձնահատկությունները:

10. Դպրոցի անձնակազմը պետք է ծանոթ լինի սովորողների նկատմամբ բռնության, թրաֆիքինգի, բուլինգի և դրանց տարբեր ձևերի հնարավոր նշաններին, ինչպես նաև ժամանակին բացահայտի սովորողների վարքագծային, հուզական կամ սոցիալական փոփոխությունները և այլ նախազգուշացնող նշանները, որոնք կարող են վկայել նման դեպքերի առկայության մասին, և անհապաղ տեղեկացնի այդ մասին դպրոցի սովորողի պաշտպանության (այսուհետ` ՍՊ) թիմին:

11. Դպրոցը պետք է ապահովի բռնության, թրաֆիքինգի և բուլինգի դեպքերի արձագանքման հստակ ընթացակարգեր` ներառյալ դեպքերի գրանցումը, գնահատումը, անհրաժեշտ աջակցությունը և, ըստ անհրաժեշտության, համապատասխան իրավասու մարմիններին ուղղորդումը` համագործակցելով առողջապահական, սոցիալական, իրավապահ և համայնքային ծառայությունների հետ:

12. Բոլոր միջամտությունները պետք է իրականացվեն սովորողակենտրոն մոտեցմամբ` ապահովելով սովորողի լավագույն շահը, արժանապատվությունը, անձնական կյանքի և տեղեկատվության գաղտնիության պաշտպանությունը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը` բացառելով խտրականության ցանկացած դրսևորում:

13. Սովորողները պետք է ներգրավվեն դպրոցի անվտանգ միջավայրի ձևավորման գործընթացում` իրազեկման, ինքնապաշտպանության և փոխաջակցության ծրագրերի միջոցով:

14. Դպրոցը պետք է խթանի ծնողների և համայնքի ակտիվ մասնակցությունը սովորողների անվտանգության ապահովման, բռնության կանխարգելման, ինչպես նաև սովորողների տոկունության և բարեկեցության բարձրացման գործընթացներին:

 

4. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ, ԱԼԿՈՀՈԼԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

15. Դպրոցը պետք է կազմակերպի տեղեկատվական և իրազեկման միջոցառումներ` ներառյալ տեսանյութերի դիտում, քննարկումներ և թեմատիկ դասընթացներ, որոնք ուղղված են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման վնասների, ռիսկերի և հետևանքների վերաբերյալ սովորողների գիտելիքների և իրազեկվածության բարձրացմանը:

16. Դպրոցը դասղեկների և մասնագետների միջոցով պետք է կազմակերպի հանդիպումներ սովորողների ծնողների հետ` նպատակ ունենալով բարձրացնել նրանց իրազեկվածությունը դեռահասների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման ռիսկերի, վաղ նշանների ճանաչման, ինչպես նաև կանխարգելման և աջակցության հնարավորությունների վերաբերյալ:

17. Դպրոցն ուսումնական գործընթացին հաջորդող ժամանակահատվածում պետք է աջակցի սովորողների օգտակար զբաղվածությանը` նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպը և բարձրացնել սովորողների սոցիալական դիմադրողականությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման նկատմամբ:

 

5. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

18. Դպրոցը պետք է կազմակերպի սովորողների և անձնակազմի իրազեկման միջոցառումներ` արտակարգ իրավիճակների, այդ թվում` բնական և տեխնածին վտանգների (հրդեհ, երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, պայթյուն, քիմիական արտահոսքեր և այլն) դեպքում անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ` ներառյալ թեմատիկ տեսանյութերի դիտում, տեղեկատվական նյութերի ներկայացում և դրանց շուրջ քննարկումներ:

19. Սովորողների իրազեկման և պատրաստվածության բարձրացման նպատակով դպրոցում պետք է իրականացվեն պարբերական զրույցներ, դասարանային քննարկումներ և գործնական վարժանքներ` բնական և տեխնածին վտանգների առաջացման ռիսկերի, կանխարգելման միջոցների և ինքնապաշտպանության քայլերի վերաբերյալ:

20. Դպրոցը պետք է ապահովի տարհանման պլանների առկայությունը, դրանց տեսանելիությունը և հասանելիությունը բոլոր անձանց համար, ինչպես նաև կազմակերպի պարբերական տարհանման վարժանքներ:

21. Դպրոցում պետք է իրականացվեն ճանաչողական շրջայցեր` ներկայացնելով անվտանգության տեսանկյունից կարևոր գոտիները` արտակարգ ելքերը, հավաքատեղիները, անվտանգ երթուղիները և այլ համապատասխան տարածքները:

22. Դպրոցը պետք է համագործակցի լիազորված պետական և համայնքային կառույցների հետ` արտակարգ իրավիճակների կանխարգելման, պատրաստվածության և իրազեկման միջոցառումների կազմակերպման և իրականացման նպատակով:

23. Դպրոցը պետք է համագործակցի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վերաբերյալ իրազեկման, պատրաստվածության և գործնական վարժանքների կազմակերպման նպատակով` ապահովելու սովորողների և դպրոցի անձնակազմի անվտանգությունը:

 

6. ՍՊ ԹԻՄԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

24. ՍՊ թիմը դպրոցի ներսում ձևավորված բազմամասնագիտական աշխատանքային խումբ է, որի նպատակն է ապահովել սովորողների անվտանգությունը, բարեկեցությունը և հոգեկան առողջության պահպանումը, ինչպես նաև սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, արձագանքումը, անհրաժեշտ աջակցությունը և համապատասխան ծառայություններին ժամանակին ուղղորդումը:

25. ՍՊ թիմը գործում է սովորողակենտրոն մոտեցմամբ` առաջնորդվելով սովորողի լավագույն շահի, արժանապատվության, մասնակցության, խտրականության բացառման, անձնական կյանքի և տեղեկատվության գաղտնիության պաշտպանության, տվյալների անվտանգ պահպանման և մասնագիտական գաղտնիության պահպանման սկզբունքներով:

26. ՍՊ թիմի կազմում ընդգրկվում են դպրոցի տնօրենը կամ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը (կառավարման նոր համակարգի չանցած դպրոցներում` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալը կամ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը), վարչատնտեսական համակարգողը (կառավարման նոր համակարգի չանցած դպրոցներում` ֆինանսատնտեսական մասով տնօրենի տեղակալը կամ տնտեսվարը), դասղեկը կամ ուսուցիչը, հոգեբանը, ծնողական խորհրդի ներկայացուցիչը և աշակերտական խորհրդի ներկայացուցիչը:

27. ՍՊ թիմի հիմնական գործառույթներն են` սովորողների նկատմամբ բռնության, բուլինգի և այլ ռիսկային իրավիճակների կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկատվության ուսումնասիրումը և ռիսկերի գնահատումը, սովորողների անվտանգության և լավագույն շահի ապահովման նպատակով համապատասխան ծառայություններին և իրավասու մարմիններին ժամանակին ուղղորդումը, ուղղորդման գործընթացի ընթացքի մշտադիտարկումը և հետադարձ կապի ապահովումը, սովորողին և նրա ընտանիքին հոգեբանական, սոցիալական և կրթական աջակցություն տրամադրումը, ծնողների, ինչպես նաև սովորողների պաշտպանության և հոգեկան առողջության խթանմանն ուղղված կանխարգելիչ ծրագրերի և իրազեկման միջոցառումների իրականացումը:

28. Դպրոցի տնօրենը պետք է`

1) ապահովի սույն հրամանի պահանջների իրականացումը և դրանց կատարման մշտադիտարկումը.

2) կազմակերպի և վերահսկի դպրոցի ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները.

3) համակարգի ՍՊ թիմի գործունեությունը և ապահովի դրա արդյունավետ աշխատանքը.

4) ձևավորի դրական, անվտանգ և ներառական դպրոցական մշակույթ` խթանելով փոխադարձ հարգանքը, համագործակցությունը և վստահությունը.

5) սահմանի և կիրառի կանոններ և ընթացակարգեր` ուղղված սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի, այդ թվում` բուլինգի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և արձագանքմանը.

6) ապահովի դպրոցի անձնակազմի շարունակական մասնագիտական զարգացումը սովորողների պաշտպանության, հոգեկան առողջության, սոցիալ-հուզական զարգացման և անվտանգ միջավայրի ձևավորման թեմաներով.

7) ապահովի մեծահասակների շարունակական և նպատակային վերահսկողությունը դպրոցի բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներում` մասնավորապես` խաղահրապարակում, սանհանգույցներում, միջանցքներում, ճաշարանում, բակում, նկուղում և նմանատիպ այլ հատվածներում.

8) ապահովի բռնության կամ բուլինգի ենթարկված սովորողների համալիր աջակցությունը` հոգեբանական, սոցիալական և կրթական ծառայությունների միջոցով.

9) կազմակերպի միջոցառումներ` բռնության մեջ ներգրավված սովորողների վարքագծի փոփոխման և վերականգնողական աջակցության ուղղությամբ` պահպանելով սովորողի լավագույն շահի սկզբունքը.

10) ուսումնական տարվա ընթացքում, առնվազն կիսամյակային պարբերականությամբ, մանկավարժական խորհրդին ներկայացնի հաշվետվություն` սովորողների պաշտպանության, անվտանգության և իրականացված միջամտությունների վերաբերյալ:

29. Վարչատնտեսական համակարգողը պետք է`

1) ապահովի դպրոցի ենթակառուցվածքային և տեխնիկական անվտանգության պահանջների իրականացումը.

2) վերահսկի շենքային պայմանների տեխնիկական վիճակը և ռիսկերի նվազեցումը.

3) ապահովի տարհանման պլանների, նշանների և անվտանգության միջոցների արդիականացումը:

4) կազմակերպի մշտական հսկողության իրականացումը` հատկապես դպրոցի մարդաշատ և ռիսկային հատվածներում.

5) ապահովի դպրոցի տարածքի անվտանգությունը` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ անծանոթ կամ կասկածելի անձանց մուտքը կանխելու և վերահսկելու նպատակով:

30. Դպրոցի դասղեկը (ուսուցիչը) պետք է`

1) ապահովի սովորողների համար անվտանգ, աջակցող և հոգեբանական բարեկեցությանը նպաստող կրթական միջավայր.

2) իրականացնի կանխարգելիչ աշխատանքներ` ուղղված սոցիալական, բարոյական և քաղաքացիական արժեքների ձևավորմանը.

3) նպաստի սովորողների սոցիալ-հուզական հմտությունների զարգացմանը` ներառյալ ապրումակցությունը, հույզերի կառավարումը, կոնֆլիկտների խաղաղ լուծումը և հաղորդակցման հմտությունները.

4) ուշադրություն դարձնի սովորողների վարքագծային, հուզական և սոցիալական փոփոխություններին և սովորողների նկատմամբ բռնության հնարավոր նշաններին.

5) բացահայտված կամ կասկածելի դեպքերի մասին անհապաղ տեղեկացնի ՍՊ թիմին.

6) ապահովի համապատասխան գրանցումների վարումն ու փաստաթղթավորումը` պահպանելով գաղտնիության և մասնագիտական էթիկայի սկզբունքները.

7) ստեղծի վստահելի և անվտանգ միջավայր, որտեղ սովորողները կարող են ազատորեն արտահայտել իրենց մտահոգությունները.

8) խրախուսի դրական վարքագիծը և փոխադարձ հարգանքը սովորողների միջև:

31. Դպրոցի հոգեբանը պետք է`

1) իրականացնի սոցիալ-հուզական հմտությունների զարգացման ծրագրեր.

2) նպաստի սովորողների հոգեկան առողջության պահպանմանը և բարեկեցությանը.

3) զարգացնի հույզերի ճանաչման, ինքնակարգավորման և ապրումակցության հմտությունները.

4) իրականացնի անհատական և խմբային հոգեբանական աջակցություն` բռնության կամ բուլինգի ենթարկված, ինչպես նաև ռիսկային վարք ունեցող սովորողների համար.

5) աջակցի կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը և միջանձնային հարաբերությունների բարելավմանն ուղղված մոտեցումների կիրառմանը.

6) իրականացնի ծնողների հետ խորհրդատվական հանդիպումներ` դրական ծնողավարության և սովորողի հոգեկան առողջության թեմաներով.

7) անհրաժեշտության դեպքում կազմակերպի և ապահովի սովորողների և նրանց ծնողների` համապատասխան մասնագիտական ծառայություններին ուղղորդումը.

8) մասնակցի ՍՊ թիմի աշխատանքներին և ներգրավվի դեպքերի գնահատման և արձագանքման գործընթացներին:

32. Ծնողական խորհրդի ներկայացուցիչը պետք է`

1) աջակցի դպրոցում սովորողների անվտանգության, բարեկեցության և պաշտպանվածության ապահովման գործընթացներին.

2) նպաստի ծնողական համայնքի իրազեկվածության բարձրացմանը` սովորողների իրավունքների պաշտպանության, բռնության կանխարգելման և հոգեկան առողջության պահպանման հարցերում.

3) համագործակցի դպրոցի ղեկավարության և ՍՊ թիմի հետ` նախաձեռնելով և կազմակերպելով համատեղ ծրագրեր, միջոցառումներ և իրազեկման նախաձեռնություններ, ինչպես նաև աջակցի դպրոցի և համայնքի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը.

4) մասնակցի դպրոցական միջավայրի բարելավման և դրական մշակույթի ձևավորման գործընթացներին:

33. Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը պետք է`

1) նպաստի դպրոցում անվտանգ, հարգալից և ներառական միջավայրի ձևավորմանը.

2) բարձրաձայնի սովորողների մտահոգությունները և նպաստի նրանց իրավունքների պաշտպանությանը.

3) ներգրավվի իրազեկման, կանխարգելիչ և փոխաջակցության ծրագրերում, խթանի հասակակիցների միջև համագործակցությունը, հանդուրժողականությունը և կոնֆլիկտների խաղաղ լուծումը.

4) աջակցի բուլինգի և բռնության կանխարգելմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը` նպաստելով սովորողների շրջանում պատասխանատու, հարգալից և անվտանգ վարքագծի ձևավորմանը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
08.04.2026
N 07-Ն
Հրաման