Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՈՎ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՄԱՐ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

   ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՍԴ2/0257/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0257/02/17        2026 թ.

   Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

   Դատավորներ`        Ս. Մատինյան

                                    Ն. Կարապետյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Գ. Հակոբյան

զեկուցող` Ա. Մկրտչյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2026 թվականի փետրվարի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Ռաֆիկ Խաչատրյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2024 թվականի որոշման դեմ Ռաֆիկ Խաչատրյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ռաֆիկ Խաչատրյանից բռնագանձել 2.527.691,60 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի գումար, և շարունակել տոկոսների հաշվարկը ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ 15.05.2017 թվականից մինչև դրա փաստացի մարումը օրական 0,1 տոկոսով, ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար կիրառել օրական 0,3 տոկոսի չափով տույժ` մինչև դրա փաստացի մարումը:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2023 թվականի որոշմամբ Ռաֆիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ամբողջ ծավալով ուղարկվել է նոր քննության:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.12.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2024 թվականի որոշմամբ Ռաֆիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.12.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Դատավոր Ն. Կարապետյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ և 170-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը երկու ինստիտուտների կիրառելիությունն անհիմն կապել է միմյանց հետ` հայցի առարկան և հիմքը փոփոխելն անուղղակիորեն պայմանավորելով կողմերից մեկի կողմից ապացուցված հանգամանքները գնահատման առարկա չդարձնելու հետ, ինչի արդյունքում խեղաթյուրվել են երկու ինստիտուտների նպատակները:

Վերաքննիչ դատարանը, ձևականորեն արձանագրելով, որ սահմանափակված է հայցվորի կողմից ներկայացված հայցի հիմքով և առարկայով` անտեսել է, որ իր կողմից ընթացիկ վճարումներ կատարելու պայմաններում պարտավորության չափը նվազեցված է, հետևաբար ներկայացված պահանջն ամբողջությամբ ենթակա չէ բավարարման, հակառակ դեպքում դատական ակտով իր վրա կարող է դրվել անհամաչափ բեռ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, քանի որ պատշաճ ուշադրության չի արժանացրել իր կողմից ներկայացված` վճարումները կատարված լինելու վերաբերյալ ապացույցները:

Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել պարտքի գումարի չափի վերաբերյալ միակողմանիորեն կազմված, իրավաբանական անձի գլխավոր հաշվապահի և վարչության պետի կողմից ստորագրված տեղեկանքը, մինչդեռ պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքն արժանահավատության ցածր աստիճան ունեցող ապացույց է, առավել ևս այն պայմաններում, երբ մյուս կողմը վիճարկում է պարտավորության չափը, ինչպես նաև ներկայացնում է գործի քննության ընթացքում մարումներ կատարած լինելու վերաբերյալ պատշաճ ապացույցներ:

Վերաքննիչ դատարանի այն դիտարկումը, որ պարտավորության կատարման հետ կապված հարցերը ենթակա են պարզման դատական ակտի հարկադիր կատարման փուլում, առնվազն անտրամաբանական է, քանի որ այդկերպ գործի շրջանակներում գնահատման առարկա չի դարձվում էական նշանակություն ունեցող հարցի` պարտավորության չափի պարզման հարցը, որպիսի պայմաններում դատարանի գործողությունները նույնիսկ կարող են որակվել որպես արդարադատություն իրականացնելու պարտականությունից խուսափում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2024 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Ռաֆիկ Խաչատրյանի միջև 23.12.2015 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որով Ռաֆիկ Խաչատրյանին տրամադրվել է 2.938.000 ՀՀ դրամի չափով վարկ` մինչև 24.12.2018 թվականը մարման ժամկետով, տարեկան 22 տոկոս տոկոսադրույքով, իսկ ժամկետանց վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ մինչև դրա ամբողջական մարումը կիրառվում է օրական 0,1 տոկոսի չափով տույժ, իսկ ժամկետանց տոկոսագումարների համար` օրական 0,3 տոկոսի չափով տույժ (հատոր 1-ին, գ.թ. 9-18).

2) 14.07.2017 թվականին Բանկի կողմից ներկայացվել է հայց ընդդեմ Ռաֆիկ Խաչատրյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 3).

3) Բանկի գլխավոր հաշվապահ Ա. Ավետիսյանի և խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի վարչության պետ Տ. Ալեքսանյանի կողմից տրված տեղեկանքի համաձայն` 15.05.2017 թվականի դրությամբ Ռաֆիկ Խաչատրյանի վարկի պարտքի ընդհանուր գումարը կազմել է 2.527.691,60 ՀՀ դրամ, որից 2.225.164,20 ՀՀ դրամը` որպես վարկի գումար (որից 371.369,50 ՀՀ դրամը` որպես վարկի ժամկետանց գումար), 216.812,20 ՀՀ դրամը` որպես վարկի դիմաց հաշվարկված տոկոս (որից 186.643,60 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոս), 49.626,20 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ, 31.889 ՀՀ դրամը` որպես ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ, 4.200 ՀՀ դրամը` որպես վարկի սպասարկման հաշիվներ (հատոր 1-ին, գ.թ. 19).

4) Ռաֆիկ Խաչատրյանի վարկի վերաբերյալ 19.08.2019 թվականի քաղվածքի համաձայն` վերջինիս կողմից գործի քննության ընթացքում` 15.05.2017 թվականից հետո կատարվել են վարկի մարմանն ուղղված մասնակի վճարումներ (հատոր 2-րդ, գ.թ. 21, 22):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գումար բռնագանձելու հայցապահանջով գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցադիմումով պահանջվող պարտավորությունները մասնակի կատարելու իրավական հետևանքներին:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի հայցն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու և կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ կատարում ենթադրող վճռի դեպքում պատասխանողը պարտավոր է կատարել վճռով իր վրա դրված ամբողջ պարտականությունը և անձի վրա չի կարող դրվել պարտավորության չափին չհամապատասխանող լրացուցիչ պարտականություններ: Ընդ որում, վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի, (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը: (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ` օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի (...), փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու հիմքերից է օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթը (տե՛ս ըստ «Արարատ բանկ» ԲԲԸ-ի դիմումի թիվ ԵԿԴ/0986/17/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2024 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան, իսկ հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը: Ընդ որում, հարկադիր կատարողը կրում է իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելու պարտավորություն: Այսինքն` նշվածից հետևում է, որ դատական ակտի հարկադիր կատարման ժամանակ թե՛ հարկադիր կատարողը և թե՛ կատարողական վարույթի մասնակիցներն իրավասու չեն միմյանց ներկայացնելու այնպիսի պահանջներ, որոնք նախատեսված չեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթում: Հակառակ դեպքում նման գործողությունները կհանգեցնեն կատարողական թերթի պահանջների կատարման եղանակի կամ կարգի փոփոխման: Դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը: Այդ առումով ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հիշատակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ամրագրած իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Դժվար կլինի պատկերացնել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, չպաշտպանի դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցնի իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս (տե՛ս Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշման շրջանակներում բացահայտելով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի տեղը և դերը դատական պաշտպանության ու արդար դատաքննության ինստիտուտների համակարգում, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ, հակառակ պարագայում կիմաստազրկվեն ոչ միայն պետական, այդ թվում` դատական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, այլև ընդհանրապես արդարադատության ու դատական գործառույթներ իրականացնող այլ մարմինների համակարգի գոյությունը: Դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի դերը սահմանափակվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելով, որի հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է: Միևնույն ժամանակ, կատարողական վարույթում օրենքով նախատեսված չէ որևէ լիազորություն կատարողական թերթում նշված դատական ակտի եզրափակիչ մասի կատարման ենթակա մասը փոփոխելու վերաբերյալ: Հետևաբար գործի քննության ընթացքում հայցադիմումով պահանջվող պարտավորությունների մի մասի փաստացի կատարման դեպքում, եթե դատարանը հայցը չի բավարարում կատարված պարտավորության չափին համամասնորեն, ապա կատարողական վարույթում այլևս բացակայում է պարտավորության չափը նվազեցնելու իրավական հնարավորությունը: Հատկանշական է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված փաստացի կատարումը նույնպես վերաբերում է կատարողական թերթում նշված գումարին (կատարողական թերթը փաստացի կատարվել է կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով):

Վերը նշվածից հետևում է, որ դատարանը, անկախ կողմերի դատավարական գործողություններ կատարելու, մասնավորապես` նաև հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու միջնորդություն ներկայացրած լինելու կամ չլինելու հանգամանքից, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հայցվորին (դիմողին) վերապահված տնօրինչական իրավունք է, պետք է կայացնի կատարման ենթակա այնպիսի դատական ակտ, որը համապատասխանում է հայցվորի խախտված իրավունքի` գումարի չափին և չի հանգեցնում պատասխանողի համար լրացուցիչ պարտավորության:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից`

ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.

բ) 10.000 դրամից մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով.

գ) մինչև 10.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով` բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:

դ) գույքային բնույթի կատարողական վարույթներով պարտապանի գույքի պահպանությունը սույն օրենքի 40.1-ին հոդվածով սահմանված կարգով հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացվելու դեպքում` սույն մասի «ա-գ» ենթակետերով սահմանված ծախսերից զատ` նաև պահպանության համար փաստացի կատարված ծախսերի չափով:

Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ կախված վճռով անձի վրա դրված պարտականությունից` դատական ակտերի հարկադիր կատարման փուլում կատարողական գործողությունների կատարման ծախսերը տարբեր են: Հետևաբար պատասխանողի կողմից գործի քննության ընթացքում հայցադիմումով պահանջվող պարտավորությունները մասնակիորեն կատարելու պայմաններում` հայցն ամբողջությամբ բավարարվելու դեպքում վերջինիս վրա դրվում է պարտավորության չափից ավել լրացուցիչ բեռ:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` 14.07.2017 թվականին Բանկը, դիմելով դատարան, պահանջել է Ռաֆիկ Խաչատրյանից բռնագանձել 2.527.691,60 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի գումար, և շարունակել տոկոսների հաշվարկը ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ 15.05.2017 թվականից մինչև դրա փաստացի մարումը օրական 0,1 տոկոսով, ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար կիրառել օրական 0,3 տոկոսի չափով տույժ` մինչև դրա փաստացի մարումը:

Ռաֆիկ Խաչատրյանի վարկի վերաբերյալ 19.08.2019 թվականի քաղվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս գործի քննության ընթացքում` 15.05.2017 թվականից հետո կատարել է վարկի մարմանն ուղղված մասնակի վճարումներ:

Դատարանը 25.12.2023 թվականի վճռով հայցը բավարարել է, արձանագրելով, որ «(...) Տվյալ դեպքում, ըստ գործում առկա բանկի տեղեկանքի, Ռաֆիկ Խաչատրյանի պարտքը գոյացել է վերը նշված գումարները չվճարելու հետևանքով և 15.05.2017 թվականի դրությամբ այն կազմում է 2,225,164.20 ՀՀ դրամ, որից ժամկետանց վարկ 371,369.50 ՀՀ դրամ է, իսկ ժամկետանց տոկոսագումարը 186,643.60 ՀՀ դրամ: Հետևաբար դատարանը գտնում է, որ նշված գումարների նկատմամբ էլ ենթակա է հաշվարկման տույժեր պայմանագրով նախատեսված համամասնությամբ` ժամկետանց վարկի գումարների նկատմամբ օրական 0.1 տոկոսի չափով, իսկ ժամկետանց տոկոսագումարների նկատմամբ` օրական 0.3 տոկոսի չափով:(...)»:

Վերաքննիչ դատարանը 08.10.2024 թվականի որոշմամբ Ռաֆիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 25.12.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) Պատասխանողի կողմից գործի քննության ընթացքում` 15.05.2017 թվականից հետո մասնակի վճարումները (փաստ 4) ենթակա են հաշվանցման բռնագանձման փուլում, քանի որ դատական ակտով վճռվել է բռնագանձել 15.05.2017 թվականի դրությամբ հաշվարկված պարտքը, որը գործի քննության ընթացքում մարված չէ, միաժամանակ մասնակի վճարումների հիմքով նոր հաշվարկ և հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն հայցվորի կողմից Դատարան չի ներկայացվել, հետևաբար բողոքի (3) հիմնավորումը Վերաքննիչ դատարանը գնահատում է գործի ելքի վրա ազդեցություն չունեցող: (...)»:

Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում պատասխանող Ռաֆիկ Խաչատրյանը գործի քննության ընթացքում կատարել է վարկի մարմանն ուղղված մասնակի վճարումներ` մասնակիորեն կատարելով հայցադիմումով պահանջվող պարտավորությունները (տե՛ս փաստ 3): Հաշվի առնելով վերոգրյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եզրափակիչ դատական ակտով պետք էր կատարել գործի քննության ընթացքում կատարված վճարումների չափով նվազեցումներ: Հայցվորի` իր տնօրինչական իրավունքից չօգտվելու ու հայցի առարկայի և (կամ) հիմքի փոփոխություն թույլատրելու միջնորդություն չներկայացնելու հետևանքները չեն կարող բացասաբար ազդել պատասխանողի վրա և վերջինս չի կարող կրել իր պարտավորության չափից ավելի պարտականություն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Ռաֆիկ Խաչատրյանի կողմից գործի քննության ընթացքում փաստացի կատարված մասնակի վճարումների հաշվանցման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ Դատարանի կողմից հաշվի չի առնվել բողոքաբերի կողմից հայցադիմումով պահանջվող պարտավորությունները մասնակի կատարելու հանգամանքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 08.10.2024 որոշումը բեկանելու ու բեկանված մասով գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով բռնագանձման ենթակա գումարի չափը պարզելը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Ռաֆիկ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 08.10.2024 թվականի որոշումը բեկանվում է, և գործն ուղարկվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Գ. Հակոբյան

Զեկուցող` Ա. Մկրտչյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=35465847065574125

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.02.2026
N ՍԴ2/0257/02/17
Որոշում