Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈՔ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈՔ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ԵՆ ՏՐՎԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(1-ին մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/13674/02/21

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13674/02/21        2026 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Մ. Հարթենյան

                       Ս. Մատինյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Գ. Հակոբյան

զեկուցող` Ա. Մկրտչյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2026 թվականի փետրվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Դավիթ Ղազարյանի հայցի ընդդեմ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ), Կառավարության` ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն), երրորդ անձ` Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի` ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2025 թվականի որոշման դեմ Հիմնադրամի, Նախարարության և Գոռ Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դավիթ Ղազարյանը պահանջել է 01.03.2021 թվականին (երկրորդ փուլ մարտի 15-ին) տեղի ունեցած Հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները ճանաչել անվավեր և որպես հետևանք` անվավեր ճանաչել Հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին Կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.05.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2025 թվականի որոշմամբ Դավիթ Ղազարյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 21.05.2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հիմնադրամը (ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյան), Նախարարությունը և Գոռ Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դավիթ Ղազարյանը:

 

2. Հիմնադրամի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ ու 15-րդ հոդվածները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22.01.2021 թվականի թիվ 01/21-01 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 47-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 57-61-րդ, 66-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ո՛չ հայցադիմումը, ո՛չ հայցի հիմքը և առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը չեն բովանդակել փաստական հիմք այն մասին, որ ընտրության շրջանակներում տեղի է ունեցել «առանձին սենյակի» անձեռնմխելիության, գաղտնիության խախտում, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից քննության է առնվել փաստական կազմ, որի վերաբերյալ հայցվորը դիրքորոշում չի հայտնել Դատարանում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կարգով հաշվիչ հանձնաժողովի (այսուհետ նաև` Հանձնաժողով) նախագահին և անդամներին արձանագրությունը չստորագրելու լիազորություն վերապահված չէ, դրանից բխող իրավական հետևանք, այդ թվում` արձանագրությունը կամ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու տեսքով, գոյություն չունի: Բացի այդ, Կարգով Հանձնաժողովի նախագահին և անդամներին վերապահված չէ Հանձնաժողովի անդամությունից հրաժարվելու լիազորություն ու դրանից բխող իրավական հետևանքներ` ընտրությունը դադարեցնելու կամ նոր հանձնաժողով ձևավորելու մասով, նման գործընթաց առկա չէ, հետևաբար Հանձնաժողովի նախագահի և մի քանի անդամների հրաժարվելու դեպքում Հանձնաժողովի գործունեությունը չի դադարում, ու մնացած անդամների կողմից արձանագրության ստորագրումը հավասարազոր է Հանձնաժողովի կողմից արձանագրություն կազմելուն և այն հոգաբարձուների խորհրդին (այսուհետ նաև` Խորհուրդ) ներկայացնելուն, ինչն էլ հաշվի է առել Խորհուրդը` հաստատելով ընտրության արդյունքները:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Կարգի 47-րդ կետին առ այն, որ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում ընթացակարգային խախտումների դեպքում` խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրության դեպքում, չի գնահատել նման արձանագրության բացակայությունը և սահմանափակվել է միայն Կարգի 39-րդ կետին հղում կատարելով, որը որևէ իրավական հետևանք չի սահմանում:

Խորհուրդն է այն բարձրագույն մարմինը, որը կազմակերպում և հաստատում է ընտրության արդյունքները, հետևաբար Կարգի 47-րդ կետն այն մասին, որ` «քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում ընթացակարգային խախտումների դեպքում` խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրության դեպքում» ենթակա է մեկնաբանման այն տիրույթում, որ ընթացակարգային խախտումները ենթակա են արձանագրման Խորհրդի կողմից, մինչդեռ Խորհուրդն առկա գործընթացների և ապացույցների արդյունքում ոչ միայն չի արձանագրել ընթացակարգային խախտումներ, այլև հաստատել է քվեարկության արդյունքներն ու այն ներկայացրել է իրավասու մարմիններին, այսինքն` ընթացակարգային խախտումներ և դրանց վերաբերյալ կազմված համապատասխան արձանագրություն չկան ո՛չ գործի նյութերում, ո՛չ օբյեկտիվ իրականության մեջ:

Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է մեկ ապացույցի` Անի Սիմոնյանի և Վարդան Պետրոսյանի կողմից ստորագրված արձանագրության հետազոտմամբ ու գնահատմամբ` խախտելով ապացույցները համակցության մեջ` բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ գնահատելու պահանջը:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ ստեղծվել է անթույլատրելի նախադեպ առ այն, որ հաշվիչ հանձնաժողովի ցանկացած անդամ կամ թեկուզ Հանձնաժողովի նախագահը կարող են միանձնյա և ռեկտորի ընտրության կարգով չսահմանված գործողությունների միջոցով խափանել մի ամբողջ ընտրական գործընթաց` իրենց միանձնյա կամքը դարձնելով որոշիչ այս կամ այն թեկնածուին խոչընդոտելու կամ հակառակը` մեկ այլ թեկնածուի օգտին գործողություններ իրականացնելու նպատակով, ինչը քաղաքացիական իրավունքների չարաշահում է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 21.05.2024 թվականի վճռին:

 

2.1 Գոռ Վարդանյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 11-13-րդ, 66-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը պարտավոր էր չանդրադառնալ «առանձին սենյակի» անձեռնմխելիության, գաղտնիության խախտման վերաբերյալ հայցվորի դիրքորոշմանը, քանի որ վերջինս նման դիրքորոշում չի հայտնել Դատարանում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հանձնաժողովի արձանագրությունն այդ հանձնաժողովի անդամների մի մասի կողմից ստորագրելուց հրաժարվելը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար բավարար դիտարկելն իրավաչափ չէ, քանի որ կստեղծվի իրավիճակ, երբ Հանձնաժողովի անդամներն իրավունք կունենան խոչընդոտել Խորհրդի լիազորությունների իրականացմանը, մասնավորապես` Խորհուրդը կընտրի թեկնածուին, իսկ Հանձնաժողովի անդամներից մեկը, իրավունք ունենալով հրաժարվել արձանագրությունը ստորագրելուց, ի չիք կդարձնի ռեկտորի ընտրության գործընթացը, ինչի հետևանքով Հիմնադրամն այդպես էլ ռեկտոր չի ունենա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 21.05.2024 թվականի վճռին:

 

2.2 Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ և 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ.

- հաշվիչ հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն հրաժարվել արձանագրություններն ստորագրելուց, նման ընթացակարգ Կարգով սահմանված չէ, արձանագրության ստորագրումը հանձնաժողովի անդամների պարտականությունն է,

- Հանձնաժողովի անդամների` Կարգով չնախատեսված և կամայական վարքագիծը չի կարող հիմք լինել ընտրության օբյեկտիվացված արդյունքներն անտեսելու ու մրցույթն անվավեր ճանաչելու համար, քանի որ կառաջանա իրավիճակ, երբ ռեկտորի ընտրությունը կատարող կհանդիսանա ոչ թե Խորհուրդը` ի դեմս իր նիստին ներկա անդամների, այլ հաշվիչ հանձնաժողովի անդամները, որոնց կամայական վարքագծի հետևանքով` կապված արձանագրությունը չստորագրելու հետ, Խորհրդի ընտրության օբյեկտիվ արդյունքներն ի չիք կդառնան` հանգեցնելով հավակնորդի իրավունքների կոպիտ խախտման,

- ընտրության օբյեկտիվացված արդյունքները հաստատել է օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինը,

- առկա չի եղել քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու` Կարգի 47-րդ կետով սահմանված հիմքը` արձանագրությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա չեն ապացույցներ, որոնցով կարող է փաստվել, որ ռեկտորի ընտրության ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 21.05.2024 թվականի վճռին:

 

2.3 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի վերաբերյալ Հիմնադրամի և Գոռ Վարդանյանի վճռաբեկ բողոքներին` հայտնել է, որ «առանձին սենյակի» գաղտնիության խախտումը հայտնաբերվել է Դատարանում` գործի քննության ժամանակ` վկաների կողմից ցուցմունք տալու ընթացքում, որպիսի փաստին ինքը հրավիրել է Դատարանի ուշադրությունը, մինչդեռ Դատարանն անտեսել է գործում առկա համապատասխան ապացույցը, իր գրավոր դիրքորոշումն ու վկաների ցուցմունքները:

Անդրադառնալով Կարգի 47-րդ կետի վերաբերյալ վճռաբեկ բողոքներին` հայտնել է, որ նույնիսկ Դատարանն է արձանագրել, որ ձեռագիր կազմված արձանագրությունն ուժ չունի, քանի որ Հանձնաժողովի արդյունքների վերաբերյալ պետք է կազմվեր Կարգով հաստատված և սահմանված ձևաթղթով արձանագրություն, ինչն էլ նիստից հետո պատշաճ կազմվել ու ներկայացվել է Խորհրդի հաստատմանը:

Հայտնել է նաև, որ ընտրությունը տեղի է ունեցել Կարգի 16-րդ, 17-րդ, 34-րդ, 37-րդ, 39-րդ, 40-րդ և 43-րդ կետերի խախտումներով, ու Կարգի նույնիսկ մեկ կետի խախտումը պետք է հանգեցնի մրցույթի անվավերության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի 15.03.2021 թվականի արձանագրության համաձայն` Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` հետևյալ կազմով` խորհրդի նախագահ` Հովիկ Մուսայելյան, խորհրդի քարտուղար` Աիդա Կիրակոսյան, խորհրդի անդամներ` Ա. Բալդրյան, Գ. Մամիկոնյան, Ա. Բաղդասարյան, Ս. Կարաբեկյան, Ա. Գևորգյան, Ս. Ավետիսյան, Ա. Խաչատրյան, Վ. Ալեքսանյան, Վ. Պետրոսյան, Վ. Մելիքյան, Վ. Շահբազյան, Ա. Հովհաննիսյան, Կ. Բեգոյան, Ա. Եսայան, Ա. Ջզմեչյան, Ի. Աբովյան, Ա. Սիմոնյան, Ն. Կարախանյան, Ն. Թամրազյան, Բ. Մովսիսյան, Գ. Սարգսյան, 15.03.2021 թվականին իրականացրեց նիստ նաև հետևյալ հարցով` Հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի երկրորդ փուլի անցկացում:

(...) Նիստին մասնակցում էին Հոգաբարձուների խորհրդի 32 անդամից 23-ը: (...): Խորհուրդը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը (...) որպես նախագահ ընտրեց Գոհար Մամիկոնյանին, որից հետո սկսեց կազմակերպել ընտրության երկրորդ փուլի քվեարկության գործընթացը: Հանձնաժողովի անդամները Խորհրդի անդամներին հերթականությամբ հրավիրեցին քվեաթերթիկներն ստանալու և քվեարկելու: Քվեարկության ավարտից հետո Հանձնաժողովն առանձնացավ քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով: (...) Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո Հանձնաժողովի նախագահ Գ. Մամիկոնյանը Հանձնաժողովի կողմից իրականացված քվեարկությունները և դրանց արդյունքները ներկայացրեց Խորհրդին:

Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում առանձնացվել են թվով երեք քվեարկված քվեաթերթիկներ, որոնցից մեկի մասով Հանձնաժողովը միաձայն կայացրել է անվավեր ճանաչելու որոշում, իսկ մյուս երկու քվեաթերթիկների վավերության վերաբերյալ իր կողմից բարձրացված` դրանց Կարգին համապատասխանության վերաբերյալ հարցի քվեարկության արդյունքում երեք կողմ և երկու դեմ ձայներով քվեաթերթիկները ճանաչվել են վավեր, ինչի հետ ինքը համաձայն չէ ու որպես Հանձնաժողովի նախագահ հրաժարվում է արձանագրությունն ստորագրել: Միաժամանակ առաջարկեց Խորհրդին ընտրել հաշվիչ հանձնաժողովի նոր անդամ, որը կփոխարինի իրեն: Հանձնաժողովի անդամ Վարդան Պետրոսյանը, ընթերցելով Հանձնաժողովի լիազորությունները, արձանագրեց, որ Հանձնաժողովի գործունեության նպատակը քվեարկության ընթացքի պատշաճ ապահովումն է և դրա արդյունքների ներկայացումը Խորհրդի հաստատմանը, այլ լիազորությունների իրականացման ընթացակարգ առկա չէ:

Միաժամանակ Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ Հանձնաժողովն ըստ Էության իրականացրել է իր լիազորությունները` կապված քվեաթերթիկների հաշվարկման և դրանց վավերության հետ, այսինքն` ըստ էության կայացվել է որոշում: Խորհրդի նախագահի հարցադրմանն առ այն` այնուամենայնիվ Հանձնաժողովն իրականացրել է արդյոք քվեարկություն քվեաթերթիկների վավերության վերաբերյալ, Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ` այո, քվեարկությունը տեղի է ունեցել, և արդյունքում երեք կողմ ու երկու դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվել է, որ քվեաթերթիկներից երկուսը վավեր են, իսկ մեկը միաձայն ճանաչվել է անվավեր:

Գոհար Մամիկոնյանը հայտարարեց, որ իր կարծիքով քվեաթերթիկներն անվավեր են, և այդ պատճառով չի ընդունում արդյունքները: Հանձնաժողովի նախագահ Գ. Մամիկոնյանի հանձնաժողովի աշխատանքներից հրաժարվելուց հետո այն հիմնավորմամբ, որ հաշվիչ հանձնաժողովի կազմը նորից կենտ դառնա, Հանձնաժողովից դուրս գալու մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ Ա. Եսայանը: Հետևելով Գ. Մամիկոնյանի օրինակին, բարձրաձայնելով վերջինիս կողմից ներկայացված պատճառաբանությունը, իր ստանձնած պարտավորություններից հրաժարվեց նաև Հանձնաժողովի անդամ Վ. Ալեքսանյանը, ինչից հետո Հանձնաժողովի մնացած երկու անդամները շարունակեցին իրականացնել իրենց ստանձնած պարտականությունները:

Հաշվիչ հանձնաժողովի անդամ Ա. Սիմոնյանը Խորհրդին ներկայացրեց վիճելի քվեաթերթիկների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից կազմված և հանձնաժողովի երեք անդամների կողմից ստորագրված արձանագրությունը, համաձայն որի` երեք կողմ ու երկու դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվել է, որ քվեաթերթիկներից երկուսը վավեր են, իսկ մեկը միաձայն ճանաչվել է անվավեր:

Այնուհետև Անի Սիմոնյանը ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը` փակ գաղտնի քվեարկության արդյունքների վերաբերյալ, համաձայն որի` փակ գաղտնի քվեարկությանը մասնակցելու համար քվեաթերթիկներ են ստացել հոգաբարձուների խորհրդի 23 անդամ, քվեարկությանը մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 23 անդամ, քվեատուփում հայտնաբերվել է 23 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, ըստ քվեարկության արդյունքների` հավակնորդը ստացել է հետևյալ ձայները` Վարդանյան Գոռ 17 կողմ, 5 դեմ:

Կարգի 43-րդ կետի համաձայն Խորհուրդը, բաց քվեարկությամբ, 18 կողմ ձայնով հաստատեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները և ընդունեց որոշում Հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով Գոռ Վարդանյանին հաղթող ճանաչելու վերաբերյալ: (...) Արձանագրությունն ստորագրված է Խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 59-63).

2) Կարգի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով կազմված արձանագրության համաձայն` Հիմնադրամի ռեկտորի ընտրության հաշվիչ հանձնաժողովը` հետևյալ կազմով` Գոհար Մամիկոնյան, Անի Սիմոնյան, Վարդան Պետրոսյան, Վարդան Ալեքսանյան, Ալեքսանդր Եսայան, ամփոփելով 15.03.2021 թվականին համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները, պարզեց. «Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են 32 անդամ: Հանձնաժողովը, բացելով փակ գաղտնի քվեարկության քվեատուփը, պարզեց. փակ գաղտնի քվեարկությանը մասնակցելու համար քվեաթերթիկներ են ստացել հոգաբարձուների խորհրդի 23 անդամ, քվեարկությանը մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 23 անդամ, քվեատուփում հայտնաբերվել է 23 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, ըստ քվեարկության արդյունքների` հավակնորդ(ներ)ը ստացել են հետևյալ ձայն(եր)ը` Վարդանյան Գոռ` 17 կողմ, 5 դեմ: Այսպիսով, հանձնաժողովն արձանագրում է` քվեարկության արդյունքում առավել քանակությամբ կողմ ձայն(եր) է ստացել և համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը»: Արձանագրությունն ստորագրված է Հանձնաժողովի անդամներ Անի Սիմոնյանի և Վարդան Պետրոսյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 22).

3) Կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշմամբ հաստատվել են Հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները (հատոր 1-ին, գ.թ. 64).

4) Դատարանում գործի քննության ընթացքում` 08.04.2024 թվականի դատական նիստին, վկա, հաշվիչ հանձնաժողովի անդամ Անի Սիմոնյանը, ի թիվս այլնի, հայտնել է` «մենք անձամբ չենք հանել, մենք պարոն Մուսայելյանին հրավիրել ենք, Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի միջոցով էդ պանակը բերել ա մեր սենյակ, և մենք համեմատումներն արել ենք: (...)»: Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե արդյոք փակ սենյակում Հ. Մուսայելյանն իրավունք ուներ մուտք գործել, վկան նշել է` «Կարգի խախտում է որևէ գործողության ներկա լինելը, իսկ մենք իրեն` որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, առանց իրեն ինքնագլուխ չէինք կարող այդ ամենը կազմակերպել, ներկայացրել ենք իրեն` ինչ ա տեղի ունենում, ինչի համար ա երկար տևում այդ գործընթացը, ինչ քննարկումներ են գնում, պարոն Մուսայելյանին ասել ենք, որից հետո, հավանությունն ստանալուց հետո, այդ ամեն ինչը կազմակերպել ա, թղթապանակը բերել ա, համեմատել ենք» (հատոր 6-րդ, գ.թ. 41-45, 69):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով վճռաբեկ բողոքների նույնաբովանդակ լինելն ու դրանցում բարձրացված իրավական խնդիրները, նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ: Միաժամանակ սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, կարևորելով նաև հնարավոր իրավական հետևանքների որոշակիության ապահովման անհրաժեշտությունը, հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով Հիմնադրամի ռեկտորի ընտրության մրցույթի անցկացման ընթացքում թույլ են տրվել ընթացակարգային խախտումներ, եթե այո, ապա արդյոք թույլ տրված ընթացակարգային խախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են էական ազդեցություն ունենալ ռեկտորի ընտրության վերաբերյալ կայացված վերջնական որոշման վրա` հանգեցնելով մրցույթի անվավեր ճանաչման:

 

Մինչև 11.09.2025 թվականի թիվ ՀՕ-285-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործած խմբագրությամբ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` (...) պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: (...): Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: (...):

Հիմնադրամի կանոնադրության`

22-րդ կետի համաձայն` համալսարանն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով.

23-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` համալսարանի կառավարման մարմիններն են` համալսարանի հոգաբարձուների խորհուրդը.

34-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

39-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են` խորհրդի նախագահի, ռեկտորի (...) ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրությունների կազմակերպումն ու նրանց ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

56-րդ կետի համաձայն` ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով` հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, խորհրդի ընդհանուր կազմի ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: (...).

57-րդ կետի համաձայն` ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (...):

Կարգի 1-ին կետի համաձայն` համալսարանի ռեկտորի ընտրության կարգը մշակված է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և համալսարանի կանոնադրության հիման վրա:

Կարգի 2-րդ կետի համաձայն` համալսարանի ռեկտորի ընտրությունը կազմակերպում է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` բաց մրցույթով, փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ: Ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Կարգի 3-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանվում է Համալսարանի ռեկտորի ընտրության, թեկնածուների առաջադրման կարգը, մրցույթին մասնակցելու պայմանները և մրցույթի ընթացակարգը:

Մրցույթի անցկացման ընթացակարգը նկարագրված է Կարգի երրորդ գլխում (կետեր 17-27): Այսպես.

Կարգի 24-րդ կետի համաձայն` փակ գաղտնի քվեարկության համար քվեաթերթիկները պատրաստում է խորհրդի քարտուղարը:

Կարգի 25-րդ կետի համաձայն` քվեաթերթիկների ձևը և բովանդակող տեղեկությունները` ըստ հավակնորդների քանակի սահմանվում է նույն կարգի թիվ 1 և 2 հավելվածներում:

Կարգի 26-րդ կետի համաձայն` խորհրդի քարտուղարը հավակնորդների փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկները, խորհրդի անդամների ցուցակը և քվեարկության արդյունքների գրանցման ձևաթղթերը հանձնում է հաշվիչ հանձնաժողովի նախագահին:

Կարգի 27-րդ կետի համաձայն` հաշվիչ հանձնաժողովը կազմակերպում է քվեարկությունը` ապահովում է քվեարկության համար անհրաժեշտ պայմաններ` ընտրողների ազատ ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը: Քվեաթերթիկների գրանցման ցուցակները վարելու, քվեաթերթիկները բաժանելու և քվեատուփը հսկելու համար հաշվիչ հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքի բաժանում` հանձնաժողովի անդամների միջև:

Քվեարկության կարգը նկարագրված է Կարգի չորրորդ գլխում (կետեր 28-48): Այսպես.

Կարգի 28-րդ կետի համաձայն` հոգաբարձուների խորհրդում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն խորհրդի նիստին մասնակցող բոլոր անդամները` հավասար իրավունքով:

Կարգի 29-րդ կետի համաձայն` փակ գաղտնի քվեարկությունը կատարվում է քվեարկության համար նախապես տեղադրված խցիկներում:

Կարգի 30-րդ կետի համաձայն` քվեաթերթիկները քվեարկողներին հանձնում է հաշվիչ հանձնաժողովի անդամը: Քվեաթերթիկ ստացողն ստորագրում է ցուցակում` իր անվան դիմաց:

Կարգի 31-րդ կետի համաձայն` քվեաթերթիկը ստանալուց հետո խորհրդի անդամը մոտենում է քվեարկության խցիկին: Քվեարկության ընթացքում քվեաթերթիկում խորհրդի անդամի կողմից կատարվող որպես միատեսակ նշագրում սահմանվում է V-աձև նշանը: Խորհրդի անդամը քվեարկությունը իրականացնում է քվեաթերթիկում սահմանված լրացման կարգին համապատասխան (տես թիվ 1 և 2 հավելվածներում):

Կարգի 34-րդ կետի համաձայն` անվավեր են ճանաչվում այն քվեաթերթիկները, որոնցում.

ա) սահմանված կարգով նշում կատարված չէ,

բ) կան սահմանված կարգով չնախատեսված նշումներ, ընդգծումներ, գրառումներ,

գ) մի քանի հավակնորդների առկայությամբ նշում է կատարվել երկու և (կամ) ավել հավակնորդի օգտին:

Կարգի 35-րդ կետի համաձայն` քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո առանձին սենյակում հաշվիչ հանձնաժողովն իրականացնում է ձայների հաշվարկում:

Կարգի 36-րդ կետի համաձայն` քվեաթերթիկն անվավեր ճանաչելու մասին որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը:

Կարգի 37-րդ կետի համաձայն` քվեարկության արդյունքներով հանձնաժողովը կազմում է երկու օրինակից արձանագրություն: (Արձանագրության ձևը սահմանված է նույն կարգի թիվ 3 հավելվածում):

Կարգի 39-րդ կետի համաձայն` արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի նախագահը և անդամները:

Կարգի 40-րդ կետի համաձայն` հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է փակ գաղտնի քվեարկության արդյունքները և հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հետևյալ արձանագրություններից մեկը`

1) մրցույթում հաղթող ճանաչելու մասին,

2) քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու և կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին,

3) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին:

Կարգի 41-րդ կետի համաձայն` քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը ստացել է խորհրդի ընդհանուր կազմի ձայների կեսից ավելին:

Կարգի 43-րդ կետի համաձայն` խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում է հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, քվեարկության արդյունքները և ընդունում համապատասխան որոշում:

Կարգի 46-րդ կետի համաձայն` ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կարգի 47-րդ կետի համաձայն` քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում ընթացակարգային խախտումների դեպքում` խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրության դեպքում:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ Հիմնադրամի ռեկտորի ընտրության կարգը մշակելու, այն հաստատելու, ընտրությունը կազմակերպելու և ընտրության մասին որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որը հանդիսանում է Հիմնադրամի կառավարման մարմին: Ռեկտորի ընտրության վերաբերյալ Խորհրդի որոշումը հաստատում է Կառավարությունը: Հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ընտրությունը կազմակերպում և անցկացնում է բաց մրցույթով, փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ:

Նաև Հիմնադրամի կանոնադրության հիման վրա մշակված Կարգով տարբերակվել են ռեկտորի ընտրության մրցույթի անցկացման երկու խումբ պայմաններ: Առաջին խումբ պայմանները վերաբերում են թեկնածուների առաջադրման կարգին և մրցույթին մասնակցելու պայմաններին, երկրորդ խումբ պայմանները վերաբերում են մրցույթի ընթացակարգին, այսինքն` սահմանում են ընտրության ընթացակարգային մանրամասները:

Անդրադառնալով Կարգով ամրագրված` ռեկտորի ընտրության գործընթացին վերաբերող ընթացակարգային կարգավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք, ըստ էության, վերաբերում են ընտրության աշխատակարգին, դրա կազմակերպմանը և անցկացմանը, որոշումների նախապատրաստմանն ու ընդունման գործընթացին, այսինքն` բացահայտում են ընտրության գործընթացի իրականացման ձևը, փուլերի հաջորդականությունը, ժամկետները, կարգը: Ընթացակարգային կանոնակարգումների կանխավարկածն այն է, որ սահմանված կանոնները պետք է գործեն, դրանք պետք է անվերապահորեն կատարվեն և պահպանվեն գործընթացի մասնակիցների կողմից:

Միաժամանակ, սակայն, Կարգով ըստ էության բացահայտված չեն այն կանոնները, որոնք համարվում են ընթացակարգային, ինչպես նաև տարբերակված չեն յուրաքանչյուր խախտման համար վրա հասնող կոնկրետ և որոշակի հետևանքները: Հետևաբար ընթացակարգային կանոնի խախտման բնույթը և դրանից բխող հետևանքները բացահայտելու համար անհրաժեշտ է որոշել խախտման ուղղակի ազդեցությունը գործընթացի վրա` նկատի ունենալով, որ Կարգով սահմանված` Հիմնադրամի ռեկտորի ընտրության գործընթացին վերաբերող կարգավորումների ոչ բոլոր խախտումներն են հանգեցնում կամ կարող են հանգեցնել քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման: Մասնավորապես` կարող են հանդիպել նաև այնպիսի պայմաններ, որոնք իրենց էությամբ ձևական են, և այդ խախտումներից ոչ բոլորն են, որ մրցույթի անցկացման ու արդյունքների ամփոփման տեսանկյունից էական ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ: Էական ազդեցություն ունեցող խախտումների թվին են դասվում միայն այն կանոնների խախտումները, որոնք թեկնածուի ընտրության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար որոշիչ նշանակություն ունեն և (կամ) այնքան էական են, որ առանց այդ կանոնների պահպանման անհնար է արժանահավատորեն որոշել իրենց ընտրությունը կատարած անձանց` հոգաբարձուների խորհրդի անդամների իրական կամքը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավական որոշակիություն ապահովելու տեսանկյունից քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավական հետևանքը ցանկացած ընթացակարգային կանոնի խախտման դեպքում կիրառելն արդարացված չէ և խաթարում է ընտրության բնականոն ընթացքը: Հետևաբար քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն հանգեցնում են ռեկտորի ընտրությանը վերաբերող նորմերի այնպիսի խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ նշված հարցի վերաբերյալ կայացված վերջնական որոշման վրա: Ըստ այդմ, քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է`

- ընթացակարգային խախտման ազդեցություն ունենալը (անհաղթահարելի բնույթ ունեցող խախտում) ընտրության արդյունքների վրա,

- ընթացակարգային էական խախտումն ամրագրող արձանագրության առկայությունը:

Այսինքն` ընթացակարգային էական խախտման իրավական հետևանքն այդպիսի խախտումն ամրագրող արձանագրության առկայության դեպքում գաղտնի քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն է, քանի որ այլ իրավական հետևանք Կարգով նախատեսված չէ: Ուստի Վճռաբեկ դատարանի համոզմամբ ռեկտորի ընտրության գործընթացի` Կարգով ամրագրված ընթացակարգային կանոնի խախտում թույլ տրված լինելու դեպքում դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն այդ խախտման ազդեցության ծավալը` յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների հետազոտման միջոցով պարզելով, թե արդյոք այդպիսի խախտումն իր բնույթով և հետևանքներով խաթարել է (կարող էր խաթարել) մրցույթի օրինական ընթացքը, ազդել է (կարող էր ազդել) թեկնածուների հավասար հնարավորությունների ապահովման, մրցակցության, արդարության, թափանցիկության կամ որոշման օբյեկտիվության վրա, ինչն էլ իր հերթին ազդել է (կարող էր ազդել) մրցույթի արդյունքների վրա: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գործի փաստական հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտելուց ու խախտման բնույթը, ծանրությունը և հետևանքները գնահատման առարկա դարձնելուց հետո միայն դատարանը կարող է որոշել` կիրառել Կարգի 47-րդ կետով նախատեսված իրավական հետևանքը, թե` ոչ` արդարացնելով ամբողջ գործընթացը չեղարկելու իրավական հետևանքի կիրառումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը և բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու և ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով:

Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով:

Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նաև վիճելի մնալու լինելու հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման և դատական ակտի կայացման ողջ գործընթացը: Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսևորումն է գտնում դատավարական գործողություններում և ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության: Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) և արտաքին (իրավական) կողմեր: Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունը և արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսևորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման և դատավարական պատշաճ ձևակերպման մեջ (տե՛ս Ռոբերտ Ռայան Դիկին ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան` Դավիթ Ղազարյանը պահանջել է 01.03.2021 թվականին (երկրորդ փուլ մարտի 15-ին) տեղի ունեցած Հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները ճանաչել անվավեր և որպես հետևանք` անվավեր ճանաչել Հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին Կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշումը:

Որպես հայցի փաստական հիմնավորում հայցվորը հայտնել է, որ 01.03.2021 թվականին տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն, որի արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել բավարար քանակությամբ` 17 և ավելի կողմ ձայներ, թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքած Գոռ Վարդանյանի համար նշանակվել է երկրորդ փուլ, որը տեղի է ունեցել 15.03.2021 թվականին: Քվեարկության արդյունքում քվեաթերթիկներից երեքում առկա V նշանը սահմանված կարգով նշված չլինելու հիմնավորմամբ հաշվիչ հանձնաժողովի անդամներից երեքը հրաժարվել են ստորագրել քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, այդուհանդերձ, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը հաստատվել է, երկրորդ փուլի արդյունքում հաղթող է ճանաչվել Գոռ Վարդանյանը: Մինչդեռ ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքներով կազմվող (քվեաթերթիկների հաշվարկման) արձանագրությունը պետք է ստորագրեն հաշվիչ հանձնաժողովի նախագահը և անդամները, ինչն անվավեր է դարձնում նշված արձանագրությունը, քանի որ բոլոր անդամների ստորագրության առկայությունը վավերության նախապայման է, և որևէ բացառություն նախատեսված չէ:

Գործի քննության ընթացքում պատասխանողներ Հիմնադրամի և Նախարարության ներկայացրած գրավոր դիրքորոշումները նույնական են վճռաբեկ բողոքների բովանդակությանը:

Գործի քննության ընթացքում հարցաքննված վկաների ցուցմունքների վերաբերյալ հայցվոր Դավիթ Ղազարյանը ներկայացրել է գրավոր դիրքորոշումներ, որոնցով, ի թիվ այլնի, հայտնել է, որ վկաների ցուցմունքներից ու գործում առկա տեսաձայնագրություններից ակնհայտ է, որ Կարգով նախատեսված պայմանների արդեն ներկայացված խախտումներին ավելացավ ընդհանուր բնույթի ընթացակարգային այն խախտումը, որ Խորհրդի նախագահը գտնվել է գաղտնի քվեաթերթիկների հաշվարկի համար նախատեսված փակ սենյակում, իրականացրել է գործողություններ, որոնք ազդել են քվեաթերթիկները վավեր կամ անվավեր ճանաչելու գործընթացի վրա:

Դատարանը 22.09.2022 թվականին և 27.12.2022 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու ու փոփոխելու մասին որոշումներ է կայացրել և որպես գործի լուծման համար նշանակություն ունեցող ու ապացուցման ենթակա արձանագրել է նաև`

1) Հիմնադրամի ռեկտորի ընտրությունները սահմանված կարգի խախտմամբ անցկացված լինելու փաստը, ապացուցման պարտականությունը վերապահվել է հայցվորին,

2) Հիմնադրամի ռեկտորի ընտրությունները սահմանված կարգին համապատասխան անցկացված լինելու փաստը, ապացուցման պարտականությունը վերապահվել է Հիմնադրամին,

3) Կարգով սահմանված ընթացակարգերի խախտումների առկայության և դրանք ընտրության արդյունքների վրա ազդելու փաստերը, ապացուցման պարտականությունը վերապահվել է հայցվորին,

4) Կարգով սահմանված ընթացակարգերի խախտումներ չլինելու փաստը, ապացուցման պարտականությունը վերապահվել է Հիմնադրամին,

5) Կառավարության կողմից 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշման կայացման համար անվավերության հիմքերի բացակայության փաստը, ապացուցման պարտականությունը վերապահվել է Նախարարությանը:

Դատարանը, անդրադառնալով իր կողմից առաջադրված այն իրավական հարցադրմանը, թե երկրորդ փուլի ընտրության արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը հաշվիչ հանձնաժողովի անդամների մի մասի կողմից ստորագրելուց հրաժարվելն արդյոք հանգեցնում է երկրորդ փուլի արդյունքների անվավերության, արձանագրել է, որ.

- «սահմանված կարգին համապատասխան երկրորդ փուլի քվեարկության արդյունքները հաշվարկելու համար ձևավորվել է հաշվիչ հանձնաժողով` հինգ անդամից կազմված: Քվեարկության արդյունքներն ավարտելուց հետո հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ձայների հաշվարկում: Հաշվիչ հանձնաժողովի անդամները միաձայն անվավեր են ճանաչել միայն մեկ քվեաթերթիկ, իսկ մնացածները համարվել են վավեր: Քվեարկության արդյունքներով հանձնաժողովը կազմել է երկու արձանագրություն: Ձեռագիր կազմված արձանագրությունը ստորագրվել է Ա. Սիմոնյանի, Վ. Պետրոսյանի և Ա. Եսայանի կողմից, իսկ Կարգի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով կազմված արձանագրությունը` ստորագրվել է Անի Սիմոնյանի և Վարդան Պետրոսյանի կողմից: Հաշվիչ հանձնաժողովն արձանագրությամբ որոշել է մրցույթում հաղթող ճանաչել Գոռ Վարդանյանին և ներկայացնել հոգաբարձուների խորհրդի հաստատմանը»,

- «Կարգով սահմանված չէ, թե հաշվիչ հանձնաժողովի որոշումների ընդունման համար ձայներն ինչ հարաբերակցությամբ պետք է բաշխվեն: Բայց միևնույն ժամանակ, Կարգի 43-րդ կետով խորհրդին վերապահված է լիազորություն` ձայների պարզ մեծամասնությամբ հաստատել հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, քվեարկության արդյունքները և ընդունել համապատասխան որոշում»,

- «քվեաթերթիկն անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը, որի երեք անդամները վիճելի երկու քվեաթերթիկը համարել են վավեր: Նման պայմաններում պետք է նշել, որ հաշվիչ հանձնաժողովի հինգ անդամներից երկուսի կողմից երկու քվեաթերթիկ անվավեր ճանաչելուն կողմ լինելը և այդ պատճառով արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելը չի կարող հիմք ծառայել քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար` հետևյալ պատճառաբանությամբ. Նախ` երկու քվեաթերթիկ վավեր ճանաչելուն կողմ է եղել հաշվիչ հանձնաժողովի անդամների պարզ մեծամասնությունը` երեք հոգի, իսկ անվավեր ճանաչելուն մյուս երկու անդամը: Այսինքն` եթե չկա սահմանված հստակ կանոն, ըստ որի` քվեաթերթիկն անվավեր կամ վավեր ճանաչելու համար հաշվիչ հանձնաժողովի անդամների քանիսի ձայնն է բավարար համապատասխան որոշում ընդունելու համար, ապա տվյալ դեպքում անդամների մեծամասնությունը գտել է, որ վիճելի երկու քվեաթերթիկը համարվում են վավեր: Իսկ այդ հարցի կապակցությամբ կազմված արձանագրությունը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից, դրանով իսկ հաստատելով քվեարկության արդյունքները»,

- «գործով վկաների տված ցուցմունքներից, մասնավորապես` նաև հանձնաժողովի նախագահ Գ. Մամիկոնյանի տված ցուցմունքից և տեսանյութերից հետևում է, որ վիճելի երկու քվեաթերթիկում նշում է եղել կատարված հավակնորդի «կողմ եմ» սյունակում «V»-ձև, սակայն այդ նշումը փոքր ինչ դուրս էր վանդակից, հետևաբար, եթե հաշվիչ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը որոշել է դա համարել վավեր քվեաթերթիկ, ապա նման դեպքում, անգամ, եթե մյուս երկու անդամը դեմ են եղել, այդ որոշումը համարվում է ընդունված»,

- «ձեռագիր կազմված արձանագրությունը, սույն դեպքում, չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ հաշվիչ հանձնաժողովի արդյունքների վերաբերյալ պետք է կազմվեր Կարգով հաստատված ու դրան կից հավելված 3-ով սահմանված արձանագրությունը, որը և նիստից հետո կազմվել և ներկայացվել է Խորհրդի հաստատմանը, և Խորհուրդը հենց այդ արձանագրությունն էլ հաստատել է, հետևաբար` էական նշանակություն ունի սահմանված կարգին համապատասխան կազմված արձանագրությունը, այլ ոչ թե ձեռագիր կազմված արձանագրությունը»,

- «հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, անդամների մի մասի կողմից ստորագրելուց հրաժարվելը ևս բավարար հիմք չէ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար, հետևյալ հանգամանքներով պայմանավորված: 1/ Հաշվիչ հանձնաժողովի կողմից արդյունքների ամփոփումը տեղի չի ունեցել այնպիսի խախտումներով, որոնք ազդել են արդյունքների վրա, 2/ վիճելի երկու քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հարցում հաշվիչ հանձնաժողովը որոշում չի կայացրել, այն անվավեր ճանաչելուն դեմ է եղել հաշվիչ հանձնաժողովի անդամներից երեքը` այսինքն մեծամասնությունը, 3/ Հաշվիչ հանձնաժողովի կողմից արդյունքներն ամփոփելու վերաբերյալ կազմվել է սահմանված ձևի արձանագրություն և այն ներկայացվել է խորհրդի հաստատմանը, որն էլ հաստատվել է»,

- «հաշվիչ հանձնաժողովի կողմից արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու հիմքով ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում կխախտվի հավակնորդի և նրան ընտրած խորհրդի անդամների իրավունքները, կխաթարվի ռեկտորի ընտրության ընթացակարգը, այն տեսանկյունից, որ եթե օրինակ հաշվիչ հանձնաժողովի անդամը հաշվարկի արդյունքում կգտնի, որ իր նախընտրելի հավակնորդը չի հավաքել անհրաժեշտ ձայները, կարող է հրաժարվել ստորագրելուց ու ամեն անգամ այդ հիմքով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, անթույլատրելի է»,

- «Կարգով հստակ սահմանված է, որ քվեաթերթիկն անվավեր ճանաչելու մասին որոշումն ընդունում է հաշվիչ հանձնաժողովը, եթե այն անվավեր ճանաչելու մասին որոշում չի ընդունվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է վավեր: Կարգի 34-րդ կետով սահմանված է այն հիմնական պայմանները, որոնք պետք է ուղղորդող լինեն հաշվիչ հանձնաժողովի անդամի համար քվեաթերթիկը անվավեր ճանաչելու մասին որոշումն ընդունելիս: Նշված պահանջն իմպերատիվ չէ, այսինքն` եթե քվեաթերթիկը պարունակում է այնպիսի պայման, որը նշված կետի ուժով կարող է ճանաչվել անվավեր, ապա դա դեռևս բավարար հիմք չէ քվեաթերթիկն անվավեր համարելու համար, քանի դեռ հաշվիչ հանձնաժողովն այն անվավեր ճանաչելու մասին որոշում չի ընդունել: Տվյալ դեպքում, վիճելի համարվող երկու քվեաթերթիկ անվավեր ճանաչելու հարցում հաշվիչ հանձնաժողովի անդամներից երկուսն են եղել, իսկ մյուս երեք անդամները համարել են դա վավեր: Ուստի այդ պայմաններում հիմք չկա արդյունքներն անվավեր ճանաչելու համար»,

- «Կարգի 39-րդ կետով սահմանված է, որ հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի նախագահը և անդամները: Չկա սահմանված կանոն, ըստ որի` հաշվիչ հանձնաժողովի անդամն իրավասու է հրաժարվել այն ստորագրելուց, հետևաբար նաև` տվյալ իրավիճակում դա չի կարող համարվել ընթացակարգային այնպիսի խախտում, որը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք կարող է հանդիսանալ, մասնավորապես այն պայմաններում, որ ըստ Հայցվորի դիրքորոշման` սահմանված ձևաթղթի արձանագրությունում տեղ գտած տեղեկությունները խեղաթյուրված չեն»:

Վերոգրյալ պատճառաբանություններով Դատարանը հայցը մերժելու մասին վճիռ է կայացրել:

Վերաքննիչ դատարանը, քննարկելով այն հարցադրումները, թե արդյոք հաշվիչ հանձնաժողովի` առանձին սենյակում գտնվելու կանոնի խախտումը ռիսկ է ստեղծում ընտրության արդյունքները հավաստի ճանաչելու համար, և արդյոք առանց հաշվիչ հանձնաժողովի արձանագրության կարող են հաստատվել ընտրության արդյունքները, արձանագրել է, որ.

- «Կարգի 35-րդ կետից բխում է, որ քվեարկության ձայների հաշվարկը իրականացվում է խորհրդապահական կարգով, քանի որ առանձին սենյակում ձայների հաշվարկի իրականացման պահանջը նշանակում է, որ այդ գործընթացը իրականացվում է միայն հաշվիչ հանձնաժողովի անդամների կողմից առանց կողմնակի, երրորդ անձանց ներկայության և միջամտության: Այսինքն, քվեարկության ձայների հաշվարկման նպատակով առանձին սենյակ մուտք գործելուց հետո մինչև արձանագրության կազմումը և արդյունքների հրապարակումը հաշվիչ հանձնաժողովը պետք է ազատ լինի Հոգաբարձուների խորհրդի անդամների, հավակնորդների կամ այլ երրորդ անձանց հետ ընդդիմազերծ շփումներից, հակառակ դեպքում, ամբողջ փակ, գաղտնի քվեարկության անցկացումը իմաստազրկվում է, եթե երրորդ անձինք իրավունք ունենան մուտք գործել արդեն բացված քվեատուփի և քվեաթերթիկների գտնվելու առանձին սենյակ մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը»,

- «որպես վկա հրավիրված Անի Սիմոնյանը ցուցմունք է տվել առ այն, որ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը մուտք է գործել առանձին սենյակ և որոշակի ժամանակամիջոց մնացել է այնտեղ: Անի Սիմոնյանը Հ. Մուսայելյանի մուտքը սենյակ պայմանավորել է այն հանգամանքով, որ անհրաժեշտ էր արխիվից հանել նախորդ նիստի քվեաթերթիկները, քանի որ հիմնավոր կասկած կար, որ հաշվիչ հանձնաժողովի անդամների կողմից վիճարկվող և անվավեր համարվող քվեաթերթիկների նույնանմանությամբ առկա են եղել քվեաթերթիկներ նախորդ նիստում, որոնք նույն անձանց կողմից վավեր են համարվել, և նույնիսկ չի բարձրացվել դրանց անվավերության հարցը»,

- «Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, սա նշանակում է, որ Հ. Մուսայելյանը, չլինելով հաշվիչ հանձնաժողովի անդամ, ուղղակի մասնակցություն է ունեցել քվեաթերթիկների վավերության հարցի լուծմանը, ինչը բացառապես հաշվիչ հանձնաժողովի լիազորությունն է: Այսինքն` վկայի ցուցմունքից բխում է, որ մինչև հաշվիչ հանձնաժողովի արձանագրության կազմումը երկու քվեաթերթիկների վավեր-անվավերության հարցերի պարզման ընթացքում Հոգաբարձուների խորհրդի նախագահը մուտք է գործել սենյակ, ինչն առնվազն երրորդ անաչառ դիտորդի համար կասկածի տակ է դնում իրականացված գործողությունների անկողմնակալությունը, քանզի տեղի է ունեցել «առանձին սենյակի» անձեռնմխելիության, գաղտնիության խախտում: Սա էական խախտում է ընտրական գործընթացում, որն ուղղակիորեն ի չիք է դարձնում հաշվիչ հանձնաժողովի գործունեության գաղտնիության սահմանումով ամրագրված և անկախության բոլոր երաշխիքները, հետևաբար, բավարար է նշված ընտրություններն անվավեր ճանաչելու համար»,

- «Վերաքննիչ դատարանն ավելորդ չի համարում նաև նշել, որ Կարգի 39-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի նախագահը և անդամները: Սա իմպերատիվ կանոն է, ինչը նշանակում է, որ եթե հաշվիչ հանձնաժողովի նախագահը և անդամները չեն ստորագրել հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, ապա նման արձանագրությունն իրավական առումով համարվում է գոյություն չունեցող, իսկ առանց արձանագրության չեն կարող հաստատված համարվել քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ մրցույթում հաղթող չէր կարող որոշվել: Սույն գործում հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը ստորագրված է հաշվիչ հանձնաժողովի հինգ անդամներից միայն երկուսի` Անի Սիմոնյանի և Վարդան Պետրոսյանի կողմից: Ստացվում է մի իրավիճակ, որ ի սկզբանե ձևավորվում է հինգ անդամից բաղկացած հանձնաժողովի կազմ, սակայն ընտրությունների արդյունքները ամփոփում է ի վերջո նրանցից միայն երկուսը, իսկ նման խախտումը առանձին, ինքնուրույն և բավարար հիմք է անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար»:

Վերոգրյալ պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «վերը նշված խախտումները բավարար են Համալսարանի ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու համար (...)»:

 

Վճռաբեկ բողոքների շրջանակներում ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությունը գնահատելիս Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քննարկման առարկա է դարձնում բացառապես մրցույթի երկրորդ փուլի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները, քանի որ հենց այդ փուլում արձանագրած խախտումներն է Վերաքննիչ դատարանը բավարար համարել քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար, որին վերաբերում են նաև վճռաբեկ բողոքների հիմքերն ու հիմնավորումները, ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանը:

Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրավաչափորեն գնահատման առարկա են դարձրել Կարգով սահմանված ընթացակարգային կանոնների էական լինելու, այսինքն` մրցույթի վերջնարդյունքի վրա ազդեցության հանգամանքը:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.02.2026
N ԵԴ/13674/02/21
Որոշում