ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
(2-րդ մաս)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/13674/02/21
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13674/02/21 2026 թ.
Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան
Դատավորներ` Մ. Հարթենյան
Ս. Մատինյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող` Ա. Մկրտչյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2026 թվականի փետրվարի 27-ին
Այսպես, արձանագրված խախտումների էական լինելը գնահատելիս Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ`
- տեղի է ունեցել «առանձին սենյակի» գաղտնիության խախտում, որն էական խախտում է ընտրական գործընթացում, որն ուղղակիորեն ի չիք է դարձնում հաշվիչ հանձնաժողովի գործունեության գաղտնիության սահմանումով ամրագրված և անկախության բոլոր երաշխիքները, հետևաբար բավարար է նշված ընտրություններն անվավեր ճանաչելու համար,
- Կարգի 39-րդ հոդվածն իմպերատիվ կանոն է, ինչը նշանակում է, որ եթե հաշվիչ հանձնաժողովի նախագահը և անդամները չեն ստորագրել հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, ապա նման արձանագրությունն իրավական առումով համարվում է գոյություն չունեցող, իսկ առանց արձանագրության չեն կարող հաստատված համարվել քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ մրցույթում հաղթող չէր կարող որոշվել, նման խախտումն առանձին, ինքնուրույն և բավարար հիմք է անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Կարգի 35-րդ կետի խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, որ «առանձին սենյակի» գաղտնիության խախտումն ի չիք է դարձնում գործընթացը, էականորեն կարող էր ազդել համապատասխան որոշման ընդունման վրա, հիմնված է միայն հոգաբարձուների խորհրդի նախագահի ներկայության փաստի վրա: Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել այդպիսի խախտման ազդեցությունն ընդհանրապես, իրական ծավալը` մասնավորապես չի գնահատել այդպիսի ազդեցությունը քվեարկության գործընթացի և դրա արդյունքի վրա:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ չնայած Կարգի 35-րդ կետից բխում է, որ ձայների հաշվարկն իրականացնում է հաշվիչ հանձնաժողովն առանձին սենյակում, որտեղ ենթադրաբար կարող են գտնվել բացառապես հաշվիչ հանձնաժողովի անդամները, սակայն հարկ է հաշվի առնել, որ ռեկտորի ընտրության ամբողջ գործընթացը կազմակերպվում, իրականացվում, վերահսկվում և եզրափակվում է հոգաբարձուների խորհրդի նիստում` նույն խորհրդի անդամների ներկայությամբ ու անմիջական մասնակցությամբ: Հիմնադրամի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով, Խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկությամբ, նույն անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ հաշվիչ հանձնաժողովի կազմը տվյալ դեպքում հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից` կազմավորվելով և նախագահ ընտրելով նույն խորհրդի անդամներից: Այսինքն` հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցել է նույն խորհրդի 23 անդամ, որոնցից կազմավորվել է 5 անդամից բաղկացած հաշվիչ հանձնաժողովը: Թեև գործի քննությամբ հաստատվել է, որ ձայների հաշվարկի ընթացքում Կարգի 35-րդ կետով նախատեսված առանձին սենյակում հաշվիչ հանձնաժողովի անդամներից բացի գտնվել է այլ անձ, սակայն նշված այլ անձը հանդիսացել է հոգաբարձուների խորհրդի նախագահը, ում մասնակցությամբ նաև կազմակերպվել է ընտրության գործընթացը:
Այսինքն` չնայած Կարգի 35-րդ կետի իմաստով հաշվիչ հանձնաժողովի անդամներից զատ ցանկացած անձ համարվում է կողմնակի, այդուհանդերձ, այդպիսի անձի ներկայությունը, վարքագիծն ու գործողությունները (անգործությունը) պետք է դիտարկել և գնահատել էական ու անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանալու տեսանկյունից, ինչը տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից չի արվել, այդ փաստը հիմնավորող ապացույցներ գործում բացակայում են:
Հարկ է նշել նաև, որ հոգաբարձուների խորհրդի նախագահի ուղղակի ազդեցության վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել նաև հայցվորի կողմից, վերջինս այդպիսի խախտումը հիմնավորում է միայն պնդումով, թե առանձին սենյակում հաշվիչ հանձնաժողովի անդամներից զատ այլ անձինք չեն կարող գտնվել, բավարարվել է հաշվիչ հանձնաժողովի առանձին սենյակում հոգաբարձուների խորհրդի նախագահի ներկայությունը գաղտնիության պայմանի խախտման փաստ ներկայացնելով` առանց հիմնավորելու այդպիսի ներկայության պատճառները, էական ազդեցությունը քվեարկության գործընթացի վրա: Հետևաբար ինչպես Վերաքննիչ դատարանը, այնպես էլ հայցվորը նշված պնդումից զատ չեն հիմնավորել, թե առանձին սենյակում Խորհրդի նախագահի գտնվելու հետևանքով ինչպես է «ի չիք դառնում» քվեարկության արդյունքը:
Ինչ վերաբերում է քվեաթերթիկների հարցի լուծմանը հոգաբարձուների խորհրդի նախագահի մասնակցության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողություններին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խորհրդի և համատեղությամբ հաշվիչ հանձնաժողովի անդամ Ա. Սիմոնյանի` որպես վկայի կողմից տրված ցուցմունքի համաձայն` վերջինս հրավիրվել է, որպեսզի հնարավոր լինի առանձին սենյակ բերել և ուսումնասիրել մրցույթի առաջին փուլում քվեարկված քվեաթերթիկները` դրանք երկրորդ փուլում քվեարկված` վավերության խնդիր ունեցող քվեաթերթիկների հետ համեմատելու նպատակով` այն հիմնավորմամբ, որ մրցույթի առաջին փուլում նույնանման քվեաթերթիկները համարվել են վավեր:
Նկատի ունենալով, որ Կարգով նման գործընթաց նախատեսված չէ, ինչը, սակայն, արգելք չէ այդպիսի գործընթաց նախաձեռնելու համար` հաշվի առնելով քվեաթերթիկների վավերության վերաբերյալ Հանձնաժողովի անդամների միջև առկա տարաձայնությունը, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նաև հոգաբարձուների խորհրդի նախագահի ներկայության էական ազդեցության վերաբերյալ հիմնավորումների և ապացույցների բացակայությունը, Կարգի 35-րդ հոդվածի խախտման հետևանքով նույն Կարգի 47-րդ կետով նախատեսված իրավական հետևանքի կիրառումը գնահատում է չհիմնավորված, ինչպես նաև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից ու գործի փաստական հանգամանքներից չբխող:
Նշվածի համատեքստում անդրադառնալով նաև հայցվորի կողմից գաղտնիության խախտման վերաբերյալ Դատարանում դիրքորոշում հայտնված չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքների փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գաղտնիության խախտման վերաբերյալ հարցը բարձրացվել և քննարկվել է Դատարանում` վկաների հարցաքննության ընթացքում: Գործին մասնակցող անձինք, այդ թվում` նիստին ներկա Հիմնադրամի ներկայացուցիչը հնարավորություն են ունեցել և հարցադրումներ են հղել վկաներին, նշված հարցի վերաբերյալ Դավիթ Ղազարյանի կողմից ներկայացվել է գրավոր դիրքորոշումներ:
Նշվածի հիման վրա, վճռաբեկ բողոքների հիմքն այն մասին, որ նշված հարցի վերաբերյալ ստորադաս դատարանում դիրքորոշում չի ներկայացվել, Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված:
Անդրադառնալով Կարգի 39-րդ կետի խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Կարգի 37-րդ, 39-րդ և 40-րդ կետերի մեկնաբանությունից հետևում է, որ քվեարկությունն ավարտվելուց ու ձայների հաշվարկ իրականացնելուց հետո հաշվիչ հանձնաժողովը կազմում է քվեարկության արդյունքներն ամփոփող, Կարգի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով արձանագրություն: Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում երկրորդ փուլն անցկացվել է մեկ թեկնածուի մասնակցությամբ (առաջին փուլում առավելագույն ձայն ստացած Գոռ Վարդանյանի), հաշվիչ հանձնաժողովի կողմից պետք է կազմվեր մրցույթում հաղթող ճանաչելու կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու և կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին արձանագրություն: Տվյալ դեպքում հաշվիչ հանձնաժողովի երկու անդամների ստորագրությամբ Կարգի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով ըստ էության կազմվել է հաղթող ճանաչելու վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը: Նկատի ունենալով, որ Հանձնաժողովի նախագահն ու ևս երկու անդամներ հրաժարվել են ստորագրել արձանագրությունը, այն ստորագրել են Հանձնաժողովի հինգ անդամներից միայն երկուսը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Կարգի 39-րդ կետով սահմանված է, որ արձանագրությունն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամներն ու նախագահը, այդուհանդերձ, նույն Կարգով նախատեսված չեն հաշվիչ հանձնաժողովի որևէ անդամի կողմից այդ արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու ինչպես ընթացակարգ, այնպես էլ դրա իրավական հետևանքները: Տվյալ դեպքում հաշվիչ հանձնաժողովի անդամները, այդ թվում` նախագահը քվեաթերթիկների հաշվարկ իրականացնելիս բարձրացրել են թվով երեք քվեաթերթիկների վավերության հարց: Նկատի ունենալով, որ քվեաթերթիկն անվավեր ճանաչելու ընթացակարգ, ինչպես նաև որոշման կայացման ձև նույնպես Կարգով նախատեսված չեն, քվեաթերթիկներից մեկը միաձայն համարվել է անվավեր, իսկ մյուս երկու քվեաթերթիկների վավերության վերաբերյալ որոշումը կայացվել է անդամների քվեարկությամբ` երեք կողմ, երկու` դեմ հարաբերակցությամբ: Քվեարկության արդյունքները հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել իր պարտականությունների կատարումից հրաժարված և արձանագրությունը չստորագրած Հանձնաժողովի նախագահը` ներկայացնելով նաև արձանագրությունը չստորագրելու պատճառները:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հաշվիչ հանձնաժողովի կազմավորման և գործարկման նպատակը քվեարկության ընթացքի կազմակերպումն ու վերահսկումն է, քվեաթերթիկների վավերության վերաբերյալ որոշման կայացումը, որպիսի որոշում կայացրած լինելու փաստը սույն գործով անվիճելի է` վիճահարույց քվեաթերթիկների վերաբերյալ որոշում ընդունվել է: Որևէ այլ էական նշանակություն և առանձնակի կարևորություն ներկայացնող, հաշվիչ հանձնաժողովի գործունեությունը խաթարող, էական խոչընդոտների առկայության փաստը հիմնավորող ապացույցներ գործում առկա չեն: Հետևաբար նման իրավիճակում անհրաժեշտ է միայն քննարկել արձանագրությունը չստորագրելու պատճառներն ու հիմքերը, ինչն էլ հաշվի է առել Խորհուրդը` հաստատելով ընտրության արդյունքները: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Հանձնաժողովի արձանագրությունը չստորագրած անդամները, ըստ էության արձանագրությունը չստորագրելով, չեն ապահովել Կարգի կիրարկումը, ինչը, քվեաթերթիկների վավերության վերաբերյալ որոշում կայացված լինելու պայմաններում, չի կարող հիմք հանդիսանալ մրցույթի գործընթացը չեղարկելու համար:
Նշված խախտումն իր էությամբ Հանձնաժողովի անդամի կողմից Կարգի 39-րդ կետով սահմանված պահանջը չպահպանելու հետևանք է, Կարգով չնախատեսված` Հանձնաժողովի անդամի սուբյեկտիվ վարքագիծը որևէ ձևով չի կարող իրավունքի պաշտպանության կամ իրավունքին միջամտության հիմք հանդիսանալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ ըստ էության վերջնական որոշումը կայացնում է հոգաբարձուների խորհուրդը` բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Տվյալ դեպքում հոգաբարձուների խորհուրդը Կարգի 43-րդ կետով սահմանված կարգով բաց քվեարկությամբ հաստատել է հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, քվեարկության արդյունքներն ու ընդունել է համապատասխան որոշում` այն ներկայացնելով հիմնադրի` Կառավարության հաստատմանը:
Վերոգրյալ կարգավորումների և փաստերի համադրված վերլուծությունը վկայում է այն մասին, որ արձանագրությունը հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամների, այդ թվում` նախագահի կողմից ստորագրված չլինելը տվյալ դեպքում բավարար չեն քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելու համար: Հետևաբար Կարգի 39-րդ կետի խախտման հետևանքով Վերաքննիչ դատարանի կողմից նույն Կարգի 47-րդ կետով նախատեսված իրավական հետևանքի կիրառումը Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է արձանագրված` վերը նշված ընթացակարգային խախտումների վերաբերյալ արձանագրության բացակայությունը, ինչը` որպես միակ թույլատրելի ապացույց, Կարգի 47-րդ կետի հիմքով պարտադիր է` քվեարկության արդյունքների անվավերության հարցը լուծելու համար: Տվյալ դեպքում ռեկտորի ընտրության մրցույթի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ արձանագրություն կազմված չլինելը նույնպես վկայում է խախտման բացակայության մասին:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված խախտումները տվյալ դեպքում չեն հանդիսանում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք, քանի որ չեն ազդել մրցույթի արդյունքների վրա, չեն խաթարել քվեարկության գաղտնիությունը, գնահատման հանձնաժողովի անկախությունն ու թեկնածուների հավասար մրցակցային պայմանները: Հետևաբար տվյալ դեպքում բացակայել են Վերաքննիչ դատարանի կողմից ամբողջ գործընթացն անվավեր ճանաչելու գործիքակազմի կիրառումն արդարացնող հիմքերը:
Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ մասնակիորեն հերքվում են վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 12.03.2025 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի 21.05.2024 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով:
Վճռաբեկ բողոքները բավարարելու` Վերաքննիչ դատարանի 12.03.2025 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 21.05.2024 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով պետական տուրքը բաշխելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
- Դավիթ Ղազարյանի կողմից հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված գումարները նախապես վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասերով պետք է համարել լուծված: Միաժամանակ նկատի ունենալով նաև այն, որ Դավիթ Ղազարյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարվել է 30.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, 20.000 ՀՀ դրամը պետք է վերադարձնել վերջինիս` որպես ավել վճարված պետական տուրքի գումար.
- Դավիթ Ղազարյանից հօգուտ Հիմնադրամի, Նախարարության և Գոռ Վարդանյանի պետք է բռնագանձել 20.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար սահմանված ու Հիմնադրամի, Նախարարության և Գոռ Վարդանյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարներ: Միաժամանակ նկատի ունենալով, որ Հիմնադրամը, Նախարարությունն ու Գոռ Վարդանյանը վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարել են 40.000-ական ՀՀ դրամի չափով պետական տուրք, 60.000 ՀՀ դրամը (յուրաքանչյուրին 20.000 ՀՀ դրամ) պետք է վերադարձնել վերջիններիս` որպես ավել վճարված պետական տուրքի գումարներ.
- Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվելու և Դատարանի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու վերաբերյալ Դավիթ Ղազարյանի կողմից ներկայացված պահանջը ենթակա է մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանում այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 21.05.2024 թվականի վճռին:
2. Դավիթ Ղազարյանից հօգուտ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ:
3. Դավիթ Ղազարյանից հօգուտ Կառավարության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ:
4. Դավիթ Ղազարյանից հօգուտ Գոռ Վարդանյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ:
5. Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Գ. Հակոբյան
Զեկուցող` Ա. Մկրտչյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204137292