ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2026 թվականի N 603-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1518-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների` դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1518-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետը «7308» թվից հետո լրացնել «, 7402» թվով:
2. Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ժամանակավոր օգտագործման նպատակով պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և հետագայում վերադարձման ենթակա, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված` սույն որոշման 1-ին կետով հաստատված այն ապրանքների վրա, որոնք փոխադրման (մատակարարման) գործարքի պայմանները (այդ թվում` որակի, երաշխիքի պայմանները) չկատարելու պատճառով Հայաստանի Հանրապետությունից վերադարձվում են գործարքի շրջանակներում վերանորոգման (կամ փոխարինման) համար` դրանք վերադարձնելու պայմանով, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող ապրանքների) «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում ներմուծվող, պայմանագրի հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ վերանորոգման նպատակով և հետագայում դրանք վերադարձնելու պայմանով տեղափոխված, իսկ ԱՏԳ ԱԱ 7308 ծածկագրից` 7308 40 ծածկագրին դասվող սև մետաղից բեմային կոնստրուկցիաների` «Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող, ԱՏԳ ԱԱ 7307 ծածկագրին դասվող` խողովակների կամ փողակների համար սև մետաղից չօգտագործված կցամասերի, ԱՏԳ ԱԱ 7308 90 ծածկագրին դասվող սև մետաղից չօգտագործված մետաղակոնստրուկցիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7402 ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից` օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից` օգտագործված թուջե ռադիատորների և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա.»:
3. Որոշման 2-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`
«4) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող այն ապրանքների վրա, որոնք պայմանագրի հիման վրա (այդ թվում` երաշխիքային սպասարկման համար) փոխարինման նպատակով նախապես ներմուծվել կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն:»:
4. Որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը արտահանման նպատակով ձևակերպված, սակայն չարտահանված` սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի 30
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 մայիսի 2026 թվական: