ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2026 թվականի N 604-Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի ապրիլի 30-ի
N 604-Ն որոշման
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածությունը երկրի կամ գետավազանի մակարդակով օգտագործելի ջրային ռեսուրսների վրա գումարային ջրօգտագործման ազդեցության չափն է:
2. Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը բնութագրում է ջրային ռեսուրսների օգտագործման համապատասխանությունը երկրի ջրային կարիքներին և արտահայտում է ջրօգտագործման ճնշումը ջրային ռեսուրսների վրա: Նշված ցուցանիշը հիմք է հանդիսանում ջրառի վերլուծության և գնահատման համար` ըստ ջրօգտագործման ոլորտների:
3. Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը որոշվում է ջրավազանային կառավարման պլաններով սահմանված գումարային ջրօգտագործման ծավալի (ջրապահանջարկ) և օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալի (ջրառաջարկ) հարաբերությամբ` արտահայտած տոկոսով: Ջրավազանային կառավարման պլանի ժամկետի ավարտից հետո` մինչև նոր ջրավազանային կառավարման պլանի ընդունումը, հաշվարկի համար հիմք են ընդունվում նախորդ ջրավազանային կառավարման պլանի վերջին տարվա տվյալները:
4. Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը (ՋՌԾԱ) երկրի կամ գետավազանի մակարդակով որոշվում է հետևյալ բանաձևով.
ԳՋՕ
ՋՌԾԱ = ----------- * 100 ՕՋՌ
որտեղ`
ԳՋՕ - գումարային ջրօգտագործումն է,
ՕՋՌ - օգտագործելի ջրային ռեսուրս:
5. Գումարային ջրօգտագործումը գետավազանում կամ ջրային մարմնում մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից բոլոր ջրօգտագործողների կողմից տարեկան օգտագործված ջրի գումարային քանակությունն է.
ԳՋՕ = ՄԳՋՕ + ՍԳՋՕ,
որտեղ`
ՄԳՋՕ - մակերևութային գումարային ջրօգտագործումն է,
ՍԳՋՕ - ստորերկրյա գումարային ջրօգտագործումը:
6. Օգտագործելի ջրային ռեսուրսները մակերևութային օգտագործելի ջրային ռեսուրսների և ստորերկրյա ջրերի օգտագործելի (վերականգնվող) պաշարների գումարային քանակությունն է.
ՕՋՌ = ՄՕՋՌ + ՍՋՕՊ,
որտեղ`
ՄՕՋՌ - մակերևութային օգտագործելի ջրային ռեսուրսն է,
ՍՋՕՊ - ստորերկրյա ջրերի օգտագործելի պաշարը:
7. Մակերևութային օգտագործելի ջրային ռեսուրսները (ՄՕՋՌ) որոշվում են մակերևութային ջրային ռեսուրսների և էկոլոգիական թողքի տարբերությամբ.
ՄՕՋՌ = ՄՋՌ - ԷԹ,
որտեղ`
ՄՋՌ - մակերևութային ջրային ռեսուրսն է,
ԷԹ - էկոլոգիական թողքը:
8. Ստորերկրյա ջրերի օգտագործելի պաշարները (ՍՋՕՊ) որոշվում են ստորերկրյա ջրային ռեսուրսների, ստորերկրյա ազգային պաշարների և ստորերկրյա ռազմավարական պաշարների տարբերությամբ.
ՍՋՕՊ = ՍՋՌ - ՍԱՊ - ՍՌՊ,
որտեղ`
ՍՋՌ - ստորերկրյա ջրային ռեսուրսն է,
ՍԱՊ - ստորերկրյա ազգային պաշարն է,
ՍՌՊ - ստորերկրյա ռազմավարական պաշարը:
9. Ստորերկրյա ջրերի օգտագործելի պաշարները գետավազաններում ստորերկրյա ջրավազանների հաստատված օգտագործելի պաշարներն են:
10. Մակերևութային ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը (ՄՋՌԾԱ) որոշվում է հետևյալ բանաձևով.
ՄԳՋՕ
ՄՋՌԾԱ = ------- * 100 ՄՕՋՌ
11. Ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը (ՍՋՌԾԱ) որոշվում է հետևյալ բանաձևով.
ՍԳՋՕ
ՄՋՌԾԱ = ------ * 100 ՍՋՕՊ
12. Բանաձևերի բոլոր պարամետրերի չափողականությունն արտահայտվում է մլն մ3-ով:
13. Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման արժեքները դասակարգվում են 4 դասի`
1) չծանրաբեռնված փոքր 25%-ից (ջրօգտագործումն անվտանգ է, իսկ ճնշումը` նվազագույն).
2) ցածր ծանրաբեռնված 25%-65% (ջրօգտագործումն արդյունավետ է և կայուն, իսկ ճնշումը` կառավարելի).
3) միջին ծանրաբեռնված 65%-100% (ջրօգտագործումը ռիսկային է, ճնշումը` մոտենում է թույլատրելի առավելագույն շեմին).
4) ծանրաբեռնված մեծ 100%-ից (տեղի է ունենում ջրային ռեսուրսի գերշահագործում):
Պաշտոնական հրապարակման օրը` 5 մայիսի 2026 թվական: