ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 2026 թվականի N 544-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 482-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումները.
1) 20-րդ ենթակետում «տերմինալների» բառից հետո լրացնել «` բացառությամբ շենքերի, շինությունների արտաքին պատերի վրա ամրացված և անիվների վրա գտնվող շարժական վճարային տերմինալների» բառերը.
2) 20-րդ ենթակետից հետո լրացնել նոր 20.1-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«20.1) Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով ծառայություններ մատուցելու նպատակով շենքերի, շինությունների արտաքին պատերի վրա ամրացված և անիվների վրա գտնվող շարժական վճարային տերմինալների տեղադրման թույլտվության համար 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով`
ա. Արաբկիր վարչական շրջանի տարածքում` յուրաքանչյուր ամսվա համար` 10000 /տաս հազար/ դրամ` մեկ սարքավորման համար.
բ. Կենտրոն վարչական շրջանի տարածքում` յուրաքանչյուր ամսվա համար` 13000 /տասներեք հազար/ դրամ` մեկ սարքավորման համար.
գ. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքներում` յուրաքանչյուր ամսվա համար` 8000 /ութ հազար/ դրամ` մեկ սարքավորման համար.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետում լրացվող նոր 20.1 ենթակետով նախատեսված կարգավորումները գործում են մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. ապրիլի 21
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2026 թվական: