Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2026 թվականի N 699-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

30. Ուսումնական հաստատությունը սահմանում է տվյալ դասարանի առարկայացանկը, ուսումնական առարկաներին, ուսումնական նախագծերին ու խմբակներին հատկացված ժամաքանակները` պահպանելով սույն հավելվածի 32-րդ, 33-րդ և 36-րդ կետերի պահանջները:

1) Մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը դպրոցական և անհատական բաղադրիչի ժամերի մինչև 70 տոկոսը կարող է տրամադրել մասնագիտական առարկաներին:

31. Յուրաքանչյուր սովորող իր ընտրած առարկայից կամ առարկաներից իրականացնում է ուսումնական նախագիծ.

1) 7-9-րդ դասարաններում` յուրաքանչյուր կիսամյակում նվազագույնը մեկ նախագիծ, որից առնվազն մեկը ԲՏՃՄ ուսումնական բնագավառի բնագիտական որևէ առարկայից կամ առարկաներից.

2) 10-12-րդ դասարաններում յուրաքանչյուր կիսամյակում նվազագույնը մեկ նախագիծ, որից առնվազն մեկը նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկայից կամ առարկաներից:

32. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (ներառյալ խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)`

1) տարրական դպրոց` ոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3320.

2) հիմնական (միջին դպրոց)` ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 6220.

3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080:

33. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)`

1) տարրական դպրոց` առավելագույնը 3320, որից պետական բաղադրիչ` 2585, դպրոցական բաղադրիչ` 536, անհատական (ընտրովի) բաղադրիչ` 199.

2) հիմնական (միջին դպրոց)` 6220, որից պետական բաղադրիչ` 5032, դպրոցական բաղադրիչ` 680, անհատական (ընտրովի) բաղադրիչ` 508.

3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական բաղադրիչ` 2176, դպրոցական բաղադրիչ` 1292, անհատական (ընտրովի) բաղադրիչ` 612:

34. Չափորոշչի 32-րդ կետով կրթական աստիճանների համար սահմանված նորմատիվային առավելագույն ծավալների հիման վրա հաշվարկվում են յուրաքանչյուր ուսումնական բնագավառի նվազագույն և առավելագույն շաբաթական ժամաքանակները բնական թվի չափով: Եթե բնագավառի ծավալը սահմանված է միայն առավելագույն ժամաքանակի չափով, ապա շաբաթական ժամաքանակը հաշվարկվում է տրված տոկոսին համապատասխանող մոտարկված բնական թվով:

35. Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները չպետք է գերազանցեն տվյալ բնագավառի համար տվյալ կրթական աստիճանում սույն չափորոշչի 32-րդ կետով սահմանված առավելագույն ժամաքանակը և տոկոսային արտահայտմամբ պետք է կազմեն`

1) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին տարրական դպրոցում` 24-28%, միջին դպրոցում` 13-16 %, ավագ դպրոցում` 10-25 %.

2) «Հայրենագիտություն» բնագավառին տարրական դպրոցում` 2%, միջին դպրոցում` 7-8%, ավագ դպրոցում` 7-18%.

3) «Օտար լեզուներ» բնագավառին տարրական դպրոցում` 10-15%, միջին դպրոցում` 12-20%, ավագ դպրոցում` 10-25%.

4) «ԲՏՃՄ» բնագավառին տարրական դպրոցում` 25-29%, միջին դպրոցում` 33-38%, ավագ դպրոցում` 15-40%.

5) «Արվեստ և արհեստ» բնագավառին տարրական դպրոցում` 8%, միջին դպրոցում` 4-6%, ավագ դպրոցում` 2-5%.

6) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառին տարրական դպրոցում` 2%, միջին դպրոցում` 5-6%, ավագ դպրոցում` 5-8%.

7) «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառին տարրական դպրոցում` 8-10%, միջին դպրոցում` 7-9%, ավագ դպրոցում` 4-10%.

8) անհատական (ընտրովի) բաղադրիչին տարրական դպրոցում` 6%, միջին դպրոցում` 8,17%, ավագ դպրոցում` 15%:

36. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-րդ դասարանի համար` առնվազն 32, 3-12-րդ դասարանների համար` առնվազն 34 շաբաթ: Ըստ դասարանների` շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է ուսումնական հաստատությունը` պահպանելով տվյալ դասարանի համար 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շաբաթական ծանրաբեռնվածության նվազագույն և առավելագույն նորմը:

1) Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցման գործընթացում սովորողի շաբաթական ծանրաբեռնվածությունն ըստ դասարանների` 5-օրյա և 6-օրյա ռեժիմի համար սահմանվում է նույն նվազագույն և առավելագույն նորմը.

ա. 1-ին դասարան` 16-19 դասաժամ,

բ. 2-րդ դասարան` 21-24 դասաժամ,

գ. 3-րդ դասարան` 22-25 դասաժամ,

դ. 4-րդ դասարան` 22-26 դասաժամ,

ե. 5-րդ դասարան` 27-31 դասաժամ,

զ. 6-րդ դասարան` 27-32 դասաժամ,

է. 7-րդ դասարան` 32-35 դասաժամ,

ը. 8-րդ դասարան` 32-35 դասաժամ,

թ. 9-րդ դասարան` 33-35 դասաժամ,

ժ. 10-11-րդ դասարան` 28-33 դասաժամ,

ժա. 12-րդ դասարանի առաջին կիսամյակում` 28-33 դասաժամ, երկրորդ կիսամյակում` 16-24 դասաժամ:

2) Հանրակրթական մասնագիտացված ծրագրերի ուսուցման գործընթացում դասարանում սովորողի շաբաթական ծանրաբեռնվածությունը գերազանցելու դեպքում հանրակրթական ընդհանուր ծրագրի ուսումնական առարկաների ժամերի ավարտից հետո սահմանվում է առնվազն 60 րոպե տևողությամբ ընդմիջում:

37. Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասի նորմատիվային տևողությունը 45 րոպե է: Հեռավար ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, ինչպես նաև տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական ուսուցման պլանով իրականացվող ուսուցման համար հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է սահմանվել դասի այլ տևողություն:

1) Օրվա ուսումնական պարապմունքների ընթացքում պետական ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր դասից հետո սահմանվում է առնվազն 5 րոպե տևողությամբ դասամիջոց: Սովորողների սննդի, հանգստի և ուսումնական գործընթացը սանիտարական նորմերին համապատասխան կազմակերպելու նպատակով ուսումնական հաստատությունը կարող է սահմանել ավելի երկար տևողությամբ դասամիջոցներ: Դասամիջոցների ընդհանուր տևողությունը մեկ օրվա համար սահմանվում է նվազագույնը 45 րոպե, առավելագույնը` 90 րոպե:

38. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսումնական խմբերով:

1) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է հիմնական կամ նպատակային առարկայական ծրագրերի միջոցով:

2) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում ուսումնական հաստատությունը սովորողի անհատական ուսումնական պլանը ձևավորում է պարտադիր և սովորողի կողմից ընտրված հիմնական կամ նպատակային ծրագրերով ուսումնասիրվող ուսումնական առարկաների հիման վրա.

ա. սովորողն անհատական ուսումնական պլանում նպատակային ծրագրով ընտրված ուսումնական առարկայի ուսումնասիրությունը ուսումնական կիսամյակի ավարտին կարող է դադարեցնել կամ ընտրել այլ նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկա,

բ. նպատակային ծրագրով ուսումնական առարկաների ընտրությունը սովորողը կատարում է նախընտրած մասնագիտական կրթության շարունակականության իրագործման նպատակով` ապահովելով իր մասնագիտական կողմնորոշումը,

գ. սովորողը կարող է ընտրել նպատակային ծրագրով ուսումնասիրվող մինչև երեք ուսումնական առարկա,

դ. «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառների առարկաները հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդվում են հիմնական ծրագրով,

ե. մասնագիտական շարունակական կրթության սեփական նախընտրության ապահովման նպատակով սովորողը կարող է ընտրել նաև ուսումնական հաստատության ներկայացմամբ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկաներ:

 

8. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

39. Միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճաններում չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառի ներկայացվածությունը պարտադիր է սույն չափորոշչի 34-րդ կետով սահմանված առնվազն նվազագույն ժամաքանակով: Ուսումնական բնագավառը ներառում է իր ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներ:

40. Ուսումնական պլանում կարող են ներառվել առարկաներ, որոնց բովանդակությունն առնչվում է մի քանի ուսումնական բնագավառների: Առարկաներից յուրաքանչյուրի ուսումնական ժամաքանակը հաշվարկվում է այդ բնագավառներին հատկացված ժամաքանակների շրջանակներում:

41. Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) ծրագրերի կրթական երրորդ աստիճանի 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի առարկայացանկում սովորողների ընտրությամբ ընդգրկվում է առնվազն երեք ուսումնական առարկա` ծրագրային նյութի հիմնական կամ նպատակային ծրագրով ուսումնասիրման կամ կրկնության համար.

1) Եթե սովորողը 12-րդ դասարանի առաջին կիսամյակում սահմանված կարգով հանձնել է պետական ավարտական և միասնական քննությունները, ապա նույն առարկաների ուսումնառությունը երկրորդ կիսամյակում իրականացվում է հետևյալ եղանակներով.

ա. հետազոտական աշխատանք,

բ. նախագծային աշխատանք (պարտադիր),

գ. լրացուցիչ ուսումնական առարկայի կամ դասընթացի ուսումնասիրություն սովորողների նախընտրությամբ.

դ. կամավորական աշխատանք (սովորողի ցանկությամբ):

42. Ուսումնական հաստատության կողմից ընտրված ուսումնական գործունեության տեսակները պետք է ապահովեն չափորոշչի 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված յուրաքանչյուր սովորողի շաբաթական ծանրաբեռնվածությունը` սահմանված նորմի պահանջներին համապատասխան:

43. Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրերի յուրաքանչյուր կրթական աստիճանի առարկայացանկը ձևավորվում է.

1) հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ԲՏՃՄ բնագավառում`

ա. բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում` առանձին բնագիտական առարկաներով, իսկ 10-11-րդ դասարաններում` հիմնական ծրագրով ուսումնասիրվող մեկ ինտեգրված առարկայով կամ 10-12-րդ դասարաններում նպատակային ծրագրով ուսումնասիրվող առանձին բնագիտական առարկաներով,

բ. մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով, 10-12-րդ դասարաններում` սովորողի ընտրությամբ` հիմնական կամ նպատակային ծրագրերով ուսումնասիրվող ինտեգրված կամ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով,

գ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը 2-9-րդ դասարաններում ներկայացվում է հիմնական, 10-12-րդ դասարաններում` հիմնական կամ նպատակային ծրագրերով` առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով կամ առարկաներով,

դ. տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին ուսումնական առարկայով.

2) «ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով.

3) «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, 3-9-րդ դասարաններում` առնվազն երկու օտար լեզվով, 10-12-րդ դասարաններում` առնվազն երկու օտար լեզվով: Ազգային փոքրամասնությունների դասարաններում «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-12-րդ դասարաններում ներկայացվում է մեկ օտար լեզվով: Երկրորդ օտար լեզվի փոխարեն 1-12-րդ դասարաններում բնագավառը կարող է ներկայացվել ազգային փոքրամասնության լեզուն և գրականությունը ուսումնասիրող մեկ ինտեգրված առարկայով կամ 7-12-րդ դասարաններում` առանձին առարկաներով.

4) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում` հայոց լեզուն և գրականությունն ուսումնասիրող առանձին առարկաներով, 10-12-րդ դասարաններում` հայոց լեզուն և գրականությունն ուսումնասիրող առանձին առարկայի նպատակային ծրագրով կամ ինտեգրված առարկայի հիմնական ծրագրով.

5) «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով.

6) «Հայրենագիտություն» բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով, 10-12-րդ դասարաններում` հիմնական կամ նպատակային ծրագրերի առանձին առարկայով.

7) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով: 10-12-րդ դասարաններում «Հայրենագիտություն», «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները ներկայացվում են` Հայաստանի պատմությունը` առանձին հիմնական կամ նպատակային ծրագրով, իսկ հասարակական կյանքի ոլորտները և համաշխարհային պատմությունը` ինտեգրված հիմնական ծրագրով կամ նպատակային ծրագրերով` առանձին առարկաներով.

8) «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին, 7-9-րդ դասարաններում` առանձին կամ ինտեգրված առարկաներով, իսկ 10-12-րդ դասարաններում` ինտեգրված առարկայով կամ ուսումնական նախագծերի միջոցով.

9) «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին կամ ինտեգրված առարկաներով` «Ֆիզկուլտուրա» առարկան 1-12-րդ դասարաններում` առանձին հիմնական ծրագրով, իսկ «Անվտանգ կենսագործունեություն» և «Առողջ ապրելակերպ» առարկաները 5-11-րդ դասարաններում` առանձին հիմնական ծրագրերով:

44. Հանրակրթության երկրորդ և երրորդ աստիճաններում պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է նախատեսվել մոդուլային ուսուցում (մոդուլը մեկ կամ մի քանի հանրակրթական առարկաների ինտեգրված կամ համատեղ իրականացվող ծրագիր է, որը ներկայացնում է հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրի պետական ծրագրի մի մասը կամ ծրագիրն ամբողջությամբ):

45. Հանրակրթության առաջին, երկրորդ և երրորդ աստիճաններում անհատական (ընտրովի) բաղադրիչի շրջանակում ուսումնական պլանով կարող են նախատեսվել արտադասարանային ուսումնական միավորներ:

46. Արտադասարանային ուսումնական միավորը դպրոցական կրթության շրջանակում իրականացվող թեմատիկ, նպատակային և բազմափուլ ուսումնական գործունեության ձև է, որը ներառում է հետազոտական, փորձարարական, ստեղծարար, տեխնիկական, կիրառական կամ այլ բնույթի աշխատանքներ և իրականացվում է մեկից մինչև մի քանի շարունակական հանդիպումների ընթացքում` դպրոցի կողմից սահմանված տևողությամբ` մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով, պահպանելով սովորողների տարեկան բեռնվածության ընդհանուր պահանջները:

1) Անհատական (ընտրովի) բաղադրիչների շրջանակում մոդուլային և արտադասարանային ուսումնական միավորները կարող են իրականացվել ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցից դուրս` համայնքային տարածքներում, ուսումնական-արտադրական միջավայրում, մշակութային հաստատություններում, բնության մեջ կամ այլ համապատասխան վայրերում` ապահովելով սովորողների անվտանգության և բեռնվածության նորմատիվների պահպանումը:

47. Հանրակրթական հատուկ և մասնագիտացված պետական ծրագրերի առարկայացանկը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով սովորողների զարգացման առանձնահատկությունները և ծրագրի մասնագիտական ուղղվածությունը:

1) Հանրակրթական հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է կրթության որևէ աստիճանում չօգտագործված դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը օգտագործել կրթության առաջին, երկրորդ, երրորդ աստիճաններում մասնագիտական առարկաներին ժամեր ավելացնելու նպատակով:

2) Հանրակրթական հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է գերազանցել տվյալ դասարանի համար սահմանված ուսումնական բնագավառի առավելագույն ժամաքանակները, բայց ոչ ավելի, քան միջնակարգ կրթության համապատասխան աստիճանի համար սահմանված առավելագույն նորմատիվային ծավալները:

 

9. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

48. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը` ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի:

49. Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի հաստատմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառվում են գնահատման հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ տեսակները:

50. Հայտորոշիչ գնահատումն իրականացվում է գնահատման յուրաքանչյուր փուլի սկզբում, ձևավորող գնահատումը` փուլի ընթացքում, ամփոփիչ գնահատումը` փուլի ավարտին:

51. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10-միավորային սանդղակ, որտեղ յուրաքանչյուր նիշ արտահայտում է սովորողի հաջողության որևէ մակարդակ և արձանագրում է սովորողի որոշակի և չափելի ձեռքբերումները: 10-միավորանոց սանդղակում անբավարար գնահատականներ չկան:

52. Ուսումնական հաստատությունները, այդ թվում` այլընտրանքային ծրագրեր իրականացնող, կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10-միավորային սանդղակին:

53. Հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատման մեթոդներն ու ձևերն ընտրում և սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

54. Չափորոշչային պահանջների ապահովումը ստուգելու նպատակով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը ուսումնական հաստատություններում կարող է կազմակերպել արտաքին գնահատում:

55. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում բոլոր առարկաներից, ինչպես նաև ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն, արվեստ և արհեստ բնագավառների առարկաներից 5-12-րդ դասարաններում միավորային գնահատում չի իրականացվում: Սովորողի ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով: Որպես կիսամյակային ամփոփիչ գնահատում յուրաքանչյուր առարկայից կազմվում է սովորողի առաջադիմության բնութագիր:

56. Միավորային գնահատումը կիրառվում է` սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

57. Սովորողների ամփոփիչ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

58. Կրթության երկրորդ աստիճանի ավարտին տրվող վկայականը և կրթության երրորդ աստիճանի ավարտին տրվող ատեստատը ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

59. Հանրակրթական ծրագրի առաջին աստիճանի ավարտին անցկացվող ատեստավորումը, երկրորդ և երրորդ աստիճանների ավարտին անցկացվող ամփոփիչ ատեստավորումներն իրականացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

60. Քննությունների ցանկի և ժամանակացույցի հաստատումը, դրանց կազմակերպման եղանակներն ու փոփոխություններն իրականացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

61. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

62. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով և չափանիշներով` հիմք ընդունելով սովորողի անհատական ուսուցման պլանով սահմանված վերջնարդյունքները, ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերն ու անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2026
N 699-Ն
Որոշում