Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱ ...

 

 

Միասնական կայք` 10.11.25-23.11.25

Ընդունման ամսաթիվը` 31.07.23

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը` 01.06.26

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ (ՏՐՄԱՆ), ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ` անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

կիսելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունն ապահովելու ձգտումը,

ելնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման պրակտիկան ընդլայնելու և դրանց կայուն շրջանառությունը, ինչպես նաև պահեստային վկայագրերի տիրապետողների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն ապահովելու հարցում անդամ պետությունների շահագրգռվածությունից,

պահպանելով փոխադարձ հարգանքի, հավասարության և հրապարակայնության սկզբունքները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

պահեստային վկայագրի տիրապետող` անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրավունք ունի պահեստում պահվող գյուղատնտեսական արտադրանքը տնօրինելու այն քանակով և որակով, որոնք նշված են պահեստային վկայագրում.

գրավառու` գյուղատնտեսական արտադրանքի գրավով ապահովված պարտավորությունների կատարման պահանջի իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

պահեստային վկայագրերի ռեեստր` անդամ պետության տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է տեղեկություններ թողարկված (տրված) պահեստային վկայագրերի մասին, այդ թվում` պահեստային վկայագրերի հետ գործառնությունների մասին (ներառյալ դրանց մարումը), պահեստային վկայագրերի շրջանառության կամ դրանց գծով իրավունքների իրականացման նկատմամբ սահմանափակումների (ներառյալ դրանց բնույթը) առկայության մասին, ինչպես նաև տեղեկություններ պահեստային վկայագրերի տիրապետողների ու գրավառուների մասին.

պահեստ` անդամ պետության իրավաբանական անձ, որը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է ապրանքների պահում և գյուղատնտեսական արտադրանքի պահման ծառայությունների մատուցում.

պահեստային վկայագիր` ոչ փաստաթղթային ոչ էմիսիոն արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի` այդ արժեթղթի թողարկման (տրման) դեպքում սահմանված քանակով և որակով պահեստից գյուղատնտեսական արտադրանքն ստանալու իրավունքը և տրամադրում է գրավով ապահովված պարտավորությունների կատարման պահանջի իրավունք:

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները պետք է հասկանալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն համաձայնագրով կարգավորվում են Միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության և մարման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանվում են պահեստային վկայագրերին ներկայացվող պահանջները:

2. Միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկումը (տրամադրումը), շրջանառությունը և մարումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները:

3. Պահեստային վկայագրերի շրջանառությունն իրականացվում է բորսայում և (կամ) արտաբորսայական շուկայում` անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Գյուղատնտեսական արտադրանքի այն տեսակները, որոնց մասով թողարկվում (տրվում) են պահեստային վկայագրերը, սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ:

5. Անդամ պետություններում թողարկված (տրված), պահեստային վկայագրերի ռեեստրներում ներառված և սույն համաձայնագրի պահանջներին համապատասխանող պահեստային վկայագրերը փոխադարձաբար ճանաչվում են անդամ պետությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Որպես պահման համար որոշակի քանակի և որակի գյուղատնտեսական արտադրանքի ընդունման հաստատում` պահեստի կողմից թողարկվում է (տրվում է) պահեստային վկայագիր` ձևակերպված ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ):

2. Պահեստային վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր տեղեկությունները (վավերապայմանները)`

ա) պահեստային վկայագրի համարը և թողարկման (տրման) ամսաթիվը.

բ) գյուղատնտեսական արտադրանքն ի պահ ընդունած պահեստի անվանումը, դրա գտնվելու վայրը և այն համարը, որն անձին նույնականացնում է որպես անդամ պետության հարկ վճարող.

գ) գյուղատնտեսական արտադրանքն ի պահ հանձնած պահեստային վկայագրի տիրապետողի անվանումը, նրա գտնվելու վայրը` իրավաբանական անձի համար, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը` ֆիզիկական անձի համար, այն համարը, որն անձին նույնականացնում է որպես անդամ պետության հարկ վճարող (առկայության դեպքում).

դ) ի պահ ընդունված գյուղատնտեսական արտադրանքի տեսակը, դրա քանակական և որակական բնութագրերը.

ե) այն ժամկետը, որով գյուղատնտեսական արտադրանքն ընդունվել է ի պահ, եթե նման ժամկետ սահմանվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կամ նշում այն մասին, որ արտադրանքն ի պահ է ընդունվել ցպահանջ.

զ) պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրմամբ)` գյուղատնտեսական արտադրանքի պահման ծառայությունների մատուցման թույլտվության կամ պահեստային վկայագրեր թողարկող (տրամադրող)` անդամ պետության պահեստների ռեեստրում (այսուհետ` պահեստների ռեեստր) պահեստի մասին տեղեկությունների ներառումը հաստատող փաստաթղթի վավերապայմանները.

է) գյուղատնտեսական արտադրանքի պահման համար վարձատրության չափը (սակագները, որոնց հիման վրա այն հաշվարկվում է) և այդ արտադրանքի պահման համար վճարման կարգը կամ այն ամսաթիվը, մինչև որը կատարվել է պահման ծառայությունների վճարումը.

ը) տեղեկություններ` պահեստային վկայագրի մասով պարտավորությունների կատարումն ապահովելու կարգի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Թողարկված (տրված) պահեստային վկայագրի մասին տեղեկություններն ավելացվում են պահեստային վկայագրերի ռեեստրում:

2. Պահեստային վկայագրի մասով իրավունքների փոխանցման դեպքում պահեստային վկայագրերի ռեեստրում կատարվում է համապատասխան գրառում:

3. Պահեստային վկայագրերի ռեեստրը պարունակում է սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկություններ, ինչպես նաև տեղեկություններ`

ա) գրավառուի անվանման, գտնվելու վայրի, այն համարի մասին, որը նրան նույնականացնում է որպես անդամ պետության հարկ վճարող (գյուղատնտեսական արտադրանքը գրավ դնելու դեպքում).

բ) պահեստային վկայագրի մասով իրավունքների փոխանցման մասին.

գ) պահեստային վկայագրի մարման մասին.

դ) պահեստային վկայագրի մասով իրավունքների սահմանափակման մասին:

4. Պահեստային վկայագրերի ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ` հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները:

5. Պահեստային վկայագրերի մասով իրավունքների հաշվառումը կարող է իրականացվել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող կազմակերպությունների ներգրավմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Պահեստն իր գործունեությունն իրականացնում է

անդամ պետության տարածքում և պահպանում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված` գյուղատնտեսական արտադրանքի պահման կանոնները և գյուղատնտեսական արտադրանքի քանակական ու որակական հաշվառումը վարելուն ներկայացվող պահանջները:

Պահեստը պահեստային վկայագրերը թողարկում (տրամադրում) է պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրամադրմամբ) գյուղատնտեսական արտադրանքի պահպանման համար ծառայությունների մատուցման թույլտվությունն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրելու օրվանից կամ պահեստների ռեեստրում դրա մասին տեղեկություններն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառելու օրվանից:

2. Պահեստների ռեեստրը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) գյուղատնտեսական այն արտադրանքի տեսակի մասին, որի պահման համար պահեստը մասնագիտացած է.

բ) պահեստի անվանման, տիպի, տարողության, պահպանման հասանելի ծավալի, գտնվելու վայրի և գյուղատնտեսական արտադրանքի պահման վայրի մասին.

գ) պահեստների ռեեստրում պահեստի գրանցումը հաստատող այն փաստաթղթի մասին, որը տրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

դ) այլ տեղեկություններ` անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Պահեստային վկայագրով պահման ընդունված գյուղատնտեսական արտադրանքը պահման ժամկետի ընթացքում կարող է լինել գրավի առարկա, որը ձևակերպվում է պահեստային վկայագրերի ռեեստրում պահեստային վկայագրի մասով իրավունքների սահմանափակման մասին տեղեկությունները ներառելու միջոցով:

2. Պահեստային վկայագրի տիրապետողը` պահեստային վկայագրերի ռեեստրում պարունակվող պահեստային վկայագիրը գրավ դնելու մասին տեղեկությունների առկայության դեպքում, չի կարող պահեստից վերցնել գյուղատնտեսական արտադրանքը` մինչև գրավով ապահովված պարտավորությունների մարումը:

3. Պահեստը պահեստային վկայագրի տիրապետողին է տրամադրում գյուղատնտեսական արտադրանքը` պահեստային վկայագրերի ռեեստրում դրա մասով իրավունքների իրականացման համար սահմանափակումների մասին տեղեկությունների բացակայության դեպքում:

4. Այն պահեստը, որը, ի հեճուկս սույն հոդվածի 3-րդ կետի պահանջների, պահեստային վկայագրի տիրապետողին տրամադրել է գյուղատնտեսական արտադրանք, որի առնչությամբ պահեստային վկայագրերի ռեեստրում գրավի մասին գրառում է պարունակվում, գրավառուի առջև պատասխանատվություն է կրում` պահեստային վկայագրի գրավով ապահովված պարտավորությունների մարման առնչությամբ:

5. Այն պահեստային վկայագրի տիրապետողը, որը ծանրաբեռնված չէ դրա մասով իրավունքների իրականացման սահմանափակումներով, իրավունք ունի պահանջելու գյուղատնտեսական արտադրանքի մաս-մաս հանձնումը: Ընդ որում, սկզբնական պահեստային վկայագրի փոխարեն նրա համար թողարկվում (տրվում) է նոր պահեստային վկայագիր` պահեստում մնացած գյուղատնտեսական արտադրանքի մասով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները ձևակերպվում են պահատվության հանրային պայմանագիրը կնքելու միջոցով: Պահատվության հանրային պայմանագրի տիպային ձևը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ` հաշվի առնելով դրանում հետևյալ պարտադիր տեղեկությունների ներառումը`

ի պահ հանձնվող գյուղատնտեսական արտադրանքի քանակի և բնութագրերի, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի որակական այն ցուցանիշների մասին, որոնք անհրաժեշտ են դրա պահումն ապահովելու համար.

անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պահման ընդունված` որակի մասով համասեռ գյուղատնտեսական արտադրանքի խմբաքանակի համար պահեստային վկայագիր թողարկելու (տրամադրելու), պահեստային վկայագրում նշված քանակով և որակով` ի պահ ընդունած գյուղատնտեսական արտադրանքի պահպանվածությունն ապահովելու, ինչպես նաև պահատվության հանրային պայմանագրով իր քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ապահովագրելու և (կամ) պահեստային վկայագրերով պարտավորությունների կատարման երաշխավորման ֆոնդի (ֆոնդերի) մասնակից դառնալու պահեստի պարտավորությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Անդամ պետությունը, անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում հետևյալի տեղադրումը`

ինտերնետ ռեսուրս, որն անդամ պետության պահեստային վկայագրերի ռեեստրից տեղեկությունների հասանելիության միասնական կետ է տրամադրում.

այն կազմակերպությունների մասին տեղեկությունները (անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև անձին որպես անդամ պետության հարկ վճարող նույնականացնող համարը), որոնք իրականացնում են գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության և որակի փորձաքննություն.

անդամ պետությունում պահեստային վկայագրերի շրջանառությունը, պահեստային վկայագրերի ռեեստրի ձևավորման ու վարման կարգը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական այլ ակտեր, ինչպես նաև` այդ ակտերի նախագծերը.

պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումն ապահովող կարգի և պայմանների մասին տեղեկատվությունը.

պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև կնքված պահատվության հանրային պայմանագրի տիպային ձևը.

այն պահեստների ցանկը, որոնց տրամադրվել են պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրմամբ)` գյուղատնտեսական արտադրանքի պահման հետ կապված ծառայությունների մատուցման թույլտվություններ, կամ որոնք ներառվել են պահեստների ռեեստրում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Պահեստների կողմից պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, և նախատեսում է պահեստների կողմից թողարկված (տրված) պահեստային վկայագրերի մասով պարտավորությունները` պահեստների կողմից չկատարվելուց հետո պահեստային վկայագրերի տիրապետողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված կազմակերպաիրավական համալիր միջոցներ, այդ թվում` անդամ պետություններում պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարման երաշխավորման ֆոնդի (ֆոնդերի) ձևավորման կամ պահեստային վկայագրերի տիրապետողների առջև պահեստների քաղաքացիաիրավական պատասխանատվության երաշխավորման միջոցով:

2. Անդամ պետություններում ստեղծվող` պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումն ապահովող համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից` անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա:

3. Անդամ պետությունը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իր տարածքում ապահովում է պահեստների կողմից պահեստային վկայագրերի թողարկման (տրման) և մարման կանոնների, գյուղատնտեսական արտադրանքի պահման կանոնների, անվտանգության պահանջների և գյուղատնտեսական արտադրանքի քանակական ու որակական հաշվառումը վարելու պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:

4. Անդամ պետությունն ապահովում է այն գյուղատնտեսական արտադրանքի որակի փորձաքննության անցկացումը, որի համար անդամ պետության տարածքում թողարկվում (տրվում) են պահեստային վկայագրերը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն համաձայնագրի վերաբերյալ վերապահումներ չեն թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ` սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2023 թվականի հուլիսի 31-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով:

 

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հայաստանի Հանրապետության կողմից`

Բելառուսի Հանրապետության կողմից`

Ղազախստանի Հանրապետության կողմից`

Ղրղզստանի Հանրապետության կողմից`

Ռուսաստանի Դաշնության կողմից`

 

 

pin
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդ
31.07.2023
Համաձայնագիր