ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2026 թվականի N 804-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը հաստատելու և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 167-Ն որոշման`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը և սահմանել տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:».
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
3) NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. հունիսի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հունիսի 4-ի
N 804-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի փետրվարի 9-ի
N 167-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) հերթական ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) ենթակա ուսուցիչների վերապատրաստման (այսուհետ` վերապատրաստում), ինչպես նաև տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության հետ կապված իրավահարաբերությունները` բացառությամբ այն ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, որոնք ունեն նախարարության կողմից երաշխավորված ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման ծրագիր:
2. Ատեստավորումն ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնին ուսուցչի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների և հմտությունների համապատասխանության որոշման գործընթացն է:
2. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
3. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման ամբողջական շրջափուլը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ` հիմք ընդունելով ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման և նախորդ ատեստավորման քննության արդյունքները:
4. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով` համապատասխան ստուգման արդյունքների հիման վրա:
5. Ուսուցչի` ատեստավորմանը մասնակցության համար հայտագրում է համարվում Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ` ԴԿՏՀ) մանկավարժի մասնագիտական զարգացման ենթահամակարգում «Ենթակա է ատեստավորման» նշման առկայությունը և ուսուցչի ատեստավորման շրջափուլի ավարտի վերաբերյալ տեղեկատվությունը:
6. Ուսուցիչը կարող է սահմանված ժամանակից շուտ մասնակցել ատեստավորման նպատակով գիտելիքների ստուգման քննությանը` ԴԿՏՀ-ի մանկավարժի մասնագիտական զարգացման ենթահամակարգում էլեկտրոնային թեստավորումից առնվազն երկու ամիս առաջ համապատասխան նշում կատարելու դեպքում:
1) Ուսուցչի ատեստավորմանը կարող է մասնակցել նաև սույն կարգի 35-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձը` ԴԿՏՀ-ի մանկավարժի մասնագիտական զարգացման ենթահամակարգում էլեկտրոնային թեստավորումից առնվազն երկու ամիս առաջ համապատասխան նշում կատարելու դեպքում:
7. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ` ԳԹԿ) յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն քսան աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, թեստի հարցերի քանակը, թեստավորման տևողությունը, թղթային եղանակով իրականացման դեպքում` ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ:
8. Ատեստավորման ենթակա մասնակիցների ցանկերի հիման վրա ԳԹԿ-ն ատեստավորումը կազմակերպելու նպատակով ընտրում է ատեստավորման կենտրոններ և ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ մասնակիցներին բաժանում է խմբերի: Յուրաքանչյուր մասնակցի համար պատրաստում և տրամադրում է անցաթուղթ:
9. Անցաթուղթը պարունակում է մասնակցի տվյալները (անունը, հայրանունը և ազգանունը), անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը), մարզը, դպրոցը, առարկան, ատեստավորման կենտրոնի գտնվելու վայրը, խմբի համարը, գիտելիքի ստուգման օրը և ժամը, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկանալու համար 6 նիշից բաղկացած անհատական ծածկագիրը:
10. Ատեստավորման կենտրոնի խմբերում ընդգրկված մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Ատեստավորման սենյակում յուրաքանչյուր խմբի աշխատանքները համակարգում է` առաջին խմբի համար` երկու ներկայացուցիչ, յուրաքանչյուր հաջորդ խմբի համար` մեկական ներկայացուցիչ:
11. Ատեստավորման գործընթացն ատեստավորման կենտրոններում կազմակերպում են ԳԹԿ-ի տնօրենի հրամանով նշանակված` ատեստավորման կենտրոնի ղեկավարը և ներկայացուցիչները: Կենտրոնում հերթապահների ցուցակը կազմում և նրանց ներկայությունն ապահովում է տվյալ ատեստավորման քննական կենտրոնի ղեկավարը:
12. Ներկայացուցիչներին ըստ խմբերի բաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` ատեստավորման յուրաքանչյուր սենյակում նշանակելով պատասխանատու ներկայացուցիչ, որը կազմում է սույն կարգի 29-րդ կետով նախատեսված արձանագրությունները:
13. Ատեստավորման օրը մասնակիցը պարտավոր է ներկայանալ ատեստավորման կենտրոն` սույն կարգի 8-րդ կետով սահմանված անցաթղթում նշված ժամից 45 րոպե առաջ` իր հետ ունենալով անցաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթ:
14. Մասնակիցների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով:
1) Ատեստավորման սենյակ մուտք գործելուց առաջ քննություն հանձնողի մոտ ստուգվում է բջջային հեռախոսի կամ այլ սարքերի առկայությունը: Ստուգման ընթացքում կարող են օգտագործվել հատուկ միջոցներ: Հեռախոս կամ այլ սարքեր հայտնաբերելու դեպքում դրանք հանձնվում են ատեստավորման կենտրոնի պատասխանատուին, որից հետո մասնակիցը մուտք է գործում ատեստավորման սենյակ` իր հետ տանելով միայն անձը հաստատող փաստաթուղթ:
15. Մասնակիցը մոտենում է իր խմբի ներկայացուցչին (թղթային եղանակով իրականացման դեպքում ստանում է պատասխանների ձևաթուղթը), ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում, ըստ վիճակահանության արդյունքի, համապատասխան նստարանին:
16. Էլեկտրոնային եղանակով թեստավորվելու դեպքում մասնակիցը մուտք է գործում հարմարեցված տարածք, համակարգիչներից մեկի առջև զբաղեցնելու տեղը որոշվում է վիճակահանության արդյունքում` ներկայացուցիչներից մեկի ներկայությամբ:
17. Թեստավորման հարցաշարը ներբեռնվում է թեստավորման համար ստեղծված էլեկտրոնային համակարգի միասնական բազայում:
18. Համակարգ մուտք գործելուց հետո միասնական բազայից մասնակցի համար ձևավորվում է թեստ, և ֆիքսվում աշխատանքի սկիզբը: Մասնակցի էջում հայտնված ժամացույցը հետհաշվարկի միջոցով ցույց է տալիս թեստավորման համար նախատեսված ժամանակը: Ըստ անհրաժեշտության` մասնակցին կարող է տրամադրվել առավելագույնը 30 րոպե լրացուցիչ ժամանակ:
19. Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը սեղմում է թեստի ներքևում տեղակայված «Ավարտել» կոճակը և էկրանին տեսնում է թեստի ճիշտ պատասխանների քանակը` արտահայտված տոկոսով: Թեստավորման արդյունքի մասին ամփոփաթերթը երևում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` յուրաքանչյուր ուսուցչի համար ստեղծված էջում աշխատանքն ավարտելուց առավելագույնը 24 ժամ հետո:
20. Աշխատանքն ավարտած մասնակիցը պարտավոր է անմիջապես դուրս գալ ատեստավորման սենյակից:
21. Թեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է սույն կարգի 40-46-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում:
22. Աշխատանքն սկսվելուց 15 րոպե առաջ ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացնում է ատեստավորման անցկացման կարգը և տեղեկացնում բողոքարկման գործընթացի մասին:
23. Ատեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած մասնակցի մուտքն ատեստավորման սենյակ:
24. Թեստավորման ընթացքում ատեստավորման սենյակից մասնակիցը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ:
25. Ատեստավորման սենյակում չեն քննարկվում թեստի բովանդակության վերաբերյալ մասնակցի հարցերը:
26. Թեստավորման ամբողջ ընթացքում ատեստավորման սենյակներում ներկա են գտնվում ներկայացուցիչները և քննական կենտրոնի ղեկավարը: Ատեստավորման սենյակներում կարող են ներկա գտնվել նաև լիազոր մարմնի ներկայացուցիչներ:
27. Եթե ատեստավորման ընթացքում (և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով իրականացվող) մասնակիցն առանց թույլտվության դուրս է գալիս ատեստավորման սենյակից, խոսում է այլ մասնակիցների հետ, փոխում է տեղն առանց քննական կենտրոնի ղեկավարի թույլտվության, զրուցում է, հուշում է, կամ նրա մոտ հայտնաբերվում է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ապա ներկայացուցիչը պարտավոր է քննական կենտրոնի ղեկավարի և պատասխանատու ներկայացուցչի մասնակցությամբ դադարեցնել նրա ատեստավորումը` այդ մասին արձանագրելով ատեստավորման սենյակի մասնակիցների խմբի ցուցակի «Նշում» սյունակում, և տեղյակ պահել մասնակցին:
28. Ատեստավորումը դադարեցվելուց հետո տվյալ սենյակի պատասխանատու ներկայացուցիչը պարտավոր է արձանագրել կատարված խախտումը: Ատեստավորման գործընթացը դադարեցված մասնակցի աշխատանքը գնահատվում է 0 միավոր: Թղթային եղանակով իրականացվող թեստավորման դեպքում այդ մասնակցի պատասխանների ձևաթուղթը չի սքանավորվում և չի ենթարկվում ստուգման:
29. Աշխատանքն ավարտած, ինչպես նաև հիվանդության պատճառով կամ սեփական նախաձեռնությամբ աշխատանքն անավարտ թողած մասնակցի համար կազմվում է համապատասխան արձանագրություն:
3. ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
30. Ատեստավորման հարցաշարը բաղկացած է երեք բաժնից, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի 1162-Ա/2 հրամանով: Յուրաքանչյուր բաժին ներկայացնում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված զարգացման մեկ ոլորտի մասնագիտական գործունեության ոլորտները:
31. Ուսուցչի ատեստավորման արդյունքներն արձանագրվում են ըստ բաժինների և ընդհանուր:
32. Ուսուցիչը համարվում է ատեստավորված, եթե`
1) ատեստավորման սահմանված շրջափուլի ընթացքում որպես մասնագիտական զարգացման կարիք գնահատվել է առարկայական գիտելիքի բաժինը, և համապատասխան առարկայի գիտելիքների ստուգման արդյունքում ուսուցիչը ցուցաբերել է առնվազն 60% արդյունք.
2) ատեստավորման սահմանված շրջափուլի ավարտին իր մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքով ձևավորված համապատասխան մակարդակի գիտելիքների ստուգման արդյունքում ուսուցիչը ցուցաբերել է առնվազն 60% միջին արդյունք, ընդ որում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի 1162-Ա/2 հրամանով սահմանված յուրաքանչյուր առանձին բաժնից ցուցաբերել է առնվազն 60% արդյունք:
33. Ուսուցիչը համարվում է տվյալ մակարդակում չատեստավորված, եթե`
1) ատեստավորման սահմանված շրջափուլի ընթացքում որպես մասնագիտական զարգացման կարիք գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության բաժինը, և համապատասխան առարկայական գիտելիքների ստուգման արդյունքում ուսուցիչը ցուցաբերել է 60%-ից պակաս արդյունք.
2) ատեստավորման սահմանված շրջափուլի ավարտին իր մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքով ձևավորված համապատասխան մակարդակի գիտելիքի ստուգման արդյունքում ուսուցիչը ցուցաբերել է 60%-ից պակաս միջին արդյունք.
3) ատեստավորման սահմանված շրջափուլի ավարտին իր մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքով ձևավորված համապատասխան մակարդակի գիտելիքի ստուգման արդյունքում ուսուցիչը ցուցաբերել է 60% միջին արդյունք, սակայն առանձին բաժնից կամ բաժիններից արդյունքը 60%-ից պակաս է:
34. Տվյալ մակարդակում չատեստավորված ուսուցիչը հաջորդ տարի ենթակա է ատեստավորման`
1) առարկայի իմացության ոլորտով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի.
2) մասնագիտական զարգացման գնահատված կարիքի նախորդ մակարդակում` սույն կարգով սահմանված ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած բաժնից կամ բաժիններից.
3) նույն մակարդակում, եթե մասնագիտական զարգացման կարիքը գնահատված է ձեռնահասության մակարդակում, սակայն ուսուցիչը կամավոր ատեստավորված է:
35. Ուսուցիչը համարվում է ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող`
1) առարկայի իմացության գնահատված կարիքի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով չատեստավորվելու կամ ատեստավորմանը չմասնակցելու դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ատեստավորված լինելու, սակայն ձեռնահասության մակարդակում երկու անգամ չատեստավորվելու կամ ատեստավորմանը չմասնակցելու դեպքում:
36. Ուսուցչի ատեստավորված լինելու վերաբերյալ կատարված նշումը ինքնաշխատ եղանակով արտացոլվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` ուսուցչի էլեկտրոնային անձնական գործում:
37. Ատեստավորված ուսուցչի համար հաջորդ շրջափուլում մասնագիտական զարգացման կարիքի գնահատում չի իրականացվում: Մասնագիտական զարգացման կարիքը և ատեստավորման շրջափուլը որոշվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով` ինքնաշխատ եղանակով:
38. Ավելի բարձր մակարդակում ատեստավորվել ցանկանալու դեպքում, ուսուցչի դիմումի համաձայն, վերջինիս համար կատարվում է մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, և ատեստավորման շրջափուլը սահմանվում է գնահատված կարիքին համապատասխան:
4. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
39. Էլեկտրոնային թեստավորման դեպքում` արդյունքի մասին ամփոփաթերթն ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում` ԳԹԿ-ի կայքէջում արդյունքների հրապարակումից հետո, մասնակիցը կարող է ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում ստանալուն հաջորդող աշխատանքային օրը` մինչև ժամը 19:00-ն էլեկտրոնային եղանակով ԳԹԿ-ին ուղարկել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը:
40. Ատեստավորման արդյունքի բողոքը քննելու նպատակով ատեստավորումը կազմակերպած քննական կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծվում է 5 անձից բաղկացած բողոքարկման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որը ձևավորվում է բողոքը մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) և ԳԹԿ-ի աշխատակիցներ: Հանձնաժողովն իրավազոր է, եթե որոշման կայացմանը մասնակցում է հանձնաժողովի առնվազն 3 անդամ:
41. Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը ներկայացնում է բողոքը ներկայացրած մասնակցին` հանձնաժողովի ձևավորումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքի քննարկման արդյունքի մասին որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
42. Հանձնաժողովը չի քննարկում`
1) սույն կարգի 41-րդ կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքները.
2) թղթային եղանակով իրականացվող թեստավորման դեպքում` մասնակցի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ դիմումները:
43. Բողոքարկման արդյունքում հանձնաժողովն ընդունում է որոշում մասնակցի աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Հանձնաժողովի որոշման հիման վրա մասնակցի աշխատանքի բողոքարկման արդյունքները հրապարակվում են ԳԹԿ-ի կայքէջում` բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
44. Էլեկտրոնային եղանակով իրականացված թեստավորման դեպքում ԳԹԿ-ն բողոքարկման արդյունքները, փոփոխության ենթակա լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին` համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով:
45. Բողոքարկման գործընթացի ավարտից և ամփոփումից հետո ԳԹԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում ատեստավորմանը մասնակցած բոլոր մասնակիցների ատեստավորման անհատական արդյունքները` ըստ առարկաների, մարզերի, ուսումնական հաստատությունների և ճիշտ կատարված առաջադրանքների թիվը (այդ թվում` արտահայտված տոկոսով):
46. Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների հերթական ատեստավորման արդյունքների քննարկման և դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման նպատակով նախարարի հրամանով, ըստ մարզերի, ստեղծվում են տարածքային հանձնաժողովներ:
47. Տարածքային հանձնաժողովը կազմված է համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) կրթության ոլորտը համակարգող ստորաբաժանման երեք ներկայացուցչից:
48. Տարածքային հանձնաժողովը, մինչև ատեստավորման արդյունքների հաստատման վերաբերյալ նախարարի հրամանի ընդունումը, երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և հավանության է արժանացնում իր գործունեության տարածքում անցկացված` ուսուցիչների հերթական ատեստավորման արդյունքները, որի վերաբերյալ կազմվում է գրավոր արձանագրություն` նախարարություն ներկայացնելու նպատակով:»:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2026 թվական: