Սեղմել Esc փակելու համար:
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2026 թվականի N 816-Լ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1354-13.05.2026-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-1354-13.05.2026-ԱՌՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ստորև ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության դիտարկումներն ու առաջարկությունները:

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 2-րդ հոդվածում «հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հետևյալ խմբագրությամբ» բառերով` նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կարգավորումը: Միաժամանակ, «Դեղերի մասին» օրենքի (այսուհետ` օրենք)` նոր խմբագրությամբ շարադրվող 25-րդ հոդվածի 14-րդ մասի սկզբում չակերտից հետո անհրաժեշտ է լրացնել «14.» թվով:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասություններով, որի համաձայն` պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ոչնչացնող) կողմից էլեկտրոնային փոստով դեղերի շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին առնվազն 5 աշխատանքային օր առաջ տրամադրում է ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն` ոչնչացման ենթակա դեղի անվանման, քանակի (դեղահատ, դեղապատիճ, ամպուլա, տուփ, բլիստեր, սրվակ, փամփուշտ, գրիչ-ներարկիչ, փաթեթիկ և այլն), սերիայի, պիտանիության ժամկետի, ոչնչացման վայրի, ժամի, ոչնչացում իրականացնելու համար դիմողի(ների) տվյալների վերաբերյալ:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզիան տրվում է միայն սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Իսկ նույն օրենքի 43-րդ հոդվածում թվարկվում են գործունեության այն տեսակները, որոնք ենթակա են լիցենզավորման, որոնց մեջ առկա չէ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացման իրականացումը:

Գործող օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է «Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, ինչպես նաև կեղծ և օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:»:

Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող օրենքի 26-րդ հոդվածի գործող տարբերակում ոչնչացման ենթակա օբյեկտները թվարկելիս, ի թիվս այլնի, նշվում են ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը: Միևնույն ժամանակ լրացվող նախադասությամբ օգտագործվում է օրենքի խախտմամբ ներմուծված բառակապակցությունը: Նախագծով առաջարկվող նախադասությունը լրացնում է գործող կարգավորումը և նույն սուբյեկտների համար նախատեսում ոչնչացման ենթակա օբյեկտների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու պարտականություն: ՈՒստի, ոչնչացման ենթակա օբյեկտները և այն օբյեկտները, որոնց մասին պետք է տեղեկություն տրամադրվի, պետք է լինեն նույնական: Սույն դիտարկումը վերաբերում է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 25-րդ և 26-րդ մասերի համապատասխան ձևակերպումներին:

Ուստի վերոնշյալի համատեքստում նախագիծն անհրաժեշտ է վերանայել` գործնականում սահմանվող նորմերի կիրառելիությունն ապահովելու համար: Առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածով օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը ոչ թե լրացնել, այլ շարադրել նոր խմբագրությամբ (ներկայացվել է առաջին երկու նախադասությունների խմբագրությունը, մնացածը ըստ նախագծի տեքստի).

«1. Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ոչնչացնող) կողմից: Ոչնչացնողի կողմից էլեկտրոնային փոստով դեղերի շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ` Տեսչական մարմին) առնվազն 5 աշխատանքային օր առաջ տրամադրում է ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն` ...:»:

3. Նախագծի և դրան համապատասխան` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ոչնչացնողի կողմից տեսաձայնագրման կարգի և պայմանների խախտմամբ ոչնչացում իրականացնելու կամ այդ մասին չծանուցելու կամ սահմանված ժամկետի խախտմամբ ծանուցելու համար:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է փաստել, որ նման ձևակերպումը կարող է ստեղծել վարչարարության անհարկի ծանրաբեռնվածություն և խախտել վարչական իրավունքի համաչափության սկզբունքը: Մասնավորապես` նախագծի 3-րդ հոդվածով լրացվող նոր կարգավորման համաձայն` ոչնչացնողի վրա դրվում է դեղերի ոչնչացման գործընթացից առնվազն 5 աշխատանքային օր առաջ տեսչական մարմնին էլեկտրոնային փոստով ծանուցելու պահանջ, սակայն չի պարզաբանվում, թե արդյոք ծանուցումը ստանալուց հետո` տեսչական մարմինը կարող է ընտրանքային կարգով տեսուչ գործուղել` ոչնչացմանը ֆիզիկապես ներկա գտնվելու համար, թե ոչ և փաստացի ինչ նպատակ է հետապնդում ծանուցումը: Այս առումով առաջարկվող դրույթը լրացուցիչ քննարկման կարիք ունի:

4. Նախագծի 3-րդ հոդվածով օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր նախադասություններով, որտեղ օգտագործվում են «դեղերի շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» և «Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին» բառերը:

Այս առումով հարկ է նշել, որ օրենքի 29-րդ հոդվածով տրվում է մարմնի անվանման կրճատ տարբերակը, եթե խոսքը նույն մարմնի մասին է, առաջարկում ենք կամ նախաձեռնել համապատասխան փոփոխություններ` սույն հոդվածով սահմանելով առաջին իսկ կիրառման ժամանակ կրճատ անվանումը, կամ կիրառել նույն անվանումը:

Առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածով օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում նշել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ` Տեսչական մարմին)» բառակապակցությունը և 29-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին)» բառերը փոխարինել «Տեսչական մարմինը» բառերով:

5. «Դեղերի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող վերջին նախադասության մեջ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություն` նախատեսելով նաև վարչական պատասխանատվություն ոչնչացման տեսաձայնագրումը չիրականացնելու կամ տեսաձայնագրումը սահմանված կարգի և պահանջների խախտմամբ իրականացնելու համար: Այս առումով առաջարկում ենք հիշատակված նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկության չտրամադրումը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրումը կամ ոչնչացման տեսաձայնագրում չիրականացնելը կամ ոչնչացման տեսաձայնագրումը սահմանված կարգի և պահանջների խախտմամբ իրականացնելը առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն: Սույն մասով նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում երրորդ անգամ խախտելը հիմք է Տեսչական մարմնի կողմից լիցենզավորող մարմնին ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու համար:»:

6. Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: Առաջարկում ենք սահմանել 5-ամսյա ժամկետ` համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար` տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները մանրամասն մշակելու և ընդունելու նպատակով:

Վերոգրյալից զատ, առաջարկում ենք նախագծում լրացնել դրույթ առ այն, որ ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պատասխանատու է դրոշմանիշի (դրոշմապիտակի) մարումը ապահովելու համար:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծով ներկայացված վարչական պատասխանատվության միջոցները կարծում ենք, որ ունեն հավելյալ հիմնավորման կարիք: Մասնավորապես, նախագծով նախատեսվող յուրաքանչյուր իրավախախտման համար նախատեսված է միայն մեկ պատասխանատվության միջոց և բացակայում է պատասխանատվության միջոց կիրառողի կողմից պատասխանատվության միջոցի չափի ընտրության հնարավորությունը, մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Վկայակոչված հոդվածը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել իրավախախտման յուրաքանչյուր դեպքին` հաշվի առնելով վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքները:

Այլ կերպ ասած, այն դեպքում, երբ վարչական իրավախախտման համար պատասխանատվության միջոցի ընտրության հնարավորություն նախատեսված չէ, ապա համապատասխան կարգավորումը կարող է հակադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի վերոնշյալ հոդվածի տրամաբանությանը` կորցնելով նշյալ դրույթի կիրառման արդյունավետությունը:

Նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.3-րդ հոդվածում լրացվող 25-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Պիտանիության ժամկետը լրացած կամ չգրանցված կամ կեղծ կամ օգտագործման համար ոչ պիտանի կամ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված կամ օրենքի խախտմամբ ներմուծված կամ անորակ կամ չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի կամ դեղանյութերի կամ դեղաբուսական հումքի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ոչնչացման վերաբերյալ տեղեկություն չտրամադրելը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելը կամ տեսաձայնագրում չիրականացնելը կամ տեսաձայնագրման կարգը և պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` ոչնչացման ենթակա յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև 5 դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

2) 5-ից ավելի դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով»:

Նախագծի 1-ին հոդվածի 26-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Սույն հոդվածի 25-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` առաջացնում է տուգանքի նշանակում` նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

2. «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից բխող ենթաօրենսդրական ակտերը, որոնցով սահմանվելու են այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանեցնեն իրենց գործունեությունը բժշկական հաստատության դեղատները և ոչնչացնող ընկերությունները, ընդունվելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` անհրաժեշտ է այդ պահանջների խախտման համար պատասխանատվություն նախատեսող կարգավորումների ժամկետները վերանայել` սահմանելով առավել ողջամիտ ժամկետ նշված սուբյեկտների կողմից իրենց գործունեությունը սահմանվող պահանջներին համապատասխանեցնելու համար:

Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում սահմանել ուժի մեջ մտնելու հետևյալ ժամկետը` պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո (այն դեպքում, երբ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում), կամ պաշտոնական հրապարակման օրվանից 8 ամիս հետո` այն դեպքում, երբ վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար կսահմանվի 5-ամսյա ժամկետ:

Ամփոփելով վերոգրյալը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2026
N 816-Լ
Որոշում