ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2026 թվականի N 824-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՑՈՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտահանման ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորեն ապրանքատեսակի նկատմամբ:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների նկատմամբ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցների ժամանակավոր կիրառման մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոց կիրառելու առաջարկություն:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 7-ից և գործում է մինչև 2027 թվականի հունվարի 7-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 11
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 11 հունիսի 2026 թվական: