ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
16 հունիսի 2026 թ. |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. դատավորներ` Արման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի (զեկուցող), Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
Կառավարության ներկայացուցիչ` Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2026 թվականի ապրիլի 23-ի N 548-Ա որոշմամբ հավանություն է տվել «2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության` 2026 թվականի ապրիլի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանա քաղաքում` երկու երկրների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների գտնվելու և աշխատանքի պատշաճ պայմաններն ապահովելու նպատակով:
2. Ըստ Համաձայնագրի`
1) Հայկական Կողմը Ղազախական Կողմին քառասունինը (49) տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երևան քաղաքում` Ծովակալ Իսակովի պողոտա 17/1 գտնվող` շինություններից և տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք` Ղազախական կողմի հաշվին Ղազախստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ դրամ (հոդված 1),
2) Ղազախական Կողմը Հայկական Կողմին քառասունինը (49) տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքում` Արգանատի փողոց, տարածք 24/2 գտնվող` շինություններից և տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք` Հայկական Կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ տենգե (հոդված 2):
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`
3.1. երաշխավորել, որ Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքը տրամադրվի պարտքերից, երրորդ կողմերի իրավունքներից ազատ, չգրավադրված և որևէ այլ կերպով չծանրաբեռնված, ինչը կխոչընդոտի Համաձայնագրի նպատակներով դրանց օգտագործումը (հոդված 3),
3.2. երաշխավորել, որ Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված հողատարածքը կօգտագործվի միայն Համաձայնագրով նախատեսված նպատակներով (հոդված 4),
3.3. Համաձայնագրին համապատասխան տրամադրված հողատարածքը չընդլայնել, չվաճառել, չծանրաբեռնել, որպես սեփականություն` չփոխանցել, վարձակալության կամ ենթավարձակալության չհանձնել երրորդ կողմի` առանց Ղազախական Կողմի հստակ արտահայտված գրավոր համաձայնության (հոդված 5, պարբերություն 1),
3.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված շենքերի, շինությունների սեփականության իրավունքի և հողատարածքների օգտագործման իրավունքի իրավաբանական ձևակերպումը, ինչպես նաև իրականացնել համապատասխան փաստաթղթերի միաժամանակյա փոխանակում` փոխհամաձայնեցված ժամկետներում (հոդված 6),
3.5. սեփական միջոցների հաշվին ապահովել ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների (ջրամատակարարում, ջերմամատակարարում, գազատար, կոյուղի, էլեկտրաէներգիա, կապ և այլն) մոտեցումը մինչև Ղազախական Կողմին տրամադրված հողատարածքի սահմաններ, ինչպես նաև կատարել այդ հաղորդակցուղիների միացումը քաղաքային ցանցերին (հոդված 8):
4. Համաձայնագրով նախատեսվում է, որ`
4.1. դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի և շինությունների կառուցումը Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հողատարածքներում կարող է իրականացվել միայն ընդունող պետության օրենսդրության պահանջներին համապատասխան շինարարության կամ վերակառուցման թույլտվություն ստանալուց հետո (հոդված 9),
4.2. հողատարածքները և դրանց վրա կառուցված շենքերն ու շինություններն ազատվում են ընդունող պետության կողմից սահմանվող բոլոր տեսակի հարկերից, վճարներից և այլ պարտադիր վճարումներից` բացառությամբ հողատարածքի օգտագործման վարձավճարի (հոդված 10, պարբերություն 1),
4.3. հողատարածքն օգտագործող Կողմը շենքերի և շինությունների, ինժեներական հաղորդակցուղիների շահագործումը և բոլոր տեսակի վերանորոգումները, հողատարածքների պահպանումը կատարում է իր հաշվին (հոդված 10, պարբերություն 2),
4.4. կոմունալ ծառայությունների (գազամատակարարում, էլեկտրականություն, ջերմամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, տարածքի մաքրում և նմանատիպ այլ ծառայություններ), բոլոր տեսակի կապի ծառայությունների, ինչպես նաև Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված անշարժ գույքի վերանորոգման և պահպանման համար վճարումը կատարվում է ընդունող պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների համար գործող նորմատիվներով և սակագներով` ընդունող պետության արժույթով (հոդված 10, պարբերություն 3):
5. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից և կնքվում է քառասունինը (49) տարի ժամկետով (հոդված 13, պարբերություն 1):
6. Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ քառասունիննամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը չերկարաձգելու իր մտադրության մասին ոչ ուշ, քան ընթացիկ քառասունիննամյա ժամանակահատվածի ավարտից մեկ տարի առաջ: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցումն ստանալու ամսաթվից (հոդված 13, պարբերություն 2):
7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Ա. Դիլանյան
16 հունիսի 2026 թվականի
ՍԴՈ-1833
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում` (concourt.am) 17 հունիսի 2026 թվական: