Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 870-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

68. Ակադեմիայի փոխնախագահը`

1) փոխարինում է ակադեմիայի նախագահին` նրա բացակայության դեպքում.

2) իր իրավասության շրջանակում համակարգում է ակադեմիայի բաժանմունքների ու կառուցվածքային ստորաբաժանումների, փորձագիտական հանձնաժողովների ու մասնագիտական խորհուրդների գործունեությունը.

3) պատրաստում ու ակադեմիայի նախագահին է ներկայացնում ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների, պրոբլեմային խորհուրդների ու փորձագիտական հանձնաժողովների կանոնակարգերը, ընթացակարգերը, ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, էթիկայի կանոնագիրքն ու ներքին իրավական այլ ակտեր.

4) կատարում է ակադեմիայի բաժանմունքների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգում ու վերահսկում.

5) համակարգում է ակադեմիայի ներպետական ու միջազգային համագործակցությունը.

6) սահմանված կարգով համակարգում է դոկտորի գիտական աստիճանի շնորհման գործընթացը` ներառյալ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների կազմի ձևավորումը և ակադեմիայում պաշտպանության կազմակերպումը.

7) ակադեմիայի նախագահի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ:

69. Ակադեմիայի ակադեմիկոս քարտուղարը`

1) նախապատրաստում է ընդհանուր ժողովները, նախագահության նիստերը, վերահսկում է ընդհանուր ժողովների ու նախագահության որոշումների, ակադեմիայի նախագահի հրամանների ու կարգադրությունների կատարումը.

2) կազմակերպում է ակադեմիայի տարեկան գործունեության ու զարգացման ռազմավարական ծրագրի տարեկան հաշվետվությունների պատրաստումը.

3) համակարգում է ակադեմիայի բաժանմունքների ընթացիկ աշխատանքը.

4) պատրաստում ու ակադեմիայի նախագահի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գիտության բնագավառի վերաբերյալ տարեկան զեկույցը.

5) համակարգում է կապը Հայաստանի Հանրապետության պետական և այլ մարմինների հետ.

6) ակադեմիայի նախագահի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ:

 

8. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

70. Ակադեմիան ունի կառուցվածքային ստորաբաժանումներ` բաժանմունքներ, վարչական, օժանդակ ստորաբաժանումներ: Նախագահության որոշմամբ ակադեմիան կարող է ստեղծել նաև առանձնացված ստորաբաժանումներ` հիմնարկներ:

71. Բաժանմունքն ակադեմիայի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իրականացում է սույն կանոնադրության 19-րդ կետով նախատեսված գործառույթները:

72. Բաժանմունքը միավորում է մեկ կամ մի քանի հարակից գիտական բնագավառների ակադեմիայի անդամներին` Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների ու բուհերի պատվավոր գլխավոր ու պատվավոր առաջատար գիտաշխատողներին, ակադեմիայի պատվավոր ու արտասահմանյան անդամներին:

73. Բաժանմունքների թիվը, անվանումներն ու դրանցում ներառված գիտական բնագավառները հաստատում է նախագահությունը` ակադեմիայի նախագահի ներկայացմամբ:

74. Բաժանմունքի ղեկավարման մարմիններն են բաժանմունքի ընդհանուր ժողովն ու բաժանմունքի ղեկավարը:

75. Բաժանմունքի ընդհանուր ժողովի աշխատանքներին մասնակցում են սույն կանոնադրության 72-րդ կետում թվարկված բաժանմունքի անդամները: Ակադեմիայի արտասահմանյան ու պատվավոր անդամները ժողովի աշխատանքներին մասնակցում են առանց քվեարկության իրավունքի: Բաժանմունքի ընդհանուր ժողովը նախագահում է բաժանմունքի ղեկավարը:

76. Բաժանմունքի ընդհանուր ժողովի գործառույթներն ու աշխատակարգը սահմանվում են սույն կանոնադրության դրույթներով հաստատված` ակադեմիայի բաժանմունքի գործունեության կանոնակարգով:

77. Բաժանմունքի ընդհանուր ժողովը`

1) հաստատում է բաժանմունքի աշխատանքների տարեկան պլանը.

2) հաստատում է բաժանմունքի տարեկան հաշվետվությունը.

3) առաջադրում է բաժանմունքի փորձագիտական մասնագիտական հանձնաժողովների և պրոբլեմային խորհուրդների կազմը.

4) ակադեմիայի նախագահին ներկայացնում է բաժանմունքի գործունեության ուղղությամբ ակադեմիայի ակադեմիկոսների ու ասոցացված անդամների թափուր տեղերի ընտրությունների վերաբերյալ առաջարկ.

5) երաշխավորում է ակադեմիայի տվյալ բնագավառի անդամների` ակադեմիկոսների ու ասոցացված անդամների թեկնածությունները` ակադեմիայի նախագահության կազմի ընտրությանը մասնակցելու համար.

6) պատվավոր գլխավոր ու պատվավոր առաջատար գիտաշխատողների կազմից ընտրում է ակադեմիայի ընդհանուր ժողովի անդամներին:

78. Բաժանմունքի հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է բաժանմունքի ղեկավարը` առնվազն տարին երկու անգամ` ժողովի օրվանից 15 օր առաջ տեղեկացնելով ժողովի անդամներին: Ընդհանուր ժողով կարող է հրավիրվել նաև բաժանմունքի ակադեմիայի անդամների 1/3-ի գրավոր պահանջով:

79. Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ներկա է նրա անդամների կեսից ավելին: Ժողովի օրակարգն ու օրակարգային հարցերի քվեարկության ձևը (բաց կամ փակ գաղտնի) հաստատվում է ժողովում բաց քվեարկությամբ` ժողովի մասնակիցների ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ:

80. Քվեարկության ժամանակ բաժանմունքի ժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ քվե: Եթե ընդհանուր ժողովում քննարկվում է ժողովի որևէ անդամի վերաբերյալ հարց, ապա տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

81. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է ներկաների 50 տոկոսից ավելին:

82. Բաժանմունքի ղեկավարին ակադեմիայի անդամներից ընտրում է ակադեմիայի նախագահությունը` հինգ տարի ժամկետով` ակադեմիայի նախագահի ներկայացմամբ:

83. Բաժանմունքի ղեկավարը`

1) համակարգում է բաժանմունքի աշխատանքը.

2) բաժանմունքի ընդհանուր ժողովի երաշխավորությամբ ձևավորում է փորձագիտական մասնագիտական հանձնաժողովների ու պրոբլեմային խորհուրդների կազմը և այն ներկայացնում է ակադեմիայի նախագահին, կազմակերպում է այդ հանձնաժողովների ու խորհուրդների աշխատանքը.

3) կազմակերպում է մասնագիտական, միջգերատեսչական և միջգիտակարգային նիստեր, լսումներ, կլոր սեղաններ ու քննարկումներ` հանրային նշանակության գիտական խնդիրների բացահայտման, տնտեսական, տեխնոլոգիական, բնապահպանական, սոցիալական, պատմամշակութային, անվտանգային հիմնախնդիրների վերհանման, վերլուծության ու դրանց ուղղությամբ առաջարկություններ, գիտական, գիտատեխնիկական (այդ թվում` նպատակային) ու ներդրումային ծրագրեր կազմելու նպատակով.

4) համակարգում է բաժանմունքի գործունեության ուղղություններով գիտատեխնիկական ոլորտի վիճակի վերլուծության իրականացումն ու հետագա զարգացման միտումների վերաբերյալ կանխատեսումների մշակումը.

5) մշակում է գիտական ու գիտատեխնիկական գործունեության կատարելագործմանն առնչվող օրենսդրական, ինչպես նաև գիտության գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ.

6) համակարգում է հեռանկարային գիտական ուղղություններով ներպետական և միջազգային գիտական նիստերի, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների, աշխատանքային ժողովների, խորհրդակցությունների կազմակերպումն ու անցկացումը.

7) համապետական տարեկան գիտական հաշվետու նստաշրջանի շրջանակում կազմակերպում է բաժանմունքի գործունեության ոլորտներում գործող` Հայաստանի Հանրապետության հանրային գիտական կազմակերպությունների գիտական գործունեության տարեկան հաշվետվությունների լսումներ ու քննարկումներ` համապատասխան ոլորտային մասնագիտական փորձագիտական հանձնաժողովի մասնակցությամբ.

8) համակարգում է բաժանմունքի ոլորտային պրոբլեմային խորհրդի/խորհուրդների բնականոն գործունեությունը, հրավիրում է նիստեր, կազմակերպում է մասնագիտական քննարկումներ հանրապետությունում առկա տարաբնույթ խնդիրների հիմնապատճառների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ.

9) ակադեմիայի նախագահի հանձնարարությամբ կատարում է ակադեմիայի կանոնադրությունից բխող այլ գործառույթներ:

84. Բաժանմունքում իրականացվող առանձին գործառույթների (փորձագիտական, վերլուծաբանական) կատարման համար ստեղծվում են փորձագիտական մասնագիտական հանձնաժողովներ ու պրոբլեմային խորհուրդներ, որտեղ ներգրավվում են ակադեմիայի անդամները` ակադեմիայի պատվավոր ու արտասահմանյան անդամները, Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների ու բուհերի պատվավոր գլխավոր ու պատվավոր առաջատար գիտաշխատողները, ինչպես նաև ակադեմիայի անդամ չհանդիսացող` Հայաստանի Հանրապետության, սփյուռքի ու արտերկրի տվյալ ոլորտի գիտնականներ, որոնց մասնակցության կարգը, պայմաններն ու գործառույթները սահմանվում են համապատասխան կանոնակարգերով:

85. Փորձագիտական մասնագիտական հանձնաժողովի գործառույթն է օրենքով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով գիտական և գիտատեխնիկական ծրագրերի, դրանց արդյունքների հաշվետվությունների փորձաքննության ու արդյունավետության գնահատման իրականացումը:

86. Պրոբլեմային խորհրդի գործառույթն է որոշակի ոլորտներում առկա հիմնախնդիրների վերլուծությունը, դրանց վերաբերյալ գիտական ու գիտամեթոդական փորձաքննությունների իրականացումը:

87. Ակադեմիայի կառուցվածքում գործում է գիտության հանրայնացման ստորաբաժանում:

88. Ակադեմիայի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ձևավորման ու գործունեության կարգերը, իրավասությունները սահմանվում են իրենց կանոնակարգերով ու իրավական այլ ակտերով:

 

9. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

89. Ակադեմիայի անդամ են ակադեմիայի ակադեմիկոսներն ու ասոցացված անդամները, մինչև օրենքի ընդունումն ընտրված իսկական և թղթակից անդամները:

90. Ակադեմիան իր կազմում կարող է ունենալ գումարային հարյուր անդամ, որոնք ընտրվում են մրցութային կարգով:

91. Ակադեմիայի ակադեմիկոս կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն գիտնականը, որն առնվազն համապատասխանում է գիտական ու ճարտարագիտատեխնիկական կադրերի ատեստավորման կարգով գլխավոր գիտաշխատողի տարակարգի համար սահմանված պահանջներին:

92. Ակադեմիայի ասոցացված անդամ կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն գիտնականը, որն առնվազն համապատասխանում է գիտական ու ճարտարագիտատեխնիկական կադրերի ատեստավորման կարգով առաջատար գիտաշխատողի տարակարգի համար սահմանված պահանջներին:

93. Ակադեմիայի ակադեմիկոսների և ասոցացված անդամների ընտրության հավելյալ պահանջները սահմանվում են ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգով, որը ակադեմիայի ներկայացմամբ հաստատում է լիազոր մարմինը:

94. Ակադեմիայի ակադեմիկոսի և ասոցացված անդամի գիտական տիտղոսները շնորհվում են ցմահ և ամրագրվում են դիպլոմներով:

95. Ակադեմիայի անդամը կարող է զրկվել գիտական տիտղոսից, եթե իր գործունեության ընթացքում բացահայտվել են ակադեմիական էթիկայի` ներառյալ ակադեմիական ազնվության և վարվեցողության սկզբունքների խախտումներ: Այդ պարագայում ակադեմիայի նախագահությունը կազմակերպում է էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացվող հանրային լսումներ, որի արդյունքում կարող է ակադեմիայի ընդհանուր ժողովի բաց քվեարկության դրվել տվյալ ակադեմիայի անդամի գիտական տիտղոսից զրկելու հարցը: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն միայն ակադեմիայի անդամները: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է ներկաների 2/3-ը:

96. Ակադեմիայի ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին գիտական ու գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժի առկայության ու 75 տարին լրանալու դեպքում հատկացվում է ամենամսյա դրամական վճար` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի կրկնակի չափով` ասոցացված անդամների համար և եռակի չափով` ակադեմիկոսների համար: Վճարը տրամադրվում է ակադեմիայի այն անդամներին, որոնք մշտապես ապրում են Հայաստանի Հանրապետությունում: Երկրից երեք ամսից ավելի բացակայելու դեպքում վճարը կարող է հատկացվել նախագահության որոշմամբ` ներկայացված փաստաթղթերով հիմնավորված հարգելի պատճառների (ծառայողական գործուղման, մասնագիտական վերապատրաստման, բուժման, միջազգային գիտական ծրագրերի իրականացման) առկայության պարագայում: Մինչև օրենքի և սույն կանոնադրության ուժի մեջ մտնելը ակադեմիայի ընտրված իսկական անդամների և թղթակից անդամների համար նախկինում սահմանված պատվովճարները պահպանվում են ամբողջությամբ` ցմահ (առանց տարիքային սահմանափակման), Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգով ու չափով:

97. Ակադեմիայի անդամները մասնակցում են ակադեմիայի նախագահության ընտրությանը` քվեի իրավունքով:

98. Ակադեմիայի անդամն իրավունք ունի`

1) ներառվելու ակադեմիայի միայն մեկ բաժանմունքի կազմում.

2) ներգրավվելու բաժանմունքում գործող փորձագիտական մասնագիտական հանձնաժողովների ու պրոբլեմային խորհուրդների կազմում.

3) ընտրվելու ակադեմիայի ղեկավար մարմինների կազմում.

4) բաժանմունքի ղեկավարի, բաժանմունքի ընդհանուր ժողովի ու բաժանմունքի կազմում գործող փորձագիտական մասնագիտական հանձնաժողովների ու պրոբլեմային խորհուրդների քննարկմանը ներկայացնելու գիտական ու գիտակազմակերպական հարցեր ու առաջարկներ:

99. Ակադեմիայի անդամը պարտավոր է`

1) կատարել ակադեմիայի ղեկավար մարմինների որոշումները, մասնակցել ակադեմիայի առջև դրված խնդիրների կատարմանը.

2) մասնակցել ակադեմիայի ու բաժանմունքների ընդհանուր ժողովների աշխատանքներին.

3) իր գիտական և գիտակազմակերպական գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնել այն բաժանմունք, որի կազմում ընտրվել է ակադեմիայի անդամ.

4) իր աշխատանքում և պարտականությունների կատարման ժամանակ պահպանել ակադեմիական ազնվության և լրիվության սկզբունքը` բացառելով գրագողությունը, տվյալների կեղծումը կամ այլ ակադեմիական զեղծարարություններ և իր հնարավորությունների շրջանակում կանխել դրանց դրսևորումները, պահպանել իր աշխատավայրի և ակադեմիայի սահմանած բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջները, գիտատեխնոլոգիական գործունեությամբ վնաս չհասցնել մարդու կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրին.

5) ակադեմիայում իր գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ որոշումը գրավոր հիմնավորմամբ ներկայացնել ակադեմիայի նախագահին:

 

10. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

100. Ակադեմիայի ակադեմիկոսների և ասոցացված անդամների ընտրության համար թափուր տեղերի ցանկը, ըստ գիտատեխնոլոգիական գործունեության մասնագիտությունների, հաստատում է նախագահությունը` ակադեմիայի բաժանմունքների առաջարկների հիման վրա` ակադեմիայի նախագահի ներկայացմամբ:

101. Ակադեմիայի անդամության թեկնածուների գիտատեխնոլոգիական գործունեության գնահատումն իրականացվում է ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգով սահմանված չափանիշների հիման վրա` հաշվի առնելով թեկնածուի գիտական արդյունքների նշանակությունը և ազդեցությունը համապատասխան գիտության ոլորտի զարգացման վրա:

102. Ակադեմիայի անդամության թեկնածուների գիտատեխնոլոգիական գործունեության գնահատման ժամանակ հաշվի են առնվում նրանց`

1) գիտական հրապարակումները, այդ թվում` միջազգային գրախոսվող ամսագրերում, գիտական ժողովածուներում և հեղինակավոր գիտական հրատարակություններում հրապարակված հոդվածներն ու մենագրությունները.

2) գիտաչափական ցուցանիշները, մասնավորապես, գիտական աշխատությունների մեջբերումները և միջազգային գիտական տեղեկատվական համակարգերում ներկայացված տվյալները.

3) ներդրումը գիտության տվյալ ոլորտի զարգացման գործում, այդ թվում` իրականացված հետազոտությունների նորարարական բնույթը և դրանց գիտական նշանակությունը.

4) ներդրումները գիտական կադրերի պատրաստման և գիտական դպրոցների ձևավորման գործում, ինչպես նաև երիտասարդ գիտնականների գիտատեխնոլոգիական գործունեության խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքները.

5) մասնակցությունը միջազգային գիտական համագործակցությանը, այդ թվում` միջազգային ծրագրերին, գիտաժողովներին և համատեղ գիտական հետազոտություններին.

6) մասնակցությունը գիտության կազմակերպման և զարգացման գործընթացներին, այդ թվում` գիտական ծրագրերի իրականացման, գիտական կազմակերպությունների կառավարման և գիտության հանրայնացման ոլորտներում իրականացված գործունեությունը:

103. Թեկնածուների գիտատեխնոլոգիական գործունեության գնահատման չափանիշների կիրառման կարգը, ներառյալ շեմային պահանջները և գնահատման և գնահատման մեթոդաբանությունը, սահմանվում է ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգով:

104. Յուրաքանչյուր մասնագիտության գծով ակադեմիայի անդամների թափուր տեղերի քանակը սահմանվում է երկու ցուցակով`

1) առանց տարիքային սահմանափակման.

2) 51 տարին չլրացած գիտնականների համար:

105. Եթե որևէ մասնագիտության դեպքում հատկացվում է մեկ թափուր տեղ, ապա այն նախատեսվում է առանց տարիքային սահմանափակման ընտրության համար:

106. Ընտրություն անցկացնելու մասին նախագահության հայտարարությունը հրապարակվում է ակադեմիայի պաշտոնական կայքում` ոչ ուշ, քան ընտրություններ անցկացնելու օրվանից 2 ամիս առաջ: Հայտարարությանը կից հրապարակվում է լիազոր մարմնի կողմից հաստատված` ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգը, որում սահմանված են ակադեմիկոսների և ասոցացված անդամների ընտրության հավելյալ պահանջները:

107. Ակադեմիայի ակադեմիկոսների ու ասոցացված անդամների թեկնածուների առաջադրումը վերապահվում է ակադեմիայի անդամներին, ինչպես նաև գիտական կազմակերպություններին ու բարձրագույն ուսումնական հաստատություններին, որտեղ թեկնածուներն ըստ մասնագիտությունների առաջադրվում են գիտական, գիտատեխնիկական խորհուրդների որոշումներով:

108. Ակադեմիայի անդամի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ բաժանմունքի շրջանակում, մեկ մասնագիտությամբ:

109. Ակադեմիայի անդամների ընտրություններն անցկացվում են երկու փուլով`

1) առաջադրված թեկնածուների երաշխավորում բաժանմունքներում.

2) երաշխավորված թեկնածուների ընտրություն ակադեմիայի ընդհանուր ժողովում:

110. Ակադեմիայի նախագահի հրամանով ակադեմիկոս քարտուղարին կից ստեղծվում է տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ` ակադեմիայի անդամի թեկնածության հայտերի համապատասխանությունն ընտրված մասնագիտություններին և ընտրության պայմաններին ստուգելու, ինչպես նաև թեկնածուների վարկանիշային ցուցակը կազմելու նպատակով: Այն դեպքում, երբ առաջադրված թեկնածության հայտն առնչվում է տարբեր բաժանմունքների գործունեության հետ, ապա թեկնածուի` այս կամ այն բաժանմունքում առաջադրվելու որոշումն ընդունում է աշխատանքային խումբը: Ակադեմիայի անդամի առաջադրված և գրանցված թեկնածուների ցուցակն ըստ մասնագիտությունների հրապարակվում է ակադեմիայի պաշտոնական կայքում:

111. Թափուր տեղերի հիման վրա ակադեմիայի նախագահի հրամանով բաժանմունքներին կից ձևավորվում են հայտերի վերլուծության ու գնահատման մասնագիտական հանձնաժողովներ:

112. Հանձնաժողովների աշխատակարգը սահմանվում է ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգով:

113. Ակադեմիայի բաժանմունքներին կից ձևավորված մասնագիտական հանձնաժողովները գնահատում են թեկնածուների գիտատեխնոլոգիական գործունեության արդյունավետությունն ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգով սահմանված չափանիշների հիման վրա: Գնահատման արդյունքների հիման վրա մասնագիտական հանձնաժողովները համապատասխան արձանագրությամբ տալիս են ընտրությանը մասնակցելու երաշխավորություն:

114. Մասնագիտական հանձնաժողովի նիստերը հրավիրում և համակարգում է բաժանմունքի ղեկավարը: Նիստը համարվում է իրավազոր, եթե մասնակցում է հանձնաժողովի ցուցակային կազմի 2/3-ը:

115. Մասնագիտական հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել քննարկմանը, եթե առկա է շահերի բախում տվյալ թեկնածուի հետ: Հանձնաժողովի անդամը պարտավոր է շահերի բախման մասին հայտնել նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ: Շահերի բախման կարգավորումներն իրականացվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կանոններով:

116. Ակադեմիայի անդամի թեկնածուն ընտրության համար երաշխավորված է համարվում, եթե ստացել է քվեարկողների ցուցակային կազմի պարզ մեծամասնության քվեն` ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգով նախատեսված կարգավորումներին համապատասխան:

117. Մասնագիտական հանձնաժողովների նիստերի արձանագրությունների հիման վրա` աշխատանքային խումբը ձևավորում է թեկնածուների վարկանիշային ցուցակը` ըստ մասնագիտությունների թափուր տեղերի` համաձայն ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգով սահմանված չափանիշների:

118. Ակադեմիայի անդամների ընտրություններն անցկացվում են ակադեմիայի ընդհանուր ժողովում: Ակադեմիայի անդամին ընտրելու իրավունք ունեն ակադեմիայի ակադեմիկոսներն ու ասոցացված անդամները, ինչպես նաև մինչև օրենքի ընդունումն ընտրված իսկական և թղթակից անդամները: Քվեարկողների ցուցակային կազմը հաստատում է ակադեմիայի ընդհանուր ժողովը:

119. Ակադեմիայի ընդհանուր ժողովում մասնագիտական հանձնաժողովների եզրակացությունների ներկայացումից հետո անցկացվում են ըստ մասնագիտությունների կազմված վարկանիշային ցուցակում ընդգրկված ակադեմիայի անդամի թեկնածուների անվանական ընտրություններ` բաց քվեարկությամբ:

120. Ակադեմիայի ընդհանուր ժողովն իրավազոր է անցկացնելու ակադեմիայի անդամների ընտրություններ, եթե քվեարկությանը մասնակցում է ակադեմիայի անդամների ցուցակային կազմի կեսից ավելին:

121. Ակադեմիայի անդամի թեկնածուն համարվում է ընտրված, եթե ստացել է ընտրողների ցուցակային կազմի 2/3-ի քվեն:

122. Քվեների հաշվարկը կատարում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից ընտրված հաշվիչ հանձնաժողովը:

123. Ակադեմիայի ընդհանուր ժողովը հաստատում է հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը` բաց քվեարկությամբ:

124. Ընտրության արդյունքները կարող են բողոքարկվել, եթե բողոքը վերաբերում է ընտրությունների ընթացակարգային խախտումներին կամ փորձագիտական գնահատման սխալներին: Բողոքները ներկայացվում են ակադեմիայի նախագահությանը` ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքները քննարկվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում: Քննարկման արդյունքներով ընդունվում է որոշում` նախագահության նիստերի կազմակերպման ընթացակարգով:

125. Ընտրությունների վերջնական արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատումից հետո հրապարակվում են ակադեմիայի պաշտոնական կայքում:

126. Ընտրությունների ամբողջ գործընթացը փաստաթղթավորվում է: Փաստաթղթերը պահպանվում են ակադեմիայի արխիվում:

127. Սույն կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ակադեմիայի նախագահությունը:

 

11. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՈՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐՆԵՐԸ, ՊԱՏՎԱՎՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՌԱՋԱՏԱՐ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

128. Ակադեմիան շնորհում է ակադեմիայի պատվավոր անդամի, ակադեմիայի արտասահմանյան անդամի գիտական տիտղոսներ ու ակադեմիայի պատվավոր դոկտորի գիտական աստիճան, որոնք ամրագրվում են դիպլոմներով:

129. Ակադեմիայի պատվավոր անդամ կարող է ընտրվել Հայաստանի կամ արտերկրի ճանաչված գիտնականը, հասարակական կամ այլ գործիչը, որն էապես նպաստում է ակադեմիայի գործունեությանը:

130. Ակադեմիայի արտասահմանյան անդամ կարող է ընտրվել իր գործունեությամբ Հայաստանի հետ կապված, գիտական ակնառու արդյունքներ ունեցող, աշխարհում ճանաչված գիտնականը:

131. Ակադեմիայի պատվավոր դոկտորի գիտական աստիճան կարող է շնորհվել Հայաստանի կամ արտերկրի հայտնի գիտնականի, պետական, հասարակական և այլ գործչի, որն աջակցում է ակադեմիայի գործունեությանը:

132. Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամների ընտրություններն անցկացվում են ընդհանուր ժողովում ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք տարին մեկ` ակադեմիայի նախագահի առաջարկությամբ, բաժանմունքների ընդհանուր ժողովների կողմից երաշխավորված թեկնածուներից:

133. Ակադեմիայի պատվավոր ու արտասահմանյան անդամ համարվում են ընտրված այն անձինք, որոնք ընդհանուր ժողովում ստացել են քվեարկության իրավունքով ժողովի մասնակիցների քվեների առնվազն 2/3-ը:

134. Պատվավոր դոկտորի գիտական աստիճանը շնորհում է ակադեմիայի նախագահը` բաժանմունքի ընդհանուր ժողովի կողմից երաշխավորված թեկնածուին:

135. Ակադեմիան իր կազմում ներառում է Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների ու բուհերի պատվավոր գլխավոր ու պատվավոր առաջատար գիտաշխատողներին, որոնց վարձատրությունն իրականացվում է պետության կողմից ակադեմիային հատկացված միջոցներից` համաձայն իրենց տարակարգին համապատասխանող գործող դրույքաչափի:

136. Ակադեմիայի ընդհանուր ժողովում ներառված պատվավոր գլխավոր ու պատվավոր առաջատար գիտաշխատողները մասնակցում են ակադեմիայի նախագահության ընտրությանը քվեի իրավունքով և կարող են ընտրվել ակադեմիայի ղեկավար մարմինների կազմում:

137. Ակադեմիայի պատվավոր ու արտասահմանյան անդամները, պատվավոր գլխավոր գիտաշխատողներն ու պատվավոր առաջատար գիտաշխատողներն իրավունք ունեն`

1) ներառվելու ակադեմիայի միայն մեկ բաժանմունքի կազմում.

2) ներգրավվելու բաժանմունքում գործող փորձագիտական մասնագիտական հանձնաժողովների ու պրոբլեմային խորհուրդների կազմում.

3) բաժանմունքի ղեկավարի, բաժանմունքի ընդհանուր ժողովի ու բաժանմունքի կազմում գործող փորձագիտական մասնագիտական հանձնաժողովների ու պրոբլեմային խորհուրդների քննարկմանը ներկայացնելու գիտական և գիտակազմակերպական հարցեր ու առաջարկներ:

138. Ակադեմիայի պատվավոր ու արտասահմանյան անդամները, պատվավոր գլխավոր գիտաշխատողներն ու պատվավոր առաջատար գիտաշխատողները պարտավոր են`

1) կատարել ակադեմիայի ղեկավար մարմինների որոշումները, մասնակցել ակադեմիայի առջև դրված խնդիրների լուծմանը.

2) իրենց գիտական և գիտակազմակերպական գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնել այն բաժանմունք, որի կազմում են.

3) ակադեմիայում իրենց գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ որոշման մասին գրավոր հիմնավորմամբ տեղեկացնել ակադեմիայի նախագահին:

 

12. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՒՅՔՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

139. Ակադեմիան ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

140. Ակադեմիան ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան ու պայմանները:

141. Կանոնադրական գործունեությունն իրականացնելիս ակադեմիան իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

142. Ակադեմիան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ այն համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում է կանոնադրական իր նպատակների իրականացմանը: Ակադեմիան կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

143. Ակադեմիան որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

144. Ակադեմիային պատկանող գույքը բաղկացած է նրա սեփականությունը համարվող գույքից և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նրան անժամկետ, անհատույց օգտագործման համար ամրացված գույքից:

145. Հիմնադրի կողմից ակադեմիային որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքն ակադեմիայի սեփականությունն է: Ակադեմիային սեփականության իրավունքով պատկանող շարժական ու անշարժ գույքի նկատմամբ հիմնադիրն իրավունքներ չունի` բացառությամբ լուծարումից հետո մնացած գույքի:

146. Ակադեմիայի սեփականությունն ամրագրվում է նրա հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև իր գործունեության ընթացքում ստեղծված ու ձեռք բերված գույքից:

147. Ակադեմիային ամրացված գույքի և բյուջետային միջոցների, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման ու տնօրինման կարգը սահմանվում է սույն կանոնադրությամբ ու հիմնադրի կողմից:

148. Ակադեմիայի սեփականության պահպանման պարտականությունը կրում է ակադեմիան:

149. Ակադեմիան իր ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներով կարող է ձեռք բերել շենքեր, շինություններ, կառույցներ, սարքավորումներ, տրանսպորտային և կապի միջոցներ, հողատարածքներ աշխատողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված գույք, ինչպես նաև օրենքով չարգելված այլ գույք` ակադեմիայի կանոնադրական նպատակների և գործունեության ապահովման համար:

150. Այլ կազմակերպությունների, քաղաքացիների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթերն ու մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, ակադեմիայի սեփականությունն են:

151. Ակադեմիայի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են հիմնադրի համաձայնությամբ:

152. Ակադեմիայի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ ակադեմիայի մարմինների անդամների` բացառությամբ աշխատողների աշխատավարձի ու պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի:

153. Ակադեմիայի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, պայմանագրային աշխատանքներից ստացված եկամուտներից, հանրապետական ու միջազգային կազմակերպությունների ու մասնավոր անձանց տրամադրած միջոցներից, ակադեմիայի գույքից ու գույքային իրավունքից ստացած եկամուտներից, օրենքով չարգելվող այլ աղբյուրներից:

154. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ակադեմիայի ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

155. Իր ֆինանսավորման սահմաններում ակադեմիան ինքնուրույն է որոշում իր աշխատողների թիվը, նրանց վարձատրության կարգը, ինչպես նաև հատկացվող գումարների ծախսման հիմնական ուղղությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

156. Ակադեմիան իրավունք ունի իր տնօրինության տակ գտնվող ու չօգտագործվող գույքը (այդ թվում` անշարժ) հանձնելու վարձակալության: Գույքի վարձակալությունից, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության արդյունքով ստացած եկամուտները ՀՀ օրենքով սահմանված կարգով ակադեմիան կարող է օգտագործել կանոնադրական նպատակներով:

157. Ակադեմիայի պահպանման համար հատկացվող պետական ֆինանսավորումը տրվում է որպես առանձին բյուջետային միջոցառում` բազային ֆինանսավորման ծրագրի կազմում` հիմք ընդունելով լիազոր մարմնի հայտը:

158. Ակադեմիան, բացի բազային ֆինանսավորումից, սույն կանոնադրության շրջանակում կարող է դիմել այլ պետական ու ոչ պետական ֆինանսավորման ծրագրերի, ոլորտը ֆինանսավորող տարբեր մասնագիտացված կառույցների, այդ թվում` միջազգային:

159. Ակադեմիան իրեն հատկացված պետական ֆինանսավորման ու ցանկացած այլ ֆինանսական մուտքերի ու ծախսերի մասով հաշվետու է ոլորտի լիազոր մարմնին ու հանրությանը:

 

13. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

160. Ակադեմիայի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է հիմնադիրը` սեփական նախաձեռնությամբ կամ ակադեմիայի նախագահության ներկայացմամբ` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

161. Ակադեմիայի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ակադեմիայի նպատակներին կամ շահառուներին:

 

14. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

162. Ակադեմիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

163. Ակադեմիայի գործունեության վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև պետական իրավասու այլ մարմիններ` համաձայն իրենց իրավասությունների, ստուգումների ու ուսումնասիրությունների օրենքով նախատեսված ընթացակարգերի:

164. Ակադեմիայի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Նախագահության անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ: Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է նախագահության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

 

15. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

165. Ակադեմիան կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

166. Ակադեմիայի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելը:

167. Ակադեմիայի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա: Ակադեմիայի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ ակադեմիայի նախագահությունը:

168. Ակադեմիան կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

169. Ակադեմիայի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին ակադեմիան չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 870-Ն
Որոշում