Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 861-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման հավելվածի (այսուհետ` հավելված)`

1) 3-րդ կետում`

ա. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) բանկը, համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում, կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության (այսուհետ` առաքող կազմակերպություն) կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի` բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, վճարային քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն, ըստ ստացված տեղեկությունների, տեղաշարժման դժվարություն ունեցող անձ է:»,

բ. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 9-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով`

«10) սույն պայմանագրի 6.2-րդ կետում նշված դեպքերում և կարգով շահառուի անունից կարող է հանդես գալ լիազոր մարմնի աշխատակիցը (այսուհետ` լիազոր մարմնի ներկայացուցիչ):».

2) 6.1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «պայմանագրի» բառով.

3) 6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-6.4-րդ կետերով`

«6.2. Իր ինքնուրույն գործողություններով (այդ թվում` լիազորագրով) սույն պայմանագրի N 8 ձևով սահմանված ցանկի 1-ին, 2-րդ, 5-9-րդ կետերով նախատեսված հիմնական ծառայություններից (այսուհետ` հիմնական առանձին խումբ ծառայություններ) օգտվելու հնարավորություն չունեցող շահառուի անունից կարող է հանդես գալ, իսկ բանկի տվյալների բազայում շահառուի տվյալների առկայության դեպքում, սույն պայմանագրի 6-րդ կետում նշված բանկային հաշվի պայմանագիրը շահառուի անունից կարող է կնքել լիազոր մարմնի ներկայացուցիչը: Այս դեպքում շահառուի լռությունը` հիմնական առանձին խումբ ծառայությունները լիազոր մարմնի միջոցով իրեն մատուցելուց կամ իր անունից բանկի հետ բանկային հաշվի պայմանագիր կնքելուց հրաժարվելու վերաբերյալ բանկ դիմում չներկայացնելը, համարվում է նշված ծառայությունները լիազոր մարմնի միջոցով իրեն մատուցելը շահառուի կողմից ընդունելու կամքի արտահայտություն: Շահառուն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել լիազոր մարմնի միջոցով հիմնական առանձին խումբ ծառայությունները իրեն մատուցելուց կամ իր անունից բանկի հետ բանկային հաշվի պայմանագիր կնքելուց և իր ինքնուրույն գործողություններով օգտվել այդ ծառայություններից կամ կնքել սույն պայմանագրի 6-րդ կետում նշված բանկային հաշվի պայմանագիրը:

6.3. Սույն պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն` լիազոր մարմնի ներկայացուցչին սպասարկելիս բանկը պատասխանատվություն չի կրում վերջինիս կողմից բանկ ներկայացված տվյալների ամբողջականության, հավաստիության համար: Լիազոր մարմնի ներկայացուցիչը չի կարող հասանելիություն ունենալ հաճախորդի բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման հետ անխզելիորեն կապված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների):

6.4. Բանկային ծառայություններից օգտվելու համար շահառուն կարող է դիմել իր բջջային հեռախոսահամարի կամ էլեկտրոնային ստորագրությունը կարդացող սարքի կիրառմամբ` «Ես եմ» նույնականացման հարթակի միջոցով կամ բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով:».

4) 12-րդ կետի 5-րդ ենթակետը «7-րդ ենթակետում» բառերից հետո լրացնել «կամ առաջին անգամ բանկ ներկայացվող` 6.2-րդ կետում» բառերով, 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով`

«6) բանկ ներկայացնել լիազոր մարմնի ներկայացուցիչների` սույն պայմանագրի N 11 ձևով սահմանված տվյալները: Ներկայացված տվյալներում փոփոխություն լինելու դեպքում տրամադրվում է ամբողջական ցանկը` ներառյալ փոխված տվյալները:»:

2. Հավելվածով հաստատված` պարբերական դրամական վճարների մասին պայմանագրի N 1 ձևի 5-րդ կետից հանել «(առկայության դեպքում)» բառերը, «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և N 1 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`

«6. Հայաստանի Հանրապետությունում լինելու հավաստման վերջին ամսաթիվը:»:

3. Հավելվածը N 10 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 11 ձևով`

 

«Ձև N 11

պարբերական դրամական վճարների

մասին պայմանագրի

 

ՑԱՆԿ

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ

 

1. Լիազոր մարմնի ներկայացուցչի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

2. Լիազոր մարմնի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3. Լիազոր մարմնի ներկայացուցչի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:»:

4. Սույն որոշումից բխող` լիազոր մարմնի և բանկի միջև կնքված պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա այդ պայմանագրի անբաժանելի մասը: Լրացուցիչ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ նախատեսված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը բանկի կողմից ներդնելու օրը, բայց ոչ ուշ, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող երեք ամսվա ընթացքում:

5. Սույն որոշման 2-րդ կետը` պարբերական դրամական վճարների մասին պայմանագրի N 1 ձևի 5-րդ կետից «(առկայության դեպքում)» բառերը հանելու մասով տարածվում է այն դեպքերի վրա, երբ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահառուի տվյալներն առաջին անգամ ներառվում են տվյալ բանկ ուղարկվող վճարման ցուցակ:

6. Բացառությամբ «Ես եմ» նույնականացման հարթակի միջոցով բանկ դիմելու մասին դրույթի, սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշման 4-րդ կետում նշված` լրացուցիչ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման` «Ես եմ» նույնականացման հարթակի միջոցով բանկ դիմելու մասին դրույթը յուրաքանչյուր բանկի համար ուժի մեջ է մտնում համապատասխան ծրագրային ապահովումը ներդնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 861-Ն
Որոշում