| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2026 թվականի N 869-Լ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1356-14.05.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի
Երևան
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-1356-14.05.2026-ՏՏԳՇ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1356-14.05.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ իր առաջարկությունները:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով նշված իրավական ակտերում փոփոխվող մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխությունները կամ լրացումները ծավալով և բովանդակությամբ այնպիսի բնույթ չեն կրում, որ անհրաժեշտություն առաջանա համապատասխան հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ:
Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ ավելացնելու միջոցով:
Վերոգրյալից ելնելով` նպատակահարմար ենք համարում հոդվածները չշարադրել նոր խմբագրությամբ, այլ փոփոխությունները կատարել համապատասխան հոդվածներում լրացումների և փոփոխությունների միջոցով` պահպանելով օրենսդրական տեխնիկայի պահանջները: Միաժամանակ, առաջարկում ենք օրենքների վերնագրերը համապատասխանեցնել կատարվող փոփոխությունների բնույթին:
I. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով` հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի 1-ին հոդվածում`
1) հաշվի առնել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ և 18-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը.
2) նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«2) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների առողջության պաշտպանության ծրագիրը.
2.1) թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման` բռնելու, ստերջացման, պատվաստման և նույն տարածք վերադարձի ծրագիրը.»:
Առաջարկությունն ընդունելու պարագայում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաև նախագծի 2-րդ հոդվածում:
3. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «կենդանիների» բառից հետո լրացնել «բացառությամբ վայրի կենդանիների» բառերով:
4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի համաձայն` Կացարաններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, լիազորությունների ժամկետը, խմբի անդամների թիվը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը: Այս առումով հարկ է նշել, որ կարգավորումը բավարար չափով չի ապահովում իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների իրականացումը:
Օրենքով չեն սահմանվում հասարակական մշտադիտարկման հիմնական բովանդակային չափանիշները և երաշխիքները, ինչի հետևանքով լիազոր մարմնին տրվում է չափազանց լայն հայեցողական լիազորություն` որոշելու թե՛ հասարակական կազմակերպությունների մասնակցության պայմանները, թե՛ վերահսկողության իրական ծավալը: Նման մոտեցումը կարող է հանգեցնել հասարակական վերահսկողության անկախության սահմանափակման, մասնակցության ընտրողականության և օրենքով նախատեսված մշտադիտարկման մեխանիզմի արդյունավետության նվազեցման:
Հետևաբար, նպատակահարմար է օրենքով սահմանել առնվազն հասարակական մշտադիտարկման հիմնական սկզբունքները, հասարակական կազմակերպությունների նկատմամբ ներկայացվող նվազագույն պահանջները և դիտորդական գործունեության հիմնական երաշխիքները` պետական լիազոր մարմնին թողնելով միայն դրանց կիրառման ընթացակարգային կարգավորումը:
Միաժամանակ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող գործող օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ կետը համապատասխանեցնել 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին` հաշվի առնելով, որ բաց է մնում հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, լիազորությունների ժամկետը, խմբի անդամների թիվը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանող դրույթը:
5. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետով նշվում է, որ արգելվում է նաև կենդանուն օրվա ընթացքում 12 ժամից ավելի կապի վրա պահելը, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3.1-ին մասով սահմանվում է, որ կենդանուն օրվա ընթացքում 12 ժամից ավելի կապի վրա պահելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից-հարյուրապատիկի չափով: Կարծում ենք կարգավորումը խնդրահարույց է, մասնավորապես` գյուղական բնակավայրերում, իրենց բակում կենդանի պահողների համար, ինչպես նաև այն մասով, որ կենդանին կարող է ագրեսիվ վարք ունենալ և արձակ վիճակում գտնվելու պարագայում կարող է վնաս հասցնել շրջապատին, ինչը ևս տուգանքի նշանակման առիթ կարող է հանդիսանալ:
6. Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 18-րդ և 19-րդ կետերով`
«18) կենդանիների օգտագործումը զվարճանքի նպատակով այնպիսի ձևերով, որոնք առաջացնում են սթրես կամ բնական վարքի խաթարում.
19) կենդանիների նկատմամբ բռնության տեսանյութերի նկարահանումը կամ տարածումը:»:
7. Նախագծի 5-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 10-րդ հոդվածի`
1) 4-րդ մասի համաձայն` շներ պահողները իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում:
Առաջարկում ենք սույն կարգավորման մեջ կատարել լրացում` նախատեսելով, որ շներ պահողները իրավունք ունեն շներին ազատ արձակել նաև համայնքային կամ մասնավոր շների զբոսայգիներում.
2) 5-րդ մասի համաձայն` երեքից ավելի շուն պահելու համար կենդանի պահողը պարտավոր է թույլտվություն ստանալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2026 թվականի մարտի 25-ի ՀՕ-127-Ն օրենքի 50.1-ին հոդվածի, իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 25-ի ՀՕ-128-Ն օրենքի 58.1-ին հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարը (քաղաքապետը) սահմանված կանոններին (համաքաղաքային կանոններին) համապատասխան` տալիս է համայնքի (քաղաքի) տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց հաշվառումը: Այսինքն թույլտվություն ստանալու համար սահմանաքանակ չի դիտարկվել:
Հարկ է նկատել նաև, որ ՀՀ կառավարության 18.04.2026 թ.-ի N 513-Ա որոշմամբ հավանության արժանացած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 40-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանվել է, որ քաղաքապետը ավագանու սահմանած կարգով տալիս է Երևանի վարչական տարածքում կենդանիներ պահելու թույլտվություն: Մինչդեռ, «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «Երեքից ավելի շուն պահելու համար կենդանի պահողը պետք է համաձայնություն ստանա տեղական ինքնակառավարման մարմնից»: Այսինքն` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով թույլտվություն ստանալու համար չի դիտարկվել սահմանաքանակ, իսկ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով ամրագրված է երեքից ավել շուն պահելու համար համաձայնություն ստանալու պահանջ: Հետևաբար, առաջարկում ենք վերոնշյալ օրենքների կարգավորումները համապատասխանեցնել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի կարգավորումներին, իսկ նախագծում «թույլտվություն» բառը փոխարինել «համաձայնություն» բառով, հաշվի առնելով, որ ընդունված օրենքում օգտագործվում է համաձայնություն բառը.
3) 6-րդ կետը հանել` հաշվի առնելով նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կարգավորումը:
8. Նախագծի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը «արգելվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի» բառերով:
9. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է գործող օրենքի 16-րդ հոդվածը լրացնել 10-րդ մասով, համաձայն որի սահմանվում է, որ «Կացարանները պարտավոր են ներկայացնել հրապարակային հաշվետվություն կառավարության սահմանված կարգով (...)»: Սակայն, նախագծից բացակայում են անցումային դրույթները և սահմանված չեն համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետները:
II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով: Միաժամանակ, նախագծի 1-ին հոդվածում «օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» բառերով:
2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 16-րդ և 16.1-ին մասերի միջև առկա են բովանդակային համընկնումներ, ինչը կարող է հանգեցնել կարգավորման կրկնության, ինչպես նաև խաթարել մտքի սահուն ընթացքը և առաջացնել իրավական անորոշություն: Առկա են նշված մասերի կիրառության սահմանազատման խնդիրներ: Մասնավորապես, նախատեսված իրավախախտումների օբյեկտիվ հատկանիշները բավարար չափով հստակեցված չեն, ինչի հետևանքով իրավակիրառ պրակտիկայում կարող են առաջանալ դրանց իրավական որակման և կիրառման ենթակա նորմի ընտրության հետ կապված դժվարություններ:
Օրինակ` գործնականում հնարավոր է իրավիճակ, երբ կենդանին հարձակվում է այլ անձի կողմից տեղափոխվող սննդամթերքի կամ կենդանիների համար նախատեսված կերի վրա, սակայն այդ ընթացքում վնաս է պատճառվում նաև տվյալ անձի կենդանուն: Նման դեպքում հստակ չէ, թե արարքը ենթակա է որակման որպես գույքին վնաս պատճառելը կանխելու համար միջոցներ չձեռնարկելու, թե որպես կենդանուն կամ առողջությանը վնաս պատճառելը կանխելու համար միջոցներ չձեռնարկելու դեպք, քանի որ վնասի ուղղվածությունը և փաստացի առաջացած հետևանքը կարող են չհամընկնել:
Արդյունքում, պահպանվում է կարգավորման բովանդակային համընկնումը, ինչը կարող է հանգեցնել իրավական անորոշության և իրավակիրառ պրակտիկայում տարբեր մոտեցումների ձևավորման:
Այդ կապակցությամբ առաջարկվում է վերանայել 113-րդ հոդվածի 16-րդ և 16.1-ին մասերի բովանդակությունը` բացառելով այդ նորմերի մրցակցությունը և ապահովելով դրանց հստակ տարանջատումը:
III. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի վերաբերյալ.
1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով, իսկ 1-ին հոդվածում` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի» բառերը` «2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի» բառերով: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով:
Միևնույն ժամանակ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է հասարակական կազմակերպությունների սահմանված ոլորտից բխող հարցերով դատարան դիմելու իրավունքը: Հարկ է նշել, որ նման կարգավորում նախատեսված չէ ոլորտը կարգավորող հիմնական օրենքում` «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում, ինչը կարող է առաջացնել իրավական բաց և կիրառման դժվարություններ:
Մասնավորապես, նախագծերի փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով փորձ է արվում կենդանիների պաշտպանության ոլորտում ներդնել actio popularis (հանրային հայցի) ինստիտուտը` ընդլայնելով այն դեպքերի շրջանակը, որոնցում հասարակական կազմակերպություններին վերապահվում է հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունք: Ներկայումս նման մոտեցումը նախատեսված է բացառապես շրջակա միջավայրի պահպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ գործերով, մինչդեռ նախագծով առաջարկվում է այն տարածել նաև կենդանիների պաշտպանության ոլորտի վրա: Թեև նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կենդանիների պաշտպանությունը բխում է հանրային շահից, և կենդանիների իրավունքների պաշտպանությունը, վերջիններիս իրավասուբյեկտության բացակայության պայմաններում, կարող է իրականացվել միայն միջնորդավորված եղանակով` մասնագիտացված հասարակական կազմակերպությունների միջոցով, այնուամենայնիվ նման մոտեցումը իրավական տեսանկյունից թերևս վիճահարույց է:
Բացի այդ, նախագծով առաջարկվող լուծումը բավարար չափով չի հիմնավորում, թե ինչու են առկա վարչական և արտադատական պաշտպանության մեխանիզմները անբավարար կենդանիների պաշտպանության նպատակների իրացման համար: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածով հասարակական կազմակերպություններին արդեն իսկ վերապահված են լայն իրավասություններ` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելու և պաշտպանելու իրենց շահառուների օրինական շահերը, ինչպես նաև նախաձեռնելու համապատասխան վարչական գործընթացներ: Հետևաբար, վարչական դատարաններին նման բնույթի վեճերի ընդդատությունը, դատարանների ծանրաբեռնվածության այս պայմաններում, վերապահելը կարող է դիտարկվել որպես ոչ համաչափ չափով հիմնավորված լուծում:
Շարադրվածին համապատասխան` նկատի ունենալով, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել վարչական դատարանների ծանրաբեռնվածության ավելացման և դատական վերահսկողության սահմանների ընդլայնման, առաջարկում ենք նախագծի ընդունման այս փուլում դիտարկել նման իրավական հնարավորություն չնախատեսելու հարցը, միաժամանակ դիտարկելով արտադատական մեխանիզմների կիրառման հնարավորությունը զարգացնելու հարցը: