Սեղմել Esc փակելու համար:
«ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 16 հունիսի 2026 թ.

 

«ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. դատավորներ` Արման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի (զեկուցող), Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Կառավարության` 2026 թվականի ապրիլի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ կանոնադրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» (այսուհետ` ԱՄԺԴ) կանոնադրությունն ընդունվել է 2023 թվականի ապրիլի 24-ին: ԱՄԺԴ նպատակն է Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման կարողությունների բարելավումը, տնտեսության, հասարակության, մշակույթի, զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության զարգացմանը համընթաց` Ասիայում մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանության համակարգումը, ասիական երկրների միջև միջանձնային կապերի ընդլայնումը, ասիական քաղաքակրթությունների փոխանցման դյուրացումը և Ասիայի համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի ձևավորումը:

2. ԱՄԺԴ-ն բաղկացած է Ընդհանուր ժողովից, Խորհրդից, Գիտական կոմիտեից և Քարտուղարությունից:

3. ԱՄԺԴ-ն իրականացնում է հետևյալ գործունեությունը.

. աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում` ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ ոլորտներով` հնագիտություն, ժառանգության օբյեկտների պահպանություն և վերականգնում, միջթանգարանային փոխանակում, Համաշխարհային մշակութային ժառանգության անվանակարգում, պահպանություն և կառավարում, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության փոխանցման կանխարգելում մշակութային արժեք հանդիսացող կորած օբյեկտների վերադարձի և փոխհատուցման դյուրացում,

. համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների կազմակերպում,

. մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանում,

. փոխանակման ծրագրերի և համագործակցության արդյունքների և ձեռքբերումների ներկայացում և տարածում:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2024 թվականի նոյեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը քննության է առել «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը (ՍԴՈ-1763): Համաձայն հիշյալ կանոնադրության 2-րդ հոդվածի` Մշակութային ժառանգության ասիական դաշինքը (ՄԺԱԴ) հանդիսանում է կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ:

5. Քննության առարկա սույն կանոնադրությունը ենթարկվել է մասնակի փոփոխությունների` պայմանավորված, ի թիվս այլնի, այն հանգամանքով, որ ներկայիս բովանդակությամբ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն` ԱՄԺԴ-ն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական կազմակերպություն է:

Ուստի` հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը ԱՄԺԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելիս պարտավորությունների սահմանադրականությունը գնահատում է ԱՄԺԴ միջազգային հանրային իրավասուբյեկտության նոր կարգավիճակով պայմանավորված իրողության լույսի ներքո:

6. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`

. պահպանել Կանոնադրության պահանջները և հարակից նորմերն ու կանոնները և կատարել ԱՄԺԴ կայացրած որոշումները (հոդված 9, մաս 1),

. պաշտպանել ԱՄԺԴ շահերը և օրինական իրավունքները (հոդված 9, մաս 2),

. նախաձեռնել ԱՄԺԴ միջոցառումների կազմակերպումը, մասնակցել դրանց և նպաստել դրա ամրապնդմանն և զարգացմանը (հոդված 9, մաս 3),

. աշխատել ԱՄԺԴ համաշխարհային տեսանելիության մեծացման ուղղությամբ (հոդված 9, մաս 4),

. նշանակել մասնագիտացված մարմին` ընթացիկ գործունեության իրականացմանն աջակցելու նպատակով Քարտուղարության հետ հաղորդակցությունն ապահովելու համար (հոդված 9, մաս 5):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

16 հունիսի 2026 թվականի

ՍԴՈ-1831

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում` (concourt.am) 17 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.06.2026
N ՍԴՈ-1831
Որոշում