Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

15 հունիսի 2026 թվականի N 44-Ն

 

ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ներզատաբանի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    15.06.2026                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի հունիսի 15-ի

թիվ 44-Ն հրամանի

 

ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ներզատաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն ներզատաբանության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Ներզատաբան կարող է համարվել անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա) հիմնական մասնագիտությամբ և ներզատաբանություն նեղ մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա), և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Ներզատաբանը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Ներզատաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության ներզատաբան.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության ներզատաբան.

3) Ներզատաբանական բաժանմունքի վարիչ.

4) Ցերեկային ստացիոնարի ներզատաբան.

5) Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ներզատաբան.

6) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն, փոխտնօրեն)` օրենքով սահմանված կարգով:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. ներզատաբանը պետք է իմանա.

1) Հիմնական էնդոկրին հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, կլինիկական պատկերը և բուժումը: Ներզատաբանը պետք է կարողանա ախտորոշել և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել հետևյալ արտակարգ իրավիճակներում.

ա. հիպերգլիկեմիկ, կետոացիդոտիկ կոմա.

բ. հիպերգլիկեմիկ, հիպերոսմոլար կոմա.

գ. հիպոգլիկեմիկ կոմա.

դ. կաթնաթթվային կոմա.

ե. թիրոտոքսիկ կրիզ.

զ. հիպոթիրեոիդ կոմա.

է. մակերիկամային սուր անբավարարություն.

ը. մակերիկամային (ֆեոխրոմոցիտոմա) կրիզ,

թ. հիպոկալեմիկ կրիզ.

ժ. հիպերկալցեմիկ կրիզ.

ժա. հիպոկալցեմիկ տետանիա.

2) Հայաստանի Հանրապետությունում էնդոկրինոլոգիական օգնության և անհետաձգելի օգնության կազմակերպման սկզբունքները.

3) Էնդոկրին հիվանդություններից մահացության մակարդակը և դրանց նվազեցման միջոցառումների կազմակերպման սկզբունքները.

4) Էնդոկրին գեղձերի կառուցվածքը և ֆիզիոլոգիան, դրանց փոխհարաբերությունները մարմնի այլ օրգանների և համակարգերի հետ.

5) Էնդոկրին գեղձերի պաթոլոգիական պրոցեսների պատճառները, դրանց զարգացման մեխանիզմը և կլինիկական դրսևորումները.

6) Արտադրական գործոնների և շրջակա միջավայրի գործոնների (ճառագայթում, յոդի անբավարարություն, սնուցում և այլն) ազդեցությունն էնդոկրին գեղձերի աշխատանքի վրա.

7) Էնդոկրին ուռուցքների էթիոլոգիան, ուռուցքների մորֆոլոգիական դասակարգումը, բջջի, օրգան-համակարգերի քաղցկեղի առաջացման մեխանիզմները.

8) Էնդոկրին գեղձերի բարորակ և չարորակ ուռուցքների կլինիկական ախտանիշները, դրանց ախտորոշման, բուժման և կանխարգելման սկզբունքները.

9) Գենետիկական գործոնների դերը էնդոկրին հիվանդությունների զարգացման մեջ.

10) Ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների նյութափոխանակության ֆիզիոլոգիան և պաթոֆիզիոլոգիան.

11) Ջրա-աղային փոխանակության և թթվահիմնային հավասարակշռության հիմունքները, դրանց խանգարումների հնարավոր տեսակները և բուժման սկզբունքները.

12) Ընդհանուր և հատուկ հետազոտական մեթոդներն էնդոկրինոլոգիայում.

13) Էնդոկրին հիվանդների հետազոտման և բուժման համար ուլտրաձայնային, ռենտգեն-ճառագայթաբանական, դենսիտոմետրիայի և ակնաբույժի խորհրդատվության անհրաժեշտությունը.

15) Իմունոլոգիայի հիմունքները էնդոկրինոլոգիայում.

16) Էնդոկրին հիվանդների ինտենսիվ խնամքի և վերակենդանացման հիմունքները.

17) Ինֆուզիոն թերապիայի հիմունքներն էնդոկրինոլոգիայում.

18) Դեղաբուժության հիմունքներն էնդոկրինոլոգիայում.

19) Էնդոկրին հիվանդների նախավիրահատական պատրաստման և հետվիրահատական վարման սկզբունքները.

20) Վերականգնողական մեթոդները, ֆիզիոթերապիայի և վարժությունների թերապիայի հիմունքներն էնդոկրինոլոգիայում, սպա բուժման ցուցումներն ու հակացուցումները.

21) Ռացիոնալ սնուցման հիմունքները և դիետոթերապիայի սկզբունքները շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում.

22) Վահանաձև գեղձի պաթոլոգիայում ուռուցքաբանական զգոնության հիմունքները.

23) Բնակչության շրջանում յոդի զանգվածային և անհատական պրոֆիլակտիկայի հիմունքները.

24) Ժամանակավոր և մշտական հաշմանդամության, էնդոկրինոլոգիայի բժշկասոցիալական փորձաքննության հիմունքները.

25) Բնածին հիպոթիրեոզը հայտնաբերելու նպատակով նորածինների սքրինինգի կազմակերպման սկզբունքները.

26) Էնդոկրին հիվանդների հոսպիտալացման ցուցումները.

27) Շաքարային դիաբետով հիվանդների համար «Շաքարային դիաբետի դպրոցի» դասընթացների կազմակերպումը.

28) Սարքավորումների հետ աշխատելիս անվտանգության հիմնական նախազգուշական միջոցները.

29) Էնդոկրինոլոգիայում օրինական իրավունքների հիմունքները:

6. Մասնագիտական ունակություններ. ներզատաբանը պետք է կարողանա.

1) Տեղեկություններ ստանալ հիվանդության մասին.

2) Բացահայտել էնդոկրին հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները և կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ.

3) Կիրառել հիվանդին զննելու օբյեկտիվ մեթոդներ, բացահայտել հիվանդության ընդհանուր և հատուկ նշանները կամ դրա բարդությունները.

4) Գնահատել Էլեկտրասրտագրության (ԷՍԳ), լաբորատոր, ռադիոլոգիական, էնդոսկոպիկ հետազոտության արդյունքները.

5) Բացահայտել վտանգավոր վարակիչ հիվանդությունները, որոնք կարող են զարգանալ էնդոկրին պաթոլոգիայի հետ (տուբերկուլոզ, ՄԻԱՎ, սիֆիլիս, հեպատիտ).

6) Գնահատել հիվանդի վիճակի ծանրությունը.

7) Որոշել հոսպիտալացման ցուցումները.

8) Շտապ բուժօգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակներում.

9) Մշակել հիվանդների խնամքի պլան` բժշկական օգնության գործող ընթացակարգերի և բժշկական օգնության հարցերի վերաբերյալ կլինիկական ուղեցույցների համաձայն.

10) Պահպանել բժշկական գրառումները, ապահովել բժշկական և կանխարգելիչ հաստատությունների միջև շարունակականությունը.

11) Անցկացնել բժշկական հետազոտություններ և գնահատել դրանց արդյունավետությունը.

12) Որոշել հիվանդի աշխատունակության սահմանափակման աստիճանը.

13) Իրականացնել առողջապահական աշխատանքներ:

7. Բժշկական հատուկ հմտություններ. ներզատաբանը պետք է իրականացնի.

1) Պացիենտների նույնականացում և գրանցում.

2) Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի տեղեկացված համաձայնության գրանցում (թղթային, էլեկտրոնային կամ հավելվածի միջոցով)` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցվելիս.

3) Պացիենտի բժշկական պատմության և գանգատների հավաքագրում.

4) Պացիենտի զննություն.

5) Նախնական ախտորոշում` կիրառելով ախտորոշիչ ալգորիթմ (հիմնական, ուղեկցող և բարդությունների)` հիմնված ՀՄԴ-ի վրա, ինչպես նաև տարբերակիչ ախտորոշիչ մեթոդներ էնդոկրին հիվանդություններով կամ վիճակներով հիվանդների համար` համաձայն բժշկական օգնություն ցուցաբերելու գործող կլինիկական ուղեցույցների, հաշվի առնելով բժշկական օգնության չափորոշիչները.

6) Լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նշանակում կամ կատարում, ուղեգրում, հետազոտության արդյունքների գնահատում.

7) Պացիենտի բուժման պլանի կազմում.

8) Նեղ մասնագետի խորհրդատվության ուղեգրում, հիվանդության համատեղ վարում (ըստ գործելակարգի).

9) Հիվանդանոցային բուժման ուղեգրում (ըստ գործելակարգի).

10) Դեղերի դուրս գրում նաև էլեկտրոնային դեղատոմսով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության N 1080-Ն որոշման.

11) Պացիենտի ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացում.

12) Պացիենտի շարունակական հսկողության սահմանում.

13) Բնակչության թիրախային խմբերի սքրինինգային և կանխարգելիչ հետազոտությունների իրականացում.

14) Ռիսկի գործոնների վաղ հայտնաբերում (սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ուռուցքային հիվանդություններ և այլն) և կանխարգելում.

15) Վահանաձև գեղձի գոյացությունների գնահատում և ուլտրաձայնային հսկողության ներքո բշտի կամ հանգույցի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիայի ցուցումների որոշում և կատարում.

16) Առողջ ապրելակերպի խորհդատվություն, կրթում և քարոզում (բնակչության կրթում, հակածխախոտային, հակաալկոհոլային, հակաթմրամոլային, ռիսկի գործոնների առաջացման և զարգացման դեմ քարոզչություն, ակտիվ հանգստի, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտի խթանում, ռացիոնալ սնուցման սկզբունքների խորհրդատվություն, դպրոցում և տանը հոգեբանական առողջ մթնոլորտ ստեղծելու, ամրապնդելու և պահպանելու աջակցություն).

17) Տեղեկատվական և խորհրդատվական հարբժշկական ծառայությունների կազմակերպում, վարում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 6-ի N 29-Ն հրամանի (դիաբետի դպրոց, առողջ ապրելակերպի դպրոց և այլն).

18) Էնդոկրին համակարգի հիվանդությունների և վիճակների վիրաբուժական բուժման սկզբունքներն ու մեթոդները. բժշկական ցուցումներ և հակացուցումներ. հնարավոր բարդություններ, կողմնակի ազդեցություններ, անբարենպաստ ռեակցիաներ.

19) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց էնդոկրին հետազոտությունների կազմակերպում.

20) Հղիությունը պլանավորելիս ամուսնացած զույգերի և կանանց խորհրդատվություն, կրթում էնդոկրինոլոգիական խնդիրների վերաբերյալ.

21) Հղիների նախածննդյան և հետծննդյան մշտադիտարկում.

22) Պացիենտների հետհիվանդանոցային հսկողություն (ըստ գործելակարգի).

23) Անհրաժեշտության դեպքում վարակիչ հիվանդությունների օջախներում սանիտարահիգիենիկ և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում.

24) Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները (ամբուլատոր կամ տնային պայմաններում).

25) Տնային պատրոնաժ այցերի իրականացում` համաձայն ընդունված գործելակարգի (քրոնիկական և անկողնային պացիենտների).

26) Խորհրդատվություն և շարունակական հսկողության սահմանում հեռաբժշկության մեթոդով (ըստ գործելակարգի).

27) Բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի նորմերի պահպանում.

28) Բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

29) Վիճակագրական տվյալների հավաքագրում, վերլուծում և ներկայացում Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Ներզատաբանը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

10. Տեխնիկական հմտություններ. պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

11. Ներզատաբանը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:

 

7. ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Ներզատաբանն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՆԵՐԶԱՏԱԲԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

13. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

14. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից, նաև գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, նաև անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Բժշկական միջամտություն           |Կոմպետենտության աստիճան |Կոմպետեն- |

|                                 |                        |տության   |

|                                 |                        |մակարդակ  |

|_________________________________|________________________|__________|

|1. Իրականացվող բոլոր բժշկական    |       Դիտորդ           |   1      |

|միջամտությունների դիտորդ         |                        |          |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ   |                        |          |

|_________________________________|________________________|__________|

|2. Իրականացվող բոլոր բժշկական    |Ոչ լիարժեք կամ մասնակի  |   2      |

|միջամտություններին հսկողության   |կոմպետենտություն        |          |

|ներքո մասնակից կլինիկական        |                        |          |

|օրդինատոր, ռեզիդենտ              |                        |          |

|_________________________________|________________________|__________|

|3. Իրականացվող բոլոր բժշկական    |Լիարժեք կոմպետենտություն|   3      |

|միջամտությունները հսկողության    |                        |          |

|ներքո ինքնուրույն կատարող        |                        |          |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ   |                        |          |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունիսի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
15.06.2026
N 44-Ն
Հրաման