Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ 63...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ 63-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 884-Լ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ 63-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի միջոցով մինչև 2027 թվականի հունվարի 1-ն ապահովել e-work.am հարթակում սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացների ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման հավելվածով հաստատված ծրագիրը մեկնարկում է 2027 թվականի հունվարի 1-ից և տարածվում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը կնքված պայմանագրերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 18-ի

N 884-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ 63-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ծրագրի նպատակն է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց մրցունակության բարձրացումը և կայուն զբաղվածության ապահովումը:

2. Սույն ծրագրում կարող են ընդգրկվել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող (այսուհետ` հաշմանդամություն ունեցող) անձինք և 63-ից բարձր տարիք ունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով, համաձայն «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի` վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված և վճարված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ (այսուհետ` աշխատանք փնտրող):

3. Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում այն գործատուին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որն առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում իր պահանջներին համապատասխանող աշխատանք փնտրող անձի հետ:

4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ 63-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ` ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

 

5. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում (այսուհետ` հարթակ) և կատարած լինի համապատասխան նշում` ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ: Տվյալ դեպքում աշխատանք փնտրողը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու` ներառյալ օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության, անձի ֆունկցիոնալության գնահատման «E-Disability» տեղեկատվական համակարգերում առկա տեղեկատվության հետ, և սույն ծրագրի 2-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում անձի օգտահաշվում պահպանվում է կատարված նշումը:

6. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն հարթակում նշում է կատարում ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու նպատակով իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և ներկայացնում է դիմում, որտեղ վեբ ծառայության միջոցով ինքնաշխատ եղանակով արտացոլվում են գործատուի վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից` գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման ամսաթիվը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, պետական հաշվառման ամսաթիվը և հաշվառման/բնակության կամ գործունեության վայրի հասցեն:

7. Գործատուն դիմումում նշում է թափուր հաստիքի անվանումը, աշխատանքի վայրը և աշխատավարձի չափը, աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման, հմտությունների և կարողությունների պահանջները:

8. Գործատուի դիմումը հարթակի միջոցով փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) մասնագետին, որտեղ ցուցադրվում է գործատուի վերաբերյալ սույն ծրագրի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը:

9. Գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի մասնագետի կողմից այն հաստատվելու դեպքում հարթակն ինքնաշխատ եղանակով համադրում է սույն ծրագրի 7-րդ կետում նշված պահանջները և աշխատանք փնտրողի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը, որի արդյունքում գործատուի օգտահաշվում ցուցադրվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (անունը, ազգանունը, հայրանունը, տարիքը, հաշմանդամություն ունենալու հանգամանքը, մասնագիտությունը, որակավորումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինքնակենսագրականը (հրապարակված լինելու դեպքում)):

10. Սույն ծրագրին մասնակցության համար աշխատանք փնտրողը և գործատուն կարող են նաև դիմում ներկայացնել տարածքային կենտրոն առձեռն եղանակով` հարթակի միջոցով` սույն ծրագրի 5-9-րդ կետերով նախատեսված գործընթացների իրականացման անհնարինության դեպքում: Տվյալ դեպքում գործատուն դիմումին կից ներկայացնում է թափուր աշխատատեղի մասով հայտ` նշելով ծրագրի 7-րդ կետով նախատեսված պահանջները, իսկ աշխատանք փնտրողը` հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական ապահովության քարտը: Տարածքային կենտրոնի մասնագետը ստուգում է աշխատանք փնտրողի` սույն ծրագրի 2-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը և գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը համալրելու համար, գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հնարավորության դեպքում ինքնաշխատ եղանակով կազմում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (այսուհետ` ցուցակ)` հիմք ընդունելով տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձանց տվյալները և սույն ծրագրի 2-րդ և 7-րդ կետերում նշված պահանջները:

11. Տարածքային կենտրոնը ցուցակը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, հայրանունը, տարիքը, հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակության աստիճանը, մասնագիտությունը, որակավորումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) և այդ մասին հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում ցուցակում ընդգրկված անձանց:

12. Գործատուի դիմումը հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներն առավելապես բավարարող անձին (այսուհետ` շահառու) և այդ մասին տեղեկացնում տարածքային կենտրոնի մասնագետին: Տարբեր գործատուների ուղարկված ցուցակներում ծրագրում ընդգրկման ենթակա անձանց տվյալների կրկնության դեպքում, երբ գործատուների կողմից ընտրվում է իրենց պահանջները բավարարող միևնույն անձը, ապա տվյալ անձն է ընտրություն կատարում, թե որ գործատուի հետ է ցանկանում մտնել աշխատանքային հարաբերությունների մեջ և այդ մասին հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով մեկօրյա ժամկետում տեղեկացնում է տարածքային կենտրոնի մասնագետին: Տեղեկացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուի, շահառուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է գործատուին աջակցություն տրամադրելու մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` երեք օրինակից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան, որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում:

13. Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով:

14. Ծրագրի շրջանակում գործատուին տրամադրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում`

1) աշխատանքային գործունեության առաջին երեք ամսվա համար` 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը.

2) աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար` 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը:

15. Սույն ծրագրով շահառուի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները սույն ծրագրի 14-րդ կետով նախատեսված փոխհատուցումը տրամադրելուց հետո ևս մեկ տարի շարունակվելու դեպքում գործատուին տրամադրվում է միանվագ աջակցություն` 100 000 դրամի չափով:

16. Ծառայությունը սույն ծրագրի 14-րդ կետով նախատեսված գումարը փոխանցում է գործատուի բանկային հաշվեհամարին եռամսյակային կտրվածքով` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, իսկ 15-րդ կետով նախատեսված գումարը` մինչև աշխատանքային պայմանագրի գործողության 12 ամիսը լրանալուն հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը:

17. Տարածքային կենտրոնի մասնագետը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների համար աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափի վերաբերյալ, որն էլ հիմք է հանդիսանում գործատուին ծրագրով նախատեսված աջակցության տրամադրման համար: Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված հարկային հաշվարկներում փոփոխություն կատարելու դեպքում ծրագրի շրջանակներում արդեն իսկ տրամադրված աջակցության չափերը վերահաշվարկվում են ճշտման արդյունքներով:

18. Տարածքային կենտրոնն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ծառայություն մինչև հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը: Ծառայությունն առնվազն եռամսյակը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա երկրորդ տասնօրյակի ավարտը:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 884-Լ
Որոշում